ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

109.
ԱՇՈՒՂ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏՓՂԻՍԵՑԻ (ՍԱՅԵԱԹ-ՆՈՎԱ)
†1795 սեպտեմբեր

Հարիւր յիսուն տարի առաջ ( այսինքն 1700- ին ) մէկ խեղճ աննշան հայ գալիս է Հալէբից, երեւի բախտ որսալու ` Վրաստան, ու բնակվում է Թիֆլիզ քաղաքում, որ տեղ պսակվում է մէկ Հավլաբարցի աղջկան վրայ: Սրանց ըլում է տղայ, որոյ տալիս են Արութին ( Յարութիւն ) անունն: Էս Հալեբցու վրայ չ՚ունինք ոչինչ տեղեկութիւն. միայն նրա որդու ` Արութինի խօսքիցն իմանում ենք, որ էլել է նա մղդըսի: Պստիկ Արութինին տալիս են աշկերտ մէկ ջուլհակի մօտ. խիստ աչքաբաց ըլելով ` կարճ ժամանակում էնքան վարպետանում է Արութինն, որ ինքն իր համար մէ մեքենայ է հնարում, որով ` կտաւը երկայն փողոցի մէջ հինելու տեղ, հինում ու գործում է էլել իր սենեակումն: Մեր վարպետ ջուլհակն երեւի շատ վաղ է նկատում իր մէջ քերթողական շնորհքն, որ « պստուց » պաս պահելով « գլուխ է դնում ամէնան խաղին », ու « սուրբ Կարապիտի կարօղութէնով » սովրում է « քամանչէն, ու չօնգուրն ու ամբուրէն »:

Դեռ լաւ չը չափած իր հանճարի ուժն, Արութինն անց է էլել կացնում իր օրն կտաւ գործելումն ու սազ ածելումն. իր մեքենայի առջեւն հորում նստած ` մըքուքի ձէնի վրայ առաւօտեան հանած խաղն գեղգեղում է էլել գիշերն իր քաղցր ձայնով իշխաններու բարձր ու լէն դարբասումն: Վերջն մըքուքն փոխած քամանչի վրայ, սրան « շատ բան » տեսնիլն խոստանալով ` համարձակ դուրս է եկել մէյդան, որ տեղ իր աշուղական հռչակաւոր Սայեաթ - Նովա անունով մոռացնել է տըւել ջուլհակ Արութինին էնպէս, որ ժողովուրդն մինչեւ էս օրս էլ միայն աշուղական անունով է ճանաչում իր սիրեկան երգչին:

Բանիցն երեւում է որ Սայեաթ - Նովէն աշուղութիւնն կցել է թուրքերէն ասած խաղերով. սրանցմով սկսվում է նրա դավթարն: Էն գլխէն մտածելով խաղն ասելու տարին նշանակելու համար, առաջ սրանց համար է հոգացել. իր դավթարումն էլ ամէնից հին խաղն ` թուրքերէնն է, որն որ հանած ունի 1742- ին. հետն էլ տեսնում ենք, որ էս խաղերուց յետոյ ` սկսելով հայերէն խաղն, սրա տակն չը նշանակելով ասելու տարին, գրում է ` « հիմի գուզիմ թէ հայէվար ասիմ »: Էս խօսքերն լաւ ցոյց են տալիս, որ Սայեաթ - Նովէն ` թուրքերէն, կարելի է եւս վրացերէն ` ասած խաղերով անուն ճարելուց յետոյ, ուզում է եւս հայերէն ասելն. ու տարին նշանակած ունեցօղ հայերէն հանած խաղերուց ամէնից հինն ասած է թուրքերէնից տաս տարով յետոյ - 1752- ին: Ուրեմն մեր երգիչն էլ ուրիշներու պէս հռչակել է իր անունն առաջ թուրքերէն խաղերով. թէպէտ անկարելի է որ էս տաս տարուան մէջ չ՚ըլի ասել հայերէն գոնէ մէկ հատ խաղ: Կարելի է ` որ տարին նշանակած չ՚ունեցօղ խաղերն հէնց էս միջոցումն ըլին ասած: Էլ ի ' նչ խօսիմ ուրիշ կորած կամ հրապարակում յանկարծ ասած խաղերու վրայ, որք կտոր կտոր ու աղաւաղած պահվել են աւանդութէնով. թէ հնարք կ՚ունենամ ` որ սրանց ամբողջ վերականգնեցնեմ, ժամանակով կու հաղորդեմ եւս սրանց ազգակիցներուս: Սայեաթ - Նովէն արդիւնաշատ աշուղներուց մէկն է. իր տասն ու եօթն տարուան երգօղական ժիր կենաց մէջ բաց ի 114 թուրքերէն ու 46 հայերէն խաղերուց, որք յայտնի են մեզ նրա դավթարիցն ( թողնենք չը գրածն ու կորածներն ) ունի ասած վրաց գեղջուկ լեզուով անթիւ աշխոյժ խաղեր ու անհամար ազդու բաներ, որոց կտորներն ` էն էլ մաս մաս արած երբեմն միտն է բերում շուտ սովրօղ ու հեշտ մոռացօղ ժողովուրդն: Թէ որ նախախնամութիւնն չէր պահպանել երգչի դավթարն, անկարելի կու ՚լէր գոնէ մէկ թեթեւ դատողութիւն անելն էս անուանի աշուղի մտաց ճարտարութեան վրայ, մանաւանդ երբ տեսնում ենք, որ մեր ժամանակակիցներն քիչ բան են իմանում նրա վարքի վրայ: Թիֆլիզու հայոց, վրաց ու թուրքաց ուրախացնօղ երգչի կենցաղավարութեան վրայ չը կարօղացայ ոչ ովից իմանալ մէկ մանրամասն տեղեկութիւն. զարմանալի չ՚է. Սաեաթ - Նովէն իր կենաց վերջի քսան ու հինգ տարին կէնում էր միանձնացած, Թիֆլիզից դուս, հեռացած սրա ժողովրդէմէն: Նրա փառքի ու շքեղութեան ականատեսներիցն մէկն էլ չը կայ. ժամանակն թէ խնայել է մէ քանի ցամքած ծերերուն, սրանք էլ Սայեաթ - Նովուն ` աշուղ են տեսել, երբ հէնց իրանք էլել են վեց կամ ութ տարեկան. բայց լաւ միտն ունին, ինչպէս ` երբ նա իր կրօնաւորութեան ժամանակն հազրէն մէկ անգամ գալիս է էլել Թիֆլիզ, խաղասէր երեխերքն նրա էդնէն վազելիս ` մատով մէկ մէկու շանց են էլել տալիս ասելով. « Տօ ', գիդիս ` Սայեաթ - Նովէն է ». ու մեծերուց լսածն ասելով պատմում են, որ է ' ս ` Էրէկլէ թագաւորի ու սրա արքունեաց սիրեկան աշուղն ` ըլում է մէկ անհոգ զօղ ու քէփ սիրօղ, սիրուն աղջկերանց ուրախացնօղ ու որբեւերի կանանց մխիթարիչ, եւ ըլելով հիանալի քամանչայ ածօղ, մանաւանդ իր քաղցր ձայնի հետ ` էլել է միշտ թագաւորի ու ազգի խրախճանքներու պատուական ու անհրաժեշտ զարդն: Հէնց ինքն էլ իր քամանչէն գովէլիս ուղիղ է նկարագրում իր կեանքն ասելով `

Բօլօրքըդ գօզալնիր շարած ` մէջլիսի կէսն իս, քամանչա.

Իրաւ, պիտի հաւատանք Սայեաթ - Նովուն, երբ սա ասում է մեզ, թէ `

Հէքիմներըս ափսուսում են, ծընգան տալօվ վա ' յ ին ասում.

Կանչօղըս դարդակ է գընում. Ա ' խ Սայեաթ - Նօվա, է ասում:

Քանի անգամ ` կարդալիս սրա խաղերն հարիւր տարեկան պառաւներու առջեւն, ուզելով ` հրապուրած սրանց թմրած յիշողութիւնն դուրեկան հնուց բաներով, հանեմ նրանցից մէ տեղեկութիւն մեր երգչի վրայ, միշտ լսել եմ ծնգան տալով ասած խօսքերն. « Է ' տ խօ միր Սայեաթ - Նովու խաղն է. վա ' յ քի Սայեաթ - Նովա, ի ՜ նչ զօղիր իս շանց տըւի »:

Թէ շատ զօղ է շանց տըւել, շատ անգամ էլ էս հանճարեղ յանկարծախօսն կատարել է հոգեւոր բժշկի պաշտօնն: Լսել եմ ծերերուց, որ մէկ օր Էրէկլէ Բ, Վրաց թագաւորի գերդաստանն ու իշխաններն նեղանալով իրանց Պարնին եկած տխրութեան համար, ( որն որ երբեմն պատահում էր է ' ս ` միշտ իր թշնամիներու արշաւանքներն մղելու համար հոգած քաջ պատերազմօղին ) ու նրանք դադրեցնելով իրանց կանացի գգուանքն ու պալատական շողոքորթանքն, ճարերն կտրած ` ստիպած են ըլում գործ դնել Սայեաթ - Նովու հոգեզուարճ խօսքն. սա քամանչէն ածելով մտած թագաւորի սենեակն ու մտիկ չը տալով նրա ողորմած հայեցուածին, սկսում է բանն համարձակ ասելով

Մտկվարո ամղ՚վրեուլո, արազիանո,

Մե շեն վեր գագիմլեբ, միզեղիանո

ու էսպէս իր սիրեկան Պարնի տխրած ճակատն պսակում է խաղաղ խնդութէնով:

Ամէն տեղ ուրախութիւն ցանօղ Սայեաթ - Նովէն, ինչպէս տեսնում ենք իր խաղերուցն, իրան էլ չ՚է զրկել ցնծութէնից, սրա աշխոյժ ու սիրատենչակ հոգին ` շատ գեղեցկանազին գերի կու՚լի արել իր կաթոգին խօսքերով `

Ղ՚ուրբան իմ ծուցիդ նըռանն,

Հօքիս տամ շիմշատ կըռանն.

Թաք պառկիմ եարի դըռանն `

Գըլխօքըս քար իմ ասում.

ինքն էլ սիրու գերութեան մէջ տարփանքով վառված ` առանց սիրեկնի մէկ օր էլ չ՚է ուզում էս աշխարհքից `

Դուն գըլուխըդ մահի կու տաս, ես էլ քիզ իդ կու մէռնիմ.

Միր էդնէն թամամ աշխարըս սօվ քաշէ, հաց չը տէսնէ:

Բայց չէ մնում միշտ էս սիրատարփ մոռացմունքի մէջ. պահելով իրան հեռու մարմնամոլ զգացմունքից, աւէլի հաւան է ` յայտնել իր անձկութիւնն որպէս նուագածու քերթող `

Թէ մէ շափաթ քիզ չ՚իմ տէսնի, կու կըտրիմ քամանչի սիմըն,

ու նկարագրէլիս իր բաղձանքն, մնալով զուրկ հեշտասէր ցանկութէնից ` չ՚է վիրաւորում նուրբ զգացմունքն: Ինչքան պարզ է էլել հասկանում սիրու սրբութիւնն ` ցոյց է տալի մեզ նրա խոստմունքն `

Թէգուզ անմահութին ուզիս սիրօվ կու ճարիմ քեզ ամա,

էնպէս որ համարձակ կարելի է ասել թէ ` Սայեաթ - Նովու հոգին

Ձընի տակէն նուր դուս էկած արիվ դիբած սընբուլի պէս պայծառ ու մաքուր է:

Սայեաթ - Նովու ցնծութիւնն չ՚է քաշում շատ ժամանակ: Համարեա ' թէ հէնց էն գլխէն գրաւում է սրան տխրութիւնն. իր սէրն ու բաղձանքն յայտնում է մէ տրտում ու վշտալի ոճով, որ ցաւ է տալի սրտին. տեղ ու տեղ էլ շանց է տալի իր հոգւոյ ձանձրանալն կեանքից, աշխարհքից, երգերուցն եւս `

Է ' րէգ լավ էր կանց վուր էսօր, - վաղէրումէն բէզարիլ իմ.

Մարթ համաշա մէկ չ՚ի ըլի, - խաղէրումէն բէզարիլ իմ:

Էսպէս զզուած աշխարհքից, գանգատուելով թէ ` « ղուրթն ճամփայ չ՚է գնում », էնդուր որ ` « շատացիլ է խալխի սուտն », Սայեաթ - Նովէն խրատում է իր « դիվանա » սիրտն ու քարոզում է սրան սիրել « Աստուած, հոգի, եար, պարկեշտութիւն, գիր, խրատ, համբերութիւն, դադաստան, խոնարհութիւն, աղքատ, ղօնաղ, օտար ». ու վերջումն յայտնելով իր սրտի տխրութեան հիմն ` ահեղ դադաստանից վախենալն, խորհուրդ է տալիս իրան մանաւանդ սիրել « վանք, անապատ, քար »: Սայեաթ - Նովու խրատական Դ խաղն, որն որ բովանդակում է իր մէջ կեանքի ամէն բարոյական ու մարդկային տարերքն, ու անպաճոյճ ու կարճ խօսքով յայտնում է մէկ ժողովրդի ամէն կարիքն, վկայում է ազգային երգչի բարոյական ու կրօնական մտաց աճման:

Իրաւ, էս ազգային երգիչն հասկանում է էլել իր կոչումն, ու նրա միտքն լաւ հասնում է էլել իր պաշտօնին, երբ իր գլխին « խալխի նօքար » ասելով ` թելադրում է իրան « համով ղուլլուղ » անել ժողովրդին, որն որ անուանելով « ծուռն փէտ », գիտէ որ սրա դրստելն քերթողի սուրբ պարտքն է, էնդուր էլ սիրուն կոչում է իրան դուրգար ( հիւսն ): Ազգի բարոյական դուրգարն էն էլ է հասկանում, որ քերթողն ` պահպանելով իր սիրտն « քար խփելուց » ու « կոտրելուցն », պիտի չը վիրաւորվի ժողովրդի ապերախտութէնից ու բրտութէնից, ու ամէն լեղի պարգեւօղին պատասխան տայ շաքարով, լաւ իմանալով ` որ ազգն իր կրթությունն ու խրատն ըստանալու է երկնուց `

Թէգուզ դըպրատանըն պահ տաս ` ծեծօվ չ՚ի խըրատվի խիվըն,

Ինչրու անձնէն չը դուս էհայ անախտէլի էն չար դիվըն:

բայց ինքն վիզ է առնում միայն քարոզչի պաշտօնն, ու սովրեցնում է սիրել ու անել « բարի գործն », որն որ դասում է բարձր ամէն իմաստութեան ու գիտութեան վրայ, ասելով `

Թէգուզ իմանաս, գիդէնաս աստղէրու համբարքըն սիրուն,

Անբարի գուրձըն կօրած է ` կարթա ' Հարանց վարքըն սիրուն.

ու իր անարատ հոգին ` թէպէտ զգում է էլ է ' ն կենաց պայծառութիւնն, բայց միշտ նեղացած մնում է տարակուսանաց մէջ `

Վուր տիղ ` հասնիք, վուր տիղըն ` սուք, վուր տիղ ` սօյբաթ խաղ է ըլում.

Վուր տիղ ` ժամ, վուր տիղ ` պատարաք, վուր տիղ ` սիրօվ տաղ է ըլում.

Թէ վուր հօքուդ կամքն իս անում ` մարմինդ բէդամաղ է ըլում.

Վո՞ւր մէ դարդին կու դիմանաս, դուն ջըրատար Սայեաթ - Նօվա:

Հէնց էն գլխէն հոգուն ու մարմնու խնդիրն չ՚է տալի սրան դադար, ու շատ ժամանակ պահում է տագնապում. վերջապէս ձանձրացած էս երազական կեանքի վայելչութիւններից Սայեաթ - Նովու խանդակաթ սիրտն, ասելով `

