Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ. ՄՈՒԽԱՆՔ ԿԱՄ ՄՈՒՂԱՆ ԳԱՒԱՌ(1)

Ընդարձակ է այս բոլոր գաւառներից. բայց այժմ ապարդիւն, անբնակ եւ անջուր է: Այժմ համարեա՛ թէ ամայի է լայնածաւալ դաշտս: Բայց կայ մի հնութիւն - Աւերակ բերդ [1]. (Էօրան ղալա) անուն, որից մինչեւ Ամարաս մօտաւորապէս 8, 5 մղոն է: Բերդս պարսպուած է թրծեալ մեծ-մեծ եւ հաստ-հաստ աղիւսով, որոնց շատ մասը քանդած եւ տարած են աղջաբադեցիք եւ ազախանլու մահմետականներն, որ Երասխից շատ հեռի չեն: Բերդումս կան հին շինութեանց շատ աւերակներ: Երեւում են բաւականին փորուածքներ, քանդուած տեղերիցս, ինչպէս վկայում են, գտած են ոսկեայ, արծաթեայ եւ պղնձեայ դրամներ եւ խեցեղէն անօթներ:

Բերդիցս քառորդ մղոնաչափ վար կայ հայկական հանգստարան, որի մէջ կան խաչազարդ տապանաքարեր: Պարսիկներն հանգստարանիս մօտ կառուցած են Փեյղամպեր անուն մի գմբէթ, որի մէջ կայ մի զոյգ գերեզման կից միմեանց, խաչանիշ տապանաքարերով: Մահմետականաց համար մեծ ուխտատեղի է այս: Հարուստ շիաներն գմբէթիս շրջապատում են թաղում իւրեանց մեռելները: Գմբէթիս մօտ շինուած են մի քանի բնակարաններ թէ' կարդացող մոլլա պահապանների եւ թէ՛ ուխտաւորների համար: Անտանելի են այստեղ ամրան օդն եւ կլիման, քանզի այստեղ կան թունաւոր օձեր, կարիճներ, մորմ, մոծակ, բոռ եւ ուրիշ մժղուկներ: Բայց կան եւ հօրաններով այծեամներ գաւառիս դաշտումն, ուր չկան այժմ ո՛չ անտառ եւ ո՛չ ջուր:

Գ Դ Ե եւ Զ [2] գաւառներն, որք են Արանռոտ, Տռի, Ռոցպատեան եւ Աղուէ, (2) նմանապէս մահմետականաբնակ են այժմ: Գաւառներիս բնակիչներն շարունակ երթեւեկում են ամարանոց եւ ձմերանոց: Գաւառներս հարուստ են ոչխարներով, տաւարներով, ձիերով եւ ուղտերով: Գաւառներս առ հասարակ ուտիաբնակ եղած են: Մահմետականք այնպէս անյայտացրած են եկեղեցեաց եւ հանգստարանների քարերը, որ նշաններն անգամ չեն գտնւում կամ հազիւ ուրեք:



[1]        Աւերակիցս տեղափոխուած են Դիզակ գաւառի Թաղասեռ եւ Որդնաշատ գիւղերի բնակիչներն: Աւերակս կոչւում է եւ Միլին քաղաք եւ դաշտս` Միլին գիւղ:

[2]        Արցախի բուն գաւառներին են վերաբերում Պիանք եւ Մուխանք գաւառներն. բայց որովհետեւ գտնւում են դաշտային մասում, վասն որոյ դասուեցան ՚ի շարս դաշտային գաւառաց-Ուտի նահանգի: Սակայն յայտնի են արդէն Ուտի նահանգի գաւառներն: