Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՐՍԱՆԻՔ

       Ահա մի հանդէս, որ կատարւում է մեծ շքեղութեամբ եւ որին գիւղերում մասնակցում են ոչ միայն հարսի ու փեսայի ազգականները, այլ եւ ամբողջ հասարակութեան անդամները։ Պարսկահայ եւ Տաճկահայ գաղթակաների մէջ մեծ շքեղութեամբ է կատարւում այս հանդէսը։
       Ինչպէս յայտնի է, ամենից առաջ կատարւում է նշանադրութիւնը։ Սովորաբար տղայի ծնողները եւ ազգականները որոնում են յարմար հարսնացու լաւ գերդաստանից։ Շիրակում, Բասենում եւ Կարսում աղջկայ հայրը եթէ իւր աղջիկը հարսնութեան տալու նպատակ ունի՝ պատասխանում է «ժամանակդ կրկնէ, մինչեւ մեր տանը խորհուրդ կանենք». իսկ եթէ տալու միտք չունի, պատասխանում է, «կորուստդ մեր տանը չէ, ղսմաթդ Աստծուց ուզէ»։
       Պատահում է որ հայրը կամենալով իւր աղջիկը հարսնութեան տալ օտար գիւղ, կանխօրէն վերաստուգում է տղայի կարողութիւնը, տունը, գոմն, ապրանքը, ապրուստը եւ այլն։ Վերաստուգելուց յետոյ համաձայնում է նստել, բարեկամանալ, հիւրասիրուել եւ ստանալ փեսայի ծնողներից ընծայ, մահուդ, ձի, ատրճանակ կամ մի այլ պարգեւ, որ երբեմն նորից վերադարձնում է իւր փեսային, համբուրելով, նորա երեսը։ Այս ընծան կոչւում է տնտեսութեան խալաթ (տուն տեսնելու։)
       Նշանադրութեան օը փեսային տանում են հարսի տունը, հետն էլ զանազան ուտելեղէններ։ Այդ տեղ հրաւիրւում են բարեկամները, դրացիները եւ ծխատէր քահանան, որ ընթրիքից առաջ փեսայի հետ առանձնանում է կանանց սենեակը եւ հարսնացուին փեսայի դէմ կանգնեցնելով հարցնում է նախ առաջինի եւ ապա երկրորդի համաձայնութիւնը, որ արտայայտւում է գլուխ խոնարհացնելով եւ ապա տղան մատանին հագցնում է աղջկայ մատին եւ շարղաթը ձգում է նրա գլխին, իսկ շրջապատողները կոչում են «Աստուած շնորհաւոր անի»։
       Եթէ նշանադրութիւնը վերջանալուց յետոյ զոքանչը իւր մօտ չպահի փեսային. սա իսկոյն եւ եթ պէտք է վերադառնայ իւրեանց տունը։ Նշանադրութեան հանդէսը կոչւում է նշան։
       Հետեւեալ օրը աղջկայ հայրը յարգի է հրաւիրում, այսինքն հացկերութեան է հրաւիրում բարեկամներին եւ նոցա ներկայութեամբ մինը կանգնած՝ հատ հատ ցոյց է տալիս աղջկայ հանդերձեղէնը եւ տղայի տանից բերած ընծաները։ Բարձր ձայնով կոչում է. «Աստուած շէն պահի Բարսեղ խնամուն, որ բերել է այսինչ խալաթը, որ այժմ 25 մանէթ, այսինչ խալաթը 50 մանէթ» եւ այլն եւ միշտ բարձր գնահատելով։
       Անմիջապէս յետոյ սկուում է սաչու (հարսնացուի երեստեսնուկը), այն է դրամական նուէրներ հարսին փեսայի, կնքաւորի եւ սորանց բարեկամների կողմից եւ իւրաքանչիւր նուէրը եւ քանակութիւնը յայտարարւում է բարձրաձայն։
       Հասնում է այն րոպէն՝ որ հարսին պէտք է դուրս բերեն խնամիների առաջ։ Նորա գլուխը եւ երեսը ծածկում են քողով։ Դրացիներից կամ բարեկամներից մի հասակով կին առաջնորդում է նորան եւ կոչւում է ուստա։ Դրանը հասած՝ աղջիկը հեզութեամբ գլուխ է խոնարհեցնում հանդիսականներին եւ ապա նա եւ ուստան միմեանց յետեւից ծանրաքայլ մօտենում են եւ համբուրում նախ քահանայի աջը, ապա քաւորի եւ ապա միւս հրաւիրուածների, որից յետոյ նորից կանգնում են դրան մօտ։
       Մի շիշ օղի, երկու բաժակ ափսէի մէջ դրած, ուստան լցնում է բաժակները, իսկ աղջիկը ափսէով մատուցանում է մինը քահանային, միւսը քաւորին եւ ապա ամենքին՝ նստած կարգով, կանխապէս իւրաքանչիւրի ձեռքը համբուրելով։
       Բաժակն ընդունելուց, օրհնելուց եւ խմելուց յետոյ իւրաքանչիւր ոք դրամական նուէր է ձգում բաժակի մէջ աղջկայ համար իբրեւ երեստեսնելիք եւ ուստան բաժակից հանում է դնում ափսէի մէջ։
       Բոլորին օղի մատուցանելուց յետոյ աղջիկը նորից կանգնում է դրան մօտ, ուստան բանում է նորա երեսը, ցոյց է տալի բոլոր հանդիսականներին, լսում են շնորհաւորանք եւ ապա երկուսն էլ առանձնանում են։
       Երեստեսնելիքի նուէրները պատկանում են աղջկանը, իսկ սաչուի նուէրները ընդունում է աղջկայ կամ փեսայի հայրը եւ նորանով զարդ է գնում աղջկայ համար։
       Այսպէս է վերջանում նշանադրութիւնը Շիրակցոց. Բասենցոց եւ Կարսեցոց մէջ։
       Դարալագեազի գաղթած հայ գիւղերում, Սէս, Կորադիզ, Խաչքար եւ այլն տղայի հայրը կամ բարեկամները գնալով աղջկայ հօր տունը՝ խօսք են բանում, աստիճանաբար մօտենում են այցելութեան բուն նպատակին, եթէ փոխադարձաբար համաձայնութիւն է կայանում, հանում են իւրեանց հետ բերած օղու շիշը եւ շնորհաւորական բաժակներ են խմում. հակառակ դէպքում շիշը չի կարող աշխարհ գալ։ Համաձայնութիւնից յետոյ աղջկայ մօրը յանձնւում է ոսկի, կամ մատանի եւ կամ այլ նուէր եւ այս կոչւում է բէհ։
       Մի քանի ժամանակից յետոյ տղայի հայրը իւր քաւորով եւ բարեկամներով գնում են աղջկայ հօր տունը՝ տանելով ոսկի կամ մանեակ կամ այլ նուէր։ Միեւնոյն ժամանակ իւրաքանչիւրը նոցանից տանում է մրգեղէն, ուտելիք, որ հացկերոյթից յետոյ գնում են առանձին ի ցոյց հանդիսականների։ Սա կոչւում է շիրընլըղ։ Մինի բերած շիրընլըղը թողնում են ի վայելումն հիւրերի, իսկ մնացեալը տանում են աղջկայ մօտ։
       Հեռաւոր հիւրերի ցրուելուց յետոյ մնում են մերձաւոր բարեկամները, որոնց մօտ դուրս է գալի հարսնացուն, մօտենում է իւրաքանչիւրին գլուխ է խոնարհեցնում եւ ստանում պարգեւ, երեսնալայ։
       Երեսնալայից յետոյ վերջանում է նշանադրութեան հանդէսը եւ երբ տղայի հայրը հրաժեշտ է տալու, նորա հետ վերադարձնում են նորա բերած բրիանի (տապակած ոչխար) ազդը (բուդը)։
       Փեսային տեսնելու համար, եթէ նորան չեն հրաւիրել զոքանչի տունը, աղջկայ հայրը մի բարեկամ կնոջ հետ այցելութեան է գնում, տանելով դեօշ, այն է պարգեւ եւ բրիան։ Այնուհետեւ մինչեւ պսակը փեսան ուղարկում է հարսի համար ջրօրհնեաց եւ զատկին բրինձ, մոմ, մրգեղէն, կարմիր ձու, աջահամբոյր քահանային տալու եւ ձեռքերի համար խինա։
       Երեւանում՝ աղջիկն ու տղան իրար հաւանելուց յետոյ՝ տղային բերում են աղջկայ տունը, ուր քահանան պահպանիչ ասելով երկուսի գլխին եւս մատանին թոյլ դնում է տղայի աջ միջամատում եւ առաջարկում է աղջկան հանել եւ դնել իւր մատում՝ եթէ հաւանում է տղային։ Աղջիկը ամօթխածութեամբ մօտենում, հանում է եւ դնում իւր մատը։ Քահանան նորից հարցնում է փոխադարձ համաձայնութեան մասին եւ գլխի շարժումով պատասխան ստանալով օրհնում է նրանց։ Սա նշանադրութեան սկիզբն է կամ բէհը։
       Ապա իսկոյն նշանադրութիւնից մի օր առաջ, պատրաստութեան համար տղան ուղարկում է աղջկայ տունը միս, իւղ, գինի, բրինձ, օղի եւ մեղամոմ, քահանան առաջ օրհնում է նշանը տղայի տանը եւ ապա զուռնայով հրացանաձգութեամբ, աղմուկով, բարեկամներով շրջապատուած, գնում են աղջկայ տունը, ուր խառնուելով նորա բարեկամների հետ՝ ուրախութիւն են անում, իսկ հարսները ու աղջկունք պարում են։ Քահանան առանձին սենեակում միմեանց մօտ կանգնեցնելով նշանուածներին՝ նշանը տալիս եւ օրհնում է։ Հրաւիրուածները ճաշում են եւ ցրւում։
       Հարսանիքից մի կամ երկու շաբաթ առաջ պատրաստւում է քթէթը, այսինքն տղան գնում է զանազան կտորեղէն իւր եւ հարսը հանդերձի համար, որ մեծ հանդիսով կարում են տղայի բարեկամները։
       Քեասումը. Դարալագեազի նոր հայերի մէջ նշանադրութիւնից յետոյ տղահայրը իւր կնոջով եւ բարեկամներով եւ քահանայով գնում է նոր խնամու տունը քեասումը կտրելու, այսինքն վերջնական փոխադարձ պայմանը որոշելու թէ փեսահայրը որքան բրինձ, գինի, արաղ, մսացու եւ փող պէտք է ուղարկէ աղջկայ հօրը հարսանիքի պատրաստութիւնը տեսնելու համար։ Տուած փողը կոչւում է նաղդ կամ բաշլըղ։
       Քեասումը անելու ժամանակ տղահայրը առանձին նուէր է անում գիւղի եկեղեցու օգտին, 50 կոպէկ կամ աւելի երեցփոխին եւ մի ռուբլի գիւղի մէլիքին, այն է հասարակութեան տանուտէրին։
       Քեասում կտրելու սովորութիւնը, փող եւ խալաթ որոշելը կայ նաեւ Շիրակի, Բասէնի եւ Կարսայ հայերի մէջ. քեասումի հետ որոշւում է եւ միւս նուէրների քանակութիւնը - մսացու կով կամ եզ, իւղ, չիշ, գինի, բրինձ եւ այլն, եւ այս ուտելեղէնները կոչւում են եգու կամ բարխու։
       Ղազախում կայ եւ այժմ կամաց կամաց վերանում է քեասումի սովորութիւնը, բայց նոցանում կոչւում է աստառաձեւէք։
       Այս նախապատրաստութիւններից յետոյ արդէն մօտենում է հարսանիքի կամ պսակադրութեան հանդիսի օրը։ Բասէնում եւ Շիրակում նախկին ժամանակ, 3- 4 օր հարսանիքից առաջ փեսայի տանից տանում էին հարսնացուի համար կրծքի արծաթեայ զարդ - օղակ եւ մի թոփ շիլա հարսին շապկացու։
       Այժմ սորանց փոխարէն ուղարկում են մի կաւէ ճրագ, մի հաց եւ մի խնձոր, որոնք միասին կոչւում են Ղարսեցոց մէջ պուման, իսկ Բասենցոց մէջ բուրջալ։ Պումանը կամ բուրջալն ստանալուց յետոյ անմիջապէս աղջկայ հայրն աւելացնելով նորա վերայ իւր կողմից մի մի ճրագ. հաց եւ խնձոր, ուրեմն իւրաքանչիւր տեսակից մի մի զոյգ իբրեւ զուգաւորութեան նշան՝ վերադարձնում է տղայի հօրը։ Սորանից յետոյ արդէն ասում են թէ Ագոյի կամ Կարոյի աղջկանը բուրջալեցին։
       Բուրջալը նշան է, որ աղջիկ հարսնացուին տնէ տուն պտտեցնելու ժամանակ է։ Արդարեւ, աղջկայ բարեկամները առանձնապէս հրաւիրում են իւրեանց մօտ աղջկանը եւ նորա հետ հասակակից ազաբ աղջիկներին պարելու եւ ուտելու։
       Հարսանիքի առաջին ճաշը տրւում է կանանց, որոնց հրաւիրելու դուրս է գալի գիւղի մէջ քաւորակինը՝ ուսին կամ գլխին դրած հարսնացուի համար նոր կարածբաթիբան կամ կաբսն, իսկ ձեռքում ափսէի մէջ չարազ (քիշմիշ, լաբլաբու եւ այլն) զուռնան առաջին, միայնակ պտտւում է գիւղի մէջ եւ հրաւէր է կարդում կանանց։ Հրաւէրը կոչւում է խնդրախ։
       Հրաւիրուածները վերցնում են չարազից եւ հետաքրքրութեամբ զննում կաբան կամ քաթիբան։
       Հրաւիրուած կանայք փեսայի մօր համար տանում են ընծայ սեղան, այն է պանիր, իւղ, ձուաձեղ, գուլպա, արախճին եւ այլ այսպիսի բաներ, ով ինչ կարող է, դարսելով սոցա սինու մէջ եւ կամ սինի չունեցողը՝ մաղի մէջ։ Կանայք ճաշում են ցերեկով եւ հարսանիքի առաջին օրը, որի երեկոյին հրաւիրւում են տղամարդիկ։ Սակայն եթէ փեսան եւ հարսը նոյն գիւղումն են, տղամարդկանց ընթրիքը լինում է հետեւեալ օրը, երեկոյին։
       Երկու երեք օր առաջ տղամարդկանց հարսանիքի են հրաւիրում փեսան եւ նորա քաւորը զուռնան առաջը եւ ձեռքում մի շիշ արաղ։ Իւրաքանչիւր տան առաջ տան տէրը յարգանքով ընդունում է նորանց եւ մի բաժակ օղի ի վայելում նորանց ձեռքից իբրեւ նշան, որ նա ընդունում է հրաւէրը, պարտաւորւում է գալ հարսանիքի եւ սաչու տալ։ Նորանից ով կամք չունի սաչու տալ, նա օղի չէ ընդունում եւ առաջին ընթրիքը վայելելուց յետոյ այլ եւս չէ մասնակցում հարսանիքին։ Սաչու տուողների համար, առաջին ընդհանուր ընթրիքից յետոյ, առանձին մսացու է մորթւում եւ առանձին կերակուրներ պատրաստւում։