Ի՞նչ է ազգութիւնը.

Հեղինակ

Բաժին

Թեմա

IV
Աշակերտների կարծիքները։ Աստիճանական ժխտում ուսուցիչների տեսակէտի։ Կուսակցութիւնների տեսակէտները։ Ինտէրնացիօնալը, Ռուսական կուսակցութիւնները։ Աւստրիականը եւ Բրուննի վճիռները։

Այդ է ուսուցիչների կարծիքը։

Անցնենք այժմ աշակերտների եւ միւս «ծայրայեղ» մտածողների կարծիքներին։ Նախ սկսենք աշակերտներից։

Այդտեղ մենք կը տեսնենք երկու որոշ հոսանք։ Սկզբնական հոսանքն անկեղծօրէն հետեւող է ուսուցիչների թողած տեսակէտների. Նա ապազգային է։ Այդ հոսանքի ամենափայլուն եւ հետեւողական ներկայացուցիչը հների մէջ հանգուցեալ Լիբկնէխտն էր, որ խրոխտաբար հնչեցնում էր իր ձայնը Մարսէլում 1892 թւին. «Մեզ, սօցիալիստներիս համար գոյութիւն ունի երկու ազգ՝ բանւորների ազգը եւ բուրժուաների ազգը»։ Սա միանգամայն մտքերի շփոթումն է. իրար են խառնւած երկու միանգամայն տարբեր երեւոյթներ ազգը եւ դասակարգը։ ազգը մի հոգեկենսական կամ բնա—պատմական երեւոյթ է, իսկ դասակարգն այդ բնա—պատմական ամբողջութեան ներսում մի տնտեսական ստորաբաժանում է։

Լիբկնէխտի նման էին մտածում սկզբներում բոլոր սօցիալ դէմօկրատները, նոյն իսկ Կ. Կաուցկին։ Սա իր «Ժամանակակից ազգութիւնը» հնագոյն յօդւածում (ազգութեան հարցի առթիւ հնագոյն) գրեթէ նոյն տեսակէտի վրայ է կանգնած, ինչ որ Լիբկնէխտը։ Իհարկէ Կաուցկին, իբր գիտնական, չէր կարող, նոյն իսկ իր այդ հնագոյն երկրում, իրար խառնել ազգն ու դասակարգը, ինչպէս Լիբկնէխտը, բայց նրանց վերաբերմունքը դէպի ազգութիւնը նոյնն էր գրեթէ. այսինքն՝ այն, ինչ որ Մարքսն ու Էնգէլսն էին մշակել։

Այդ հնագոյն գործում Կաուցկին հանդիսանում է իբր հաւատարիմ աշակերտ Մարքսի եւ Էնգէլսի։ Ազգութիւնը նրա համար, իհարկէ այդ շրջանում, հանդիսանում է իբր մի արհեստական կազմութիւն, որ փոխարինել է հին տոհմական կազմին։ Նա ծնունդ է առել կապիտալիզմի հետ միասին 14—16 դարերում։ Նա իր էութիւնով բուրժուական հասկացողութիւն է։ Քանի դեռ բուրժուազիան չէր դարձել քաղաքական դրութեան տէրը, նա հանդիսանում էր իբր բողոքող տարր, իբր յեղափոխական դասակարգ ընդդէմ ազնւականութեան եւ հոգեւորականութեան. ճիշտ այդ պատճառով էլ նրա զաւակը, նրա ծնած «Ազգային գաղափարը», այսինքն «ազգի միութեան գաղափարը» հանդիսանում էր յառաջ մղող, պրօգրէսիվ, նոյն իսկ յեղափոխական մի տարր։ Բայց երբ բուրժուազիան իր ձեռքն առաւ քաղաքական ղէկը, յաղթահարեց ազնւականութեանն ու հոգեւորականութեանը, սկսեց կամաց—կամաց կորցնել իր յեղափոխական բնոյթը եւ դառնալ նախ պահպանողական՝ ձգտելով պահել իր ձեռքում գրաւած դիրքերը, իսկ յետոյ, երբ չորրորդ դասակարգն աշխատաւորութիւնն սկսեց կազմակերպւել եւ, պետութեան դէմօկրատացման հետ միասին, ազդեցութիւն ձեռք բերել թէ քաղաքական եւ թէ տնտեսական ասպարէզներում, բուրժուազիան այդ ժամանակ սկսց դիմել դէպի րէակսիօն, դէպի յետադիմութիւն։ Եւ դրա հետ միասին, ասում է Կաուցկին, երբ բուրժուազիան քանի գնում աւելի եւ աւելի րէակսիօնէր է դառնում, «ազգային գաղափարը դառնում է մի ծիրանի, որով զարդարւած են ամեն տեսակ շահագործողներ, կարիերիստներ (դիրք որոնողներ)»։ Իբր եզրակացութիւն իր այդ ուսումնասիրութեան, Կ. Կաուցկին գալիս է այն եզրակացութեան, որ մանր ազգութիւնները պիտի ձուլւեն խոշոր ազգերի մէջ եւ ազգային լեզուները պիտի փոխարինւեն մի ընդհանուր միջազգային լեզւով։

Ու այդ բոլորը հանդիսանալու են իբր հետեւանք տնտեսական կեանքի համաշխարհային կեդրոնացման եւ ազգային սահմանափակումների չքացման։ Այս զուտարիւն մարքսիստական տեսակէտից մօտենալով չեխերի շարժման, Կաուցկին դատապարտում է նրանց ազգային ինքնուրոյնութիւն ձեռք բերելու ձգտումը, որովհետեւ այդ ձգտումը հակասում է տնտեսական զարգացման ընթացքին [1] ։

Լիբկնէխտի եւ Կաուցկու նման էին մտածում եւ միւս սօցիալ—դէմօկրատները համարեա´ բոլոր երկրներում։ Այդ տեսակէտը մարքսիստական «հաւատալիքի» անբաժան մասն էր կազմում։ Ռուսական սօցիալ—դէմօկրատիան ոչնչով յետ չէր մնում իր եւրոպական ուսուցիչներից. Ընդհակառակը, իբր նորադարձ մարդիկ, նրա լիդէրները շատ աւելի անհամբերատար ու հալածող էին, քան Եւրոպական աւելի զարգացած գործիչները։ Նրանց հանած սոսկալի հալածանքը բունդի, լատիշական, լեհական սօցիալիստ կուսակցութիւնների, Դաշնակցութեան եւ ուրիշ «ազգային սօցիալիստական» կուսակցութիւնների դէմ հասնում էին կատարեալ կրօնական հալածանքների աստիճանին։ Ով դաւանում էր աստիճանին։ Ով դաւանում էր ազգային սկզբունք կամ կազմակերպութեան կամ ո եւ է այլ տեսակէտից, հրատարակւում էր մանր բուրժուա, րէակսիօնէր եւ ենթարկւում կատարեալ աստրակիզմի (նշաւակութեան)։

Անողորոմ իրականութիւնն իր դառն դասերով եկաւ ստիպելու Կ. Կաուցկուն թողնելու ուսուցիչների դոգմայի (հաւատալիքի) միակողմանի ակնոցները։

Եւ իսկապէս, քննեցէք Գերմանիայի քաղաքացու տեսակէտից ազգային հարցը։ Ի՞նչ նշանակութիւն ունի նրա համար մի այնպիսի խնդիր, որ իր երկրում համարեա´ գոյութիւն չունի։ Դեռ 40—ական թուականներին, քանի որ գոյութիւն ունէր լոկ Հիւսիսային Գերմանական Միութիւն, այնտեղ ազգաբնակութիւնը համարեա ամբողջապէս բաղկացած էր պրուսիացիներից ու ազգակից Գերմաններից. միայն մի չնչին թիւ լեհեր կային, այն էլ դեռ իբր հպատակներ եւ ոչ իբր քաղաքացիներ։ Երբ 1871ին, ստորացած ու մասամբ աւերւած Ֆրանսիայի դիմաց բարձրացաւ Բիսմարկեան Գերմանական Դաշնութիւնը, այն ժամանակ էլ օտար ազգութիւնների թիւը մնաց չափազանց աննշան։ Այսօր հազիւ երեք միլիօնաչափ լեհեր, 1 ուկէս 2 միլիօնաչափ ֆրանսիացիներ, հազիւ 400000 դանիացիներ, մի քիչ սլաւօններ ու հրէաներ կան ամբողջ պետութեան մէջ, այն ինչ այդ 5 միլիօն օտարների դիմաց կանգնած է մօտ 60 միլիօն բուն Գերման ազգութիւնը։ Բնական է, որ այդպիսի պայմաններում «ազգային խնդիրը» չէր կարող դրւել այնպիսի ձեւով, ինչպէս նա դրւած է Աւստրիայում, Վէնգրիայում, Ռուսաստանում, Բէլգիայում, Թիւրքիայում եւ այլն, ուր տիրողների եւ տիրւածների թւական յարաբերութիւնը այնքան էլ ի վնաս տիրւածների չէ։

Գերմանիայում թւական այդ տարօրինակ յարաբերութիւնը ծնունդ է տալիս այնպիսի շօվինիստական մտքերի, որոնք ամենեւին չեն սազում մի սօցիալիստի։ Այսպէս օրինակ, լեհական բանւորական կուսակցութիւնը Պրուսիայում իր ծրագրում դրել է նաեւ «ազատել Պրուսիայի լծի տակ ապրող լեհ ժողովուրդը տնտեսական եւ քաղաքական լծից»։ Սակայն այդ նոյն կուսակցութեան մէջ կան եւ անհատներ, որոնք բողոքում են իրենց կուսակցութեան ծրագրի այդ ազգային ոգու դէմ եւ ցանկանում են վերածել հին ձեւի մարքսիստական ոգու։ «Սաքսօնական բանւորական լրագիրը» Սաքսօնիայի մարքսիստների պաշտօնական օրգանը 1897—ին լեհ բանւորական կուսակցութեան համագումարի հաշիւները տպելով, ակներեւօրէն բռնել էր վերջինների կողմը եւ խիստ կծու ակնարկներ էր անում «Նացիօնալիստների» հասցէին, չը գիտեմ ինչու ամեն մի «Նացիօնալ» կուսակցութիւն կնքելով «Նացիօնալիստական» հայհոյական տիտղոսով, ինչպէս այսօր անում են ռուսական եւ մանաւանդ, Կովկասեան անասուն ս. դէմօկրատները։ Այս դէռ բաւական չէ. Ֆրանկֆուրտի (Օդերի վրայ) ս. դէմօկրատները, Բրանդէնբուրգի գաւառական ժողովում բողոքացին լեհական պրօպագանդի դէմ իրենց շրջանում, տեսնելով դրանում գերմանական ս. դէմօկրատ կուսակցութեան համար մի զգալի վնաս։

Այդ առիթով օգտւելով «Սաքսօնական բանւորական լրագիրը» բաց արեց իր բերանը.

«Կը նշանակէ բանն անյքան հեռու է գնացել, որ այդ լեհական սօցիալիստների ազգային պրօպագանդն սկսում է խանգարել կուսակցութեան գերմանացի անդամներին մղելու սօցիալ—դէմօկրատիական քարոզութիւն։ Մի՞թէ նրանք պիտի հանդուրժեն այդ բանին գերմանական պետութեան ներսում՝ յանուն միջազգային համերաշխութեան»։

Ահա գերմանական սօց. դէմօկրատ լրագրի ինտէրնացիօնալիզմը, նրա միջազգայնութիւնը։ Դա միանգամայն նման է Մարքսի ազգատեաց ոգուն, իհարկէ երբ հարցը վերաբերում էր մանր ազգութիւններին։ Սակայն յիշւած ուղղափառ մարքսիստ թերթը դրանով չը բաւականացաւ, նա մինչեւ իսկ մերժեց լեհերին զիջանել սեփական մամուլ ունենալու տարրական իրաւունքը, որ նոյն իսկ համիտական պետութիւնը թոյլատրում էր հայերին եւ այլ ազգերին։

«Բերլինում, ասում է այդ թերթը, չը կայ ոչ մի լեհ բանւոր, որ չը հասկանայ գերմաներէն։ Էլ ինչի է պէտք լեհական մի թերթ, որը յամենայն դէպս, ոչ մի բանով չէ կարող հաւասարւել գերմանական կուսակցութեան խոշոր թերթերին» [2] ։

Եթէ մի քիչ ուշադրութեամբ նայենք մեր շուրջը, նման երեւոյթներ շատ կը տեսնենք Ռուսաստանում եւ մանաւանդ Կովկասում։

Ցաւալին այն է, որ այդ ոգին սկզբունքից լոկ մի պատահական խոտորում չէ, որ գործ է դրել «Սաքսօնական բանւորական Թերթը», այլ դա կրկնւում է յաճախ, նոյն իսկ ս. դէմօկրատիական աստղերի բերանով։ Այսպէս, օրինակ, Ժիտլօվսկին առաջ է բերում 1897 թւի ապր. 10—ին «Vörwarts» կենդրոնական օրգանում ծերունի Լիբկնէխտի խմբագրութեամբ լոյս տեսած հետեւեալ յօտւածը։

«Գերմանացին միշտ եղել է կօսմօպօլիտ, եւ չինական—ազգային առանձնացման գեղջկական տափակ միտքը կարող էր ծնունդ առնել միայն օստ—էլբիական կիսով չափ սլաւօնա—կօզակային, իւնկերական գանգերում։ Եւ, ճշմարիտ, գերման ժողովուրդը կարող է պարծենալ իր գաղթականական եւ գաղութային քաղաքականութիւնով… Միայն Աւստրիան, որ խլւել է սլաւօնական եւ ուրիշ կիսավայրենիներեց եւ հաղորդակից է արւում գերմանական կուլտուրային, ոչնչով յետ չէ մնում, կամ՝— յետ չէր մնայ, եթէ որ գերման ժողովուրդն իր սեփական երկրում չը կորցնէր իր տիրապետութիւնը եւ, շնորհիւ դժբախտ հանգամանքների մի ամբողջ շղթայի, չընկնէր իշխանների տիրապետութեան տակ, որոնք իրենց ուշադրութիւնը դարձրին լոկ շահամոլական, նեղ—դինաստիական (թագաւորող տան) նպատակների վրայ. այդ իշխաններից ոչ մէկն ընդունակ չէր ըմբռնելու գերման ժողովրդի ազգային եւ միաժամանակ միջազգային արշաւանքը (Zug), իր ազգային գաղութային քաղաքականութիւնով գերման ժողովրդն Աւստրիայում ստեղծեց մի ոյժ, որը եթէ մայր—երկրից կամ մօտրօպօլից նախածրագրւած ու խելացի օժանդակութիւն ստանար, արդէն տիրած կը լինէր ամբողջ Բալկանեան թերակղզուն եւ Կ. Պօլսին, տիեզերական տիրապետութեան այդ բանալիին։ Բայց գերմանական թագաւորներից, այսպէս կոչւած, պետական անձերից եւ ոչ մէկը գաղաբար չունէր այդ ազգային—միջազգային քաղաքականութեան մասին»։

Մարքսի ոգին է հնչում այդ տողերում։ «Սլաւօնական—կօզակային կիսավայրենի գանգեր». Գնալ տիրել մինչեւ Բալկանները, նոյն իսկ Կ. Պօլիսը, համաշխարհային տիրապետութեան այդ բանալին առնել ձեռքը, ձուլել, կլանել, կենդրոնացնել… Պատառելու, կլանելու ախորժակ, մի հրէշաւոր ձգտում մեծանալու, կենդրոնանալու—յանուն սրբազնասուրբ դօգմայի (հաւատալիք), տնտեսական կամ դիալէկտիքական մատէրիալիզմի։

Սակայն վերադառնանք կեանքի տւած դասերին Կ. Կաուցկուն, կամ պատռուածքներին, որ բացւեցին ուղղափառ մարքսիզմի մէջ՝ այդ խնդրում։

Կ. Կաուցկին, իբր հրապարակագիր—մտածող, ստիպւած եղաւ մտնել աւստրիական եւ վէնգրիական ներքին քաղաքականութեան հարցերի քննութեան մէջ։ Իսկ ազգային հարցերն այնպիսի միաձոյլ ազգային պետութիւններում, ինչպիսին Ֆրանսիան, Գերմանիան կամ Իտալիան են, չեն կարող դառնալ լուրջ ու բազմակողմանի ուսումնասիրութեան եւ փորձի առարկայ։ Հասարակական հարցերն ուսումնասիրութեան են դրւում, երբ նրանք սուր պահանջ են դառնում ամբողջ կեանքի համար, գոնէ նրա զգալի մի մասի, մի աչքի ընկնող փոքրամասնութեան համար։ Այդ հարցերն ուսումնասիրւելու են իրենց միջավայրում, այնտեղ, ուր նրանք ծնւել ու զարգանալու զգալի հող են գտել։ Ազգային հարցի համար էլ այդպիսի հայրենիքներ են Անգլիան (Իրլանդիան), Բէլգիան (բէլժ եւ վալլօն ժողովուրդներ), մանաւանդ Աւստրիան, Ռուսիան եւ Թիւրքիան իրենց բազմերանգ ազգութիւններով։ Վերջին երեքից միայն Աւստրիայում են ազգային հարցերն ու յարաբերութիւնները հասունացել շնորհիւ պարլամէնտական կամ ներկայացուցչական իրաւապետական կարգերի ազատութեան, իսկ միւսներում դեռ մինչեւ վերջին տարիները, —ամեն ինչ գետնի տակն էր։

Ուսումնասիրելով Աւստրիայի ազգերի յարաբերութիւնները, Կ. Կաուցկին գրեց իր երկու նշանաւոր յօդւածները «Աւստրիայի ճգնաժամը» վերնագրով մէկը «Աւստրիայի ճգնաժամը եւ Պետական իրաւունքը», միւսը «Աւստրիայի ճգնաժամը—Լեզու եւ ազգ»։ Այդ յօդւածներում Կաուցկին այլ եւս չէ հանդիսանում իբր մոլեռանդ մարգարէ, որ գուշակում է մանր ազգութիւնների ասսիմիլիասիօնը կամ խառնումը, ձուլումը խոշոր ազգութիւնների մէջ։ Ընդհակառակը, նա ցոյց է տալիս, որ կեանքի մէջ կան եւ այլ, հակադիր միտումներ։

«Աւստրիայի եւ Թիւրքիայի տնտեսական զարգացումն, ասում է նա, չէ նպաստում այն բանին, որ ազգութիւնները համախմբւեն եւ նրանց մէջ հալւեն միւս մանր ազգերը եւ, այսպիսով, ստեղծւի մի ազգ՝ որոշապէս գծւած նահանգով. ընդհակառակը՝ նա (այդ տնտեսական զարգացումը) աւելի եւս նպաստում է ազգերի աւելի եւ աւելի իրար խառնւելուն եւ այդպիսով նոր մանրիկ ազգեր ստեղծելու (ստորագծումը մերն է Խ.

Այդ խոստովանութիւնը դեռ քիչ է. դա ցոյց է տալիս, որ Կաուցկին դիտելու անպայման շնորհք ունի, որ նրա ուղեղն այնքան էլ չէ գտնւում մարքսիզմի հաւատալիքի (դօգմ) շղթաների ծանրութեան տակ։ Կաուցկին, իբր անկեղծ գիտնական, որ ճշմարտութիւն է որոնում, հետեւեալ տողերն է գրում նոյն յօդւածում։

«Առաջ ես սպասում էի, որ դասակարգային կռւի զօրանալը իրար կը մօտեցնէ զանազան ազգերի բուժուազիաներին, բայց մինչեւ այժմ բոլորովին հակառակը տեղի ունեցաւ (ստորագծումը մերն է Խ. ), ընդհանուր առմամբ մենք պիտի ասենք, որ բուրժուական աշխարհն աւելի եւ աւելի բաժանւում է»։

Թէ այդ յօդւածներում Կ. Կաուցկին ինչպիսի երեւոյթ է համարում ազգութիւնը եւ ինչպիսի արտաքին նշաններ դնում նրա համար, մենք արդէն տեսել ենք այս աշխատութեան նախընթաց գլուխներից մէկում։

 

Այդ նոյն յօդւածներում նա միանգամայն համեմտութիւն է ցոյց տալիս Աւստրիայի Սօց. Դէմոկրատիայի 1897 թւին Բրուննի համաժողովում ընդունւած ազգերի ֆէդէրացիայի ծրագրին եւ, ինչպէս մենք մի այլ տեղ [3] ցոյց ենք տւել, նա ազգային սկզբունքն ու տէրրիտօրիական կամ երկրային սկզբունքն իրար հետ փորձում է հաշտեցնել, ոչնչացնելով «պատմական հայրենիքի» սնամէջ, յաճախ շօվինիստական ու վնասակար ըմբռնումը եւ նրա տեղ դնելով ազգի (մանաւանդ լեզւի) իրական, ներկայ տարածման սահմաններն իբր ազգային—կուլտուրական ինքնավարութեան եւ ֆէդէրացիայի հիմք։

Այդ յօդւածներում է որ նա, միանգամայն ժխտելով իր նախկին տեսակէտները, ազգային յառաջադիմութիւնը, ազգերի իրաւահաւասարութիւնը համարում է Conditio sine qua non պայման՝ առանց որի ոչինչ չէ կարելի անել առողջ դասակարգային ու սօցիալիստական ահաւոր մարտադաշտում։

«Ազգի ինքնուրոյնութիւնը (անկախութիւնը) հանդիսանում է իբր բնական անհրաժեշտ նախապայման ամեն տեսակ ժամանակակից դասակարգային կռւի։ Ժողովուրդը պիտի ազատ լինի ամեն կողմից, եւ միայն այդ ժամանակ պրօլէտարիատը հնար կունենայ դուրս գալու իր ընկերական հակառակորդի դէմ լիապէս զինւած։ Պրօլէտարիատն իր բնական եւ ամենակողմանի զարգացման համար նոյնքան կարիք ունի իր ազգի անկախութեան, որքան եւ ընդհանուր ընտրողական իրաւունքի, ժողովների եւ մամուլի ազատութեան։ Պրօլէտարական միջազգայնութիւն նշանակում է ոչ թէ ազգութեան ուրացում, այլ ազգերի ազատութիւն եւ իրաւահաւասարութիւն» [4] ։

Այսքան պարզ եւ ակներեւ արտայայտութիւնը դեռ բաւական չը համարելով, Կաուցկին 1905 թւին հրատարակեց իր յօդւածը «Ազգութիւնների հարցը Ռուսաստանում» վերնագրով։ Այդ տեղ նա պնդում է նախնական մարքսիզմի համար կատարեալ հերետիկոսական մի միտք. որքան մի հասարակութիւն դէմօկրատիանում է, այնքան նա աւելի ազգային է դառնում որովհետեւ որքան աւելի թւով անհատներ ինքնագիտակցութեան են գալիս, այնքան աւելի նրանք ըմբռնում են իրենց ազգութիւնը։ Թէ դէմօկրատիզմը (ռամկավարութիւնը) եւ թէ ազգային ոգու տարրանցումը կապւած են կապիտալիզմի (դրամատիրութեան) զարգացման հետ։ Նա պնդում է, որ «ազգութեան բոլոր մասերի սերտ միացումը յառաջադիմում է, իբր լաւագոյն միջոց ազգային բոլոր ուժերն ամբողջապէս զարգացնելու համար»։

Ազգային այդ ձգտումները համարելով արտաքին, առարկայական անհրաժեշտութիւն եւ յառաջդիմական երեւոյթ, Կաուցկին պնդում է որ ս. դէմօկրատիան «պարտաւոր է պաշտպանել այն ազգութիւնների պետական միացման եւ անկխաութեան ձգտումը, որոնց մէջ նա ապրում եւ գործում է։ Այդ մտքով նա . դէմօկրատիան) պիտի լինի, հետեւաբար, նոյնչափ ազգային, որչափ եւ դէմօկրատիական» [5] ։

Այդ յօդւածում էլ Կաուցկին ձգտում է միաւորել երկրային ինքնավարութիւնն ազգային ինքնավարութիւնների հետ եւ այդպիսի ազգ—երկրային ինքնավարութեանը հակադրել զուտ երկրային կամ շրջանական ինքնավարութիւնը, որը հանդիսանում է բուրժուազիի պահանջ մանր ազգութիւնների գրկում, որովհետեւ երկրային կամ շրջանային ինքնավարութիւնը տալիս է մի շարք առաւելութիւններ տիրող ազգութեան բուրժուազիին։

Վերջապէս չեմ կարող այստեղ առաջ չը բերել Կաուցկու նամակն, ուղղւած Եւրօպայի հայ ուսանողական միութեան, որն ուզում էր թիւրքահայ դատի մասին մի ժողովածու հրատարակել սուլթան Համիտի օրով։

«Ես բոլոր հոգով համակրում եմ հայկական գործին, ասել էր յարգելի գիտնականը. եւ հայկական գործ կամ դատ ասելով՝ ես ըմբռնում եմ ոչ միայն հայերին պաշտպանելը թիւրքական եւ քրտական գազանութիւններից, այլ եւ նրանց ազգային անկախութեան վերականգնումը»։

Կաուցկու հայեցակէտն ազգութեան խնդրի մասին, սկսելով զուտ մարքսիստականից, հասաւ մինչեւ մանր ազգութիւնների անկախութեան, նրանց ինքնուրոյն եւ ինքնիշխան զարգացման եւ ֆէդէրատիվ սկզբունքներով իրար միանալու, մի պետական խոշոր ամբողջութիւն կազմելու տեսակէտին։

Վերջապէս 1908 թւին Կաուցկին գրեց մի ընդարձակ յօդւած Neue Zeit շաբաթաթերթում, որով նա պարզաբանում է իր վերջնական տեսակէտը եւ քննադատութեան ենթարկում Օտտօ Բաուէրի մեր յիշատակած նոյն թւին լոյս տեսած գիրքը, որ կազմում է մի խոշոր գիտական արժանիքով գործ, համարեա միակը համաշխարհային սօցիալիստական գրականութեան մէջ։ Այդտեղ նա աւելի եւս ամրապնդում է իր վերջին տեսակէտներն ազգային հարցի մասին։

Կաուցկու մէջ կատարւած բարեշրջումին այդ խնդրի առիթով անմասը չը մնաց Լիբկնէխտը, որի կարծիքը, արտայայտւած Մարսէյլում 18992 թւին, մենք արդէն առաջ բերինք նախընթաց գլխում։ Նա ճանաչում էր լոկ երկու ազգ՝ պրօլէտարներ եւ բուրժուաներ։ Իսկ 7 տարի անցած, Համբուրգի համաժողովում, ուր հաւաքւել էին գերմանական ս. դէմօկրատիայի բոլոր մտաւոր տարրերը, այդ բոլորի որոտագին ծափահարութիւնների ու բրաւօների տակ, նա հանդիսաւոր կերպով հետեւեալ միտքն արտայայտեց։

«Լեհերի անկխաութիւն ձեռք բերելու ձգտումը մենք համարում ենք նոյնքան արդարացի, որքան եւ ուրիշ որեւ է ազգի նոյնանման ձգտումը»։

Ուրեմն՝ երկու ազգ չը կայ աշխարհում, այլ բազմաթիւ ազգեր, որոցից շատերն անկախ են, շատերն էլ տիրւած, ճնշւած։ Վերջիններից որն էլ որ ձգտի անկախութեան, սօց. դէմօկրատիան պիտի համարէ դա մի արդարացի ձգտում եւ, հետեւաբեր, իր համակրանքը պիտի լինի նրա կողմը։

Թէ ինչո՞ւ Լիբկնէխտը եւ նրա խմբագրած Vorwärts—ը դէմ էին Բանկ—Օտտօմանի դէպքին ե՛ւ առհասարակ թշնամական տրամադրութիւն էին ցոյց տալիս դէպի թիւրքահայ շարժումը, դրա արմատը որոնելու է այլ տեղ։ Լիբկնէխտն իբրեւ Մարքսի մտերիմը եւ նրա ժամանակակիցը, տեսել էր Ռուսիայի դերը 1848—ին Կօշուտի ապստամբութեան պահուն, տեսել էր նրա էնտրիգները Բօլգարական գործերում. զգացել էր կօզակային միահեծանութեան ժանդարմական դերը Գերմանեայի եւ, առհասարակ, ամբողջ Եւրօպայի վերաբերմամբ։ Այդ պատճառով էլ Լիբկնէխտը Թիւրքիայում, հայերի կողմից արած ամէն մի բողոք համարում էր «Ռուսական էնտրիգ», «Ռուսական րուբլին շրջանառութեան մէջ», ինչպէս նա գրել էր 1896 թւին, Բանկ—Օտօմանի դէպքի առիթով։

Սակայն Vorwärts—ի դիմաց կանգնած էր Neue—Zeit—ը, որ միշտ հանդիպում էր պաշտպան թիւրքական լծի տակ հեծող բոլոր մանր ազգութիւնների, մանաւանդ հայերի։ Նա ապրում էր թէ հայ գրողների յօդւածները թիւրքահայ դատի մասին եւ թէ իր գլխաւոր սիւնը կազմող (իհարկէ այն ժամանակը) Էդւարդ Բէրնշտայնի յօդւածները, որոնք մերկացնում էին թիւրք կառաւորութեան այլանդակութիւնները։

Լիբկնէխտից յետոյ, բնականաբար մեզ պիտի հետաքրքրէր Բէբէլի կարծիքը։ այստեղ մենք աւելի քիչ կանգ կառնենք։ Հայրենիքի պաշտպանութեան խնդրի առիթով նրան նոյն իսկ շօվինիզմի մէջ մեղադրեցին, որովհետեւ նա էլ, Ժօրէսի նման, դէմ լինելով ամեն տեսակ իմպէրիալիստական (տիրապետող) քաղաքականութեան, յայտարարեց գերմանական Րայխստագում, որ եթէ թշնամին յարձակւի Գերմանիայի վրայ, սօց. դէմօկրատներն, իբր հաւատարիմ զաւակներ հայրենիքի, զէնքը ձեռքերին դուրս կը գան թշնամիների դէմ եւ ցոյց կը տան, թէ ով է աւելի մոլեռանդ պաշտպան հայրենիքի։ «Ապրել եւ թողնել ուրիշներին էլ ապրելու», ահա մեծ սկզբունքը։ Չը գրաւել ոչ ոքի երկիրը, չը բռնադատել ոչ ոքի ազգութիւնը, բայց խրոխտաբար չը թոյլատրել նա եւ ոչ ոքի իր ազգութիւնը ոտնահարելու, իր երկրին տիրանալու. կռւել հալածւող ազգի եւ հայրենիքի համար։

«Ամէն մի ազգ, ասաց Բէբէլը 1905 թւին, որ ունի իր սեփական լեզուն, իր սեփական բարքը, իր սեփական քաղաքակրթութիւնը եւ իր պատմութիւնը, իրաւունք ունի ինքնուրոյնաբար զարգանալու՝ իբր մի օրգանական ամբողջութիւն»։

Իսկ մենք արդէն գիտենք, որ ազգ կոչւում է մարդկանց այն մեծ խմբակցութիւնը, որ ունի Բէբէլի յիշած այդ բոլոր պարագաները ե՛ւ սեփական լեզու, ե՛ւ պատմութիւն, ե՛ւ սեփական բարքեր ու ազգային բնաւորութիւն։

Դեռ 1879—ին, Vorwärts—ի 54—ի մէջ մարտի 5—ին նոյն Բէբէլը գրում էր.

«Երբ մենք տեսնւոմ ենք, որ ժողովրդները կառավարում են հակառակ իրենց կամքի, մեր պարտքն է կանգնել նրանց կողմը, որոնք ցանկութիւն են արտայայտում ազատւելու օտար լծից»։

Այո՛, մի անգամ արդէն մի ազգ, մի ժողովուրդ գիտակցում է իր լծի ծանրութիւնը եւ ցականում է ազգային ազատագրութիւն, ամեն մի անկեղծ գործչի, ամեն մի սօցիալիստի տարրական պարտքն է կանգնել մարտնչողին պաշտպան, օգնել նրան ազատագրւելու։

Մի ուրիշ անգամ Բէբէլը յայտնել է հետեւեալ կարծիքը, որ համարեա՛ բառացի նմանութիւն է բերում Կաուցկու վերջին շրջանի կարծիքին։

«Քանի որ ազգը ճնշւած է, դասակարգային հակասութիւններկ եւ դասակարգային կռիւը չեն կարող լիապէս պարզ արտայայտութիւն ստանալ»։

Վերջապէս 1907 թւին Շտուտգարտի միջազգային սօցիալիստական կօնգրէսում «ազգայինի» եւ «միջազգայինի» իրար հետ ունեցած յարաբերութիւնը պարզելու պարապմունքները դեռ չը սկսած, Բէբէլը մի յօդւած գրեց «Schwabische «Tagwacht» թերթի 1907 թ., օգոստոսի 17—ի համարում, որը Ն. Հայդարօվի վկայութեամբ, ծառայեց իբր ձայնաչափ (կամէրտօն) կօնգրէի ամբողջ զբաղմունքներին՝ այդ հարցի վերաբերմամբ։ Յօդւածի վերնագիրն է «Sind national und international gegensätze»? («Հակադի՞ր են արդեօք ազգայինն ու միջազգայինը»)

«Բոլոր կուլտուրական երկրների բանւոր դասակարգի խնդիրը միաժամանակ ազգային եւ միջազգային է, ասում է Բէբէլն այդ յօդուածում, Սեփական ազգի, մայրենի երկրի աւելի նեղ սահմաններում մարտնչելով կեանքի մէջ իրագործելու համար այն միջոցները եւ հիմնարկութիւները, որոնք բանւորներին հնարաւորութիւն են տալիս բարելաւելու իրենց կենսական վիճակը, բաւարարելու իրենց աւելի բարձր կուլտուրական կարիքները եւ, վերջապէս, ձեռք բերելու բոլորտ համար իրաւական եւ սօցիալական հաւասարութիւն, նրանք պարտական են աշխատել եւ իրականացնել նաեւ միջազգային ասպերէզում նոյն ձգտումները, որովհետեւ միայն այդ ուղիով կարելի է ապահովել բարելաւումների հաստատումն իր սեփական հայրենիքում, Այսպիսով ազգայինը եւ միջազգայինն ամենեւին իրար ջնջող հասկացողութիւններ եւ ձգտումներ չեն. ընդհակառակը, նրանք իրար լրացնում են։ Ինչպէս որ իր սեփական ժողովրդի սահմաններում բոլոր ցեղակիցների իսկական բարեկեցութիւնը կախուած է նրանից, թէ արդեօք ամէն մի անհատ լաւ է ապրում, այնպէս էլ ազգերի մեծ ընտանիքում մի ժողովրդի բարիքը կախուած է միւս բոլորի բարիքից» [6] ։

երկու բացատրութիւն տալ այդ բառերին անկարելի է։ Սա առողջ ազգայնութիւնն ու միջազգայնութիւնն է։ Չըկայ նրանում ոչ լիբերալիզմի, ոչ էլ Մարքսի անմարմին աշխարհաքաղաքացիութիւնը։

1905 թւին Լիւտիխ քաղաքում տեղի ունեցաւ հանքային բանւորների միջազգային կօնգրէ, որի նիստերից մէկում Գերմանական րայխստագի անդամ սօց. դէմօկրատ Հիւէն ի միջի այլոց, հետեւեալն ասաց.

«Մեզանից ամեն մէկը պարծենում է իր հայրենիքով, մեզանից ոչ ոք չէ հրաժարւում իր հայրենիքից, միայն մենք չենք ուզում գոռոզաբար ճոճել մեր զէնքերը, այլ ձգտում ենք ազգերի բազմազան հնչիւններից ստեղծել մի ներդաշնակ միջազգային համերաշխ եղանակ»։

Հողային հարցի վերաբերմամբ իր խոր ուսումնասիրութիւններով ամէնքին յայտնի երիտասարդ սոցիալիստ գիտնական Էդուարդ Դաւիդը, մեզ հետաքրքրող հարցի մասին հետեւեալ միանգամայն թարմ տեսակէտն է յայտնում «Neue Gesells—chaft» ամսագրի 1903 կամ 1904 թւի համարներից մէկում։

«Միայն նա, ով այն կարծիքի է, որ ազգային կազմակերպութիւնները ոչ այլ ինչ են եթէ ոչ հնացած հիմնարկութիւններ, որոնց նոյն իսկ գոյութիւնը ոչնչով չէ արդարանում, միայն այդ պիսի մարդը կարող է անտարբեր կերպով վերաբերւիլ դէպի ազգային զգացմունքի անկումը։ Այո՛, նա կողջունէ այդ անկումը, իբր կրկին մի քայլ մօտեցում դէպի իր իդեալը, դէպի մարդկութեան միազան ու միապաղաղ զանգուածը։ Ինչ վերաբերում է սօց. դէմօկրատիային՝ չը նայելով նրա խաղաղ քաղաքացիութեան իդէալների ամբողջ լայնարձակութեանը, չէ կանգնած այդ տեսակէտի վրայ. դրան իբր ապացոյց ծառայում են նրա եռանդուն բողոքներն ընդդէմ խոշոր ժողովրդների ամէն մի ճնշումի մանր ազգերի վերաբերմամբ։

Ճնշուած ազգերն, ուր էլ որ մարտնչեն իրենց քաղաքական ինքնուրոյնութիւնը ձեռք բերելու համար, լինի դա Լեհաստանում, Ֆինլանդիայում, Հայաստանում, Հարաւային Աֆրիկայում կամ Ֆիլիպպեան կղզիներում, սօց. դէմօկրատիայի համակրութիւնը միշտ եղել է եւ կը մնայ մարտնչողների կողմը»։

«Առանց ազգութիւնների անհատական ինքնտիպ կեանքը մեզ հանդիպսանում է նոյնքան ոչ—աննշան, որքան որ մենք չէինք ցանկայ տեսնել ջնջւած անհատականութիւնը եւ սուբեկտիւ (ներաշխարհային) առանձնայատկութիւններն ամէն մի առանձին մարդու։ Այո՛, մենք այն կարծիքի ենք, որ ինչպէս սօցիալիզմի նպատակը հանդիսանում է ամէն մի առանձին մարդու անհատական կեանքի ազատումը կապիտալիստական կազմի անբարոյակացնող ազդեցութիւնից ու ճնշումից, այնպէս էլ նա (սօցիալիզմը) կոչուած է ցոյց տալու ազգութիւններին իսկական ազատութեան եւ մեծութեան ուղին»։

Անկեղծ ու մաքուր է հնչում երիտասարդ գիտնական սօցիալիստի ձայնը։ Նա բանւորական կամ աւելի շուտ, աշխատաւորական ազգայնութեան եւ միջազգայնութեան քաղցր մեղեդին է։ Այլ եւս չը կայ Մարքսի թոյնը դէպի մանր ազգերը, նրա քէնը դէպի 12 միլիօնից պակաս ժողովուրդները։ Չը կայ նոյնպէս Կաուցկու ցանկութիւնը ինչ կուզէ լինի, փրկել ուսուցիչների վարդապետութեան գէթ արտաքին կեղեւը։ ամէն կերպ ջանք գործ դնել, մի կերպ, բռնազբօսիկ բացատրութիւններով, նոր համոզումները սաղացնել հին, մեռնելու դատապարտուած միակողմանի տեսութեանը։ Սօցիալիստի համակրութիւնը ճնշւած ազգերի կողմն է։ Ազգութիւնների Եսը, նրանց ինքնատիպութիւնը սօցիալիստի համար նոյնքան թանկ է, որքան եւ անհատների ինքնուրոյնութիւնն ու ինքնատիպ զարգացումը։ Ամէն մի ազգ, լինի նա 400 միլիօն, թէ կէս միլիօն, պիտի ունենայ իր ուրոյն զարգացումը, որպէսզի համամարդկային քաղաքակրթութիւնը բաղկացած լինի բազմազան տարրերից։ Եթէ բոլոր ազգութիւնները ձուլւէին մի ազգութեան մէջ, բոլորը դառնային մի հօտ եւ մի հովիւ, ունենային մի լեզու, մի գրականութիւն, մի միապաղաղ կուլտուրա, զզւելի կը լինէր աշխարհը. ձանձրոյթից կը մեռնէին մարդիկ այդ միօրինակ սպանիչ միջավայրում։

Վաղո՜ւց արւած համեմատութիւն է, որ մարդկութիւնը մի հսկայական փունջի է նման, որը եթէ բաղկացած լինէր նման գոյն ու հոտ ունեցող ծաղիկներից, թէ եւ բոլորն էլ հրաշալի տեսակից, ձանձրալի կը լինէր։ Իսկ եթէ այդ հսկայական փնջի ամեն մի ծաղիկն ունենար իր սեփական ինքնատիպ գոյնն ու հոտը, փունջը կը լինէր էապէս զմայլելի, հարուստ ու գրաւիչ։ Ձանձրութիւնը հեռու կը լինէր նրանից հոտ քաշողից։

Դեռ մի կողմ թողնենք ձանձրոյթը. այդ միօրինակութիւնը բոլորովին կըսպանէր առաջ գնալու, շարժւելու ձգտումը։ Դրան յար ու նման իմացականութեան փիլիսոփայական խնդիրքը։ որի առիթով Գիւյօն ասում. «Դրէք լիակատար միութիւն կամ իրար լիապէս նման դարձրէք իմացականութիւնները, եւ դրանով դուք կոչնչացնէք հէնց իմացականութիւնը։ Ձեւեցէք բոլոր մտքերը միեւնոյն ձեւով, տուէք բոլոր մարդկանց միեւնոյն հաւատալիքները, միեւնոյն կրօնը, միեւնոյն մէտաֆիզիքը (բնազանցութիւն), մի թելի վրայ շարեցէք մարդկային մտածութիւնները, եւ այն ժամանակ դուք քայլած կը լինէք ուղղակի յառաջդիմութեան էական ձգտման դէմ», այսինքն պիտի սպանէք առաջդիմութիւնն իսկ…

Անհրաժեշտ եւ բարերար է բազմազանութիւնը մարդկութեան մէջ. բազմազանութիւն անհատից անհատ, ազգից ազգ, մայր ցամաքից մայր ցամաք։ Դա կըլինի մարդկութեան, այդ վերացական ամբողջութեան հսկայական հարստութեան աղբիւրը։

Ուշագրաւ երեւոյթէ, որ Էդ. Դաւիդն իր համակրելի կարծիքներն ասում է, առանց հոգ տանելու հաւատալիքի հիմքի՝ անտեսական կեանքի կենտրոնացման մասին։ Նրա կարծիքով այդ կենտրոնացումը ոչ միայն դեռ չէ կատարւել հողային հարցում, այլ եւ այնտեղ նա միանգամայն անհնար է։ Վերջապէս՝ ճշմարտութիւն որոնողի համար ոչ մի նշանակութիւն չունի, թէ ինչ է ասում հաւատալիքը, ասենք նոյն իսկ թէօրին. նա հետեւում է կեանքի ու փորձի տւած ճշմարտութիւններին։

Այդպիսի քաղուածներով մենք կարող էինք զարդարել հարիւրաւոր երեսներ եւս, բայց առաջ բերածն էլ բաւական է ցոյց տալու համար, որ հին հաւատալիքը խախտւել, փլել է, այլ եւս չը կայ Եւրոպական սօցիալիստների եւ նոյն իսկ ս. դէմօկրատների համար։

Սակայն մինչեւ այժմ մեր առաջ բերած կարծիքները ցոյց էին տալիս, որ աշակերտները համաձայն չեն ուսուցիչների տրամադրութիւնների, կարծիքների ու վերաբերմունքի հետ դէպի մանր ազգերը ու առհասարակ դէպի ազգային խնդիրը։ Բայց թէ ազգութեան տնտեսական ծագումը, օրինակ, Կաուցկին մասամբ այժմ էլ ընդունում է։ Մեր կարծիքով՝ այդ ծագումը րէալիստական է, բացատրելի ու ըմբռնելի դրական գիտութեան տեսակէտից, բայց ամենեւին ոչ տնտեսական ազդակից միայն սերւած։ Րէալիստական է ոչ այն տեսակէտով, որ նա արդիւնք է լոկ տնտեսական ազդակների ամենեւին, այլ այն տեսակէտով, որ ազգութեան ծագման մէջ չը կայ ոչինչ անբացատրելի, «ի սկզբանէ անտի», գերբնական ու անվախճան։ Ազգութիւնը մարդկային ցեղի գոյութեան ձեւն է, որ յարափոփոխ ու յարաշարժ է։

Մարքսիստներից նոյն իսկ նրանք, որոնք ա՜յնպէս խելացիօրէն են ըմբռնում պրօլէտարական նացիօնալիզմը, յաճախ ազգութեան ծագումը եւ ազգային շարժումները բացատրում են տնտեսական դրդապատճառներով կամ Մարքսիստական թէօրիայով։ Սակայն աստիճանաբար սկսում են ձեռնամուխ լինել եւ այդ «արմատներին», ցնցել ուսուցիչի կառուցած միաձոյլ շէնքը. փորձել նրա տեսական արժէքը։ Այսպիսի փորձ անողներից մէկն է աւստրիական ս. դէմօկրատ եւ հրապարակախօս մտածող Էնգէլբերգ Պէրներստեօրֆէրը։ «Socialistische Monathsefte» ամսագրում զետեղած իր մի լուրջ ուսումնասիրութեան մէջ, նա հետեւեալ բացատրութիւնն է տալիս։

«Ազգութիւնն իր զարգացման բարձրագոյն ձեւով մի իտէալական բարիք է։ Ազգութիւնն իր զարգացման բարձրագոյն շրջանում, նշանակումէ մարդկային կուլտուրական իր ինքնատիպ, չափազանց ինքնուրոյն եւ միայն միանգամ հանդիպող անհատական արտայայտութիւնով։ Նա նշանակում է մարդկութեան հարստացում նրա կուլտուրական զարգացման արտայայտութեան մի առանձնայատուկ ձեւով։

Սօցիալիստների նպատակն է՝ տալ պրօլէտարիատին հնարաւորութիւն օգտւելու այդ կուլտուրայի բարիքներից։ Մենք ոգեւորւած ենք ցանկութիւնով աշխատելու ոչ միայն նրա համար որ մարդիկ մարդաւարի ապրեն, սնունդ առնեն, հագնւեն, եւ այլն, այլ այն նպատակով, որ բանւորներն օգտւեն հազարաւոր տարիներով կուտակուած կուլտուրայով, ու նրանք դառնան մարդ այդ բառի լաւագոյն մտքով, որ նրանք իրենք ընդունակ լինեն շարժել եւ ստեղծել կուլտուրա։ Սակայն ամէն մի կուլտուրա ազգային սեփականութիւն է։ Նա իր բովանդակութիւնը ձեռք է բերում ժողովուրդի առանձնայատկութիւններից եւ իր զարգացման բարձրագոյն ձեւերում եւ պէտք է ասել՝ նա մանաւանդ դրանցում, կրում է անպայման ազգային բնոյթ . . . այսպիսով՝ սօցիալիզմն ու ազգային գաղափարն ամենեւին հակադիր չեն, այլ ընդհակառակը՝ իրար փոխադարձաբար լրացնում են։ Ազգային գաղափարը խեղդելու ամէն մի փորձ, յաջողելու դէպքում, կը բերէ իր հետեւից մարդկային ցեղին ոգեկան հարստութեան նւազում… Սօցիալիզմը ձգտում է կազմակերպել մարդկութիւնը եւ ոչ նրան բաժանել ատօմների։

Ամբողջ մարկութեան օրգանիզմի մէջ բճիճների դերը կատարում են ոչ թէ անհատներն այլ ազգերը։ Որպէսզի օրգանիզմն առողջ լինի, պէտք է առողջ լինեն, վանդակիկները կամ բճիճները»։

Ուսուցչի մատէրիալիզմը միանգամայն մի կողմ թողնելով, նա հեւեւեալ բացատրութիւնն է տալիս։

«Ազգութիւնները չեն կարող բացատրւել այնպէս, ինչպէս, օրինակ, մեր կեանքի սօցիալական կազմը՝ տնտեսական պատճառներով. Նրանք մարդկութեան արտայայտութեան ձեւերն են, որոնց հիմքերը մենք պիտի որոնենք որոշ ցեղական խառնուրդներում. աշխարհագրական եւ կլիմայական պայմաններում եւ համապատմական հանգամանքներում»։

Այս բացատրութիւնը տնտեսական մատերիալիզմի տւած պարզամիտ բացատրութիւն չէ։ Նա ի նկատի է ունեցալ ցեղերի խառնւածքները, կամ կուտակուած ժառանգական յատկութիւնները, որ կազմում են ազգութեան զարգացման ներաշխարհային (սուբէկտիվ) տարրը. ե՛ւ կլիման ե՛ւ աշխարահգրութիւնը, ե՛ւ պատմական բազմազան ու բազմապիսի հանգամանքները։

Բերւած վկայութիւններն արդէն բաւական են ապացուցելու, որ «աշակերտները» դուրս են եկել ուսուցիչների գծած միակողմանի թէօրիայից եւ ընկել են ճշմարիտ գիտական ուղին։ Այլ եւս աւելորդ է առաջ բերել Վանդէրվէլդի, Օտտօ Բուէրի, Դաշինսկու, Ադլէրի իտալական սօցիալիստների, Ժօրէսի եւ ուրիշների կարծիքները, որոնք կամ մօտենում են Կաուցկու կամ Պէրնէրստեօրֆէրի տեսակէտին։

Անցնենք այժմ կուսակցութիւնների եւ կազմակերպութիւնների տեսակէտներին։

Կուսակցութիւնների եւ կազմակերպութիւնների մէջ ամենից առաջ մեր աչքին պիտի ընկներ այն հակասութիւնը, որ գոյութիւն ունէր Կ. Կարքսի եւ ինտէրնացիօնալի տեսակէտների միջեւ։ Դեռ եւս 1868 թւին կուսակցութեան կենտրօնական օրգան Vorbote ամսագիրը գրում էր։

«Միջազգային բանւորական շարժումն ամէն տեղ ունի իբր իր նախապայման՝ ազգային ազատ եւ ամբողջական զարգացումը»։ «Մինչեւ անգամ ամէնամանրիկ ազգութեան համար պէտք է ապահովել ընդ միշտ նրա ազատ եւ ինքնուրոյն գոյութիւնը»։

Մարքսի եւ այս տեսակէտների մէջ հակադրութիւնն ակներեւ է։ Մարքսը համարում է մանր ազգութիւնները մեռնելու դատապարտւած երեւոյթներ, իսկ նոր Ինտէրնացիօնալը պարտականութիւն է դնում նոյն իսկ ամէնամանր ազգերի համար ընդ միշտ ապահովել ազատ եւ ինքնուրոյն զարգացում։ Ի՞նչու։ Որովհետեւ Ինտէրնացիօնալը համոզւած է, որ ոչ մի բանւորական կամ դասակարգային շարժում չէ կարող տեղի ունենալ առողջ կերպով, առանց ազգի ազատ եւ ամբողջական զարգացման։ Ինտէրնացիօնալը, ինչպէս եւ յետոյ Կաուցկին, ազգի բազմակողմանի զարգացումն ու ինքնուրոյնութիւնը դնում են իբր նախապայման առողջ ու իսկական դասակարգային կռւի։

Եւ իսկապէս, ի՞նչ դասակարգային կռիւ կարող է տեղի ունենալ այնտեղ, ուր, օրինակ, բռնակալութիւնը հալածում է մի տիրւած ազգերի լեզուն, դպրոցը, թատրոնը, մամուլը եւ գրականութիւնը... Այդ բոլոր հիմնարկութիւնները յատուկ չեն այս կամ այն դասակարգին. նրանք սեփական են բոլոր դասակարգերին այս կամ այն չափով։ Ազգերի գրկում գոյութիւն ունեցող բոլոր դասակարգերն էլ շահագրգռւած են նրանց պաշտպանութեան խնդրով։ Բայց բռնութիւնը կայ եւ բոլոր դասակարգերն էլ, ունենալով հանդերձ տնտեսական հակադիր շահեր, բռնութեան գոյութեան ամբողջ ընթացքում բողոքում, պաստամբւում եւ արիւն են թափում իրենց բռնաբարւած ազգային իրաւունքների պաշտպանութեան համար։ Օ՜, ոչ մի աւազան մարդկանց այնպէս չէ միաւորում, այնպէս չէ մտերմացնում իրեր հետ, որքան տանջանքի ու արեան աւազանը։ Հարցրէք միասին բանտերում տառապողներին. հարցրէք կռւի դաշտում կողք կողքի կռւած ընկերներին, եւ նրանք ձեզ կասեն, որ նոյն իսկ երկու իրար բոլորովին հակառակ տիպարներ հոգեկից եղբայր են դառնում միատեղ քաշած տառապանքների, տանջանքակցութեան պատճառով։

Ազգութեան բոլոր դասակարգերը, յաճախ բոլոր խելահաս ու զէնքի ընդունակ անհատները միանում, ընդհանուր թշնամուն դիմադրում են մէկ, երկու տարի, թերեւս տասնեակ տարիներ։ Ու այնուհետեւ եկ ու այդ ազգի բանւորութիւնից պահանջիր, որ զգայ իր դասակարգային ուրոյն գոյութիւնը, զգայ, որ իր եւ իր հետ երէկ միասին արիւն թափող, գոնէ միատեղ կռւող ու բողոքող բուրժուայի շահերն իրար դէմ են, իրար հակադիր։ Նա այդ երբէք չէ կարող գիտակցել, մինչեւ որ չը վերջանայ բոլոր դասակարգերի միահամուռ կռիւն ընդդէմ օտար լծի, այսինքն՝ մինչեւ որ նախապայմանը չիրականանայ, ազգային հարցը վերջնականապէս չը լուծւի, ազգը չըստանայ ինքնուրոյն զարգացման ազատ իրաւունք։

Դրանով պիտի բացատրել լեհական պրօլէտարիատի կազմակերպութեան համեմատական թուլութիւնը եւ նրա անդամների ոչ միայն խիստ ազգային, այլ եւ թթու շովինիստական ոգի ունենալը։ Դրանով պէտք է բացատրել, որ Կովկասում, մանաւանդ հայերի մէջ, երկա՜ր ժամանակ դասակարգային, զուտ սօցիալիստական կռիւը դանդաղում է, թէ եւ ի հարկէ կայ նաեւ իսկական պրօլէտարիատի, գործարանական բանւորութեան չափազանց աննշան ու թոյլ գոյութիւնը։ Վերջապէս դրանով պէտք է բացատրել, որ Թիւրքիայում, գոնէ իրապէս գոյութիւն ունեցած արհեստաւորական ու գիւղացիական բանւորութեան չափով, գոյութիւն չունեցաւ մինչեւ օրս բանւորական կազմակերպութիւն կամ որ եւ է դասակարգային գործունէութիւն։ Նախ պէտք է հաստատել իրաւապետութիւն, վերացնել ազգային հալածանքը տիրողների կողմից ուղղւած դէպի տիրւածները, վերացնել ջարդերի հաւանականութիւնը եւ այնուհետեւ միայն որ եւ է հնար ունենալ կազմակերպւելու իբր զուտ դասակարգային կուսակցութիւն եւ մղելու սօցիալիստական դասակարգային կռիւ, համաձայն երկրում գոյութիւն ունեցող տնտեսական ու դասակարգային զարգացման աստիճանի։

«Բանւորական հարցը, հէնց այն պատճառով, որ գտնւում է ամբողջ աշխարհի տնտեսական յարաբերութիւնների հետ սերտ կապակցութեան մէջ, չէ կարող լինել տեղական կամ ազգային հարց, այլ պիտի լինի միջազգային»։ «Որովհետեւ նոյն իսկ ամենահզօր մի պետութիւն չէ կարող իր սեփական միջոցներով վերաստեղծել սօցիալիստական յարաբերութիւնները, դնել նրանց իբր հիմք բանւորական ոյժը, փոխանակ դրամի իշխանութեան այդ պատճառով էլ չէ կարող լինել ազգային սօցիալիզմ, այլ կայ միայն միջազգային սօցիալիզմ, որի հիմնական սկզբունքն, ի հարկէ, պարունակում է իր մէջ ազգերի եղբայրութիւն եւ խաղաղութիւն» [7] ։

Ինտէրնացիօնալի գերմանական լեզւով խօսող ժողովրդների կենտրոնական այդ օրգանն իր երկրորդ համարում հետեւեալն է աւելացնում այդ «ազգերի եղբայրութեան ու խաղաղութեան» վրայ։

«Ամէն մի ազգ պէտք է իր տանը մաքրէ իր օջախը, այսինքն ամէնից առաջ վճշէ իր ազգային խնդիրը, որ կայանում է ներսում քաղաղական ազատութիւնից եւ ազգային ինքնուրոյնութիւնից դրսում» [8] ։

Բայց ինչո՞վ ապահովել ազգերի համերաշխ եղբայրութիւնը։ Միայն ու միայն վերջնականապէս լուծելով ազգային խնդիրը հետեւեալ ոգով։

«Որպէսզի ամբողջութեան (մարդկութեան) շարժումը չը դանդաղի եւ կանգ չառնէ, այլ ընդհակառակը գտնւի գրգռիչ եւ ուժեղացնող մրցակցութեան ազդեցութեան տակ, անհրաժեշտ է, որ այդ ամբողջութեան ամէն մի անդամը (առանձին ժողովուրդը) լի լինի եռանդով եւ առողջութիւնով։ Եւ որովհետեւ այդ անդամը լոկ մարմնաւոր էակ չէ, այլ եւ ոգեկան—բարոյական, այդ պատճառով նա հնար պիտի ունենայ պաշտպանելու իր պատիւը եւ արժանապատւութիւնը, իր նշանակութիւնն ու ազդեցութիւնը»։ (№ 2) «Ժողովրդների դաշնակցութիւնն է հաւասար իրաւատէր անդամների միութիւնը, մի ֆէդէրացիա հաւասարապէս ազատ խմբակցութիւնների։ Ոչ մի ազգ չը պիտի ունենայ ուրիշ ոչ մի առանձնաշնորհ, բացի նրանից, որ նա ձեռք բերած կը լինի իր գիտութեան եւ գործունէութեան, իր մտաւոր եւ նիւթական աշխատանքի շնորհիւ համաշխարհային կուլտուրայի ստեղծագործութեան ասպարէզում» [9] ։

Նոյն յօդւածի շարունակութեան մէջ ասւած է. «Ամէն մի ազգութիւն, ինչպէս օրգանական բաղադրիչ մաս մարդկութեան մեծ ընտանիքի, իր բնաւորութեան, իր ընդունակութիւնների եւ իր երկրի բնական արտադրութիւնների համեմատ, պարտաւոր է իր համապատասխան բաժինը ներմուծել ընդհանուր կուլտուրայի մէջ»։ Եւ «Բանւորների Միջազգային Միութեան» նպատակն էլ հէնց նրանումն է կայանում, որ «լինի միջնորդ ժողովրդների ոգեկան, բարոյական եւ մարմնաւոր կարիքների եւ նրանց ներդաշնակութեան մէջ դնէ» [10] ։

Հետաքրքրական է, որ Ինտէրնացիօնալի ղեկավարները լիապէս ըմբռնում էին, որ կօսմօպօլիտիզմն արդիւնք է լիբերալ—բուրժուազիայի, որն «իր կօսմօպօլիտական դիպլօմը ձեռք է բերում համաշխարհային շուկայում» (1866 թ. 2), իսկ շօվինիստական նացիօնալիսզմը նրանք համարում էին մեռնող դասակարգերի հոգեւորականութեան եւ ազնուականութեան իւնկերութեան ծնունդ։

1871 թւին նոյն Vorbote գրում էր. «Մենք կ’օգնենք միմիայն այն ազգային ձգտումներին, որոնց նպատակն է բոլորի լիակատար ազատութիւնը, ինքնուրոյնութիւնը եւ իրաւահաւասարութիւնը, որպէս զի հնարաւոր լինի ամէն մի ժողովրդի մտցնել, իբր մարդկութեան իրաւահաւասար օրգանական անդամ, ընդհանուր ազատ Ֆէդերացիայի մէջ»։

Մեզ, յատկապէս հայերիս համար մի շատ հերթական ու կարեւոր հարցի է պատասխանում ինտէրնացիօնալի գերմաներէն խօսող ժողովրդների կենտրոնական կօմիտեն իր մի զեկուցագրում, որ ներկայացրել էր 1869 թւին Այզէնախում կայացած ս. դէմօկրատիական համագումարին եւ որը տպւած է Vorbote—ի նոյն թւի 7—ում։ Այդ զեկուցագ»ում կենտրոնական կօմիտէն շոշափում է այն հարցը, թէ արդեօք իր իրաւասութիւնները սահմանափակուած են մի պետութեան սահմաններո՞վ, թէ ոչ. եւ վճռում է. «Որեւէ ազգութեան կենտրոնական վարչութեան գործունէութեան շրջանը չէ սահմանափակւում որեւէ պետութեան շրջանով, այլ եւ տարածւում է միւս պետութիւնների վրայ, համաձայն տրւած լեզւի գործածութեան»։ Բանւորական գերմանական ընդհանուր միութիւնը Նիւ—Եօրկում եւ Սան—Ֆրանցիսկօի բաժանմունքն, ասում է Ժիտլօվսկին, ենթարկւում էին Ժընէվի կենտրոնական կօմիտէին։

Այդ հարցը մեզ, հայերիս համար յատկապէս կարեւոր է, որովհետեւ կարծես ընկնում են, պատմութեան բաժին դառնում ասիական բռնապետութիւնները թէ Պարսկաստանում եւ թէ Թիւրքիայում։ Սկսւած սահմանադրական շարժումները, որքան էլ րէակսիօնը գլուխ բարձրացնէ, չեն կարող այլեւս խեղդւել։ Նրանք, զանազան ելեւէջներով, առաջ կը գնան եւ մօտ ապագայում իրաւակարգն այնքան կը հաստատւի այդ երկրներում, որ մամուլի եւ ժողովների գէթ մասնակի, որոշ չափի ազատութիւն գոյութիւն կ’ունենայ։ Ի հերկէ մենք ամենեւին այն լրագրական կարծիքին չենք, որ Թիւրքիան համիդական րէժիմից իսկոյն կանցնի կանոնաւոր պարլամէնտարիզմի ու իրաւապետութեան Երբէք։ Հասարակական հարցերն այդպէս միակողմանիօրէն չեն զարգանում։ Նրանց զարգացման մէջ անպայման գոյութիւն ունի խիստ ու համաչափ ներդաշնակութիւն։ Անհնար է ենթադրել Թիւրքիայում կանոնաւոր իրաւապետութիւն տատեսական, կուլտուրական ա՜յդքան ստոր վիճակում։ անհնար է երեւակայել զուտ Եւրոպական վարչութիւն՝ առանց երկաթուղիների ցանցի, առանց տնտեսական որոշ բարգաւաճման, առանց քիւրտերի, չէրքեզների եւ այլ վաչկատուն ցեղերի նստակեցութեան եւն եւն։ Երբ այժմ կարդում եմ Կովկասեան ու պօլսական թերթերի սրտաբուղխ ճլվլոցներն ու լաւատեսական զառանցանքները, թւում է թէ դրանք ցնորքներ նե, վայրկենական բուռն ոգեւորութեան արդիւնք։ (գրուած է 1908 թւի աշնանը)։ Սակայն կրկնում ենք. ինչ որ էլ լինի, այլեւս Համիտական կարմիր օրերն անհնարին են. որոշ նւազագոյն չափի իրաւունքներ կը մնան, եւ մեզ, Կովկասահայերիս համար, իբր աւելի շատ պատրաստի մտաւոր տարրեր ունեցող հայ ազգային հատւածի համար, բացւում է բաւական ազատ հնարաւորութիւն սկսելու էապէս նոր տեսակի դասակարգային գործունէութիւն Թիւրքահայաստանում, մինչեւ այժմ եղածը, չը նայելով ամեն տասակ քաշքշուք բացատրութիւններին, համարելով զուտ ազատագրական նախնական աշխատանք։ Պետութիւնների սահմանները չը պէտք է արգիլեն միեւնոյն ազգութեան զանազան բաժիններին ունենալու միանման ազգային եւ դասակարգային աշխատանքներ եւ գործալու միահամուռ ուժով, ինչպէս գրել էր Ինտէրնացիօնալը դեռ վաթսունական թւերին։

Վերադառնանք մեր խնդրին։

  Ինտէրնացիօնալի այդ առողջ ազգայնութեան եւ միջազգայնութեան ոգին անցաւ ժամանակակից շատ գործողների ու գրողների։ Հէրցէն, Լավրօվ, Միխայլօվսկի ռուսական գործիչները բոլորն էլ, դեռ չը հաշւելով Բակունինն ու Կրապօտկինը տոգորուած էին այդ համոզումներով։ Եւ Ռուսական ազատամարտի այդ ռահվիրաներն իրենց տեսակէտները ներշնչեցին ռուսական սկզբնական կազմակերպութիւններին «Չէօրնիյ պէրեդել», «Բանւորների հիւսիսային միութիւն», «Ժողովրդական կամք» եւ այլն։ Այդ գեղեցիկ աւանդութիւնների եւ փիլիսոփայական խոր վարդապեհութեան անմիջական ժառանգը հանդիսացաւ ներկայումս Ռուսիայում գործող «Սօց. Յեղափոխական» կուսակցութիւնը, որի ծրագրում գտնում ենք հետեւեալ պահանջը։

Հնար եղածին չափ շատ գործադրութիւն ֆէդէրատիվ յարաբերութիւնների առանձին ազգութիւնների միջեւ. ճանաչել նրանց անպայման իրաւո՜ւնքն ինքնորոշման»։

Ի հարէ այդ «հնար եղածին չափ շատը» մի քիչ կասկածելի արտայայտութիւն է։ Ո՜վ է որոշելու այդ «հնարաւորութեան չափը» կամ «հնարաւորութիւնը»։ Կուսակցութեան ղեկավարնե՞րը, տիրող ազգութեան անդամնե՞րը, թէ բոլոր ազգերի ներկայացուցիչները հաւասար ձայնի իրաւունքով, իբր ազգային միութիւններ, բոլորն էլ հաւասար, չը նայելով թւի եւ իրաւունքների իրական չափին։

Այնպիսի բարդ եւ հետեւանքներով բազմազան խնդիրներ, ինչպէս ազգային հարցն է կամ ազգութիւնների փոխադարձ յարաբերութիւնների փափուկ խնդիրն է, չը պէտք է ծրագրում խառնւի «հնար եղածին չափ», «որքան կարելի է շատ», «եթէ հնարւաոր է» եւ այլ այսպիսի անորոշ ու կասկածելի բառերով ու ոճերով։ Ռուսական «Մեծ եւ միակ Սօցիալիստական սօց. դէմօկրատիական բանւորական կուսակցութիւնն» էլ, իր թէօրետիքների բերանով յաճախ ասել է, որ «եթէ գիտակից բանւորութիւնը կուզէ ինքնավարութիւն, կը տրւի ինքնավարութիւն, եթէ նա կուզէ նոյն իսկ բաժանւել Ռուսիայից, կարող է բաժւել», միայն թէ դա լինի պահանջը գիտակից բանւորութեան։ Իսկ թէ ո՞վ է տալու բանւորներին այդ «գիտակցութեան» վկայականը... ի՛նչ կասկած, որ նոյն կուսակցութեան շէֆերը Պլեխանօվները, լէնինները եւ ուրիշները, որոնք մանր ազգութիւնների պրօլէտարիատին երբեք չեն տայ այդպիսի «հասունութեան վկայական», որովհետեւ «պրօլէտարիատի մարտնչող բանակի ուժը կը ջլատւի» եթէ «ինքնավարութեան ու ֆէդէրացիայի ու այլ այդպիսի բուրժուական ըմբռնումների» խնդիրների մէջ բերւին։ Չէ՞ որ մեծ ուսուցիչը (Մարքսը) գուշակել է մանր ազգերի չքացումը, նրանց ձուլումը մեծարի մէջ. նրա մանրիկ աշակերտներն այժմ եւ եթ գործադրել են ջանում այդ սկզբունքը կեանքի մէջ, նոյն իսկ իրենց կազմակերպութեան գրկում։

Իրենց այդ ծրագրի ազգային միջազգային առողջ պահանջը սօցիալիստ յեղափոխականներն արդարացնում կամ հիմնաւորում են այսպէս.

«Մարդուն մենք ջանում ենք ազատել պատմականօրէն դասաւորուած բոլոր նեղ սահմանափակումներից։ Մենք ձգտում ենք ամէն մարդավայել բան դարձնել մատչելի բոլոր մարդկանց, ոչնչացնել բոլոր միջնորմները... Բայց մենք կոյր չենք։ Մենք գիտենք, որ դէպի այդ իդէալը լոկ մի ճանապարհ կայ. աշխատել պատմականօրէն տրւած ազգային օրգանիզմների շրջանում, օգտւելով կուլտուրական զարգացման հզօր զէնքով մայրենի լեզւով, յամարւելով տրւած դրութեանը, ազգութեան զարգացման մակերեւոյթին, յենւելով նրա լաւագոյն կողմերի եւ գծերի վրայ, կենտրոնացնելով իր մարտը վատ կողմերի եւ գծերի դէմ։ Այդ պատճառով ազգային վերածնութիւնը, ազգային ոգու բարձրացումն ամենեւին թշնամական երեւոյթ չէ մեզ (սօց. յեղ) համար, այլ ընդհակառակը, չափազանց նպաստաւոր հանգամանք է» [11] ։

Ազգային խնդրի այդ բարեյաջող լուծումը եւ սօցիալիզմի ու ինտէրնացիօնալիզմի իրար լրացնող երեւոյթներ լինելը դրդել են Ռուսիայում գործող մի շարք կուսակցութիւնների ընդունել նոյնատեսակ ծրագրային պահանջ։ Այդպիսի կուսակցութիւններից են Լեհական Սօցիալիստական կուսակցութիւնը (P. P. S. ) Լատիշական սօցիալիստների, Ուկրայինցիների, Հայերի եւ Վրացիների մէջ գործող սօցիալիստական կուսակցութիւնները [12] ։

Այդ բոլոր կուսակցութիւնների համար ազգային կուլտուրան ծառայում է իբր լաւագոյն գործիք սօցիալիզմին արագ հասնելու, իսկ ազգութիւնների փոխադարձ յարաբերութիւնների հարցի լուծումը ծառայում է լոկ իբր միջոց՝ արագացնելու եւ զտելու դասակարգային մարտը։

Ազգային հարցի վերաբերմամբ որոշ միջակ դիրք է բռնում Ռուսաստանում գործող մի այլ կուսակցութւն, հրէական «Բունդը», ուղղափառ մարդսիստական այդ կազմակերպութիւնը, որ յանդգնել է ազգային խնդրում շեղւել ուսուցչի տեսակէտից։ Բունդի թէօրէտիքներից մէկը Մէդէմ, հրատարակել է մի բրօշիւր, որը ծառայում է հիմնաւորելու Բունդի ծրագրի մի կէսը ազգային խնդիրը, որով միայն եւ եթ Բունդը ջոկւում է ռուսական ս. դէմօկրատիայից։

Պ. Մէդէմը որոշում է ազգն այսպէս. «ընդհանուր գումարն այն անհատների, որոնք պատկանում են տրւած պատմա—կուլտուրական խմբին»։ Իսկ ազգային խնդիրն, ասում է հեղինակը, կարելի կը լինէր լիապէս լուծել տէրրիտօրիալ կամ շրջանային ինքնավարութիւններով, եթէ որ ամէն մի վայր կամ տէրրիտօրիա լիապէս համապատասխանէր ազգի տարածման շրջանին։ Բայց որովհետեւ այդ համապատասխանութիւնը չը կայ, այդ պատճառով էլ «Բունդն» ընդունել է ազգա—կուլտուրական ինքնավարութեան սկզբունքը։ Իսկ ի՞նչ է դա։

  «Ազգակուլտուրական ինքնավարութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ ազգային ինքնավարութիւն (Ստորագծումները հեղինակինն են)։ Այդ դէպքում ազգն ինքնավար է միայն այն հարցերում, որոնց մէջ երեւան է գալիս ազգային կեանքն, ինչպէս այդպիսին, այսինքն՝ կուլտուրական հարցերում։ Դրանով է սահմանափակւում նրա իրաւասութիւնը։ Միւս բոլոր գործերի եւ Ֆունկցիաների համար «ազգային միութիւնը», կարծես բոլորովին գոյութիւնից դադարում է» [13] ։

Իսկ ի՞նչ է կուլտուրա։ Մի՞թէ միայն դպրոցը, եկեղեցին, թատրոնն ու թանգարանը։ Ո՜չ, կուլտուրայի անբաժան մասն է եւ օրէնսդրութիւնը, ե՛ւ դատարանը, ե՛ւ ոստիկանութիւնը, ե՛ւ տուրքերը, եւ այլն եւ այլն։ Բունդի պահանջը լոկ մտաւոր զարգացման վերաբերող հարցերն է շոշափում, իսկ իրաւական, զինւորական եւ այլ բազմաթիւ հարցեր մնում են բաց. այն ինչ դրանք պակաս կուլտուրական խնդիրներ չեն։ Եթէ այդ չպրոցական եւ այլ մտաւոր զարգացման հարցերը լուծւին, դեռ եւս դասակարգային կռւի ուղին բացարձակ հարթւած չի լինի, քանի դեռ կը մնան միւս կուլտուրական—օրէնսդրական, դատական, ինքնավարական եւ այլ խնդիրներ բուրժուական նացիօնալիզմի կամ իմպէրիալիզմի ճանկերում։ Դասակարգային կռւի միանգամայն առաջ զարգացման համար անհրաժեշտ է թողնել այդ բոլոր խնդիրներն ազգ—երկրային ինքնավար միութիւնների լիակատար լուծմանը, այդ ինքնավար միութիւններին կապել իրար դաշնակցական կապերով, որ այլ եւս ոչ մի ազգային խնդիր չը ծագի, եւ ազգութեան բոլոր բնական առաւելութիւնները գործադրել յօգուտ դասակարգային կռւի, յօգուտ սօցիալիստական կարգերի արագ իրականացման, յօգուտ մարդկութեան բարօրութեան։

Ազգային հարցի այդպիսի լուցում պահանջող եւ Ռուսաստանում գործող բոլոր սօցիալիստական կուսակցութիւնների դիմաց կանգնած է Ռ. Ս. Դ. Բ. կուսակցութիւնը, որը երբե՛ք չի ուզում իր ծրագրի «ազգերի ինքնորոշում» ոչինչ չարտայայտող կէտը մշակել եւ տեղը որ եւ է խելքը գլխին, ըմբռնելի ու պարզ պահանջ դնել։ Կարծես նա վախենում է ուսուցչի թողած ժառանգութիւնից մի մազաչափ հեռանալ։ Նրա ծրագիրը մնացել է գերմանական ս. դէմօկրատիայի հնաւանդ ծրագիրը։ Սակայն ինչ որ սազում է Գերմանիային, չէ սազում Ռուսիային։ Այնտեղ գերմանական միապաղաղ ազգաբնակութիւնը եւ այլազգիների միանգամայն չնչին թիւն ամէնեւին չեն ստիպել տեղական գործիչներին մշակելու իրենց ծրագրում ազգային հարցը։ Իսկ Ռուսիայում Վելիկօրօս ժողովրդի դիմաց կանգնած են Բէլօրօսները, Մալօրօսները, Լեհերը, Ֆինները, Լատիշները, Հրէաները, Հայերը, Վրացիները, Թաթարները, Թիւրքերը, մի խօսքով՝ 112 ազգութիւններ, որոնց թիւը բուն ռուս ժողովրդից, նոյն իսկ միատեղ հաշւած Վելիկօրօսն ու Բէլօրօսը, համարեա՛ ոչնչով յետ չի մնում։ Այստեղ անպայման անհրաժեշտ էր ուսուցիչների կտակած հնաւանդ ծրագիրը ենթարկել հիմնական վերամշակման բոլոր կէտերում, նամանաւանդ ազգային դժւարին խնդրին վիրաբերող կէտերը։ Վաղուց դա պէտք է հրամայական պահանջ եղած եւ բաւարարւած լէնէր, մանաւանդ որ ինքնակալական րէժիմը յաճախ ազգերի այդ բազմազանութիւնից օգտւել եւ իրար դէմ է հանել, նրանց որպէսզի իր տիրապետութիւնն անխախտ մնայ։ Եւ դեռ այսօր նոյն այդ «բաժանիր որ տիրես»— հռօմէական սկզբունքը զանազան մութ ուժեր մեծ յաջողութիւնով գործ են դնում ռուսական հսկայական պետութեան մէջ։ Իսկ Ռուսաստանի Սօց. դէմօկրատիան, գլուխը քարշ, առանց այդ ամէնը նկատելու, ինքնաբաւական սրտով, առաջ է քշում իր հնացած տակտիքն ու ծրագիրը։

Այն ինչ աշխարհն առաջ է գնում, եւ այն էլ հսկայական քայլերով։ Բացի այն, որ վերեւում մեր առաջ բերած բազմաթիւ սօցիալիստ ու մարքսիստ գիտնականներն իրենց տեսակէտները վերամշակեցին ազգային խնդրի վերաբերմամբ, բացի այդ՝ ասում ենք, աւստրիական սօցիալ—դէմօկրատիան, իբր մի մեծ ու բազմաժողովուրդ երկրում գործող մարքսիստական կուսակցութիւն։ ստիպւած եղաւ վերամշակել իր ծրագրի ազգային մասը եւ ընդունել 1897 թւին Բրուննի համագումարում մշակւած ծրագիրը։

Որովհետեւ այդ ընդունած վճիռը շատ մեծ նշանակութիւն ունի, իբր բեկման մարքսիստական հին ծրագրներից զատման կէտ, այդ պատճառով մենք լիապէս առաջ ենք բերում, չը նայելով նրա երկարութեանը [14] ։

«Աչքի առաջ ունենալով, որ ազգային կռիւներն Աւստրիայում խանգարում են քաղաքական յառաջադիմութեանը եւ գոսացում ժողովրդների կուլտուրական զարգացումը, որ այդ կռիւները, նախ եւ առաջ ծնունդ են մեր հասարակական կազմի անկատարութեան, վերջապէս, մանաւանդ, աչքի առաջ ունենալով, որ ազգային կռւի շարունակւելը հանդիսանում է իբր՝ լաւագոյն միջոց, որի օգնութեամբ հրամայող դասակարգերն ապահովում են իրենց տիրապետութիւնը եւ խանգարում են իսկական ժողովրդական շահերի արտայայտման։

Համագումարը յայտարարում է.

որ ազգային հարցի եւ լեզուների հարցի վերջնական լուծումն Աւստրիայում, իրաւահաւասարութեան եւ բարեմտութեան ոգով, նախ եւ առաջ կուլտուրական մի անհրաժեշտութիւն է, այդ պատճառով էլ նա հանդիսանում է պրօլէտարիատի ամենաանհրաժեշտ կարիքներից մէկը։

Այդպիսի լուծումը հնարաւոր է միայն իսկական դէմօկրատիական հասարակութեան մէջ, որը կառուցւած կը լինի ընդհանուր, ուղղակի եւ հաւասար ընտրական սկզբունքի վրայ, մի հասարակութեան, որի մէջ ոչնչացած կը լինեն բոլոր ֆէօդալական արտօնութիւնները կամ պրիվիլէգիաները՝ թէ համակայսերական եւ թէ առանձին երկրների, որովհետեւ միայն այդպիսի հասարակակարգում բանւոր դասակարգը, որ հանիսանում է հասարակութեան եւ պետութեան իսկական յենարանը, կարող կը լինի արտայայտել եւ իրագործել իր պահանջները։

Աւստրիայի ժողովրդների ազգային առանձնայատկութիւնների պահպանումը եւ զարգացումը հնարաւոր է միայն լիակատար իրաւահաւասարութեան եւ հալածանքի լիակատար բացակայութեան դէպքում։ Այդ պատճառով՝ ամէնից առաջ պէտք է վերացւի պետական բիւրօկրատիական կենտրոնացման սիստէմը, ինչպէս առանձին երկրների աւատատիրական արտօնութիւնները։

Այդ եւ միմայն այդ պայմաններով Աւստրիայում կարող կը լինի հաստատւիլ ազգային կարգ ու կանոն, ազգային կռիւների փոխարէն, յատկապէս հետեւեալ հիմքերի վրայ.

1) Աւստրիան պէտք է վերափոխւի եւ դարձւի ազգութիւնների դէմօկրատիական միութիւն կամ դաշնակցութիւն ներկայացնող մի պետութիւն։

2) Փոխանակ թագի պատմական երկրների, պէտք է կազմւեն ազգօրէն սահմանաւորուած ինքնավար վարչական միութիւններ, որոնցից ամէն մէկում օրէնսդրութիւնը եւ վարչութիւնը գտնւեն ազգային պարլամէնտի ձեռքում, որն ընտրւած լինի ընդհանուր, ուղղակի եւ հաւասար քւէով։

3) Միեւնոյն ազգութեան ինքնվար շրջանները կազմում են միասին մի ազգային դաշնակցութիւն, որն իր ազգային գործերը վճռում է լիապէս ինքնավար կերպով։

4) Ազգային փոքրամասնութիւնների իրաւունքներն ապահովւում են համապետական պարլամէնտի հրատարակած յատուկ օրէնքով։

5) Մենք ամենեւին չենք ընդունում ազգային արտօնութիւններ, այդ պատճառով մերժում ենք պետական լեզւի պահանջը. որքան որ անհրաժեշտ է յարաբերութիւնների համար մի ընդհանուր լեզու, այդ կորոշէ համապետական պարլամէնտը։

Համագումարն, իբր միջազգային սօցիալ—դէմօկրատիայի օրգան Աւստրիայում, համոզւած է որ այդ սկզբունքների հիման վրայ հնարաւոր կը լինի ազգերի համաձայնութիւնը։

Համագումարը հանդիսաւորապէս յայտնում է.

որ նա ընդունում է ամէն մի ազգի ազգային գոյութեան եւ ազգային զարգացման իրաւունքը. որ ժողովրդները կարող են հասնել իրենց կուլտուրայի յառաջադիմութեանը միայն միահամուռ եւ սերտ համերաշխութեան շնորհիւ, ոչ թէ իրար հետ մանր մունր կռիւներ մղելով.

որ մանաւանդ բոլոր ազգութիւնների բանւորները պէտք է թէ առանձին ազգերի եւ թէ ամբողջ պետութեան շահերի տեսակէտից, պինդ պահպանեն միջազգային ռազմական միութիւնը եւ միահամուռ ջանքերով մղեն իրենց քաղաքական եւ արհեստակցական կռիւը»։

Բրուննի համագումարի այս որոշումը կայացաւ Միացեալ Գործադիր Կօմիտէի ներկայացրած մի նախագծի հիման վրայ։ Կօմիտէի կողմից իբր զեկուցանող հանդիսացաւ Զէլիդէրը։ Նա իր ներկայացրած նախագիծը հիմնաւորեց մի երկար ճառով, որի մէջ, ի միջի այլոց, ուրւագծեց, թէ ինչպէս 1848 թւերին մշակւեց սօց. դէմօկրատիայի եթէ ոչ ապազգային, գոնէ խիստ անտարբեր տեսակէտը դէպի ազգային խնդիրները. թէ ինչպէս շատ սոց. դէմօկրատներ դէմ էին ազգային հարցին, համարելով դա բուրժուազիայի ծնունդ եւ թէ ինչպէս, նոյն իսկ ամէնից աւելի լաւ տրամադրածները կողմնակից էին թողնելու ազգային խնդիրը իրերի բնական ընթացքին։

«Սակայն մենք գիտենք, ասում է Զէլիգէրը, որ հակառակ բոլոր ուտօպիաների, մեզ վիճակւած է միասին ապրել Աւստրիայում եւ ամէնեւին աւելորդ չէ մեզ համար մի ելք գտնել ներկայ վիճակից նրա համար, որ մի կողմից հեռացնենք Աւստրիայի տնտեսական լիակատար անկումը եւ հնարաւոր դարձնենք ժողովրդների խաղաղ կենակցութիւնը, որն անհարժեշտ է բարձրացնելու համար բանւոր դասակարգի տնտեսական եւ քաղաքական դրութիւնը։ Յատկապէս պրօլէտարիատի շահերն են կազմում այն դրդապատճառը, որն ստիպում է մեզ ձեռնարկել ազգային խնդրի լուծմանը, եւ աւստրիական ս. դէմօկրատիայի կողմից յանցանք կը լինէր, եթէ նա չըզբաղւէր այդ հարցով այն րոպէում, երբ նա արդէն լիապէս հասունացել է»։

Եւ այնուհետեւ Զէլիգէրն սկսում է բացատրել իրենց առաջարկած նախագիծը, ցոյց տալ, որ ազգային հարցը լուծել կարելի է լոկ իսկական տէմօկրատիական ճանապարհով. տալով ամէն ազգի ինքնուրոյն զարգացման իրաւունք։

«Ազգային հարցը պէտք է դիտւի ոչ իբր իշխանութեան հարց, այլ իբր կուլտուրայի խնդիր»։

«Միացեալ մասնաժողովի բանաձեւը պահանջում է խնամք տանել ազգային առանձնահատկութիւնների» զարգացման վրայ ամէն ազգի համար։ Այդ բառերով մենք հասկանում ենք ամեն մի ազգի կուլտուրական առանձնայատկութիւնների զարգացումը։ Բայց ազգային, կուլտուրականզարգացման մէջ մենք շահագրգռւած ենք գոնէ ոչ պակաս, քան բուրժուազիան. մենք շահագրգռւած ենք գրականութիւնը, գեղարւեստը, դպրոցները, բանաստեղծութիւնը եւ գիտութիւնը խրախուսելու մէջ։

Գերմանական բանւորը շահագրգռւած է գլխաւորապէս գերմանական գրականութիւնով, որի ստեղծագործութիւնները նա աւելի լաւ է հասկանում եւ աւելի սրբօրէն է զգում, քան միւս ժողովրդների գրական արտադրութիւնները։ Եթէ ամէն մի ազգ առանձնապէս կունենայ ապահով իրաւունք զարգացնելու իր ազգային առանձնայատկութիւնները, դրանից կ’օգտւեն բոլոր ազգերը միասին։ Այդ պահանջը մեր շահն է, ինչպէս եւ զուտ նիւթական պահանջները։ Լիակատար դէմօկրատիացում մենք ըմբռնում ենք ոչ այն մտքով, որ ամէն ազգային ինքնավար շրջան կունենայ իր սեփական օրէնսդրական օրգանը մանրիկ ձեւով, այլ միայն այն մտքով, որ Ազգն իրաւունք կըստանայ ընտրելու իր պաշտօնեաներին ու դատաւորներին»։

Այս ընդհանուր ոգւով Զէլիգերը ցոյց է տալիս փայլուն պաշտպանութիւն իր ներկայացրած նախագծի։ Նրանից յետոյ խօսում են Նէմէցը (չեխ), Պրէհաուզէրը (գերմ. ) Դօքտօր Ադլէրը, Վիէննայն պատգամաւոր եւ «Arbeiter Zeitung»—ի խմբագիրը, որը բոլորի ծափարութիւնների տակ, իր ճառում հետեւեալ բառերն է ասում.

«Մենք ցանկանում ենք մի կոյտ դարձրած գրաւուած գաւառները դարձնել ինքնուրոյն օրգանիզմներ»։

Այնուհետեւ խօսում են Դաշինսկին, Գանկէվիչը, Կրէշտանը, Գերինինը, Պէրնէրստեօրֆէրը, Կրէյչին, Դօքտոր Էլլէնբօգէնը, Կէլլէրը, Վինեարսկին եւ ուրիշները, բոլորն էլ աւստրիական միջազգային սօցիալ դէմօկրատիայի մէջ յայտնի ուժեր, մասամբ տեսական, մասամբ գործնական կողմից։

Աւստրիական սօցիալդէմօկրատիայի այդ վճիշը ծառայեց իբր օրինակ համաշխարհային սօցիալ—դէմօկրատիայի համար, եւ, ինչպէս արդէն ասացինք, Շտուտգարտի համագումարում բոլոր ազգային խնդիրի շուրջը պտտող հարցերին ընդհանուր ուղղութիւնը տւողը եղաւ Բէբէլը, որի կարծիքը միանգամայն համապատասխանում է Բրուննի համագումարի մշակած ծրագրին։

Սրանից 4—5 տարի առաջ իտալական սօցիալիստներն էլ միաձայն որոշեցին, որ իրենք ազգային խնդրի վերաբերմամբ նոյն տեսակէտն ունեն, ինչ որ Աւտրիական ս. դէմօկրատիան։ Ֆրանսիական սօցիալիստներն այդ հարցի վերաբերմամբ ունեցել են շա՜տ կծու եւ թունաւոր վիճաբանութիւններ։ Հէրվէն միանգամայն ժխտում էր ազգի եւ հայրենիքի նշանակութիւնը սօցիալիստի համար, իսկ Ժօրէսն, իրեն յատուկ պերճախօսութիւնով, ջախջախեց նրան եւ ապացուցեց, որ բանւորի շահի տեսակէտից իսկ անհրաժեշ են, Ազգն ու Հայրենիքը։ Նրա տեսակէտը մեզ ծանօթ է, մենք կանգ չենք առնի այլ եւս։

Սակայն պէտք է ասել, որ Իտալական, Գերմանական, Ֆրանսիական ու, մասամբ, Անգլիական սօցիալիստների համար ազգային հարցը լոկ տեսական նշանակութիւն ունի, այն էլ միայն պարզելու համար մելիտարիզմի եւ հակամիլիտարիզմի խնդիրը, պատերազմի դէպքում զինւորների բռնելիք դիրքի հարցը, եթէ ոչ գործնականապէս այդ խնդիրը նրանց երկրներում դրւած չէ, այդ պատճառով էլ նրանք նրանով զբաղւելու շատ էլ կարիք չունեն։



[1] «Մեր ժամանակի ազգութիւնը» (ռուսերէն) երես 39—47.

[2] Թէ այդ և թէ նախընթաց քաղուածքը վերցրել եմ Ժիտլօվսկու «սօսիալիզմը եւ ազգային հարցը» ռուսերէն գրքից, երես 19—20։

[3] «Դէպի Ֆէդէրացիա» նայել «Ֆէդէրացիա» գլուխը։

[4] Կ. Կաուցկի «Ազգութիւնների կռիւը եւ Պետական իրաւունքն Աւստրիայում» (ռուսերէն) երես 26

[5] «Ազգութիւնների հարցը Ռուսաստանում», հրահարակութիւն «Յառաջի»։

[6] Տես «Սերպ»ի երկրորդ ժողովածուն —երես 242—43

[7] Der Vorbote, 1866 թ, 1, Genf.

[8] Նոյն 1866 թ. երես 170.

[9] Նոյն տեղ 1868 «Zur Erklärung unserer Aufgabe» յօդւածում.

[10] Թէ այս եւ թէ միւս բոլոր Ցիտատները Vorbote—ից առաջ ենք բերել Զօմբարտը, Ժիտլօվսկին, Պասմանիկը, Պօսսէն եւ ուրիշները։

[11] H. B. 10։

[12] Ով հետաքրքրւում է այդ խնդրով, թող դիմէ մեր «Դէպի ֆէդ», գրքի «Աւտօմիա եւ Ֆեդէրացի» գլուխներին։

[13] Մէդէմ «Ազգային հարցը եւ սօց դէմօկրատիա», երես 54

[14] Բրուննի համագումարի ազգային խնդրին վերաբերեալ բոլոր վիճաբանութիւններն ու այս վճիռները հայերէն տպագրուած են։ (Տես «Յառաջի»գրադարանը)։