Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽՈՐԱԿԵՐՏ ՎԱՆՔ

       Գտնւում է Աղ-քեօրփիի հարաւ-արեւելեան կողմը, մի անտառապատ բլրի վրայ, գիւղից մօտ երեք վերստ հեռու։ Գիւղացիները նրան Խոջիկ են անուանում։

       Այս վանքի շինութեան եւ թուականի մասին եկեղեցու դռան վրայ արձանագրութիւնը հետեւեալն է պատմում։

       Թուին ՉԱ ի հայրապետութեան Տ. Կոստանդեայ, արհի եպիսկոպոսութեան Համազասպայ եւ յաշխարհակալութեան եւ զաւրապետութեան… ի թագաւորութեան Դաւթի ես Ստեփաննոս որդի Յովհաննայ գնեցի զԽորակերտ եւ զիւր գեղն, զայգին որ ի Շղեր վանիցս յաւիտեան ի կա սպիտակ սուլտանի եւ շինեցի զսա ի հիմանէ սկսեալ յուսովն անմահին Աստուծոյ լինել ինձ եւ եղբարց իմոց եւ որդոց արձան կենդանի եւ տեղի գերեզմանի մինչեւ գայ Քրիստոս եւ առնէ ողորմութիւն ինձ եւ իմոցն ի փառս իւր. արդ որք խախտել ջանան զիմ տուածն յեկեղեցւոյս եւ կամ զտեղի հանել յազգէ իմմէ, խախտեսցին եւ անկցին. ի… քրիստոնէութենէն։

       Վանքը բաղկացած է մի եկեղեցուց եւ մի գաւթից, երկուսն էլ գեղեցիկ գմբէթներով զարդարուած, երկուսն էլ սրբատաշ քարով շինուած։ Եկեղեցին ունի 18 արշին երկարութիւն, 11 արշին լայնութիւն. ներքուստ անսիւն է, եւ միայն կիսասիւներն են պահպանում չորս կամարները, որոնց վերայ հանգչում է երեսուն բարակ սիւների վրայ հաստատուած գեղեցիկ կաթուղիկէն։

       Եկեղեցու չորս անկիւնում կան մի մի խորան։

       Եկեղեցու երկու դռնից արեւմտեանը կամարակապ է եւ բացւում է գաւթի մէջ։ Սա 6 ար. երկարութիւն ունի, նոյնքան էլ լայնութիւն։ Ութ կիսասիւների վրայ բոլորում են ռոմանական կամարներ, կրելով իրենց վրայ մի փոքրիկ կաթուղիկէ։ Մի քանի լուսամուտներ աղօտ լոյս են սփռում գաւթի եւ եկեղեցու մէջ։

       Եկեղեցու հիւսիսային պատի վրայ արտաքուստ կայ հետեւեալ արձանագրութիւնը.

       Աստուած ողորմի Վելի որդիս… Պայի պարոն Շահնազարին եւ իւր կողակից Ռուսուզանին, որ այս ս. եկեղեցիս եւ իւր ծնողաց անդարձովն եւ իւր որդի պարոն Կորկին շինեցին»։

       Սրա ներքեւ.
       Թվ. ՌՃԺ յիշեցէք ուստայ Շահնազարին։

       Հաւանական է, որ սրանք վերանորոգած լինին եկեղեցին եւ ոչ շինած։ Թէ եկեղեցին եւ թէ գաւիթը բաւական խախտուած են եւ տանիքի վրայ ահագին ծառեր բուսած։ Եկեղեցու մօտ արեւելեան կողմը կայ մի ուրիշ եկեղեցի, որ բոլորովին աւերուած է։

       Ծանքը պարսպապատ է եղել, որի հետքերն եւ ընդարձակ սրբատաշ քարից շինուած կիսաքանդ մուտքն են մնում այժմ։

       Ժարսպի մէջ կան խցերի աւերակներ եւ բաւական թուով գերեզմանաքարեր, նկարներով զարդարուած, սրանց մէջ մի քարէ պատուանդանի վրայ բարձրանում է մի գեղաքանդակ խաչքար, Փրկչի պատկերով, որի վրայ գրուած է. Սուրբ Նշան Տէրունեան։

       Ծանքի մօտ, պարսպից դուրս երեւում են շինութիւնների աւերակներ։ Գուցէ սա եղած լինի Խորակերտ կամ Խառակերտ քաղաքը, որի անունով էլ վանքն է կոչւում եւ որը ժառանգեց Աշոտ Ողորմածի որդի՝ Գուրգէնը կամ Կիւրիկէն։