Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԽԱՉ
       Ս. Նշան եկեղեցու հիւսիսային դռան առաջ, գաւթում, չորս արշին բարձրութեան մի քառանկիւնի պատուանդանի վրայ կանգնեցրած է կարմիր քարից մի չափազանց գեղեցիկ խաչքար, որի վրայ քանդակուած է Քրիստոս խաչուած. խաչի ներքեւ կանգնած են Աստուածածինը եւ Մարիամ Մագդաղենացին եւ ուրիշ երկու կին, որ չոքած՝ նայում են Յիսուին։
       Փրկչական խաչը եւ պատկերները շրջապատուած են կամարով, իսկ խաչի վրայ նկարուած է ամպ՝ Յիսուսի մերկութիւնը ծածկելու։ Կամարի շուրջը աջ եւ ձախ կողմում քանդակուած են առաքեալներ, որ ձեռքերը վերեւ բարձրացրած՝ ապշած նայում են խաչուած Յիսուսին։ Խաչելութեան պատկերի վերեւ երեւում են երկու սերովբէների պատկերներ, որոնք սկիհը ձեռքերին գալիս են ժողովելու Փրկչի բեւեռած ձեռներից եւ ոտներից հոսող արիւնը։ Իսկ սրանից բարձր՝ կապուտակ երկնքի վրայ աջ կողմում արեգակը, ձախում լուսինը, երկուսն էլ խաւարած։ Փառահեղ խաչը կանգնած է երկրագնդիս վրայ, ուր կայ նաեւ Ադամի գլուխը։ Երկրագնդի շուրջը փորագրուած է. Խուր, սուր, սուրբ, Տեր զօրութեանց , եւ սրա մոտ, Սուրբ Աստուած, սուրբ եւ հզաւր, սուրբ եւ անմահ որ խաչեցար, ողորմեա Տեր Յովհաննիսի ստացողի սմա։
       Իսկ խաչի վերեւ փորագրուած է՝ «Սա է թագաւոր Հրէից» եւ «Ձեռք՝ որ զերկինս արարին՝ տարածեցան ի խաչին»։
       Այս միակտուր խաչքարի վրայ գրուած է մի ուրիշ խաչքար, որի վրայ քանդակուած է Քրիստոսի համբարձումը եւ գրուած է։
       Համբարձաւ Աստուած աւրհնութեանմբ եւ տէր մեր ձայնիւ աւհրնութեամբ, եւ սրա մօտը, Փառք Տեառն ի տեղւոջ իւրում։
       Համբարձող Քրիստոսի աջ եւ ձախ կողմը նկարուած են երկու հրեշտակ, երկու բոցեղէն սուր ձեռքերին, եւերկու մարդ՝ սպիտակ հանդերձներով ծածկուած։
       Թէ ով է կանգնել այս խաչը երեւում է աջ կողմի վրայ եղած հետեւեալ արձանագրութիւնից.
       Ի թուին ՉԻԲ (1273) յիշխանութեան եւ ի տէրութեան սուրբ ուխտիս աթաբէգ Ամիր սպասալար պարոն Սաթունին՝ Ես տէր Յովհանէէս կանգնեցի զխաչս Ամենափրկիչ աւգնական պարոն Սաթունին եւ յիշատակ հոգւոյ իմոյ։
       Այս Յովհաննէսը ամփոփուած է Ամենափրկչի առաջ եւ ունի այս տապանագիրը. «Այս է հանգիստ Տէր Յովհաննիսի թուին ՊԻԴ (1375).