ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

9.
ԱՆԱՆՈՒՆ ՆԱՀԱՏԱԿ

(Ուլու-պապ շէն գիւղի) եկեղեցին է Պտգեսբերք (Պտկի սուրբ Գէորգ ) վանքն, որ է շինիս արեւելեան հանդէպ բարձրագոյն սարի գագաթի վերայ: Վանքիս դասումն կայ մի փոքր գերեզման, որի մասին աւանդութիւնն ասում է թէ սոյն ամփոփեալն մահմետականի որդի է լինում. քանիցս սա իւր ծնողաց հետ գալիս է ուխտի վանքս. բայց որովհետեւ չբերք են լինում ծնողներն եւ ուխտով խնդրած այս զաւակն, վասն որոյ որդին թողնում է իւր ծնողները եւ յաճախ դիմում վանքս եւ շաբաթներով աղօթում վանքումս: Քանիցս գալիս է հայրն եւ իւր տուն տանում իւր որդին, սակայն կրկին եւ կրկին փախչում է որդին եւ մտնում վանքս: Վերջապէս հայրն` ձանձրանալով որդու արարմունքից եւ չկամենալով քրիստոնեայ տեսնել իւր որդին, գալիս է վանքս, համոզում որդին տուն տանելու: Իսկ որդին չկամենալով բնաւ տուն գնալ, մտնում է տաճարումս եւ չէ դուրս գալիս, հասնում է զայրացած հայրն եւ նահատակում այժմեան գերեզմանի տեղում, որի մարմինը ամփոփելով այս իսկ տեղում մնում է մինչեւ ցայսօր. ուխտատեղի է գերեզմանս:

Ամենամեծ ուխտատեղի է վանքս, մանաւանդ ամուլ մարդոց եւ կանանց համար, ոչ միայն քրիստոնէից, այլ եւ մահմետականաց համար: 1

1 Տե'ս Մակար եպս. Բարխուդարեանց, Արցախ, էջ 162-163: