Վայոց-ձոր

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՂԵԳԻՍԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ
       Տեղադրութիւն - Եղեգիսի եկեղեցիները գտնւում են այժմեան Ալագեազ գիւղում, որ համանուն ձորի ամենանշանաւոր գիւղն է, այժմ թուրքաբնակ։
       Պատմական տեսութիւն-Եղեգիս կամ Եղեգիք հին պատմական գիւղը, որ այսպէս կոչուել է շրջակայ եղեգնի լճակների պատճառով այժմեան Ալագեազ գիւղն է, որին իբր ապացոյց կարող է ծառայել նախ այն, որ Ստ. Օրբելեանն ասում է, «Երանելի եպիսկոպոսն Սիւնեաց պատահեալ ի տեղի յԵղեգեաք ձորի ի վերայ Ոստին գեղջն ։ Իսկ Ոստին գիւղը այժմեան Հոստուն գիւղն է, եւ Ալագեազի ձորը նրանից վերեւ է գտնւում։ Երկրորդ՝ այս անունը պահպանուել է Վայոց-ձորի բնիկ հայերի մէջ, նրանք Ալագեազի ձորին Ըղքեայ ձոր են անուանում, իսկ Ըղեքը Եղիգի ռամկական ձեւն է։
       Եղեգիսը երբեմն Վայոց-ձորի իշխանների, Սիւնեաց երկրորդ հարստութեան բոլոր տէրերի եւ յետոյ Օրբելեան իշխանների աթոռանիստ է եղել, ուստի եւ ոչ միայն գիւղաքաղաք, քաղաք, այլ եւ մայրաքաղաք է կոչուել։ Այս գիւղի հիմնարկութեան ժամանակամիջոցը յայտնի չէ, եւ ըստ երեւոյթին շատ հին է։ Սիւնեաց իշխանութիւնը Վասակ նահապետից նորոգուած միջոցին սա՛ է դարձել աթոռանիստ, ինչպէս յայտնապէս վկայւում է Վասակի թոռնորդի Սմբատ Մեծի վերաբերութեամբ, որ Բշրայ կամ Նորայ արշաւանքի ժամանակ, 923 թուին «Հորդան տուեալ զօրացն՝ ամբոխս բազումս սպայակոյտ զօրու շուրջ զիւրեաւ կացուցանէր յիւրում արքունական ապրանքն՝ որ ի գիւղաքաղաքն Եղեգիս. եկեալ ապա Նորն եւ տեսեալ զնա այնպիսի պատրաստութեամբ եւ անվանելի զօրութեամբ, զգուշացեալ՝ ո՛չ ինչ կարաց յայտնել յիւրոց անտի, այլ եւ խաղաղութիւն խօսեցեալ ընդ նմա ... ուխտ հաշտութեան հաստատէր։ Եւ ապա եկեալ առ միմեանս՝ խնդութիւն մեծ առնէին եւ բազում ոժիտս եւ պարգեւս ընկալեալ Նորն ի Սմբատայ՝ չուէ եւ երթայ» ։
       Մի ուրիշ տեղ էլ նոյն Օրբելեանն ասում է այս Սմբատ իշխանի մասին 936 թուին... «Ելեալ յաւուր միում յարքունեաց իւր՝ որ էր յԵղեգիս գիւղաքաղաքի »։ Սրա վերջին պայազատներն իրենց գահը փոխել են Բաղաց եւ Կապանի մէջ։ Բայց երբ Զաքարէ եւ Իվանէ սպասալարներն այս կողմերը խլել են թուրքերի ձեռքից, տուել են Օրբելեաններին, որոնցից Ելիկումը եւ սրա որդի Սմբատն իրենց գահն այստեղ են հաստատել։ Սմբատի եղբայր Տարսայիճը եւս ինչպէս այստեղ, այնպէս ե՛ւ Արփայում ունեցել է արքունիք։
       Եղեգիս կամ այժմեան Ալագեազ գիւղում կան չորս աւեր եկեղեցիներ, որոնց մասին ո՛չ միայն պատմական տեղեկութիւններ չկան, այլ եւ անուններն որոշապէս յայտնի չեն։ Միայն 1495 թուին, այս «մայրաքաղաք Եղեգիսում » գրուած մի աւետարանի յիշատակարանում ասուած է. ընդ հովանեաւ երից տաղաւարացս սուրբ կաթուղիկէիս եւ սբ. Աստուածածնիս եւ սուրբ Ստեփաննոսիս եւ կենդանարար սուրբ Նշանիս *)։ Այստեղ թէեւ ասում է ընդ հովանեաւ «երից տաղաւարաց », սակայն չորսի անուն է տալիս, եւ հէնց չորս աւեր եկեղեցիներ էլ այժմ կան։ Սրանցից առաջինը, ինչպէս երեւում է իւր վերայի արձանագրութիւնից, շինուած է Ստեփաննոս եպիսկոպոս Օրբելեանից, այս պատճառով եւ հաւանական է, որ ս. Ստեփաննոսը սն լինի, այսպէս կոչուած իւր հիմնադրի անունով։ Միւսների մասին ո՛չ մի տեղեկութիւն չկայ։
       Եկեղեցիների նկարագրութիւնը. - Ս. Ստեփաննոսի եկեղեցին (ԺԳ. դար Սա գտնւում է այժմեան գիւղից դուրս, նրա արեւելեան կողմը, Ալագեազ գետի աջ ափին, հարթութեան վրայ։ Սա միանգամայն ինքնատիպ է նրանով որ կոզակի մասն իւր երկու խորաններով մի առանձին շէնք է ներկայացնում, այնպէս որ նոյն իսկ կարելի է ենթադրել, որ նրա առջեւ շինուած ժամատան հասարակ շէնքն սկզբում չէ եղել, եւ ժողովուրդը, մանաւանդ զօրքը կանգնել է սեղանի առջեւ տարածուած ընդարձակ դաշտի վրայ եւ լսել ժամասացութիւնը։ (Տես Ալբոմ, պատկեր XX, 33)։
       Այս առաջի մասը, այսինքն կոզակը, իւր երկու խորանով (նկ. 28-30) շինուած է սրբատաշ, կարմրաւոյն քարով, ունի 5, 30 մետր երկարութիւն եւ 10, 35 լայնութիւն։ Բարձրութիւնը հասնում է 9 մետրի։ Արտաքուստ սագաշէն է, սակայն ներքուստ, կոզակի ձեղունն ոչ թէ թաղակապ՝ այլ գմբէթաձեւ է։ Կոզակը բոլորաձեւ է եւ կամարակապ յանկած երկու որմնասիւների եւ երկու սիւների վրայ, սակայն վերջիններս արդէն գետին են պատալուել։ Կամարներից բարձր, ամբողջ արեւմտեան ճակատը ծածկուած է սրբատաշ քարով, ունի մի նեղ եւ երկար պատուհան եւ զարդարուած է երկու խաչքարով։ Սեղանի երկարութիւնն է 4, 70 մետր, լայնութիւնը՝ 4, 50 մետր, վէմքարը դեռ կանգուն է, միայն յատակի սալ քարերը քանդուած են եւ մի մասը տարուած։
       Կոզակի երկու կողմի խորանները թաղակապ են, 4 մետր երկարութեան եւ 11/2 մետր լայնութեան, եւ ունին մի մի սեղան, մօտտաւորապէս մի մետր երկարութեան։ Հիւսիսային խորանը երկու դուռ ունի, մինն արեւմտեան, միւսը հարաւային պատի մէջ, որ անմիջապէս բացւում է սեղանի վրայ։ Հարաւային խորանը միայն ունի մի, արեւմտեան դուռն։ Երկու դռներն էլ զարդարուած են պայտաձեւ կամարով։ Երկու խորանն էլ լուսաւորւում են մի մի, փոքրիկ եւ նեղ պատուհանով , որ բացւում են արեւելեան պատի մէջ։
       Կոզակի արեւելեան պատի մէջ կան երկու ներսանկուած, արեգակնային ճաճանչով եւ փոքրիկ կամարով զարդարուած. սրանց միջեւ մի երկար ու նեղ պատուհան՝ խաչաձեւ շրջանակով եւ երկու վարդազարդով։ Երկու վարդազարդ էլ բարձրում կան։ Մի մի փոքրիկ եւ նեղ, կամարակապ պատուհան բացւում են խորանների մէջ։
       Հարաւային պատը բոլորովին պարզ է եւ ունի միայն մի փոքրիկ, կամարակապ պատուհան, ճիշտ այսպէս է եւ հիւսիսային պատը, որի սրբատաշ քարերից շատերը թափուած են։
       Այս շէնքի առջեւ՝ իբրեւ ժամատուն մնում են հասարակ քարից շինուած 4 կիսաւեր պատեր՝ մօտ մի մետր բարձրութեան։ Այս ժամատան լայնութիւնը նոյնն է եղել, իսկ երկարութիւնը 9, 70 մետր։ Ունեցել է միայն մի, հարաւային դուռ։
       Եկեղեցու շուրջը կան բաւականաչափ գերեզմաններ, ԺԳ . դարու տապանագրերով։ Այս տապանաքարերի մեծագոյն մասն այժմ վերցրել են եւ տեղը ցանել։ Նկատելի են եւ խցերի հետքեր։
       Այս եկեղեցին պարսպապատ է եղել, որի արեւելեան եւ արեւմտեան կողմի դռներն այժմ էլ կանգուն են։
       Արձանագրութիւններ. -
       Ս. Ստեփաննոս եկեղեցու արեւելեան կողմի մի տապանաքարի վրայ.
       ԹՎ. ՉՁԲ (=1333). Այս է հանգիստ Խաւշին դուստր Դոփենց պարոն Վահրամին։
      
       Ս. Ստեփաննոս եկեղեցուց փոքր ինչ հեռու, դէպի արեւելք, քարաժայռի ստորոտում մօտ 3 մետր բարձրութեան մի խաչքարի վրայ.
       Թ. Հայոց ՉԻԸ (=1279) ի բարեպաշտ իշխանութեան Տարսայիճին Շիրինշահի որդի Գրիգոր կանգնեցի խաչս ի... ամուսնոյ իմոյ եւ զաւակաց իմոց. Ած. ողորմի Տիկո...
      
       Ս. Ստեփաննոսի արեւելեան կողմի ձախակողմեան խաչքարի վրայ.
       Քրիստոս ողորմի Իգնատիոսին։
      
       Ս . Ստեփաննոս եկեղեցու արեւելեան կողմը, լուսամտի ճակատին.
       Ես Տէր Ստեփաննոս որդի իշխանաց իշխանի մեծի Տարսայիճին հիմնարկեալ շինեցի զեկեղեցիս ի յիշատակ հաւր իմոյ...
      
       Նոյն լուսամտի եզրերին.
       Տէր Յիս. Քս. Ած. աւգնէ Բուրթէլին Բէշքէնին եւ Իվանէին։
      
       Ս. Ստեփաննոսի մօտ մի քանի խաչքարերի վրայ կան հետեւեալ տապանագրերը.
       Թվ. ՉԲ (=1253). Կամաւն Աստուծոյ ես Մարգարէս կանգնեցի զխաչս ի բարեխաւսութիւն հոգոյ իմոյ եւ ամուսնոյ իմոյ եւ զաւակաց իմոց։
       Ես Մխիթար կանգնեցի զխաչս հաւրն իմոյ Ամլկան եւ մաւրն իմոյ Ամիսթէ։
      
       Ս. Ստեփաննոսի մօտ մի քանի տապանաքարերի վրայ.
       Թվին ՉՂԳ (=1344) Այս է հանգիստ պարոն Վաղթանգին որդւոյ պարոն Ոմեկին։
       Այս է հանգիստ Փռանակշահի թվ. ՉՀԴ (=1325)։
       Թվ. ՋԾԷ (=1508) Այս է հանգիստ Սիմէոնի։
       Այս է հանգիստ Շմավոնի։
      
       Երկրորդ եկեղեցին. (ԺԳ. դար). - Ս. Ստեփաննոս եկեղեցուց դէպի արեւմուտք, մօտ հարիւր մետր հեռու, նոյն հարթութեան վրայ եւ նոյն գետակի աջ ափին բարձրանում է երկրորդ եկեղեցին։ Սա շինուած է սեւ, սրբատաշ քարով, 7 մետր երկարութեան, 5, 25 մետր լայնութեան եւ անհամեմատ մեծ, մօտ 13 մետր բարձրութեան (տես Ալբոմ, պատկեր XX. 34)։ Ներքուստ (նկ. 31 եւ 32) անսիւն է, միայն արեւմտեան կողմում ունի բաւական յառաջացած երկու, կիսաբոլոր որմնասիւներ, որոնց եւ սեղանի կողքերին բարձրացող կեղծ որմնասիւների վրայ բոլորում են կիսաբոլոր կամարներ՝ կրելով իրենց վրայ կաթուղիկէն, որի թմբուկը 3, 50 եւ գմբէթը 3 մետր բարձրութիւն ունի։ Գմբէթը ներսից գեղազարդուած է կարմիր ու սեւ խաչքարերով։ Եկեղեցին աւանդատներ չունի։ Հիւսիսային պատի մէջ կայ մկրտութեան մի գեղեցիկ աւազան։
       Արտաքուստ չորս պատերն էլ պարզ են, միապաղաղ մի մի փոքրիկ, կամարակապ պատուհաններով, որոնցից հարաւայինի վերին մասում քանդակուած է երկու վիշապի բերանաբաց գլուխներ՝ իսկ ներքեւում արեգակնային ժամացոյց։
       Գմբէթը գլանաձեւ է, չորս փոքրիկ պատուհաններով եւ վերջանում է կոնաձեւ գագաթով. խաչը չկայ։
       Արեւմտեան կողմի միակ, կամարակապ դռան առջեւ եղել է մի գաւիթ, որի հիմնապատերն են այժմ նկատելի, եւ որի մէջ մի խաչքար կայ ՋԾԴ (=1505) թուականով։
       Այս եկեղեցին եւս պարսպապատ է եղել, որից մնում են միայն հիմնապատերը։
      
       Երկու շուրջը ընդարձակ գերեզմանատուն է եղել, որի մասին մի խաչքարի վրայի տապանագիրն ասում է . «Ես Ապլիկ գնեցի զայս հողս ԻԷ դիկանի եւ արարի գերեզմանատուն Հայոց»։
      
       Տապանագրերի մեծագոյն մասը ԺԴ. դարից են։
       Այս եկեղեցու հարաւային կողմում, մօտ 25 մետր հեռու կայ մի տափարակ գերեզմանաքար, որի չորս կողմը կիսաւեր պատեր կան եւ մի դուռն։ Տապանաքարերի փորուածքի մէջ ամրացրուած են սպիտակ մարմարիոնի քարեր որոնց վրայ գրուած է հայերէն եւ պարսկերէն։
      ... Զհոգիս ճշմարիտ հաւատով եւ ուղիղ սրտիւ եւ լի շնորհաւք նահատակեցաւ եւ Քրիստոսի լուսոյն արժանի եղեւ, եւ Քրիստոսի ողորմութեան հասաւ... ամենայն ցաւոց բժիշկ... յաղօթս յիշեցէք եղբարք մեր սուրբ Ներսէս... վասն անուան Քրիստոսի։
      
       Ալագեազ գիւղի թուրքերն այս գերեզմանը մահմեդական նահատակի համարելով պաշտում են եւ ուխտ գալիս։
       Սարգիս արքեպիսկոպոս Ջալալեանը տեսել է այս եկեղեցու պարսպի հարաւային կողմում մի կիսաբոլոր վէմ, որի վրայ քանդակուած է եղել երկու արձան։ «Առաջինն՝ այր փառաշուք բազմեալ ի ճառտարաքանդակ աթոռ՝ թագ ակնակուռ ի գլուխն, եւ գայիսոն ի ձեռին, զգեցեալ զպճղնաւոր վերարկու՝ որոյ քղանց ծածկէ զոտս, իսկ երկրորդն կին գեղեցկատեսիլ, ի պճնազարդ եւ ի ծալծալ հանդերձս շքեղացեալ, ունելով ի պարանոցին զմեհեւանդ եւ զմահիկ, զմի ձեռն ի ծնօտին թիկն զա՜թոռովն ածեալ, ի միովն աջակցեալ ընդ առն, եւ որպէս երեւի՝ է քար դրանդի տան Տարսայիճ իշխանաց իշխանին, եւ յայսոցիկ արձանաց մինն է Տարսայիճ իշխանն եւ միւսն ամուսինն իւր Մինա խաթուն՝ դուստր Ջալալ իրշանի, ըստ որում ի նմին վիմի գրի. «Աստուած շնորհաւոր առնէ դարբաս պարոն Տարսայիճի եւ ամուսնոյն իւրոյ Մինայ խաթունին։ ի թվին Հայոց ՉԽԳ։
       Այս չափազանց հետաքրքրական քարը տեսել է նաեւ Քաջբերունին ։ «Նահատակի մատուռին հինգ քայլ դէպի հիւսիս, ասում է նա, դէպի գմբէթաւոր եկեղեցին, հողի տակ թաղուած է երկու կտորից բաղկացած կիսաբոլորակ քար, բարձրութեամբ մօտաւորապէս երեք արշին, իսկ երկարութեամբ չորս արշին։ Ստորին կտորը ներկայացնում է երկու մարդոց կերպարանքներ աթոռների վրայ բազմած։ Զննողի աջ կողմից նստած այր մարդը հագած է երկայն շորեր եւ փեշերի տակից երեւում են ոտերի միայն թաթերը. նորա բաց գլուխը շրջապատած է լուսեղէն ճառագայթներով եւ մանեակը զարդարում է նրա պարանոցը։ Նորա աջ ձեռքը դրած է ծնկան վրայ, իսկ ձախ ձեռքը քարի հետ կոտրուած անհետացել է։
       Այս մարդու աջ կողմում, միւս աթոռի վրայ բազմած է մի կին, նոյնպէս երկար շորերով եւ տակից երեւում են միմեանց վերայ ծալած ոտերը։ Սորա աջ ձեռքը դրած է իւր գօտկում, իսկ ձախը համապատասխան ծնկան վերայ, երկու ականջի առաջից կախուած են ոլորած կարճ գլխամազեր, ինչպէս այժմս եւս սովորութիւն է Թիֆլիսում ... նրա գլուխը ծածկում է վերի մասը քառանկիւնի գլխարկ։ Այդ պատկերների վերը գրած է «Թվ. ՉԻԳ (=1274) Աստուած շնորհաւոր անէ՝ դարապաս պարոն Տարսայիճին Մինա խաթունին իւր ամուսնաւ»։
       Ընթերցողը պարզ տեսնում է, թէ որքան տարբերւում է այս միեւնոյն քարի նկարագրութիւնն երկու ճանապարհորդների գրչի տակ, նոյն իսկ արձանագրութիւնը, նրա թուականը միատեսակ չեն արտագրուած։ Եւ որովհետեւ այս քարը եղել է Տարսայիճ իշխանի պալատի դրան կամարաքարը, ուստի ես ցանկացայ գտնել եւ լուսանկարել։ Եւ որովհետեւ Քաջբերունին ծածկել էր նրան հողի մէջ, ուստի ես սկսեցի պեղումներ կատարել. այս միջոցին թուրքերն ինձ ասացին, թէ իրենցից մինը գտել է այստեղից մի քանդակազարդ քար, կոտրել եւ տարել իւր տան պարսպի մէջ գործ ածել. անմիջապէս ես գնացի տեսայ եւ նկարել տուի (տես նկ. 32)։ Սա երեք կտոր արած կիսաբոլոր քար է, արդէն յիշուած մեծութեան, եւ Տարսայիճի ու Մինա խաթունի բարձրաքանդակներով. միայն Մինա խաթունը ո՛չ թէ Քաջբերունու նկարագրուածի պէս զննողի աջ, այլ ձախ կողմն է գտնւում, կրծքին մանեակ ունի, իսկ գլխին թագ չկայ. թագ ունի Տարսայիճը, կախ ընկած արտախուրակով։ Երկուսի գլխի շուրջն էլ կայ լուսապսակ։ Սրանից վերեւ կամարաձեւ երիզի միջեւ գրուած է.
       Ած. Շ(ն)նաւոր անէ դարպաս պարոն Տարսայիճին Մամայ խաթ ին իւր ւս
       Իսկ երկու գլխների միջեւ ին իւր տառերի տակ իբրեւ երկրորդ տողի վրայ նկատւում է մի փակագիր, որ կարելի է կարդալ իբր անա, այնպէս որ կարող լինել իւր անա ւս։
       Ուշագրաւ է, որ դարապաս եւ պարոն բառերի մէջ Պ. տառը գրուած է երեսը դէպի աջ դարձած։
       Երրորդ եկեղեցին գտնւում է գիւղի մէջ, շինուած է հասարակ, սեւ քարից, երկարութիւնն է 20, 50, լայնութիւնը 13, 50 եւ բարձրութիւնը մօտ 7 մետր։ Եկեղեցին սագաշէն է, չորս ամբողջական եւ նոյնքան որմնափակ սիւների վրայ (տես նկ. 35) թէ երկարութեամբ եւ թէ առ ի շեղ (տես նկ. 36) բոլորում են կիսաբոլոր կամարներ, կրելով թաղակապ ձեռունը։ Այս սիւներով եւ կամարներով եկեղեցին բաժանւում է երեք մասի (nef), որոնցից միջինը միւսներից լայն է։ Ունի մի սեղան եւ միայն երկու աւանդատուն, (3, 70 մետր երկ. 3 մետր լայն. եւ 4, 5 մետր բարձ . Հիւսիսային պատի մէջ կայ աւազան։ Իւրաքանչիւր պատի վրայ բացւում են երեքական փոքրիկ պատուհաններ։ Երկու դռներից արեւմտեանը գեղեցիկ շրջանակով պատած է եւ կամարակալ քարի վրայ քանդակուած է երկու աղաւնիներ՝ ձախինը կնոջ, իսկ աջինը՝ թագակիր տղամարդու գլխով։ Սրանից բարձր կայ մի շրջանակով պատած խորշ, մէջը մի խաչ, տակը գրուած Եկեղեցի թվի ՌՃԾԲ. (=1703)։ (Տես Ալբոմ պատկեր XX. 35)։ Հաւանական է, որ այս թուականը վերաբերի եկեղեցու վերանորոգութեան, մանաւանդ որ եկեղեցու կոզակը անհամեմատ աւելի հին տեսք ունի եւ այստեղի հնութիւնից մաշուած միատող արձանագրութեան մէջ որոշելի են Սմբատ, Աշոտ, Շահնշահ բառերը ։
       Չորրորդ եկեղեցին գտնւում է գիւղից դէպի հարաւ, գետի ափին, բազմաթիւ փլատակների մէջ։ Շինուած է եղել սրբատաշ, մոխրագոյն քարից։ Եկեղեցին եղել է անսիւն (նկ. 34), ունեցել է մէջտեղում երկու որմնասիւն։ Չէ ունեցել նաեւ խորաններ։ Այժմ սրանց միայն կիսաւեր պատերը եւ սեղանի կամարն են մնում։
       Այս եկեղեցու հիւսիսային եւ հարաւային կողմերում կան մի մի փոքրիկ մատուռ, կիսաւեր գրութեամբ։
       Այս եկեղեցու հարաւային կիսաւեր պատի մէջ կանգնած մի խաչքարի վրայ կարդացւում է.
       Այս է հանգիստ տէր Աւագ քահանային թ. ՉԼԹ. (=1290)։
       Այստեղ դեռ ութսունական թուականներին եղել է երկու միմեանց կից խաչքար, կիսով չափ թաղուած հողի մէջ։ Սրանց վրայի կիսաբոլոր եւ դեռ այն ժամանակ ընկած քարի վրայ ծաղկահիւս նկարի մէջ ձեւացրած է եղել Աստուածածնի պատկերը աթոռի վրայ նստած, ձախ ձեռքում աւետարան, եւ աջ ձեռքի վրայ յենուած Քրիստոսը։ Աստուածածնի գլխին իջնում է աղաւնակերպ սուրբ հոգին։ Կիսաբոլորակի վրայ գրուած է եղել ։
      
       Աւրհնեալ Աստուածածին իւր միածին Յիսուս Քրիստոս Աստուած...
      
       Խաչի ներքին մասում եղել է տապանագիր եւ ՉԻԲ թուականը։
       Ալագեազից մօտ երկու կիլոմետր հեռու դէպի Հոստուն գիւղը կան 2 գերեղցկաքանդակ խաչքարեր, հետեւեալ տապանագրերով.
       Ի բարեպաշտ իշխանութեան Տարսայիճոյ ես Աւետիս Մխիթարայ որդի Խոցադեղա... թվին ՉԼԲ (=1283)։
      
       Գիւղից դէպի արեւմուտք, գետի աջ ափին, այգիների մէջ, ուր երբեմն ընդարձակ գերեզմանատուն է եղել, դեռ եւս կանգուն է մի դամբարան, որին տեղացի թուրքերը «Մայր Մարիամ» - (Մարիամ անա ) են կոչում եւ պաշտում։
       Սա շինուած է սեւ, սրբատաշ քարով, մի մետրաչափ, քառանկիւնի պատուանդանի վրայ բարձրանում է 21/2 մետր լայնութեան, 11/2 մետր հաստութեան եւ 3 մետր բարձրութեան եւ եռանկիւնաձեւ վերջացրած մի շէնք, որի արեւմտեան երեսին ամրացրած է մի մեծ խաչքար , գեղեցիկ քանդակներով եւ շրջանակներով եզրափակուած։ Խաչի վերին մասում քանդակուած է Յիսուս Քրիստոս՝ աթոռի վրայ, կողքերին Աստուածածին եւ Յովհաննէս Մկրտիչը։ Խաչի շրջանակի շուրջը գրուած է (տես Ալբոմ պատկեր XX 36)։
       Այս գայիսոն մխեալ արեամբ աւծելոյն Յիսուսի, կանգնեցաւ իշխանութեամբ Բուրթէլին. մեր Գրիգոր եւ Մխիթար (ի) բարեխաւսութեան մեզ եւ ծնողաց մերոց. թվին ՉՁԹ (=1340)։
       Այժմ սրա հարաւային կողմի քարերից շատերը թափուած են. խաչի երեսն էլ բաւական քերուած է, որովհետեւ հիւանդները սովորութիւն ունին քար քսելով խաչի երեսին յառաջացած փոշին հաւաքել եւ ածել ջրի մէջ՝ որպէսզի նրա զօրութեամբ բժշկուին։
       ԱՐԱՏԷՍ
       Տեղադրութիւն. - Արատէս վանքը բարձրանում է Այսասի գիւղի մէջ ընկած մի բլրի գագաթին, որի մի կողմից հոսում է համանուն գետակը։ Վանքը պարսպապատ է եղել, որի միայն հիմնապատերն են մնացել այժմ։
       Վանքից դէպի հիւսիս, գետի ձախ ափին, բարձրանում է մի այլ, ժայռապատ բլուր, որի շուրջը եւս, թէպէտ տեղ տեղ նկատւում են պարսպի հետքեր։ Երեւի սա մի փոքրիկ մարտկոց է եղել։ Այստեղ կան երկու բնական մեծ քարայր։
       Թէ այս տեղից եւ թէ վանքի բլուրից գեղեցիկ տեսարան է բացւում, մանաւանդ դէպի գետի ապառաժոտ եզերքը։ Այստեղի կլիման բաւական մեղմ է։ Կառքի ճանապարհ չկայ, մի կածան է, որ հազարաւոր պտոյտներ անելով բարձրանում է այստեղ։
      
       Պատմական տեսութիւն. -
       Արատէսի վանքի հիմնարկութեան տարեթիւը եւ հիմնարկողի անունը յայտնի չէ։ Վանքի արձանագրութիւնները վկայում են միայն հետեւեալը.
       ՚Ի թվին ՉԺԹ (=1270) ի տէրութեան փառաւոր իշխանին Սմբատայ եւ հարազատի իւրոյ Տարսայիճին ես նուաստ աբեղայ Հայրապետ... կրկին շինեցի զվանս եւ նորոգեցի զեկեղեցիս, շինեցի զգաւիթս»։
      
       Սրանից մի կամ երկու տասնեակ տարի յետոյ, վերոյիշեալ Տարսայիճ իշխանի որդի Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոսը «Ծանեալ զի բազում ժամանակաց ժառանգութիւն էր լեալ այս Նորավանից սուրբ ուխտին, հաստատեցի ես զԱրատէս, որ մեր սեփական հայրենիք էր ... ժառանգութիւն եւ հայրենիք սուրբ եւ գերափառ դամբարանին մեր Նորավանից։
       Միեւնոյն բանը յիշատակելով իւր պատմութեան վերջին (ՀԱ ) գլխում՝ Ստեփաննոս Օրբելեանը յայտնում է, որ «Վասն տէթոյ տեղւոյս (Նորավանից ) որ յամարայնի չկարէին բնակել եպիսկոպոսքն եւ սպասաւորքն, սահմանեցաք զԱրատէսի վանքն»։
       Սարգիս եպիսկոպոս Ջալալեանը ասում է, թէ այս վանքի զանգակատան ներսը, արեւմտեան դրան առաջ մի «գեղեցկակերտ » տապանի վրայ գրուած է եղել՝ «Ստեփաննոս պատանի որդի Կարապետ աղին կրկին նորոգեցի զԱրատէս. թվին ՉԾԲ։ (=1303)։
       Միեւնոյնը աւանդում է եւ Քաջբերունին, միայն տապանագիրը այսպէս է ընդօրինակում։
       Ստեփանոս պատանին շինեց զԱրատէս թվակ. ՋՁԲ (=1533)։
       Այս միմեանցից բաւական տարբեր, եւ թուականով 230 տարով զանազանուող տապանագիրը ես, իմ ուղեկիցներիս հետ շատ որոնեցի, սակայն չգտայ։ Զարմանալի է, որ միեւնոյն բառը մինը կարդացել է կրկին նորոգեցի, միւսը՝ շինեց։
       Մի ուրիշ արձանագրութիւն էլ վկայում է, որ Ստեփաննոս Սիւնեաց եպիսկոպոսը տուել է այստեղի երեք եկեղեցիներին՝ սուրբ Սիաւնին, Աստուածածնին եւ ս. Կարապետին՝ իւր «սեփական վիճակէն ի Գեղաքունւոյ զգեղն Վանեվան, զԿիտանոցն, զՓառագունի, Վասակաշէն, զՇիկարխն, Խուլինակն, Քաւթարանց , զԴարբանտն»։
       Մի նշանաւոր արաձանագրութիւն էլ վկայում է, որ Խաղբակայ որդի Վասակը, որ կողմնակալ է եղել Գառնիից մինչեւ Բարկուշատ, 1220 թուին, ուրեմն եկեղեցու վերաշինութիւնից առաջ, տիրել է Եկեղեաց ձորի ամրոցներին, որի համար եւ այս եւ Նորավանից վանքերի միաբանութիւնները Գ. պատարագ են հաստատել։
      
       Վանքի նկարագրութիւնը. - Արատէսի վանքը (նկ. 37. տես Ալբոմ, պատկեր XXI. 31 եւ 32) բաղկացած է երեք եկեղեցիներից , б, с) եւ մի գաւթից . Ինչպէս երեւում է գաւթի հարաւային պատի արձանագրութիւններից՝ եկեղեցիների անուններն եղել են ս. Սիոն, ս. Աստուածածին եւ ս. Կարապետ, միայն հնարաւորութիւն չկայ որոշելու, թէ այս անուններից որը որ եկեղեցուն է տրուած։ Երեք եկեղեցիներն էլ միմեանց կից են, արեւելեան կողմից միեւնոյն գծի վրայ, միայն արեւմտեանից՝ հիւսիսային եկեղեցին փոքր ինչ յետով է։ Գաւիթը բարձրանում է հարաւային ամբողջ եւ միջին եկեղեցու կիսի առջեւ։
       Հնագոյն կամ հիւսիսային եկեղեցին (նկ. 37. а. եւ 38 ) շինուած է սեւ, սրբատաշ քարից, երկարութիւնն է 91/2, լայնութիւնը 3, 90 եւ բարձրութիւնը՝ մօտ 8 մետր։ Եկեղեցին անսիւն է մի սեղանով , որ բռնում է ամբողջ լայնութիւնը եւ ունի բոլորաձեւ կոզակ։ Սեղանի աջ կողմում կայ մի մեծ աւանդատուն (նկ. 39), որ շինուած է միջին եկեղեցու տարածութեան մէջ, երկու այլ աւանդատների կից եւ դուռը սեղանի կողքից է։ Նոյն սեղանի ձախ կողքումն էլ կայ մի ուրիշ աւանդատուն, որի դուռը սեղանի վրայից է։ Այս աւանդատունն էլ եկեղեցու տարածութիւնից դուրս է եւ իւր առջեւում մի ուրիշ աւանդատուն եւս ունի, որի մէջ մի դուռ բացւում է այս եկեղեցու արեւմտահիւսիսային կողմից։ Այս երեք աւանդատներն էլ կամարակապ սեղաններ ունին։
       Եկեղեցու հարաւային եւ հիւսիսային պատերին կից բարձրանում են քառանկիւնի որմնասիւներ, որոնց վրայ դէպի ձեղունը բոլորում են պայտաձեւ կամարներ։ Ձեղունը թաղակապ է եւ մեծ մասը խոնարհուած։
       Արեւելեան եւ արեւմտեան պատերի մէջ կան մի մի երկար եւ նեղ պատուհան։ Մի մի փոքրիկ պատուհան էլ բացւում են աւանդատների մէջ։
       Հարաւային պատի վրայ, աւանդատան դռան մօտ, կայ մի սրուակի բարձրաքանդակ, 40 հարիւրամետր բարձրութեան։
       Արեւմտեան պատի մէջ բացւում է մի դուռ, որ արտաքուստ ո՛չ մի զարդարանք չունի։ Սրա ձախ կողմի քարերից մինը, որ գոյնով միւսներից փոքր ինչ տարբերւում է, բայց կանոնաւոր կերպով գրուած է, իւր վրայ կրում է մի գեղեցկաքանդակ խաչ՝ հետեւեալ արձանագրութիւնով . Սբ. Խաչս կանկեսցուցի Յուլպէկին թվ. ՌՀԵ (=1626)։
       Եկեղեցու պատերից միայն արեւմտեանի վրայ կան քանդակներ. պատուհանը եզրափակուած է խաչաձեւ շրջանակով եւ բարձրանում մի գեղեցիկ վարդազարդ ունի։
       Այս եկեղեցու հարաւային պատի մէջն էլ կայ մի դուռն, որ բացւում է մի ինքնատիպ շէնքի մէջ։ Վերջինս մի քառակուսի գաւիթ է եւ արեւելեան կողմը, առաջին եկեղեցու աւանդատան կից ունի երկու, միմեանց մէջ բացուող աւանդատներ կամ մատուռներ։ (նկար 37 B եւ 40)։
       Բուն գաւիթը 5, 5 մետր երկարութիւն ունի, նոյնքան էլ լայնութիւն եւ մօտ 6 մետր բարձրութիւն։ Ասիւն է, միայն հարաւային եւ հիւսիսային պատերի մէջ կան երեքական քառանկիւնի որմնասիւներ, որոնց վրայ, պատերին կից, բոլորում են կիսաբոլոր կամարներ, յառաջացնելով 35 հարիւրամետր խորութեան խորշեր, ամբողջովին ծածկուած արձանագրութիւններով։
       Արեւելեան պատի մէջ կայ մի երկար եւ նեղ պատուհան, սրա ներքեւ մէկը միւսի տակ երկու խաչքար. մի քիչ հեռու, աջ կողմում, մի ուրիշը։
       Ձեղունը ներքուստ թաղակապ է, իսկ արտաքուստ՝ սակաշէն։
       Արեւելեան պատի մէջ բացւում է մի դուռն մի փոքրիկ, 3, 15 մետր երկարութեան, 1, 40 մետր լայնութեան եւ մօտ 31/2 մետր բարձրութեան թաղակապ աւանդատան կամ մատուռի մէջ, որ ունի մի բոլորաձեւ սեղան եւ մի փոքրիկ ռոզաս՝ արեւելեան պատի մէջ։ Այս աւանդատան հիւսիսային պատի մէջ բացւում է մի ուրիշ դուռ՝ դէպի մի ուրիշ, նոյն մեծութեան եւ նոյնպիսի աւանդատան կամ մատրան մէջ, որ ռոզասի փոխարէն ունի մի նեղ եւ երկար պատուհան։ Այս աւանդատան կից է, միայն անհաղորդ, առաջին եկեղեցու աւանդատունը։
       Գաւթի արեւմտեան պատի մէջ եւս բացւում է մի ուրիշ դուռ, որ տանում է դէպի գեղեցկաշէն, երկրորդ գաւիթը, որ շինուած է յատկապէս երրորդ, ամենագեղեցիկ, եկեղեցու առջեւ։
       Նախ նկարագրենք եկեղեցին, որ կից է առաջին գաւթին եւ նրա մատուռներին։
       Սա շինուած է սեւ, սրբատաշ քարից. երկարութիւնն է 9, 50, լայնութիւնը 6, 75 եւ բարձրութիւնը՝ մօտ 6 մետր մինչեւ կաթուղիկէն, որ քանդուած է։ Նոյն վիճակին է ենթարկուած նաեւ ձեղունը եւ հարաւային պատն ամբողջովին՝ կոշկոռներկ լցուած են նաեւ եկեղեցու մէջ։
       Եկեղեցին ներքուստ անսիւն է։ Ունի երկու աւանդատուն՝ իսկ արեւմտեան կողմում՝ նախնական աւանդատների փոխարէն, նոյն մեծութեամբ կամարակապ խորշեր։
       Վեց որմիասիւների վրայ բոլորում են կիսաբոլոր կամարներ, որոնցից միայն արեւմտեան կողմում բոլորողներն են կանգուն մնացել (Տես Ալբոմ XXII. 35)։ Որմնասիւները բաղկացած են մի կիսաբոլոր եւ սրա կողքերին երկու քառանկիւնի կիսասիւներից, կիսաբոլոր եւ քառանկիւնի խոյակով, եւ եւ երեւի նոյնպիսի, միայն հակադիր խարիսխով։ Սեղանը կիսաբոլոր է, (տես Ալբոմ XXII. 34) բոլորաձեւ կոզակով։ Իւրաքանչիւր պատի մէջ կայ մի մի նեղ եւ երկար պատուհան։
       Արտաքուստ՝ արեւելեան պատի մէջ կան երկու ներսանկուած՝ ճաճանչաւոր արեգակով պսակուած։ Սրանց միջեւ բացւում է մի նեղ եւ երկար պատուհան, գեղեցիկ շրջանակով եզրափակուած։ Նոյնպիսի, միայն համեմատաբար աւելի փոքր պատուհաններ, բացւում են խորանների մէջ։
       Չորս գեղեցիկ խաչքարեր զարդարում են արեւելեան ճակատը։
       Հարաւային պատը մեծ մասամբ քանդուած է, մնում է միայն արեւմտեան կամարի մասը, ուր կայ մի ներսանկուած եւ մի արեգակնային ժամացոյց՝ հայկական թուանշաններով։
       Արեւմտեան պատի մէջ բացւում է մի դուռ դէպի գաւիթը (Տես ալբոմ պատկեր XXII. 33)։
       Հիւսիսային պատը ծածկուած է կողքին շինուած առաջին գաւթի պատով, որ աւելի հասարակ է։ Մի նեղ եւ երկար պատուհան, գեղեցիկ շրջանակով, բացւում է նոյն գաւթի մէջ։
       Այս գաւիթը (նկ. 37 Д ), որ հաւանօրէն Հայրապետ աբեղայի շինածն է ԺԳ. դարում, կառուցուած է սեւ, սրբատաշ քարով։ Երկարութիւնն է 7, 15, լայնութիւնը 9, 15 եւ բաձրութիւնը մօտ 6 մետր։ Ամբողջ շէնքը անսիւն է, թաղակապ եւ մէջտեղում մի կլոր հերթիկ ունի Նկար 41 եւ Ալբոմ՝ պատկեր XII. 36)։
       Այս հերթիկը արտաքուստ քառանկիւնի հիմք ունի եւ 11/2 մետրաչափ բարձրանում է ութանկիւնի ձեւով. ներքուստ շրջանակաձեւ է , եւ զանազան արաբեսկներով նեղանալով մօտ 70 սանտիմետրաչափ բացուածքով վերջանում (Նկար 42)։
       Գաւթի երեք անկիւններում մի մի, հարաւային եւ հիւսիսային պատերի մէջ տեղ նոյնպէս մի մի, իսկ արեւելեան եւ արեւմտեան պատերում, դռների կողքերից, երկական, ընդամէնը 9 որմնասիւներ են բարձրանում, որոնց վրայ բոլորում են պատերին կից կիսաբոլոր, իսկ ձեղունին կից՝ պայտաձեւ կամարներ (Տես ալբոմ՝ պատկեր XXIII. 36 եւ 37 եւ XXV. 38)։ Որմնասիւներից չորսը, որ բարձրանում են դռների մօտ, ներկայացնում են վեցակողմեան կիսասներ՝ յանկած քառանկիւնի որմասեան վրայ։ Խոյակը կիսաբոլոր է եւ քառանկիւնի, իսկ խարիսխը՝ քառանկիւնի։
       Միւս վեց որմնասիւները կիսաբոլոր են եւ կողքերը քառանկիւնի։ Սրանց բոլորի բներն էլ միակտուր են, 1, 60 մետր բարձրութեան։
       Գաւթի հարաւային պատն ամբողջապէս քանդուած է. մնում է միայն մէջտեղի սիւնը եւ նրանից դէպի ձեղունը բարձրացող կամարը, ինչպէս եւ անկիւնների որմնասիւները։ Կանգուն են նաեւ հիւսիսային պատի միջին սիւնն ու կամարը եւ արեւելեան կամապը, իսկ արեւմտեանը քանդուած է։
       Արեւմտեան պատի մէջ բացւում է մի դուռ, եւ սրա վերեւ՝ մի ռոզաս, որը միայն ներսից է նկատելի, որովհետեւ դրսի կողմից պատը քանդուած է։
       Դուռը զարդարուած է կլոր եւ քառանկիւնի կիսասներով եւ պայտաձեւ կամարներով։ Կամարակապ քարի վրայ կայ բարձրաքանդակ, որ ներկայացնում է Աստուածածինը՝ մանուկ Յիսուսը գրկին , աջ կողքին մի կին, ձախին մի միրուսաւոր տղամարդ՝ դաստակները միմեանց յենած եւ առաջ պարզած։ Աստուածածնի աջ կողմին քանդակուած է արեւը. մարդու երեսի ձեւով։ Երկու գեղեցիկ խաչեր քանդակուած են կամարի եւ շրջանակի միջեւ։ Աջ կողմի խաչի մօտ մի փոքրիկ խաչ էլ է քանդակուած։
      
       Արձանագրութիւններ . -
       Արատէս եկեղեցու դրան ձախ կողմը. (Նկար 43)։
       Կամաւ կարող հզաւրին Այ. ես Տր. Ստեփանոս Սիւնեաց եպիսկոպոս որդի մեծի եւ բարեպաշտ իշխանաց իշխանին Տարսայիճին, ծանեալ զի ի բազում ժամանակաց ժառանգութի էր լեալ այս եկեղեցիս Նորավանից սբ. ուխտին հաստատեցի ես զԱրատէս որ մեր սեփական հայրենիք էր իւր ամէն սահմանաւքն գեղս վեց հայրենիք հաւր մեր ժառանգութե եւ հայրենիք սբ. եւ գերափառ դամբարանին մեր Նորավանից զոր մի ոք իշխեսցէ խախտել եւ խափանել կամ յիշխանաց կամ ձեռնաւորաց ի մերոց կամ յաւտարաց եթէ հակառակին անէծս եւ նզովս առցեն ի սբ. Երրորդութենէ եւ յամենայն սրբոց եւ մեր պարտեացն տէր է առաջի Այ. եւ թէ Տաճիկ աւագ փոխի եւ հանել ջանայ յԱյ. եւ յիւր Մահմետէ ապիզար է եւ Ռ. Ռ. նալաթ լինի։
      
       Սրա տակ.
       Կամաւն Այ. ես Նուլունս աղախին Քի. միաբանեցա ի սբ. ուխտս Արատէս եւ ետու Ե. ամբարք եւ սահմանեցին միաբանքն զսբ. Սարգսի շաբաթ աւրն պատարագն ինձ յիշատակ եւ զկիրակէն առն իմո Հասանա. կատարիչքն աւրհնեալ եղիցին յԱյ. ։
      
       Սրա կողքին, դռան մօտ , ներքուստ.
       Ես Թաճմելէքս միաբանեցայ սուրբ ուխտիս. միաբանք սահմանեցին սբ. Խաչին աւրն Ա. պատարագ։
      
       Գաւթի արեւելեան պատի միջին կամարի մէջ.
       Ի թվին ՉԺԹ (=1272) ի տէրութեան փառաւոր իշխանին Սմբատայ եւ հարազատին իւրոյ Տարսայիճին, ես նուաստ աբեղայ Հայրապետ անուն սպասաւոր բանի կրկին շինեցի զվանս եւ նորոգեցի զեկեղեցիս, շինեցի զգաւիթս եւ զայլ ինչ որ... զկոջոց՝ այգին յՈստին եւ զԹեղուտն ի... Մճռագաձորում... մք գնեցի եւ տուի ի ս. Սիոնս... հաստատեցաք զսուրբ Գրիգորն զշաբաթն եւ կիրակէն ինձ յիշատակ կրկին... կատարիչք աւրհնին յամէն սրբոց, եւ հակառակաւքն տանջեսցին ընդ Յուդայի եւ ընդ Բելիարայ ի մեծի աւուրն, ամէն։
      
       Ժամատան կամարի վրայ.
       Ես Մամաքս միաբանեցա եւ ետու զինչ ունէի ի սուրբ եկեղեցիս, սպասաւորք սահմանեցին Ա. ժամ պատարագել ի վերափոխման սբ. Աստուածածնին. կատարիչքն աւրհնին Աստուծոյ, եւ խափանիչքն դատին ի Տեառնէ։
      
       Գաւթի հարաւային պատի վրայ.
       Կամաւ կարող հզաւրին Այ. ես Տէր Ստեփանոս Սիւնեաց արհեպիսկոպոս, որդի մեծի եւ բարեպաշտ իշխանաց իշխանին Տարսայիճին ետու սուրբ Սիաւնիս եւ Աստուածածնիս սուրբ Կարապետիս ի մեր սեփական վիճակէն ի Գեղարքունոյ զգեղն Վանեվան, զԿիտնանոցն, զՓառագունի, զՎասակաշէն, զՇիկակարբն, Խուլինակն, Քաւթարանց, զԹամբարարքն, զի թէ ոք իշխեսցէ խախտել կամ խափանել ի մեր կամ յաւտարաց, զիմ պատիժս կրեսցէ յԱյ. Այսր սահմանեցաք որ տիրէ մեր նստագահի ու մեծ իշխանաց իշխան իմ փառաւոր հարազատին Ելիկումին՝ յիշատակն այլ իմաստ իւր կարգած։ Կամովին մեր սահմանաց կտակս այլ ցեղս դնէ մասն ու բաժին զՈւդա առցէ ու զայլ խաչահանուցն, եւ մեր պարտեացն տէր է առաջի Աստուծոյ, ի թվիս ՉԾ (=1301)։
      
       Արատէսի դռան ներսի կողմը (տես նկար 44)։
       ԻՈԿԹ. (=1220).
       Ի թագաւորութեան վրաց Լաշաին եւ յաշխարհակալութեան Իւանէ Աթաբէգի, ես Վասակ որդի Խաղբակա կողմնապահ ի Գառնո մինչեւ ի Բարգուչշատ եւ առի զամրոցանիս Եղեգաց Ձորոյս աւգնութեբն Այ. ի հայրապետութե Տր Սարգսի եւ առաջնորդքս վանացս եւ Նորավանաց հաստատեցաք Գ. ժամ զՀամբարձմանն զերեք աւրն զամենայն եկեղեցիքս Ձորոյս՝ Վասակա կատարեն եւ կատարիչքն աւրհնին յԱյ. ամէն։
      
       Տապանագրեր. - Եկեղեցիների արեւելեան կողմը մի օրօրոցաձեւ տապանաքարի վրայ 28 հարիւրամետր երկարութեան տառերով գրուած է.
       Զերջանիկ րաբունապետ Հայրապետ նորոգող այսմ ուխտի յիշ. թվ. ՉԼԹ (=1290).
      
       Գետեզրին եղած գերեզմանատան խաչքարերի վրայ.
       Թվին ՉԺԲ (=1363) Նշանս Թանկին է. Աստուած ողորմի նմա. ամէն։
       Թվին ՉԺԳ (=1364) Տէր Աստուած ողորմէ Այսախուխին. ամէն։
       Սուրբ նշանս Հասան(այ) է, որք կարդաք յիշեցէք ի Քս. թվին ՉԺԵ (=1366).
      
       Մի նորագոյն գերեզմանաքարի վրայ.
       Այս է հանգիստ Սարգսի թվին ՌՃԿԲ (=1713).
      
       Գետեզերին եղած գերեզմանատան մի հասարակ խաչքարի վրայ.
       Խաչս բարեխաւս Նատարղուլին որ տղայ հասակ մեռաւ թվին ՋՁ (=1531).
      
       Եկեղեցու արեւմտեան դռան ձախ կողմի քարերից մինի վրայ քանդակուած է մի խաչ եւ արձանագրուած.
       Սրբ խաչս Կանկեսցուցի Յուլպէկին թվ. ՌՀԵ (=1626)։
      
       Մի տապանաքարի վրայ.
       Այս յարկ տապանի Յովսէփու աստուածախաւս վարդապետի. թվ. ՉԼԱ (=1282)։
      
       Ժամատան առջեւ, պարտիզում ընկած մի օրօրոցաձեւ տապանաքարի վրայ.
       Այս Մխիթար կիսաւրեայ փոխեցաւ ի Քս եւ եթող սուք անմիխիթար ծնողացն. թվ. ՋԺԳ (=1464)։
      
       Ժամատան հարաւային պատի առջեւ մի խաչքարի պատուանդանի վրայ.
       Սուրբ խաչս բարեխաւս Մէհրապին։
      
       Նոյն տեղի մի ուրիշի վրայ.
       Սահակ երէցս յաղաւթս. թվին Նիդ (=975)։
      
       Նոյն տեղում մի ուրիշ խաչքարի վրայ.
       Սուրբ խաչս բարեխոս Ջանաղին։