Խրիմեան. Կենսագրական տեսութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

VIII

Նորընտիր պատրիարքի ուղեւորութիւնը մի ժողովրդական հանդէս էր։ Բոլոր գիւղերում եւ քաղաքներում, որտեղով նա անցնում էր, նրան ընդունում եւ ճանապարհ էին դնում մեծ շուքով։ Նոյն իսկ փոքրիկ գիւղերում կանայք եւ երեխայք, մեծ եւ փոքր ընդ առաջ էին դուրս գալիս, տեսնելու «Հայրիկին», իրանց պաշտպան հրեշտակին։

Երբ հասաւ Տրապիզօն, հայերի եւ կառավարութեան ներկայացուցիչների հետ միասին ընդ առաջ եկաւ յունաց առաջնորդը։ Երկու ազգերի հոգեւոր ներկայացուցիչները սիրով դիմաւորեցին միմեանց։ Հիւպատոսները, ի նշան յարգանքի, պարզեցին իրանց դրօշակները։ Հայոց եկեղեցին մտնելուց յետոյ, Խրիմեան մտաւ յունաց եկեղեցին, եւ մի կարճ ճառում քարոզեց համերաշխութիւն յոյների եւ հայերի մէջ։

Խրիմեանին Կ. Պօլիս տանելու համար՝ կառավարութիւնը յատուկ նաւ էր ուղարկել։ Երբ նաւը հասաւ Պօլիս՝ պարզեց իր դրօշակը, որ նշան էր, թէ մայրաքաղաքը մեծ մարդ է գալիս։

Խրիմեանին ընդունելու համար Կ. Պօլսի ամբողջ հայ ժողովուրդը ոտքի վրա էր։ կառաւարութեան նորկայացուցիչները, հայոց հոգեւորականութիւնը, երեսփոխանները եւ հազարաւոր ժողովուրդը սպասում էին ծովափին։

Ժողովրդի ուրախութեան չափ չը կար։ Ահագին խմբերով երգում էին յատկապէս այդ օրվայ համար յօրինված երգեր։ Երբ Հայրիկ երեւաց, թնդաց հազարաւոր մարդկանց «կեցցէ՜ն», որ արձագանք տուեց Ստամբուլի հեռու փողոցներում։

Ինչո՞վ պիտի փոխարինեմ ժողովրդի այս սէրը, մտածում էր յուզված պատրիարքը։

Սակայն նոյն րօպէին նա զգում էր, որ ինչքան անխարդախ եւ անսպառ է ժողովրդի սէրը, այնքան էլ փշոտ է պատրիարքարանի գահը, որի վրա կոչված է բազմելու։ Գուցէ հէնց այդ մտքով էր՝ որ, երբ հանդէսը հասաւ մայր-եկեղեցին՝ Խրիմեան ողջունելով հասարակութեանը՝ ասաց ի միջի այլոց հետեւեալը. «Պատրիարքութիւն յանձն առնելով, կը զգամ, որ ծանր լուծի կենթարկվեմ։ Թէեւ այսօր ժողովուրդը «ովսաննա կոչելով ինձ այստեղ կառաջնորդէ, այլ վաղը, երբ պաշտօնիս պահանջման համեմատ սկսեմ զեղծումները բարեկարգել, պիտի սկսեն պոռալ. «ի խաչ հան զդա, ի խաչ հան զդա…»։

1869 թւի նոյեմբեր ամիսն էր, որ Խրիմեան նստեց պատրիարքական գահի վրա։

Դա մի խառնակ ժամանակ էր. պատրիարքական գահը խախուտ, պատրիարքարանը պարտքերով ծանրաբեռնված, սահմանադրութիւնը ջլատված, ժողովուրդը թշնամական բանակների բաժանված։

Ամենից ցաւալի սահմանադրութեան վիճակն էր։ Դեռ մի երկու տարի չէր անցել սահմանադրութիւնը հաստատվելուց յետոյ, որ սկսվեցին անվերջանալի խառնաշփոթուիւններ։ Վարչական ժողովները համարեա թէ գոյութիւն չունէին. թաղական խորհուրդների մէջ սարսափելի թշնամութիւններ էին սկսված, նոյն իսկ ընդհանուր Ազգային ժողովը՝ կռիւների ասպարէզ էր դարձել։ Այդ հանգամանքից օգուտ քաղեցին սահմանադրութեան թշնամիները. դրդեցին կառավարութեանը, եւ նա էլ դադարեցրեց սահմանադրութիւնը, ու գործերի ղեկավարութիւնը յանձնեց իր կողմնակիցներից կազմած մի ժողովի, որի նախագահը պիտի լինէր պատրիարքը։ Դա տեղի ունեցաւ 1866 թւին, որբ պատրիարքն էր Պօղոսը։

Ժողովուրդը պատրիարքից շատ դժգոհ էր, որ նա չը կարողացաւ պաշտպանել սահմանադրութիւնը։ Ընդհանուր զայրոյթը այնտեղ հասաւ, որ պահանջեցին պատրիարքի հրաժարականը։ Իսկ պատրիարքը չէր ուզում հրաժարվել։ Մի քանի եկեղեցիներում դադարեցին պատրիարքի անունը յիշատակել, եւ նոյն իսկ տեղի ունեցան կռիւներ։ Ոչ մի սպառնալիք, ոչինչ բանտարկութիւն չը կարողացան զսպել ժողովրդի զայրոյթը, եւ Պօղոսը, տեսնելով որ հնար չը կայ դիմադրել, 1869 թ. հրաժարվեց։

Կառավարութիւնը՝ ժողովրդին խաղաղացնելու համար՝ ստիպվեց վերահաստատել սահմանադրութիւնը, որի զօրութեամբ գումարվեց Ազգային Ժողովը, եւ պատրիարք ընտրվեց Մկրտիչ եպիսկոպոս Խրիմեան, 1869 թւի սեպտեմբերի 3-ին։

Խրիմեանի ընտրութիւնը ժողովրդի եւ սահմանադրականների յաղթութիւնն էր եւ հակասահմանադրականների պարտութիւնը։

Հակասահմանադրականները ամենայն միջոցներով աշխատում էին, որ Խրիմեան չընտրուի։ Տեսնելով որ ընտրվեց, աշխատեցին, որ չը հաստատուի։ Սկսեցին մատնութիւններ անել եւ համոզել կառավարչական շրջաններին, թէ Խրիմեանին չը պէտք է հաստատել, որովհետեւ նա կառավարութեան համար վտանգաւոր մարդ է։ Սակայն կառավարութիւնը աւելի հեռատես գտնվեց եւ հաստատեց, լաւ իմանալով, որ Խրիմեանի նման մեծ ժողովրդականութիւն ունեցող մարդուն չը հաստատելը՝ վտանգաւոր հետեւանքներ կարող է ունենալ։

Պատրիարք նստելով Խրիմեան գրեց եւ հրատարակեց մի շրջաբերական հետեւեալ վերնագրով. «Նախնի շրջաբերական թուղթ առ ամենայն եկեղեցիս հայոց, որ ընդ իշխանութեամբ Օսմանեան պետութեան», որով նա դիմում է բոլոր դասակարգերին, եւ մատնանիշ անելով նրանց պարտաւորութիւնների եւ ազգի պէտքերի վրա, հրաւիրում է բոլորին գործել եւ նպաստել ժողովրդի առաջադիմութեան։

Դառնալով հայ ժողովրդին ասում է.

«Փութա, այլ եւս մի հեղգար. եթէ կուզես քո դարաւոր աղետներէն ազատել, օրինակ առ քեզ եւ հետեւող եղիր աշխարհիս ամեն առաջադէմ ազգաց, որ դար մը առաջ քեզ պէս էին. իսկ այսօր հին աշխարհի մեռելութենէն կենդանացած յառաջ կերթան։ Շուրջդ նայէ, ազգերն ամեն առողջացած անդամալոյծ վիճակէն՝ դէպի նոր կեանք կը վազեն. դու միայն մնացել ես Պրօպատիկէ աւազանին քով անշարժ նստած՝ կողկողագին ձայնիւ կը պաղատես. «Տէր ոչ զոք ունիմ որ արկանէ զիս յաւազան»։ Այո՛, չը կայ աշխարհիս վրան ոչ ոք քեզ օգնական. ընդունայն յուսով մի սպասիր. դու ինքդ ես քո օգնական. ջանք արա, շարժիր…»։

Ապա իր պաշտօնակիցներին դիմելով՝ ասում է.

«… Զգուշացուցէք ժողովուրդը զեղխ եւ շռայլ կեանքէ. քարոզեցէք քաղաքացւոց որ արհեստ սովրին, ընկերութիւններ կազմեն, շահավաճառութեան հետեւեն. քարոզեցէք գւըղացւոց որ հայրենի հող սիրեն, ամոլ՝ եզներ սիրեն, մաճ սիրեն, քրտինք շահաբեր հողի վրա թափեն, չարաչար պանդխտութեան չը դիմեն։ Քարոզեցէք որ եկեղեցին սիրեն, դպրոց սիրեն, լոյս սիրեն, դաստիարակութիւն սիրեն, ազգ սիրեն, հայրենիք սիրեն. յոյս տուէք, զօրացուցէք լէեալ ձեռքերն, կթուցեալ ծունկերն. աղետներ վախճան ունեն…»

Փառասիրութիւնը կամ բարձր պաշտօն վարելու ձգտումը չէր, որ Խրիմեանին տարաւ դէպի պատրիարքական գահը։ Եթէ նա համաձայնեց աւելի բարձր պաշտօն վարել, այդ միայն այն նպատակով, որ աւելի բարձր եւ աւելի մեծ գործեր կատարի։ Նա լաւ գիտէր, որ իրանից մեծ գործեր են սպասում։

Ժողովուրդը սպասում էր՝ որ նա պաշտպանի իր իրաւունքները։

Պատրիարքարանը սպասում էր, որ նա իրան պարտքերից ազատի։

Գաւառները սպասում էին, որ նա թեթեւացնի իրանց ծանր վիճակը։

Սահմանադրականները սպասում էին, որ նա ապահովացնի սահմանադրութիւնը։

«Հայոց պատրիարքն ալ, պատրիարքարանն ալ ժողովրդի համար են», ասում էր Խրիմեան։ Նրա օրով ժողովրդական տարրը վերջնականապէս մուտք գործեց հասարակական բոլոր գործերի մէջ։ Առաջ միայն ամիրաները եւ հարուստ ու դիրք ունեցող անձինք մուտք ունէին պատրիարքարան, որը եւ իսկապէս դրանց ձեռքի տակն էր գտնւում. հասարակ ժողովուրդը, որը հազար մի ցաւ ու գանգատ ունէր պատրիարքարանում, դժուարութեամբ էր կարողանում մուտք գործել։ Հայրիկ բաց արեց պատրիարքարանի դռները ամեն մի հայի առաջ։

Կ. Պօլսի մեծամեծ էֆէնդիներին դուր չէր գալիս այդ վարմունքը։ Նրանք այն կարծիքի էին, որ պատրիարքը պիտի լինի անմատչելի, ոչ ոքի չը պիտի երեւայ, եւ «տասն դռների» յետեւ փակված պիտի մնայ։

Յանկարծ ազդեցիկ էֆէնդիներից մինը գալիս էր այցելութիւն պատրիարքին։

Մենա՞կ է, հարցնում էր սպասաւորին։

Ոչ, արհեստաւորներ եկած են գանգատով։

Էֆէնդիի դէմք խոժոռում էր։

Այցելութեան եկած եմ. գնա՛ յայտնէ։

Ներողութիւն կը խնդրէ, որ չէ կարող ընդունել, խնդրատուները շատ են, վերադառնալով ասում էր սպասաւորը։

Էֆէնդին դարձնում էր կառքը եւ աջ ու ձախ գանգատւում.

Ախպար, աս ի՞նչ պատրիարք է. այցելութիւն չի ընդունիր, խնդրատուներ կընդունէ. ասանկ պատրիարքութիւն չըլլար։

Եւ այն օրից էֆէնդին դառնում էր Խրիմեանի թշնամի։ Այդպիսի էֆէնդիներից մինի մասին հետեւեալն են պատմում։

Մի օր Խրիմեան, նոր պատրիարք նստած ժամանակը, այցելութիւն էր գնացել մեծ-վիզիր՝ նշանաւոր Ալի փաշային։ Պատրիարքի այցելութիւնից յետոյ, Ալի փաշայի մօտ է գնում էֆէնդին։

Ձեր պատրիարքը այսօր եկաւ՝ տեսնվեցանք, ասում է մեծ-վիզիրը։

Կը ցաւիմ, որ նոր պատրիարքնիս դէրվիշ մէկն է, բոլորովին անտեղեակ քաղաքավարութեան։

Ընդհակառակը, պատասխանում է Ալի փաշան, մինչեւ հիմա տեսած պատրիարքներիս մէջ նա ամենից քաղաքավարին է, եւ նրա խօսածներից նկատեցի, որ շատ փորձված եւ խելացի մարդ է։ Ձեր խօսքերից երեւում է, որ այդ եպիսկոպոսը ամեն մարդու հետ նրա համեմատ գիտէ վարվել. անքաղաքավարի մարդկանց հետ շատ էլ քաղաքավարական փափկութիւն չի բանեցնում, իսկ քաղաքավարի մարդկանց հետ տեսնված ժամանակը՝ գիտէ քաղաքավարական բոլոր փափկութեամբ վարվել։

Հայազգի էֆէնդին հասկացաւ, թէ ինչ է ուզում ասել մեծ-վիզիրը, եւ լռեց…

Պատրիարքարանից հեռացրվեցին այն «խորհրդականները», որոնք օգուտ քաղելով պատրիարքների թուլութիւնից, իրանց ձեռքն էին առնում ներքին բոլոր գործերի ղեկավարութիւնը, չէին թողնում, որ առանց իրանց գիտութեան մի որ եւ է գործ կատարուի, եւ շատ անգամ պատրիարքի փոխարէն թղթեր էին ստորագրում, քահանաներ ձեռնադրելու իրաւունք էին տալիս, այս եւ այն հոգեւորականի վրա ծախում էին որ եւ է արդիւնաւոր թեմ, մի խօսքով մարդիկ, որոնք ամեն բան կաշառքի եւ փող վաստակելու աղբիւր էին դարձրել։

Պատրիարքարանում կանոնաւոր դիւանատուն չը կար։ Խրիմեան կազմեց դիւանատուն՝ յատուկ պաշտօնեաներով եւ գրագիրներով։ Ընդունելութեան համար առանձին սենեակ նշանակեց։ Մինչեւ անգամ պատրիարքարանի ներսը կերպարանափոխեց։ Հին սովորութեան համեմատ, պատրիարքները նստում էին արեւելեան ձեւի բազմոցի վրա. իրանց կողքին ունենալով մի չէքմէքճէ (գզրոց), որտեղ պահում էին իրանց կնիքը եւ թղթերը, եւ որը մի եւ նոյն ժամանակ փոխարինում էր գրասեղանը։ Սենեակներում դրվեցան վայելուչ կահ կարասիք եւ սեղաններ։

Պատրիարքը նստած իր առանձնասենեակում, գրասեղանի առաջ՝ երկար ժամերով զբաղւում էր գործերով, կարգադրութիւններ էր անում, ծրագիրներ էր կազմում, ամենքի ցաւերի դէմ միջոցներ որոնում։

Պատրիարքարանի պարտքը՝ Խրիմեանի հոգատարութեան առարկան դարձաւ։ Նախորդ պատրիարքներից 50, 000 րուբլի պարտք էր մնացել։ Եկամուտներ չը կային, բայց ծախսերը ահագին էին։

Հացագործը գալիս՝ փող էր ուզում. որմնադիրը փող էր ուզում. մսավաճառը փող էր պահանջում. պարտատէրը իր պարտքն էր պահանջում. բայց փող չը կար։

Պատմում են, որ Հիւանդանոցին հաց մատակարարող մի հացավաճառ, Զաքար անունով, որը ահագին գումարի պահանջ ունէր, շատ անգամ, երբ Ազգային ժողովը բացւում էր, եւ երեսփոխանները խօսք էին խնդրում ճառախօսելու, ներս էր մտնում եւ գոռում.

Խօսքը իմս է. ե՞րբ պէտք է իմ փողս վճարուի. մինչեւ ե՞րբ պէտք է այսօր վաղը գցէք։

Պատրիարքարանը այդ անպատւութիւնից ազատելը՝ անյետաձգելի խնդիր էր։ Յոյս դնելով իր ազդեցութեան եւ ժողովրդի վրա՝ Խրիմեան հանգանակութիւն սկսեց։

Յակոբ էֆէնդի, այսօր ձեզ մօտ հիւր պիտի գամ։ Գաբրիէլ էֆէնդի՝ վաղն ալ ձեզ մօտ կըլլամ. ասում էր Հայրիկ, եւ անձամբ գնալով համոզում էր մի գումար ստորագրվել, որ այդ պարտքերը վճարվեն։ Ահագին նեղութիւններ կրելով, մեծամեծ դժուարութիւնների հանդիպելով՝ Խրիմեան վերջ ի վերջոյ կարողացաւ՝ թէ օրինակելի խնայողութեամբ եւ թէ հասարակական հանգանակութեամբ վերցնել պատրիարքարանի վրայից այդ պարտքի մեծ մասը։

Այդ շնորհակալութեան արժանի գործն էլ զէնք էր թշնամիների ձեռքում։

Ի՞նչ է այդ պատրիարքը, ասում էին նրանք, որ հասարակ վարդապետի նման հետեւակ, կերթայ կը մտնէ ամեն տեղ եւ կը մուրայ հրամայական ձեւով. միթէ ազգին պատիւ է այս. միթէ աւելի ծանր նախատեիք կարելի է ընել ազգին։

Իսկ պատրիարքը առանց ուշադրութիւն դարձնելու այդ կարծիքների վրա, գիշեր ցերեկ աշխատում էր՝ որ ոչ թէ միայն պատրիարքարանի տնտեսական մասը, այլ եւ առհասարակ Հայաստանի բոլոր առաջնորդարանների, վանքերի եւ դպրոցների տնտեսական մասը կանօնաւորուի, եւ եկամուտները մասնաւոր անձանց յափշտակութեան չենթարկվեն։

Գաւառների վիճակը՝ Խրիմեանի մտածմունքների առաջին առարկան էր։ Նա լաւ էր ճանաչում Հայաստանը, եւ գիտէր որ հարստահարված, խեղճ, տգէտ ժողովուրդը՝ ամենից շատ էր յոյս դրել Հայրիկի վրա։ Եւ Հայրիկը անքուն գիշերներ էր նուիրում իր սիրած ժողովրդին, որ մի ելք գտնի, մի ճանապարհ ցոյց տայ։

Հայաստանի զանազան կողմերից պատրիարքարան հասնող տխուր լուրերը, քրդերի հարստահարութեան, վաշխառուների անիրաւութեան, պաշտօնեաների կաշառակերութեան եւ ժողովրդի նեղութեան մասին, այրում, խորովում էին ժողովրդասէր պատրիարքին։ Եւ ահա պատրիարքը կազմել տուեց մի առանձին յանձնաժողով, որի պարտաւորութիւնն էր ուսումնասիրել Հայաստանի վիճակը եւ մի մանրամասն տեղեկագիր պատրաստել։ Յանձնաժողովի ոգին եւ ուղղութիւն տւողը ինքը Խրիմեանն էր։

Այդ առաջին անգամն էր, որ Պօլսի հայոց պատրիարքը՝ յարուցանում էր ժողովրդի հարստահարութեան խնդիրը։ Եւ յարուցանողը Խրիմեան եղաւ։

Յանձնաժողովը պատրաստեց տեղեկագիրը, որ ներկայացրվեց Ազգային ժողովի քննութեան։ Պատրիարքի ազդեցութեան տակ՝ ժողովը պաշտօնապէս քննեց տեղեկագիրը, որը պատրիարքի ձեռքով ներկայացրվեց Բ. Դրանը։

Այդ օրից բարեկարգութեան խնդիրը պաշտօնապէս ծնունդ առաւ։

Տեղեկագրի մէջ՝ մանրամասն նկարագրելով գաւառներում տիրապետող ճնշումները, հարստահարութիւնները եւ հայ ժողովրդի ծանր վիճակը՝ մի եւ նոյն ժամանակ պարզված էին այն միջոցները, որոնցով կարելի էր բարեկարգել ժողովրդի դրութիւնը։

Ժողովրդի պաշտպանութեան խնդիրը՝ Խրիմեան համարում էր հայոց հոգեւոր ներկայացուցիչների իրաւունքը, եւ այդ պատճառով ամեն տեղ եւ միշտ, բողոք էր բարձրացնում եւ պահանջներ անում։ Դեռ եւս 1869 թւին, Տարօնում եղած ժամանակ, մի մանրամասն տեղեկագիր ներկայացրեց Կարինի կուսակալ-փաշային, նկարագրելով Մուշի գաւառի անտանելի վիճակը։ Տեղեկագիրը կազմված էր այնպիսի փաստերով, որ նահանգապետ-փաշան, Բ. Դրան կամքով, անձամբ քննութեան գնաց Մուշ, եւ հետեւանքը այն եղաւ, որ մօտ 70 անձինք, որոնք կեղեքում, տանջում էին ժողովրդին, աքսորվեցին Րումիլիայի կողմեր։ Դրանց մեծ մասը քրդեր էին։

Պատրիարքի ջերմ պաշտպանութեան լուրը, ինչ խօսք, արագութեամբ տարածւում էր գաւառներում, որոնք տեսնելով թէ իրանք մոռացված չեն, սիրտ էին առնում, եւ մտածում ինքնապաշտպանութեան մասին։

Սահմանադրութեան վերաքննութեան խնդիր յարուցեց Խրիմեան։

Պատրիարքութեան առաջին օրից սկսած, նա ճիգ թափեց որ ապահովացնի Սահմանադրութեան գոյութիւնը, որ վերջին տարիները վտանգի մէջ էր։ Կանօնաւորեց Ազգային ժողովի նիստերը, իր նախագահութեամբ չորս տարվայ ընթացքում 63 նիստ գումարեց, եւ կազմակերպեց Գաւառական ժողովները։

Սակայն այդ բոլորի հետ միասին Հայրիկ եկաւ այն եզրակացութեան, որ Սահմանադրութիւնը ապահոված կը լինի միայն այն ժամանակ, երբ նա սերտ կապված կը լինի ժողովրդի հետ եւ լիութիւն կը տայ նրա պահանջներին։

Եւ այդ նպատակով էր ահա, որ նա առաջարկում էր վերաքննել Սահմանադրութիւնը, եւ այնպէս անել որ գաւառները ունենան իրանց տեղական ինքնավարութիւնը, քանի որ Կ. Պօլսում Ազգային ժողովը, որ գումարւում էր հազիւ ամիսը մի անգամ, եւ այն էլ 2-3 ժամով, անկարող է կարգադրել 3 միլիօն ժողովրդի գործերը, եւ այդ պատճառով փոխանակ օգուտ տալու գաւառներին, աւելի էլ արգելք է լինում նրանց գործերի կանօնաւոր ընթացքին։

Խրիմեան պաշտպանում էր ապակենտրօնացման սիստեմը, հակառակ այն կենտրօնացման, որով խմորված էր Սահմանադրութիւնը։

Այդ արդէն մի զէնք էր նրա թշնամիների համար։

Խրիմեան հակասահմանադրական է. սկսեցին պօռալ նրանք, նա սահմանադրութիւնը կը խախտէ։

Սակայն անվեհեր պատրիարքը այդ տեսակ թշնամութիւնների առաջ չը կանգնեց։ Նա պատրաստեց մի ծրագիր, 13 յօդուածներից բաղկացած, եւ առաջարկեց Քաղաքական ժողովին։

Առաջ ենք բերում այդ յօդուածներից մի քանիսը։

1) Ազգային վարչութիւնը իրապէս կենտրօնական եւ հանրային դրութեան վերածել եւ Կ. Պօլսի համար առանձին տեղական վարչութիւն մը կազմել։

2) Սահմանադրութեան ընտրողական օգտակար սկզբունքը չարաչար չը գործադրելու համար՝ ապահով եւ կարեւոր եղանակ որոշել։

3) Ազգային պաշտօնէութեան համարատւութիւնն եւ համարառութիւնը պարտաւորիչ եղանակի մը մէջ դնել։

4) Եկեղեցականաց ներկայ անկերպարան վիճակը եւ ընթացքը կերպաւորել եւ կանօնաւորել։

5) Առաջնորդական պաշտօնավարութեան եւ համարատւութեան օրինաւոր եւ անխուսափելի եղանակ սահմանել։

6) Ազգին մէջ ուսումն եւ գիտութիւն ծաւալելու համար նոր եւ ազդու միջոցներ ձեռք առնել։

7) Ներքին եւ արտաքին հարստահարութիւնները բառնալու համար տէրութենէն աւելի զօրաւոր միջոցներ խնդրել, գաղթականութիւնը արգելել, ազգային անհատական իրաւունքներն պաշտպանել, որով ազգի ամբողջութիւնն ապահովել։

Այդ յօդուածներից երեւում է թէ դրանց հեղինակը որքան լաւ էր ըմբռնում թիւրքահայոց Սահմանադրութեան ոգին, առաջարկելով վերաքննել եւ ներկայի պէտքերին յարմարեցնել Սահմանադրութիւնը։

Դա 1860 թւին, երբ հաստատվեց Ազգային սահմանադրութիւնը, ոչ ոք այնքան չուրախացաւ եւ չը հրճվեց, որքան Մկրտիչ Խրիմեան։ Վարագի վանքի մէջ նստած, Վասպիուրականի Արծիւը խօսք չէր գտնում արտայայտելու իր բերկրութիւնը։ Սահմանադրութեան հաստատութիւնը նա համարում էր մի դարագլուխ, փրկութիւն թիւրքահայերի համար։

Ահա թէ ինչ էր գրում նա 1860 թւին. « Սահմանադրութիւնը իբրեւ ամուր պարիսպ մը ազգը եւ հայրենիքը կը շրջապատէ ու ամեն կերպ կը պաշտպանէ դարանամուտ գողերէ։ Ինքնասէր շահախնդրութիւն, խորամանկ կաշառակերութիւն, բռնացող զրկողութւին, կարծեաց յամառութիւն, անձնընտիր ինքնահաւանութիւն, անարժան ընտրութիւն, կողմնապահ աչառութիւն, անխորհուրդ վճիռ եւ այսօրինակ՝ ընկերութիւն վնասող անիրաւ վարմունքը Սահմանադրութեան օրինաց գծէն անցնելու կը պատկառին»։

Խրիմեանի սահմանադրական ուղղութիւնը շատ լաւ գիտէին նրա թշնամիներն էլ, բայց եւ այնպէս կեղծում էին, որովհետեւ հարկաւոր էր նրան դիմադրել, տապալել…

Իսկ ո՞վքեր էին այդ թշնամիները՝ իրանց սեւ վեղարի նման սեւ սիրտ ունեցող եկեղեցականներ, հաշւետւութիւնից փախչող առաջնորդներ, եւ առհասարակ մի խումբ աշխարհական եւ հոգեւոր անձինք, որոնք այլ եւս չէին կարողանում կամայականութիւն բանեցնել, փողեր ուտել, զեղծումներ գործել… Դրանց ղեկավարը այն խումբն էր, որ կոչվեց Ղալաթիոյ օճախ [1], որը ամեն տեսակ աններելի միջոցներ գործ դրեց՝ Խրիմեանին տապալելու համար։ Զրպարտութիւններ, մատնութիւն, կաշառք. ամեն բան ներելի էր։ Ի զուր չէր ասել մի եպիսկոպոս թէ՝ «Խրիմեանի անկումը 22, 000 րուբլի նստեց մեզի»։

Ժողովրդի մէջ տարածում էին ամեն տեսակ լուրեր։

Խրիմեան քարոզում էր առաջադիմութիւն. հակառակորդները լուր էին տարածում թէ՝ «նա կառավարութեան դէմ է գրգռում»։

Խրիմեան իր ռոճիկը բաժանում էր աղքատներին եւ կարօտներին. ասում էին թէ՝ «նա պատրիարքարանի փողերն է վատնում»։

Դպրոցներ պահելու, հիւանդանոցը ապահովելու համար հանգանակութիւն էր անում. ասում էին թէ՝ «պատրիարքական պատիւը ոտնակոխ կընէ»։

Խրիմեան պաշտպանում էր գաւառացիներին. ասում էին թէ «պատրիարքը անխոհեմ է»։

Առաջարկում էր ապահովել հոգեւորականների վիճակը. ասում էին թէ՝ «Խրիմեան դէմ է հայոց եկեղեցու ոգուն»։

Պատրիարքը պաշտպանում էր ազգի իրաւունքները կառավարութեան առաջ. ասում էին թէ՝ «նա վտանգի կենթարկէ ազգը»։

Նա պահանջում էր, որ գաւառներին ինքնավարութիւն տրւի. ասում էին թէ՝ «հակասահմանադրական է Խրիմեան»։

Սակայն ո՛ր մէկը պատմենք։

Ստամբուլի մթնոլորտում սնված սեւ-սիրտ մարդիկ ընդունակ չէին հասկանալու այն մարդուն, որը մարմնացած անձնուիրութիւն էր եւ պահանջում էին, որ պատրիարքը՝ թաւշեայ փարաջան հագած, իբրեւ մի անմերձենալի կուռք նստի իր գահի վրա, եւ միայն թղթեր ստորագրի…

Սակայն Խրիմեան ընդունակ չէր այդ տեսակ պատրիարք լինելու…

Ուստի զանազան երկպառակութիւնների առաջն առնելու համար՝ նա վճռեց հրաժարվել պատրիարքական գահից։ Մի քանի անգամ հրաժարական ներկայացրեց, բայց Ազգային ժողովը մերժեց։

1873 թւի օգոստոսի 3-ին իր վերջին հրաժարականը տուեց Ազգային ժողովին, մի եւ նոյն ժամանակ էլ մի հրաժարագիր ուղարկեց Բ. Դրան։

Բ. Դուռը ընդունեց այդ հրաժարականը, իակ Ազգային ժողովը՝ ոչ։ Սակայն Խրիմեան՝ անդառնալի կերպով վճռած լինելով հրաժարվել, օգոստոսի 3-ին Ազգային ժողովի բազմամարդ նիստում՝ կարդաց իր հռչակաւոր «Խօսք հրաժարման» եւ հեռացաւ պատրիարքարանից։

Առաջ ենք բերում այդ նշանաւոր հրաժարականից մի քանի կտորներ.

«Կըսեն թէ պատրիարքը Սահմանադրութեան դէմ կը խօսի եւ նրա տրամադրած օրէնքները կատարելու փոյթ չունի։

«Այսօր եւ յաւիտեան կը բողոքեմ. զի Խրիմեան յառաջ քան զվաթսուներորդ թւականն՝ 1820 թ. ապրիլի չորս՝ անդստին ի մօրէ Սահմանադրութենէ առաջ սահմանադրական ծնած է եւ ցորեկ արեւուն լուսով յաշխարհ եկել է. խիստ դժուարին է զանի իբրեւ հակասահմանադրական ամբաստանել»։

Հայրիկ իր խօսքը վերջացրեց ասելով.

«… Կը մնայ ինձ օրհնել համայն ազգը, եւ հրաժեշտ մատուցանելով երեսփոխանութեանդ՝ Վանահայր Գողթնացւոյն պէս պաղատել.

«Արձակեցէք որ տեսանեմ զորչափութիւն աւերածոց երկրին իմոյ Հայրենեաց»։

«Թոյլ տուէք այս աթոռէն ելնեմ եւ հոն նստեմ. թերեւս այսու խաղաղութեան օրինակ մի ընծայեմ իմ յաջորդիս։ Թոյլ տուէք, եթէ իբրեւ պատրիարք՝ չի կարացայ՝ իբրեւ Խրիմեան վարդապետ գործել, թերեւս իբրեւ Խրիմեան՝ կարենամ իբրեւ պատրիարք գործել։

«երթաս բարեաւ, Արծիւ, ասացէք. գնա, գտիր Վարագ քո սիրած խուցն ու գրիչ եւ սակաւիկ մի թանապուր։ Հոն մենացիր, զի նաւ խռովեալ փութայ ի նաւահանգիստ»։

Այդ խօսքերով Խրիմեան հրաժարվեց գահից։

Եթէ այդ հրաժարականի մէջ մի սփոփիչ կէտ կայ, այն է, որ Հայրիկից յետյ պատրիարքական գահը բարձրացաւ՝ Ներսէս Վարժապետեան։

Արժանաւոր յաջորդ՝ արժանաւոր նախորդի։



[1]            «Ղալաթիոյ օճախի» պարագլուխները՝ Մատթէոս եպիսկոպոս Իզմիրլեան, Ստեփան Փափազեան եւ այլն։