ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

30.
ԻՍԱՀԱԿ ՊԱՐՍԻԿ ԹԱՒՐԻԺԵՑԻ
(Տե'ս էջ 220)


 

(Շամախու գաւառի Քարքանջ) գիւղի արեւելեան կողմում հանգստարանի մէջ կայ մի քարուկիր մատուռ, որ իւր ճակատին կրում է սոյն արձանագիրը:

Այս նահատակս յայլազգաց է ի ծնէ բուն,

Յետոյ եկեալ ի հաւատս Լուսաւորչուն.

Ձեռնադրեցաւ սուրբ վարդապետ Սահակ անուն,

Որոյ վասն հուրբ փոխեցաւ այրեցեալ իսկոյն.

Ի սէր սորա կառուցեալ է զայս փոքրիկ մատուր

Շամախեցի Եղիազարեան այրն Խաչատուր.

Հայցէ ի ձէնջ հանդիպողաց` սրտիւ տխուր`

Մաղթել ի տեառնէ վասն ինքեան կենդանի ջուր.

1817 թվին մայիսի 1-ին: 1

1 Այս արձանագրութիւնն արտատպում ենք Մակար ծ. վրդպ. Բարխուտարեանցի «Աղուանից երկիր եւ դրացիք» աշխատութիւնից, էջ 165-166 (Թիֆլ. 1873):

Ինչպէս արձանագրիցը երեւում է` մատուռը շինել է Խաչատուր Եղիազարեան Շամախեցի` 1817 թուի մայիսի 1-ին` յանուն Իսահակ պարսիկ Դաւրիժեցու, որ նահատակուել է Շամախում` 1417 թուի ապրիլի 18-ին: Ժամանակի այս ահագին տարբերութիւնը կարծել տուեց մեզ թէ արձանագրութեան մէջ յիշուած Սահակ վարդապետը տարբեր է Իսահակ Թաւրիժեցուց, եւ նահատակուել է 1817 թուի մայիսի 1-ին` Շամախում: Եւ այս պատճառով էլ մեր Նոր Վկայից ժողովրդական հրատարակութեան մէջ (տե'ս հատոր Բ, էջ 314) դրել ենք իբրեւ նոր սուրբ, տարբեր Թաւրիժեցուց, 62 համարի տակ, հակառակ Մակար եպիսկոպոս Բարխուտարեանցի որոշ զեկուցման, թէ երկուսը միեւնոյն անձերն են:

Ուրախ ենք որ մեր գրքի գոնէ գիտական հրատարակութեան մէջ ուղղում ենք այդ սխալը` իրաւունք տալով Մակար եպս. Բարխուտարեանցին: