Դիւցազնուհին

Հեղինակ

Բաժին

Թեմա

Է.

Ռուսաստանը ապրում էր իր պատմական, արեւելացունց մեծ յեղափոխութիւնը։

Արեւելքի եւ արեւմուտքի սահմանների վրայ կեցած մայր երկիրը երկունքի մէջ էր, նրա ցաւերը, նրա բարձրակոչ աղաղակները տարածւում էին ամենուրեք… Ողջ աշխարհը անհամբերութեամբ սպասում էր երկունքի վախճանին… նորածինը ամենքին էլ հետաքրքրում էր։

Նոր գաղափարների, փրկարար սկզբունքների աւանդապահ, առաջամարտիկ բանակը, աշխատաւորների, բանւորների դասակարգը, մէկ մարդու նման ոտքի ելաւ, երբ տրւեց ազդանշանը, երբ առաջին անգամ կրակոտ հարաւը, ապստամբութեան, ընդհանուր գործադուլի ելաւ, երբ Բ… քաղաքում Հնչակեան դրօշը ծածանեց 1904 դեկտ. 14ին… հարաւի տաք հողմը անցաւ, սուրաց հիւսիսի սառուցեալ դաշտերի վրայով, ցնցեց եւ ըմբոստութեան կոչը շշնջաց…

Մէկ տարի չանցած սկսւեց ընդհանուր գործադուլը, դուրս եկան Ռուսաստանի լաւագոյն զաւակները պատնէշների վրայ, հնչեցնում էին փողը, շեփորը եւ նրա ձայնով սարսափեցնում տիրապետողներին։

Կռիւը բորբոքւեց, դասակարգերը իրար դէմ ելան։ Անհաւասար պատերազմ էր։

Մի կողմում կանգնած էր յանուն գաղափարի, յանուն տանջւած մարդկութեան երջանկութեան, կեանքը նւիրաբերող դասակարգը. միւսում՝ շահագործողների, այլակերների բանակը, իր զինւորական եւ ռազմական ահեղ պատրաստութիւններով։

Մէկ ծայրից միւսը վրդովւեց Ռուսաստանը, ամէն տեղ միեւնոյն տեսարանն էր պարզւում. արիւն, կոտորած, կողոպուտ ու թալան, գնդակազարկ ու կախաղան…։

Կատղել էր հիւսիսի արջը՝ մարդկութեան ամենամեծ դահիճներից մէկը իւր վոհմակներով օրհասական մարտ էր մղում։ Նա գործի էր կանչել տրամադրելի բոլոր յայտնի եւ անյայտ ոյժերը։ Սեւ հարիւրեակների՝ վօտկայի երկրպագու վարձկան հորդաներին ձգել էին ժողովրդի վրայ։

Քաղաքացիական պատերազմը իր ամբողջ թափով, իր բոլոր գոյներով եւ ահեղ երեւոյթներով տիրապետում էր Ռուսաստանը…

Բռնապետութիւնը տատանւեց իր հիմքերի վրայ, դողաց, վախեցաւ, տեղի տւեց եւ խոնարհւեց ժողովրդի պահանջների առաջ…

Ժողովուրդը յաղթանակեց, նա իր ընտրեալ ներկայացուցիչներին ուղարկեց իր բաղդը տնօրինելու, իր սեւ օրւայ համար հոգալու։

Մինչ ժողովուրդը եւ նրա բարեկամները տարւած էին շինարար, հասարակական բարենորոգչական գործով եւ ծրագրում, նախագծում էին երկիրը երջանկացնելու միջոցներ, բռնապետականները, շահագործողները եւ հոգեւորականները վերսկսեցին գաղտնօրէն դաւել, որոգայթներ լարել…

Չանցկացաւ երկար ժամանակ…

Եւ մի պահ խաբէութեամբ տեղի տուող բռնապետութիւնը լարեց իր բոլոր ոյժերը եւ երբ հաւաստիացաւ թէ պիտի յաղթանակէ, վայրենի հեգնութեամբ բռնեց ժողովրդական ներկայացուցիչների ձեռներիցը եւ ասաց.

Գնացէ´ք… ձեր տեղը այստեղ չէ, դուք իմ ժողովրդի ներկայացուցիչները չէք, դուք այլադաւան էք, այլազգի էք, Ռուսի մաքուր արիւն չի հոսում ձեր երակներում…

Սւինների փայլը շողաց ժողովրդական խորհրդարանի պատուհանների վրայ, հրացանների եւ թնդանօթների որոտները գոռացին.

«Դո´ւրս կորէք այստեղից, ինքնակալ կայսրը այսպէս է հրամայում»։

Զայրացած ընտրեալները կորագլուխ թողին խորհրդարանը եւ հեռանալուց առաջ կանչեցին հպարտութեամբ.

«Մեռաւ Դուման, կեցցէ´ Դուման»։

Ընտրեալները վերադարձան իրենց ուղարկողների մօտ եւ պատմեցին իրենց լսած, տեսածը։

Աստծու երկրաւոր փոխանորդի եւ նրա օծեալ խաբէութեան ամբողջ ահռելիութիւնը պատկերացաւ ժողովրդի աչքին։

Աստծու շուքը, ժողովրդի բարեգութ հայրը կարգադրեց որ ինչքան ուրախութեան ամէն տեղ տօն, խրախճանք, հանդէսներ սարքեն…

Սկսւե՜ց…։

Ամենուրեք հրէական ջարդ։

Կովկասում հարեւան ժողովուրդների ազգամիջեան իրարակոտոր կռիւը արեան ճապաղիք ստեղծեցին…

Ժողովրդական բոլոր գործիչներին բանտ ու աքսոր, գնդակ ու չւան բաժին հանեցին…

Հալածանք եւ մահ էին տալիս լեհերին, ֆիններին, լատիշներին եւ առհասարակ բոլոր «օտարներին»։

Անխնայ սպանում էին ուսանողներին եւ բանւորներին։

Ամենատեսակ հրանօթների համազարկների ճարճատիւններն ու որոտները միլիօնաւոր թշւառների ողբի ու բողոքի ձայները խեղդեցին։

Կախաղանների չւանների եւ ճախարակների ճրճռումները ժողովրդակործան մահերգներ յօրինեցին։

Աշխարհի տէրերը՝ թագակիրներն ու իշխանաւորները զւարճանում էին։

Ա… քաղաքն էլ պատրաստւում էր հանդիսակատարութեան, եւ նրան աշխատում էին արտասովոր շքեղութիւն տալ. այստեղ է´լ աւելի ցայտուն կերպով պիտի հրապարակէին իրենց յաղթանակը, որովհետեւ «Ջհուդներ, Արմեաշկա»ներ (առաջինը՝ հրէաներին, երկրորդը՝ հայերին տրւած անարգական կոչումներ) եւ ուրիշ այլացեղ տարրեր, օտարներ, ուսանողներ եւ բանւորներ շատ կային։ Հայերն ու հրէաները՝ բացի հայ ու հրէա լինելու յանցանքից, հարուստ տներ, խանութներ ունէին. իսկ ուսանողները եւ բանւորները պիտի վարձատրւէին ներկայացուցչական ժողովը Սօց-Դէմօկրատ պատգամաւոր ուղարկելուն համար։ Եւ ահա հարստութեան հրդեհումը եւ կողոպուտը, հրդեհ, որի բոցերը ընդունակ էին լուսազարդելու ամբողջ շրջակայքը, իսկ միւսների առատ արիւնը կարող էր յագեցնել բազմաթիւ մոլեգնոտների եւ հարբեցնել սեւհարիւրեակային հորդաների…

Քաղաքացիները ձգտեալ դրութեան մէջ էին։

Ա…ի խեղճերի թաղամասում գտնւում էր քաղաքացիների ընտրեալ ներկայացուցիչ Լ. ի տունը, ուր հաւաքւել էին երիտասարդ մտաւորականները եւ յեղափոխական, քաղաքական կուսակցութիւնների անդամներից եւ ղեկավարիչներից շատերը եւ մտածում էին գալիք սարսափներին դիմադրելու, ինքնապաշտպանութեան, աղէտի թափը, ուժգնութիւնը մեղմելու մասին։

Ժողովը բազմանդամ էր. մասնակցում էին աւելի քան հարիւր հոգի երկսեռ երիտասարդներ։ Այստեղ էր Բէլկան, այստեղ էր եւ Գուրգէնը՝ Հնչակեան մի քանի տասնեակ ընկերներով։

Ջարդը սկսւեց…

Պատգամաւոր Լ…ի տունը պաշարեցին…

Կործանարար, վայրենի յարձակումը յանկարծակիի բերեց ներսիններին, եւ նրանք հազիւ միջոց գտան իրենց ունեցած անբաւական զէնքերով դիրք մտնել ու դիմադրել…

Բնակարանի պատերը մաղ դարձան թափւող գնդակների տակ, բայց թշնամին չէր համարձակում մերձենալ նրան։

Վայրենի խուժանը՝ մոլեռանդ եւ գազան կիրքերը բորբոքած, գոռում էր.

Մա՜հ բոլոր օտարներին, մա՜հ սոցիալիստների՜ն…

Պաշարւածները ոգեւորւած ձայնով երգում էին սարսափը վտանգն, ու թշնամին ու ստոյգ մահը արհամարհելով։

…Վեհ գաղափարի համար ընկնելով

Չեն կորչիլ անհետ պատւի զոհերը,

Նոցա անունը յաղթական երգերով

Պիտ’ յիշեն յետնորդ մեր սերունդները…

Ողջ քաղաքը մատնւած էր սոսկումի, հրդեհը լափում, մոխիր էր դարձնում հրաշակերտ շինւածքները, մոյգ կարմիր բոցերը շիկացած՝ բօա օձերի նման, թանձր ու ժահահոտ ծխամպերի միջում պալուլւում էին…

Փողոցների սալայատակները կարմիր ներկւեցին, առւակները արիւն կրեցին…

Գեղեցկաշէն առարկաների ջարդուփշուր կտորտանքներից բլուրներ կազմեցին հրապարակների վրայ։

Հարիւրաւոր մարդկանց անշնչացած եւ յօշոտւած դիակները ծածկել էին պողոտաների մակերեւոյթը։

Ամբոխը վխտում էր ամենուրեք, նա չորս կողմերում մահ եւ աւերած էր սփռում միայն։

Անպաշտպանները, ինքնապաշտպանութեան միջոցներից զրկւածները, անխուսափելի պատուհասից ազատւելու համար, խելակորոյս եւ յանդուգն, փողոցներն են վազ տալիս։ Ահա´ նրանցից երկու հոգի, երկուսն էլ կանայք, հրէուհիներ.

Խուժանը իր հազարաւոր աչքերով տեսաւ նրանց եւ գիշակերների պէս վրայ տւեց ու բռնեց… մի խումբը գետին գլորեց ծոցաւոր կնոջը, պատառեցին զգեստները. մէկը սրով ճեղքեց նրա փորը, արգանդից դուրս բերեց անկազմակերպ զանգւածը ապագայ մարդու, ներկւած մօր վէրքից հոսող կարմիր հեղուկի վարդագոյն բծերով… մի ուրիշը դարձեալ մարդ, քանդեց բարձի կարերը, դուրս հանեց փետուրներ եւ նրանցով լցրեց արգանդը… Երկրորդ խումբը զբաղւած էր երիտասարդ հրէուհիով, նրան մերկացնելուց յետոյ տարածեցին գետնի վրայ, թեւերը տարածեցին եւ խաչ ձեւացրին նրա մարմնովը, ապա´ հերթով սկսեցին լլկել…

Խուժանը քրքջում էր… Ինչպէ՞ս է, ասում էին նրանցից շատերը, խաչելը լա՞ւ է… եթէ լաւ է մենք էլ ձեզ բաժին կտանք, դուք մեր Աստւածը խաչելով սպաննեցիք, մենք էլ դրա փոխարէն ձեզ խաչելով կը լլկենք…

Լ…ի տուն պաշարողները կատաղած ներսինների դիմադրութիւնից եւ յուսահատած նրանց ողջ ողջ բռնելու ցանկութեան մէջ, կրակ տւեցին տանը…

Հրդեհը բռնեց բնակարանը, պատուհաններից ժայթքող հրեղէն բոցերի եւ սեւին ծուխը ամպերի միջից դուրս էին ցատկում պաշարւածները, որոնք տակաւին վայր չընկած, գնդակախարով սպանում, անշնչանում էին օդի մէջ եւ ապա դիակնացած գետին ընկնում ահագին բարձրութիւնից։

Տունը այրւում էր, խարոյկը բորբոքւում էր, հուրն ու բոցը լափում էին անարգել, մարդկային մարմնի խորովածի, խանձումի ժահահոտը լեցրել էր մթնոլորտը։

Յանկարծ, բնակարանի կիսայրած մի դուռը ներսից ընդունած ուժեղ հարւածներից խորտակւեց եւ այնտեղից դուրս սլացաւ մէկը. խուժանը նկատեց այս եւ գրոհ տւեց.

Բռնէ՜ք… ջհո´ւդ է. բռնեցէ՜ք սօցիալիստ է՜ գոռգոռում էին։

Մի քանի րոպէ յետոյ բազմութիւնը շրջապատեց նրան, բայց ո´չ ոք չէր համարձակւում առաջինը մօտենալ նրան… հեռուից նրա վրայ թափեցին քարեր եւ զանազան առարկաների կտորտանքներ, փայտի մի մեծ կտոր զարկեց նրա գլխին եւ գլխարկը թռցրեց…

Աղջի՜կ է, աղջի՜կ է նա, հռհռաց ամբոխը, նկատելով ընկած գլխարկի տակից ուսերի վրայ թափւած կանացի վարսերի հարուստ հիւսքերը… եւ այս բանով աւելի զայրացած ու սրտապնդւած նրանք մօտեցան եւ բռնեցին նրան.

Պատառոտեցին, ծւիկ ծւիկ արին նրա զգեստները։

Վա՜յ… վա՜յ… ի՞նչ գեղեցիկ աղջիկ է, ի՜նչ սպիտակ ծիծեր ունի… ի՜նչքան փափուկ մարմի՜ն, ինչպիսի քնքուշ մորթ… աղաղակում էր իւրաքանչիւր ոք կրքոտ ձայնով, մօտենում նրան, մազերից քարշ տալիս, կճմտում մարմինը, հպում ստինքները եւ լպիրշ խօսքեր ուղղում։

Նրան բոլորովին մերկացրին. խուժանը իր գազանային կարմրած աչքերի հայեացքը սեւեռած էր նրա վրայ…

Իսկ նա՞… նա´, այդ արձանացած, մարմնացած սրբութիւնը, գաղափարի անխոցելի ոգին, աչքերը սրբազան հուրով լցրած, երբեմն իր կարեկից հայեացքներն էր շրջում ամբոխի վրայ, իսկ երբ նրանք մօտենում էին իրեն եւ հարւածում, նա աչքերի կրակով շանթում էր, մռնչում էր ու ճչում, ձեռներով ճանկրտում, ատամներով խածոտում վաւաշոտ գազանների վաւաշոտ թաթերը…։

Ամբոխը սուլում, շւացնում էր դիւային հաճոյքով։

Քեզ կեանք կը բաշխենք, մոլորւած աղջիկ, խեղճ ես, ափսոսա այդ գեղեցկութեանդ, ասա´ «կորչի սօցիալիզմը», դարձի ե´կ…

Այսպէս էին ասում ամբոխի միջից շատ ձայներ, եւ խուժանը մի պահ քարացած լռութիւն էր պահում պատասխանը լսելու համար։

Օրիորդը ցնցւում էր ամբողջ մարմնովը, նրա ներքին յոյզերը, վրդովմունքը այնքա´ն սաստիկ էին եւ ուժեղ, որ նշանաւոր արագութիւն, զարկ եւ թափ տւին արեան հոսանքին, եւ կենաշարժ հեղուկը ա´յնպիսի վազքով էր հոսում, շրջում յորձանքներ տալիս երակ-առւակների մէջ, որ այդ ամենը նկատելի էին նրա մորթի վրայ…

Անգիտակի՜ց եւ կոյր ամբո՜խ… իմ թշւառ, իմ սիրած եղբայրներ եւ բաղդակիցներ, այս բոլոր զոհաբերութիւնը ձեզ համար է, այս զրկանքն ու տանջանքը ձեր փրկութեան, ձեր երջանկութեան համար… բայց դո´ւք, դո՜ւք ձեր իսկ ձեռներով ձեր սեպհական երջանկութիւնն էք խորտակում, ձեր կորստեան գերեզմանը փորում…

Լռի՜ր… քարոզի ժամանակ չէ, աղաղակեց ամբոխը եւ անլսելի դարձրեց օրիորդի վերջին խօսքերը…

Դէ´, շտապիր, ասա «կորչի սօցիալիզմը», քանի դեռ շուտ է, թէ ոչ շանսատակ կ’անենք…

Զոհը վէսօրէն նայեց շուրջը եւ գոչեց լիաթոք ձայնով.

Կեցցէ՜ սօցիալի՜զմը…

Խուժանը իրար անցաւ, մէկը հաստակրունկ կոշիկի մի աքացիով նրան գետին տապալեց, իսկ մի երկրորդը բարձրացրեց մի սալքար, տարուբերեց գլխիվերում եւ ուժգին կերպով զարկեց գետնատարած աղջկայ գլխին… գլուխը տափակեց, սալացաւ սալայատակի եւ ծանր քարի մէջտեղումը… արիւնի եւ ուղեղի կաթիլներն ու կտորները թռան, բծաւորեցին շրջապատողներին եւ տակաւին թպրտացող սպիտակ մարմինը…

Ամբոխը քրքջում եւ հրճւում էր դարձեալ… նա անդադար աղաղակում էր.

«Կորչի՜ սօցիալիզմը»։

Բէլկաի անշնչացած դիակը, գետնի հետ հաւասարեցրած գլխով, ընկած էր հայրենի քաղաքի, աւերակների կոյտերով եւ սեւացած պատերով զարդարւած հրապարակի վրայ… իսկ նրա վերջին խօսքերը տակաւին հնչւում էին մարդասպանների ականջներին եւ կրկնում.

«ԿԵՑՑԷ ՍՕՑԻԱԼԻԶՄԸ»…

 

1909 Նոյեմ. Կ. Պօլիս