ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

31.
ՅԻՄԱՐ ՎԱՆԵՑԻ
ՊԿԷ=1418

Սա կին էր ի Վանայ, ազգաւ հայ եւ հաւատով քրիստոնեայ, առնակին ըստ կարգի օրինաց: Եւ ընդ այն ժամանակս եղեւ աստուածասաստ բարկութիւն ի վերայ աշխարհիս, մանաւանդ Հայոց ազգիս:

Յամի ՊԼԶ թուականիս, այր ոմն արեանարբու եւ գազանաբարոյ, ազգաւ Թաթար, Թամուր անուն, բազում հենիւ ել յԱրեւելից` այլադէմ զօրօք, դառն եւ դժուար կերպարանօք, ի Սըմըրղանդայ եւ եկեալ կալաւ զԽորասան եւ զբոլոր Պարսկաստան: Եւ ի դուրս եկեալ տիրեաց բովանդակ տանս Հայոց եւ մասնաւորաբար այլոց բազմաց, շատ վնաս արար եւ բազում ոճիրս գործեաց եւ աւեր աշխարհիս անասելի, զոր մարդ ընդ գրով ոչ կարէ արկանել, որք ընդդիմանային նմա եւ ոչ հնազանդէին:

Յորոց եւ մի էր ի բազմացն Վան քաղաք, ուր զբազումս կոտորեաց եւ քան զհինգ հազար անձինս աւելի հայ եւ տաճիկ քարավէժ արար. եւ թէ ո ՜ րքան խեղճ եւ ողորմ. զի յառաջ զիշխան տեղւոյն եւ զտէր բերդին զՓիրիբէկ ամիրայն ձգեցին ի բերդէն եւ նա զայլս ի ձգողացն ի հետ քարշեաց յամբաւ բարձրութեանցն ի վայր: Եւ մնամ թէ դեռ ի վայր չէին անկեալ, զինչ մեռան ի վայր անկանիլն:

Յայնժամ հնարս իմացան գազանամիտ մարդիկքն եւ կապէին հինգ եւ վեց, եւթն եւ ութ ի մի եւ փայտիւ մղեալ` ի բարձրութենէն ի վայր հոսէին. եւ այնպէս զայնքան բազմութիւն մարդկան քարավէժ մահացուցին: Եւ այնչափ զմսադէզն բարձրացուցին, որ յանկանելն այլ ոչ մեռանէին, թո'ղ զայլսն որ ի չարչարանսն եւ սրով կոտորեցին եւ որք ի նղմունս եւ ի դարանս մտին եւ այլ ոչ ելին, այլ անդէն խեղդեալ հեղձամղձուկ եղեն:

Եւ զայս ի բազում տեղիս արարին` ընդ որ նոքա գնացին, ի Բաբելոն եւ յԱսորեստան, ի Շամատունն եւ ի Հոռոմս, մինչեւ ի ծովն Պոնտոսի եւ յՈվկիանու կոխեցին. եւ զկղզիսն ի մէջ ծովուն ահաբեկ արարին: Եւ զերիս եւ զչորս անգամ զՎրացտունն քանդեցին եւ աւերեցին, գերեցին եւ կողոպտեցին եւ զթագաւոր նոցին ձերբակալ արարին: ԶՄսրայ Սուլտանն հարկատու արարին, զՀոռոմոց Սուլտանն գերեցին եւ մահացուցին. եւ այլ բազում եւ անպատում աւերս արարին:

Յայնմ աւերմանն որ ի Վան եղեւ, սպանաւ այրն Յիմարին, - քանզի այն էր անուն նորա, - եւ նա մնաց անտէր եւ անայցելու: Եւ հանդիպեալ նմա քուրդ մի, ասէ ցնա. «Եկ ի տուն իմ եւ արա մեզ հաց, զի կերիցուք ի միասին»: Եւ նա հաւանեալ գնաց ի տուն քրդոյն եւ եղեւ աղախին կնոջ քրդոյն: Եւ յետ աւուրց ինչ մեռաւ տիկինն: Եւ քուրդն անկաւ ընդ Յիմարին եւ եղեն ի նմանէ որդի եւ դուստր քրդին: Եւ տեսեալ ազգականաց քրդոյն, զի կինն քրիստոնեայ էր եւ ասեն ցնա. «Հաց քո չէ ուտելի, զի կին քո քրիստոնեայ է. տաճկացո' զնա»:

Ասէ քուրդն. «Ես ի նա հաւան եմ, նա զիւր հաւատն պաշտէ եւ ես զիմն»:

Ասեն այլազգիքն. «Ո'չ այդպէս. այլ տաճկանալ պարտ է նմա, զի քո տղայոց մայր է»:

Եւ նա ասաց. «Դո'ւք գիտէք. եկայք, տաճկացուցէք զնա»:

Եւ գնացին մուղրիք եւ այլք ի Տաճկաց եւ ասեն ցկինն, թէ «Ուրացիր զՔրիստոս եւ տաճկացիր»: Եւ նա ոչ կամէր ուրանալ զՔրիստոս:

Եւ ի ստիպելն նոցա` ասաց Յիմարն. «Ես զՔրիստոս ոչ ուրանամ, զի հայ եմ եւ քրիստոնեայ եւ զՔրիստոս Աստուած հաւատամ»: Իսկ նոքա այլ հնարս իմացան եւ ասեն ցնա. «Առ քարինս երեք եւ ձգեա' յաղօթարանն քրիստոնէից»: Եւ ի նեղելն նոցա զնա, էառ երեք քար եւ ձգեաց յաղօթարանն: Իսկ անօրէնքն ծիծաղեցան եւ թողեալ զնա ի բաց գնացին: Եւ կինն եկաց մնաց ի տունն յայն, աւելի քան զքսան տարի: Եւ ապա զղջացաւ կինն այն եւ գնաց ի Մակու, վասն զՔրիստոս համարձակ պաշտելոյ. զի տեղն ընդ իշխանութեամբ քրիստոնէից էր յայնմ ժամանակի: Եւ լուաւ անդ ի յոմանց, թէ ուր կարծիք ուրացութեան լինի, անդ եւ հաստատութիւն հաւատոցն երեւեսցի: Վասն որոյ եւ դարձեալ ի Մակուայ, եկն ի Վան քաղաք, առ քուրդ որդին իւր: Եւ ստէպ ստէպ երթայր յեկեղեցին, զոր տեսեալ անօրինացն միանգամ եւ երկիցս եւ ասեն ցքուրդն, թէ «Ընդէ՞ր թողուս զկին քո երթալ յեկեղեցին»:

Եւ նա ասէ ցնոսա, թէ «Ես զնա յիւր կամացն դարձուցանել ոչ կարեմ. դո'ւք գիտէք. թէ կամիք, հարցէք զնա»:

Եւ ի միում աւուր, մինչ նա ելեալ էր յեկեղեցւոյն եւ երթայր ի տուն, պատահեցաւ նմա մուղրի մի եւ երկու տաճիկ ընդ նմա. եւ ասեն ցնա ցասմամբ. «Ուստի՞ գաս»:

Ասէ Յիմարն. «Յեկեղեցւոյն»:

Եւ նոքա եւս ի բարկութիւն շարժեալ ասեն. «Վասն է՞ր երթաս յեկեղեցին»:

Ասէ Յիմարն. «Վասն այն երթամ յեկեղեցին, որ զայն երեք քարինսն, որ յաղօթարանն ձգեցի, ես ի կառափս իմ առնում»:

Յայնժամ եհար մուղրին զգլուխ նորա, եւ նա փախս առեալ դէպ յարեւելս եւ ասաց. «Ի հետս եկէք եւ ի տեղիս երեւելիս քարկոծեցէք զիս»:

Եւ մուղրին այն ձայն տուեալ որոց մերձն կային ի քարափոսին, եւ գրոհ տուեալ ի հետ գնացին եւ զկինն Յիմար անդէն ի տեղին քարկոծ արարին: Եւ նա այնպէս բարի հաւատով կատարեցաւ ի Քրիստոս, կինն Յիմար, զի այս էր անուն նորա:

Գործեցաւ այս ի թուականիս Հայոց ՊԿԷ ամին: 1

1 Սոյն վկայաբանութիւնն ունին B 275 ա ''-276 ա ', C 669''-671'', D 275 ա ''-276 բ ', E 612''-614'', G 324 ա '-325 ա ', H 292 ա '-293 ա ', J 583''-585', K 297 բ '-298 բ '', L 282 ա ''-283 ա ', M 333 ա ''-334 ա '', N 310 ա '-311 ա ', Օ 302 բ ''-303 բ '', P 259 ա '- բ '', R 310 ա ''-311 ա ', S 344 բ ''-345 բ '', T 364 ա ''-365 ա '', U 302 ա ''-303 ա ', V 229 ա ''-230 ա '', W 280 բ '-281 բ ', Y ( հատ. Ա. ) 40 բ '-41 բ ', Z 231 ա '- բ '', c եւ g ձեռագրերը ` բոլորն էլ Մեհեկի Թ = փետրվ. 15, Սամարացի 42 մարտիրոսաց վկայաբանութիւնից յետոյ, հետեւեալ վերնագրով. « Յայսմաւուր վկայաբանութիւն սրբոյն (B բարեպաշտ կնոջն ) յիմարայ (W յիմարա . միայն T ձեռագիրը դնում է մեհեկի ԻԹ = մարտ 7, Վասիլիոս եպիսկոպոսի, Ս. Երմոսի եւ Ս. Նարկէս եպիսկոպոսի վկայաբանութիւններից յետոյ նոյն վերնագրով. համեմատութեան չենք առած g ձեռագիրը ` որ մեր բնագրին հետ գրեթէ առհասարակ համաձայն է: - Չամչեան, Գ. 438 նահատակի թուականը դրած է ՊԿԵ =1416: Այսպէս նաեւ Յայսմ, տիպ Բ. էջ 373'-374'. հմմտ. եւ Յայսմ. Ա. տպ. 529'-530'', Գ. տպ. Ա. 62'-62'':