Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԾԱՂԿԱԶԱՐԴ

       Ծաղկազարդի տօնը Դարալագեազի գաղթական ժողովրդի մէջ ունի մեծ նշանակութիւն, մանաւանդ երիտասարդ տղայոց եւ աղջկերանց համար, որ ծաղկազարդի առաւօտ, եկեղեցում, ամեն մի նշանուած աղջիկ իւր փեսացուի ծնողներից ստանում է զարդարուած մոմ։ Իսկ ժամասացութիւնից յետոյ իւրաքանչիւր նորահարս, այսինքն նոյն տարի պսակուած, առաջի անգամ՝ ուղղակի եկեղեցուց գնալու է իւր հօր տունը, իւր ծնողաց մօտ։ Եթէ մէկը վստահանայ ծաղկազարդից առաջ գնալ, այդպիսին անշուշտ կ՚ենթարկուի հասարակաց բամբասանքի։

       Ծաղարշապատի շրջակայքում հարսի Հօրանց տուն գնալու սովորութիւնը երբեմն այնքան խստութեամբ է լինում, որ դժբաղդ դէպքումն անգամ (մահ, ծանր հիւանդութիւն եւ այլն) նորահարս աղջիկը ստիպուած է լինում գալ հօր տունը՝ միայն գիշերը եւ նոյն գիշերը վերադառնալ։
       Ծաղարշապատի շրջակայքում եւ Ղազախի մի քանի գիւղերում սովորութիւն կար, որ եկեղեցու մէջ, «Փառք ի բարձունս» երգելու միջոցին, պատանի տղայք ածում էին ճօճանակ եւ ճեռ։
       Ճօճանակը ձեռքի թաթի չափ, կոթով մի տախտակ է, որի երկու կողմից թոյլ կապած են մի մի տախտակ եւ այս տախտակները, շարժելու, ճօճելու ժամանակ զարկւում են միջին տախտակին։ Իսկ ճեռը փայտի փոքրիկ գլան է, վրան փորուած ատամներով, որոնց արանքը փոխ առ փոխ ընկնելով փոքր տախտակի ծայրը՝ պտտեցնելու ժամանակ, ձայն է հանում, ճռռում է։

       Ծաղկազարդի օրը պատանի տղայքը, Վաղարշապատում, խումբ խումբ պտտւում են տնէտուն, ձեռքերին բռնելով ուռեր, ծայրը օղակացրած, երգում են այս երգը եւ ժողովում իւրեանց համար ձու։

       Անակ անակ ճօճանակ,
       Աստծու դուռն բաց անեմ,
       Մննեմ մէջը ժամ անեմ,
       Դուրս գամ պատարագ անեմ,
       Ընկերս ընկաւ ծովը,
       Ծովը ծիրանի դառաւ,
       Ժատերը հայլի դառաւ,
       Բօզօն եկաւ կեռ կտուց,
       Հաւը տեղից թռցրուց.
       Կակիցը մի ձու պլցրուց։
       Աշտարակ եւ շրջակայքում երգում են հետեւեալը.
       Անակ անակ ճօճանակ,
       Աստծոյ դուռը բանանք,
       Մտնենք ժամ անենք,
       Դուրս գանք պատարագ անենք,
       Չալ եզը մորթենք, մատաղ անենք
       Պոզերը չարդախ անենք,
       Միջին նստենք քեարգահ անենք
       Մատաղը սիրողը երկու ձու տայ,
       Զատկին խաղանք քէֆ անենք
       Մինն ինձ, մինն իմ ընկերին,
       Ըվ տայ՝ զիզի բարձին նստի,
       Ըվ չտայ՝ չոր քարին նստի։

       Ղարսից գաղթած ժողովրդի մէջ՝ Ալէքսանդրապօլում, նոյն Ծաղկազարդին երեխայքը ճօճանակ ածելով պտտւում են տնէտուն եւ ժողովում են հաւկիթ ու «հատիկ», որ է խաշած ցորեն, որին երբեմն խառնում են սիսեռ, չամիչ եւ այլն եւ երգում են այս երգը։

       Ճըռ ճըռ ճըչեռնակ,
       Ասծոյ հալալ պիպեռնակ,
       Ընկերս ընկաւ ծովը,
       Ծովէն ելաւ ծիրանայ,
       Խունկ առէք, մոմ առէք,
       Կասներկու պատարագ առէք,
       Իմ կարմիր հաւին հաւկիթը դուրս բերէք,
       Ով որ բերէ՝ շէն մնայ,
       Ով չբերէ՝ հաւի փորին դէմ կենայ։

       Դարալագեազի Խաչիկ գիւղում ծաղկազարդի պատարագից յետոյ, պատանիները ճեռ ու ճօճանակ ածելով շրջում են տները, ձու են ժողովում եւ երգում են հետեւեալը.

       Ճըջանակ, անակ անակ,
       Կեղեցոյ դուռը բանանք,
       Մննենք մէջը աղօթք անենք,
       Դուս կանք չալ եզը մատաղ անենք,
       Պոզերը չարդախ անենք,
       Վրէն պատարագ անենք,
       Հաքուն խրազան անենք,
       Թալթուկ թակենք տանք հաւերին,
       Հաւերն ինձ մի ձու ձու տայ
       Ձուձուն տանենք տանք պառաւին,
       Ժառաւն ինձ մի կաթայ տայ,
       Կաթէն տանենք տանք խառատին,
       Խառատն ինձ մի շիվի տայ,
       Շիվին տանենք տանք չօբանին,
       Թօբանն ինձ մի գառը տայ,
       Գառը տանենք տանք Աստըծուն,
       Աստուած ինձ մի աղբէր տայ,
       Աղբեր, աղբեր, ջան աղբեր,
       Դու բերթի գլխին աղբեր,
       Ես բերթի տակին աղբեր,
       Հուռում Հուռում կանչեցինք,
       Հուռումի ձին թամբեցինք
       Հուռումը կնաց բանջարի,
       Բանջար չիլաւ, խոտ իլաւ,
       Խոտի տակին ծիտ ըլաւ,
       Ծըլվըլալէն դուս թռաւ,
       Հանգիստներին լիս ըլաւ.
       Բերէք տուէք մեր երկու ձուն,
       Աստուած պահի ձեր հարսնացուն։

       Վէդի Բասարի Դաւալու գիւղում, որոնք գաղթած են Մակուից, երեխայքը խմբովին, ձեռներին ուռի ճիւղեր, ծայրերը օղակ շինած, պտտում են հնէտուն ձու ժողովելու եւ երգում են.

       Կարկաջայ կարինկաջայ,
       Խեւ ելան սեւ սամաթեռ
       Կարմիր եզան օղն ու կոճակ
       Ով որ չտայ մի երկու ձուն.
       Մուկն ու կատուն իրանց թթուն,
       Ով որ կտայ իմ երկու ձուն՝
       Աստուած պահէ իր փեսացուն։
       Բասենում երեխայքը նոյն ձեւով եւ ուռի ճիւղի օղակներով պտտւում են եւ ձու ժողովում ու երգում.
       Կարկաչայ կարինկաչայ,
       Խեւ եզան սեւ սամոդայ
       Կարմիր կովին եզն ու մօդա.
       Ով որ ինձի հաւկիթ կտայ
       Աստուած իրեն աւելի տայ։