Ի՞նչ է ազգութիւնը.

Հեղինակ

Բաժին

Թեմա

I
Ներածություն։ Ազգն ու Պետութիւնը հին Արեւելքում։ Ազգութեան ծագումը Յունաստանում եւ Հռօմում, Միջին դարերում եւ Նոր ժամանակներում։ ԺԹ. դարը։

Կան հասարակական այնպիսի երեւոյթներ, որոնք երկա՜ր տարիներ ու դարեր գոյութիւն են ունեցել, բայց որոնց կողքով մտածող մարդկութիւնն անց է կացել տարիներ ու դարեր շարունակ, առանց կանգ առնելու նրանց վրայ, առանց ստորագծելու նրանց, որովհետեւ այդ երեւոյթները միշտ համարուել են պարզ, ակներեւ, ինքնըստինքեան հասկանալի։ Նրանց էութեան, նրանց որակի, ծագման ու գոյութեան մասին կասկածներ երբէք չեն եղել, այդ պատճառով էլ գիտութիւնը կանգ չէ առել նրանց վրայ։

Այդպիսի համամարդկային երեւոյթներից են ազգ եւ ազգութիւն հասկացողութիւնները։

Յունական ծաղկած գրականութիւնն իր Պլատօններով ու Արիստօտէլներով՝ անց է կացել եւ այդ հարցի վրայ ուշք չէ դարձրել։ Նոյն ձեւով վարուել էին արդէն եգիպտական եւ ասորեստանեան նշանաձեւ գրականութիւնները։ Նոյնն արեց եւ հռոմէական խոշոր գրականութիւնն իր փառապանծ իրաւագիտական բաժնով։

Ազգն ու ազգութիւնը, սակայն, կային, գոյութիւն ունէին հին շրջանում։ Աքեմէնեան Պարսկաստանը, Դարէհ Վշտասպեանի պարսիկ ազգը կար։ Կային ե՛ւ Ասորեստանցիները, ե՛ւ Բաբէլացիները, ե՛ւ Ասորիները, ե՛ւ Հայերը, ե՛ւ Վիրք եւ Աղուանք… Իսկ Յունաց ա՞զգը։ Նա կար, նա իր ազգային գոյութիւնն զգում էր, թէեւ ներքնապէս բաժանուած էր «Պօլիս»ների կամ մանրիկ «քաղաք-պետութիւնների»։

Նա կար եւ խիստ շեշտւածօրէն, երբ՝ իբր «Հէլլէն» դուրս էր գալիս Դարէհների ու Քսէրքսէսների դէմ։

Հռօմէական, Իտալական կամ Լատինական ազգութեան մասին խօսելն անգամ աւելորդ է։ Հռօմը մի քաղաք-պետութիւն, մի Polis էր, որ տիրեց իր շրջապատ երեք ցեղերին Էտրուրացիներին, Սաբինացիներին եւ Լատիններին։ Այս վերջինների լեզուն յարատեւեց, դարձաւ Հռօմի պետութեան լեզուն, իսկ յետոյ ամբողջ Իտալիան ձուլուեց, դարձաւ մի ազգ։

Ազգերի ու ազգութիւնների ծագումն Արեւելքում  թաղւած է դարերի մթութեան մէջ, ինչպէս եւ պետութեան ծագումը։ Մարդկային խուզարկու միտքը դեռ եւս չէ կարողացել այնքան նիւթեր հաւաքել Արեւելքի վերաբերմամբ, որ կարողանայ թափանցել այդ հին մթութեան գիրկը, մանել նախա—պետական շրջանները, տոհմական կազմի մէջը եւ  տոհմերի զարգացմանը, ցեղերին ու նրանցից կազմւող ազգութիւններին։

Տարբեր է պատկերը Յունաստանում եւ Հռօմում։ Այդտեղ մենք կարող ենք որոշ պարզութեամբ հետեւիլ պատմութեան ընթացքին։ Գրօտի, Մօմզէնի, Նիբուրի, Ֆիւստէլ դը Կուլանժի, Բախօվէնի եւ շատ ուրիշների անգնահատելի հետազօտութիւնները, յոյն ու լատին պատմիչների ու փիլիսոփաների թողած ահագին գրական գանձերը մեր աչքի առաջ պարզում են յոյն ու լատին ազգերի նախա—ազգային կեանքը, նրանց գէնսը կամ տոհմը, նրանց ֆրատրիան կամ գէնսերի խումբը, նրանց տրիբիւն կամ ցեղը, նրանց ցեղերի դաշնակցութիւնը։ Մենք տեսնում ենք քայլ առ քայլ, թէ ինչպէս միեւնոյն րասայի (ցեղի) մարդկային խմբերը, երկա՜ր դարեր ապրելով տոհմական բարբարոս կազմով, աստիճանաբար մօտենում են իրար, խառնւում, կազմում են յունական ու լատինական «Polis»ը կամ քաղաք-պետութիւնը, որի անունը ֆրանսիացի գիտնական Ֆիւստէլ—դը—Կուլանժը կնքել է «La cité antique» (Հնադարեան քաղաք) [1] ։ Այնուհետեւ, մեր աչքի առջեւ, գրաւոր պատմութեան ընթացքում, մենք տեսնում ենք, թէ ինչպէս յունական մանրիկ պետութիւնների ժողովրդները Կօրնթացիք, Թէբայեցիք, Սպարտացիք, Աթէնացիք եւ այլն, նախ մնալով իբր առանձին-առանձին քաղաք-պետութիւններ, կազմում են կամաց-կամաց պետութիւնների ու կրօնական համայնքների դաշնակցութիւններ, Ոլիմպեան խաղեր եւ այլն, որոնց միջոցով աստիճանաբար դարբնւում է «Հէլլէն» ազգը։

Նոյն զարգացման գործողութիւնը մեր աչքի առջեւ կատարւում է նաեւ Իտալիայում։ Հռօմը, որ հիմնւում է Տիբէր գետի ափին, եօթը բլուրներից մէկի վրայ, նախ ծառայում է իբր հանդիպման ու փոխանակութեան վայր բոլորովին բարբարոս Լատինացիների, Սաբինացիների եւ Էտրուսկների միջեւ։ Այդ երեք ժողովուրդների խառնուրդից կազմակերպւում է հռօմէական հասարակութիւնն իր գէնսերով, (տոհմ) կուրիաներով, (ծուխ) ցէնտուրիաներով (հարիւրեակ) ու տրիբներով (ցեղ)։ Այդ սկզբնական տոհմական կազմից դարերի համայնակեցութեան ընթացքում դարբնւում է հռօմէական ազգը կամ «ազգն լատինացւոց»։ Հռօմը նախ գրաւում, ձուլում է իր մէջ (ինքն էլ ձուլւում է նրանց մէջ) Լացիումը, յետոյ Էտրուրիումը, յետոյ էլ Սաբիումը։ Երբ նա այդ միջին—իտալական նահանգներն իրար է խառնում, միաձուլում եւ կազմում է մի հռօմէական ազգ, այնուհետեւ դուրս է գալիս դէպի հարաւ. գրաւում է ամբողջ հարաւային Իտալիան, անցնում է Սարգինիա, Կօրսիկա, Սիկիլիա։ Իսկ յետոյ Հաննիբալից ազատւելով, նա դիմում է դէպի հիւսիս։ Շուտով ամբողջ Իտալիան կազմում է մի ազգութիւն։ Եւ այնուհետեւ Հռօմը տարածւում  է ամբողջ Միջերկրականի աւազանում, ամէն տեղ ներս տանելով իր կրծող, կլանող ու միաձուլող ազգութիւնը, իր յղկող կուլտուրան։ Նրա ազգութիւնն ագրէսիվ կամ յարձակողական է։ Նրան դիմադրում են յոյներն ու արեւելքի ազգութիւնները, որ արդէն ազգային ինքնագիտակցութեան եկել էին, իսկ Իբեր եւ Կելտ ժողովուրդները ձուլւում են ամբողջովին կամ մասամբ։

Երբ գերմանական ցեղերը ներս խուժեցին եւ կործանեցին Հռօմէական կայսրութիւնը, երբ նրա հսկայական դիակն իրենց մէջ պատառ—պատառ արին, ազգութեան գաղափարը մի քանի դար շարունակ կորաւ, անյայտացաւ Եւրոպայի երեսից, պահւելով լոկ Բիւզանդիօնի կայսրութեան մէջ։ Դրա պատճառն այն էր, որ գերման ցեղերը դեռեւս ապրում էին տոհմական կազմով. նրանցում գոյութիւն ունէին դեռեւս տոհմը կամ գէնսը, ցեղը (աշիրէթը) կամ տրիբիւն։ Նրանցում վարչական ամենաբարդ ձեւը դեռ եւս ցեղերի դաշնակցութիւնն էր, որ ստեղծւած էր մարտական նպատակներով, Հռօմի դէմ կռւելու համար. պետութիւնը դեռ եւս ծնւած չէր նրանց մէջ իր դասակարգերով, իր ներքին զինւած ուժով՝ ներքին թշնամիների դէմ։ Ցեղը, րասան կար. բայց այդ րասայի ներսում դեռեւս չէր առաջ եկել որ եւ է շերտաւորում, որ եւ է ազգութիւն։

Ահա այդ բարբարոսական շրջանում ապրող ցեղերը խուժեցին Հռօմի կայսրութեան տէրրիտօրիայի կամ երկրի մէջ, պատառ-պատառ արին նրան եւ հպատակեցրին իրենց։ Օստ—Գօթեր, Վէստ—Գօթեր, Վանդալներ, Լօնգօբարդներ, Ֆրանկներ եւ այլ բազմաթիւ ցեղեր (եւ ոչ ազգեր) տիրեցին Հռօմէական այս ու այն ծաղկած պրօվինցը (գաւառը). հաստատւեցին նրանցում՝ մի քանի չւումներից ու դեգերումներից յետոյ։ Բարբարոս ցեղերը, ենթարկւելով հռօմէական բարձր կուլտուրային, նրա մշակւած Լատինական լեզւին, հաղորդեցին տիրուած երկրի կիրթ ազգաբնակութեանն իրենց բարբարոսութեան մի խոշոր մասը եւ ստեղծեցին միջնադարեան կուլտուրան, որ բաւական ստոր էր յունական եւ հռօմէական դասական կուլտուրայից, բայց բաւական էլ բարձր էր գերման բարբարոսութիւնից։ Հռօմէական լեզուն յաղթեց բոլոր այն ցեղերին, որոնք բնակութիւն հաստատեցին Միջերկրականի ափերից սկսած մինչեւ Հռենոս գէտը եւ Տիրօլեան լեռները, իսկ յունական լեզուն ու ազգութիւնը յարատեւեց Բալկանեան թերակղզում։Հռէնոսից հիւսիս կրկին մնացին գերմանական ու սլաւօնական բարբարոս ցեղերի իրենց նախկին վիճակում, ենթակայ կուլտուրական դանդաղ զարգացման։

Արեւմտեան Եւրօպայում թագաւորում էր լիակատար պարտիկուլարիզմը կամ բաժան-բաժան, աւատական կենցաղը։ Չը կար դեռ եւս ոչ մի ժողովուրդ, որ գիտակցէր ինքն իրեն իբր մի ազգ, մի ազգութիւն։ Հռօմէական ազգութեան գաղափարը, որ յարձակողական, կլանող էր, եւ իբր այդպիսիսն, նուաճող ու տիրապետող, մարսող ու ձուլող էր բոլոր տիրւած ազգութիւնների, այդ ազգութիւնը չքացաւ, խառնւելով գերմանական բարբարոսական կազմի հետ։

Կարլոս Մեծի հիմնած խոշոր, կենտրոնացած պետութիւնը չունէր ոչ մի ցեղական, ազգային կամ րասային հիմք. նա մի ժամանակաւոր տիրապետութիւն էր, որը եւ նրա ժառանգների օրով բաժան-բաժան եղաւ, չը կարողանալով ծնունդ տալ ազգային ամբողջութեան գաղափարին։

Սակայն հռօմէական կուլտուրան իր ազդեցութիւնն արել էր. արդէն առաջացել էին րօմանական ցեղեր, որոնք խառնուրդ էին գերմանների եւ լատինացած տեղական ցեղերի։ Ստեղծւել էին խառնուրդ րօմանական լեզուներ, որոնք կամաց-կամաց բաժանւում, դուրս էին գալիս աղաւաղւած միջնադարեան լատիներէնից։ Հռենոսից հիւսիս անխախտ էին մնում գերմնական եւ սլաւօնական բարբառները, դեռ եւս չը վերածւելով մի ազգային լեզւի։

Քաղաքական ասպարէզում տիրապետողն էր աւատականութիւնը, ծայրայեղ ապակենտրոնացումը կամ, աւելի ճիշտը, պարտիկուլարիզմը (բաժան-բաժան վիճակ)։ Ամեն մի փոքրիկ նահանգ, ամեն մի գաւառ, նոյն իսկ ամեն մի դղեակ՝ իր շրջապատ մի քանի գիւղերով ներկայացնում էր մի ուրոյն քաղաքական միութիւն, ունէր իր սեփական պատմութիւնը, իր յատուկ զարգացումը, իր ցաւերն ու դարդերը, իր ուրախութիւնն ու վիշտը։ Տիրող բնատնտեսութիւնը չէր ստիպում ամենեւին այդ առանձնացած մարդկային խմբակներին շփւելու, իրար խառնւելու, քիչ ու շատ խոշոր միութիւններ կազմելու։

Այդ ինքնուրոյն մանր հասարակութիւնների մէջ կար մի ընդհանուր կապող տարր՝ կաթոլիկ եկեղեցին։ Բայց նա էլ ամբողջապէս դէմ էր ազգութեան գաղափարին, որովհետեւ տարածւած էր բոլոր ցեղերի ու ժողովուրդների մէջ. բոլորը նրա հօտն էին, ամեն ցեղից նա իր գիրկն էր ընդունում  թէ ոչխարներ թէ տաղանդաւոր հովիւներ. բոլորն նա ստիպում էր աղօթել մի լեզւով— լատիներէնով, որը կազմում էր եկեղեցու միջազգային զէնքը։ Եկեղեցու դօգման (հաւատալիքը) ասում էր, որ ազգերը եւ լեզուները չարի ծնունդ են. նրանք առաջ են եկել Բաբէլօնի աշտարակաշինութեան ժամանակ, երբ Եհովան իբր պատիժ ըմբոստացած մարդկութեան, խառնակեց նրանց լեզուները մինչ այն աստիճան, որ իրար հասկանալ անկարող եղան եւ իրենց յանդուգն ու մեղսալից շէնքն այլ եւս չը կարողացան կառուցանել։ Պարզ է, որ այդ հաւատալիքի տակ թագնւած էր կաթոլիկ եկեղեցու շահը, ընդհանուր տիրապետութեան ձգտումը։

Ուշադրութեան արժանի է այն, որ արեւելեան կամ հայ եկեղեցին բաժանւեց արեւմտեանից շատ վաղ։ Նա նրանց հետ էր միայն 3 տիեզերական ժողովներում, իսկ Քաղքէդօնի ժողովով (451 թւին) նա առանձնացաւ, դարձաւ զուտ ազգային եկեղեցի, որովհետեւ արեւելքում ազգութիւնն արդէն կար, գոյութիւն ունէր։ Արեւմուտքի եկեղեցիները միացած մնացին մինչեւ 9-րդ դարը։ Նրանք վերջնականապէս բաժանւեցին Ֆօտիոս պատրիարքի օրով (812 թւին), երբ Արեւելեան կամ Բիւզանդիօնի կայսրութիւնն արդէն հէլլէնացել, յունացել էր, երբ նրա լեզուն վերջնականապէս յունարէնն էր դառել, մի խօսքով՝ երբ յոյն ազգութիւնը վերականգնել էր Բալկանեան թերակղզում։ Իսկ Հռօմի եկեղեցին մինչեւ վերջն էլ մնաց կօսմօպօլիտ եւ երբէք չը վերածւեց ազգայինի։

Կը նշանակէ, Եւրոպայում ամբողջ միջին դարերում տիրում էր ծայրայեղ բաժանականութիւնը. ազգութեան գաղափարը չը կար։ Միակ ընդարձակ ու հետեւողականօրէն կենտրոնացած հիմնարկութիւնը կաթոլիկ եկեղեցին էր, այն էլ կօսմօպօլիտ կամ ապազգային էր բառիս ամենալայն եւ ամենատարածւած մտքով։ Նրա համար բոլոր ժողովուրդները մի հօտ էին, որի գլխին եկեղեցականները հովիւ էին, որ խուզում էին ամէն կողմից։ Թէ հօտի եւ թէ հովիւների մէջ ազգութիւն, լեզու, սովորութիւններ չէին հարցնում, այլ լոկ մի բան—հաւատ, կաթօլիկական դաւանանք։ Իր գործածած միակ լեզւի, իր ունեցած միօրինակ ու զօրեղ դիսցիպլինայի կամ կարգապահութեան շնորհիւ՝ նա հանդիսանում էր մի ուժեղ հիմնարկութիւն, որ կրծում, յղկում, հարթում էր իր անդամների ազգային ու ցեղական առանձնայատկութիւնները. իր տարամերժ հաւատալիքի (դօգմ) շնորհով նա ստեղծում էր հոգեւոր անհատների մի ահագին խումբ, որի բոլոր անդամների մտածելակերպն ու նոյն իսկ զգալակերպը գերազանցօրէն միանման էին։

Կաթօլիկ եկեղեցին, մի կողմից հանդիսանալով իբր կրօնական հիմնարկութիւն, միւս կողմից դօգմի (հաւատալիքի) անբաժան մաս դարձրեց աշխարհային տիրապետութիւնը, որով դարձաւ նաեւ քաղաքական մի շատ հզօր ազդակ միջին դարերում։ Նրա աշխարհական իշխանութեան ձգտումն աւելի եւս հակադիր էր ազգային զգացմունքի եւ առհասարակ, ազգութեան զարգացմանը, որովհետեւ նա իր տիրապետութիւնը ձգտում էր տարածել իր բազմալեզու եւ բազմացեղ հօտի ամբողջութեան վրայ։

Մարդկանց թւի աճեցողութեան բնական փաստը, դրա հետ միասին դարերի համայնակեցութեան շնորհով առաջացած կուտակւած մարդկային փորձառութիւնը, որ աղբիւրն է գիտութեան եւ գաղափարների, վերջապէս՝ այդ աճած եւ աճող մարդկութեան բազմացած կարիքներին բաւարարութեան տալու զարգացող միջոցները, տնտեսական—արտադրական նորանոր ձեւերը ծնունդ տւին մի կողմից միջնադարեան քաղաքներին, իսկ միւս կողմից կենտրոնացող պետութիւններին։

Հռօմի կուլտուրական ժողովրդները եւ գերման բարբարոս ցեղերը, երկար դարերի միասնակեցութեան շնորհով, աստիճանաբար սկսեցին որոշ խոշոր վայրերում միանման դառնալ։

Խաչակրաց արշաւանքների տւած փորձերն ու գիտութիւնը, տաճիկների գրաւումներն ու յոյների արտագաղթը, նրանց Իտալիա լցւիլը, իտալական մանր հանրապետութիւնների ընդարձակ առեւտուրը եւ զարգացումը տեղի տւին վերածնութեան դարին, որի ազդեցութեան տակ զանազան գիւտեր իրար յաջորդեցին։ Բարտօլդ Շվարց գերման աբեղան գտաւ վառօդը, Գուտտէնբերգը տպագրութիւնը, Վասկօ—դէ—Գաման շրջեց Բարեյուսոյ Հրւանդանը եւ ծովով գնաց Հնդկաստան, Կօլումբոսը գտաւ Ամերիկան եւ այլն, եւ այլն։

Այդ գիւտերի մանաւանդ վառօդի եւ արքըբուզի (սկզբնական թնդանօթ-հրացանի) շնորհով՝ սոված մանր ազնւականութիւնն ընկաւ, զսպւեց եւ հպատակւեց թագաւորին կամ կենտրոնական իշխանութեանը։ Այդ ամենի վրայ աւելացաւ տնտեսական ֆակտօրը (ազդակը)։ Մարդկանց թւի բնական աճեցողութիւնը պահանջում էր նոր ձեւի տնտեսութիւն, մի այնպիսի տնտեսական ձեւ, որն աւելի արդիւնատու լինէր, քան բուն միջնադարեան արհեստաւորական մանր տնտեսութիւնը։ Միւս կողմից՝ մարդկանց աճող կարիքներին բաւարարութիւն տալու շատ միջոցներ էին սովորել եւրօպացիներին արեւելքում, խաչակրաց արշաւանիքների ժամանակ։ Օտար վայրերից փոխ առած այդ նորութիւնների վրայ աւելացել էին վերածնւած գիտութիւնների ու գաղափարների ազդեցութիւնները, կատարւած նորանոր գիւտերը։ Այդ բոլորը համադրուելով, XIV—XV դարերում մի կողմից հզօրացրել ու զարգացրել էին համքարական կազմերը, իսկ միւս կողմիցց աստիճանաբար ծնունդ էին տւել նոր տնտեսակարգին մանուֆակտուրական (ձեռագործական) արտադրութեանը։ Արտադրութեան մէջ ներմուծւած կենդանութիւնն ու կատարելութիւններն իրենց կարգին, նոր կեանք էին ներշնչել շրջանառութեանը կամ առեւտրին։ Ապրանքների փոխանակութիւնը բաւական արդէն զօրացել էր, թէեւ դեռ ճանապարհների ապահովութիւնն ու ներքին շուկայում տիրող խոչընդոտները բազմաթիւ էին։

Օր ըստ օրէ զարգացող փոխանակութիւնն ստիպում էր մարդկանց աւելի եւ աւելի յաճախակի շփումներ ունենալ։ Միեւնոյն լեզւով, կամ համարեա՛ միատեսակ բարբառներով խօսող միջնադարեան բաժան-բաժան համայնքներն սկսում էին իրար մօտենալ, իրար հասկանալ։ Որքան աւելի զարգանում էր փոխանակութիւնը եւ, դրա հետ միասին, որքան աւելի կենտրոնական իշխանութիւնը զսպում էր մանր-մունր ֆէօդալներին եւ իր իշխանութեանն էր ենթարկում նրանց իրաւասութեան տակ առանձնացած կեանքով ապրող համայնքներին, այնքան աւելի մի ժողովուրդ, մի ազգ լինելու գաղափարը զարգանում էր այդ նման բարբառներով խօսող ժողովրդների մէջ։

Արդէն XIV դարի վերջերում եւ XV-ի սկզբներում մենք տեսնում ենք, թէ ինչպէս ազգային պետութիւնները կամաց-կամաց ծնունդ են առնում ու զարգանում Ֆրանսիայում, Իսպանիայում, Անգլիայում, մասամբ Աւստրիայում։ XIV դարն ազգային պետութիւնների լիակատար ուժի զարգացման շրջանն է։ Այդ պետութիւններն արդէն ոչ միայն կազմակերպւել են. ոչ միայն արդէն կա Ֆրանսիական ազգ, Իսպանական, Անգլիական, Նիդէրլանդական ազգ, այլ եւ այդ ազգային պետութիւնները, որոնց բնակիչները, դարերի համայնակեցութեան շնորհով յղկւել, մի ազգ են դառել, այլ եւս չեն բաւականանում իրենց սահմաններով։ Նրանք դառնում են ազգամոլ կամ շօվինիստ, տարամերժ, դառնում են գրաւող, յափշտակող, կլանող մի խօսքով՝ էնպէրիալիստ։ Գրաւման միջոցը միայն պատերազմը չէ, այլ եւ խնամիութիւնը, օժիտը, դրամով գնելը, ժառանգութիւնը, երկրները իրար հետ փոխանակելը, կրօնը եւ այլն, եւ այլն։

Այնուհետեւ ազգ եւ պետութիւն հասկացողութիւնները խառնւում են իրար։ Այդ գաղափարների խառնաշփոթութիւնը դեռ մինչեւ օրս էլ տեւում է Եւրօպական գրականութեան ու գիտութեան մէջ։

Պետութեան ծագման ու զարգացման հարցը թէ միջնադարեան, թէ՛ նոր դարերի գրականութեան մէջ մեծ տեղ է բռնում, իսկ մինչեւ XIX դարի սկզբները դուք համարեա՛ ոչինչ չէք կարող գտնել ազգային խնդրի վերաբերմամբ։ Նրանով չը զբաղւեցին ոչ Իւմը, ոչ Լօկկը, ոչ Հօբսը. նրա վրայ ուշք չը դարձրին XVIII դարի ֆրանսիական լուսաւորիչները Մօնտէսքիեօ, Վօլտէր, Րուսսօ, Դիդըրօ, Հէլվէցիուս, Հօլբախ, Կօնդօրսէ եւ այլն։ Ազգութիւնը կար, գոյութիւն ունէր եւ շատ սուր կերպով երբեմն-երբեմն զգալ էր տալիս իր գոյութիւնն, ինչպէս օրինակ XVI դարի երկրորդ կիսում Նիդէրլանդում, Գէօզերի ապստամբութեան ժամանակ. հօլանտական ազգը ոտի էր ելել իսպանական Փիլիպպոս Բ. թագաւորի բռնութիւնների դէմ. կամ XVIII դարի վերջում, երբ Աւստրիական լուսաւորւած միահեծան Յովսէփ Բ. արհամարհելով պատմական-ազգային բոլոր սահմաններն, ուզեց նոր տեսակի վարչական բաժանումներ ներմուծել իր խոշոր կայսրութեան մէջ եւ ընդհանուր պաշտօնական մի լեզու գերմաներէն ներմուծել ամէն տեղ, իր պաշտօնեաների միջոցով։ Չը դիմացաւ Հօլլանտիան այդ ազգային բռնաբարմանը եւ ապստամբւեց բաց աշկարայ։ Ապստամբւում էր եւ Մաջարական ազգը, բայց աւստրիական բանակները թոյլ չը տւին։

Ազգերի ցնցման, նրանց ըմբոստացման փաստեր բաւական շատ էին պատահում, բայց ոչ ոք ուշք չէր դարձնում այդ հարցի վրայ, ոչ ոք նրանով չէր զբաղւում, որովհետեւ ամենքի համար նա խիստ պարզ, ինքն ըստինքեան հասկանալի էր թւում։

Պայթեց ֆրանսիական Մեծ Յեղափոխութիւնը։ Ֆրանսիական ազգի ներսում իրար զարնւեցին դասակարգերը։ Զարգացած ու հարստացած երրորդ դասակարգն, իր հետ ունենալով աղքատացած գիւղացիութիւնն ու բաւական ստւար բանւորութիւնը, դուրս եկաւ հարուստ, բայց փոքրաթիւ հոգեւորականութեան, կալւածատէրերի եւ սնանկացած ազնւականութեան դէմ։ Ֆրանսիական ազգը կար, նրա գոյութիւնը ոչ ոք չէր մերժում։ Այդ դեռ բաւական չէ. Լիւդովիկոս XIV—ի օրով նոյն իսկ պետութեան «բնական սահմաններն» ամբողջացնելու հարց էր դրւած։ Իսկ այդ «բանական սահմաններն» ամբողջացնելու հարց էր դրւած։ Իսկ այդ «բանական սահմանները» համարւում էին ֆրանսիական լեզւի տարածման վայրերը։ Բօսսիւէի, Մալեբրանշի եւ այլ հոգեւորականների օրով նոյն իսկ եկեղեցին ջոկեցին կաթոլիկական ապազգային եկեղեցուց եւ կոչեցին գաղղիական ազգային եկեղեցի։

Յաղթական երրորդ դասակարգը, իր հետ ունենալով աղքատացած գիւղացիութիւնն ու բանւորութիւնն՝ իրաւունքով համարում էր իրեն «la Nation française» ֆրանսիական ազգ, որի դէմ դուրս էին եկել երկրից փախած ազնւականները Էմիգրանտները (les émigrés)։ Ազգութեան մասին ոչ ոք չէր խօսում. բոլորը ճառում էին «մարդու եւ քաղաքացու իրաւունքներից»։ Թէ եւ «Ազգային պահակը» (Garde nationale) եւ այլ «ազգային» մակդիրը կրող հաստատութիւնները կային, բայց ազգային հարցի փոխարէն ամենքի լեզւի վրայ խաղում էին համամարդկային իրաւունքներն ու սկզբունքները։ Եւ ինչո՞ւ պէտքէ այլ կերպ լինէր, երբ ֆրանսիական մշակւած, քաղցր լեզուն եւ ծաղկած գրականութիւնը տարածւած էին ամէն տեղ. նրանց մրցակից չը կար դեռ ոչ մի երկրում։ Արքունիքները բոլոր երկրներում գործ էին ածում ֆրանսիական լեզուն, իբր նշան քաղաքակրթութեան։ Ֆրանսիան վաղո՜ւց դառել էր գրաւող, յղկող, կլանող, կարճ՝ Իմպերիալիստ։ Այդ իմպէրիալիզմն աւելի եւս սաստկացաւ՝ շնորհիւ յաղթական բուրժուազիայի եւ յեղափոխութեան ու Նապօլէօնեան ժեներալների ու մարէշալների (մեծ զօրավարներ)։ Ուր որ մտնում էին ֆրանսիական յաղթական բանակները, հետները տանում էին Ֆրանսիացիութիւն, եթէ կարելի է այդպէս ասել։ Իրենց երկրին մօտիկ վայրերը Զւիցէրիան, Հռէնոսեան բոլոր երկրները, Սավօյեան եւ Իտալիան, նոյն իսկ Իսպանիան եւ Պօրտուգալիան վերածւեցին առանձին պետութիւնների, որոնց պետերը եւ վարիչ խաւերը ֆրանսիացիներ էին։ Սրանք բնականօրէն, ամեն կերպ աշխատում էին Ֆրանսիացնել այդ երկրները, ոտի տակ տալ հպատակ ազգերի ազգային առանձնայատկութիւնները, յղկել ամեն ինչ, վերածել ֆրանսիական «ազգային կօսմօպօլիտիզմին», եթէ կարելի է այդպէս ասել։ Այո՛, դա իսկապէս ամենակոպիտ, ամենագռեհիկ ձեւերով ֆրանսիացում էր, բայց քողարկւած «մարդու եւ քաղաքացու», բացարձակ, ապազգային կամ կօսմօպօլիտական դիմակով։ Ֆրանսիացիք, մանաւանդ Նապօլէօնի օրով, համոզւած էին, որ ֆրանսիացին բարձր է բոլորից եւ բոլոր ազգերը պարտաւոր են քաղաքակրթւիլ, այսինքն՝ Ֆրանսիանալ։

Նապօլէօնեան ճնշումն ամենից աւելի զգալի էր Պրուսիայի, այդ միաձոյլ ազգային պետութեան վրայ։ Եւ ահա այդտեղ մենք ամենից առաջ նկատում ենք մի նոր ներքին ազգային քաղաքականութիւն, որի միակ ձգտումն էր մրցել ֆրանսիական ազդեցութեան դէմ, գործի հրաւիրելով ազգի բոլոր խաւերը։ Շտայն եւ Հայդէնբէրգ ներքին գործերի նախարարները լայնացնում են Պրուսիայում տեղական ինքնավարութիւնը եւ դրդում «ազգին» ինքնագործունէութեան, այնինչ դրա դիմաց Նապօլէօնեան մեքենական ցէնտրալիզմը (կեդրոնացումը) կամազուրկ էր անում ֆրանսիական ազգին։ Զինւորական մինիստր Շարնհօրստը վերակազմեց Պրուսիական բանակը, երբ Տիլզիտի դաշնադրութեամբ Նապօլէօնն ստիպեց Պրուսիային 42000—ից աւելի զօրք չը պահել իբր մշտական բանակ։ Տաղանդաւոր նախարարն անմիջապէս ներմուծեց ընդհանուր զինւորագրութիւն, տալով բանակին Պրուսական համազգային գոյն, եւ կրճատեց իսկական ծառայութեան ժամանակը, հաստատելով պահեստի գնդեր։ Բոլոր երիտասարդները գալիս էին իսկական բանակը, երկու տարի վարժւում՝ ինչպէս դպրոցում, եւ ցրւում իրենց տեղերը։ Իսկական բանակը կրկին 42000 էր, բայց կարճ ժամանակում բոլոր Պրուսական երիտասարդութիւնը լանդվէհր կամ պահեստի զինւոր էր։

Հետաքրքիր է թէ ինչ էր գրում Բօնապարտի եղբայրը Վէսաֆալիայի թագաւոր Ժերօնիմն իր եղբօրը Նապօլէօն կայսրին. «Եթէ պատերազմ սկսւի, Հռենոսից մինչեւ Օդէր եղած բոլոր նահանգները կապստամբւեն։ Այս սպառնական շարժման պատճառը միայն ատելութիւնը չէ, որ տածում են այդ տեղի ժողովրդները դէպի Ֆրանսիան ու ֆրանսիական լուծը. աւելի խոշոր նշանակութիւն ունեն ժամանակակից թշւառութիւնները»… Եւ այնուհետեւ ճարպկօրէն նկարագրում է նա իր եղբօրը Հռէնոսեան երկրներում տիրող նիւթական թշառութիւնները եւ վերջում աւելացնում է. «Պէտք է վախենալ ազգերի յուսահատութիւնից, որոնք կորցնելու ոչինչ չունեն, որովհետեւ ամեն ինչ արդէն խլել են նրանցից»։

Բռնաբարւած ազգային գիտակցութիւնը գլուխ բարձրացրեց ամենից աւելի չըսպասւած վայրում Պիրինեան թերակղզում։ Համաշխարհային տիրապետութեան փառաւոր շրջանից յետոյ, Իսպանիան ընկել, քայքայւել էր։ Արեւմտեան Եւրոպայի ոչ մի երկիր այնքան յետ չէր մնացել արտադրութեան ու առեւտրի տեսակէտից, որքան Իսանիան, գոռոզ գրանտների (ազնուական) ու ինկւիզիցիայի (հաւատաքննութեան) հայրենիքը, ոչ մի երկիր նրա չափ խաւար ու անգրագէտ, կրօնական լծի տակ խեղդւած չէր։ Չը կար նոյն իսկ քիչ ու շատ բուրժուազի, որի շարժումներով, որի շուկայ գրաւելու ձգտումով սիրում են տառակեր մարքսիստները բացատրել ամեն մի քաղաքական երեւոյթ։

Նապօլէօնեան լուծը չափազանց անտանելի էր ոչ միայն իսպանական չնչին բուրժուազիայի կամ բաւական զօրեղ ազնւականութեան համար, այլ եւ իսպանական ամբողջ ազգի, նրա գիւղացիութեան ու սակաւաթիւ բանւորութեան համար։

Ապստամբութեան առաջին ազգային դրօշը պարզողը Նապօլէօնի դէմ եղաւ Իսպանիան, որի ժողովուրդն իր գէրիլլայով * ՝ իր մանր, պարտիզանական (հայդուկային) կռւով ուժասպառ արեց Մասսէնայի նման մի մարէշալի։ Իսպանացիներին օգնեցին եւ անգլիացիները Ուէլլինգտօնի, Նապօլէօնի այդ արժանաւոր հակառակորդի ղեկավարութիւնով։ Եւ Ֆրանսիան երբէք չըկարողացաւ տիրել Իսպանիային։

Իսկապէս Նապօլէօնի անկման թւականը ոչ թէ 1812 թիւն էր, ռուսական պատերազմը, որի ժամանակ ոտի էր ելել ամբողջ ռուս ազգը, այլ 1809—1810 թւերը, երբ Իսպանացիները դուրս մղեցին ֆրանսիական զօրքերը։ Նապօլէօնի աստղը թեքւեց այն ժամանակ, երբ ազգերը եկան գիտակցութեան եւ շարժվեցին օտարի լծի դէմ։

Բուրբօնների վերադարձը կամ րէստօրասիօնը, Վիէննայի վեհաժողովը եւ Սրբազան Դաշնակցութիւնը հանդիսացան դահիճներ վերածնւել սկսող ազգութիւնների համար։ Վիէննայի կօնգրէս եւ Սրբազան Դաշնակցութիւնը նորից հաստատեցին պետութեան սկզբունքը եւ ոտնահարեցին ազգութեան եւ մանաւանդ ազգային պետութեան գաղափարը։

Սրբազան Դաշնակցութեան հիմնադիրն Ալէքսանդր I կայսրն էր, բայց նրա ոգին կազմեց Աւստրիան՝ իր կանցլէրով գլխաւոր նախարար տխրահռչակ Մէտտէրնիխով։ Եւ Աւստրիան ամենից աւելի օգտւեց այդ Դաշնակցութիւնից, որովհետեւ ամենից նւազ էր նրանում ազգային պետութեան սկզբունքը։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանը յենւում էր իր մեծագոյն մասի միապաղաղ ռուս ազգաբնակչութեան վրայ. երբ Պրուսիան իբր հիմք ունէր իր Պրուսսացի ժողովուրդը, Աւստրիան, ամփոփելով իր մէջ39 տեսակ ազգութիւն, չէր կարողանում գտնել իր պետութեան համար ոչ մի ազգային յենակէտ, որովհետեւ Գերմանները շատ քիչ էին համեմատելով սլաւօնների ու մաջարների հետ։ Նրա միակ հիմքը պատմական իրաւունքն էր, մի խախուտ իրաւունք, որ կախւած էր լոկ ուժից։

Եւ ահա Մէտտէրնիխը, չար ոգու նման, խեղդում է ազգային ամեն տեսակ գիտակցական շարժում ամբողջ Եւրօպայում, փշրում, ոչնչացնում է ամեն տեսակ ժողովրդական ըմբոստացում լինի նա Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Բէլժիկայում, թէ Բալկաններում… Խաւարն ու րէակսիօնի չար դեւն են թագաւորում 1815 թւից մինչեւ 1830—ական թւերը Եւրոպայում։

Բայց արթնանում, գիտակցութեան են գալիս մանր ազգութիւնները։ Նախ պայթում է յունական ապստամբութիւնը, որ 1820—ից մինչեւ 1830 թիւը տեւելով, վերջացաւ յոյների անկախութիւնով։ Ռուսաց Նիկօլայ I կայսրը պաշտպան կանգնեց յոյներին, որով եւ բաց արեց առաջին խոշոր պատռւածքը Սրբազան Դաշնակցութեան մէջ։

1830 թւին Բելժիքան բարձրացրեց ապստամբութեան դէօշակը Հօլլանտական լծի դէմ։ Վիէննայի Կօնգրէն ճնշում էր Բէլժ ազգութիւնը, ենթարկելով նրան Հօլլանտիայի լծին։ Յուլիսեան յեղափոխութիւնը (1830)ին Ֆրանսիայում ելեքտրական հոսանքի նման անցաւ ամբողջ Եւրոպայում, ցնցելով ու ըմբոստացնելով մի տեղ մանր ազգերին ընդդէմ տիրապետողների լծի, մի այլ տեղ՝ ժողովրդական դէմօկրատիական (ռամկավար) խաւերն ընդդէմ տիրող դասակարգերի։

1830—ի Օգոստոսի 25—ին ոտքի կանգնեց Բէլժիքան, եւ հոկտեմբեր 3—ին արդէն կազմւել էր ժամանակաւոր կառավարութիւն։ Մի շարք մանրիկ ընդհանրումներից յետոյ, նոյն թւի նոյեմբերին Լօնդօնի կօնֆէրանսը ճանաչեց Բէլժիքայի անկախութիւնը։

Յուլիսեան յեղափոխութեան երկրորդ ու զօրեղ արձագանքն եղաւ Լեհական ապստամբութիւնը։ Լեհ ազգը դուրս եկաւ Նիկօլայ I կայսրի րէժիմի դէմ 1830 թւին, բայց ջարդ ու փշուր եղաւ ֆէլդմարշալ (ընդհանուր զօրագլուխ) Պասկեվիչի ահագին բանակից, եւ լեհական ինքնավար նահանգն ու լեհական կառավարութիւնը չքացան այնուհետեւ։

Նոյն թւին եւ հետեւեալ տարին ժողովրդական ապստամբութիւններն սկսւեցին Գերմանիայում եւ Զուիցէրիայում։ Ըմբոստացած ժողովուրդը Գերմանիայում ոտի ելաւ բացարձակ միահեծանութեան դէմ, իսկ Զուիցերիայում մանր հանրապետութիւնների ազնուականութիւնների դէմ։ Բայց այդ տեղերում ազգային անկախութիւնը կար, դասակարգերն էին մրցում իրար դէմ։

Ազգային գիտակցութեան, վերածնութեան ու անկախութեան երրորդ փորձը մենք տեսնում ենք Իտալիայում 1831-32-33 թւերին Մօդէնայում եւ այլ քաղաքներում Մէնօտաիի եւ Ջիուզէպպօ Մաձձինիի առաջնորդութեամբ։

Իտալական մանրիկ պետութիւններում եւ Աւստրիային ենթակայ նահանգներում սկսւում է ազգային շարժում. Իտալիան ձգտում է ազգային ամբողջութեան եւ անկախութեան։ Բայց Սրբազան Դաշնակցութեան չար ոգին՝ Մէտտէրնիխը վրայ է հասնում. Աւստրիական զօրքերը ճնշում են ապստամբութիւնը. Իտալիայի մի մասը (հիւսիսը) մնում է օտարի լծի տակ, իսկ միւս մասերը Պապի եւ մանր մունր իշխանների բռնապետութեան տակ հիւծում են։ Չէ ընկճւում միայն Ջիուզէպպօ Մանձձինին, այդ անխոնջ հանրապետականը, որը 1833 թւին Մարսէյլում հիմնում է «Երիտասարդ Իտալիան» ընկերութիւնը եւ քարոզում Իտալիայի միութեան գաղափարը։

Վրայ է հասնում կենսարար եւ երկունքով լի 1848 թուականը։ Ֆրանսիայում տապալւում է բուրժուական միապետութիւնը եւ հաստատւում երկրորդ հանրապետութիւնը, որը ծնունդ տւեց Նապօլէօն III-ին։ Փետրուարեան յեղափոխութեան լուրը Վիէննա հասնելուն պէս, պայթեց յեղափոխութիւնն այնտեղ էլ։ Ճնշւած, հալածւած հոգիների միահամուռ նշանաբանն էր «Կորչի Մէտտէրնիխը»։ Եւ նա կորաւ, թէեւ Աւստրիան կրկին դուրս եկաւ այդ թուականի փրկարար շարժումներից ոչ բոլորովին վերանորոգւած, կրկին հիւանդ ու անկանոն, աննօրմալ կազմով կրկին ինքնակալ։

Մարտի 13-ին պայթեց յեղափոխութիւնը Վիէննայում։ Մէտտէրնիխը փախաւ քաղաքից, իսկ կայսրը տւեց սահմանադրութիւն, թէեւ սկզբում կիսատ-պռատ, բայց յետոյ, ամառը աւելի ընդարձակ իրաւունքներով։

Վիէննայի յեղափոխութեան լուրը հասաւ Իտալիա։ Այնտեղ արդէն բոլոր մանրիկ բռնակաքները, նոյնպէս Պիոս IX պապը, տւել էին սահմանադրութիւն իրենց ըմբոստացած հպատակներին։ Ինքնակալական լծի տակ հեծում էին միայն Աւստրիական նահանգները՝ Լօմբարդօ-Վէնէցիան։ Սակայն այդտեղ էլ, Վիէննայի բարրիկադների լուրն առնելուն պէս, իսկոյն ապստամբութիւններ ծագեցին Միլանում եւ Վէնէցիայում։ Իտալական բոլոր մանր պետութիւնների ազգաբնակութիւնները ճնշում էին իրենց պետերին, պահանջելով զօրք հաւաքել ու շարժւել «բարբարոս օտարականների» վրայ, ազատել Իտալիան օտարի լծից, ձեռք բերել «ազգային ամբողջութիւն եւ անկախութիւն»։ Սարդինիայի թագաւոր Կարլ Ալբերտը խրախուսուած այդ բոլորից, Տէչինօ գետն անցաւ եւ մտաւ Լօմբարդիա, Աւստրական հողերը։ Իտալիայի մի ծայրից մինչեւ միւսը բոլոր զօրքերն ու կամաւորները շարժւեցին դէպի հիւսիս, Աւստրիացիների դէմ։

Զարթնեց եւ վաղո՜ւց թմրած Բօհէմիան։ 1848-ի յունիսի 2-ին Չեխերն ազգային կօնգրէս հրաւիրեցին եւ որոշեցին փշրել Հաբսբուրգների լուծը։ Նոյն ամսի 12-ին Պրագայում պարզւեց ապստամբութեան դրօշը յանուն չեխ ազգի անկախութեան։ Շինւեցին  բարրիկադներ, կազմւեց քաղաքացիներից գւարդիա կամ ազգային պահակ, սակայն Աւստրիական զօրքը, որի պետն էր իշխան Վինգիշգրէցը, շատ զօրեղ էր այդ վայրում։ Զօրքը ռմբակոծութեան ենթարկեց Պրագան, յաղթեց ապստամբներին եւ կօնգրէն ցրեց։

Նոյն թւի սեպտեմբերին պայթեց Մաջարների կամ Վէնգրիացիների ազգային ապստամբութիւնը Կօշուտ Լայոսի առաջնորդութեամբ։ Ապստամբները փոփոխակի յաջողութիւնով 7-8 ամիս պատերազմեցին Աւստրիական բանակների դէմ եւ 1849-ի ամառն արդէն վերջնականապէս յաղթել եւ դուրս էին քշել նրանց մաջարական սահմաններից, պատրաստւում էին քշել նրանց մաջարական սահմաններից, պատրաստւում էին մտնել հրաժարւած Ֆէրդինանդ II-ի ժառանգ Ֆրանց-Յովսէփ կայսրի երկիրը, երբ վերջինս օգնութիւն խնդրեց Ռուսիայից։ Նիկօլայ Պաւլօվիչն ուղարկեց 200000 զօրք Պասկեվիչի եւ Լիդէրսի ղեկավարութեամբ։ Աւստրիական եւ Ռուսական հսկայական բանակներից ջարդւած, ապստամբութիւնն ընկաւ, եւ Աւստրիան հրէշաւոր դաժանութիւնով վարւեց յաղթուածների հետ։

Պարտւեց եւ Իտալիան։ Միլանն ու Վէնեդիգը կրկին մնացին Աւստրիական լծի տակ։

Գերմանիայում, բացի բուրժուական III դասակարգի դասակարգային շարժումները, տեղի էր ունենում, սկսած Նապօլէօն I-ի օրերից, նաեւ ազգային վերածնութեան ու միացման շարժում, որը կիսով չափ կատարւեց  1848-ին, իսկ լիապէս իրականացաւ 1871-ին։

1860-ական թւականներին մենք տեսնում ենք վերջապէս Իտալական ազգն ազատւած, մի կողմից շնորհիւ Գարիբալդիի յեղափոխական գործունէութեան, միւս կողմից՝ շնորհիւ կոմս Կաւուրի, Կարլ Ալբերտ եւ Վիկտօր Էմմանուէլ թագաւորների (Սարդինական) բանակների ու դիպլօմատիայի։ 1866-ին Իտալացիներին յաջողւում է միացնել եւ Վէնեցիան, որ դեռ մնացել էր Աւստրիայի ձեռքում։

Յոյների ազգային անկախութիւն ձեռք բերելու մասին մենք արդէն խօսել ենք. մնում է մի քանի խօսք էլ ասել հին րէժիմեան Թիւրքիայի լծի տակ հեծող միւս ազգերի մասին։

Դեռ Յունաստանից էլ առաջ, 1815 թւին Ղարա-Գէօրգին, յետոյ էլ Օբրէնօվիչը բարձրացրեց ապստամբութեան ազգային դրօշը Թիւրքիայի դէմ։ Մօլդավեան եւ Վալախիան էլ նախ զատ-զատ, ապա միացած ուժերով, ձեռք բերին ազգային ինքնավարութիւն  40-ական թւերին, մինչեւ որ թէ Սերբիան, թէ Ռումանիան 1877-ի պատերազմի ժամանակ դարձան միանգամայն անկախ պետութիւններ։

Բօլգարիան, սկսած 1850-ական թւերից, ձգտում էր ազգային անկախութեան, որին եւ հասաւ արիւնալի ապստամբութեան շնորհիւ 1877-ին, Ռուսաստանի օգնութեամբ։ 1897—ին ինքնավարութիւն ձեռք բերեց Կրետէն։ Մակեդոնիայի, Դիւրզիների, Արաբների, Հայերի եւ այլ ազգութիւնների ձգտումներն ամենքին յայտնի են։ Դրանք ձգտում էին ազատւել բռնապետական լծից, ստեղծելով սահմանադրական Թիւրքիա, որի ներսում վարչական բարդ մեքենան այնպէս լինի կազմւած, որ մանրիկ ազգութիւնները վայելեն ազգա—կուլտուրական լիակատար ինքնավարութիւն։ 1839 թւին Եգիպտոսը եւ Ֆէլլահ ազգութիւնը ազատւեց։

Եթէ յիշենք նաեւ Լեհաստանի ազգային ապստամբութեան փորձը  1860—ական թւերին, դրանով համարեա՛ վերջացրած կը լինենք մինչեւ մեր օրերը տեղի ունեցած ազգային վերածնութեան շարժումների պատմութիւնը։

 

Մենք խոշոր գծերով առաջ բերինք ազգութեան գաղափարի ծնունդն ու զարգացումը մարդկային պատմութեան ընթացքում։ Մենք ներկայ եղանք նրա ծնելուն Յունաստանում եւ Հռօմում, մենք տեսանք թէ ինչպէս, բարբարոսների արշաւանքներով ու Հռօմի անկումով, ազգութեան գաղափարը մի առ ժամանակ տեղի տւեց, մօտ 7—8 դար թաղւեց Հռօմի փլատակների տակ, գերման պարտիկուլարիզմի (բաժանականութեան) գրկում, եւ թէ ինչպէս, սկսած  XII դարից, աստիճանաբար նա վերածնւեց ու արտադրեց ազգային պետութիւններ։ Վերջապէս, հետեւելով ազգութեան գաղափարի բնաշրջմանը (էւօլիւսիօնին), մենք տեսանք, թէ ինչպէս իրար ետեւից ծնւեցին ու զարգացան մանրիկ ազգութիւնները, ինչպէս նրանք վերակենդանացան 17, 18 եւ մանաւանդ 19—դ դարերի ընթացքում, երբ, մարդկային գիտութեան շնորհիւ ստեղծւեցին հաղորդակցութեան եւ արտադրութեան յարմարագոյն միջոցներ, երբ, կուլտուրան ու քաղաքակրթութիւնը դարձան ժողովուրդների լայն խաւերի սեփականութիւնը, երբ ժողովրդական զանգուածները, մարդկային այդ անգիտակից հօտերը՝ եկան գիտակցութեան։

Մարդկային պատմութեան ընթացքում ազգութիւնների ընդհարումները չափազանց շատ են ու աչք ծակող։ Անկարելի է նրանց չը տեսնելու տալ։ Այդ ընդհարումներից շատերն անպայման ունեն այս կամ այն դասակարգային աստառը, սակայն նրանց մէջ բազմաթիւ են եւ այնպիսիները, որոնց արմատը թաղւած է ոչ թէ այս կամ այն դասակարգի շահերի գրկում, այլ տրւած ազգի բոլոր դասակարգերի հոգիներում՝ առանց որ եւ է խտրութեան կամ բացառութեան։ Վերցրէք բոլոր ճնշւած ազգութիւնների դիմադրական կամ ազատագրական կռիւները. նրանց բոլորի մղիչ ոյժը բղխում է ազգերի բոլոր դասակարգերի սրտից։

Ազգային այդ զարգածումը զօրեղ է, յաճախ հզօր եւ ամենակուլ։ Այդ Մօլօխը շա՜տ զոհեր է կլանել եւ դեռ կլանում է այսօր, մեր աչքի առջեւ։

Մարդկային տաք արիւնը հասել է առատ գետերով ու դեռ հոսում է։ Անհատներ ու խմբեր, նոյն իսկ զգալով առջեւներում եղած անդունդը, անխուսափելի բանտը, աքսորը, կախաղանն ու գերեզմանը, գիտակցաբար առաջ են սլանում՝ աներկիւղ եւ անձնուրաց, մղւած մի ներքին անդիմադրելի ուժից, մի աստուածային կրակից։

Ի՞նչ է այդ ներքին մղիչ ոյժը։ Ո՞րն է այդ անդիմադրելի ու անպարտելի խթանը, այդ աստուածային կայծը, որ մղում է մարդկանց դէպի մահ, դէպի անձնուրացութիւն։

Դրա անունն ազգային զգացմունքն է։ Ազգն ու ազգութիւնն են այդ մղիչ զօրութիւնները, մարդկային պատմութիւնը շարժող լծակներից մէկը, թերեւս ոչ շատ էլ փոքրը։



[1]            Տես Fustel—de—Coulange «La cité antique».

*             Գէրիլլա նշանակում է մանր կռիւ։