Ս. Գրիգոր Նարեկացի

Հեղինակ

Բաժին

Թեմա
Դ.
       Տաղերի մէջ եւս Նարեկացին երբեմն հետեւակ ու վերացական է. նոյն իսկ չորս հինգ ընտիր տաղերի մէջ անգամ երբեմն շատ մութն է իր ինքնահնար բառերով կամ ժամանակի ճաշակի համեմատ խրթնաբանութեամբ, արուեստական կնճռոտ ու խորհրդաւոր արտայայտութիւններով։ Շատ բառեր եւ նոյն իսկ խօսքեր Նարեկացու տաղերի մէջ դեռ բացատրուած չեն, ինչպէս շարժվարժենի, նէճէմ թէ նէճէմ, ատիճապ պատիճաղ եւ այլն։ Պակաս չեն եւ մանկական բառախաղութիւններ, եծ մասամբ կրկնութեամբ, որոնք անշուշտ երիտասարդական անկիրթ ճաշակի արդիւնք են, ինչպէս՝ «Էին աջոյ ձեռին Աջոյն իւր աջ ընդ աջմէ հօր։ Հօր ընդ աջմէ լուսոյն փառաց»-ուզում է ասել՝ «Էին աջոյ ձեռն է ընդ աջմէ հօր լուսոյն փառաց »։ Այսպիսի բառերով ու կրկնութիւններով մթնանում ու թուլանում են նոյն իսկ նրա՝ Ծննդեան եւ միւս մի քանի տաղերը, որոնք սակայն եւ այնպէս սիրուն բանաստեղծութիւններ են, որովհետեւ ինչքան էլ մութը լինէին, իրենց ամբողջութեամբ հասկանալի են մնում, ՛ մենք կարողանում ենք վայելել նրանց գեղեցկութիւնը։
       Առաջին անգամ մենք այստեղ գինում ենք մեր գրականութեան մէջ մի բանաստեղծական տեսակ, որի մէջ հեղինակն իր սիրոյ, գարնան եւ կանացի գեղեցկութեան երգն է երգում, միայն թէ այդ սէրը չունի ոչինչ նիւթական, ֆիզիքական դա երկնային սէրն է, ուղղուած առ Աստուածածին եւ մանուկ Յիսուսը։ Բայց եւ այնպէս այս հոգեւոր բանաստեղծութիւնն իր ձեւով արդէն տարբերւում է շարականների տեսակից։ Ս. Գրքի նմանողութիւնն եւ մեկնաբանական ու դաւանաբանական ազդեցութիւնն արդէն յետ են մղուած։ Բանաստեղծութիւնն այլ եւս սառն ու անկենդան մի յղացում չէ սովորական ձեւերով, այլ դարձել է անհատական ներշնչում։ Օրհներգութիւնը դարձեալ յօրինւում է Քրիստոսի կամ սրբերի ու եկեղեցու փառաբանութեան համար, բայց չունի այլեւս դիտակտիկական նպատակ։ Այս պատճառով, հակառակ շարականների բանաստեղծութեան, տաղասացը ձըգտում է իդէալական պատկերներ առաջ բերել, չբաւականանալով Ս. Գրքի յարասութեամբ եւ կարծիքներ միայն արտայայտելով։ Վերացական բանաձեւեր եւ դաւանաբանութեան ակնարկող բառեր այլ եւս չկան նրա մի քանի տաղերի մէջ, այլ դրա փոխանակ խօսում է ինքը բնութիւնը, որից կենդանի զգացած պատկերներ է առնում բանաստեղծը։
       Ծննդեան տաղի մէջ բանաստեղծի երեւակայութիւնը խաղում է, հակառակ ճգնաւորական մռայլ ոգուն, բնութեան մեղմ գեղեցկութիւնների մէջ, առաւօտեան արեւածագից թռչտում է թուփ ու տերեւին, որոնց վրայ իջնում է առաւօտեան ցէղիկը, որ երբ արեւը իր ծայրը ցոյց է տալիս, վառ ի վառեալ փայլում է, կամ նաեւ դիտում է ցողագին ամպը եւ օդի մէջ շաղուած անձրեւի կաթիլները եւ ամպից անցնում է լուսաւոր լրման լուսնին, որի ետեւից բարկ աստղերով ճեմում է գիշերավար արուսեակը։ Դա գարնան գեղեցիկ հարսանիքն է, որ ներդաշնակութեամբ երփնազարդուած՝ գեղգեղում է իր երգը։ Բայց դա այլաբանօրէն միաժամանակ եւ հոգեւոր գարնան, նոր հոգեւոր կեանքի պատկերն է, որ բացւում է «Սիրոյ », այսինքն Քրիստոսի ծնունդով իբրեւ «փառաց լուսոյ» «ծագումն յարփւոյն », որ մարդկային ազգի սիրոյ համար գալիս ծնւում է ինչպէս երկնքից իջնող մի ցօղաբեր ամպ, կամ ինչպէս մի գարնան ծաղիկ Ս. Կոյսի ծոցից.
       Զսէր իւր ի մեզ քաղցրիկ ցողեալ…
       Ի սիրոյ սէր ծանուցեալ.
       Սիրաբողբոջ տարփմամբ լցեալ,
       Սիրով ընդ սէր միաբանեալ։
       Գարնան այս ընդհանուր երգին խառնում է բանաստեղծը եւ իր երգն.
       Ե՜րգ զարմանալի, ե՜րգ շարժվարժենի։
       Տեղի եզեր բարեկերտին.
       Խորհուրդ, խորհուրդ,
       Համերամ զարդ, երամից զարդ,
       Այսպէս բացականչում է նա՝ դիմելով Ս. Կոյսին, «բարեկերտի » մօրը, մր ներկայանում է նրան մի գաղափարական կնոջ պատկերով, այնպէս նկարագրուած , ինչպէս մի աշխարհական, երգիչ, իր կանացի գեղեցկութեան իդեալը կը նկարագրէր։ Նա ամբողջապէս մի «զարդ » է, նոճի ու նշտարենի հասակով, «յունիցն նրբենից ի մի կից կամար » կարծես «միջօրէի ժամն » է ծագում.
       Աչքըն ծով ի ծով ծիծաղախիտ
       Ծաւալանայր յառաւօտուն
       Երկու փայլակնաձեւ արեգականի նման.
       Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս։
       Նրա նռնենի այտերը, կամարակապ ձեռները եւ ամբողջ արտաքինը պատկերացւում են կենդանի եւ ուժեղ.
       Բերանն երկթերթի, վարդն ի շրթանցն կաթէր,
       Լեզուին շարժողին քաղցր երգանայր տաւիղն…
       Վարսիցն երամից զարդ ոլորս են առեալ,
       Եռահիւսակն բոլորեալ այտիւք,
       Ծոցըն լուսափայլ կարմիր վարդով լցեալ,
       Ծղիքըն, ծիրանի մանուշակի հոյլք։
       Խնկեալ ի կնդրկէ բուրվառ՝
       Հրով աստուածայնով լցեալ,
       Ձայն քաղցրանուն որ ի նմանէ հնչէր,
       Չի մոռացւում նոյն իսկ գեղեցիկ կապոյտ, ծիրանի բեհեզեայ պատմուճանը ոսկեշող, արծաթափայլ ոսկետտուն գօտին, զարդարուած թանկագին քարերով, եւ նոյն իսկ քայլուածքը,
       Գօտին արծաթափայլ , ոսկետտուն,
       Կամարակապ, յականց շափիւղայ,
       Մանրամասին յօրինուածով պճնեալ,
       Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով,
       Ոտիցն ի գնալ՝ շողն ի կաթել առնոյր։
       Դա մի գեղեցիկ պատկեր է, մի սքանչելի տեսիլ, որ
       Հանդարտիկ խաղայր, թիկնէթեկին ճեմէր,
       այսինքն կոտրուելով, ուսերը շարժելով հանդարտ ճեմում էր,
       Որոյ սիւնն է սրտին նուսխայօրէն
       Կարկաջայր սաթրերունի սէր,
       Մարդ ակամայ յիշում է Պէշիկթաշլեասի «Ճեմք մի լեառն հսկային, որի մէջ բանաստեղծը հրապարկում է գեղեցկութիւններովը բնութեան, որի ամենամեծ զարդն է երգող կոյսը։ Բայց չմոռնանք, որ Նարեկացու բնութիւնը, գարունը, մի այլաբանութիւն, մի սիմբոլ է միայն Քրիստոսի ծննդեան համար, իսկ նկարագրած գեղեցիկ կինը՝ Ս. Կոյսն, է, նորածին Փրկչի մայրը, ուստի բանաստեղծը վերջացնում է իր տաղն այսպէս։
       Այն թագաւորին, այն նորածին Փրկչին,
       Զքեզ պսակողին փառք յաւիտեանս։
       Դա իսկապէս ջերմ սրտից բխած մի օրհներգութիւն է միայն, ուղղուած առ Ս. Կոյսը, որ ոչինչ այլաբանական չունի իր մէջ, իբր սիրոյ առարկան ի դէմս Սրբուհու երգուած բայց այդ օրհներգութիւնն ամբողջապէս թարմութիւն է, այնպէս զգացուած է եւ մարդկօրէն նկարուած ամեն ինչ որ անպայման իրական կեանքի մէջ տեսածից ու զգացածից է առնուած։ Միւս կողմից սակայն այն սէրը, որ գովում է բանստեղծը, մի աննիւթական սէր է, որովհետեւ երգուած կոյսն ինքն աննիւթ է.
       Սերովբէանման , քերովբէաթոռ,
       Հուպ երրակին լոյս գերազանց,
       Լուսոյն արփին վեհինաճեմ։
       Նա, ինչպէս Աստուածածնի ներբողի մէջ (եր. 414 հտ . ) գրում է,
       Ի մարդկային զարմէ հրեշտակ երկային,
       Յեղծականաց սեռիցս անմահ սերովբէ.
       Ի հողային նիւթոյ ոսկի Սոփերայ,
       Ի ծովային բերմանց շնորհալոյս մարգարիտ,
       Ի Յեսսեանն բուսոյ քաղցրապտուղ ծաղիկ…
       Ցօղոյն հանդարտիկ ամպ անձրեւաձիր,
       Արեւուն ծագման ակն արփիափայլ,
       Մերկացելոյ այգոյն աստղ առաւօտին,
       Գիշերային մթոյն խօսնակ բերկրանաց…
       Վեհին պատկեր կերպիւ կշռորդեալ
       Թեթեւ պարզութիւն հիւթիւ բաղկացեալ…
       Նա մի անհասանելի աստուածային պաշտելի էակ է, երկնքի իսկուհին, «մեծ, երջանիկ, անարատ դշխոյն », մի լուսեղէն պատկեր, որի բարեխօսութեանն է դիմում յաճախ բանաստեղծը խոնարհ, գետնաքարշ աղօթքներով, որոնց մէջ զգայական սիրոյ հետք անգամ չի նշմարւում։
       Այլ բեկեալ սրտիւ, մատանց տատանմամբ, յոյս առեալ դարձի,
       Զդէմս ի յերկիր եղեալ՝ պաղատիմ մօրդ Յիսուսի.
       Բարեխօսեա՛, մաղթեա՛ քաւութիւն ինձ մեղաւորի,
       Դո՛ւ զօրաւոր փրկանակ կենաց, Իսկուհի՛ երկնի,
       Քեզ օրհնութիւնք ձայնից եւ բուրմունք խնկոց ի յերկրի
       Քեզ օրհնութիւնք ձայնից եւ բուրմունք խնկոց ի յերկրի
       Եւ անուշից իւղոց մատուցումըն յամենայնի։
       (Ողբ. Բան. ԻԶ. եր 62)
       Մի ուրիշ տեղ գրում է.
       Աղաչեմ զքեզ, սուրբ Աստուածածին.
       Հրեշտակ ի մարդկանէ, մարմնատեսիլ քերովբէ,
       Երկնաւոր արքայուհի,
       Անխառն իրբեւ զօդ, մաքուր որպէս լոյս,
       Անշաղախ ըստ նմանութեան
       Պատկերի արուսեկին բարձրութեան,
       Գերազանց քան զբնակութիւն
       Անկոխելին սրբութեանց…
       Այսպէս հենց սկզբից մեր բանաստեղծութեան մէջ, եւրոպացիներից շատ առաջ, կնոջ պատկերը դրւում է մի միստիկական խորհրդաւորութեան մէջ, որին մօտենում է բանաստեղծը մի խորին ակնածութեամբ ու հոգեւոր հիացումով։ Բանաստեղծն արդարեւ երկրաւոր սիրոյ շքեղ պատկերներով է նկարագրում, եւ այլապէս էլ չէր կարող, բայց նա այդ բոլորը ծառայեցնում է միայն իր հոգեւոր հիացմունքի առարկան զգալի դարձնելու համար, եւ որքան նուրբ, ազնիւ ու մաքուր կերպով, միաժամանակ եւ վառ արտայայտութիւններով է նա այդ անում է պայծառ գծագրում մի կնոջ իդէալական պատկեր, որ այնուհետեւ իշխում է մեր հին բանաստեղծութեան, մեր սիրոյ երգի մէջ։
       Ս. Կոյսի նկարագրից յետոյ անցնում է «մանկան » կամ փեսայի գովեստին նմանութեամբ Երգոց (որ իսկապէս մի սիրոյ երգ է, այլաբանութեամբ մեկնաբանուած Քրիստոսի եւ եկեղեցու վրայ Եւ վերջապէս Յայտնութեան տաղի մէջ, որ Ծննդեան տաղի շարունակութիւնն է, աւետիս է տալիս տիեզերքին Քրիստոսի ծննդեան եւ մկրտութեան համար։ Բնութեան սիրահար բանաստեղծը չի մոռանում, իսկ ժողովրդական ձեւով աւետիս տալու նաեւ ծառերին ու ծաղիկներին, ջրերին ու լեռներին եւ տեսէք թէ ինչպէս մի քանի բառերով մանրամասն նկարել գիտէ բոյսերի գոյներն ու ջրերի շարժումը։
       Աւետիս ծառոց ծաղկանց
       Բողբոջախիտ խիտասաղարթ,
       Գոյն գեղեցիկ , պտղինաւէտ,
       Ակնհաճոյ, համ քաղցրունակ,
       Հոտ բուրազուարթ, փունջ խուռներում,
       Ծայրից վարդից փթթինազարդ,
       Թերթ տարածեալ ոսկէճաճանչ,
       Տերեւախիտ կանաչացեալ,
       Աւետիս տայր Յովհաննէս
       Յորդ աղբերաց, հոյլ վատկաց,
       Ջուր մանուածոյ ծիծաղ ծաւալ,
       Կարկաջահոս ուխինահոս,
       Ծայթինասէր մանուածաւալ
       Շրջապտոյտ մանր աւազին,
       Հոլով խորոց մէտ մէտ զուգին,
       Վայր, վեր, անէջ, վեր, վայր ի վեր՝
       Փութան ի ջուրսն Յորդանանու։
       Տաղերի մէջ արդէն երեւում է բանաստեղծի երեւակայութեան մի էական կողմը, որ խիստ զարգացած է Ողբերգութեան մէջ, նա նկարչի նման տեսնում է ամբողջական պատկերներ։ Այսպէս Յասութեան տաղերից մէկի մէջ մենք տեսնում ենք Յիսուսին քառաթեւի վրայ՝ ինչպէս մի առիւծ ահեղ ձայնով գոչելիս դէպի Սանդարամետր, որ դողալով սարսում է, առիւծն Յիսուս քանդում է Սանդարամետի ամրոցները եւ այնտեղ գերուածներին աւար առնելով՝ ազատում է տանջանքներից եւ անանց պսակներով զարդարում է նրանց։
       Աւելի գեղեցիկ է նրա Յարութեան տաղը սայլի պատկերով , որ մի այլաբանութիւն է եւ մեկնութիւնը հենց ինքը հեղինակը յօրինել է։ Առանց այդ մեկնութեան՝ այդ երգը լոկ նկարագիր է մի սայլի, միայն այլաբանութեան պատճառով, գուցէ եւ աղաւաղուած լինելով, յօրինուածքի գաղափարը մթնած է։ Այստեղ տեսնում ենք Մասիսից (Սինայիդ ) իջնող մի արքայական սայլ, զարդարուած բեհեզներով եւ ծիրանիներով, վրան դրուած է ոսկի գահոյք, որի վրայ նստած է արքայորդին, նրա աջ ու ձախ կողմերից կանգնած են սերովբէք ու քերովբէք առջեւում գեղեցիկ մանուկներ, գրկերին տէրունական խաչը, ձեռքերին սաղմոսարան ու քնար, եւ երգում ու ասում են՝ «Փառք Քրիստոսի ամենազոր յարութեան »։ Բայց
       Ածեալ են ածեալ.
       Զսայլիկն ածեալ են կացուցեալ,
       Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
       Եւ ահա չխաղայր անիւն ա՛ յն։
       Սայլն ունի ամեն պատրաստութիւն ու զարդարանք, ունի հարիւր բարդ խոլրձան, մի բարդ կորնկան, մէկն էլ մանուշակ խրձադիզել. նրա սամիքն արծաթի են, լուծը ոսկի, սամոտիքը ապրշմի, «փոկեր շարած շարանման հոյլ մարգարիտ », նրա քշող ճորտը ճոճ է եւ ճապուկ ուռամիջակ, հաստաբազուկ, լայնաթիկունք խարտիշագեղ, որ ահեղադոշ ձայն է տալիս եզնամոլին, կանչում է աթոռակին - բայց եւ այնպէս սայլը Մասիսի աջ կողմում անշարժ կանգնած է մնում։ Սակայն երբ լծում են եզները սաթ ու սպիտակ, ծաղկախայտուցք, ընթացականք, եղջիւրն ամեն խաչանման, եւ մազն ամեն հոյլ մարգարիտ , - այդ ժամանակ ահա տեղից շարժւում է սայլը, «Ի յասեղէն առեալ շարժումն կուրծն սայլին »։ Ճորտը ձայն է տալիս եզնամոլին, եւ սայլը գլգլալով ու ճռնչալով գնում մտնում է Երուսաղէմ, եւ Սիօնի որդիքը երգելով ասում են՝ «Փառք Քրիստոսի ամենազոր յարութեան»։
       Ի՞նչ է այս, եթէ ոչ թագաւորաւան հանդիսաւոր գնացքը սայլով։ Անպայման այսպիսի գնացքներ Արծրունեաց թագաւորների՝ տեսել է Նարեկացին եւ հենց այդ գրի առել։ Բայց այստաղի արժէքն այնքան իր նկարագրի մանրամասնութեան, իրականութեան ճշգրիտ պատկերի մէջ չէ, որքան արտայայտութեան ձեւի մէջ։ Բանաստեղծը լեզուին իշխող արուեստաւոր է, նրաայս տաղը մեր խառն ոտնաւորների մի շատ ընտիր օրինակ է, որի մէջ ոտանաւորն իր բազմազան ձեւերով ըստ ամենայնի յարմարւում է բովանդակութեանը՝ մնալով միանգամայն շատ ռիթմիկ ։
       Նոյնպիսի հմուտ արուետով է յօրինուած եւ նրա Վարդավառի տաղը, որ բացի վերնագրից եւ վերջին տողերից՝ գրեթէ ոչինչ կրօնական չունի իր մէջ դա Յիսուսի պայծառակերպութեան հետ կապւում է միայն նրանով, որ ամբողջապէս լուսով ու գոյնով է լցուած։ Տաղասացն՝ ազդուած «Վարդավառ» բառի ժողովրդական ստուգաբանութիւնից՝ նկարագիր է միայն անում ամառուայ լեռնային կանաչավառ բնութեան, վարդի ու շուշանի ծառ ու ծաղիկների, շաղ ու շողի, լեռնյին քաղցր օդի ու հովի եւ աստեղազարդ երկնի։ Ամբողջը բուրում է մի անուշահոտ թարմութիւն։ Բանաստեղծն այստեղ ոչ միայն արդէն բնութիւնը դիտել գիտէ, այլ եւ տպաւորուելով բնութիւնից՝ կարողանում է տալ մեզ այդ մի հրապուրիչ արուեստում ռիթմիկ երաժշտական ոտքերով ու բաղաձայնների հանգիտութեամբ շոյելով մեր ականջը, միաժամանակ եւ խաղուն դարձնելով ոտանաւորը։ Բայց որ գլխաւորն է՝ նրա մի քանի կարճ խօսքերով բնութեան ընդարձակ պատկեր է հանում, մեծ վարպետութեամբ թելադրելով ընթերցողին մտքով լրացնել այդ պատկերը։