ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

21.
ՄԱՆՍՈՒՐ, ԽԱԼԻԼ ԵՒ ՆԱՍԻՄԻ
Թուրք նահատակներ
(† 1524-ից առաջ)

Սոյն երեք նահատակների մասին չունինք առանձին վկայաբանութիւն, բացի մի քանի աննշան տեղեկութիւններից, որոնք ցրուած են երկու նահատակների վկայաբանութեան մէջ, այն է Պուտախ Ամթեցի (†1524), թիւ 59, էջ 360-368 եւ Խաչատուր Տիգրանակերտցի (†1652), թիւ 79, էջ 455-466: Այդ նահատակներից առաջինը էջ 361 եւ 362` յիշում է Մանսուրի, Խալիլի եւ Նասիմիի անունները, իսկ երկրորդը էջ 457 եւ 459` միայն Նասիմին: Այդ կցկտուր տեղեկութեանց ամփոփումը հետեւեալն է:

Մանսուր, Խալիլ եւ Նասիմի նախ կրօնքով մահմետական էին եւ մահմետականների «առաջնորդ», այսինքն մոլլայ կամ իմամ: Նոցա հայրենի երկիրը յիշուած չէ. բայց կարող է ենթադրութեամբ իմացուիլ թէ նոքա կա'մ Պարսկաստանի հիւսիսային արեւմտեան կողմերից էին (Մարաղայից կամ Դաւրէժից) եւ կամ Տիգրանակերտից: Առաջին ենթադրութեան իրաւունք է տալիս մեզ այն պարագան` որ նրանց յիշողները այդ քաղաքներից են. այսպէս Պուտախ որ նահատակուեցաւ Տիգրանակերտում, ծագմամբ Մարաղացի էր. նոյնպէս Խաչատուր` թէեւ Տիգրանակերտցի, բայց իւր վկայաբանութեան հեղինակը` Առաքել պատմագիրը` Դաւրիժեցի էր:

Իսկ իբր Տիգրանակերտցի ընդունելու համար մեզ իբր ապացոյց է ծառայում ա'յն պարագան, որ թէ' Պուտախ եւ թէ Խաչատուր, բացի Տիգրանակերտի բնակիչ լինելուց, նրանց յիշում են Տիգրանակերտցի թուրքերի առաջ` իբր նրանց արդէն յայտնի մարդկանց:

Երեքն էլ մոլլայութիւնից դառնում են քրիստոնէութեան եւ չարչարուելով մահմետականների կողմից` նահատակուում են Քրիստոսի անուան համար: Նոցանից ամէնից նշանաւոր է դառել Նասիմին, որ ուսումնական եւ բանաստեղծ մարդ լինելով` երգել է բազմաթիւ երգեր հոգու վերայ եւ Քրիստոսի վերայ, աստուածաբանական այլեւայլ տաղեր Քրիստոսի տնօրինութեան վրայ, ինչպէս եւ սրտաշարժ խաղեր իւր նահատակութեան ժամանակ իւր մահուան վերայ:

Այդ երգերը երեւի առանձին տաղաչափական յօրինուածութիւն կամ որոշ ոճի եղանակ ունէին, որովհետեւ կրում են առանձին Նասիմի անունը, իրենց հեղինակի անունով: Նոցա թիւը խիստ շատ էր. Պուտախ նահատակը 1524 թուին 1000-ից աւելի նասիմի գիտէր. եւ եթէ ենթադրենք էլ թէ այս բոլորը նասիմիից չեն, այլ նոցա մի մասը միայն, բայց դարձեալ այնու ամենայնիւ բաւական բան պէտք է մնայ հեղինակին: Նասիմի խաղերը շատ սիրուած էին ժողովրդից եւ սերնդից սերունդ մնում էին. Պուտախից հարիւր քսան եւ ութը տարի յետոյ` 1652-ին դեռ կենդանի էին նոքա:

Նասիմիին նահատակել են մարմինը քերթելով եւ մորթը տիկ հանելով: Նահատակութեան թուականը որոշ չէ, բայց 1524-ից էլ շատ առաջ չպէտք է լինի: