ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

52.
ՇՆՈՐՀԱՒՈՐ ԲԱԲԵՐԴՑԻ
ՋԽԳ=1494

 

Սա էր ի գաւառէն Խաղտեաց ` որ այժմ ասի Բաբերդ, ի գեղջէն որ կոչի Վերի Խայիք: Եւ էր սա առնակին ումեմն քրիստոնէի եւ ունէր որդիս եւ դստերս:

Եւ յազգմանէ չարին ցանկացաւ նմա պիղծ տաճիկ մի պոռնկական տրփանօք եւ բազում անգամ ձեռս էարկ ի նա եւ ոչ կարաց դարձուցանել զնա ի կամս չարութեան իւրոյ:

Եւ յարաժամ ի դիպօղ ժամու բռնադատէր զնա ի գործս չարութեան: Եւ կինն այն պնդասրտեալ ասէ ցպիղծ տաճիկն. « Ի բա ' ց երթ եւ գնա ' յինէն, ո ՜ վ անօրէն, զի ես ոչ տամ տեղի չարութեան քո: Եւ թէ ոչ լսես, Աստուած է վկայ, որ մեռանիս վասն չարեաց քոց ի ձեռաց եղբօրն իմոյ »:

Եւ պիղծն այն ոչ լուաւ, այլ յամառեալ ի շնութիւն իւր եւ յոյժ նեղէր զկինն: Եւ կինն ասացեալ զչար խորհուրդս տաճկին եղբօրն իւրում. եւ եղբայրն յորժամ լուաւ զբանս զայս ի քուերէն իւրմէ, զգուշացաւ վասն բանին:

Եւ յորժամ եկեալ պիղծն այն ի մէջ գիշերի, զի բռնութեամբ կատարեսցէ զչար խորհուրդս իւր, եղբայր Շնորհաւորին ի թաքստի էր եւ որսայր զպիղծ տաճիկն: Եւ ի մտանել տաճկին ընդ դուռն տանն, ընդդիմացաւ կտրիճն եւ եհար դաշնակաւ ի սիրտ տաճկին եւ չարամահ սատակեաց զնա:

Եւ յորժամ հայր եւ մայր եւ ազգականք տաճկին կալան զկինն եւ ասացին թէ « Զայս ո՞վ արար », եւ նա զեղբայրն իւր ոչ մատնեաց ի ձեռս անօրինացն, այլ ինքն իւրով կամաւ յանձն էառ եւ ասաց թէ « Ես արարի, վասն զի բազում անգամ բռնադատեաց զիս ի գործս չարութեան իւրոյ »:

Եւ յորժամ լուան այլազգիքն զբանս զայս ի կնոջէն, յարեան ի վերայ նորա իբրեւ զգազանս արեանարբու. եւ առեալ տարան զնա ի քաղաքն Բաբերդ ` առ ամիրայն: Եւ ամիրայն հրամայեաց տանել զնա առ ղադին. եւ յորժամ եմուտ ի մաղքամայն, հարցեալ զնա եւ գտին մահապարտ:

Եւ յորժամ եղեւ կինն մահապարտ, շատ նեղեցին զնա երբեմն ողոքանօք եւ երբեմն սպառնալեօք: « Զի թէ ուրասցիս, ասեն, զՔրիստոս եւ լինիցիս տաճիկ եւ առցես զօրէնս Մահմետի եւ մեք տացուք քեզ բազում ինչս, ոսկիս եւ արծաթս. եւ զերծիր ի չարաչար տանջանաց եւ ի դառն մահուանէ »:

Եւ նա ասաց թէ « Ես զՔրիստոս Աստուածն իմ ոչ ուրանամ եւ ի սպառնալեաց ձերոց ոչ երկնչիմ: Եւ ահա պատրաստ եմ ի մեռանել վասն սիրոյն Քրիստոսի եւ դուք զոր ինչ առնելոց էք արարէք վաղվաղակի »:

Յայնժամ յարձակեցան ի վերայ նորա այլազգիքն եւ սրախողխող կտրատեցին զնա ի բազում մասունս: Եւ նա յօժար կամօք զչարչարանս յանձն առեալ, կատարեցաւ ի Քրիստոս եւ եղեւ պսակակից առաջին նահատակացն:

Այս գործեցաւ ի թուականիս Հայոց ՋԽԳ:

Կինս այս Շնորհաւոր էր յերկրէն Մարաց ` հաւատով քրիստոնեայ, ազգաւ հայ, եւ էր այրի ` ոչ ունելով ուստր կամ դուստր, եւ բնակիւր ընդ եղբօր իւրում ի միում տան. գործէր ձեռամբ իւրով, եւ կեցուցանէր զինքն:

Եւ եղեւ յարկածիցն սատանայի ցանկացաւ չար տրփանօք քուրտ մի ընդ նա: Եւ առաքէր առ նա կաւատ պառաւունս ` հաւանել չար կամաց նորա ` եւ պոռնկիլ ընդ նմա: Իսկ բարեպաշտ կինն անարգանօք յետս դարձուցանէր զնոսա:

