Աւարայրի ճակատամարտից դէպի Նուարսակի պայմանադրութիւնը

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հասարակութիւնը

Մինչ այժմ մենք խօսեցինք Արշակունեաց Հայաստանի գլխաւորապէս պետական կառուցուածքի մասին՝ թուարկելով այն հաստատութիւնները (թագաւորական իշխանութիւն, սպարապետութիւն, հազարապետութիւն եւ այլն), որոնք գոյութիւն են ունեցել եւ գործել այդ շրջանում: Անդրադառնանք այժմ հասարակական բնութագրին՝ այն յարաբերութիւններին, որոնք բխում էին հասարակութեան բուն էութիւնից:

Դ-Ե դարերում հայ հասարակութիւնը վաղուց ի վեր բաժանուած է եղել երկու հիմնական շերտի՝ ազատների եւ անազատների (հոգեւորականութիւնն իր էութեամբ այդ բաժանումից դուրս էր. այդ մասին ստորեւ): Մեզ հետաքրքրող շրջանում ազատ բառը հանդէս է գալիս իր երկու հիմնական նշանակութեամբ՝ ա) ազնուական, տոհմիկ. բ) որպէս մէկը, ով չի ենթարկւում ուրիշին, կարող է շարժուել ու գործել ըստ իր կամքի (ազատ է բառիս այսօրուայ իմաստով) [1]: Ազատը, որպէս ազնուական, հակադրւում է ռամիկ, շինական, գեղջուկ, մշակ, ծառայ, ստրուկ եւ նման հասկացութիւններին: Հայ ազատանին՝ նախարարները, հանդէս են գալիս, ինչպէս ասացինք, իբրեւ գործակալներ, իբրեւ իշխանազօրի պարագլուխներ՝ լինելով միաժամանակ հողի սեփականատէրեր: Արշակունեաց Հայաստանում, ճիշտ այնպէս, ինչպէս հելլենիստական աշխարհում եւ նրա միւս ժառանգորդների մօտ, հողերը եղել են գանձագին, պարգեւական, հայրենիք: Վերջին տեսակը ամէնից տարածուածն ու սովորականն էր. դա այն հողն էր, որը ժառանգում էր նախարարի սերունդը, իբրեւ օրէնք՝ աւագ որդին՝ սեպուհը: Ինչպէս ամէնուրեք, ազնուական սեփականատէրերը ձգտում էին, որպէսզի հողային տիրոյթները չջլատուեն, մնան նոյն տոհմի սեփականութիւն:

Նախարարական կազմը միասնական չէր, վկայուած են աւագ եւ կրտսեր նախարարներ: Իշխանի շուրջ եղած նախարարները հասարակական առումով աւելի ցածր աստիճանի վրայ են գտնուել, ենթարկուել են այդ իշխանին, մտել իշխանազօրի կազմի մէջ եւ կրել ազատ (տուեալ դէպքում՝ առանձին իմաստ ունեցող) անունը: Այսպիսով, ազատ բառը տարածուել է ինչպէս ազնուականութեան վրայ առհասարակ, այնպէս եւ նրա առանձին դասի. ընդ որում յաճախակի դժուար է լինում կռահել, թէ որն է սկզբնաղբիւրում օգտագործուած ազատ բառի ճիշտ իմաստը: Իւրայատուկ եզր (տերմին) է եղել այդ բառը Կիլիկեան Հայոց իշխանութեան, ապա թագաւորութեան պայմաններում (ԺԱ-ԺԴ դարեր): Այնտեղ ազատ (ինչպէս նաեւ ճորտ) անուանումները կարող էին նշանակել վասալներին (ստորականերին):

Նախարարները սկզբնապէս եղել են առանձին վարչական միաւորների կառավարիչներ, ապա դարձել են այդ հողերի սեփականատէրերը՝ ձեռք բերելով լայն իրաւունքներ նաեւ ստորին դասը կազմող բնակչութեան նկատմամբ: Նախարար բառի հետ մէկտեղ օգտագործուել են նաեւ նահապետ, իշխան, տանուտէր, տէր, ազգապետ եզրերը: Առաջին հայեացքից կարող է թուալ, թէ այդ բառերը արտայայտում են նախարարական կազմակերպութեան տարբեր կողմերը. նախարարները հանդէս են գալիս մե՛րթ որպէս վարչապետեր, մե՛րթ սեփականատէրեր, մե՛րթ տոհմապետեր: Թւում է, որ դրանք նպատակ ունեն ընդգծելու, թէ տուեալ դէպքում որպէս ինչ է հանդէս գալիս նախարարական դասի ներկայացուցիչը: Մինչդեռ տպաւորութիւնը խաբուսիկ է, թէպէտ այդ բառերը իրօք որ արտայայտում են նախարար հասկացութեան տարբեր կողմերը: Իրապէս այդ բոլոր դարձուածքները ներկայացնում են նախարարին ընդհանրացուած եղանակով: Որպէս ինչ է հանդէս գալիս նախարարը, նրա ընդհանուր կերպարի որ կողմն է ակնարկում սկզբնաղբիւրը, հնարաւոր է լինում (եթէ առհասարակ հնարաւոր է) որոշել՝ ելնելով միայն լայն կոնտեքստից:

Ինչպէս արդէն ասուեց, նախարարները վարել են պետական պաշտօններ, մասնակցել արքունական բարդ կեանքին՝ ստանձնելով պարտականութիւններ, որոնք կոչւում էին գործակալութիւն:

Նախարարի կարգավիճակը ենթադրել է այդ ազնուական դասի ստորադասութիւնը թագաւորական իշխանութեան նկատմամբ, սակայն դա չի նշանակում, որ նախարարները հանդէս են եկել որպէս դիմազուրկ միասնութիւն: Բոլոր դէպքերում, նախարարը ներկայանում էր որպէս տուեալ տոհմի գլուխ՝ հասարակական սանդղակի վրայ գրաւելով իր համար սահմանուած աստիճանը:

ԺԹ դարի կէսերին թիֆլիսեցի բժիշկ-բանասէր Գէորգ Հախվերդեանը, որին մենք պարտական ենք Սայեաթ-Նովայի ժառանգութիւնը կորստից փրկելու համար, յայտնաբերել էր մագաղաթեայ մի թերթիկ՝ անունների ինչ-որ ցուցակով: Թերթիկի ծալքի վրայ եղած անցքերը ապացոյց էին, որ այն ծառայել էր ձեռագիր մատեանի պահպանակ, գրչագիրը պահպանելու համար: Կռահելով այդ թերթիկի կարեւորութիւնը՝ Գ. Հախվերդեանը այն տրամադրել էր Մոսկուայի Լազարեան ճեմարանի ականաւոր ուսուցչապետ Մկրտիչ Էմինին, որը եւ 1858 թ. հրատարակել էր այդ թերթիկը: Հետագայում այդ մագաղաթը (թէ նրա լուսանկարը) ընկնում է Ղեւոնդ Ալիշանի ձեռքը, եւ նա իր «Այրարատ» յայտնի աշխատութիւնում հրապարակում է պահպանակի վերարտադրութիւնը: Գ. Հախվերդեանի գտածը բովանդակում էր Արշակունեաց Հայաստանի Գահնամակը՝ թէպէտ եւ փոփոխուած ձեւով:

Պալատական ընդունելութիւնների ժամանակ հրաւիրուած ընտրեալները բազմում էին պատուաւոր գահերի վրայ (նոյն կարգը ընդունուած է եղել նաեւ Սասանեան արքունիքում): Բայց գահն ու նրա վրայ եղած բարձը եղել են ոչ միայն կահոյքի առարկայ, այլեւ խորհրդանշան, որով որոշւում էր նախարարի տեղը հասարակութիւնում: Գահնամակի մեզ հասած օրինակում թուարկուած է 70 անուն: Առաջինը Սիւնեաց տէրն է, երկրորդը՝ Բագրատունին, երրորդը՝ Արծրունին եւ այլն: Ընդունելութեան ժամերին նախարարները պիտի գրաւէին իրենց տեղերը (եւ ցուցաբերէին միաժամանակ իրենց հասարակական դիրքը)՝ հետեւելով հէնց Գահնամակին: Այդ հերթականութիւնն էր, որ որոշում էր ազնուականի պատիւը: Պատիւ գոյականը առնչւում է պատիմ բայի հետ. հնում այդպէս է կոչուել այն կապը, որը լինում էր ազնուականի ճակատին՝ գահի եւ բարձի նմանութեամբ՝ խորհրդանշելով նախարարի տեղը հասարակական ոլորտում [2]:

Ընդունելութիւնների կարգն ապահովողը պիտի լինէր վերեւում յիշատակուած գահարար-արարողապետը:

Ասացինք, որ Գահնամակն էր որոշում նախարարի տեղը հասարակական սանդուղքի վրայ, իսկ այդ տեղը ժամանակ առ ժամանակ վէճի առարկայ էր լինում: Յայտնի են դէպքեր, երբ տեղերը փոփոխւում էին վերից վար ու հակառակը, բայց դա լինում էր արտակարգ պայմաններում: Սկզբունքն ինքնին պահանջում էր կայունութիւն, համակարգը, ըստ էութեան, պիտի մնար անշարժ: Գահնամակի եւ Զօրանամակի միջեւ նմանութիւն կայ՝ երկուսն էլ ընդգրկում են նախարարական տոհմերի նոյն կազմը: Կայ նաեւ էական տարբերութիւն: Զօրանամակում նախարարները ներկայացուած են մեծ մասամբ ըստ առանձին դասերի՝ 1000 զինուոր ունեցողների, 300, 200, 100 եւ այլն: Իսկ Գահնամակը բացառում է որեւէ դաս. ամէն մի նախարար գրաւում է առանձին, միայն իր տոհմին յատկացուած տեղը:

Նախարարական կառուցուածքին, որի հիմքը կազմել է աւատական հողատիրութիւնը, յատուկ է եղել որոշ կայունութիւն, դա նպաստել է նաեւ ամբողջ երկրի հաստատութեանը: Սակայն յաճախակի արթնանում էին առանձին նախարարական տոհմերի հակասութիւններ, ինչպէս նաեւ՝ հակասութիւններ թագաւորական իշխանութեան եւ նախարարների միջեւ: Նման երեւոյթներ քաջ ծանօթ են ոչ միայն Հայոց, այլեւ ընդհանուր պատմութիւնից: Այդ դէպքերում վտանգն սպառնում էր արդէն ողջ հասարակութեանը:

Արշակունեաց շրջանում եւ նրան յաջորդող 2-3 հարիւրամեակների ընթացքում նախարարական կազմը բաւականին կայուն էր մնացել: Արաբական տիրապետութեան պայմաններում նախարարութիւնները սկսում են քայքայուել, առանձին ազնուական տոհմեր աստիճանաբար չքանում են պատմաբեմից: Բագրատունեաց շրջանում (Թ-ԺԱ դարեր) որոշիչ դեր են կատարում ընդամէնը մի քանի մեծատոհմիկ գերդաստաններ: Այսպէս, եթէ Արշակունեաց Մեծ Հայքի նախարարութիւնների թիւը պտտւում էր 50-ի շուրջ, ապա Բագրատունեաց Մեծ Հայքում (որի սահմանները, ճիշտ է, անցեալի համեմատութեամբ շատ էին կրճատուել) տնօրինում են միայն իրենք՝ Բագրատունիները, Պահլաւունիները եւ Հայկազեանները (յանձին, օրինակ, վեստ Սարգսի):

Թէ՛ հին եւ թէ՛ միջնադարեան Հայաստանում հասարակական մարմնի կորիզը կազմել է գիւղացիութիւնը: Յովհաննէս Թումանեանի երգած գիւղացին ունեցել է բազմադարեան պատմութիւն, բայց չափազանց մութ է այդ պատմութիւնը: Կտրելով երկիրը հարաւից դէպի հիւսիս՝ Ք. ա. 401-400 թթ. մեր հին հայրենիքով է անցել յոյն գրող Քսենոփոն Աթենացին, որը ճակատագրի բերմամբ դարձել էր զօրավար, բայց գրիչը վայր չէր դրել: Յունական զօրամասի գլուխ կանգնած՝ Քսենոփոնը հանգրուան էր գտել մի շարք հայկական գիւղերում եւ գրի առել իր տպաւորութիւններն ու դիտարկումները: Նա խօսում է գիւղական տան կերակրի մասին, կերտում գիւղապետի տպաւորիչ պատկերը, բայց համարեայ ոչինչ չի ասում գիւղացու հասարակական դիրքի մասին: Քսենոփոնից յետոյ սկզբնաղբիւրները գիւղացիութեան վերաբերեալ մեռեալ լռութիւն են պահպանում գրեթէ մէկ հազարամեակ: Այդ լռութիւնը խախտւում է միայն Ե դարում, երբ հայ գիւղացու մասին սկսում են խօսել գրողներն ու օրէնսդիրները: Արտաշէս-Տիգրանի եւ առաջին Արշակունիների օրօք Հայաստանի հասարակական-տնտեսական զարգացման խնդրի շուրջ եղած վէճերը դեռ կը շարունակուեն: Բոլորն էլ ընդունում են, որ համատեղուել է մի քանի կացութաձեւ, որ եղել է ազատ եւ կախեալ գիւղացիութիւն, վերջինս շահագործուել է առանձին տէրերի եւ պետութեան կողմից, դրանց կողքին եղել են նաեւ ստրուկներ: Բայց ինչպէ՞ս են յարաբերակցուել այդ ձեւերը, ո՞րն է եղել որոշիչը՝ ահա այդ հարցերի շուրջ է ընթանում վէճը, որը ժառանգել է այսօրուայ պատմագիտութիւնը ոչ հեռաւոր անցեալից:

Անցնենք Դ-Ե դարերում հայ գեղջուկին վերաբերող տեղեկութիւններին, որոնք, այնքան էլ առատ չլինելով հանդերձ, այնուամենայնիւ հնարաւորութիւն են տալիս կազմել հաւաքական մի տիպար, որը լրացւում է անուղղակի տուեալներով:

Դ-Ե դարերում հասարակութեան բոլոր ստորին խաւերը կոչուել են ռամիկ: Ռամիկ կամ անարգ են եղել նաեւ շինականները, այսինքն՝ գիւղացիութեան հիմնական տարրերը: Շինականները բնակւում էին գիւղերում, նրանք մանր սեփականատէրեր էին, ունէին իրենց տունը, տնտեսութիւնը: Վճարելով պետական հարկեր՝ հարկ արքունի, նրանք ընդհանրապէս ազատ էին, ունեցել են անձնական իրաւունքներ, կարող էին հայց ներկայացնել եւ դատուել եկեղեցական դատարանում: Շինականները կարող էին նոր գոյք ձեռք բերել կամ կտակագրել եղածը:

Շինականներն ունէին իրենց յատուկ կազմակերպութիւնը՝ գիւղական համայնքը: Պետութեան համար դա մի հաստատութիւն էր, որն ապահովում էր հարկերի գանձումը, մինչդեռ գիւղացու համար դա շահագործման եւ ոտնձգութիւնների դէմ պայքարելու ինչ-որ միջոց էր: Համայնքներն ունէին իրենց պետերը. Փաւստոս Բուզանդը նրանց անուանում է դասապետք շինականաց, Մովսէս Դասխուրանցին դար)՝ գիւղապետ, իսկ Պարտաւի եկեղեցական կանոններում՝ գեղջաւագ: Հետաքրքիր է, ինչ կապակցութեամբ է յիշատակւում գեղջաւագը այս վերջին դէպքում: Պարզւում է, որ արարողութեան ժամին նա կարող էր եկեղեցու դուռը փակել տալ բռնաւորին, որպէսզի ապահովի հարկերի գանձումը: Բայց կանոնի համաձայն՝ այդպիսի յանցանքի համար նա ենթարկւում էր նզովքի «ի կեանս եւ ի մահ» [Կան., Բ, էջ 16. 6-8]:

Լինելով համայնքի անդամներ՝ գիւղացիները մնում են մանր սեփականատէրեր, իրենց տնտեսութեան հետ կազմում են մի ամբողջութիւն՝ երդումարդ: Մարդուն, ըստ երեւոյթին, չէին կարող բաժանել իր երդից (որը տուեալ դէպքում նշանակում է գիւղացուն պատկանող հողի կտորը), բայց երդումարդի ճակատագիրը կարող էր որոշել թէ՛ թագաւորը, թէ՛ հարեւան ազատը:

Շինականները խորն են զգում իրենց ազգային պատկանելութիւնը, նրանք գործնական մասնակցութիւն են ցուցաբերել Ե դարի հակասասանեան ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ ապստամբութեանը: Դա բացատրելի է. որոշ առումով նրանք հասարակութեան նոյնպիսի անդամներ են, ինչ որ եւ ազնուականները, վերջինների պէս նրանք ձգտում են մասնակցել ազգային հարցերի լուծմանը: Երբ պարսիկները Տիրան արքային կուրացրին եւ գերի տարան, հայերը որոշեցին օգնութիւն խնդրել յոյներից: Ժողով հրաւիրուեց, որին մասնակցեցին «նախարարք մեծամեծք, աւագք, կուսակալք, աշխարհակալք, ազատք, զօրագլուխք, դատաւորք, պետք, իշխանք, բաց ի զօրավարացն, այլ եւ ի շինականաց անգամ ռամիկ մարդկան» [Փաւ. Բուզ., Գ, 21]:

Գիւղական համայնքի անդամները կարող են շահագործուել թէ՛ պետութեան, թէ՛ առանձին նախարարների կողմից: Ենթադրւում է, որ հնում ագարակների եւ դաստակերտների աշխատաւորները եղել են ստրուկներ, այժմ նրանց տեղը գրաւում են գեղջուկ-շինականները: Շինականի հասարակական դիրքը ինչ-որ առումով համեմատաբար բարձր է: Դա իր արտայայտութիւնն է գտել եկեղեցական օրէնսդրութան մէջ: Եթէ մէկը առանց որեւէ պատճառի թողնում է իր կնոջը, ապա եթէ ազատ է՝ տուգանքը կազմում է 300 դրամ, եթէ շինական է՝ 600: Գեղջուկը, այսպիսով, տուգանք է վճարում ընդամէնը 2 անգամ աւելի, քան ազատը: Բայց շինականի վիճակը առհասարակ ծանր է, եւ Եղիշէն փափկացեալ ազատին հակադրում է վշտացեալ գեղջուկին [Եղ., էջ 67]: Իր յայտնի դրուագում զոհուածների եւ աքսորուածների կանանց մասին Եղիշէն ասում է, որ այդ փափկասուն տիկինները «ամենեւին չյիշեցին մայրենի ազատութեան փափկութեան անունը, այլ իբրեւ այնպիսի մարդիկ, որոնք հէնց նեղութիւնների են համբերել շինական սովորութիւնների օրինակով եւ տանջուելով են անցկացրել իրենց կեանքը, նրանից էլ աւելի մեծ վշտերի համբերել յանձն առան» [Եղ., էջ 200. 5-9] [3]:

Որոշ դէպքերում, երբ յանցաւոր է գտնւում ազատը, նա տուգանք է վճարում, իսկ նոյն օրէնքը խախտող անազատը մարմնական պատժի է ենթարկւում («եւ ապա, եթէ շինական է, գան յոլով արբցէ» [Կան., Ա, էջ 433. հմմտ. 438, 441. 2, 442]): Բայց ամէնից սոսկալի դէպքն այն էր, որ երբ ազատը մի ուրիշ յանցանքի համար դարձեալ տուգանքով էր գլուխը փրկում, շինականին իբրեւ պատիժ ուղարկում էին գոդենոց (ուրկանոց), որպէսզի նա այնտեղ ցորեն աղայ [Կան., Ա, էջ 437, 442, 461, 462] [4]:

Շինականները, բնականաբար, տարբերուել են ազատներից իրենց մտաւոր պաշարով: Ուսումը եղել է ոչ միայն եկեղեցականների, այլեւ աշխարհիկ նախարարների մենաշնորհը, իսկ շինականները մեծ մասամբ մնում էին անուս: Եղիշէն պատմում է, որ Պարսկաստան տարուած հոգեւորականները մէկ օր սեղան նստելիս կասկածեցին իրենց բախտակից մի երէցի վրայ. երէցը իր կեանքը անց էր կացրել շինականների մէջ, հետեւաբար անտեղեակ պիտի լինէր Սուրբ Գրքի մխիթարանքներին [Եղ., էջ 153. 10-12]:

Շինականների կողքին աշխատում էին նաեւ ստրուկներ, բայց նրանց մասին դատել շատ դժուար է: Գիտենք, որ նրանք կոչուել են ծառայ, ստրուկ, հաւանաբար մշակ, հաստատապէս գիտենք նաեւ, որ նրանք տարբեր են եղել աշխատաւոր դասի միւս հատուածներից:

Կասկած չկայ, որ Հայաստանում, ճիշտ այնպէս, ինչպէս նաեւ հարեւան երկրներում, կիրառուել է ստրուկի աշխատանք (թէկուզ տեղեկութիւններն այդ մասին հազուադէպ են): Ստրուկներն իրենց էութեամբ միւս արտադրողներից տարբերուել են ե՛ւ իրաւական, ե՛ւ իրական առումով: Բայց երբ փորձում ենք պատկերացում կազմել ստրուկների յատկանշական կողմերի մասին, երբ ձգտում ենք կռահել, թէ յատկանիշերի ինչ համալիր է եղել ստրուկ կոչուածը, ապա հանդիպում ենք սկզբնաղբիւրների կատարեալ լռութեանը:

Ստրկատիրական կարգերի մասին մեզանում հանգամանօրէն խօսել են մի շարք գիտնականներ, յատկապէս՝ Յ. Մանանդեանը, Ս. Երեմեանը, Գ. Սարգսեանը [5]: Վերջինս իրաւամբ պնդում է, որպէսզի Հայաստանում ստրկատիրական կարգերի հետազօտողը նախ եւ առաջ վերացարկուի այն պատկերացումներից, որոնք գոյութիւն ունեն անտիկ Յունաստանի եւ Հռոմի ստրկութեան մասին: Բայց զուգահեռները արեւելեան երկրների հետ նոյնպէս քիչ բան են տալիս, քանզի համեմատուելիք առարկան, այն է՝ Հայաստանում շահագործուող ստրուկը մեզ յայտնի է (այն էլ ոչ միշտ) միայն իր կոչական անունով: Մասնագիտական գրականութեան մէջ սովորաբար նոյն օրինակն է վկայաբերւում: Իշխան Ներսեհ Կամսարականը, պատերազմելով բահլուճների դէմ, շատ գերիներ է վերցնում, ապա նրանց բաժանում Պարսից թագաւորի, արքայորդու, դարիկպետի, սպարապետի միջեւ: Վերադառնալով հայրենիք՝ գերիների մնացած մասը տալիս է Հրահատ եւ Սահակ եղբայրներին, հայ ազատներին, Վաղարշապատի Մայր եկեղեցուն, միւսներին՝ պահում իր մօտ [6]: 0րինակը որքան պատկերաւոր է, նոյնքան եւ անորոշ. ինչպէ՞ս են օգտագործուել այս գերի վերցուած եւ ստրկացուած բահլուճները, ինչպիսի՞ն էր նրանց հասարակական վիճակը: Կրկնենք, որ Հայաստանում եւս շահագործուել է ստրուկի աշխատանքը, բայց դա չի եղել որոշիչը: Հասարակութեան տնտեսական հիմքը ապահովել է նախ եւ առաջ ազատութեան տարբեր աստիճանի վրայ գտնուող գիւղացու աշխատանքը [7]:

Խօսելով բուն արտադրողների մասին՝ մենք մինչեւ հիմա փորձել ենք պարզել նրանց իրաւական վիճակը, մօտենալ նրանց արտադրողական յարաբերութիւնների տեսանկիւնից: Իսկ ի՞նչ են արել նրանք իրապէս, ինչո՞վ են զբաղուել՝ ապահովելով ե՛ւ իրենց, ե՛ւ ողջ հասարակութեան գոյութիւնը:

Հայաստանը երկրագործների եւ անասնապահների երկիր էր: Չկար մի գաւառ, որտեղ զբաղուէին գիւղատնտեսութեան միայն առաջին կամ միայն երկրորդ ճիւղով, չնայած բնական պայմանների թելադրանքով առաջնութիւնը տրւում էր կա՛մ երկրագործութեանը, կա՛մ անասուն պահելուն: Երկու դէպքում էլ հայ գիւղացին հետեւել էր անյիշելի ժամանակներից եկած փորձին: Ամէնուրեք ցորեն են աճեցրել, իսկ լեռնային վայրերում՝ նաեւ աշորայ: Կարմիր Բլուրի պեղումներից պարզուեց, որ դեռեւս ուրարտական շրջանում այստեղ աճեցրել են տարբեր տեսակի ցորեն, գարի, կորեկ: Ոռոգումը արհեստական է եղել, եւ մինչեւ այժմ էլ կան ջրանցքներ, որոնք մնացել ու գործում են հնագոյն ժամանակներից: Հողը եւ ջուրը դիտուել են համատեղ (տե՛ս, օրինակ, Կան., Բ, էջ 207. 3, 11, 209. 9 եւ այլն), մէկն առանց միւսի արժէզրկւում է: Հողը հերկել են գութանով: Ցորենը աղացել են երկանքով, ջրաղաց դեռեւս չի եղել: Ցորենի ալիւրից լաւաշ են թխել նոյն՝ այսօրուայ թոնրում:

Այգիներում աճել է տանձ, խնձոր, սալոր, ծիրան, կեռաս, նուռ, ընկոյզ, նուշ, սերկեւիլ, թուզ: Այդ պտուղները մեծ մասամբ յիշատակուած են «Աշխարհացոյցում» [8]: Վանայ լճի շրջակայքը յայտնի էր իր սեխով, ձմերուկի սերմ է գտնուել Կարմիր Բլուրում:

Մեծ տեղ է գրաւել խաղողագործութիւնը (այգի բառը նշանակել է գերազանցապէս խաղողի այգի). «Աշխարհացոյցից» գիտենք, որ իր այգիներով հռչակուած է եղել Գողթնը: Գինեգործութիւնը եւս շատ հին պատմութիւն ունի. Կարմիր Բլուրի բերդում, որը պատկանում է ուրարտական շրջանին, պեղել են մի քանի պահոց՝ տասնեակ կիսաթաղ կարասներով: Գինին վայելում էին հեթանոսական տօնակատարութիւնների ժամանակ, այն անփոխարինելի է եղել նաեւ քրիստոնեայ եկեղեցիներում հաղորդութեան խորհրդին: Պեղումներից կարելի է եզրակացնել, որ խմիչքների շարքում պատուաւոր տեղ էր գրաւել գարեջուրը:

Գետերի հովիտներում, նաեւ սարահարթերում բանջարեղէն են աճեցրել՝ դրանք ճաշակելով թարմ վիճակում եւ պաշար պահելով ձմռան համար: Սակայն այսօրուայ համեմատութեամբ տեսակների ցուցակը համեստ է, բացակայում են լոլիկը, բադրիջանը, պղպեղը, կարտոֆիլը. սրանք սկսել են տարածուել միայն նոր շրջանում: Իսկ համեմունքը եղել է թերեւս աւելի տարածուած, քան այսօր:

Հնագոյն ժամանակներից ի վեր ուտելիքների շարքում մեծ տեղ է գրաւել ձէթը: Ձիթհանների միջոցով քնջութից քամած ձէթը մնում էր մարդկանց, իսկ քուսպը տալիս էին անասուններին:

Խոշոր եղջերաւոր անասունները՝ եզներ եւ գոմեշներ, նաեւ ձի, էշ, ոչխար, այծ, խոզ պահել են ստորին էնեոլիթեան շրջանից. դրանց ոսկորները յայտնաբերուել են Գառնիի պեղումներից [9]: Անասուն են պահել մսի, կաթի, բրդի, կաշուի համար, իսկ քակորից աթար են պատրաստել (անտառասակաւութեան պայմաններում վառելիքի հարցը միշտ բարդ է եղել): Գերակշռում էր մանր եղջերաւոր անասունը. ամռանը ոչխարը քշում էին ալպեան մարգագետինները (դրանք մենք այժմ, օգտագործելով փոխառեալ բառ, եայլայ կամ եայլաղ, օբայ ենք կոչում): Հէնց այստեղ էլ խնոցիներում կոգի (կարագ) էին հարում, պանիր պատրաստում: Տեսնում ենք, որ այսօրուայ հովուի կեանքը ձեւաւորուել է դեռեւս հին Հայաստանում: Քսենոփոնի ասելով, հայկական սեղանի վրայ (դեռեւս Ք. ա. 401-400 թթ. ձմռանը) եղել է ոչխարի, այծի, խոզի, երնջի միս, իսկ հացը թխել են ցորենի ու գարու ալիւրից:

Հայաստանում առանձին ճիւղ է կազմել ձիաբուծութիւնը: Դրա պատմութիւնը եւս հին է: Հայերը ձի էին ուղարկում ե՛ւ Մարաստան, ե՛ւ Աքեմենեան Պարսկաստանի տիրակալներին: Արաբական շրջանում ձիաբուծութեան կենտրոնը գտնուել է Ուրմիա լճի մօտերքում, հէնց այստեղ էլ վարժեցնում էին ձիերին: Սեպագիր արձանագրութիւններից գիտենք, որ Ուրարտուի Մենուա թագաւորը Արծիբի (հմմտ. հին հայերէն արծուի, ժամանակակից արծիւ բառի հետ) անուն կրող ձիով 11, 4 մ երկարութեամբ թռիչք է կատարել: Ձիաբուծութիւնը մեծ դեր է կատարել հասարակութեան կեանքում: Հայոց զօրքը եղել է գերազանցապէս հեծելազօր: Պարսկաստանի արեւելքում կամ հարեւան Աղուանքում այդ հեծեալները մասնակցում էին Սասանեան թագաւորների ռազմարշաւներին, եւ նոյն հեծեալները, երբ ժամանակը հնարաւորութիւն էր տալիս, փորձում էին տապալել այդ Սասանեանների տիրապետութիւնը հայրենի երկրում:

Եթէ մեր պատմութիւնը վերաբերէր Արտաշէս Ա-ի . ա. 189-160) կամ Տիգրան Բ-ի . ա. 95-55) ժամանակներին, մենք շարադրանքի մեծ մասը կը նուիրէինք, հաւանաբար, ոչ թէ գիւղական, այլ քաղաքային կեանքին: Իրօք, դա մի շրջան էր, երբ քաղաքաշինութիւնը դարձել էր պատմական զարգացման ամէնից էական դրսեւորումներից մէկը: Հայաստանի շուրջ 10 քաղաքները բուռն կեանքով էին ապրում: Գտնուելով միջազգային տարանցիկ առեւտրի ճանապարհների վրայ՝ դրանք կապուած էին թէ՛ Արեւելքի, թէ՛ Արեւմուտքի հետ: Արհեստագործների թիւը այդ քաղաքներում հասնում էր տասնեակ հազարների, այստեղ ձեւաւորւում էր քաղաքին բնորոշ տարատեսակ մշակոյթ: Քաղաքային համայնքը իր մի շարք գծերով մօտենում էր հելլենիստական պոլիսի կազմակերպութեանը: Գիւղը ենթարկւում էր քաղաքին, քաղաքացիք աւելի բարձր էին դասուած, քան շինականները: Այդ կարգը արտայայտուել է Վաղարշակ թագաւորին վերագրուած մի հրովարտակում: Ըստ Վաղարշակի հրամանի՝ քաղաքացիների յարգանքն ու պատիւը պիտի աւելի բարձր լինէին, քան գեղջուկներինը: Գեղջուկները պիտի քաղաքացիներին պատուէին իշխանների պէս, իսկ վերջիններս պարտաւոր էին եղբայրաբար վերաբերուել շինականներին ու չպարծենալ նրանց մօտ [Մով. Խոր., էջ 117. 19-118. 4]: Կարելի է նախանձել յարգալից բանաձեւին, որն ընդունել էր թագաւորը՝ քաղաքացիների բացայայտ գերադասութիւնը հռչակելու համար…

Բայց Դ-Ե դարերում վիճակն արդէն այլ էր: Դ դարի 60-ական թուականների պատերազմները, բացասական միւս հետեւանքներով հանդերձ, կործանիչ հարուած հասցրին քաղաքային կեանքին: Դեռեւս Տիգրան Բ-ը Հայաստան էր գաղթեցրել բազմաթիւ հրէայ արհեստաւորների, որոնք զգալի դեր խաղացին քաղաքների զարգացման համար. Պարսից ասպատակները պատճառ եղան, որպէսզի նրանց համայնքներն ընդմիշտ լքեն Հայաստանը: Միւս կողմից՝ մեր երկիրը աւելի ու աւելի աւատատիրական բնոյթ էր ստանում, տնտեսութեան մէջ հողագործութիւնը եւ առհասարակ գիւղատնտեսութիւնն էր գերակշռում: Քաղաքները պահպանել էին իրենց վարչական դերը, բայց դրանք այլեւս առեւտրի ու արհեստների կենտրոններ չէին, ինչպէս դա եղել էր նախորդ՝ հելլենիստական շրջանում: Տիգրանակերտի ու Արտաշատի փայլը մարել էր, իսկ Անին դեռ նոր պիտի մտնէր իր փառքի ճամփան:



[1]      Հմմտ. The Book of a Bousand Judgements (a Sasanian Law-Book), ed. by A. Perikhanian, transl. from Russian by N. Garsoիan, Mazda Publishers, 1997, էջ 342, ծazծat բառի տակ:

[2]      Յովսէփ Օրբէլու կարծիքով, արարողութեան ժամանակ այդպիսի մեծ դեր կատարող բարձերն են դրոշմուած սասանեան շրջանի այն ոսկէ սկուտեղի վրայ, որն այժմ պահւում է Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում: Իսկ երբ 1911-1912 թթ. գիտնականը այցելել էր պատմական Մոկս նահանգը, ապա նման առարկաներ նա տեսել էր տեղացի Մուրթուլլա քուրդ բէկի տանը. այստեղ եւս բարձը եղել է պատուի խորհրդանշան` մի մնացուկ, որը պահպանուել էր հնագոյն ժամանակներից: И. А. Орбели, Фольклор и быт Мокса, Москва, 1981, стр. 33-34: Избранные труды, т. II, сост. и ред. П. М. Мурадян, Еревам, 2002, стр. 15.

[3]      Օգտւում ենք Երուանդ Տէր-Մինասեանի աշխարհաբար թարգմանութիւնից. տե'ս Եղիշէի Վարդանանց պատմութիւնը, թարգմանութիւնը եւ ծանօթագրութիւնները` պրոֆ. Ե. Տէր-Մինասեանի, Երեւան, 1958:

[4]      Բերուած տեղեկութիւնները քաղում ենք Շահապիվանի եկեղեցական ժողովի կանոններից: Ժողովը գումարուել է Ե դարի 40-ական թուականների կէսերին, ուստի նրա որոշումները արտացոլում են այն իրադրութիւնը, որը ստեղծուել էր Վարդանանքի նախօրէին:

[5]      Գրականութեան տեսութիւնը եւ հարցի լուսաբանումը տե'ս Գ. Սարգսեան, Հին Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղիների մասին, Երեւան, 1962:

[6]      Այս օրինակը վերցուած է Անանիա Շիրակացու Յաղագս հարցման եւ լուծման թուաբանութեան դասագրքից: Ներսեհ Կամսարականը 482-484 թթ. ապստամբութեան մասնակիցներից է. սոյն աշխատութեան Գ գլխում նրա մասին կը խօսենք հանգամանօրէն:

[7]      Աւելացնենք նաեւ, որ մարքսիստ-լենինեան գիտութեան կարգում ստրկատիրական հասարակութեան ճանաչումը, որպէս այդպիսին, պարտադիր պահանջներից մէկն էր, եւ այդ պայմանը չէին կարող անտեսել ուսմունքի սահմաններում գործող գիտնականները:

[8]      Ս. Տ. Երեմեան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, էջ 91-99

[9]      Б. Аракелян, Гарни I  . Առաքելեան, Գառնի 1), Երեւան, 1951, էջ 25-26