Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԲԱՐՁՐԱՔԱՇ Ս. ԳՐԻԳՈՐ
       Սա գտնւում է Դսեղ գիւղից հիւսիս-արեւելք, Ս. Գրիգորի ձորի լանջին։ Այս ձորը ծառազարդ է եւ գնալով միախառնւում է Դեբեդի ձորին։ Վանքը կառուցուած է 1221 թուին, Վրաց Թամար թագուհու որդի Գէորգու թագաւորութեան եւ Աթաբէգ Իւանէի եւ րա որդիներ Աւագի եւ Շահնշահի իշխանութեան ժամանակ Մամիկոնեան ազգից Համազասպի թոռ եւ Սարգսի որդի Մարծպանի ձեռքով, իբր գերեզմանատեղի Մամիկոնեան տոհմին *, որ ԺԱ դարից բնակութիւն էր հաստատել սրա շրջանակներում։
       Վանքը բաղկացած է երեք, միմեանց կից եկեղեցիներից, երեքն էլ հոյակապ, սրբատաշ, ազնիւ քարից շինուած։ Սրանցից հարաւայինը, որ կոչւում է Ս. Գրիգոր, ամենից մեծն է եւ իւր արեւելեան ճակատին կրում է Մամիկոնեան տոհմանիշը երկգլխանի թեւատարած արծիւ, ճիրանների մէջ գառը բռնած ։ Եկեղեցին 26 մետր երկարութիւն ունի եւ նոյն չափ լայնութիւն։ Չորս սիւների եւ ութ կիսասիւների վրայ բոլորում են ռոմանական կամարներ, որոնց վրայ յանկած ձեղունն ու կաթուղիկէն այժմ քանդուած են։ Աւանդութեան ասելով այս կաթուղիկէն այնքան բարձր է եղել, որ նրա խնձորը դաշտից երեւացել է։ Սիւները ութանկիւնանի են, իսկ կիսասիւները բաղկացած են երեքական, կիսաբոլոր, միացած սիւներից, գեղեցիկ պատուանդանով ու գեղաքանդակ խարիսխով։
       Արեւելեան կողմում կիսաբոլոր, կամարակապ շրջանի մէջ գտնւում է սեղանը, որի երկու կողմում կան մի մի խաչարձան եւ երկյարկանի խորան, պատարագամատոյց սեղաններով։ Հարաւային կողմում բացւում է մի կամարակապ մեծ պատուհան, իսկ արեւմտեանում մի մեծ, կամարակապ դուռն, զարդարուած աստղանիշ, կարմիր քարերով։
       Հիւսիսային կողմում մի ուրիշ դուռ բացւում է Ս. Աստուածածնի եկեղեցու մէջ։ Սա եւս կիսաւեր է, ձեղունը բոլորովին քանդուած։ Սա միայն երկու ամբողջական, ութանկիւնի սիւներ ունի, միւսները կիսասիւներ են։ Մեծ կամարները ռոմանական են. փոքրերը արաբական։ Սեղանը բոլորակաձեւ է, կողքերին երկյարկանի մի մի խորան։ Արեւմտեան պատի մէջ ունի մի դուռն։ Երրորդ եկեղեցին, որ ս. Յարութիւն է կոչւում, անսիւն է, փոքր եւ հասարակ քարից շինած 1205 թ. (ՈԾԴ). Յովհաննէս վարդապետի եւ սրա եղբայր Սարգսի բարեխօսութեամբ, «յիշխանութեան մեծին Մարծպանայ եւ զաւակաց նորա։»
       Այս եկեղեցին եւս ունի մի սեղան եւ երկու խորան։ Ձեղունը քանդուած է։ Յատակին ընկած է սոյն եկեղեցու քարէ կաղապարը, որ յայտնի չէ, թէ ուր է դրուած եղել։ Արեւմտեան կողմում եւս ունի մի դուռն։
       Երեք եկեղեցիների մէջ եւս բուսած են ահագին, բարձր ծառեր։
       Եկեղեցիների շուրջը կան միաբանների խցեր, մի ձիթեհանք, իսկ ձորում տների հետքեր եւ այգու տեղեր։ Մի սառն, յորդ աղբիւր կարկաչում է եկեղեցիների մօտ։ Երեւում է, որ լայն, սալայատակ ճանապարհ եւս եղել է, մինչդեռ այժմեանը մի նեղ կածան է։
       Աւանդութեան ասելով այստեղի միաբանութիւնը շատ մեծ է եղել, այնպէս որ մի անգամ կալի ժամանակ մի վարդապետ ընկնում է մարագը եւ յարդի մէջ խեղդուած մնում։ Վարդապետների շատութիւնից նրա բացակայութիւնը չի նկատւում մինչեւ ձմեռ, երբ յարդը տանելով գտնում են նրա դիակը։
       Ս. Գրիգորի ձորափին, փոքր ինչ հեռու ընդարձակ գերեզմանատնից, կանգնած է մի հրաշագեղ խաչարձան, որին ժողովուրդը Սիրուն խաչ է կոչում։ Սա չորս արշին բարձրութեան եւ արշին ու կէս լայնութեան կարմիր քարէ մի խաչ է, եզրափակուած գեղեցիկ նշխերով, եւ ամրացած երեք աստիճանաւոր պատուանդանի վրայ։ Սա կրում է հետեւեալ արձանագրութիւնը։
       Յիշխանութեանն Մամիկոնեան եւ որդւոյ նորա Վարդանայ ես Հայրադեղս որդի Թէրին կանգնեցի սբ. տէրունականս յիշատակ ինձ եւ Ասլան բէկին ու ծնողաց մերոց. ըրք երկրպագէք յիշեցէք ի Քրիստոս։