Ցեղին սիրտը

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՁՕՆ

Եղէգնեայ գըրչով երգեցի փառքեր.
- Քեզի ընծա՜յ, իմ հայրենիք -
Սօսեաց անտառէն էի զայն կըտրեր…
- Քեզի ընծա՜յ, հին հայրենիք -
Եղէգնեայ գըրչով երգեցի քուրմեր.
Ընդ եղեգան փող լո՛յս ելանէր:

Եղէգնեայ գըրչով երգեցի կարօտ.
- Ձեզի ընծա՜յ, հայ պանդուխտներ -
Ան տարաշխարհիկ բոյսի մ’էր ծըղօտ…
- Ձեզի ընծա՜յ, հէգ պանդուխտներ -
Եղէգնեայ գըրչով երգեցի հարսեր.
Ընդ եղեգան փող ո՛ղբ ելանէր:

Եղէգնեայ գըրչով երգեցի արիւն.
- Ձեզի ընծա՜յ, սուրի զոհեր -
Ան ծլած էր մոխրի մէջ իբրեւ կընիւն…
- Ձեզի ընծա՜յ, կրակի զոհեր -
Եղէգնեայ գըրչով երգեցի վէրքեր.
Ընդ եղեգան փող սի՛րտս ելանէր:

Եղէգնեայ գըրչով որբ տունս երգեցի.
- Քեզի ընծա՜յ, հայր ալեհեր -
Ցամքած աղբիւրէն մեր զայն յօտեցի…
- Քեզի ընծա՜յ, մայր կարեվէր -
Եղէգնեայ գըրչով օճախս երգեցի.
Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր:

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
- Ձեզի ընծա՜յ, հայ մարտիկներ -
Գրիչս եղաւ անթրոց սըրտերու հնոցի…
- Ձեզի ընծա՜յ, քաջ մարտիկներ -
Եղէգնեայ գըրչով վըրէժ երգեցի.
Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր: