Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՋԳՐԱՇԷՆ ԵԿԵՂԵՑԻ

       Վանքի պարսպի հարաւ արեւմտեան կողմը, դրսից գիւղին մօտիկ, մի հարթութեան վրայ, գտնւում է մի սակաշէն, օրօրոցաձեւ, փոքրիկ մատուռ, անսիւն եւ միայն մի պատարագամատոյց սեղանով։ Արեւմտեան պատի բարձրում քանդակուած է մի խաչ, կողքերին մի մի աղաւնի, վերեւ մի մի բլիթ կամ վարդ. ներքեւում բացւում է միակ դուռը՝ երկու կողմից սիւնազարդ կամարների մէջ ամփոփուած մի մի գեղանկար խաչերով զարդարուած։ Սրա վերեւ մի երկար եւ նեղ պատուհան կայ, որից բարձր քանդակուած է մի բազէ, ճանկերում մի աղաւնի բռնած։

       Դռան ճակատի կամարակայ քարի վրայ գրուած է.
       ՚Ի ՈԽԴ Ես Սելամայ նուաստ աղախին Քրիստոսի վերստին շինեցի զսուրբ Աստուածածինս՝ որ խախտեալ եր ՚ի հիմանց վասն մեր հայրենի գերեզմանացս. եւ ինձ ետուն երկու պատրաստ զԱւետեաց Աստուածածին եւ Մինասայ աւրն ի կենդանութեան իմում Դաւթի եւ յետ իմ մահուան ինձ ով խափանե՝ Յուդայի կցորդ եւ մեր խղճիս տեր, ամէն։

       Եկեղեցու դռան մօտ տասերկու գերեզմանաքար կայ, որոնցից միայն երկուսի վրայ «Դաւիթ» եւ «Հասան» անուններն են փորագրուած։

       Աւանդաբար պատմւում է, թէ Հաղբատի վանքի այս կողմի դուռը միաբանութիւնը փակել է տուել, եւ այս մատուռի մօտ կեցողը «ջիգրու» շինել է տուել այս մատուռը, որպէսզի ստիպուած չլինի վանքի միւս դռնից եկեղեցի գնալու, ուստի եւ այս պատճառով եկեղեցին կոչուել է Ջիգրաշէն։