Եւ յաւուր միում ինքն քուրտն եկեալ առ նա ` խօսէր բանս զազիրս եւ աղտեղիս: Ասէ ցնա պարկեշտ եւ սրբասէր կինն. « Ո ՜ վ քուրտ, ի բաց երթ յինէն, մի ' գուցէ եկեալ եղբայրն իմ ` եւ տեսանէ զքեզ ընդ իս խօսելով, չարաչար սպանանէ զքեզ »:

Մինչ նա զայս խօսէր, եկին ոմանք անդ. եւ քուրտն ելեալ գնաց:

Եւ ի միում աւուր երթայր Շնորհաւորն ի գործ իւր. եւ ահա պատահեալ շունն այն քուրտ, եւ ձգեալ զձեռս առ զօձինս նորա, քարշէր առ ինքն, շամբշէր եւ կամէր համբուրել: Իսկ պարկեշտն այն կին հարկանէր զերեսս նորա, ճանկէր եւ թքանէր: Եւ եղբայր Շնորհաւորին ի հեռաստանէ ետես, զի քոյր իւր բռնադատէր, փութանակի եհաս առ նա ` եւ ասէ. « Ա ' մլղուն, զի՞նչ աղբ լափես, միթէ անտէ՞ր է դա »: Եւ հանեալ զխանճալն եւ եհար զփող քրտոյն եւ եսպան զնա. եւ ինքն խոյս ետ անտի:

Եւ տեսեալ զայն այլ քրտաց, գնացեալ պատմեցին պարոնին իւրեանց: Եւ պարոնն առաքեալ տարաւ առ ինքն զՇնորհաւորն ` եւ ասէ. « Ո՞ւր է եղբայր քո ` որ եսպան զքուրտն »: Ասէ կինն. « Ո ' չ թէ եղբայրն իմ եսպան զնա, այլ ես սպանի զնա. վասն զի չարութիւն կամէր առնել. վասնորոյ սպանի զնա »:

Ասէ պարոնն. « Որովհետեւ դու սպաներ, եկ տաճկացիր, զի շնորհեմք քեզ զվնասդ »:

Ասէ Շնորհաւորն. « Աստուած մի ' արասցէ, քանզի սպանի զնա ` եւ եղէ մահապարտ. եւ եթէ ուրանամ զՔրիստոս, լինիմ աստուածուրաց եւ ատելի Աստուծոյ »:

Եւ բարկացեալ քուրտն ` ասէ. « Եթէ թողումք զդա կենդանի, լինիմք մեք ծաղր ամենեցուն ». եւ ասէ ցայլ քուրտսն. « Հարէ ' ք զմլղունդ այդ ` եւ սպանէ ' ք »:

Յարեան ի վերայ նորա որպէս գազանք ի վերայ որոճի ` փայտիւ եւ խանչալով, եւ նահատակեցին զպատուական կինն Շնորհաւոր ` բարի հաւատով:

Եւ եկեալ քրիստոնէիցն, եւ բարձեալ թաղեցին զնա պատուով ի փառս Քրիստոսի: 1

 

 

1 Սոյն վկայաբանութիւնն ունին միայն GHKLMRY ձեռագրերը, բոլորն էլ սահմի ԻԲ=հոկտեմբեր 31, Եպիմաքոսի եւ Մելասիպոսի վկայաբանութիւններից եւ Կեսարիոյ վկաների յիշատակութիւնից յետոյ, այս վերնագրով. «Պատմութի կնոջ միոյ որում անուն էր Շնորհաւոր». (KL որոյ. GM անունն. KLM շնորհֆոր. HRY շնոհֆոր). G էջ 127բ''-128ա'', H 128ա''-բ'', K 115բ'-116ա', L 105ա''-բ', M 134ա''-բ'', R 125բ''-126ա'', Y (հատ. Բ. ) 113ա'-բ':

Նոյն վկայաբանութիւնը` գրուած տարբեր հեղինակից եւ անկախաբար` ունի Զաքարիա սարկաւագ, Վղրշպտ 1870, Բ. էջ 125-6, գլ. Կ. «Նահատակութիւն Շնորհաւորին», որը ինչպէս ինքը պատմում է, բառացի արտագրել է մի հին Յայսմաւուրքից. ահա իւր բառերը. «Եւ ի թուին ՌՃԼԳ գնացի ես Ոսկւոյդար (յԻւսկիւտար) քաղաք, ի մէջ Այսմաւուրաց գտի զայս, եւ գրեցի որպէս եւ էր». (Անդ. էջ 126): Տարբերութիւնները եւ աւելի ու պակասները շեշտելու համար` հարկաւոր համարեցինք երկու գրութիւնները դնել դէմ դէմի առանձին սիւնակներով. առաջին սիւնակը ընդարձակ խմբագրութիւնը, երկրորդ սիւնակը Զաքարիա սարկաւագի մէջ բերածը:

Չամչեան, Գ. էջ 515-6 այս վկայուհու մասին հետեւեալ տողերը միայն ունի. « Ի նմին ամի կատարեցաւ եւ կին մի Շնորհաւոր կամ Շնոհֆոր անուն ի Բաբերդ, զորմէ աւանդի եւ ի տպագրեալ յայսմաւուրս ի հոկտեմբերի 31»: Հմմտ. նաեւ Յայսմ. Ա. տպ. էջ 208'-208'', Բ. տպ. էջ 148''-149', որոնք առաջին ընդարձակ խմբագրութեան հետ են գնում առհասարակ: