Ի՞նչ է ազգութիւնը.

Հեղինակ

Բաժին

Թեմա

V
Ազգն իբր մարդկութեան արտայայտութեան ձեւերից մէկը։ Արտայայտութեան միւս ձեւերը։ Անգիտակից եւ գիտակից խմբակցութիւններ։ Կաուցկու նորագոյն արտայայտութիւնները։ Ազգութեան սկզբունքի ոյժը։ Կեղեքման դասակարգային ձեւը։ Ազգովին կեղեքուիլը։ Օրինակներ։

Նախընթաց գլուխներում մեր կատարած ուսումնասիրութիւնը մեզ հասցրեց այն եզրակացութեան, որ «մարդկութիւնը» մի վերացական հասկացողութիւն է. չկայ «մարդկութիւն» կոչւած մի օրգանական ամբողջութիւն, այլ կան մարդ—անհատներ։ Սակայն երկրագնդի վրայ մարդ—արարածի ծնունդ առնելուց ի վեր ամբողջութիւնը կամ մարդկութիւնն ապրել ու արտայայտւել է զանազան ձեւերով։

Իր ծննդեան սկզբնական շրջնաում եւ եթ, մարդ կոչւած գազանը, միւս բզամաթիւ գազանների ուժեղ շարքերում՝ պիտի ներկայանար մի թոյլ եւ հալածւած էակ, որի համար անհնար էր լինելու ապրել անհատաբար, առանձնակի. նա ստիպւած էր ապրել մանրիկ խմբերով, որովհետեւ, 1) նա թոյլ էր, պէտք ունէր պաշտպանւելու միւս, աւելի ուժեղ գազաններից. իսկ դա անհատաբար անհնար էր, 2) նա ստիպւած էր խմբակներով ապրել, որպէսզի ապրուստ ճարելը հնարաւոր լինէր. յատկապէս նրանց խմբակները պիտի մանր լինէին, որովհետեւ այն վայրերը (որսատեղերը), ուր նրանք պիտի ապրուստ ճարէին, չէին կարող սնունդ մատակարարել աւելի մեծ խմբերի. 3) վերջապէս նրանք պիտի մանրիկ խմբակներով ապրէին, որովհետեւ ընտանեկան կամ սեռական կապակցութիւնը նրանց միատեղում, արենակիցների մի փոքրիկ խումբ էր կազմում։

Այսպիսով մարդ արարածն իջել է գոյութեան ասպարէզ խմբական կամ հասարակական կեանքով եւ ոչ անհատաբար։ Այդ է, որ Արիստոտէլին եւ ուրիշներին դրդել է ասելու, թէ «մարդը հասարակական կենդանի է»։

Ուրեմն՝ մարդկութեան արտայայտութեան առաջին ձեւը եղել է խմբակը, կամ ինչպէս ֆրանսիացի սօցիօլօգ Շարլ Լէտուրնօն նրանց կոչում է, անիշխանական հօրդան։

Սակայն այդպիսի մանրիկ, անիշխանական, թափառական խմբակներով չէ վերջանում սկզբնական մարդկութեան արտայայտութիւնը։ Նրա գոյութեան ձեւերը զարգանում, բազմազան են դառնում։ Գոյութեան կռիւն ստիպում է նման տարրերին համախմբւել, կենակցել, իրարից մօտ ապրել։ Երկարամեայ, նոյն իսկ տասնեակ ու հազարաւոր դարերի կենակցութիւնը ծնեցնում է որոշ ժառանգական յատկութիւններ, որոնք դառնում են բնազդներ։ Առաջ է գլիս քիչ ու շատ մեծ խմբակների ֆիզիքական ու ոգեկան աշխարհների նմանութիւն, սակայն առանց այդ նմանութեան պարզ ու որոշ գիտակցութեան։ Ծնունդ են առնում արենակից տոհմեր, տոհմերից առաջանում են ցեղեր ու ցեղերի գիտակից դաշնակցութիւններ, բարբարոս մարդկութեան քաղաքական զարգացման ամենաբարձր ձեւը, ինչպէս պնդում է ամերիկացի գիտնական Լ. Մօրգանը։

Աճում ու տարածւում է մարդ—արարածը երկրի վրայ։ Միեւնոյն արմատներից, միեւնոյն մանրիկ խմբակներից սերւածները, որոնք նոյն ծագումն ունեն, կամ երկար դարերի ընթացքում ապրել են միեւնոյն բնական ու հասարակական միջավայրում եւ ստացել են միատեսակ մարմնակազմ. միատեսակ արիւն, ինչպէս ասում է, Գօբինսօն, ստեղծում են միատեսակ րասա (ցեղ)։

Այսպիսով՝ հօրդան, տոհմը, ցեղը, րասան հանդիսանում են մարդկութեան արտայայտութեան ձեւերը։ Նրանց բոլորի անդամներին իրար կապողը բնազդն է, անձնապաշտպանութեան ինստինկտը մի կողմից ու կուտակւած ժառանգականութեան կամ ֆիզիքական ու բարոյական նմանութեան տարրը միւս կողմից։

«Ժամանակակից գիտութեան մէջ, ասում է Գ. Պլեխանօվը, չը կայ րասա եւ ազգ իմաստների ճիշտ որոշում։ Միապէս կարելի է ասել եւ լիտովցիների րասա, ե՛ւ լիտովցիների ազգ»։

Բայց րասայի (ցեղ) ոգեկան, մտաւոր եւ բարոյական նմանութիւններից անհրաժեշտօրէն բղխում են յաճախ միատեսակ ու միանման միջոցներ գոյութեան կռւի ասպարէզում։ Րասայի ներսում մենք յաճախ, շատ յաճախ նկատում ենք տնտեսական եւ հասարակական երեւոյթների անպայման նմանութիւն։ Եւ ահա այդ է, երեւի, որ ստիպել է Ֆր. Էնգէլսին ասելու. «Րասան ինքն էլ տնտեսական ազդակ է»։

Մարդկային կեանքին, սակայն երբեք չէ վիճակւած քարացած մի դրութիւն։ Այդ կեանքը շարժուն է, ալէկոծ, փոթորկոտ։ Գոյութեան կռիւը ստիպել է մարդկային ցեղի բոլոր այդ արտայայտութեան ձեւերին իրար խառնւել, կազմել նոր խմբակցութիւններ, նոր տարրեր, նորանոր ձեւեր։

Սկզբնական արտայայտութեան ձեւերը հօրդա, տոհմ, ցեղ, րասա բոլորն էլ , ասացինք, գոյութեան կռւի հրամայական պահանջից կազմւած երեւոյթներ են, որոնց յարատեւումը դարերի ընթացքում նրանց վեր է ածում կենսաբանական երեւոյթների։ Այդ բոլորի մէջ աւելի շուտ բնազդն է դեր խաղում եւ ոչ սեփական գոյութեան գիտակցութիւնը։

Միեւնոյն րասայի, կամ մի քանի րասաների (ցեղ) մասնակի կամ ամբողջական կտորների խառնուրդներից առաջ են գալիս ազգերը, կրկին շնորհիւ պատմական երկարդարեայ միասնակեցութեան։

Ազգերի ծագման համար բացարձակ միեւնոյնն է, թէ արդեօք մարդկութիւնը ծնունդ է առել երկրագնդի վրայ մի տեղ, մի արմատից (մօնօգէնիստ) թէ մի քանի տեղ, մի քանի արմատներից (պօլիգէնիստ)։ Եթէ ընդունենք պօլիգէնիզմի ենթադրութիւնը, ազգերի ոկւ ցեղերի ծագման բացատրութիւնը աւելի դիւրանում է։ Կան բազմատեսակ, տարբեր նախնիքներից սերւած ցեղեր, որոնցից կազմւել են տարբեր ազգեր։ Այդ ազգերը կարող են իրար խառնւել ծայրայեղ դժւարութիւնով, թերեւս նրանց իրար խառնւելն անհնար լինի, որովհետեւ նրանցում կայ կենսաբանական մի տարր. մի սկզբնական էլէմէնտ, որն ի ծնէ է, անվերլուծելի։ Բայց գուցէ եւ դա վերլուծեիլ է հանգամանքների դարեւոր կրծող ազդեցութեան տակ... Ինչ էլ որ լինի, պօլիգէնիստական ծագում ընդունելով մարդու համար, մենք խիստ դիւրացրած կը լինենք ազգերի ծագումը, բայց շա՜տ աւելի դժւարացրած նրանց պատմական յարաշարժ, դինամիքական բնոյթի բացատրութիւնը։

Սակայն որքան էլ պօլիգէնիստ լինենք, մեզ համար կրկին կը մնայ միեւնոյն րասայի, գլխաւորապէս հնդեւրոպական ցեղի ներսում առաջացած ազգերի բազմազանութիւնը բացատրելու դժուարութիւնը։ Կը նշանակէ՝ ազգութեան բացատրութեան վերաբերմամբ մարդկութեան մի արմատ եւ բազմարմատ ծագման հարցթ համարեա՛ անտարբեր է։

Ենթադրենք, որ ամբողջ մարդկութիւնը սերւել է մի զոյգից, մի Ադամ—Եւայից։ Աճել, բազմացել եւ լցրել է երկիրը, «որպէս աւազառ ափն ծովու»։ Այսպէս ենթադրելով անգամ, մենք չենք կարող ամէնեւին երազել, որ այդ մարդկութիւնը կը մնայ միապաղաղ, միատեսակ մի զանգւած։ Ինչպէս արդէն երկրորդ գլխում բացատրեցինք, աշխարհագրական, երկրաբանական ու կլիմայեական պայմաններն անշուշտ կը մտցնեն զանազանակերպութիւն այդ միապաղաղ կամ հօմօժէն զանգւածի մէջ. անշուշտ կառաջանան նոյն մարդկութեան մէջ զանազան խմբեր, տարբեր մարմնակազմով եւ տարբեր բնաւորութիւնով։ Սկզբնական վայրենի ու բարբարոս մարդկութիւնը, զուրկ կուլտուրական միջոցներից, զուրկ բնութեանը տիրելու բոլոր հնարներից, որոնց գումարը կոչւում է գիտութիւն, աւելի արագ եւ անմիջական ազդեցութեան տակ էր տարերային բնական ուժերի. նա աւելի արագ եւ եւալի դիւրութիւնով էր փոփոխւում, նոր բարդութիւններ եւ նոր, միւսներից, հներից ու ու դրացիներից տարբեր խմբակցութիւններ է առաջ բերում։ Միա՛կ դիմադիր տարրը նախնիքներից ստացած ժառանգութիւնն էր, որը չէր դիմանում բնութեան կրծող ազդեցութեանը եւ մաշւելով, ստեղծում էր մարդկանց արդէն իսկ մի տարբեր խումբ։ Այժմ էլ ժառանգական տարրը կայ, բայց նրա հետ միատեղ կայ նաեւ կուլտուրան, կայ գիտութիւնը, որը մարդուն հանել է է բնութեան տարերային ուժի անմիջական ազդեցութիւնից եւ դրել է որոշ կախման մէջ մարդու սեփական կամքից, միայն ոչ բոլորովին։ Այդ է պատճառը, որ ներկայումս անգլիացին դեռ 4—5 սերունդ, աշխարհի երեսին որտեղ էլ որ ապրում է, մնում է անգլիացի, այն ինչ բարբարոս ու վայրենի ցեղերի անդամները մի քանի տարում մոռանում են իրենց անցեալը, սովորութիւնները եւ շատ դիւրութիւնով ձուլւում միւս դրացի տոհմարի ու ցեղերի մէջ։

Օտտօ—Բաուէրն իր գրքի երրորդ գլուխը նւիրել է այդ խնդրին եւ վերնագրել «Naturgemeinschaft und Kulturgemeinschaft» «բնական հասարակութիւն եւ կուլտուրական հասարակութիւն» (եր. 19—23)։

Երբ մենք աչքի առաջ ենք ունենում երկրագնդի վրայ տիրող բնական բազմազանութիւնը եւ մտածու այդ բնութեան ամէնազօր ազդեցութեան մասին իր գրկում ապրող բոլոր գործարանաւոր էակների վրայ, այն ժամանակ մեզ համար ծիծաղելի է չառնում ուղղափառ մարքսիզմի նախկին ենթադրութիւնը, թէ ազգերը, տնտեսական գործոնի ազդեցութեան տակ հալւում են իրար մէջ, միաձուլւում եւ աստիճանաբար աւելի կենդրոնանալով, կազմում են մեծ ու մեծ ազգեր. թէ այդ շարժումը գնում է դէպի ընդհանուր կեդրոնացում, դէպի ազգերի միաձուլում մի ամբողջ մարդկութեան ստեղծում՝ իբր մի ազգ, «մի հօտ եւ մի հովիւ»։ Սրբեցէք երկրագնդի երեսից բազմազանութիւնը, եթէ կարող էք, ոչնչացրէք ժամանակն ու տարածութիւնը, եւ այն ժամանակ ամբողջ մարդկութիւնը կը դառնայ մի ձանձրալի, մի տաղտկալի հօմօժէն կամ միապաղաղ ամբողջութիւն, աղքատ իր նոյն իսկ հանջարեղ զարգացման մէջ։ Այո՛, մարդկային աճող կուլտուրան, գիտութիւնը, արագացող ու կատարելագործւող հաղորդակցական միջոցները որոշ չափով մարդուն ազատում են բնութեան բռնութիւնից եւ դնում կախման մէջ մարդուց, բայց այդ ազատութիւնը երբեք չէ կարող լինել բացարձակ, նա լոկ մասնակի է, յարաբերական։

  Բարեբաղդաբար ամէնաուղղափառ մարքսիստը, գերմանական մարքսիզմի ներկայ քուրմը, Կ. Կաուցկին թողնում է ուսուցիչների դօգմը եւ, կամացուկ, անզգալիօրէն, ոչ Բէրնշտայնի նման սագերին գրգռող անդիպլօմատ եղանակով, ներմուծում է խոշոր, շա՜տ խոշոր սրբագրութիւն մարքս—էնգէլսի տնտեսական, կամ, ասենք Պլէխանօվի սիրած բառը, դիալէքտիքական մատէրիալիզմի մէջ։ Մարքսը եւ Էնգէլսը ընդունում էին ներգործական տարրը միայն տնտեսական արտադրական միջոցները, «վերջին հաշւում տեխնիկան» եւ բնութիւնը, իսկ Կաուցկին, իր վերջին աշխատութիւններից մէկում գրում է.

«Նայելով երկրի բնութեանը, նայելով նրա դրացիների Էութեանը, գիւղացիական տնտեսութիւնը, միեւնոյն տէխնիկայով, կարող է դառնալ հիմք շատ տարբեր հասարակական ձեւերի։ Հասարակական այդ տարբեր ձեւերը կազմում են այնուհետեւ, բնականների հետ միասին, յետագայ հիմքերը, որոնք իրենց վրայ բսած յետագայ զարգացմանը տալիս են ինքնատիպ ձեւ» [1] ։

Այսպէս ուրեմն՝ գիւղացիական տնտեսութիւնը, միեւնոյն արտադրական միջոցներով, կարող է ծառայել իբր հիմք զանազան տեսակ հասարակակազմերի, նայելով թէ ինչ բնական պայմաններում է գործում, եւ նայելով թէ ինչպիսի դրացիներով է շրջապատւած։ Ուրեմն՝ բացի տէխնիկայից ու բնական միջավայրից, հասարակակազմի զարգացման վրայ ազդում են դրացիները դրացի ցեղերը, դրացի ժողովրդները, ազգերն ու պետութիւնները։ Ուրեմն՝ ցեղերի կամ ազգերի փոխադարձ ազդեցութիւնը եւս ծառայում է իբր մարդկային հասարակութիւնների զարգացման վրայ ազգդող մի գործոն, ինչպէս տէխնիկան, ինչպէս բնական միջավայրը։ Իսկ ի՞նչ են այդ «Nachbarn»ը, այդ դրացիները, եթէ ոչ մարդկային ցեղեր ու ազգեր։

Եթէ դեռ այդ տեղ ազգային տարրի ազդեցութիւնը պարզ չէ, ահա ձեզ նոյն աշխատութիւնից մի այլ, աւելի պարզ կտոր։

«Հասարակական նոր դրութիւնը կախուած չէ բարոյական իդէալի որպիսութիւնից, այլ տրւած նիւթական պայմաններից, տեխնիկայից, բնական միջավայրից, տրւած հասարակութեան կամ գոյութիւն ունեցող հասարակութեան դրացիների եւ նախնիքների յատկութիւնից» [2] ։

Ուրեմն՝ բացի դրացիների ազդեցութիւնից, բաց—աշկարայ կայ նաեւ նոյն «հասարակութեան նախնիքների յատկութիւնը», այսինքն նոյն հասարակութեան ստացած ժառանգական որակը ազգութիւնը, որովհետեւ ազգութիւնը, ինչպէս մենք արդէն տեսել ենք, կուտակւած ժառանգութիւնն է մարդկային որոշ խմբի մէջ, պատմ—կենսաբանական զանգւածի էութիւնը։

Պատմութեան մատէրիալիստական հասկացողութեան մէջ մտած այդ պատռւածքն է, հիմնական այդ ուղղումն է, որ ազգային խնդրի վրայ խիստ ուղղափառ ակնոցներով քսան տարի առաջ նայող Կ. Կաուցկուն ստիպեց հիմնականապէս փոխել իր տեսակէտները եւ ընդունել ազգութիւնն իբր ոչ բուրժուական, այլ կենսաբանական եւ պատմական մի երեւոյթ, նոյն իսկ նախապայման, անհրաժեշտ պայման առողջ դասակարգային զարգացման ու վասակարգային կռիւ։

Վերեւում ասացինք, որ պատմութիւնը զուտ մատէրիալիստօրէն ըմբռնող մարքսիստների համար ազգութիւնը ծնունդ է XIV—XVI դարերի կամ բուրժուազիայի։ այդ տեսակէտը յարատեւում է այժմ էլ, միայն թէ ազգ բառի վրայ կպցնում են «ժամանակակից» ածականը։ Դա միայն մի ձեւական հասկացողութիւն է, որի մէջ էական մի թիւրիմացութիւն է թագնւած։ Ազգութիւնը առաջ է եկել մարդկային քաղաքակրթութեան հետ միասին, կամ այդ քաղաքակրթութեան սկզբնական աստիճաններում, երբ կազմակերպւել են քիչ ու շատ յարատեւ պետութիւններ, որոնք խի՜ստ նպաստել են մանր—մոնր տոհմերին ու ցեղերին միաձուլւելու, միախառնւելու եւ կազմելու սկզբնական ազգային միութիւններ։

«... Պետական իշխանութեան ընդհանրութիւնն, ասում է Ելլինէկը, ամենահզօր կերպով օգնել է ազգերի կազմութեանը» [3] ։

Ու այդ ազգերի կազմութիւնը միայն այն ժամանակ արժանի է «ազգ» անւան, երբ, բացի արտաքին, օբեկտիվ պայմանից, կրում է իր մէջ նաեւ ներքին կամ սուբեկտիվ տարրմի օրգանական ամբողջութիւն, մի կենսաբանական ու պատմական հանրութիւն կազմելու գիտակցութիւնը։ Իսկ լոկ արտաքին, կամ օբյեկտիւ միութիւններ, շատ վաղուց, նոյն իսկ վայրենի ու բարբարոս մարդկութեան մէջ եղել են։ Գիտակցութիւնը, այո՛, եկել է ուշ, աւելի բարձր կուլտուրայի հետ միասին, սակայն ոչ կապիտալիզմի շրջանում, ինչպէս պնդում են մարքսիստները, այլ քաղաքակրթութեան սանդուխքի սկզբնական աստիճաններում։

«Օբյեկտիվ, ծագման ընդհանրութեան վրայ հիմնւած մարդկային զանազան խմբերի միութիւններ, րասային կամ ցեղային միութիւններ, արդէն երեւան են գալիս պատմութեան արշալոյսին, եւ նոյն իսկ շա՜տ աւելի վաղ։ Ազգութեան սուբեկտիվ (ներքին) միութիւնն, ընդհակառակը, իր բնոյթով արդիւնք է աւելի բարձր կուլտուրայի եւ թէեւ սաղմային դրութեան մէջ շա՜տ հնուց ի վեր եղել է, բայց ամբողջ ուժով երեւան է եկել նորագոյն ժամանակներում» [4] ։ Գիտնականի այս թափանցող եւ բազմակողմանի ու անկաշառ վերաբերումը պակասում է առհասարակ դօգմատիքներին բոլոր հարցերում, մասնաւորապէս ազգային խնդրում։

Ազգութիւնն, այո՛, սաղմային վիճակում կար հին Արեւելքում. «Ազգն հայոց», «Ազգն պարսից, Պարթեւաց» եւայլն, կային, բայց, ինչ ասել կուզէ որ այդ ազգութեան գիտակցութիւնը տարրացած, տարածւած չէր ժողովրդական լայն խաւերում։ Ստրկատիրական հասարակակազմի մէջ միայն տիրողները, վարինչները, ստրկատէրերն ունէին իրենց սեփական ազգութեան գիտակցութիւնը, իսկ ստրուկների հսկայական հօտը, իսկ պլէբէյական թշուառ զանգւածները չէին կարող ունենալ այդ գիտակցութիւնը. նրանք հօտեր էին, որոնց անգիտակից ամբողջութիւնը ենթակայ էր հովիւների գիտակից վարչութեանը։

Միջին դարերում ճորտութիւնը նոյն անգիտակից վիճակումն էր ազգութեան վերաբերմամբ եւ լոկ հոգեւորականութիւնն ու ազնւականութիւնն էր, որ պիտի ունենար այդ գիտակցութիւնը, սակայն նրանք էլ, իրենց դասակարգային ու դասային շահերից դրդւած, թագաւորող տների բաժանումներն աւելի սրտերին մօտ էին ընդունում, քան ազգայինը, որի գոյութիւնը թողել էին իրերի բնական ընթացքին։

XI եւ XII դարերից սկսում է ծնունդ առնել մի դասակարգ՝ բուրգերում, միջնադարեան այդ պարսպապատ մեծ գիւղերում, որ յետոյ դառնւոմ են քաղաքներ, դրանցում ապրող բնակիչները, որ ապագայում կոչւելու են բիւրգէրներ կամ բուրժուաներ, ահա դրանք, դանդաղօրէն, աստիճանաբար, սկսում են գիտակցութեան գալ հոգեւորականութեան եւ ազնւականութեան մի մասին հետ միասին։ Այդ երրորդ դասակարգի զարգացման հետ միասին առաջանում են «ազգային պետութիւններ», «ազգային ազնւականութիւն եւ բիւրօկրատիա», իսկ Լիւթերի սկսած րէֆօրմացիան ծնունդ է տալիս արեւմտեան հոգեւորականութեան ու եկեղեցու ազգայնացման։

Ահա այդ երեւոյթների շնորհիւ՝ ազգութիւնը, որ առաջ լոկ տիրող դասակարգի սեփականութիւննե էր, աստիճանաբար սկսում է աւելի ու աւելի լայն հասարակական խաւերի բաժին դառնալ։ Ուրիշ խօսքով՝ որքան հասարակութիւնը դէմոկրատիանում էր, այնքան ազգութիւնը զարթնում է, աւելի մեծ թւով անհատների բաժին դառնում։

Գալիս է ֆրանսիական մեծ յեղափոխութիւնը։ Բուրժուազին հրատարակում է իր սկզբունքները. «Ազատութիւն, Եղբայրութիւն եւ Հաւասարութիւն»։ Դէմօկրատիզմը լայն չափերով սկսում է գործադրւել։ Մարդիկ իրար հաւասար են յայտարարւում թէ օրէնքի առջեւ, թէ ըստ ծագման։ Հնադարեան ստրկութեան ու միջնադարեան ճորտութեան տիրապետական գռեհիկ ձեւերը պաշտօնապէս ջնջւում են եւ սկսւում է շահագործման ամէնանուրբ ձեւը, վարձու աշխատանքը, որը կարող էր միայն «իրաւապէս հաւասար» անհատների մէջ տեղի ունենալ։ XIX դարի կէսերին վրայ են հասնում հանրաքւէն, պարտադիր ուսումը, երկաթուղիներն ու շոգենաւերն իրենց հսկայական արագ հաղորդակցութիւնով։ Հասարակութեան բոլոր խաւերն սկսում են մասնակցել պետական ու հասարակական բոլոր երեւոյթներին։ Ժողովրդական զանգուածները գիտակցութեան են գալիս։ Ու այդ գիտակցութիւնը վերարտադրում է բոլոր ազգութիւններին, առանց բացառութեան։Նա թարմացնում իսկական ազգային պետութիւն է դարձնում խոշոր ազգերի գոյութիւն ունեցող պետութիւնները, ինքնագիտակցութիւն զարթեցնելով տիրող ազգի մէջ։

Նա վերարտադրում է բաժան բաժան, լծի տակ հեծող խոշոր ազգերին, նրանց պետութեան վերածում. նա զարթեցնում է բոլոր մանրիկ ժողովրդներին, որոնք խարխափում էին անգիտակից գոյութեան խորշերում եւ որոնք, հաւանօրէն, դատապարտւում էին կլանւելու։

XIX դարը մանր ու խոշոր ազգութիւնների վերածնութեան դարն է, որովհետեւ այդ դարում դէմօկրատիզմն իրականացաւ, զանգւածները, ժողովրդական լայն խաւերն առաջին անգամ եկան սեփական գոյութեան եւ իրաւունքների գիտակցութեան։

«Ազգային ինքնագիտակցութիւնն անխզելիօրէն միաձուլւած է աշխատաւոր զանգուածների դասակարգային գիտակցութեան հետ», ասում է աւստրիացի սօցիօլօգ Գումպլօվիչը [5] ։ Նապօլէօնի ժամանակ Ֆլանդրիայի ազնւականութիւնը բոլորովին ֆրանսիացել էր, այն ինչ գիւղացիութիւնն ու բանւորութիւնը մնացել էին գերմանական ոգւով ու խօսում էին նրանց մի գաւառաբարբառով։ Պրուսական Լեհաստանում ազնւականութիւնն ու հոգեւորականութիւնը պրուսացել, բիսմարկեան կրծող րէժիմից այլասերւել, անբարոյականացել էր. նոյն իսկ նրա արմատական ազնւականներն, ինչպէս Պօսադօվսկիները ու Պօտբէլսկիները, ջանք էին գործ դնում երեւալու զուտարիւն պրուսացիներ. նրանք հասան նոյն իսկ պրուասական նախարարի աստիճանին, նախարարական աթոռի տիրացան։ Բայց հաղորդակցութեան արագութիւնը, դպրոցները, գրականութիւնը, աշխատաւորական կազմակերպութիւնըները կամաց—կամաց XIX դարի կէսերում բաց արին աշխատաւորութեան աչքը. մի կողմից նրան տւին դասակարգային ինքնագիտակցութիւն, իսկ միւս կողմից՝ վերարտադրեցին նրանց մէջ քնած ազգային զգացումը։

«Երբ Բիսմարկն ինքն իրեն խաբում էր, ասում է մի լեհական բանւորական լրագիր, որ ինքը ճզմել էր լեհական կուլտուրան. երբ նա ասում էր, որ «լեհ ժողովուրդը գոհ է պրուսական կառավարութիւնից», նա աչքաթող էր անում աշխատաւոր դասակարգերը։ Բիսմարկի եւ իր նմանների համար ամբողջ Լեհաստանը մարմնացած էր ազնուականութեան մէջ։ Եւ երբ պրուսական սիստէմին յաջողւեց անբարոյականացնել ու թուլացնել ազնուականութիւնն ու հոգեւորականութիւնը՝ պաշտօններ ու տիտղոսներ բաժանելու ճանապարհով, բոլոր համագերմանական հայրենասէրներն ասում էին, որ «Պրուսիան գերմանացրել է լեհերին»։ Սակայն մինչ այդ, նոր ոյժը կարողացակ աճել. ոտի կանգնեց Լեհաստանի աշխատաւոր զանգուածը, որ երկար դարեր ստրկութեան մէջ էր դեգերւում։ Նրա համար ազգային զգացմունքը դատարկ ֆրազ չէ, նրա դիմադրութիւնն ամէն տեսակ ազգային ստրկացման՝ չէ կարելի կոտրել ոսկու կոյտերով։ Այդ պատճառով բանւոր ժողովուրդը գերմանացնելու ձգտումը պիտի ծնեցնէ երկարատեւ եւ ծանր կռիւ» [6] ։

Նոյն երեւոյթը նկատւում է Րուսինների մէջ, որոնց ազնւականութիւնը 16, 17 եւ 18դ դարերում մասամբ անցել էր լեհերի, մասամբ ռուսների կողմը, իսկ ժողովուրդը, գիւղացին ու բանւորութիւնը մնացել էին րուսին։ Նոյնը նկատւում է եւ պօվէնների մէջ, որոնց գիւղացները մշտական ապստամբութեան մէջ են եղել իրենց գերմանացած ազնւականների դէմ 8—դ դարից սկսած մինչեւ 19—դ դարը։ Աւելորդ է ասելը, որ Իրլանդիայում էլ կրկնւել է նոյն պատմութիւնը։ Եւ մի՞թէ մասամբ նոյնը չէր մեզանում ու վրացիների մէջ. նրանց ազնւականութիւնը եւ մեր խոշոր բուրժուազին չէ՞ին, որ ամէնից առաջ սկսեցին «մայրենի գռեհիկ լեզուն» թողնել, ռուսերէն խօսել, ռուսական «bon ton» ընդունել, նոյն իսկ ազգանուններն ու անունները ռուսացնել, եւ աշխատաւոր զանգւածն ու նրա իդէօլօգները չէի՞ն, որ եկան այդ թեթեւամիտ հոսանքի առաջն առնելու...

Այո՛, XIX դարի կէսերում ազգային դէմօկրատիական շարժումը, որ անհրաժեշտ նախապայման է ամէն տեսակ դասակարգային սօցիալիստական շարժման, աստիճանաբար զօրացաւ ու հասաւ գործնական իրականացման դեռ այն ժամանակ, երբ գիտնականները չէին կարողացել մինչեւ իսկ, ինչպէս հարկն է, բնորոշել նրան։

«Նախ քան նրան որոշելը, գրում է հռչակաւոր հերոս Կօշուտ Լայոսի որդին Անդրէ Կօշուտը, նոր սկզբունքը (ազգային), դեռ երէկ իմայն ծնւած, արդէն ցնցում է արար— աշխարհը։ Նոր դօգման այնպէս պինդ տիրել է գիտակցութիւնները, որ անպայման անհրաժեշտ է հաշւի առնել նրան։ Նա շարժում է թագաւորներին ու ժողովուրդներին, եւ հաւանօրէն՝ նրանցից շատերը, որ վանում են նրան, նախազգում են, որ աշխարհը նրան է պատկանում» [7] ։

Եւ այսպէս՝ դէմօկրատիզմի ու դասակարգային գիտակցութեան հետ միասին զարթնում ու վերստեղծւում է ազգային գիտակցութիւնը։ Դեռ այդ քիչ է. մենք կասենք, որ ամէն մի դասակարգային շարժում ազգային է։ Պրօլէտարիատ ընդհանրապէս՝ գոյութիւն չունի. նա մի սօցիօլօգիական վերացական գաղափար է, մի աբստրակսիօն։ Իրապէս, կեանքի մէջ գոյութիւն ունի ֆրանսիական պրօլէտարիատ, գերմանական, ռուսական, հայկական եւ այլն։ Եւ ամէն ազգութեան պրօլէտարիատ իւրատեսակ է ըմբռնում իր դասակարգային շարժումը, իր շահերը, իր ձգտումները, նոյն իսկ իր սօցիալիզմը։ Ուրիշ կերպ լինել էլ չէր կարող. այդ ազգութիւնների թէ ներքին եւ թէ արտաքին պայմանները (օբէկտիւ եւ սուբէկտիվ) իրարից զգալիօրէն տարբեր են, ուրեմն եւ նրանցում թաւալւող դասակարգային բոլոր շարժումները պիտի լինեն տարբեր իրարից այն չափով, ինչ չափով որ պայմանների ընդհանուր գումարն է տարբեր։ Նոյն իսկ սօցիալիզմի վարդապետութիւնը զանազան ազգութիւնների գրկում ենթարկւում է տարբեր բացատրութիւնների եւ տարբեր մեկնաբանութիւնների։ Թէ սօցիալիստական շարժման արագութիւնը (տէմպը) եւ թէ տաքտիքական տարբերութիւններ զանազան ազգութիւնների պրօլէտարական կազմակերպութիւններում աչքի են ընկնում արեւի լոյսի նման։

Պրօֆէսօր Զօմբարտը [8] շատ յաջող նկատում է, որ սօցիալիզմի բնոյթը տարբեր է զանազան ազգերի մէջ։ Մինչեւ անգամ դասակարգային եւ տնտեսական ամէնաակներեւ ու պարզ շահերը չեն կարողանում ոչնչացնել իրենց ազգային բնոյթը. նրանք, լինելով զուտ դասակարգային ու տնտեսական շահեր, ամէն մի ազգի գրկում արտայայտւում են յատուկ ազգային ձեւով։

Նոյն խոստովանութիւնը մենք գտնում ենք նաեւ չեխ պրօֆէսօր Մասարիկի մօտ [9] ։ Ռուս անարխիստները Բակունին, Կրապօտկին եւ այլն, յաճախ բաժանում են սօցիալիստական շարժումը երկու տեսակի րօմանական եւ գերմանական. մէկը կատաղի յեղափոխական բնոյթով ու արագութիւնով, իսկ միւսն աւելի սառը եւ էւօլիւսիօնիստական (բարեշրջական) գոյնով։ Կրապօտկինի կարծիքով, սլաւոնական ազգերի պրօլէտարիատի համակրութիւնն աւելի ֆրանսիական ազգային սօցիալիզմի կողմն է, որովհետեւ նա աւելի յեղափոխական է։

Եթէ ուշադրութիւնով քննենք զանազան ազգութիւնների սօցիալիստական շարժումները, մեր աչքին կընկնի հետեւեալ երեւոյթը. որքան մի ազգի մէջ պրօլէտարիատն ու նրա ղեկավարներն անզարգացած են, որքան սօցիալիստական շարժումը նոր է, այնքան աւելի ստրկօրէն են փոխ առնւած կուսակցութիւնների ծրագիրները, նոյնքան աւելի կապկօրէն են ընդօրինակւած դասակարգային կռւի նշանաբանները, մէթօդները, տաքտիքը եւ այլն։ Իսկ որքան պրօլէտարիատն ու նրա իդէօլօգներն աւելի զարգացած, աւելի փորձւած ու ինքնուրոյն են, այնքան աւելի դասակարգային շարժումը դառնում է ինքնատիպ, ընդունում տեղական կամ ազգային բնոյթ եւ դասակարգային կուսակցութիւնը վեր է ածւում ազգային դասակարգային կուսակցութեան։ Ուրեմն՝ որքան որ գիտակցութիւնը, կրթութիւնը, գիտութիւնն աճուս ու տարածւում են ժողովրդի աւելի եւ աւելի լայն խաւերի մէջ, այնքան աւելի բողբոջում, փթթում է ազգութիւնը, այնքան աւելի նա նոր ոյժ է ստանում։

«Այն չափով, ինչ չափով որ կը վերանայ մարդու կեղեքումը մի ուրիշ մարդու ձեռքով, ասւում է Մանիֆէստում, կը վերանայ եւ մի ազգի կեղեքումը միւս ազգին։ Երբ կոչնչանայ ազգի ներսում դասակարգերի հակասութիւնը, այն ժամանակ կոչնչանայ եւ ազգերի միջեւ եղած թշնամութիւնը»։

Ինչ կասկած, որ «ազգերի միջեւ եղած թշնամութիւնը» «կը վերանայ, երբ կը վերանայ դասակարգերի հակասութիւնն ազգի ներսում», այսինքն՝ երբ կը վերանան դասակարգերը, երբ կը կազմակերպւի մի ապադասակարգային հասարակութիւն, երբ կիրականանայ սօցիալիզմը բոլոր մարդիկ կաշխատեն եւ բոլորն էլ կը վայելեն իրենց աշխատանքի պտուղը։ Այո՛, այդ ժամանակ կը վերանան դասակարգերը եւ ազգերի միջեւ եղած թշնամութիւնը, բայց չեն վերանայ ազգերը։ նրանք կը լինեն, միայն թէ նրանց միջեւ թշնամութիւն ու ներհակութիւն այլեւս գոյութիւն չի ունենայ։

Աւելորդ չենք համարում այստեղ առաջ բերել Ժ. Ժօրէսի գեղեցիկ մտքերն այդ առիթով, արտասանւած Հէրվէի ապազգային գաղափարների դէմ մի մեծ միտինգում։ Հռէտօրը նախ ենթադրում է, որ կօմմունիզմն իրականացել է, տարածւել ամբողջ մարդկութեան վրայ եւ ամէն տեղ սրբել, ոչնչացրել է ցեղերի ու դասակարգերի հակամարտութիւնները, «վերջապէս, ենթադրում է հռետօրը, —երկրագնդի օրերի պայծառութեան եւ գիշերների մթութեան մէջ շուռ գալուց ի վեր առաջին անգամ լինելով՝ գոյութիւն ունեն ոչ եւս իրար ջախջախող մարդկութեան բեկորներ, այլ միայն մի մարդկութիւն՝. գիտակից, կազմակերպւած, եղբայրական, ինքն իր տէրը եւ բնութեան տէրը դառնալ ձգտող»։ Ու հարց է տալիս Ժօրէսը. «Մարդկային այս իրականացած իդէալի մէջ, այս հաստատւած ու կազմակերպւած մարդկային ամբողջութեան մէջ մի՞թէ հայրենիքները պիտի անհետանան։ Օ՜, այո՛, հայրենիքները անհետանում են իբր անվստահութեան, տարամերժութեան, փոխադարձ ճնշման ոյժ, բայց յարատեւում են երկու կերպ. նախ՝ ինչպէս ինքնատիպ հանճարների կուտակում. վաղւան կօմմունիստ մարդկութիւնը զարմանալի աղքատ կը լինէր, եթէ նա լինէր միօրինակ։ Բայց նա այդպէս չի լինի. նա կը ժառանգէ ազգային հանճարների բազմազանութիւնը, իհարկէ, ներդաշնակելով նրանց։ Ինչպէս որ անհատներն իրենց ինքնատիպ յատկութիւններով եւ իրենց այլազանութիւնով չը պիտի լուծւեն սօցիալիստական հասարակակարգում, այլ ընդհակառակը, այն ժամանաւ էլ պիտի ձգտեն ամրապնդելու իրենց բնաւորութիւնների ինքնատիպութիւնը միայն իրար հետ աւելի ներդաշնակելով, նոյնպէս եւ այն պատմական անհատականութիւնները, որոնք կոչւում են հայրենիք. Անգլիական հայրենիք, Գերմանական, Ֆրանսիական, Իտալական, Ռուսական հայրենիքներ, վաղն էլ Չինական հայրենիք, երբ դեղին մարդկութիւնն ազատւի սպիտակների բռնակալ խնամակալութիւնից… (բուռն ծափահարութիւններ). բոլոր այս հայրենիքները, պատմութեան կերտած իրենց բարոյական անհատականութիւնով, իրենց լեզւով, գրականութիւնով, կեանքն ըմբռնելու իրենց յատուկ եղանակով, իրենց աւանդութիւններով, յոյսերի յատուկ ձեւով, իրենց կրքերի, ոգու, հանճարի առանձնայատուկ դարձւածներով, բոլոր այս անհատականութիւնները պիտի կազմեն վաղւան կօմմունիստական մեծ մարդկութիւնը, որը չը պէտք է լինի միօրինակ, մի անապատ, որի մէջ մարդկային միլիօնաւոր հիւլէնները, չորացած, անբերրի, բաղդի բերմունքով տարուբերւէին հողմերի ուղղութեան համեմատ. ընդհակառակը՝ նա պիտի լինի մի մեծ միութիւն, երկրագնդի նման խորտուբորտ, բայց նրա նման լուսաւոր տարածութիւնով շրջապատւած, ուր պիտի ճառագայթէ եղբայրական մարդկութեան մի եւ անբաժան գաղափարը»։

Այո՛, չեն լինի հայրենիքներն իբր պետութիւններ իրենց սահմաններով բերդերով, սահմանապահ գնդերով ու թնդանօթներով, բայց կը լինեն ազգերն իրենց բնակութեան իսկական վայրերով, որոնք միակ գիտականօրէն ճանաչւելու հայրենիքներն են, ազգերը, որոնք ճակատագրական անհրաժեշտ հետեւանքներն են երկրի վրայ տիրող պայմանների բնական բազմազանութեան։

Այն մտածումները, որոնք մարկային պատմութիւնը համարում են միայն ու միայն դասակարգերի հակամարտութիւնից հիւսւած մի երեւոյթ, որոնք չեն նշմարում ազգերի հակամարութեան ոչ նւազ ազդեցիկ առանցքը նոյն պատմութեան մէջ, այդ մարդիկ կարծում են, թէ մարդկութիւնը բաղկացած է լոկ դասակարգերից եւ այդ դասակարգերի ու մի քանի թագաւորողների շահերի պաշտպանութեան համար ստեղծւած պետութիւններից։

Նրանց կարծիքով՝ մարդկութիւնը, բացի այդ երկու բաղադրիչ տարրերից, այլ եւս ոչ մի տարր չունի, չունի ոչ մի ուրիշ արտայայտութեան ձեւ։ Իսկ այդ երկուսն էլ անպայման պիտի չքանան, երբ միանգամ կը վերանայ մարդը մարդուն կեղեքելու սկզբունքը։ Իրականացաւ սօցիալիզմը, չը կայ այլ եւս կեղեքման ընբռնումը, չը կան դասակարգեր, ուրեմն՝ կը մնայ մի եւ միակ մարդկութիւն, կազմւած միապաղաղ աշխատող անհատներից։ Դա բնական հետեւանք է տնտեսական մատէրիալիզմի նեղ միակողմանիութեան։

Սակայն մենք գիտենք, որ մարդկութիւնն ունի տնտեսական եւ քաղաքական շերտաւորումներ. կան պետութիւններ ու դասակարգեր։ Բայց կան եւ ազգեր, որոնք արտայայտիչ չեն տնտեսական միտումների, որէնք ամփոփում են մի խումբ մարդկանց դարերով կուտակւած ֆիզիքական, մարմնակազմական եւ գաղափարային ժառանգականութեան արդիւնքները, մարդկանց բոլոր անհատների, դասերի ու դասակարգերի նմանաբանական տարրերը։ Երբ վերանում է կեղեքումը մի դասակարգի ձեռքով կատարւող, բնականօրէն կը վերանայ նաեւ այդ երկու կեղեքող եւ կեղեքւող խմբերի տարբերութիւնները նիւթական բոլոր հարցերում. կեղեքում է մի անհատ միւսին, մի դասակարգ միւսին, թէ մի ազգ միւսին, այդ միեւնոյնն է։ Բայց երբ խմբակցութիւնների գոյութեան իրաւունքը լոկ նիւթական շահերի մակարդակը չէ, այլ կան եւ այլ տեսակի բարոյական ու մտաւոր կամ իդէօլօգիական շահեր, այն ժամանակ կեղեքման սկզբունքի վերացուիլը երբէք չէ կարող առաջ բերել այդ վերջին տեսակի հիմքերի վրայ ամրացած մարդկային բաժանումների ոչնչացում։

Վերջապէս ո՞վ է ասում, որ կեղեքումն աշխարհիս վրայ կատարւում է միայն մի ձեւով դասակարգային արտայայտութիւնով։ Ամէնեւին ոչ. միայն մի դասակարգ չէ, որ կեղեքում է մի այլ դասակարգի։ Բացի դրանից կայ եւ մի այն տեսակի, կարելի է ասել՝ աւելի վատթար կեղեքում, քան մի դասակարգի կեղեքելը միւսին։ Կայ ազգային կեղեքում, երբ մի ազգ՝ տիրողը կեղեքում է մի ուրիշ ազգի, տիրւածին։ Որքան դարեր գերմաններն Աւստրիայում կեղեքել են չեխերին եւ ուրիշ սլաւօնական ցեղերին. մաջարները կեղեքել են սերբերին, խարւատներին ու միւս մանր սլաւօնական եւ այլ ցեղերին. իսկ գերման ու մաջար միասին ի՜նչպիսի անսիրտ կեղեքման են ենթարկել հրէաներին, մարդկութեան այդ պարիաներին։ Իսպանիայում դարեր շարունակ նախ մաւրները կեղեքում էին իսպանական ժողովրդներին ու հրէաներին, իսկ յետոյ արդէն իսպանացիներն սկսեցին կեղեքել թէ մաւրներին եւ թէ նոյն հրէաներին։ Եւ պիտի նկատել, որ վերջիններիս կեղեքումը ու հալածանքը, շա՜տ աւելի խիստ ու բարբարոս էր, քան արաբներինը. ո՞ւմ ծանօթ չեն ինկւիզիցիան (հաւատաքննութիւնը) ու ճիզւիտները, մարդկային հրէշաւոր տանջանքի այդ սոսկալի արտայայտութիւնները։ Մինչեւ օրս մենք տեսնում ենք թէ Ռուսիայում եւ թէ Աւստրիայում լեհերին կեղեքւած իբր ազգային միաժամանակ մենք նկատոմ ենք, որ լեհերն էլ, իրենց կարգին, կեղեքում են իրենց երկրում բնակութիւն հաստատած բազմաթիւ հրէաներին։ Այդպիսի օրինակներ բազմաթիւ են եղել թէ պատմութեան ընթացքում եւ թէ այսօր, մեր աչքի առջեւ։

Սակայն ո՞վ է այդտեղ կեղեքողը. մի ազգի ամբողջութի՞ւնն է կեղեքում միւս ազգի ամբողջութեանը։ Երբէք։ Տիրողը, կեղեքիչը հանդիսանում է միշտ տիրող ազգի, ուժեղ ժողովրդի մէջ մի շերտ բուրժուազիան, ազնւականութիւնն ու բիւրօկրատիան։ Այդ հասարակական խաւերը, կեղեքելով, ըստ ընդունւած կարգերի, իրենց ազգի ներսում գտնւող բանւոր, գիւղացի եւ այլ աշխատաւոր տարրերին. միաժամանակ կեղեքում են նաեւ հպատակ, տիրւած ազգերի ամբողջութեանը, —թէ բուրժուազիային, թէ հողատէրերին եւ թէ, մանաւանդ, աշխատաւորութեանը։ Այդ կեղեքումը կատարւում է այս կամ այն արտօնեալ վիճակով, այս կամ այն առաւելեալ դրութիւնով կամ պրիվելէգիայով։

  Վերցնենք մի քանի օրինակներ։

Երկա՜ր տարիներ է Աւստրիայում Գերմանների եւ չեխերի մէջ ազգային կատաղի կռիւ է։

Երկու կողմից էլ զարմանքի արժանի եռանդով մարդիկ կռւում են, օրինակ, այն բանի համար, թէ մի սափրիչի խանութի ցուցանակը պիտի գրւի չեխերէ՞ն թէ գերմաներէն. կամ բանակում զինւորաց անունը կարդալիս, չեխ զինւորը պիտի «hier» («այստեղ» Գերմաներէն) պատասխանէ, թէ՞ պիտի «zdé» ասէ («այստեղ» չեխերէն)։ Թւում է, թէ այնպիսի անմեղ բաներ են այս բոլորը, որ ջանալ նրանց տալ տնտեսական բացատրութիւն՝ անկարելի է։ Բայց ոչ. մարքսիստներն այս ազգային շահերի ընդհարման մէջ էլ տեսնում են Մարքսի ասած «Des in’s ideelle eingesetzte Materielle» «իդէականի մէջ նստած նիթականը»։ Նրանք ազգային եւ կուլտուրական այդ կռիւը բացատրում են գերմանական եւ չեխական երկու բուրժուական բանակների շահերի մրցումով։ Որքան շատ չեխերէն խօսող լինի, ասում են նրանք այնքան, աւելի մեծ կը լինի չեխ բուրժուազիայի յաճախորդների թիւը եւ ընդհակառակը։ Ազգութիւնների կռիւը գերմանների եւ չեխերի միջեւ ոչ այլ ինչ է, եթե ոչ շուկան ընդլայնելու կռիւ երկու կողմից էլ։ Այսպիսով, համաձայն հին մարքսիստական տեսակէտի, ազգային տարրն ամէն տեղ եւ ամէն ժամանակ հալւում է մատէրիալիստական կամ տնտեսական տարրի մէջ, չը տալով ոչ մի անվերլուծելի, ոչ մի անմարսելի բան։

Այդպէ՞ս է արդեօք իրականութեան մէջ։ Ոչ, պատասխանում է Ժիտլօվսկին [10] ։

Մի րոպէ ենթադրենք, որ երկու ազգութիւնները չը կան. չեն կրւում գերման եւ չեխ ազգերը, այլ դրանք մի ազգ են եւ նրանց ներսում մրցում են իրար հետ երկու խումբ բուրժուաներ։ Դա, անշուշտ, կը լինէր դասակարգային կռիւ բուրժուազիայի ներսում։ Սակայն քաղաքատնտեսութեան մէջ բացարձակ ճշմարտութիւն է, որ ներդասակարգային կռիւն ընդունում է հասարակ մրցման բնոյթ, անհատական արտայայտութիւն։ Ամէն մի արտադրող, իր տանը նստած, մտածում է միայն մի բան. ի՞նչպէս լայնացնէ եւ աւելի շահաւէտ դարձնէ իր սեփական գործը։ Տնտեսական կեանքի մէջ ամենեւին գոյութիւն չունի «կանգնած վիճակ». կապիտալը կամ աճում, զարգանում է, կամ նւազում, քայքայւում եթէ նրա բացարձակ չափը տասնեակ տարիներ նոյնն է մնում, դա նշանակում է, որ նա յետադիմում է, որովհետեւ չորս կողմում միւսներն աճում են ու ընդարձակում իրենց գործերը. իսկ աւելի խոշոր ձեռնարութիւնն անպայման աւելի արդիւնք է տալիս եւ կարող է մանրին այսօր կամ վաղը կլանել, յաղթահարել մրցման մէջ։ Ուրեմն՝ նոյն դրամագլուխը համեմատաբար մանրանալով, աւելի երկիւղի մէջ է, կլանւելու, չքանալու, կտոր ընքնելու երկիւղի մէջ։ Այդ երկիւղը հրամայօրէն ստիպում է բոլոր կապիտալիստներին մտածել մեծացնելու մասին մասին իրենց կապիտալները, իրենց ձեռնարկութիւնները։ Եւ որովհետեւ ներկայ կապիտալիստական կարգերում ոչ ոք չէ կարող որոշել շուկայի պահանջի չափն, այդ պատճառով ամէն մի արտադրող աշխատում է արտադրել որքան կարելի է շատ, լարել իր ուժերն՝ ստեղծելու համար բարիքներ ու արժէքներ հասարակութեան համար, ապրանք, ծախելու նպատակով։ Ամէն մի արտադրող, չը գիտենալով ոչ համաշխարհային շուկայի պահանջը, ոչ էլ այն՝ թէ որքան են արտադրում ուրիշները, ջանք է գործ դնում մեծացնելու իր արտադրութիւնը։ Սա է որ կոչւում է արտադրական անիշխանութիւն, որը ծնունդ է տալիս գերարտադրութեան (surproduction) եւ կրիզիսների կամ ճգնաժամերի։

Տնտեսական կեանքի կապիտալիստական կազմի այս անխուսափելի գիծը դարձնում է բուրժուա դասակարգի ամեն մի անդամին մահացու հակառակարդ միւս բոլորին՝ ի հարկէ լոկ արտադրութեան, վաճառման, զուտ արդիւնք ստանալու գործում։ Իսկ երբ հարցը վերաբերում է քաղաքական ու հասարակական պահանջներին, անպայման նրանք միասին են շարժւում, միասին են գործում ամէն տեղ, իբր միաժամանակ շահերի տէր անհատների հաւաքածու կամ իբր մի դասակարգ, ընդդէմ միւս բոլոր հակադիր շահեր ունեցող դասակարգերի, դասերի, խմբակցութիւնների եւ անհատների։

Բուրժուազիայի դասակարգային այդ բնոյթը պարզելուց յետոյ, անցնենք մերե ենթադրութեանը։ ասենք թէ չեխ եւ գերման չը կայ, եւ մրցուում են միեւնոյն ազգի բուրժուաները։ Ի հարկէ կայ ներկայում կատաղի մրցում կապիտալիստական զանազան խմբակցութիւնների միջեւ՝ նոյն դասակարգի ներսում խոշոր կապիտալիստները մրցում են միջակների ու մանրերի դէմ, միջակները խոշորների ու մանրերի, իսկ վերջիններս էլ միջակների ու խոշորների դէմ։ Սակայն ենթադրենք, որ բոլորն էլ խոշոր կապիտալիստներ են եւ մրցում են իրար դէմ։ այստեղ արդէն դառնում է զուտ ներդասակարգային մրցում, որ անպայման ստանում է զուտ անհատական բնոյթ։ Այդ մրցումը երբեք, ոչ մի դէպքում չէ կարող վերածւել դասակարգային նոյն իսկ դասային մրցման. նա չէ կարող խոշոր բուրժուազիային, օրինակ՝ խոշոր Ֆաբրիկանտներին, բաժնել երկու դասի կամ ստեղծել նրանցում երկու ազգային խմբեր։ «Դասակարգի ներսում, ասում է Ժիտլօվսկին, նրանք կարող են կատաղօրէն իրար օձիքից կպչել եւ իրար բերնից պատառը խլել, բայց այդպիսի կռիւը երբեք չէ կարող դուրս գալ տնտեսական ձեւերից եւ զուտ տնտեսական միջոցներից։ Այդ մրցող բուրժուաներից ոչ մէկը երազել անգամ չէ կարող, որ ինքը մի կերպ իրաւական առաւելութիւն ձեռք բերէ միւսներից կամիրանց մի մասը կազմակերպւին եւ ձեռք բերեն որոշ իրաւունքներ, որոնցից միւսները զուրկ լինեն, կարող չը լինեն նոյնը ձեռք բերելու։ Ինչ կասկած, որ այդ խոշոր գործարանատէրերի մի մասը կարող է տրեօստ կազմել, զանազան խորամանկութիւններ անել. դաւեր ու ականներ նիւթել հակառակորդների դէմ, սակայն երբեք որեւէ իրաւական առաւելութիւն չէ կարող լինել այս ու այն անհատի կամ խմբակցութեան համար. նրանք բոլորն էլ հաւասար են օրէնքի առջեւ։

Բայց այժմ ենթադրենք, թէ մեր վերացրած ազգային տարրը նորից ներս է մտնում։ Ի՞նչ կը լինի այն ժամանակ։ Չեխ խոշոր բուրժուազիան կը կազմակերպւի առանձնապէս, գերմանականն էլ իր համար, եւ այդ երկու ազգային խմբակցութիւնները կը ջանան անպայման իրենց կողմը գրաւել իրենց ազգութեան բոլոր անհատներին, ձեռք բերել այս կամ այն բացառիկ, արտօնեալ դրութիւնն իրենց ազգի համար եւ այլն։ Օրինակ՝ մի Տիմօշկին Պետական Դումայում կառաջարկէ սահմանափակել Կովկասեան ատելի ազգերի իրաւունքը հողեր նգելու, գործարաններ բանալու, նաւթահողերը պետութիւնից կապալով վերցնելու... եւ այդ բոլորը տալ «Իսկական ռուսներին», որովհետեւ նրանք են իրենց արիւնով ներկել Կովկասի լեռներն ու դաշտերը, որովհետեւ նրանք են միակ իսկական հայրենասէրները, հայրենիքի համար զոհւողները։ Ակներեւ է որ այստեղ, տնտեսական խնդիրների վրայ աւելացաւ մի նոր տարր, ազգայինը, որը գալիս է խստացնելու եւ մի քիչ տարբեր գոյն տալու տեղի ունեցող տնտեսական կռւին։ Ի հարկէ, կարելի է պնդել, որ այստեղ ազգայինը լոկ դիմակ է, քօղարկելու համար զուտ տնտեսականը կամ դասակարգայինը։ Ինչ կասկած, որ այս կամ այն անհատների կողմից կարող է նա ծառայել իբր բացարձակ դիմակ, իսկ ուրիշների կողմից նա դիմակ չէ, այլ ամենաանկեղծ ու մաքուր համոզում, ազգային զգացմունքի արտայայտութիւն, որը, այս դէպքում խիստ համապատասխան է մրցողների զուտ տնտեսական շահերի։

Այժմ վերցնենք մի այլ դէպք, երբ տնտեսական շահերն ու ազգայինը, նախընթացի նման, չեն համապատասխանում, այլ կամ հակասում են, կամ, լաւագոյն դէպքում, անտարբեր են մրցողների համար։

Ասենք թէ մի ազգութեան մանր բուրժուազիան մրցում է միւս ազգութեան խոշոր բուրժուազիայի դէմ, կամ մի ազգի գիւղացիութիւնը մրցում է միւս ազգի «շլեախտայի», բարօնների, ազնւականութեան կամ խոշոր կալւածատէրերի դէմ։ Մրցող մանր բուրժուազիան կամ գիւղացիութիւնը խառնում են իրար տնտեսական եւ ազգային շահերը. նրանք պահանջում են, օրինակ՝ գերման բարօնութեան վերացում, լեհական շլեախտայի ոչնչացում եւ այլն։ Նրանց պահանջների մէջ շեշտւում է ազգային տարրը, բայց ամէն մի մարքսիստ ձեզ կասէ, որ այդ ազգային տարրը դիմակ է՝ ծածկելու համար մանր բուրժուազիայի դասակարգային շահերը. ի՞նչ չեխ, ի՞նչ լեհ, կամ գերման. այստեղ մրցում են լոկ մանր ու խոշոր բուրժուաներ, զուտ դասակարգային մի երեւոյթ, որը նետել է իր ուսերին ազգային իդէալական թիկնոցը. —«Das’ in’s ideelle eingesetzte Materielle», կրկին Մարքսի խօսքերը իդէականի մէջ նստած նիւթականն է դա։

Այժմ աւելի խորը թափանցենք այդ շարժման մէջ, չը մնանք մակերեւոյթի վրայ, ինչպէս մարքսիստներն են անում, իհարէ իրենց դաւանած վարդապետութեան միակողմանի եւ հեշտ բնոյթի համեմատ։

Ի՞նչ է ուզում ճնշուած ազգի մանր բուրժուազիան կամ ասենք, գիւղացիութիւնը։ Մի՞թէ նա պահանջում է այնպիսի օրէնքներ, որոնք այլեւս բացարձակ անհնար դարձնէին խոշոր բուրժուազիայի կամ հողատիրութեան երեւան գալը։ Ո՜չ։ Եթէ այդպէս լինէր, դա կը լինէր զուտ դասակարգային տնտեսական պահանջ, թէ եւ բացարձակ անմիտ, որովհետեւ քանի կայ կապիտալիստական կամ ներկայի մասնաւոր սեփականատիրական հասարակակազմը, այդպիսի պահանջները կը մնան միշտ անիրագործելի, մեռած տառ, մեռած ու մեռնելու դատապարտւած դասակարգերի անմիտ ու անիրականանալի պահանջներ։ Բայց այդ չէ ասում կեղեքւած հասարակութեան, լծի տակ եղող ազգի մանր բուրժուազիան ու գիւղացիութիւնը։ Նրանք չեն պահանջում առհասարակ հողատիրութեան ու խոշոր կապիտալիզմի վերացում, այլ միայն վերացում, օրինակ, գերման խոշոր կապիտալիստների ու բարօնների, եւ նրանց փոխարինումն, օրինակ՝ չեխ խոշոր կապիտալիստներով ու հողատէրերով։ Աշկարայ է, որ այստեղ ազգային տարր կայ. մի ազգային միութիւն ձգտում է իր կողմը գրաւել այս կամ այն տնտեսական շահերը։ Ազգային սկզբունքն է, որ մրցման է դուրս եկել տնտեսական հողի վրայ։ Այդ կռւի միջից հանեցէք բոլոր տնտեսական շահերը, անպայման տակին կը մնայ մի անվերլուծելի տարր մարքսիստների համար ազգային տարրը։

Բերենք մի երրորդ օրինակ։ Մարսէյլում իտալացի բանւորները մրցում են տեղական զուտարիւն ֆրանսիացի բանւորների դէմ. կամ Ժընէւում նոյն իտալացի բանւորութիւնը մրցում է զւիցէրացի բանւորների դէմ. իսկ Միացեալ Նահանգներում հայ բանւորները մրցում են տեղացի բանւորների դէմ։ Մենք չենք առաջ բերում չինացիների մրցումը եանկիների դէմ, կամ ֆէլլահների մրցումն իտալացիների եւ յոյների դէմ, որովհետեւ այստեղ օրավարձի չափերի տարբերութիւնը, կուլտուրական խոշոր տարբերութիւնից առաջացած, կարող են շփոթել տնտեսական պատմաաշխարհայեաց ունեցողներին։ Մենք վերցնում ենք իրար քիչ ու շատ հաւասար կուլտուրայի զաւակների, ինչպէս իտալացի եւ ֆրանսիացի բանւորների։ Յաճախ, շատ յաճախ ֆրանսիացի եւ զւիցէրացի բանւորութիւնը բողոքում է եկւոր իտալական բանւորութեան դէմ, որ իրենց ձեռից խլում է գործը, ուրեմն մի կտոր հացը։ Վերլուծենք այդ երեւոյթը։ Թէ Ֆրանսիայում եւ թէ Զւիցէրիայում կայ բանւորների մի ահագին պահեստի բանակ. անգործ, գործազուրկ բանւորներ։ Ոչ մի ֆրանսիացի բանւորի մտքովն անգամ չէ անցնում գնալ բողոքել, թէ ինչո՞ւ այդ բանւորական պահեստի բանակի անդամները խլում են իրենց, գործի կանգնած բանւորների աշխատանքները։ Դա մի բնական երեւոյթ է, որ տեղի ունի բոլոր ազգութիւնների ներսում, բոլոր երկրների պրօլէտարների մէջ։ Ազգային մի մակարդակի վրայ կանգնած ազգային միութիւններն իրար դէմ մրցում են, բայց այդ մրցման մէջ միայն մի տարր գոյութիւն ունի, զուտ տնտեսական տարրը։

Իսկ երբ ֆրանսիացի կամ զւիցերացի բանւորութիւնն ըմբոստանում է ընդդէմ իտալացի բանւորների, այստեղ արդէն բացի զուտ տնտեսականը, ներս է սողոսկու եւ ազգային տարրը։

Ոչ, տնտեսական ազդակի մէջ երբեք չէ հալւում ազգային տարրը. նա անվերլուծելի է, որովհետեւ արտայայտութիւն է մարդկային գոյութեան տարբեր ձեւերի։ Մարդկութիւն բաղկացած է երկու կարգ վանդակներից ըստ երկարութեան, որ կազմում են ազգերը, եւ ըստ լայնութեան, որ կազմում են դասակարգերը։ Տնտեսական շահերն արտայայտութիւն են ըստ լայնութեան ընկած վանդակների կամ դասակարգերի, իսկ ազգային շահերն արդիւնք են ըստ երկարութեան տարածւող վարդակների։

Տիրող ազգութիւնների կեղեքող դասակարգերը շահագործում են ե՛ւ իրենց ազգի աշխատաւորութիւնը, ե՛ւ հպատակ ազգերին ամբողջապէս։ Իհարկէ հպատակ ազգերից այս մէկը կարող է աւելի ենթակայ լինել կեղեքման, քան այն միւսը, կամ միեւնոյն ազգի ներսում այս ինչ դասակարգը կարող է շատ աւելի կեղէքւած լինել, քան այն ինչ դասակարգը։

Ինքնակալական ու բռնապետական րէժիմների օրով տիրող ազգի կեղեքումն առնում է աւելի բարբարոս եւ շա՜տ աւելի լկտի կերպարանք տիրւած ազգերի վերաբերմամբ, քան, օրինակ, սահմանադրական երկրներում։ Այս վերջիններում էլ այդ շահագործութիւնը յաճախ կախւած է լինում այն բանից, թէ ինչ ոգով են կազմւած պետական հիմնական օրէնքները կամ ինչ աստիճանի կուլտուրական բարձրութիւն ունեն երկրի բոլոր ժողովրդները եւ այլն։

Այժմ մեզ մնում է քննել մի հարց եւս։ Ի՞նչ դիրք պիտի բռնէ աշխատաւորութիւնն այս տնտեսական ու ազգային շահերի ալեկոծ ծովում, կամ ի՞նչ են բուրժուական եւ աշխատաւորական նացիօնալիզմն (ազգայնութիւնը) ու ինտէրնացիօնալիզմը (միջազգայնութիւն)։ Թողնելով աշխատաւորութեան տնտեսական շահերի խնդիրը մի այլ աշխատութեան մէջ վերլուծելու, մենք կը քննենք աշխատաւորութեան յարաբերութիւնը դէպի ազգային հարցը։ Նախընթաց երեսներում յաճախ մենք յայտնել ենք մեր տասակէտն այդ առիթով, բայց դա եղել է կցկտուր, չամբողջացած ձեւով։



[1]            «Բարոյագիտութիւնը եւ պատմութեան մատերիալիստական ըմբռնումը» գերմ. բնագիր. եր. 115

[2]            Նոյն եր. 139. «դրացիների որպիսութիւնից եւ տրված հասարակութեան նախնիքների յատկութիւնից»։

[3]            «Ժամանակակից պետութեան իրաւունքը» եր. 74

[4]            Ելլինէկ, Նոյն եր. 75

[5]            Գումպլօլվիչ «Ազգայնութիւնը եւ միջազգայնութիւնը XIX դարում» երես 39

[6]            Գումպլօվիչ նոյ, երես 40

[7]            André Cochute. «Des Nationolités», «Revue Des Deux Mondes», 1866 թ., եր. 690

[8]            «Հասարակական շարժումը XIX դարում» գրքի «Ազգային առանձնայատկութիւններ» գլուխը։

[9]            Տես Մասարիկի «Մարքսիզմի փիլիսոփայական եւ ընկերվարական հիմունքը» գրքի երես 395—396

[10]          «Սերպի» երկրորդ ժողովածուն «Տնտեսական մատէրիալիզմը եւ ազգային հարցը» յօդ, եր, 65