Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊՈՂՈՏԱՁԵՒ ԳԱՒԻԹ

       Ս. Նշան եկեղեցու եւ համազասպ կոչուած շէնքի միջեւ կայ մի պողոտաձեւ գաւիթ, որ Ս. Նշանի հիւսիսային եւ արեւելեան կողմերը պատելով գալիս է մինչեւ միաբանների սենեակները։ Այս գաւիթը հիւսիսից սիւնապատ որմերով, աղեղնաձեւ կամարներով բարձրանալով մինչեւ Ս. Նշանի հիւսիսային պատուհանը եւ ապա ցածրանալով միանում է այս կաթուղիկէ եկեղեցու հաստատուն որմերին։ Այս պողոտաձեւ գաւթի ամբողջ յատակը ծածկուած է գերեզմանաքարերով։ Գաւթի հիւսիսային կողմում գտնւում է Մուկն իշխանաց իշխանի որդի Հոնաւոր իշխանի գերեզմանը, որի վրայ կայ կամարակապ ծածք, իսկ նրա վրայ, դաւթից դուրս, մի փոքրիկ մատուռ, որպէսզի պատարագիչ քահանան այս մատրան սեղանի առաջ կանգնած միջոցին, ոտը ուղակի այս շիրիմի վրայ լինի.

       Գաւթի մէջ, այս Հոնաւոր իշխանի գերեզմանի վրայ կանգնած է մի գեղեցիկ խաչքար, որի շուրջը գրուած է։
       Ես Հոնաւոր որդի Մկան իշխանաց իշխանի անժամանակ ելի ի կենաց եւ ի սուգ մեծ թողի ծնաւղաց իմոց. արդ որք կարդայք, զիս յաղաւթս յիշեսջիք։ ի թուին Հայոց ՆՀԲ (1003)։

       Սրա մոտ մի կարմիր քերուաքանդակ խաչքարի վրայ գրուած է։
       Քրիստոս ողորմի Վաչէի յիւրում գալստեան թ. ՌԾ (1201)։

       Այս խաչքարերի առաջ գտնւում են նշանաւոր իշխանների գերեզմաններ, անտապանագիր ահագին քարերով ծածկուած։ Յովհաննէս արքեպիսկոպոսի եղբօր որդի՝ Ծիթվասան իշխանի լայնանիստ տապանաքարի վրայ, պատին կից կանգնած է մի մեծ խաչքար, որ կրում է այն միեւնոյն արձանագրութիւնը, ինչ որ կայ Ամենափրկիչ խաչի յետեւի կողմում։