Կու հաքնիմ մազեղէն, կու հաքնիմ շալըն,

Կ՚էրթամ ու ման գու քամ վանքիրըն մէ մէկ,

պտռում է միայնակեցութիւնն, որոյ ծարաւն էնքան սաստիկ է ըլում, որ իր զաւակներու Թիֆլիզում թողած ` գնում, հեռանում է Հաղպատու Սուրբ Նշանի վանքն, որ տեղ կրօնաւորված ձեռնադրվում է աբեղայ:

Սայեաթ - Նովու կրօնաւորվելու տարին ոչ ով չ՚է իմանում: Դժուար թէ նա մտած ըլի վանքն իր կնոջ մահից առաջ. միայն շատ կարելի է որ մէ քանի տարի իր կնոջ մահիցն էլ առաջ հրաժարած ըլի խաղ ասելուցն, էնդուր որ դավթարում չ՚է պատահում 1759- ից յետոյ հանած խաղ: Աշուղութիւնն մեղք բան համարելով

Բաս դէիլար ` դունիա վազիա իմիշ, -

Օնու իչուն սօյբաթ սազդան զ՚օրխարամ.

ունենալով երկիւղած ու կրօնասէր բնաւորութիւն, որն որ յայտնվում է եւս թուրքերէն ասած խաղերուցն

Սայեաթ - Նօվա դինըսիա ինքար էթմաս ` Էրմանի դուր.

սրտումն էլ կրելով կրօնաւորվելու փափագն, կարելի է որ Սայեաթ-Նովէն` դեռ իր կնոջ մահն չը տեսած, վեր ըլի առել ձեռն աշուղութէնից: Կարծիքս հաստատվում է եւս դավթարում պատահած յիշատակարանով, որն որ 1765-ին գրում է Պէնտէլենց Եօվանէն` երեւի երգչի բարեկամն: Սրա աղաչանքի ոճն ցոյց է տալիս` աշուղի խաղ ասելուց հրաժարիլն: Էս յիշատակարանն գրած է երեք տարի առաջ մահից Սայեաթ-Նովու կնոջ, որն որ թաղած է Խօջենց վանքի գերեզմանատանն: Գերեզմանաքարի վրայ գրած է վրացերէն`

Քս ունվ,

ք սափլավսա

ամասա շինա վա

ր սաիաթնովի

ս մեուղ՚լե

մարմար շե

նդոբա մի

բձանեթ

(Քրօնիկօնի 456. էս գերեզմնում կամ Սայեաթ-Նովու կողակից Մարմարն, ինձ ողորմի ասէք): Տապանագրի տարին` երկրիս սովորութէնով, պիտի իմանանք չէ թէ քար դնելուն, բայց որպէս մահուան տարին` որ է 1768: Երբէք չ'ենք կարօղ հաշուել Սայեաթ-Նովու կրօնաւորվելն էս ժամանակից առաջ. թէ մէ երկու տարի էլ յետ դնենք ու ընդունենք 1770-ն, յայնժամ մեր երգիչն կրօնաւորվէլիս էլել պիտի ըլի 58 տարեկան:

Սայեաթ-Նովու վանական կեանքի վրայ չ՚ունիմ ոչինչ տեղեկութիւն: Հաղպատում մէ ծեր էլ չը կայ, որն որ իմանում ըլի գոնէ մէկ աւանդութիւն էս աննշան կրօնաւորի վրայ: Սրայ աշխոյժ երեւակայութիւնն տըւե՞լ է արդեօք մէ պտուղ` յարմար իր նոր վիճակին, չ՚է յայտնի: Թէ բան էլ ունենայ ասած, ո'վ կու քաշէր հոգսն նրա պահելու համար. նրա անպաճոյճ տաղերու զ չ՚ունեցօղ խօսքերն դուր չ'էին գալ մեր` քերականութիւն սովրած գիտնական վարդապետներուն: Գիտեմ միայն, որ Թիֆլիզու խաղ սիրօղ տղերքն վանքումն էլ չ՚էն տըւել դադար իրանց երգչին, ու խստակրօն վարդապետի վեղարի տակն էլ կարծելով իրանց զուարճ աշուղի վառվռուն գլուխն, դարսել են զրուցք, իբր թէ Սայեաթ-Նովի ականջն ընկնում է մէկ երեւելի օտարական աշուղի Թիֆլիզ գալն: Նա վախենալով իր քաղաքի յաղթվելու համար, սաստիկ ձմեռին մտիկ չը տըւած` շտապով գալիս է Հաղպատից Թիֆլիզ. ձեռաց վէր է գալի Մեծ Բերդի եկեղեցում. ու ոչ ովին բան չ՚ասած` թաքուն դուս է սըլքըվում առաջնորդարանից: Հաղպատու առաջնորդ` Դաւիթ եպիսկոպոսն, որն որ լսել էր նրա գալն, չը տեսնելով նոր եկած վարդապետին` պահանջում է նրան. ու իմանալով նրա առաջնորդարանում եւս չ՚ըլիլն, շատ նեղացած` հրամայում է իր սպասաւորներուն, որ նրան գտնեն: Սրանք պտըռտէլիս տեսնում են որ Սայեաթ-Նովէն` աշխարհականի շորերն հաքին, իր հին ընկերներու ու բարեկամներու մէջն` կամրջի տակն սառած Քռի վրայ նստած, քամանչէն ձեռին` բաց է արել նոր եկած աշուղի հետ վէճն (բաս): Հէնց յաղթելու վրայ է ըլում, որ վրայ են հասնում իր եպիսկոպոսի սպասաւորներն: Բայց էս զրուցքն ու սրան նման զուարճ Թիֆլիզեցւոց մտաց ցնորքն իսկի հաւատալու բան չ՚են, էնդուր որ մեր մեղօք հնացեալ կրօնաւորն անց կու լ՚էր կացնում կեանքն իր վաղեմի մեղքերու` աղօթքով ու պաս պահելով քավելումն:

Միայն շատին յայտնի է Թիֆլիզում, որ Սայեաթ-Նովէն` լսելով Աղա-Մահմէդ-Խանի հեծելազօրի Վրաստանու սահմանին մօտենալն, միտն է բերում իր զաւկներուն (ունեցել է երկու տղայ` Մելքիսեդ, Օհան ու երկու աղջիկ` Սառա ու Մարիամ) ու գալիս է Թիֆլիզ: Էս տեղաց ուղարկում է նրանց Մօզդօկ, ուր սրանք գցում են իրանց հաստատ բնակութիւնն: Սայեաթ-Նովէն դնում է իր զաւկներուն ճանապարհ թէ չէ, Պարսիկքն մտնում են Թիֆլիզ: Հաղպատու առաջնորդարանն հէնց բերդի տակն ըլելով` թշնամիքն տուն են ընկնում եկեղեցու գաւիթն, ու կցում են կոտորելն ու կողոպտելն: Սայեաթ-Նովուն վրայ են հասնում եկեղեցում աղօթք անէլիս: Սրանից պահանջում են դուս գալն ու հաւատն ուրանալն. բայց կրօնաւորն Պարսից թրերու տակն աւանդում է հոգին` ասելով

Չըխմանամ քլիսադան, գօնմանամ Իսադան:

Էսպէս խալխի նօքարն նահատակվում է որպէս ծառայ Աստուծոյ սեպտեմբեր ամսին 1795-ին:

Մէ քանի օրից` Պարսից Թիֆլիզէն դուս գնալուց յետոյ, վեր են առնում նրա մարմինն ու թաղում են Մեծ Բերդի եկեղեցու հիւսիսային փոքր դրան առջեւն: Թէպէտ Սայեաթ- Նովու գերեզմանն չ՚ունի քար գցած, բայց էսպէս պատմում են նրա թաղման պատահօղներն: 1

1 Յիշեալ ամբողջ գլուխը անփոփոխ վերցրել ենք Գ. Ախվերդեանի հրատարակած Սայեաթ-Նովայ աշխատութեան յառաջաբանից, Մոսկվա, 1852, էջ Զ-ԺԳ. էջերի տակ դրուած ծանօթութիւնները հեղինակից են. միայն էջ 613 եւ էջ 617 դրուած վրացերէն տողերը` որոնք Ախվէրդեանի աշխատութեան մէջ վրացերէն տառերով էին, մենք դրել ենք հայերէն տառադարձութեամբ` վրացերէն տառերու չգոյութեան պատճառաւ: