Տարեգրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

1842 թ. Վենետիկում, հայագէտ Աւգերեանը Հեթում Պատմիչի անունով հրատարակեց մի փոքրիկ ժամանակագրութիւն։ Հայագէտները մինչեւ հիմա այն վերագրում էին Հեթում Պատմիչին եւ Աւգերեանի հրատարակութեան բնագիրն էլ համարում էին նրա սկզբնական բնագրի մի տարբերակը։ Սակայն Մատենադարանի N 663 ժողովածուի 246ա-252բ էջերում գտնւկող այդ ժամանակագրութեան մի նոր բնագիրը, որն Աւգերեանի հրատարակութեան բնագրի նկատմամբ ունի բազմաթիւ կարեւոր շեղումներ եւ նրանցից բաւական ընդարձակ է, հնարաւորութիւն է տալիս նոր լոյսի տակ քննել ինչպէս ժամանակագրության սկզբնական բնագրի, այնպես էլ հեղինակի հետ կապուած հարցերը։

Նկատի ունենալով վերոյիշեալ հարցերի պարզաբանման կապակցութեամբ այս նոր բնագրի բացառիկ դերը, ինչպէս եւ նրա բովանդակած մի շարք կարեւոր տեղեկութիւնները, որոնք բացակայում են ժամանակագրութեան հրատարակութեան բնագրում, անհրաժեշտ գտանք այն վերահրատարակել։ Առաջարկուող բնագիրը ըստ էութեան տարեգրութիւն է եւ այն այդպէս էլ կանուանենք, որի N 663 ժողովածուի բնագիրը կնշանակենք Տարեգրութեան Աւգերեանի հրատարակութեան եւ A բնագրի համեմատութիւնը երեւան հանեց մի շարք հետաքրքիր փաստեր. նախ՝ A բնագրից բազմաթիւ վկայութիւններ բացակայում են Աւգերեանի հրատարակութեան բնագրում։ Այդ բանը նկատելի է 1233 թուից սկսած։ A բնագրում գտնում ենք բաւական հետաքրքիր վկայութիւններ, որոնք վերաբերում են Կիլիկեան հայկական թագաւորական իշխանության դէմ ներքին, ֆեոդալական կենտրոնախոյս ուժերի պայքարին եւ որոնք բացակայում են հրատարակութեան բնագրից. օրինակ 1293 թուի տակ կարդում ենք. «Դաւ եղեւ Հեդոմոյ թագաւորն իւր իշխանացն, որք էին գլխաւորք պարոնայք, Հեդոմ Կուռիկոսոյ տէրն եւ իւր եղբայր Օշին Կանչոյն տէրն եւ բազումք յիշխանացն Հայոցե։

Կամ՝
«Ի նոյն ամի [1296] դաւ եղեւ իշխանացն Հայոց, որք էին գլխաւորք պարոն Օշինն սինջալն, որդի պարոն Սմպաթայ Գունդօստապլին եւ պարոն Օշինն Բակուրեանց, որ էր ասպասալար դարպասին եւ այլ բազում իշխանք եւ ձիաւորքե։

Մեջ բերուած օրինակներով չի սպառւում հրատարակութեան բնագրի թերի լինելու փաստը։ Աւելին, վերջինիս մէջ չենք գտնում նաեւ 1233 թուից մինչեւ 1266 թիւը, 1268-1273 թ. թ., 1276-1279 թ. թ., 1285-1288 թ. թ. տեղի ունեցող դէպքերի յիշատակումը եւ այլն։ Սակայն, հետաքրքիրն այն է, որ հրատարակութեան բնագրում տեղ չգտած վկայութիւնները գերազանցապէս վերաբերում են հեղինակի ժամանակակից դէպքերին։

Երկրորդ՝ A բնագրում հանդիպում ենք վկայութիւնների, որոնց մեջ հեղինակն ակնարկում է իր մասին, եւ որոնք նոյնպէս չենք գտնում հրատարակութեան բնագրում։ Օրինակ՝ Կոստանդին Լամբրոնացուն հեղինակը համարում է իր պապը, իսկ Կիռ Աննա թագուհուն՝ իր մայրը։

Երրորդ՝ տարեգրութեան եւ հրատարակութեան եւ A բնագրի խորագրում նշուած է, որ հեղինակը իր աշխատութիւնը կազմել է 1296 թուին։ Եւ իսկապէս, A բնագիրը վերջանում է ճիշտ 1296 թուին վերաբերող վկայութեամբ, իսկ հրատարակութեան բնագիրը՝ 1307 թուին։ Նշանակում է տարեգրութեան սկզբնական բնագիրը աւարտուած է եղել 1296 թուին, իսկ հրատարակութեան բնագրի վերջին՝ 1307 թվի վկայութիւնը նրա սկզբնական բնագրին աւելացուել է հետագայում։

Չորրորդ՝ տարեգրութեան երկու բնագրերի խորագրերն էլ նշանակալի չափով տարբերւում են միմեանցից. այսպէս, եթէ հրատարակութեան բնագիրը ունի «Ժամանակագրութիւնք երեք հարիւր եւ մէկ ամաց կարճ ի կարճոյ հաւաքեալ ի զանազան պատմութեանց հայ, ֆրանկ եւ ասորի շարադրեալ պարոն Հեթմոյ տեառն Կոռիկոսոյ եւ արար զայս բանք ի թուին Հայոց ՇԽԵ եւ յամի մարդեղութեան տեառն ՌՄՂԶ [=1296]ե խորագիրը, ապա A-ն ունի «Համառօտ պատմութիւնն ժամանակաց հաւաքեալ ի զանազան պատմութեանց այսինքն ի Հայոց, ի Ֆռանկաց, ի Յունաց, ի Յասորոց գրեանց, աշխատութեամբ իմոյ ծառայիս Քրիստոսի աստուծոյ Հեթմոյ տեառն Կուռիկօսոյ ի թվականի Հայոց ՉԽԵ [=1296]» խորագիրը։

Համաձայն հրատարակութեան խորագրի, աշխատութիւնը կոչւում է ժամանակագրութիւն, մինչդեռ A բնագրի խորագրի համաձայն՝ «Համառօտ Պատմութիւնն ժամանակաց». բացի այդ, A բնագրում բացակայում է հրատարակության բնագրի «Երեք հարիւր եւ մէկ ամաց կարճ ի կարճոյ» հատուածը, իսկ A բնագրի աշխատութեամբ իմոյ ծառայիս Քրիստոսի աստուծոյ Հեթմոյ տեառն Կուռիկօսոյ» հատուածի փոխարեն, հրատարակութեան բնագրում կարդում ենք «շարագրեալ պարոն Հեթմոյ տեառն Կուռիկոսոյ» հատվածը։ Ինչպէս դժուար չէ նկատել, տարեգրութեան սկզբնական բնագրի վրայով օտար ձեռք է սահել եւ այն խմբագրել են։ Քննութեան ենթակայ երկու բնագրերի վերոյիշեալ տարբերութիւնները ցոյց են տալիս, որ տարեգրութեան հրատարակութեան բնագիրը չի արտայայտում Հեթում Պատմիչին վերագրված ժամանակագրության սկզբնական բնագիրը, ինչպես կարծում էին մինչեւ այժմ։ Հետեւապես A բնագիրը հանդիսանում է այն որոնելին, որն արտայայտում է տարեգրութեան սկզբնական բնագիրը։ Այսպիսով, մեզ համար պարզ է դառնում, որ Հեթում Պատմիչին վերագրուած տարեգրութեան սկզբնական բնագիրը ենթարկուել է խմբագրման եւ հրատարակութեան բնագիրը հենց այդ խմբագրման արդիւնքն է։

Ե՞րբ կարող էր առաջ գալ տարեգրութեան հրատարակութեան բնագիրը։ Վերեւում արդեն նշել ենք, որ նրա խորագիրն ունի այսպիսի մի հատուած. «ժամանակագրութիւնք երեք հարիւր եւ մէկ ամաց կարճ ի կարճոյ», այսինքն՝ երեք հարիւր մէկ տարուայ անցուդարձի համառօտ ժամանակագրութիւն։ Այլ խօսքով, հրատարակութեան բնագիրն սկսուելով 1076 թուականից եւ ընդգրկելով 301 տարուայ համառօտ պատմութիւն, նրա վերջին վկայութիւնը պէտք է վերաբերուէր 1377 թուականին [1076+301=1377], սակայն հրատարակութեան բնագիրն սկսուելով 1076 թուականին Գագիկ Բ. սպանութեան եւ վերջանալով 1307 թուականին վերաբերող վկայութիւններով, այն ընդգրկում է ոչ թէ 301 տարուա պատմութիւն, ինչպէս ազդարարում է հրատարակութեան բնագրի խորագիրը, այլ երկու հարիւր երեսուն մէկ տարուայ անցուդարձ [1307-1076=231]։ Այստեղից կարելի է հանգել մի քանի եզրակացութիւնների, նախ՝ քննութեան ենթակայ տարեգրութեան սկզբնական բնագիրը խմբագրուելուց բացի, շարունակուել է մինչեւ 1377 թուականը։ Երկրորդ՝ հրատարակութեան բնագրի խորագրում չնայած նշւում է, որ ժամանակագրութիւնն ընդգրկում է 301 տարուայ համառօտ պատմութիւն, իրականում այնտեղ ընդգրկուած է 231 տարուա պատմութիւն։ Հիմք ընդունելով խորագրի «երեք հարիւր եւ մէկ ամաց» հատուածը, կարող ենք եզրակացնել, որ, մի կողմից, հրատարակութեան բնագիրը թերի է, իսկ միւս կողմից, այն կարող էր հանդէս գալ XIV դարի 70-ական թուերի վերջերին։

Սոյն տարեգրութեան բնագրից բացի Մատենադարանում գտնւում են նաեւ նրա չորս այլ ընդօրինակութիւնները, որոնցից երեքը՝ NN 2037, էջ 145ա-146բ, 7841, էջ 303ա-306բ, 3079, էջ 215բ-221բ, A բնագրի հետ ունեն այն յարաբերութիւնը, ինչ հրատարակութեան բնագիրը, միայն այն տարբերութեամբ, որ սրանք վերջից շարունակւում են մի փոքր աւելի՝ N 2037 (ը) եւ N 7841 (B) տարբերակները մինչեւ 1351 թիւը, իսկ N 3079 (թ) տարբերակը՝ 1374 թիւը։ Այդ պատճառով այս երեք տարբերակները քննութեան չենք ենթարկի։

Իսկ չորրորդ ընդօրինակութիւնը (E), որը գտնւում է N 5599 ժողովածուի 219ա-221բ էջերում, ինչպէս A, այնպէս էլ հրատարակության բնագրի համեմատութեամբ ունի զգալի տարբերութիւններ։

Վերջինս A բնագրի նկատմամբ ունի հետեւեալ շեղումները։ Նախ՝ A բնագրից բազմաթիւ վկայութիւններ նոյնպէս բացակայում են E բնագրում, սկսած 1190 թուից։ Այնուհետեւ E բնագրում բացակայում են 1196 թ., 1198-1204 թ. թ., 1205-1206 թ. թ., 1213-1216 թ. թ., 1217-1219 թ. թ., 1227-1265 թ. թ., 1270 թ., 1272-1273 թ. թ., վերաբերող վկայութիւնները, ինչպէս նաեւ ուրիշ մանր վկայութիւններ։

Երկրորդ՝ հակառակ A բնագրի, E բնագիրը 1296 թուից յետոյ նոյնպէս շարունակւում է, հասնելով մինչեւ 1345 թիւը։

Երրորդ՝ E բնագրում բացակայում է A բնագրի խորագրի միայն հեղինակին վերաբերող՝ «Աշխատութեամբ իմոյ ծառայիս Քրիստոսի աստուծոյ Հեթմոյ տեառն Կուռիկօսոյ» հատուածը։

Վերոյիշեալ տարբերութիւնները ցոյց են տալիս, որ E բնագիրը, որը զգալի շեղումներ ունի ոչ միայն A բնագրից, այլեւ հրատարակութեան բնագրից, մեզ ներկայանում է տարեգրութեան մի նոր խմբագրութիւն։

Ե՞րբ կարող էր առաջ գալ E բնագիրը։ E բնագրի ժողովածուն [N 5599] ընդօրինակուել է 1347 թուին, Կիլիկիայի Ուրէլ գիւղում, Ստեփանոս քահանայի ձեռքով։ Եւ որովհետեւ տարեգրութեան բնագրում յիշատակուած դէպքերը հասնում են մինչեւ 1345 թիւը, այստեղից դժուար չէ եզրակացնել, որ տարեգրութիւնն ամենայն հաւանականութեամբ խմբագրել է եւ ապա շարունակել ընդօրինակութեան գրիչ՝ Ստեփանոս քահանան, 1347 թուին։

Այսպիսով, ինչպես հիմա է պարզ դառնում, քննութեան ենթակայ տարեգրութիւնը մեզ հասել է երեք խումբ բնագրերով, որոնցից A բնագիրը, որը կառուցուածքի եւ ընդգրկած նիւթի ծաւալի տեսակէտից տալիս է տարեգրութեան լրիւ բնագիրը, իսկ հրատարակութեան ինչպէս եւ ը, Թ, թ, ժ բնագրերը հանդիսանում են նրա երկու տարբեր խմբագրութիւնները։

Սակայն, արդեօ՞ք հաւաստի է մինչեւ հիմա գոյութիւն ունեցող այն կարծիքը, որն ի դէպ հայագէտներից ոչ ոք կասկածի չի ենթարկել, թէ քննութեան ենթակայ տարեգրութեան հեղինակը Կոռիկոսի իշխան Հեթում Պատմիչն է։ Այդ կարծիքը հաւաստի չէ եւ պէտք է վերանայուի։ Ուշագրաւ ինչպիսի՞ փաստեր են մեզ հնարաւորութիւն տալիս, առաջ քաշել այդ հարցի վերանայման խնդիրը։

Նախ՝ մեր ձեռքի տակ գտնուած տարեգրութեան բնագրերից հինգի՝ Ը, ը, Թ, թ, Ժ խորագրերում նշված է, որ նրա հեղինակը Կոռիկոսի իշխան Հեթումն է (յայտնի է Պատմիչ անունով)։ Վերոյիշեալ բնագրերից ամենից հինը N 2037 (ը) ժողովածուն է, որն ընդօրինակուել է 1421 թուին։ Իսկ E բնագիրը, որն ընդօրինակուել է 1347 թ., այսինքն տարեգրութիւնը կազմուելուց 50 տարի յետոյ, խորագրում չի պահել հեղինակի անունը։ E բնագրի խորագիրը բերում ենք ամբողջութեամբ. «Համառօտ պատմութիւն ժամանակաց հօաքեալ ի զանազան պատմութեանց, այսինք[ն]՝ ի հայ, ի ֆռանկ եւ ի յուն եւ ի յասորի գրենաց թուա]կանիս Հայոց ՉԽԵ»։

Այսպիսով եղած բնագրերի ամենից հնի [E, XIV դարի 1-ին կէս] խորագրում հեղինակի անունը չի յիշուած եւ այդ պատճառով մենք չգիտենք թէ հեղինակը ով է, Հեթում Պատմիչը, թէ՞ մէկ ուրիշը։

Երկրորդ՝ վերեւում անցողակի նշեցինք, որ տարեգրութեան A բնագրում իր մասին երկու անգամ յիշում է։ Այդ վկայութիւնները քննենք աւելի մանրամասն։

1. «Ի թվականիս Հայոց ՈԽԲ [=1250] եւ յունիսի ԻԹ [=29] կատարեցաւ ի սորայ պապն իմ եւ տէրն Լամբրօնի»։

2. «ՉԼԴ [=1285] փոխեցաւ ի Քրիստոս ամենագովելին հոգով եւ գեղեցկական տեսօք, առաքինի մայր իմ, Կեռան թագուհին Հայոց, յոգոստոսի ԻԹ [=29]»։ (Երկու ընդգծումը մերն է - Վ. Յ.

Ո՞ւմ է ակնարկում հեղինակը առաջին վկայութեան «պապն իմ եւ տէրն Լամբրօնի» արտայայտութեամբ։ Խօսքը վերաբերում է Կոստանդին Լամբրոնացուն, որը Հեթումեան թագաւորական տան նկատմամբ անհաշտ դիրք ունենալու պատճառով Հեթում Ա. հրամանով սպանուեց 1250 թ. ։

Ինչպէս դժուար չէ նկատել, վերեւում բերուած օրինակներից տարեգրութեան հեղինակը եղել է Կոստանդին Լամբրոնացու թոռը եւ Կեռան (իմա Կիռ Աննա) թագուհու որդին։ Այս վկայութիւնները չէր կարող Հեթում Պատմիչը գրել, որովհետեւ Կիռ Աննա թագուհին նրա մայրը չէր, ինչպէս եւ Կոստանդին Լամբրոնացին նրա պապը չէր։

Ինչպէս յայտնի է, Կիռ Աննա թագուհին, Հեթում Լամբրոնացու դուստրը եւ Կոստանդին Լամբրոնացու թոռը Լեւոն Բ. թագաւորի [իշխել է 1270-1288 թթ. ] կինն էր։ Այս երկուսից ծնուել է Հեթում Բ. թագաւորը [իշխել է ընդմիջումներով 1288-1307 թ. թ. Վերջինիս համար արդեն հասկանալի է դառնում «պապն իմ» եւ «առաքինի մայր իմ» արտայայտութիւնները։

Երրորդ՝ բրիտանական թանգարանի (Լոնդոն) հայերէն ձեռագրերի ցուցակում, ձեռագրերից մէկի նկարագրութեան մէջ նկատեցինք, որ այնտեղ գտնւում է առաջարկուող տարեգրութեան A տարբերակի մի ուրիշ բնագիր, որի խորագրում հեղինակի անունը Կոռիկոսի իշխան Հեթումի (իմա Պատմիչ) փոխարեն նշուած է Յովհաննէս սպասաւոր։ Բերում ենք խորագիրն ամբողջութեամբ. «Համառօտ պատմութիւն ժամանակաց հաւաքեալ ի զանազան պատմութեանց, այսինքն ի Հայոց, ի ֆռանկաց, ի յունաց, յասուրոց աշխատութեամբ իմո ծառայիս աստուծոյ Յովհաննէս սպասաւոր բանին ի թվիս Հայոց ի ՉԽԵ»։ Այնուհետեւ բերուած է բնագրի սկզբի մի փոքրիկ հատուածը, որը տառացիօրէն ծածկում է քննութեան ենթակայ տարեգրութեան A տարբերակի համապատասխան հատուածին։ Վերոյիշեալ խորագրի, Ձեռ. ցուցակում մէջ բերուած եւ տարեգրութեան A տարբերակի համապատասխան հատուածների համեմատութիւնը մեզ բերեց անսխալ այն եզրակացութեան, որ բրիտանական թանգարանում գտնուում է մեզ հետաքրքրող տարեգրութեան A բնագրի որեւէ օրինակը, որը դժբախտաբար վերջից թերի է եւ ընդհատւում է 1270 թուականով։ Այդ ձեռագիրը ընդօրինակուել է մօտաւորապէս 1400 թուին։

Սակայն ո՞վ է վերեւում յիշուած «Յովհաննէս սպասաւոր»-ը, ի՞նչ կապ կարող է լինել նրա եւ Հեթում Պատմիչի անուան միջեւ։ Ոչ մի։ Ինչպէս յայտնի է, Հեթում Բ թագաւորը, 1293 թ. հրաժարւում է գահից, եւ այն յանձնում եղբօրը՝ Թորոսին, իսկ ինքը դառնում կրօնաւոր, աշխարհական անունը փոխում եւ կոչւում է Յովհաննէս։ Այսպիսով, տարեգրութեան բրիտանական բնագրում յիշուած «Յովհաննէս սպասաւոր»-ը, նոյն ինքը Հեթում Բ. թագաւորն է, Կիռ Աննա թագուհու որդին, Կոստանդին Լամբրոնացու թոռը։ Հետեւապէս, առաջարկուող տարեգրութեան հեղինակը իրականում եղել է Հեթում Բ. թագաւորը։

Որ մեր այս ենթադրությունը ճիշտ է, կարող է հաստատել մի այլ անուղղակի հանգամանք եւս։ Մատենադարանի N 1898 ժողովածուի 123ա-167բ էջերում (ժողովածուն մագաղաթ է, նրա հնութիւնը վերաբերում է XIII-XIV դարերին) գտնւում է Հեթում Պատմիչի կողմից 1296 թ. թարգմանուած Խրոնիկոնը, որն ունի հետեւեալ խորագիրը՝ «Պատմութիւն Խրոնիկոնին զոր նըւաստ ծառայս Քրիստոսի Հեթումս տէր Կուռիկաւսոյ փոխեցի ի ֆռանգ գրոց ի թուին Հայոց ՉԽԵ»։

Առաջարկուող տարեգրութեան տեղեկությունների կէսից աւելին (խաչակիրներին վերաբերող մասը եւ այլն) գտնում ենք Խրոնիկոնի մէջ։ Հետեւապէս իրավացիօրէն ենթադրում ենք, որ վերջինս Հեթում Բ. համար հանդիսացել է սկզբնաղբիւր, այդ մանրամասնօրէն ցոյց կտանք ներքեւում։ Սակայն այստեղ անհրաժեշտ է ընդգծել այն հանգամանքը, որ առաջարկուող տարեգրութեան հեղինակը եթէ Հեթում Պատմիչը լինէր, նա ինչու պէտք է Խրոնիկոնի թարգմանութեան տարում՝ 1296 թ. կազմէր մի աշխատութիւն, որի տեղեկութիւնների կէսից աւելին վերցնէր իր թարգմանած նիւթից։ Բնական է ենթադրել, որ Խրոնիկոնի Հեթում Պատմիչի թարգմանութիւնը (եթէ ոչ նրա եւրոպական բնագիրը) Հեթում Բ-ն իր տարեգրութեան համար օգտագործել է, որպէս սկզբնաղբիւր։

Վերոյիշեալ մի շարք փաստերը կարծում ենք մեր հաւաստիացման պակասութիւն չեն թողնում։ Այսպիսով, չնայած A բնագրի խորագրում եւս հեղինակի անունը նշւում է Հեթում Պատմիչ, սակայն հեղինակը իրականում եղել է Հեթում Բ թագաւորը (նույն ինքը Յովհաննէս)։

Իսկ այն հարցը, թէ տարեգրութիւնն ինչպէ՞ս է վերագրուել Հեթում Պատմիչին, առանձին կարեւորութիւն չունի պատմագրութեան համար եւ ենթադրութիւնների մէջ դեգերելու ասպարեզն այստեղ բաւական ընդարձակ է։ Սակայն նշենք, որ այդ կարծիքը գալիս է հնից, որովհետեւ այն գոյութիւն ունէր տակաւին XV դարի առաջին քառորդում։ Ըստ երեւոյթին ժամանակակից Հեթում անունների նոյնութիւնը շփոթել է մարդկանց եւ տրադիցիա դարձել մինչեւ հիմա։

Տարեգրութեան A բնագիրը լինելով ուշ ժամանակի՝ 1724 թուի ընդօրինակութիւն, պարունակում է մի շարք բառերի աղաւաղումներ, որոնց իմաստը հնարաւոր է հասկանալ հրատարակութեան եւ E բնագրի օգնութեամբ. օրինակ՝ A բնագրում կարդում ենք՝ «Զնոր մարդոյ աշխարհն» փոխանակ՝ «զՆորմանդո աշխարհն», «շինեցաւ Ջաստել Բլրին բերթանքն փլեցոյց» փոխանակ՝ «շինեցաւ Ջաստէլ Բլրինն բերդ Դամբլցեց», «մեռաւ եւ թագաւորն ապայնոց»… փոխանակ՝ «մեռաւ թագաւորն Սպանիոյ…»։ A բնագրում Ներսէս Շնորհալու մահը դրուած է 1173 թվի օգոս. 13-ին (ԺԳ) հինգշաբթի. սակայն 1173 օգոստոսի 13-ը կլինի ոչ թէ հինգշաբթի, այլ երկուշաբթի, իսկ իրականում 1173 թուի օգոստոս ամսուայ հինգշաբթիները ընկնում են 2-ին, 9-ին, 23-ին եւ 30-ին։ Հետեւապէս Ներսէս Շնորհալու մահը ընկնում է օգոստոսի 16-ին հինգշաբթի օրը. եւ իրօք տարեգրութեան E բնագրի համաձայն Ներսէս Շնորհալին մահացել է 1173 թուի օգոստոսի 16-ին, հինգշաբթի օրը։ Այստեղ, ինչպէս եւ նշուած բառերում տեղ են գտել գրչագրական սխալներ։

Հեթում Բ-ն տարեգրության խորագրում գրում է. «հաւաքեալ ի զանազան պատմութեանց այսինքն՝ ի հայոց, ի ֆռանկաց, ի յունաց, ի յասորաց գրեանց», այս նշանակում է, որ քննութեան ենթակայ աշխատութիւնը զանազան աղբիւրներից հաւաքած մի գործ է, միայն այն առաւելութեամբ, որ ժամանակագրութեան վերջին մասում տեղ են գտել հեղինակի ժամանակակից մի շարք դէպքերի յիշատակութիւններ, որոնք, չնայած խիստ համառօտ են, բայց արժէքաւոր եւ հետաքրքիր տեղեկութիւններ են։

Ի՞նչ աղբյուրներ է ունեցել տարեգրության հեղինակն այն կազմելիս՝ 1296 թվին։ Գիտենք, որ Հեթում Պատմիչը նույն թվին «ի ֆռանկ գրոցե թարգմանել է «Պատմութիւն Խրոնիկոնիե-ն աշխատությունը։ Արդեն նշել ենք, որ Խրոնիկոնը որպես սկզբնաղբյուր օգտագործվել է Հեթում Բ-ի տարեգրության մեջ։ Այդ բանը ցույց տալու համար երկու բնագրերից բերենք մի քանի օրինակներ. «Պատմութիւն ԽրոնիկոնինեN 1898 ձեռագիր. 1. Էջ 152բ «ՌՃՂ [1190] կայսրն Ալամնաց ֆրտրիկն խեղդեցաւ ի գետն Սելեւկիոյ եւ թաղեցաւ յԱնտիոք։ …եւ ի սոյն ամի ֆիլիպ ըռէ տը ֆրանց եւ Ըռիջառդ թագաւորն Ընկլիզաց եկին պաշարել զԱքա, եւ ի գալն Ըռիջառդ թագաւորն ընկլիզաց էառ զԿիպրոս կղզին ի յունաց ի Կեռսակ տուկէն։ Եւ յայսմ ամի եղեւ սկիզբն կարգաւորութեան Ալաման ֆրէրացնե։

«Համառօտ պատմութիւնն ժամանակացե1. էջ 77 «ՈԼԹ [1190] Կայսրն Ալամնաց ֆտրկն խեղդեցաւ ի գետն Սելեւկիոյ եւ թաղեցաւ ի յԱնտիոք։ Եւ ֆիլիպ ռէ տը ֆրանցն եւ Ռիջարդ թագաւորն Ընկլիզաց անցին յայս կոյս ծովու եւ պաշարեցին ըզԱքա, որ եւ ի գալն Ընկլիզաց էառ ըզկղզին Կիպրոսին յունաց ի Կիռսակ տուկէն։ Եւ սկ[ի]զբն եղեւ կարգաւորութեան Ալաման ֆրէրացընե։

2. էջ 154ա «ՌՄԹ [1209] պատերազմեցաւ լաշքարի կայսրն յունաց ընդ սուլտանն յԻկոնիոյ ի Խոնաս. եւ յաղթեալ անաւրինացն սպանաւ սուլտանն եւ եկաց ի տեղի նորա սուլտան յԱզըտին Քայքաուսնե։

2. էջ 78 «ՈԾԸ [1209] պատերազմեցաւ լաշքեարին ընդ սուլտանն յԻկոնիոյ ի Խոնաս եւ սպանաւ սուլտանն, եւ եկաց ի տեղի նորա Ազըտին Գագազուզնե։

3. Էջ 154բ-155ա «ՌՄԺԶ [1216] վախճանեցաւ Ինաւսանթ պապն եւ յետ նորա եկաց պապ ի Հռոմ Ոնորիոս երրորդ, հռոմայեցի ազգաւ, կացեալ ամս Ժ [=10] ամիսս Է [=7] եւ աւուրս ԻԳ [=23]։ Եւ մեռաւ ընբրուրն Ալամնաց Աւդունն։ Եւ տիրեաց յետ նորա ֆրտրիկն։ Յայսմ ամի թագաւորն Հայոց Լեւոն էառ դաւով ի գիշերի զքաղաքն Անտիոք եւ կացոյց անդ բրինծ զըՌաւբէն թոռն Ըռաւբինի աւագ եղբաւրն իւրոյ։ Եւ ծնաւ Զապէլ դուստր թագաւորին Լեւոնի։ Յայսմ ամի Քայքայուս սուլտանն յԻկոնիոյ պաշարեաց զբերդ Կապանն եւ կալաւ զիշխանսն Հայոց՝ զԿոստանդին Գունդուստապլն, որ կոչեցաւ աւագ պարոն եւ զԿոստանդին որդի տեառըն Լամբրունին, եւ զԿեռսակ տէրն Մաղվայոյ եւ զայլսնե։

3. էջ 79 «եւ ՈԿԵ [1216] մեռաւ ըպրուրըն Ալամնաց եւ եկաց հետ նորին Ֆտրիկն։ Եւ թագաւորն Հայոց Լեւոն էառ դաւօվ ի գիշերի զԱնտիոք եւ կացոյց անդ բրինձ զՌուբէն, թոռ եղբօրն իւրոյ։ Եւ ծնաւ դուստր Լեւոնի թագաւորին Զապէլն։

Եւ Քաքաուզ սուլթանն պաշարեաց զբերթ Կապանն եւ կալաւ զիշխանն Հայոց Կոստանդին Գօնտօստապլն, որ կոչեցաւ աւագ պարուն, եւ զԿոստանդին Լանբրօնին տիրոչ որդին, եւ Կեռսակ Մամուաղոյ տէրն եւ զայլսնե։

Նման օրինակները կարելի է ավելի շարունակել։ Խրոնիկոնի առանձին տեղեկությունները, սկսած 1097 թվից մինչեւ 1293 թիվը, գտնում ենք տարեգրության մեջ։ Սակայն այդ չի նշանակում, թե Խրոնիկոնի տեղեկությունները նույնությամբ անցել են տարեգրությանը։ Ընդհակառակը, վերջինիս մեջ բերված տեղեկությունները շատ համառոտ են։ Ավելին, Խրոնիկոնի մեջ միեւնույն տարեթվի տակ նշված ոչ բոլոր վկայություններն ենք գտնում տարեգրության մեջ, ինչպես այդ կարելի է նկատել վերեւում համադրած երրորդ օրինակից։ Սակայն տարեգրության մեջ կան բազմաթիվ վկայություններ, որոնք չկան Խրոնիկոնի մեջ. ասենք՝ Գագիկ Բ-ի սպանությունը, Ռուբեն իշխանին եւ հաջորդներին վերաբերող վկայությունները, Հեթում Բ-ի ժամանակակից մի շարք դեպքեր եւ ուրիշ տեղեկություններ։

Այսպիսով մեզ համար պարզվում է Հեթում Բ-ի տարեգրության հիմնական աղբյուրը։ Եվ եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ տարեգրության մի շարք տեղեկություններն իրեն՝ հեղինակի ժամանակակից դեպքերն են, որոնց աղբյուրն ինքը, Հեթում Բ-ն կարող էր լինել, ապա կմնան տարեգրության ոչ շատ վկայությունները, որոնք, ինչպես հեղինակն է նշում, նա վերցրել է հայկական, հունական եւ ասորական աղբյուրներից։ Հայկական աղբյուրներից Սամվել Անեցու ժամանակագրության հրատարակության բնագրի առանձին վկայությունները բավական մոտ են Հեթում Բ-ի տարեգրության այն տեղեկություններին, որոնք չկան Հեթում Պատմիչի կողմից թարգմանված Խրոնիկոնի մեջ։

Ս. Անեցու ժամանակագրության հրատարակության բնագրում [էջ 135-136] գտնվում է Կիլիկիայի Ռուբինյան իշխանների հաջորդական կարգը։ Այդ տեղեկությունների մասին հեղինակը գրում է. «…եւ այս ընդ ոմանց պատմագրաց։ Իսկ մեք այսպէս ոչ եդաք զի ոչ յարմարէր ի շարս թագաւորացն Յունաց… վասն այն եւ ես փոխեցի ըստ այլ պատմագրաց…ե։

Սույն վկայությունը, ինչպես եւ Ռուբինյանց իշխանների կարգը չենք գտնում Սամ. Անեցու ժամանակագրության ամենահնագույն բնագրերում [NN 5619, 1898 ժողովածուներ], եւ եթե վերոհիշյալ վկայության «ոմանց պատմագրացե, «այլ պատմագրացե արտահայտությունների մեջ հեղինակը նկատի չի ունեցել նաեւ Հեթում Բ-ի տարեգրությունը, որի Ռուբինյան իշխանների հաջորդական կարգը բավական մոտ է Ս. Անեցու ժամանակագրության հրատարակության բնագրի հիշյալ տեղեկություններին, նշանակում է վերջիններս մեզ անհայտ մի երրորդ բնագրից օգտագործել են, ինչպես Հեթում Բ-ն, այնպես էլ Ս. Անեցու ժամանակագրության բնագրին ավելացում կատարողը։

Հայերին վերաբերող առանձին վկայություններ հնարավոր է, որ Հեթում Բ-ն վերցրած լինի Հեթում Պատմիչի թարգմանած Խրոնիկոնից։ Իսկ հեղինակի այն պնդումը, թե նա օգտվել է հունական եւ ասորական աղբյուրներից, մեր որոնումները չհաստատեցին նրա հավաստիացումը։

Հեթում Բ-ի տարեգրությունը իր հերթին որպես սկզբնաղբյուր ծառայել է այլ հեղինակների։ Նրա մի շարք վկայությունները հանդիպում ենք Ալիշանի երկերում [«Սիսուանե, էջ 141, 194, 547 եւ այլն], վերջինս այդ վկայությունները վերագրում է ոմն ժամանակագրի կամ XVIII դարի սկզբի հեղինակ Մաղաքիա դպիր Ճեվեհիրճյանին։ Սակայն, ինչպես այժմ պարզվում է, այդ վկայությունների հեղինակը Հեթում Բ-ն է։

Հեթում Բ-ի տարեգրության այս նոր բնագրի արժանիքը կայանում է նրանում, որ այն մեզ ներկայանում է, որպես մատենագրական մի ամբողջական գործ։ Եթե նկատի չունենանք առանձին բառերի աղճատումները, որոնք գրչագրական սխալի արդյունք են, ապա առաջարկվող բնագիրը արտահայտում է տարեգրության սկզբնական բնագիրը։

Երկրորդ՝ առաջարկվող բնագրում գտնվում են Հեթում Բ-ի ժամանակակից դեպքերին վերաբերող բավական արժեքավոր եւ հետաքրքիր տեղեկություններ, որոնք չեն գտնում նրա մեզ հասած մնացած բնագրերում։

Երրորդ, սույն բնագրի շնորհիվ պարզվեց իսկական հեղինակի հարցը։

Չորրորդ՝ առաջարկվող բնագիրը հետաքրքիր է նաեւ լեզվի տեսակետից։ Այն գրված չէ մաքուր հայերենով. բնագրում տեղ են գտել օտարազգի՝ լատինական, արաբական, բազմաթիվ բառեր, ասենք, պարոն, բասաճ, ըմպրուր, ֆրեր, բրինձ, խալե, դարիթ, սինոր, խսարել եւ այլն եւ այլն։

Հրատարակության համար հիմք ընդունել ենք A բնագիրը, որը չծանրաբեռնելու նպատակով, մնացած ը, Թ, թ, ժ եւ Ավգերյանի հրատարակության (Ժ) բնագրի տարընթերցվածքների աչքի ընկնող շեղումները տվել ենք տողատակ՝ բացառելով մանրամասնությունները (օր. Կոստանդին թե Կոստանտին, բերթն, թե բերդն եւ այլն)։