Հայկական սովորութիւններ

Հեղինակ

Բաժին

Թեմա
Աղջկայ տունը շինում են թախթ թագաւորի նստելու համար։ Աղջկայ հայրը նուիրում է թագաւորին թաշկինակ կամ քիսա եւ կամ այլ իր եւ նուէրը կախում է թագաւորի գօտկից երեւալու համար։ Նոյնը նուիրում են եւ քաւորին։
       Եթէ թագաւորամայրը նոյնպէս եկել է հարս տանելու՝ նորա մասին երբեմն ասում են զուարճանալու եւ ծիծաղելու համար հետեւեալ խօսքերը.
       Խնամի, դու խոշ ես եկել,
       Դարդակ ու բոշ ես եկել,
       Երկու բլոճ ես բերել,
       Էն էլ ճամբին ես կերել.
       Բերածդ է կանանչ կապայ,
       Թեւերն ու փէշը ծակ ա.
       Խնամի, դու խոշ ես եկել,
       Դարդակ ու բոշ ես եկել։
       Հացկերոյթից յետոյ հագցնում են հարսի հանդերձը։ Հագցնում է մի կին, որ հարսի գլուխը չէ կապում մինչեւ քաւորը նուէր չշնորհէ նորան։ Գլուխն յարդարելու ժամանակ զուռնան նուագում է, աղջկունք պարում են, իսկ հարսը տխուր լալիս է։ Ոչ մի երգ չեն երգում։
       Ապա մօտենում է թագաւորահայրը եւ կապում է հարսի քամարը երեք անգամ անցկացնելով նորա գլխից, մէջքից եւ ոտից։ Հարսնահայրը նուիրում է իւր խնամուն մի գտակ ու ինքը նորանից ստանում է դրամական նուէր։
       Աղջիկը (հարսը) եօթն անգամ պտտւում է հայրական թոնդրի շուրջ, մի անգամ ծնկաչոք համբուրում է թոնդրի շուրթը, համբուրում է հօր ոտքը , մօր ձեռքը, տան շեմի գետինը, դրսի դրան շրջանակը եւ հրաժարական է տալի հայրական տանը, մայրական օջախին։
       Սազանդարները կամ զուռնաչիները բռնում են շեմը եւ չեն թողնում որ հարսն անցնի, որպէս զի հարսի հայրը նուէր տայ նորանց։ նուէր կոչւում է դուռբռնելէ։
       Երկու աղջիկ որ ասում են կըշտի քիւր (կողքի քոյր), իսկոյն բռնում են հարսի երկու ձեռքը, որ արանքով մարդ չանցնի եւ այդպէս պահում են նորան մինչեւ հարսանիքի վերջը։
       Ազափները եւ թագաւորի կողմի մարդիկ, դուրսը կանգնած, դիտմամբ գոչումներ են անում «ճինինի, ճինինի, հարսը տարան», որպէս զի բարկացնեն հարսի ծնողաց եւ բարեկամներին։
       Այդ հրաժարականի, լացի, աղմկի եւ ուրախութեան ժամանակ ազափներից մինը, որ կոչւում է աղուէս, ընկնում է հարսի հօրանց հաւերի ետեւից եւ ծածուկ աշխատում է բռնել նորանց եւ տանել, որպէսզի յետոյ ազափները ուտեն, քէֆ անեն։
       Այստեղ այդ անձը հաւագողութեան համար կոչւում է աղուէս եւ այս բառով մի անձնաւորութիւն հարսանիքի ժամանակ ամենայն տեղ հայերի մէջ կոչւում է աղուէս, որի պատճառը շատ շատերը չգիտեն. բայց շատ տեղ էլ աղուէսը հաւ չէ գողանում, այլ լրաբեր է հարսանիքի ժամանակ։
       Թագաւորը, ձեռքի թաշկինակով մի խնձոր փաթթած, սեղմում է միշտ իւր շրթունքները նորանով։ Եկեղեցին պսակի գնալու ժամանակ աղուէսներից մինը իւր հետ տանում է մի գաւաթ գինի եւ մի բաժակ։ Իւրաքանչիւր հանդիսական իրաւունք ունի գինով բաժակը մօտեցնել թագաւորի բերանին ու ասել. «Լիւսը Լիւսաւորչին, հաւատն է Քրիստոսին, օրհնեալ Աստուած, անիւշ, անիւ՜՜՜շ, անիւշ» եւ թագաւորը անձայն անժպիտ, խոնարհ, անտրտունջ, մի կաթիլ բերանն է առնում ու խնձորը նորից սեղմում շրթունքներին։
       Ղազախում թագաւորը ազափներով, բարեկամներով, զուռնայով գնում է հարսի տունը, այն գիշերը ընթրիք են անում, հարսի բաժինքը (օժիտը), որ լինում է սովորաբար գիւղի բաներ, օրինակ, կարպետ, խալիչա, թոկ, դօշակ, վերմակ, բարձ, ձիու զարդն, խուրջին, ջուալ, պղնձէ կուժ, պղնձէ ամաններ եւ այլն, մի առ մի ցոյց են տալի հանդիսականներին եւ ամեն կողմից լուում է «Աստուած շնորհաւոր անի, շէն կենայ»։
       Եթէ փեսան ուրիշ գիւղից է գալի, նա նոյնպէս շրջապատուած է լինում խաչ եղբայրով, (որ թուրը ձեռին միշտ անանջատ լինում է թագաւորի մօտ եւ շրջում է նորա հետ), ազափներով եւ բարեկամներով։ Դեռ սոքա կէս ճանապարհում՝ աղուէսը առաջուց արդէն լուր է բերում հարսանքաւորների մօտենալու մասին։ Գիւղին մօտեցած՝ ձիարշաւ են սարքում, հրացաններ արձակում, ճարպիկութիւններ անում։ Սոքա իւրեանց հետ բերում են աղջկայ գիւղի ազափների համար ուտելիք եւ ըմպելիք, որ կոչւում է ազափանայ։
       Երբ աղջիկը հօր տանից պէտք է դուրս գայ, այդ տեղ կատարւում է մի շատ սրտաշարժ տեսարան։ Զարդարուած նորահարս աղջիկը, շրջապատուած իւր ընկեր աղջիկներով, զուռնայի նուագակծութեամբ բազմաթիւ հանդիսականների առաջ ծանրաքայլ գնացքով պտտւում է տան օջախի շուրջը, ծնկաչոք համբուրում է օջախի քարը, դուռը, տան շէմը, պտտւում է թոնրի շուրջը եւ ծնկաչոք համբուրում է թոնդրի շուրթը եւ ապա համբուրում է ծնողաց ձեռքը, որ վերջին հրաժարականը տայ։ Այս տեսարանը Ղազախի Ուզունթալա գիւղում, դեռ եւս իմ մանկական ժամանակի յիշողութեանս մէջ խորին տպաւորութիւն է թողել։
       Պսակ գնալու ժամանակ թագաւորը գնում է առաջից, նորա կողքին խաչեղբայրը իւր անբաժան թուրը ձեռին, իսկ մի քայլ թագաւորի յետեւից գնում է հարսը երկու թեւը բռնած հարսնեղբայրը եւ քոյրերը։ Հանդիսականները շրջապատում են դորանց եւ զուռնան ամէնի առաջ մեղմ եղանակով «առաւօտ լուսոյի» նման նուագելով ծանր քայլերով յառաջ է շարժում բազմութիւնը։
       Ճանապարհի վերայ եղած տներից իսկոյն եւ եթ անխտիր կերպով դուրս են բերում ձուաձեղ եւ գինի եւ հիւրասիրում են ազափներին եւ միւսներին։ Ազափները երբեմն թագաւորի բերանում դնում են ձուաձեղի կտոր, որ ինքն իրաւունք չունի վերցնելու։ Հէնց որ հասնում են եկեղեցու դուռը, զուռնան իսկոյն եւ եթ կտրում է իւր ձայնը մինչեւ հարս ու փեսայի եկեղեցուց դուրս գալը։
       Երեւանի շրջակայքում գիւղերում, երբ աղջկանը հագցնում են շորերը, գլուխ կապող կինը թագցնում է հարսի քամարը եւ չէ տալի քաւորին, որպէս զի սորանից դրամական նուէր ստանայ։ Երբ քաւորը կապում է հարսի քամարը, ասում է. «Առջնէկդ տղայ լինի»։ Քահանան հարս ու փեսային ձեռք ձեռքի տուած կանգնեցնում է եւ ծնողքը շնորհաւորում են։
       Ագուլիսում, կիրակի առաւօտ ազափբաշին մակարներին (ազափներին) մոմեր է բաժանում, իսկ ազափբաշու կինը աղջկանցն է բաժանում մոմ։ Ազափբաշին զրահաւորուած իւր իշխանական գաւազանով, ծայրին թաշկինակ կապած, բոլոր խումբն առած, աղմուկով եւ նուագածութեամբ տանում է հարսի տունը։
       Հարսի հանդերձը հագցնում է քաւորի կինը, իսկ քամարը կապում է հարսի եղբայրը՝ նախապէս երեք անգամ անցկացնելով գլխով, եւ ոտքերի տակից հանելով։ Ապա աղջկունք եւ կանայք համբուրում են հարսին եւ դուրս բերում փեսայի մօտ։
       Հրաժարականի ժամանակ աղջկանը պտտեցնում են տան բոլոր մասերը, սենեակները, ներքնատունը, թոնդրատունը եւ այլն, բայց առանց ծնրադրութեան եւ համբոյրների։ Տնից դուրս գալու րոպէին տան ծառան ծածկում է դուռը եւ թագաւորից նուէր ստանալով՝ նորին բանում է։
       Բարեկամները համբուրում են աղջկան, սա էլ համբուրում է նորանց ձեռքը, ծնողքը լալիս են եւ հանդէսը շարժւում է դէպի եկեղեցի։ Զուռնաչիք կանգ են առնում, երեսները դարձնում են դէպի հարսնահօր տունը, նուագելու եղանակը զըռզըռոցի փոխելով՝ բարկացնում են ծնողաց ու բարեկամներին։
       Սանամայրը իւր հետ բերած շաքարի կտորը եւ կանաչ կարմիր թելը յանձնում է քահանային, որ սա թելից շինէ հարսի համար նարօտ, իսկ շաքարը ձգի աղջկայ տնից բերած գինու բաժակի մէջ։
       Հին Նախիջեւաի գիւղերում պսակ գնալու եւ պսակից դառնալու ժամանակ հարսն ու փեսան բռնում են թաշկինակի երկու ծայրից, որ արանքով ոչ ոք չանցնի։
       Բասենի, Շիրակի եւ Կարսայ գիւղերում նախքան հարսնառների գալը եւ հարսին տանելը, հարսի հասակակից աղջկունք մէն մէնակ հարսին տանում են ուստի մօտ, ուր նորա գլուխը լուանում են, սանրում են եւ երբ իրիցկինը կապում է նորա գլուխը, աղջկունք երգում են նախ եւ առաջ հետեւեալ տաճկերէն երգը։ Նա կոչւում է «գլուխ գովալ»։
       «Աղլամա, աղլամա,
       Գեալին, աղլամա,
       Իրիցկին, իրիցկին,
       Բաշը բաղլամա։
       Անամ չըխսըն եայլալարի եայլասըն,
       Իչսըն սովուղ սուլար՝ գեօնկլի ագլասըն,
       Անամն կըզ՚ը վար, բանի նէյնասըն,
       Ագիլ՝ դաղլար, ագիլ, անամ գեօրընսըն։
       Չաքտիլար, չաքտիլար օջաղն դաշի,
       Ղուրդիլար, ղուրդիլար դիւդինըն աշի.
       Չաղըրըն, չաղըրըն կովում ղարդաշի,
       Շէն անայ, շէն բաբայ, աւըն շէն օլսըն,
       Ըշտայ բան գեդարամ՝ երըն ենգ օլսըն։
       Աթլադըմ, աթլադըմ, չըխտըմ էշիկի,
       Ղըրըլսըն, ղըրըլսն, ղըզըն բէշիկի,
       Խուֆրադայ, սուֆրադայ ղօյդըմ ղաշըղի,
       Շէն անայ, շէն բաբայ, աւըն շէն օլսըն.
       Ըշտայ բան գեդարամ՝ երըն ենգ օլսըն։
       Անամըն թիւթսիւսի ագրիճա թութար,
       Աթամըն սուֆրասը, մէյդանի թութար,
       Ղըզըն ուզանգըսի քիմլարդան թութար,
       Շէն անայ, շէն բաբայ, աւըն շէն օլսըն,
       Ըշտայ բան գեդարամ, երըն գէն օլսըն։
       Չամ բաշընդա չրայ եախտըմ, եանմատի,
       Բեագ բաբամայ էլչի սալդմ, գեալմադի.
       Ղարդաշ քիւչիւդ իկիդ, գեալայ բիլմադի,
       Շէն անայ, շէն բաբայ, աւըն շէն օլսըն։
       Ըշտայ բան գեդարամ, երըն գէն օլսըն։
      
       Յելէ երեկուան քամին, յելէ երեկուան քամին,
       Բազըրգեան մտել է գեամին, բազըրգեա մտել է գեամին.
       Աղջի, հարսնառդ եկաւ վերի կալերով,
       Հինայ բերին քեզի թղթի ծալերով,
       Ել հագի, ել կապէ, հարսնառդ եկեր է։
       Աղբօրդ խաբեցին ջուխտմ ճըզմով.
       Մրոջդ խաբեցին ջուխտմ փապուճով.
       Հօրդ էլ խաբեցին լիւլըմ թիւթիւնով.
       Մօրդ էլ խաբեցին թուղթմ պուռնութով։
       Հարկաւոր եմ համարում վերոյիշեալ տաճկերէն երգի թարգմանութիւնը դնել այստեղ, նոյնպէս եւ միւս ստորեւ յիշեալ երգերի թարգմանութիւնը իւր տեղում։
       «Մի լար, մի լար,
       Հարս, մի լար,
       Իրիցկին, իրիցկին,
       Գլուխը մի կապիր։
       Մայրս դուրս գայ ամարանոցներ՝ վայելի,
       Խմի սառը ջրեր, որ սիրտը կանգնի,
       Մօրս աղջիկ ունի, էլ ինձ ի՞նչ անի,
       Թեքուէք, սարեր, թեքուէք, մայրս երեւի։
       Մաշեցինք, քաշեցինք օջաղի քարը,
       Խարքեցին, սարքեցին բրինձով փլաւը, (հարսանիքի կերակուր)
       Կանչեցէք, կանչեցէք բարեկամիս, եղբօրս,
       Շէն հայր, շէն մայր, տունդ շէն մնայ,
       Ահա ես գնում եմ, տեղդ լայն մնայ։
       Ձիաւորեցի, ձիաւորեցի, դուրս եկայ,
       Կոտրուի, կոտրուի աղջկայ օրօրոցը,
       Խուփրի մէջ, սուփրի մէջ թողի գդալը.
       Շէն հայր, շէն մայր եւ այլն։
       Մօրս ծուխը ծուռը կըծխի.
       Հօրս սեղանը հրապարակ կըբռնի,
       Աղջկայ ասպանդակը ո՞վ կըբռնի,
       Շէն հայր եւ այլն։
       Շամածառի գլխին հրագ վառի, չվառուեց,
       Բէգ հօրս դեսպան ուղարկեցի, չեկաւ,
       Եղբայրս փոքր էր, գալ չկրցաւ,
       Ահա ես գնում եմ տեղդ լայն լինի։
       Ապա աղջկունք երգում են այլ եղանակով հետեւեալ երգը նորահարսի մօր, քրոջ, մօրաքրոջ մասին, որոնք այդ հանդիսին սովորաբար ներկայ չեն լինում։
       Համամ ջուպպասի,
       Թոխաթ վալասի,
       Չաղըրըն անասի՝
       Գեալսն սարըլսըն
       Բոյննայ՝ աղլասըն,
       Եօլայ սալսըն։
       Համամ ջուպպասի
       Թոխաթ վալասի,
       Թադըրն բաջըսի,
       Գեալըսն սարըլսըն
       Բոյննայ՝ աղլարսըն,
       Եօլայ սալսըն։
       Համամ ջուպպասի,
       Թոխատ վալասի,
       Չաղըրըն խալասի,
       Գեալսըն սարըլսըն
       Բոյննայ՝ աղլասըն,
       Եօլայ սալըսըն։
       Ահա երգի հայերէն թարգմանութիւնը.
       «Բաղանիքի վերարկու,
       Թոխաթ քաղաքի մետաքսէ թաշկինակ,
       Կանչեցէք մօրը,
       Գայ փաթաթուի,
       Վզովը լայ,
       Ճանապարհի ձգի։»
       Նոյնը կրկնոմւ է քրոջ եւ մօրաքրոջ (խալա) մասին։
       Երբ ուստի մօտ «գլուխ գովալու» հանդէսը կատարւում է, այդ միջոցին արդէն հարսնառները զուռնայով, աղմկով մօտենում են գիւղին։ Նորանց առաջ դուրս են բերում գինի, արաղ, հիւրասիրում են նորանց եւ ապա տանում են ուղղակի ուստի մօտ, ուր որ հարսն է։
       Հարսին շրջապատող աղջկունք այդ տեղ նորից մի երգ են երգում տաճկերէն, որի մէջ բացադրելով աղջկայ ազգականների բացակայութիւնը, նկարագրում են հարսի դրութիւնը։
       Արմըդի ալ դըր բունըն.
       Ջիգիթը քեալ դըր բունըն.
       Աթասը եօխ աղլասըն,
       Կարդաշը լալ գըր բունըն,
       Արմըդի ալ դըր բունըն
       Չիգիթը քեալ տըր բունըն
       Բաջըսի եօխ աղլասըն,
       Գալինի լալ գըր բունըն,
       Արմըդի ալ դըր բունըն,
       Չիգիթը քեալ դըր բունըն,
       Խալասի եօխ աղլասըն
       Բիբիսը լալ գըր բունըն
       Ահա սորա թարգմանութիւնը
       Սորա խնձորը կարմիր է,
       Սորա սերմը խակ է,
       Հայր չունի որ լայ,
       Եղբայրը սորա համր է։
       Քոյր չունի որ լայ,
       Սորա հարսը համր է։
       Մօրաքոյր չունի որ լայ,
       Սորա տատը համր է։
       Ապա զուռնան նուագում է, աղջկունք մի տեսակ պարեն բռնում, որ կոչւում է թեխմախ եւ դուրս են բերում հարսնացուին։ Տղայք ձայնում են շարաշ։ Արդէն երեկոյեան դէմ է լինում, որ բոլոր հանդիսականները հարսին առած ծանրաքայլ շարժւում են դէպի հարսնահօր տունը։
       Այս տեղ պէտքէ յիշել որ այն տեղի գիւղերում հազիւ է գտնւում այնպիսի մի տուն, որ իւր մեծութեամբ կարողանար տեղաւորել իւր մէջ գիւղի բոլոր հրաւիրուածներին, ուստի այդ պէտքի համար մաքրում՝ յարմարեցնում են մեծ գոմեր։
       Քաւորը որ միշտ լինում է հարսնառների շարքում, բերում է իւր հետ հարսի հանդերձը եւ հինա, թղթի մէջ փաթըթած եւ սինու մէջ դրած։ Հինայով սինին Ուստան գընում է իւր գլխի վերայ եւ առաջինը ինքն է պարում, ապա տալիս է միւս աղջկանց, որոնք հերթով պարում են եւ վերջը սինին դնում են քաւորի առաջ, որպէսզի նա 15, 20 կոպէկ նուէր ձգի մէջը պարող աղջկանց համար։ Այդ գիշերը աղջկունք հինով ներկում են իւրեանց եւ հարսի ձեռքերը։
       Հետեւեալ օրը, աղջկայ հայրը ճաշ է պատրաստում հիւրերի համար, կերակուր պատրաստող կինը պղնձների բերանը չէ բանում եւ կերակուր չէ բաժանում, մինչեւ քաւորը նորան նուէր չանի, 20 կոպէկից մինչեւ 1 ռուբլի։
       Ճաշը վայելելուց յետոյ, աղջկայ հայրը հանդիսականների առաջ թափում է բոլոր օժիտը, ինչ որ պատրաստելէ իւր աղջկայ համար, որ կոչւում է ջհէզ։ Ջհէզը գիւղերում սովորաբար լինում է վերմակ, բարձեր, գուլպաներ, մարբաշ, խուրջին եւ այլն։ Կանչողը հատ հատ ցոյց է տալի հանդիսականներին, իրար վերայ դարսում եւ վրան նստելով չի վերկենում տեղից, մինչեւ նուէր չստանայ (երբեմն մինչեւ 10 ռուբլի) փեսահօրից հարսնահօր օգտին։
       Տղամարդկանց մօտ ջհէզը զննելու միջոցին՝ կանանց բաժնում սովորաբար գիւղի իրիցկինը, եթէ սա չկայ՝ մի այլ կին կապում է հարսի գլուխը եւ նուէր է ստանում քաւորից, որ տուում է գլօխկապելիք, եւ գօտիկ կապելու համար նոյնպէս նուէր, որէ գօդելկապ. իսկ աղջկունք, որ ըլուններից փնջիկ են շինում հարսի գլուխ զարդարելու համար, նոյն պէս նուէր են ստանում քաւորից-փնջի փարա։
       Ուրիշ հայ երկրներում թագաւորն ինքն է գնում իւր հարսնացուն բերելու եւ առանց պսակուելու աղջիկը չի դուրս գալ գիւղից. իսկ այստեղ, Բասենում եւ շրջակայ փեսան իւր գիւղում սպասում է հարսին, որ պէտք է բերեն հարսնառները։
       Հրաժարականի րոպէին աղջիկը համբուրում է հօր, մօր, եղբօր եւ միւս բարեկամների ձեռքը, բայց հօր տան օջախը, թոնդիրը, իւր առաջին սննդավայրը համբուրելու սովորութիւն չկայ։ Աղջիկը հեծնում է ձի եւ նորան ուղեկցում է նորա եղբայրը, որ այդ դէպքում կոչւում է մաղար։
       Երբ փեսայի գիւղին մօտենում են՝ մաղարը, այսինքն հարսնեղբայրը, հանում է հարսի տակից թամբի բարձը եւ տալիս է հարսնառներից մինին, որ կոչւում է աղուէս։
       Աղուէսը բարձն առած շտապում է դէպի թագաւորի տունը։ Բայց աղուէսն ամենայն զգուշութեամբ եւ թագաւորին շրջապատող ազափներից խիստ ծածուկ, բարը յանկարծ դնում է թագաւորի ոտաց տակը, որ այդ միջոցում ազափներով շրջապատուած կանգնած է եւ անպատճառ կանգնած իւր տան երդիկի բարձրութեան վերայ, սպասում է հարսի գիւղը մտնելուն։
       Եթէ աղուէսի անզգուշութիւնից կամ անշնորհութիւնից ազափները բարձը նկատեն նախքան թագաւորի ոտաց տակը դնելը, այն ժամանակ աղուէսին՝ զուարճութեան համար խիստ գանակոծում են։
       Թագաւորի ոտաց տակ բարձի դնելը նշան է թէ հարսը խոնարհութեամբ իւր գլուխը դնում է իւր ամուսնու ոտաց կամ իրաւանց տակ։
       Թագաւորը հրամայում է ճարպիկ աղուէսի ձիու վզից կախել թաշկինակ, կամ երեսի սրբիչ կամ մի զոյգ գուլպա եւ այլն, իսկ ինքն թագաւորը իւր տեղը բարձի վերայ անշարժ կանգնած մնում է մինչեւ հարսի ձիուց իջնելը։ Հարսը երբէք չի իջնում թագաւորի տանը, այլ ընդունում են նորան քաւորի կամ թագաւորի ազգականներից մինի տանը։ Թագաւորը իրաւունք չունի գնալ նորա տեսութեան, այլ գնում են նորա կողմից բարեւելու նորա մայրը, քոյրը եւ այլ բարեկամ կանայք եւ միմիայն կանայք եւ ոչ տղամարդիկ։
       Հարսնեղբայրը միշտ անանջատ մնում է իւր քրոջ մօտ։ Գիւղ մտնելու ժամանակ հարսի գաւակին նստեցնում են մի երեխայ եւ հարսնեղբայրը երեխային իջեցնելու կամ հեռացնելու համար ընծայում է նորան մի ջուխտ ջուլպա։
       Կան տէրը, որի մօտ իջնում է հարսը, ճաշ է ուտեցնում հիւրերին։ Հարսը գիշերը մնում է այդ տանը եւ շրջապատւում է աղջիկներով եւ երիտասարդ հարսներով, որոնք գիշերը աշխատում են ազափների ոտամանները կամ գօտիկ կամ այլ հագուստ գողանալ, իսկ ազափները, ընդհակառակը, աշխատում են գողանալ աղջկանցից որեւ է հագուստ։
       Վերոյիշեալ եղելութիւնը պատահում է այն ժամանակ, երբ տղան եւ աղջիկը որոշ որոշ գիւղերից են. իսկ եթէ երկուսն էլ մի գիւղումն են, այն ժամանակ չեն լինում ոչ աղուէս, ոչ բարձ, ոչ հարսի գալուստ եւ այլն։ Այլ սովորական կարգով թագաւորը իւրայիններով գնում է հարսի մօտ եւ այն տեղից եկեղեցի պսակուելու։