Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԶԱՏԻԿ

       Սուրբ Յարութեան կիրակի օրը շատ եկեղեցիների մօտ ժողովուրդը ընդհանուր հասարակութեամբ մատաղ են մորթում եւ մատաղի միսը բաժանում են հասարակութեան բոլոր անդամներին։ Մատաղը շատ տեղ կոչւում է ախառ։

       Դարալագեազի Խաչիկ գիւղում մատաղացու կովի կամ ելան ստամոքսը, որ կոչւում է թափան, մեծ յարգանք է վայելում համարակութեան աչքում։ Մատաղ մորթողները իրարից գողանում են թափանը։ Շատ անգամ երեցփոխը ինքն է վերցնում նորան իւրեանց համար, կամ տալիս է իւր սիրելի մարդուն։ Բաղդաւոր է այն տունը, որ այս կամ այն ճանապարհով ձեռք է բերել թափանը։ Եթէ նորանից սերէք (կճուճի բերանացու) շինեն եւ ծածկեն պղուղի կամ խնոցու բերանը, իսկոյն իւղի քանակութիւնը կըշատանայ եւ դորա հակառակ ուրիշներինը կըքչանայ։
       Որպէս զի այդպիսի զրկանք չլինի գիւղում ոչ ոքի եւ ոչ ոք էլ ի վնաս միւսների չհարստանայ իւղով, այլ քրիստոնէաբար ամէնքն էլ հաւասար լինին, կարգադրուած է յիշեալ գիւղում, որ թափանը հանեն, խորովեն եւ հրապարակով ամէնքն էլ ուտեն։ Այդպէս են կարգադրել գիւղի խորագէտ եւ քաջիմաստ մարդիկ։

       Հին Ջուղայում Զատկի առաւօտ, ժամում երբ սկսում են «Փառք ի բարձունս» իւրաքանչիւր սանահայր իւր կնքաւորին անպատճառ մատուցանում է 20-30 կարմիր ներկած ձու եւ մի խաչաձեւ մոմ կոթը ամրացրած մի ձուի վերայ ու խաչի թեւերը վառած։Մոերի բազմութիւնից գիւղական անշուք եկեղեցին յանկարծ լուսաւորւում է։

       Բասենումը մոմ են մատուցանում եկեղեցու մէջ քաւորակինը՝ իւր սանամօրը, իսկ սկեսուրը՝ իւր հարսնացուին։ 

       Վաղարշապատի շրջակայքում, Զատկի կիրակի օրը, տղայոց խումբը պտտւում է տնէ տուն, ձու է ժողովում եւ երգում է հետեւեալ երկու երգը.

       Ճրագ, ճրագ ճշմարիտ,
       Ճշմախոտիկ Մարտիրոս,
       Մեր սիրելի Քրիստոս,
       Քրիստոս գնաց Հնդու քաղաք,
       Բերեց անթառամ ծաղիկ,
       Դրեց Մարիամի գլխին.
       Մարիամ, Մարիամ, դու կուս ես,
       Հոգով մարմնով յուս ես
       Էթամ դադեմ բարութիւն
       Հոգիս տանես արքայութիւն։
       Միւս երգն այս է.
       Ճրագ, ճրագ ճշմարիտ,
       Ճշմարիտ է Մարգարիտ,
       Անմահական բանալիք,
       Տար դրախտի դուռը բաց.
       Քաղի անթառամ ծաղիկ.
       Բեր դիր գլխիս տակ,
       Քնեմ քունս տանի,
       Վեր կենամ երազս բարի.
       Ինչ խնդրեմ Տէրը կատարի
       Երկնքի դուռը բաց ա,
       Ոսկէ աթոռը դրած ա,
       Քրիստոս վրէն նստած ա,
       Ոսկէ գրիչ բռնած ա,
       Լուսաւորիչ կանգնած ա
       Մեծ ու պստիկ գրում էին,
       Արդարներն խաղում էին,
       Մեղաւորներն լալում էին։

       Դարալագեազի պարսկահայ գաղթականների մէջ սովորութիւն է, որ սուրբ Աստուածածնի աւետման առաջին երեկոյին, չորեքշաբթի, կանանցից ոմանք եկեղեցուց դուրս գալով, բոլորովին լուռ եւ իրարից ծածուկ գնում են մօտակայ առուն, ջուր են առնում փոքրիկ ամանի մէջ, հետն էլ երկու երեք մանր աւագ եւ եթէ կայ՝ ծաղիկ եւս եւ ամանի բերանը ամուր կապած պահում են եւ հարկաւոր ժամանակ խառնում են պանրի մային, որ պանիր շատ լինի, ածում են խնոցու մէջ՝ որ իւղը շատ լինի։