Դիւցազնուհին

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գ.

Ձմեռ էր. հիւսիսային երկիրների ամենախիստ, սառնամանալից ձմեռներից մէկը։ Ձիւնը արշինների հաստութեամբ ծածկել էր միօրինակ հարթութեան անծայր տարածութիւնը։ Ամեն բան, բոլոր առարկաները սպիտակաթոյր եւ թանձր վերմակը վրաները առած, ննջում էին խաղաղ ու անդորր քնով։ Կենդանական կեանքը ասես իսպառ դադար էր առել. թագաւորում էր բուքն ու սառնամանիքը, փոթորիկն ու մրրիկը։

Լայնատարած տափաստանի վրայ, այս ու այնտեղ ընկած էին մարդկային շէներ, մեծ եւ փոքր աւաններ, գիւղեր եւ քաղաքներ։ Երբեմն երբեմն դէպի այս բնակավայրեր տանող ճանապարհների վրայ երեւում էին սահնակներ, որոնց մէջ նստած մարդիկ՝ պարուրւած տաքուկ մուշտակների մէջ, ձեռներն ու դէմքը ծածկած, կծկւել ու կուչ էին եկել, լծկան ձիերը փնչալով վազում էին սրարշաւ, նրանց արտաշնչած օդը, գոլորշիանալով բարալիկ ու նրբին ամպիկի նման գալարւում էր, պտոյտ գալիս, պատրոյգ դառնում եւ քիչ յետոյ սառոյցի վերածւելով, ձիւնի նման վար մաղւում։ Լուռ, խաղաղ դաշտի մէջ հնչում էր սահնակների զանգակների ձայնը, որոնք աւելի էին զնգում եւ քաղցրալուր հնչում։ Շէների մօտակայքում հատ հատ երեւում էին թափառաշրջիկ որսկաններ իրենց շնիկներով։

Օրւայ վերջինքն էր։ Արեւը հարաւային հորիզոնի բարձրութիւնից կոր գծով իջել եւ մօտեցել էր իւր ամենօրեայ հանգստավայրին։ Երկրի երես ծածկող սպիտակափայլ սաւանը իր վրայ ընդունելով արեգակի վերջին շիկագոյն ճառագայթները, նրանց միախառնեց իւր բիւրաւոր, թափանձիկ աւազահատերի հետ եւ ստեղծեց երփներանգ, փողփողուն եւ անձեռարւեստ մի հիւսւածք, մի գործւածք, նման նորահարսերը սփածանող մետաքսեայ ոսկեարծաթաթել ծաղկէնկարներով զարդարուն շղարշներին։

Այս ժամանակ մի շէնի էր մօտենում փոքրիկ մի սահնակ, որին լծւած ձիերը յոգնել էին եւ հազիւ էին քաշում։ Միրուքաւոր կառապանը, միրուքն ու ընչացքը զարդարած սառուցեայ սպիտակաւուն կտորտանքներով, ձեռները թաթմանների մէջ, մէկով սանձերը բռնած, միւսովը մտրակ շարժելով մրթմրթում էր ու վարում սահնակը։ Հեծեալները երկու երիտասարդներ էին, մինը աղջիկ, միւսը՝ տղայ։ Քիչ անցած սահնակը կանգ առաւ գիւղամիջի մի փոքրիկ հրապարակում, հեծեալները իջան եւ առաջին հանդիպող շինականից հարցրին.

Շինական եղբայր, բարի´ աջողում, կարելի՞ է մեզ ցոյց տաս վարժապետի տունը։

Ուրախութեամբ, պատասխանեց գեղջուկը եւ առաջնորդեց։

Մի քանի րոպէից յետոյ նրանք կանգ առան բաց, իր ճխանների վրայ կանգնած մի դրան առաջ եւ առանց հարց պատասխանի մտան բակը, ուր նրանց դիմաւորեց տանտիրուհին։ Նորեկները բարեւելուց յետոյ աւելացրին «հաց ու աղ», մի խօսք, արտայայտութիւն, որով Ռուս գիւղացիք մտերմաբար իրար են ուղղում, յայտնելու համար միաժամանակ իրենց հիւր լինելը։

Տանտիրուհին փոխադարձաբար պատասխանելուց յետոյ, նրանց համեցէք արեց եւ առաջնորդեց դէպի սենեակը, ուր նրանք հանեցին հաստ մուշտակները եւ տեղաւորւեցին կրակի շուրջը։

Բարո´վ եկաք, Աստծու հիւրեր, ինչպէ՞ս էք, հօ´ սառնամանիքը շատ չանհանգստացրեց ձեզ, հարցրեց տիկինը։

Շնորհակալ ենք տիկին, ցրտի դէմ պաշտպանւեցինք, պատասխանեց երիտասարդը, բայց ասացէք խնդրեմ ո՞ւր է Աղէքսանդրը, արդէօք ե՞րբ կը գայ։

Ինչպէս երեւում է դուք ամուսնուս ճանաչում էք եւ մտերիմ էլ էք, նա շուտով կը վերադառնայ, հարեւան տանիցը կանչեցին ինչ որ խնդրագիր գրելու։

Այդ ժամանակ ներս մտաւ մէկը, գիւղական եւ քաղքենի տարազները իր զգեստներով միացրած մի պարոն, նա շտապելով, ափալթափալ վազ տւեց՝ «Անդրէ՜… սիրելի Անդրէ՜» աղաղակելով, եւ ընկաւ նորեկ երիտասարդի ճտովը, նրանք շրթունքները իրար փակցրին եւ պինդ պինդ պաչպչելով «պռօշտի» արին, ապա դառնալով օրիորդին ասաց.

Օ՜, շա՜տ ներողութիւն օրիորդ, Անդրէի այսպէս անսպասելի գալուստը ինձ շփոթեցրեց, բարո՞վ էք եկել, յետոյ աջ ձեռը նրան մեկնելով աւելացրեց. «Գիւղական վարժապետ Ալէքսանդր»։

Շա՜տ ուրախ եմ, պատասխանեց օրիորդը եւ հազիւ շշնչաց իր անունը, որ եւ մնաց անլսելի։

Դէ´, ասա´ տեսնենք, սիրելի Անդրէ, ինչպէ՞ս ես, է´դ որ սատանան քեզ այստեղ ուղարկեց։ Ֆո՜ւ սատանան տանի, մոռացայ հա´։ Էլէնա, շո´ւտ արա թէյ պատրաստիր, է´ն մեծ հեշտաեռովը, կնոջը դառնալով ասաց Ալէքսանդրը։

Միամի´տ կա՜ց, Անիւտան դրանով է զբաղւած, քիչ յետոյ պատրաստ կը լինի, պատասխանեց տանտիկինը։

Բայց դու գիտե՞ս Էլէնա, ո´վքեր են մեր հիւրերը, երեւի չէք ծանօթացել տակաւին։

Էլէնան բացասական կերպով գլուխը շարժեց։

Անդրէն՝ իմ դասընկերներից է, թէեւ երկար ժամանակով իրարից բաժանւած, բայց երբէք չմոռացած։ Հա´ սկզբում, ինչպէս ասացի, անունը Անդրէ էր, իսկ հիմա, սատանան տանէ, ո՞վ գիտէ ի՞նչ է, ի՞նչ անունով է վերամկրտւել։

Այժմ հերթը իմն է, ասաց Անդրէն, թոյլ տուր որ ներկայացնեմ նախ օրիորդին եւ ապա նորից ինձ, որովհետեւ ես էլ է´ն չեմ, այժմ վերամկրտւած եմ։ Ընկերուհուս անունը Բէլկա է, պաշտօնով վարժուհի, կոչումով յեղափոխական, դաւանանքով Սօցիալ-Դէմօկրատ։ Ես՝ ես եմ, բայց քո Անդրէն այժմ Գէորգի է, գործով թափառական, շրջիկ քարոզիչ օրիորդի պատկանած կուսակցութեան։

Տնավարի, մտերմական խօսակցութիւնը այսպէս բաւական ժամանակ շարունակւեց, երբ Անիւտան՝ ընտանիքի տասնըվեցամեայ սիրունիկ աղջիկը, նրանց թէյի սեղանի շուրջ բազմելու հրաւիրեց։

Հեշտաեռը սեղանի վրայ եռ էր գալիս եւ երգում, ինչպէս ամրան անհոգ եւ ուրախ բզէզները, եփում էր եւ եռման թափը այնքան ուժեղ էր, որ յաճախ խփում ու վեր վեր էր բարձրացնում կափարիչը, ջուրը գոլորշու ամպիկների հետ դուրս փչում։ Մեծ բաժակների մէջ ածւած թէյի ոսկեգոյն հեղուկը իր յստակ եւ պարզ փայլով ծիծաղում էր շրջապատող մարդկանց երեսին եւ լուսանկարում նրանց՝ իրենց ապակիների հայելու վրայ։

Ընկերնե´ր, վերսկսեց Ալէքսանդրը, հիմա ո´ւր որ է կը գայ մեր տէրտէրը, իր բարի եկարի աղօթք-պահպանիչը ասելու, ըստ սովորութեան սեթեւեթելու եւ մանաւանդ պարգեւ ստանալու համար։ Նա վարպետորդի, սատանայից եօթը տարի առաջ ծնած մէկն է, խիստ զգոյշ եղէք եւ ձեր խօսքերի մէջ ժլատ ու վերապահ։ Պիտի աշխատել ո եւ է կասկածելի բան չտալ։ Այսպէս, օրիորդ Բէլկան կը ներկայանայ որպէս վարժուհի, իսկ դո´ւ Անդրէ´, բայց ոչ, մոռացայ, Գէորգի, ի՞նչ պիտի ասես։

Իմը աւելի հեշտ է, դուք անհանգիստ մի լինիք, եթէ նա սատանայ է, ես էլ նրա պոչն եմ։ Դո´ւ Ալէքսանդր այժմ պատմիր մեզ ձեր գիւղացիների դրութեան մասին, այդ շա՜տ կարեւոր է, ունի կրկնակի եւ աւագ նշանակութիւն մեզ, երկու նորեկներիս համար։ Օրիորդը բոլորովին նոր է եւ անծանօթ գիւղական կեանքին։ Ես վաղ առաւօտեան եւեթ պիտի մեկնիմ, այլ շրջաններ պիտի այցելեմ, կարեւոր յանձնարարութիւններ ունիմ, այս տեղինը թողնում եմ օրիորդի եւ քո հոգացողութեանը։

Վա՜հ, ինչի՞ այդքան շուտ, գոնէ´ մի քանի օր կաց, հանգստացիր եւ ապա շարունակիր ճամբադ, նկատեց Ալէքսանդրը եւ սկսեց նկարագրել գիւղն ու իր կացութիւնը։ Պատմութեանը երբեմն միջամտում եւ մասնակցում էր տիկինը։

Նրանք պատմեցին՝ թէ ինչպէս Ռուսաստանի գիւղացիութեան հոգէառ եւ մշտական մղձաւանջ սարսափ սովը իւր մահասփիւռ թեւերը դարձեալ տարածել է լայնատարած հարթութեան վրայ, թէ ինչպէս՝ նա անարգել կերպով բաւականութիւն է տալիս իր ահռելի քմահաճոյքներին, թէ շինականները ահագին խմբերով, երիտասարդ աղջիկներ եւ տղաներ քաղաքներն են վազում, իրենց ծախում հացի գին ճարելու համար, թէ ի´նչպէս նրանցից շատերը, դեռ տեղ չհասած, կէս ճանապարհին, զուրկ ցուրտ սառնամանիքից պաշտպանւելու ո եւ է միջոցից, սառում ու փէտանալով մահանում են։ Թէ ինչպէ´ս կալւածատէրն ու կառավարութիւնը, վաշխառուներն եւ հոգեւորականները՝ սրբազան դաշնակցութեամբ միացած, կողոպտում են գիւղացուն, խլում նրա փալասի ամենավերջին կտորն անգամ։ Թէ´ ինչպէ՞ս ծեծն ու բանտը, տանջանքն ու լլկանքը, աքսորն ու շղթան ծանրացել են գիւղացու վրայ, քամում են նրա կեանքի հիւթը, ծծում նրա արիւնը կաթիլ առ կաթիլ։

Այր ու կնոջ պատմութիւնը ա՜յնպէս սրտայոյզ էր եւ մանաւանդ գրգռիչ, որ ունկնդիրները մերթ սրտամաշ հառաչանքներով, մերթ զայրոյթի բուռն կանչերով արձագանգ էին տալիս։

Բէլկան՝ որ մինչեւ վերջ գրէթէ լռութեամբ լսում ու դիտում էր, եւ կարծես ապրում իրական կեանք ներկայացնող մի սարսափելի երազ տեսարան, եւ ի տես նրան ամբողջութեամբ մտածմունք դարձած գալարւում էր յուզմունքից, ասաց.

Անսիրտ, անհոգի տէրերն ու տիրապետողները, իրենց դասակարգային շահերի ծնունդ կրօնի հանդերձեալ կեանքին վերապահած դժոխքը, ներկայումս, իր ամբողջական եւ է´լ աւելի կատարելագործած գեհենային դժնդակ սարսափներով փոխադրել են այս աշխարհը։ Բաւական չեն համարել երկրայինը, երկնայինն էլ օգնութեան բերելով լրացրել են։

Եւ դժբաղդ Ռուսաստանը այդ դժոխքի ամենավատ անկիւնն է. այստեղ է սոսկումի, գեհենի Աստւածը. նա շա՜տ է պառաւել… եւ մենք եկել ենք նրա պատանքը հիւսելու…։