Վայոց-ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՆՇԱՆԱՒՈՐ ՎԱՆՔԵՐ
       ԳՆԴԵՎԱՆՔ
       Տեղադրութիւն. - Վայոց-ձորի ամենահին եւ ճարտարապետական տեսակէտից բաւական նշանաւոր այս վանքը տեղաւորուած է Արփաչայի հրաշագեղ հովտում, Գնդեվազ գիւղից հազիւ կէս կիլոմետր հեռու (տես Ալբոմ պատկեր I. 1.
       Այստեղ միանգամ եւս շեշտւում է այն հանգամանքը, որ մեր վանքերը մեծ մասամբ բարձրանում են բնութեան սքանչելի տեսարաններով օժտուած վայրերում, չէ՞ որ գեղարուեստը բարձրացնելով մարդու հոգին, տանում է դէպի գեղեցկութեան տիպարի պաշտամունքը։
       Սա մի անդնդախոր ձոր է, որի միջով գալարւում է հարիւրամեայ ընկուզենիների եւ ծիրանիների հովասուն սաղարթներով հովանաւորուած արծաթափայլ Արփաչայը։ Ձորի եզրին բեւեռուած խոխոմաձիգ ժայռերի խոռոջների ձեղուններից վիժուող բիւրեղանման ցայտերը խաղալով ժայռերի ամէն մի ծերպից կենդանութեան դիմող բոյսերի երփներանգ տերեւների եւ արեւի կենսատու ճաճանչների հետ՝ ձայնակցում են բնութեան հրապոյրով հարբած թռչունների դայլայլիկին։
       Յիրաւի գեղեցկութեան մատանի է այս ձորը, որի ակը կազմում է Սոփիա տիկնոջ պարգեւած Գնդեվանքը, այժմ դարերի փոշուց փայլը կորցրած։
       Մի սաստիկ քարքարոտ ճանապարհ Գնդեվազ գիւղից ոլորապտոյտ իջնում է մինչեւ Գնդեվանք։
      
       Պատմական տեսութիւն . - Այս վանքի մասին Օրբելեանը հետեւեալն է պատմում (Գլ . Ծ.
       Սիւնեաց Սմբատ իշխանի երանելի ու բարեպաշտ կին Սոփիան, (որ Դերենիկ Արծրունու աղջիկն էր ), ուխտ է գնում այն խորաձոր վայրը, որ Գնդեվանք է կոչւում, ուր կային սուրբ վկաների բազմաթիւ նշխարներ, եւ ուր բնակւում էին միայնակեացներ։ Տիկինը սաստիկ հաւանելով տեղին, մտածում է մի եկեղեցեի կանգնել այդտեղ։ Գիշերը ս. վկաներն երեւում են նրան եւ խնդրում կատարել մտադրութիւնը։ ՈՒստի եւ անմիջապէս քարտաշներ է կանչել տալիս եւ սկսում շինութիւնը, վերակացու կարգելով Սահակ քահանային եւ գործակալ Եղիշա քահանայ նկարչին , իսկ վանքի աւարտման հոգաբարձութիւնը յանձնում է Յակոբ անունով մինին։ Իւր ճգնութեամբ փայլում էր այստեղ նաեւ Սուփան Գնդունին։ Շինում են Աստծու տունը եւ նկարներով զարդարում առաստաղն ու պատերը եւ մեծահանդէս ժողովով օրհնում են ու անուանում ս. վկաների անունով եւ բնակեցնում են այդտեղ պաշտօնեաներ ու կրօնաւորների բազմութիւն։ Նաեւ ամբողջ ձորի պատշաճաւոր տեղերում շինում են անապատներ եւ բնակեցնում նրանց մէջ ճգնաւորներ։ Երանելի տիկինն անուանում էայս վանքը Գնդեվանք, եւ շինում է վանքի վերեւ, քարի գլխին, մի գիւղ եւ ժառանգութիւն է տալիս եկեղեցուն, ազատ կացուցանելով ամէն տեսակ հարկերից։ Եւ այս լինում էր Հայոց 385 թուին (Քրիստոսի 936թ. Նոյնպէս այս վանքին է յատկացնում Ատչար գիւղը։ Իսկ ամբողջ ձորը վերից վայր մինչեւ Գոլոշտի քար ասուած տեղը հրամայում է պտղատու ծառեր տնկել եւ այգիներ ձգել։ Ապա գրում է իւր յիշատակարանը, որ վերջանում է հետեւեալ գեղեցիկ բացատրութիւնով.
      
       Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ։
      
       Մի քանի տարի յետոյ, Հայոց 448 թ. (Քր. 999 թուին ) Քրիստափոր վանահայրը շինում է եկեղեցու գաւիթը, նաեւ երանելի եւ սուրբ հայր Գուրգէնը եւս մեծ յիշատակներ ունի այդ վանքում։ Շատ տարիներ յետոյ, 1008 թուին, այս վանքի վանահայր Տէր Սարգիսը Ձկնարած գետից ջուր է բերում վանքը։
       Այս մենաստանը շատ անգամ վերանորոգուած է, սակայն վերանորոգողներից միայն երկուսի անուններն են յայտնի, մինը՝ մի ոմն Գրիգոր, 1309 թ. միւսը՝ Պետրոս վարդապետը, 1671 թուին։ Վերջինս շինել է նաեւ գիւղի եկեղեցին։
       Հատուկտոր արձանագրութիւններից եւ Օրբելեանի վկայութիւններից երեւում է, որ վանքի առաջնորդներ եղել են.
       Սուփան Գնդունին, 930 թուականից առաջ.
       931-6 Հայր Սարգիս.
       999 Քրիստափոր.
       Գուրգէն.
       1008. Սարգիս Բ.
       1307. Գրիգորէս.
       ? Առաքէլ.
       1685- 91. Տէր Պետրոս.
       1875. Յովհաննէս Տէր Յարութիւնեան.
       Պետրոս վարդապետ Տաթեւացի.
       1899 մինչեւ 1916 թ. Մամբրէ վարդապետ Յովհաննիսեան Ռշտունի, Նոր գիւղից։
       Այս վանքի մասին Գնդեվազցի Մարտիրոս Գրիգորեան իննսուն եւ հինգ ամեայ ծերունին, որի հայրը 120 տարի էր ապրել, պատմեց ինձ հետեւեալ աւանդութիւնը։
       Գնդեվազի վանքի տեղում Նախավկայի անունով մի ուխտատեղի է եղել, ուր ուխտ է եկել նաեւ Սմբատ թագաւորի կին՝ Սոփիա տիկինը։ Սա կազմեցել է այստեղ մի վանք շինել եւ նոյն գիշերն երազում տեսել է մի մարդ, որ ասում է իրեն. «Սոփիա խանում, այդ բանը որ մտածեցիր՝ կատարի՛ր»։ Տիկինն առաւօտեան ձեռնարկել է վանքի շինութեան եւ երբ աւարտել է՝ հրաւիրել է այս ձորի այրերում ճգնող ճգնաւորներին այդ տեղ տեղափոխուելու։ Սրանց մէջ եղել է նաեւ Օվանէս անունով մի ճգնաւոր՝ որ չափազանց ծեր լինելով չի կարողացել կանգնել եւ միշտ նստած է աղօթել, այս պատճառով էլ նրան կոչել են Գունտ Օվանէս։ Սա դառել է վանքի առաջին վանահայրը, այս պատճառով էլ վանքը նրա անունով կոչուել է Գունտ Օվանէս - Գնտավազ։ Մի առ ժամանակից յետոյ էլ այստեղ եղել են Պետրոս անունով մի քահանայ եւ Սարգիս անունով մի վարդապետ։ Սրանք խորհուրդ են արել, որ վանքի մօտ մի գիւղ ձգեն, որպէսզի նրա արդիւնքով վանքը կառավարուի։ Պետրոս քահանան շինել է մի եկեղեցի, իսկ Սարգիս վարդապետը երեք տարի շարունակ ահագին ծախսեր անելով արխ է փորել, որ ջուր բերէ . բայց ջուը չի եկել։ Վերջը մի գիշեր երազում տեսել է մի մարդ, որ ասել է, թէ արի ցոյց տամ, թէ որտեղից պետք է արխը ձգես՝ որ ջուրը գայ։ Եւ տարել, ցոյց է տուել։ Սարգիս վարդապետն առաւօտը վեր է կացել, ցոյց տուած տեղով արխ փորել տուել եւ ջուրը բերել։ Այդ օրուանից այդտեղ գիւղ է հիմնուել։
       Վանքը երկար ժամանակ շէն է եղել, բայց յետոյ Շահ-Աբասը աւերել է եւ գնդեվազցիներին գերի տարել։
       Վերջի տարիներս միայն Խաչիկից եւ Կնիշիկից հայերը հաւաքուել են եւ թուրքերից հեռու մի առանձին թաղ կազմել։
      
       Վանքի նկարագրութիւնը. - Վանքը շինուած է սեւ, սրբատաշ քարերով. բաղկացած է մի եկեղեցուց եւ մի գաւթից։ (Տես Ալբոմ I 2)։
       Եկեղեցին արտաքուստ գրեթէ քառակուսի է (12x 11 մետր ), իսկ ներքուստ (10x9մետր ) խաաձեւ. (տես նկ. 1) չորս թեւերն էլ կիսաբոլոր են։ Արեւելեան կողմն ունի երկու խորան (3x 5 մ. եւ մօտ 3 մետր բարձր . ), որ ըստ երեւութին յետոյ են շինուած, այնպէս որ եկեղեցին սկզբում արտաքուստ եւս խաչաձեւ է եղել, միայն այս խորանները եւ գաւիթը շինելով դառել է քառակուսի։ Եկեղեցու սեղանը մի մետր բարձրութեան է եւ երկու կողքերից երեքական աստիճաններ ունի։ Կոզակը կամարակապ է եւ կիսաբոլոր, զարդարուած նկարներով, որոնցից մինը՝ ս. Աստուածածինը՝ դեռ եւս նկատելի է (տես նկ . 2) ։
       Եկեղեցին ունի չորս քառանկիւնի որմնասիւն, իւրաքանչիւրը երեք կիսասնից բաղկացած, որոնք հանգչում են քառանկիւնի խարիսխի վրայ եւ վերջանում նախ կիսաբոլոր եւ ապա քառանկիւնի խոյակով։ Այս չորս որմնասիւների վրայ բոլորում են կիսաբոլոր կամարներ, որոնց վրայ բարձրանում է գմբէթը, եւ որոնց միացման տնկիւներում քանդակուած են չորս աւետարանիչների յատկանիշները։
       Արտաքուստ բոլոր պատերի մէջ եւս կան երկական ներսանկուած. հարաւային եւ արեւմտեան պատերի մէջ բացւում են մի մի դուռ, որոնցից արեւմտեանը թէ աւելի լայն է (1, 50x 1, 10 եւ 2x 0, 88 մետր ) եւ թէ աւելի գեղեցիկ։ Եզրափակ երեք կիսասիւների վրայ բոլորում է մի կիսաբոլոր կամար, որի վերեւ կանգնած է մի գեղեցիկ խաչարձան, իսկ սրանից բարձր բացւում է մի պատուհան, ունենալով աջ ու ձախ կողքերին մի մի խաչքար։ Հարաւային դրան վերեւ եւս կայ մի պատուհան, պայտաձեւ կամարով. նկատելի է, որ սա վերաբերում է վերանորոգութեան ժամանակին, մանաւանդ որ սրա վրայ կայ մի խաչքար, որ ոչ թէ կանգնեցրած է, այլ տգեղ կերպով պառկեցրած իբր շինութեան քար։ Մի գեղեցիկ վարդազարդ էլ բարձրանում է հիւսիսային պատի երկու ներսանկուածների միջեւ։
       Գմբէթի թմբուկը տասնվեց անկիւնանի է, բաւական լայն, 4, 5 մետր տրամագծով եւ ցած, 2, 2 մետր բարձրութեան, զարդարուած չորս փոքրիկ պատուհաններով. վերջանում է կոնաձեւ, 2, 2 մետր կաթողիկէով, որ այժմ փոքր ինչ քանդուած է։
       Եկեղեցու բարձրութիւնն է 11 մետր, 6, 5 մետր մինչեւ գմբէթը։
       Եկեղեցին հանգչում երեք աստիճաններով բարձրացող հիմքի վրայ։
       Գաւիթը գտնւում է եկեղեցու արեւմտեան պատին կից եւ բռնում է ոչ թէ ամբողջ, այլ միայն նրա 2/3 մասը, այն էլ ո՛չ թէ մէջտեղում է շինուած, այլ բաւական յետ, այնպէս որ հարաւային կողմից մօտ մի մետր յետ է, իսկ հիւսիսային կողմից մօտ 1/2 մետր անցկացած (տես նկ. 1)։
       Սա եւս շինուած է սեւ, սրբատաշ քարով։ Երկարութիւնն է 7 եւ լայնութիւնը 6 մետր։ Սա թաղակապ է եղել, որի ձեղունի մեծագոյն մասը այժմ արդէն խոնարհուած է։ Այս գաւթի հիւսիսային կողմում մի ամբողջական եւ երեք կիսասների վրայ բոլորում են երեք կիսաբոլոր բաց կամարներ։ Սրանցից առաջինը, որ կից է եկեղեցու պատին, եւ որի վերայ կայ մի գեղեցիկ վարդազարդ, ծառայում է իբրեւ դուռ այն թաղակապ խորանին, որ շինուած է եկեղեցու հիւսիսային պատին կից, դրսի կողմից։ Միւս երկու կամարները բացւում են նոյնպէս թաղակապ, 4, 5 մ. երկարութեան եւ 1, 5 մետր լայնութեան շէնքի մէջ, որի արեւելեան պատում կայ մի քառանկիւնի պարհան, իսկ արեւմտեան պատում՝ մի նեղ եւ երկար պատուհան։
       Այս կամարների եւ սեան հանդէպ, հարաւային պատի վրայ, բարձրանում են նոյն ձեւի եւ նոյն մեծութեան որմնասիւներ, որոնց վրայ բոլորում են կիսաբոլոր կամարներ, կազմելով 40 հարիւրամետր խորութեան խորշեր։
       Գաւթի արեւմտեան պատմ մէջ բացւում է մի դուռն, պայտաձեւ կամարով պատած, կողքերին մի մի խաչ եւ բարձրանում՝ մի նեղ եւ երկար պատուհան։
       Գաւթի մէջ, եկեղեցու արեւմտեան պատի երկու ներսանկուածներում զետեղուած են մի մի կարմիր, գեղեցկաքանդակ խաչքար, որոնցից աջակողմեանն այժմ վայր է ընկած։
       Վանքը շրջապատուած է պարսպով, որ ունի երկու դուռն. սրանցից արեւմտեանի վրայ շինուած է գիշերապահի մի սենեակ։ Պարսպի մէջ, եկեղեցու հարաւային կողմում, կայ մի ընդարձակ նկուղից, 8 խցից եւ մի գոմից բաղկացած մի ամուր շէնք , որ այժմ էլ կանգուն է։ Այս շինութեան առջեւ եղել է մի աղբիւր եւ աւազան, սակայն այժմ աւազանը քանդուած է, իսկ աղբիւրը բղխում է պարսպից դուրս, արեւելեան դրան մօտ։
       Գնդեվանքին իբր սեպհականութիւն այժմ համարւում է միմիայն պարսպի պարփակած տեղը, ուր պարտէզ եւ այգի է ձգուած։
      
       Արձանագրութիւններ. -
       Եկեղեցու հարաւ-արեւմտեան անկիւնում արտաքուստ (Տես նկ. 3)։
       Ես Սոփի տիկնաց տիկին, Դերանիկ դուստր կին Սմբատա որդի Աշոտի Սիւնեաց իշխանի շինեցի զեկեղեցիս։
      
       Սրանից բարձր՝
       Մատանի էր անակն, եդեր Սիւնեաց Սոփի տիկին։
      
       Եկեղեցու հարաւային պատի վրայ. (Տես նկ. 4)։
       ՅՁ թվականիս (=931) ես Եղիշայ երէց եւ նկարիչ արարի առաջնորդութեամբ Սարգիս քահանայի որք կարդայք Տէր ողորմէ ասացէք։
      
       Մի խաչքարի վրայ.
       Հայր Ստեփաննոս կանգնող որ նշանիս յաղօթս յիշեցէք ի Քրիստոս Յիսուս, ի թվին ՆԺԶ (=967) շինեցաւ սբ. խաչս։
      
       Մի հին խաչքարի վրայ.
       Զհայր Սուփան կանգնող սբ. նշանիս յաղաւթս յիշեցէք ի Քրիստոս Յիսուս ՆԺԶ (=967) թվին շինեցաւ սրահս։
      
       Երեկեցու արեւմտեան դրան ձախ կողմը (տես նկ. 5)։
       Կամաւն Այ. ես Գրիգորէս նորոգեցի զսբ. վկայքս ի փրկութի հոգո իմոյ Առաքելն եւ այլ միաբանքս սահմանեցին ինձ Բ. պատ.. Աւագ. Եշաբ. կատարիչքն ահնին յԱյ խափանողքն դատին ի Տէ թվ. ՉԾԸ (=1309) գր. գրիչ յշ.
      
       Եկեղեցու հարաւային կողմում կայ մի գերեզմանաքար հետեւեալ տապանագրով. (նկ. 6)։
       Այս է հանգիստ պարոն Աւաքին որ կարճաւրեա ի + ելաւ առ անդառամ պսակն. նա էր որդի պրն. Ամիր ղուլին եւ թոռն պարոն Շահմասուրի թվ. ՌԺԶ (=1567) Շանդամազն, Մուքայիլն, Հարապետն հիշէք ի Քս.
      
       Եկեղեցու արեւմտեան դրան կամարի մէջ ամրացրած եւ այժմ կոտրուած ընկած խաչքարի վրայ քանդակուած է Քրիստոսի, սրբերի, թռչունների եւ ձկների պատկերներ եւ ներքեւում գրուած.
       Ես Ղարտաշս կազմեցի... Մայիխասմին կողակցի. թվկ, ՌԻԲ (=1573).
      
       Եկեղեցու արեւմտեան պատի ձախակողմեան ներսանկուածում կանգնեցրած կարմրագոյն խաչքարի վրայ. (Տես նկ. 7)։
       Խաչս բարէխաւս կաեցա. . . . . . . . իր որդոցն իւրոց. ես Վապդանս կազմեցի թվ. ՋԸ (=1459)։
      
       Եկեղեցու արեւմտեան ճակատին, մի խաչքարի վրայ.
       Խաչս Սարգսի առաջնորդի եկեղեցւոյ է։
      
       Գաւթի հիւսիսային պատի սեան վրայ։
       Անվամբն Այ ես Աշոտ Բոլկայ որդի Ած ինձ ողորմեցաւ իմ աւագ որդին ի Քս. փոխեցաւ. ես տվի զմեծ այգի Ըխրատանին հողն յեկեղեցիս. ի տարին Բ. աւր ժամ զնոր կիրակէն առնեն Հասա…
      
       1875 թուին Յովհաննէս վարդապետ Յարութիւնեանը Գնդեվանքում գտել է պղնձէ ամաններ, կաթսաներ, ունելիներ, զանգակ, բուրվառ, ծնծղայ եւ այլն, որոնք յայտնի չէ, թէ ո՞ւր են այժմ։ Սրանցից մի քանիսի վրայ եղել են հետեւեալ արձանագրութիւնները *)։
      
       Ծնծղայի վրայ.
       Յիշատակ է Գնդեվանայ սուրբ նախավկայի թվ. ՌՃԽ (=1691)։
      
       Մի զանգակի վրայ.
       ՉԾԶ (=1307). ԶՍարկաւագ քահանայ յիշէք ի Քրիստոս, որ ստացաւ զսա։
      
       Պղնձէ ամանների վրայ.
       Յիշատակ է Գնդեվանա Սուրբ նախավկային.
      
       Պղնձէ բուրվառի վրայ.
       Յիշատակ է Ծատուրի որդի Ակոբին, որ ետ ի դուռն նախավկային։