Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼԵՌՆԱՅԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ

 

ԺԱ. ՊԱԶԿԱՆՔ ԿԱՄ ԴԻԶԱԿ ԳԱՒԱՌ

Գաւառիս հարաւային սահմաններն են Երասխ գետն, արեւելեանն` Պիան, հիւսիսայինն` Վարանդայ եւ արեւմտեանն` Բերդաձոր գաւառների սահմաններն:

 

ՋԱԲՐԱՅԷԼ (9)

Այժմ գաւառագլուխ է նոր փոքրիկ քաղաքս, որ հիմնուած է մի սեռի վերայ, որի երկու կողմերն ձորակներ են: Դիրքն նայում է Երասխ գետին, որի հեռաւորութիւնն գուցէ փոքր-ինչ աւելի լինի մի մղոնից: Բնակիչք հայ, ռուս եւ թուրք-հաւաքածոյ են: Ինչ քաղաքական հաստատութիւն որ ունի Ղազախ քաղաքն-դատարաններ, փոշտ, հեռագիր, եւն. նոյնը ունի եւ Ջաբրայէլս. եւ ի վերայ այսր ամէնայնի ունի եւ մաքսատուն, ուր առնում են Պարսկաստանից բերուած ապրանքների մաքսը. կան նաեւ սահմանապահ ռուս զօրք եւ կոզակներ, շուկայ եւ բազմաթիւ ծառայողներ: Օդն եւ կլիման անախորժ եւ ծանր ամրան, ջուրն ականի է եւ ոչ աղբիւրի: Դեռ եկեղեցի չունին հայերն. քահանան գալիս է Նոր-Առաքել գիւղից: Հայք ունին 20 ծուխ:

 

ՋԱԲՐԱՅԷԼԻ ՋՈՒՐՆ

Որովհետեւ վազող ջուր չունի Ջաբրայէլս, վասնորոյ շատ հին ժամանակից նախ փորած են արեւմտեան ձորակի միջով մի ստորերկրեայ ական, ապա փորած են շատ ականներ, որոց ստորին ծայրերն սկսուած են մայր ականից եւ վերի ծայրերն տարածուած դէպի ձորակի աջ ու ձախ կողմերն: Ահա այս բոլոր ականների ջրերն հաւաքուելով մայր ականի մէջ` արտավիժում են մի լաւ ջրաղացի ջուր, որից թէ խմում են եւ թէ' ջրում են այգիները, որք խնամուած են առանձին հոգատարութեամբ:

 

ԱՒԵՐԱԿՆԵՐ

Ջաբրայէլից բաւական ներքեւ Երասխի ձախ եզերքներում կան հայկական աւերակ գիւղատեղիներ, հանգստարաններ եւ եկեղեցիների հետքեր: Հայոց եւ Աղուանից թագաւորութեանց կենդանութեան ժամանակ շէն եղած են եւ խիտառխիտ հայկական բազմամարդ գիւղերով լի գաւառիս բոլոր կողմերն. իսկ այժմ գիւղերից շատերն աւերակ են եւ շատերն մահմետականաբնակ:

 

ԽՈՒՏԱՓԻՐԻՆ ԿԱՄՈՒՐՋ

Ամբողջ հինգ մղոն է Ջաբրայէլից մինչեւ կամուրջս, որ շինուած է Երասխ գետի վերայ: Գետս, որ ընկած է Դիռի երկու սարերի մէջ, հետզհետէ դարերի ընթացքում կտրած է ապառաժ սալ քարերը եւ խորացրած ու սեղմած իւր յատակը: Երկու կամուրջ կայ այստեղ-Վերին եւ Ներքին: Խիստ հնաշէն եւ համակ սրբատաշ քարով շինուած է վերին կամուրջն, որ ունի ինն աչք, որոց ոտքերն հաստատուած են բնութենաստեղծ վէմ քարերի վերայ: Աչքերի կամարներից կանգուն են չորսն եւ քանդուած` հինգն: Իսկ վարի կամուրջն հիմնարկուած է նոյնպէս բնական վէմ քարերի վերայ, որ ունի տասնհինգ աչք, որոց ոտքերն շինուած են քարով եւ թաղերն` թրծեալ աղիւսով եւ կրաշաղախ ցեխով: Վերջին կամրջիս ձախ կողմի դրան կանգնած են Ռուսաց սահմանապահ զինուորականներ, իսկ աջ կողմում` Պարսից սահմանապահներն, քանզի գետս է երկու տէրութեանցս այժմեան սահմանագլուխն:

 

ՄԱԶԱՆ-ՆԱՆԷ

Խուդափիրին կամրջի հիւսիսային հանդէպ է Դիռի սարն, որի վերայ կայ աւերակ գիւղատեղի, հանգստարան եւ եկեղեցի, որ այժմ ուխտատեղի արած են մահմետականք եւ կոչում են Մազան-նանէ: Շրջապարիսպ ունեցած է եկեղեցիս, բայց այժմ աւերուած է: Ասում են, թէ Հին-Թաղլարի ժողովուրդն տեղափոխուած է աւերակ գիւղիցս:

 

ՉԱԼԱՊԼԱՐ-ՀԱՃԻ-ԿԱՐԱՄ

Աւերակ գիւղատեղիս գտնւում է Հակարի գետի արեւելեան կողմում: Այստեղ եւս կայ հայկական հանգստարան եւ եկեղեցի, որը նոյնպէս ուխտատեղի փոխած են մահմետականք, որք անուանում են Չալապլար-Հաճի Կարամ:

Ա. ՆՈՐ-ԱՌԱՔԵԼ, գիւղս գտնւում է Ջաբրայէլի արեւմտեան կողմում, ականաձորակից վերեւ, հիմնուած է մի ձորակի եւ երկու սեռի վերայ, բնակիչք գաղթած են Ղարադաղից եւ Ղափանի Սեւաքար գիւղից 1840 թուին, հողն լեռնային, անջրդի, սակաւ եւ մեծ մասամբ բէկական, տեղական գլխաւոր բերքերն ցորեն, գարի, խաղող, գինի եւ բոժոժ, օդն եւ կլիման սննդարար, ջուրն` ականափոր, երկար կեանք 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ծածկն փայտաշէն, քահանայ մի: Ծուխ 90, ար. 340, իգ. 312:

ՀԻՆ-ԱՌԱՔԵԼ ԱՒԵՐԱԿ ԳԻՒՂ. Նորի արեւմտեան կողմում` գիւղից վերեւ, ուր մնում է եկեղեցու աւերակն, որը` բարեպաշտ ոմն Մասան անուն` նորոգելով շինել տուած է մատուռ: Հին գիւղատեղի, հանգստարան եւ աւերակ եկեղեցի կայ նաեւ սորա հարաւարեւմտեան հանդէպ` Անապատ անուն:

Բ. ՋԻԼԱՆ ԳԻՒՂ. շինուած է Առաքել գիւղի հարաւ արեւմտեան հանդէպ սարի վերայ, բնակիչք գաղթած են նոյնպէս Ղարադաղից եւ Ղափանից (Բաղք, Բաղաց գիւղերից) 1840 թուին, հողն կիսով չափ արքունի եւ կիսով չափ բէկական, ամէնայն ինչ նոյն, ունին եւ ոչխար, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Նոր-Առաքելից: Ծուխ 28, ար. 105, իգ. 95:

Գ. ԲԻՆԵԱԹԼՈՒ ՇԷՆ. Հիմնարկուած է Ջիլանի սարի շարունակութեան վերայ, բնակիչք գաղթած Ղարադաղից նոյն թուականին, հողն արքունի եւ ապարդիւն կամ խիստ նուազ արդիւնաւէտ. օդն, կլիման եւ ջուրն սննդարար. երկար կեանք 90 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, նորաշէն, ծածկն փայտաշէն, քահանան գալիս է, Նոր-Առաքելից. Ծուխ 26, ար. 80, իգ. 75:

Դ. ԾԱՄ-ՁՈՐ. Հիմնուած է Բինեաթլու շէնից վերեւ մի ձորի երկու լանջերին վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, սակաւ, աւազուտ եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100 տ., եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, շինուած ՌՃԽԵ. թուին, երկարութիւնն 18 մետր, լայնութիւնն 12 մետր 33 սանթիմ, քահանայ երեք. ծուխ 100 ար. 350. իգ. 270:

ՀԱՆԴԻՆ ՁԵՌՔ. Քարուկիր եւ փոքր մատուռ է շինուած Ծամ-ձորի արեւմտեան հիւսիսային կողմում: Աւանդաբար ասում են. «Սուրբ Շաղախն նահատակուելու ժամանակ փախչում է, բայց փախչելիս` անօրէններն կտրում են մի ձեռն, որ մնում է այս տեղ. յետոյ կտրուած ձեռնին վերայ շինում են մատուռ: Բայյց որովհետեւ արնաշաղախ է լինում նահատակուելիս, այս պատճառաւ կոչւում է Շաղախ-շաղախուած արիւնով»:

Ե. ՇԱՂԱԽ-ԳԻՒՂ-Սարի շէն-հիմնուած է Քարագլուխ գիւղի սարի վերայ. բնակիչք գաղթած Ղարադաղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն (ոչխար, հաճար, գարնանի, կտաւհատ, կորեկ) գերազանց օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 115 տարի, եկեղեցին Սուրբ Աստւածածին, քահանան գալիս է Ծամ-ձորից: Ծուխ 70, արակ. 275, իգ. 230:

Զ. ՔԱՐԱԳԼՈՒԽ, շէնս հիմնուած է Ծամ-ձորի հիւսիսային կողմում մի քերծի գլխին, բնակիչք մեծ մասամբ բնիկ. փոքր մասն գաղթած Ղարադաղից. հողն արքունի եւ սակաւ արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն գերազանց. երկար կեանք 115 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Ծամ-ձորից. Ծուխ 25, ար. 108, իգ. 95:

Է. ԲԱՆԱԶՈՒՐ. գիւղս հիմնուած է մի ապառաժուտ ձորի աջ լանջի վերայ Ցոր գիւղի հարաւային կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ոչ այնքան բարեբեր, բայց նշանաւոր գինին. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն վատառողջ, երկար կեանք 70-80 տարի, եկեղեցին Սուրբ Աստուածածին, կառուցեալ չորս սիւների վերայ, որի երկարութիւնն է 18 մետր 40 սանթիմ, լայնութիւնն 11 մետր. քահանայ մի: Ծուխ 150, ար. 575, իգ. 430:

 

ՍՊԻՏԱԿ ՏՂԱՅ (ԱՂ-ՕՂԼԱՆ) ՈՒԽՏԱՏԵՂԻ

Շինուած է գիւղիս արեւելահարաւ կողմում սպիտակ շերտաքարով: Մատուռս ունի միջակ մեծութիւն, հիանալի տեսարան եւ պատուական օդ:

Ը. ՑՈՐ. [1] Հիմնուած է մի խոր ձորում, որ գտնւում է Վէլիջանի բերդի հարաւային ստորոտում. բնակիչք բնիկ, հողն արքունի, սակաւ եւ խիստ նուազ արդիւնաբեր, զի աւազուտ եւ խեճուտ է հողն, բայց պատուական է խաղողն, պատուական օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 90-95 տ. եկեղեցին` Ամէնափրկիչ, կառուցեալ չորս սիւների վերայ, բարձրաշէն եւ գեղեցիկ, բեմի ժողովրդահայեաց ճակատն նրբաքանդակ նախշած. երկարութիւնն է 22 մ., լայնութիւնն 12 մ. 35 սանթ. դրան ճակատակալ քարի վերայ արտաքուստ. «Յիշատակ է Ն թւ. ». քահանայ մի. Ծուխ 75. ար. 290, իգ. 270:

 

ԱՆԱՊԱՏ ԿԱՄ ՍՈՒՐԲ ԼՈՒՍԱՒՈՐԻՉ

Գիւղիս հարաւային կողմի ձորի ձախ եզերքի բարձրութեան վերայ կայ մի փոքր հարթակ, որի վերայ շինուած է վաղուց հին եւ անտաշ քարով եկեղեցի: Փոքր տաճարիս շուրջն հանգստարան է, բայց երեւում են խուցեր. թուի թէ փոքրիկ միաբանութիւն եղած է այստեղ:

Ստորերկրեայ Դամբարան. Անապատիս մօտ կայ մի ստորերկրեայ, քարուկիր դամբարան, որի մէջ կայ մի գերեզման, որ ունի շիրմաքար եւ մեծ ուխտատեղ է:

Թ. ՂՈՒՇՉԻԼԱՐ. Հիմնուած է գիւղս Վէլիջան-իշխանի բերդասարից դէպի արեւելք խոնարհուած լանջի վերայ. բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն բէկական եւ միջակ արդիւնաբեր. պատուական օդն, կլիման, ջուրն եւ տեսարանն. երկար կեանք 110 տ. եկեղեցին` Բերդավանք, քարուկիր. քահանան գալիս է Նորաշէնից: Ծուխ 12. ար. 36, իգ. 27:

Ժ. ՆՈՐԱՇԷՆ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ, բնակչաց մի մասն բնիկ եւ միւս մասն գաղթած Ղարադաղից, հողն բէկական, խիստ սակաւ, եւ նուազ արդինաբեր, պատուական օդն, կլիման, ջուրն եւ տեսարանն, երկար կեանք 113 տ. եկեղեցին նորաշէն եւ տակաւին առանց օծելու: Քահանայ մի. ծուխ 20, ար. 120, իգ. 105:

ԺԱ. ՏԱԳ ԳԻՒՂ. Հիմնուած միեւնոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ եւ միւս կէսն` գաղթած Ղարադաղից, հողն բէկական, սակաւ եւ նուազ արդիւնաբեր, պատուական օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք` 100 տ. եկեղեցին նորակառոյց, քարուկիր, Սուրբ Մեսրոպ, քահանան գալիս է Վանք գիւղից. ծուխ 35, ար. 175, իգ. 135:

ԺԲ. ՎԱՆՔ ԳԻՒՂ Հիմնուած է նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ` Հատրութ գիւղի հարաւային հանդէպ. բնակիչք բնիկ, հողն բէկական, սակաւ եւ կարի նուազ արդիւնաբեր, ամէնայն ինչ նոյն, եկեղեցին Սպիտակ-Խաչ-Վանք, քահանայ` մի: Ծուխ 35, ար. 155, իգ. 114:

 

ՍՊԻՏԱԿ-ԽԱՉ-ՎԱՆՔ

Հիմնուած է Վանք գիւղից ներքեւ մի տեսարանաւոր հարթակի վերայ, շինուած է անտաշ քարով եւ կրացեխով: Վանքս ունի փոքր կաթուղիկէ եւ գաւիթ: Տաճար եւ գաւիթ ի միասին չափելով երկարութիւնն է 15 մ. 75 սանթ. լայնութիւնն` 7 մ. 10 սանթ.: Վանքս, որ եկեղեցի համարուած է Վանք գիւղացւոցն, բայց միեւնոյն ժամանակ մեծ ուխտատեղի է գաւառիս հայ բնակչաց: Տաճարիս ներսում հիւսիսային խաչարձանի վերայ, որ հաստատուած է կամարի տակ:

«Ես Սիրաւք կանգնեցի զխաչս հաւր իմոյ Խութլափի թվ. ՉՁԲ (1333)»: Դրան հարաւային կամարի վերայ. «Շինեցաւ ՌՃՁԴ. այն տարին էր Թահմազ խան»:

Զանգակատան յիշատակարանն. «Յիշատակ է զանկատունս Սուրապի որդոյ Ավանէս եպիսկոպոսին» [2]: Արեւմտեան լուսամտի տակ, արտաքուստ.

  «Տէր Աստուած Յիսուս Քրիստոս… Վրդանէս Թ. ՌՃԽԳ»:

 

ԲԵՄ

Տաճարիս արեւմտեան կողմում, դրան մօտ հանգստարանում կայ մի բեմ, որ շինուած է սրբատաշ քարով: Բեմիս արեւմտահայեաց երեսին մէջ զետեղուած է մի գեղեցկաքանդակ խաչարձան, որի գլխին փորագրուած է. «Ես Աջամի որդի Իշխանայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգոյ որդոյ իմոյ Ասուդարայ, որք կարդէք, յիշեցէք ի սուրբ աղաւթս ձեր, աղաչեմ. ի թվիս ՉՂԷ. »: Բեմիս առաջ` մի մէջքն կլոր քարի վերայ. «Այս է հանգիստ բարեայպաշտին Ասուդարայ, որ կէսաւրեայ ժամանակաւ ի Քրիստոս փոխեցաւ, ով կարդայ…»:

Սորա մօտ. «Այս է հանգիստ բարեպաշտ Վալիճանայ, որ կէսաւրէ ժամանակաւ ի Քրիստոս փոխեցաւ, ով …»: Վալիճան-բէկիս հայրն գրել տուած է տապանի միւս երեսին. «Ես Ախիջան որդի Ջալալայ կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգոյ որդոյ իմոյ Վէլիճանին, որք երկրպագէք, յաղաւթս յիշեցէք թվին ՋԻԷ»:

Տապանիս մօտ. «Այս է հանգիստ Խոնտբեկուն դուստր Ախիճանին, կողակից Կոստանտելին եւ քոր Վէլիճանին. յիշեցէք ի Քրիստոս յԱստուծոյ թվ. ՋԿԱ»:

Ուխտաւորաց համար վանուցս հիւսիսային կողմին մօտ կայ մի մեծ սենեակ, որի դրան ճակատակալ քարին վերայ փորագրուած է. «Ես Մակրտիչս… յիշատակ է թանապէս (մեծ սենեակ) Սուրապի որդի Ավանէս եպիսկոպոսի. շինեցաւ ՌՃՁԴ. թվին. այն տարին էր Թահմազ խան, Օսմանլուն երկրէս դուրս արաւ»:

Վիմափոր խուցեր. Մեծ սենեկիս հիւսիսային կողմին մօտ կայ երկու վիմափոր խուցեր, որոց մուտքն մի է: Կարծես խուցերիցս մին եղած է ճգնարան եւ միւսն` ննջարան:

Վանքումս եղած է մի սպիտակ խաչ, որ ունեցած է չափազանց ուխտաւոր, սակայն գողացած են սոյն թանկագին հնութիւնը. որի հետ եւ մի քանի կոնդակներ, որք գրուած են եղել Աղուանից Եսայի, Ներսէս եւ Յովհաննէս կաթուղիկոսներից:

ԺԳ. ՀԱՏՐՈՒԹ ԱՒԱՆ. Հիմնուած է մի խոր ձորում, որի հարաւային, արեւմտեան եւ հիւսիսային կողմերը պատած են բարձր սարեր, միայն բաց է արեւելեան կողմն: Բնակչաց մի մասն բնիկ, մի մասն գաղթած Ղազանչուց (Գողթան գաւառից), մի մասն տեղափոխուած Միլին քաղաքից, եւ փոքր մասն` Բարկիւշատից, Ղարադաղից, Ցորից եւ Թիփլիզից. հողն բէկական, չափազանց սակաւ [3], ամէնափոքր մասն ջրարբի եւ այգեւէտ, տեղական բերքերն նոյն, միայն չկայ ոչխար, գովելի օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք 110 տարի. եկեղեցին Սուրբ Յարութիւն. քարուկիր, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 18 մետր 35 սանթիմ, լայնութիւնն 9 մետր 4 սանթիմ: Հիւսիսային երկրորդ կամարի խոյակից ներքեւ. «թվ. ՌՃՀ. » որ է շինութեան թուականն. քահանայ երկու: Ծուխ 260, ար. 1060, իգ. 850:

  Աւանումս կան շուկայ, վաճառանոց եւ արուեստաւորներն` դերձակ, հիւսն, սափրիչ, կօշկակար, որմահիւս, դարբին, ոսկերիչ, մսագործ եւն, եւն.:

Կայ նաեւ միդասեան ծխական երկսեռ ուսումնարան, ուր ուսանում են 130 աշակերտ եւ աշակերտուհի: Ուսումնարանիս մուտքն գոյանում է

Թոշակադրամներիից                                   400   րուբ.

Ննջեցելոց նուէրներից                                 200     ,,

Կշռից (Ղափանից)                              200     ,,

Մարդասիր. Ընկեր. նուէր.               120   րուբ.

Մասնաւոր նուէրներից                   150     ,, 

Բարեկր. Մեսրոպ քահանայ

Տէր-Ոսկանեանի նուիրած              1000

րուբլւոյ տոկոս                                              40     ,,

Ժամհարեան եղբայրներից նուէր             25     ,,

Ընդամէնն                                             1135   ր.

  Ելք. տարեկան ռոճիկ վարժապետի        450   րուբ.

,, ,, վարժուհւոյ                                                440     ,,

բնակարանի վարձ                             180     ,,

Ընդամէնն                                             1080   ր.

Աւանումս կայ նաեւ մետաքս քաշելու գործարան, հեռագրատուն, արքունի զօրանոց, որի մէջ սովորաբար նստում է 1500 զինուորական-հեծելազօր կօզակ:

ԺԴ. ՈՐԴՆԱՇԱՏ. Գիւղս հիմնուած է Հատրութի արեւմտեան կողմում եղած սարի ստորոտում, բնակիչք տեղափոխուած Միլին քաղաքից, հողն բէկական եւ նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն. գովելի օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 110 տարի, եկեղեցին Սուրբ Հռիփսիմէ, քարուկիր, քահանայ մի: Ծուխ 50, ար. 195, իգ. 190:

ԺԵ. ԹՂԱՍԵՌ. Գիւղս խիստ մօտ է Որդնաշատին. բնակիչք տեղափոխուած են Միլ քաղաքից, հողն արքունի, ամէնայն ինչ նոյն ըստ Որդնաշատի, եկեղեցին Ամէնափրկիչ [4], փայտաշէն, քահանայ մի: Ձեռագիր աւետարան եկեղեցումս, պահուած անխնամ, չունի յիշատակարան, քանզի գողացած են եւ անյայտացրած: Ծուխ 110, ար. 770, իգ. 390:  

  Անապատ. Գիւղիս արեւմտեան կողմում կայ մի փոքր եկեղեցի` կառուցեալ մի բլրակի վերայ սոյն անուամբ, որ կանգուն է:

ԺԶ. ԿԱՐՄՐԱԳՈՒՃ. Գիւղս հիմնուած է Հատրութի հիւսիսային կողմի սարի ստորոտում մի խոր ձորի մէջ. բնակիչք կիսով չափ բնիկ եւ կիսով չափ տեղափոխուած Ղափանից. հողն արքունի, սակաւ եւ նուազ արդիւնաւէտ, օդն, կլիման եւ ջուրն անվնաս, երկար կեանք 80 տ. եկեղեցին Ամէնափրկիչ, քարուկիր, երկարութիւնն 12 մետր 80 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 38 սանթիմ, քահանայ մի: Ծուխ 50, ար. 240, իգ. 228:

ԺԷ. ՔՈՉԲԷԿ. Շէնս հիմնուած է նոյն սարի արեւելեան կողմում, հարաւահայեաց լանջի վերայ, բնակիչք բնիկ, հողն բէկական, մասամբ ջրարբի եւ հացատու, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն սննդարար, երկար կեանք 80-90 տարի, եկեղեցին Սուրբ Յարութիւն, քարուկիր. քահանան գալիս է Հատրութից: Ծուխ 25, ար. 75, իգ. 60:

ԺԸ. ՄԵԼԻՔՋԱՆԼՈՒ. Հիմնուած է նոյն սարի հարաւահայեաց մի բլրի վերայ, բնակիչք գաղթած Ղարադաղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն (չիք այգի, թթենի, բոժոժ եւ ոչխար), պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 85-90 տ. եկեղեցին նորաշէն, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից: Ծուխ 32, ար. 155, իգ. 132:

ԺԹ. ՊԼԵԹԱՆՑ (Պլըթան). Հիմնուած է նոյն սարին մի ձորի արեւմտահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, ունի նաեւ այգի, բոժոժ եւ պարտէզ. անվնաս օդն, կլիման եւ ջուրն. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից: Ծուխ 20, ար. 90, իգ. 70:

Ի. ԽԱՐՄԱՆՋՈՒՂ. Հիմնուած է նոյն սարի արեւելահայեաց լանջի վերայ. բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն արքունի, ամէնայն ինչ նոյն ( միայն չունի այգի, թթենի եւ բոժոժ). եկեղեցին Ծաղկավանք, քարուկիր, նորաշէն, քահանայ մի: Ծուխ 40, ար. 160, իգ. 150:

ԻԱ. ԱՂ-ԲՈՒԼԱՂ. Հիմնուած է միեւնոյն սարի արեւելեան կողմում, բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն արքունի, անջրդի, սակաւ, բայց հացատու, ամէնայն ինչ նոյն, եկեղեցին Սուրբ Աստուածածին, ձեղունն փայտաշէն, քահանան գալիս է Խարմանջուղից: Ծուխ 32, ար. 122 իգ. 110:

ԻԲ. ԸԽԵՑԻՔ. Հիմնուած է միեւնոյն սարի արեւելեան ստորոտում. բնակիչք բնիկ, հողն բէկական, անջրդի, սակայն հացատու, ամէնայն ինչ միեւնոյն են` օդն, կլիման, ջուրն, երկար          կեանքն, եկեղեցին եւ քահանան: Ծուխ 20, ար. 65, իգ. 50:

ԻԳ. ԻՏԵԼԵՑԻՔ. Հիմնուած է նոյն սարի արեւելեան ստորոտում. բնակիչք բնիկ, հողն արքունի, մասամբ ջրարբի, տեղական բերքերն նոյն (ունին այգի, թթենի, մետաքսաթել), սննդարար օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 80. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, փոքր, քահանան գալիս է Հատրութից: Ծուխ 60, ար. 265, իգ. 235:

 

ԿԱՒԱՔ

  Ուխտատեղիս գտնւում է այն սարի վերայ, որ ընկած է Ղուրու-չայի աջ կողմում գրեթէ, արեւելքից արեւմուտք` առանձնացած ամէն կողմերից: Այս մի հին միջակ վանք է` շինուած չորս սիւների վերայ կոփածոյ քարով եւ կրացեխով. բայց արեւելքից արեւմուտք ճաքած է վանքիս գագաթն: Հնուց ունեցած է եւ ամուր շրջապարիսպ, միաբանից խուցեր եւ ուխտաւորաց սենեակներ. սակայն աւերակ են այժմ: Սուրբ Յակովբայ մարմինն ամփոփուած է հարաւային փոքր խորանի մէջ: Մեծ ուխտատեղի է, սպիտակ տապանաքարն սեւացած է շատ մոմեր փակցնելուց: «Յակովկայ եւ Իրաւափառայ» է վանքս ըստ պատմչին Աղուանից:

ԻԴ. ՀԻՒՔԻՒՐԱԹԱՂ. Հիմնուած է միեւնոյն սարի հիւսիսային կողմում, բնակչաց մեծ մասն գաղթած Ղարադաղից, հողն բէկական, անջրդի, բայց այգեւէտ. տեղական բերքերն նոյն. օդն եւ կլիման փոքր-ինչ ծանր ամրան, երկար կեանք 75 տ. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից: Ծուխ 26, ար. 112, իգ. 114:

ԻԵ. ՈՂԵՐ. Հիմնուած միեւնոյն սարի հիւսիսային կողմում, բնակիչք բնիկ, հողն բէկական, ջրարբի եւ բազմարդիւն, տեղական բերքերն նոյն ( միայն չունի այգի եւ բոժոժ), եկեղեցին կիսատ, քահանան նոյն: Ծուխ 15, ար. 75, իգ. 55:

ԻԶ. ՋՐԱԿՈՅՍ. Հիմնուած միեւնոյն սարի հիւսիսահայեաց կողմում մի ձորի ձախ լանջի վերայ, բնակիչներից եօթն ծուխ բնիկ եւ մնացեալներն գաղթած Ղարադաղից. հողն բէկական, անջրդի եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն եւ կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 90 տ. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, կառուցեալ չորս սիւների վերայ. երկարութիւնն 17 մ. 55 սանթ., լայնութիւնն 11 մետր 24 սանթիմ. «Յիշատակ է Սուրբ Իստեփանոյս (Ստեփաննոս) եկեղեցիս Ճարակոյսա ռամիկ ժողովրդեան թվ. ՌՃԽԷ. »: Քահանան գալիս է Ծակուռուց: Ծուխ 37, ար. 156, իգ. 153:

ԻԷ. ՄԱՄԱՏԱՁՈՐ. Հիմնուած նոյն սարի հիւսիսային կողմում երկու ձորերի մէջ կախուած մի սեռի վերայ. բնակչաց կէս մասն բնիկ. իսկ մնացեալ կէսն գաղթած Ղարադաղից եւ եկած Դողից. հողն արքունի եւ անջրդի, տեղական բերքերն նոյն. օդն, կլիման եւ ջուրն գովելի. երկար     կեանք 110 տ. եկեղեցին Սուրբ Մինաս, հնաշէն, կառուցեալ երկու կամարների վերայ. երկարութիւնն 14 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 7 մետր 95 սանթիմ. քահանան գալիս է Ծակուռուց: Եկեղեցուս հիւսիսային կամարի վերայ. «Ես Ազարիա աբեղայ Դաւիթ Էրեց, որ շինող եկեղեցոյ շինեցի տէր: Նոյն կամարի միւս կողմում. «Խաչս Բաղդասարին է, իւր կողակցին (եղծուած)»: Դրան գլխին. «թվ. ՌԾ. »: Ծուխ 33, ար. 110, իգ. 117:

ԻԸ. ԾԱԿՈՒՌԻ [5] գիւղ. Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմում, Վանէսայ սարի ստորոտում, մի ձորի երկու լանջերի վերայ. բնակչաց մի մասն բնիկ եւ միւս մասն գաղթած Ղարադաղից. հողն բէկական, սակաւ եւ անջրդի, վասնորոյ սակաւ այգիներն. տեղական բերքերն նոյն. նշանաւոր են տանձն եւ խնձորն. պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100 տ. եկեղեցին Ծաղկավանք, հոյակապ, կառուցեալ երկու սիւների վերայ, քահանայ մի: Դասից վերեւ ունեցած է կաթուղիկէ. բայց խոնարհած է: Երեւի թէ վանք եղած է այս, յետոյ փոխած են եկեղեցու, որի երկարութիւնն է 15 մետր 25 սանթիմ, լայնութիւնն` 12 մետր: Մի Խաչարձան քարի վերայ, որ կարծեմ հանգստարանից բերած են, փորագրուած է. «Թիւ ՈԽԷ»: Արձանագրութիւն դրան գլխին ճակատակալ քարի վերայ, «Ես Յակովբ վարդապետ` աշակերտ մեծին Եսաեա վարդապետին Կրճեւանցոյ` ի գիւղաքաղաք գեղջէն Թաղլարցի. յազգէն Թանկոց առաջնորդ կարգեալ ի հայրապետէն Աղուանից տեառն Երեմիայ մի քանի գիւղօրէից Ղուզաց [6], ոչ թողին բնակիլ ի հայրենի աթոռն մեր: Այլ որն ելա եւ շրջեցա, եւ ոչ գտի առաւել քան զայս եւ հաճեցայ բնակիլ աստ եւ հրդել (հարթեալ) զՅնդուսար ի տեղի բնակութեան եւ սկիզբն արարեալ շինեցի եկեղեցիս ի կաթուղիկէն յիշատակ հոգոյ իմոյ եւ ծնողաց իմոց հօրն իմոյ Դալվաթի սորան եւ մօրն Մարիամին եւ դահեակ սնուցիչ երկու քոռն իմոյ Սառին, Յաշաքին` ողորմութեան աղաչեմ կենաց. շինեցաւ սուրբ եկեղեցիս ձեռամբ Յակովբ վարդապետին ի թվին ՌՃԼԱ»: Ծուխ 40, ար. 140, իգ. 128:

  ԻԹ. ՀԿԱԿՈՒ ՇԷՆ (Հակակ). Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմի մի ձորում, բնակիչք բնիկ, հողն արքունի. տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն սննդարար. երկար կեանք 80-85. եկեղեցին սուրբ Աստուածածին, քարուկիր, փոքր, քահանայ մի: Ծուխ 25, ար. 79, իգ. 72:

Լ. ԹԱՂՈՏ գիւղ. Հիմնուած է Դող աւանի հարաւային կողմում, Մոխրենիսի ձորից հոսող առուի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք տեղափոխուած են Մեծ-Սիւնեաց Դարաբաս գիւղից, հողն արքունի, տեղական բերքերն նոյն, բարեխառն օդն եւ կլիման, պատուական ջուրն, երկար կեանք 85, եկեղեցին սուրբ Յովհաննէս, քարուկիր. քահանայ երեք: Ծուխ 70, ար. 256, իգ. 219:

ԼԱ. ԴՈՂ ԱՒԱՆ. Հիմնուած է համանուն բերդասարի արեւելահայեաց լանջին վերայ` ստորոտին մօտ. տեսարանն գեղեցիկ, բնակիչք բնիկ, բայց մասամբ եկած Ղազանչուց, հողն մէլիքական, պտղատու եւ արդիւնաւոր, տեղական բերքերն նոյն, պատուական օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք 100, եկեղեցին Սուրբ Յովհաննէս, հոյակապ, կառուցեալ չորս սիւների վերայ, երկարութիւնն 21 մետր 70 սանթիմ, լայնութիւնն 12 մետր 92 սանթիմ: Եկեղեցիս ունի եւ կաթուղիկէ եւ երկու քահանայ: Դրան ճակատակալ քարին վերայ փորագրուած է. «Թվին ՌՃՁԵ այս սուրբ Ոհանէս եկեղեցուս գլուխն նորոգեց Ղուկազ վարդապետի որդի Մէլիք-Եկանն. յիշատակ է հոգոյն իւրոյ, ով որ կարդայ մէկ բերան Աստուած ողորմի ասէ»: Եկեղեցիս ունի   քարեայ խաչկալ, որի հիւսիսային դրան վերայ փորագրուած է. «Որ ողորմի Քրիստոս աստուած. յիշատակ է խաչկալս պարոն Մէլիք Եկանիս եւ ծնողաց իմոց Մօսէս, Ղուկաս վարդապետին, մօրն իւր Շհօին եւ ծնողին իմ Մարիամին եւ եղբարն իմ Արամին եւ քոյրն իմ Խանում, կողակիցն Խանում աղին, որդի Արամին, Ըսայուն (Եսայուն) Պաղտամին, Օսէփին, Պաղրին, Առաքելին, Սափարին, Պաղումին, Վերտին, կողակիցն Գոզալին, դուստր Թավարին, Խանպաճին, Խաթուն Խաթայուն, եւ այլն եղելոց ողորմի ասէք, ամէն. թիւն ՌՃԷ. »: Ծուխ 280, ար. 765, իգ. 695:

 

ԵԿԵՂԵՑՈՒՄՍ ԿԱՆ ՀԵՏԵՒԵԱԼ ՄԱՍՈՒՆՔՆԵՐՆ

  1) Կենաց փայտ արծաթեայ խաչի մէջ:

2) Մի արծաթեայ խաչում, որի վերայ քանդակուած է. «Այս է մասունք եւ նշխարք սրբոյ Առաքելոյն Խումայի եւ Յակովբայ զմահատ (՞) նահատակին. ես Շռութեցի Մարգարիտ ապաշխարողս ետու զայս նշխարքս քեզ ծերունի Սարգիս վարդապետիդ յիշատակ հոգոյ իմոյ ի վայելումն յաւիտենական քո, թվ. Ճ. »:

3) այլ արծաթեայ խաչում. «Յիշատակ է Մէլիք Եսայի (՞) որդի Սափարի բէկին, որ ետ Դողա կուսանաց Անապատին. սա է Յակովբ հայրապետին եւ Թէոդորոսի մասունք…:

4) Մասն սրբոյն Յակովբայ` նոյն տեսակ խաչում. «Ես Գրիգոր շինել տվի սուրբ խաչս յիշատակ ինձ առաջ անմահական է ՚ի Քրիստոս աստուած հաւատաց է Սուրբ Ակովիկ, որ է Դիզակ 1): Հաթերքեցի ոսկերիչ Մուրատս շինեցի. թվ. ՌՂ. էր»:

5) Մասն Բարսղի Կեսարացւոյն, մի արծաթեայ ոսկեզօծ աջում. «Այս է աջն սրբոյն Բարսեղի հայրապետին Կեսարու, որ ես Սարգիս վարդապետս վերստին նորոգել տըվի յիշատակ ինձ եւ ծնողաց իմոց Օհանին եւ Եղիսապետին ի դուռն Սուրբ Աստուածածին թվ. ՌՃԵ-ին. այժմոյս (Փրկչական) ՌՃԾԶ ի գիւղն Կողպ»:

 

ԴՈՂ ԱՒԱՆԻՍ ՄԷԼԻՔՆԵՐԻ ԴԱՄԲԱՐԱՆՆ

  Եկեղեցուս հարաւային կողմին պատկից շինուած է մի նեղ եւ երկար մատուռ իբրեւ դամբարան, որի մէջ ամփոփուած են բոլոր մէլիքներն եւ մէլիքազուններն:

«Այս է տապան Մէլիք Եկանի հայր Ղուկաս վարդապետի, ով կարդայ ողորմի ասէ. թվին ՌՃԿԴ»:

«Այս է տապան քաջ իշխանին

Եկան անուն մեծ Մէլիքին,

Որ է որդի բարեպաշտին

Ղուկաս անուն վարդապետին.

Եղեւ սիրեցեալ ամէնայնին

Նատիր անուն թագաւորին:

Տիրապետեաց սայ ի երկրին

Ի Աղուանից ի նահանգին

Յոյժ պատուեցաւ Պարսից ազգէն

Քան զիշխանս Հայոց երկրին… ՌՃՂԳ»:

«Այս է տապան քաջ իշխանին

Մէլիք Եկանի որդի պարոն Մէլիք Արամին,

Որ շատ սիրական էր Նատիր Շահին,

Որ յառաջ վախճանեցաւ հայր սորին,

Որ շափաղաթ ունէր Նատիր Շահին,

Որ է Բ. հաքիմ էլաւ Ե. մուհալին.

Շահն ոզեց (ուզեց) Արամ տարաւ,

ԶՌ (6000) թուման ջարմայ առաւ,

Ուրախ սրտով յղի (ուղի) արաւ

Մէկ ամ կացաւ, վախճանեցաւ.

Ողորմի թվ. ՌՃՂԴ

Որ փոխեցաւ առ Աստուած,

Որ ընթեռնուք, մէկ բերան Աստուած ողորմի ասացէք».

«Այս է տապան մեծին Մէլիք Եկանի որդի Մէլիք Եսայուն եւ էր սա իշխան կարգեալ Նատիր Շահէն. ԼԳ ամ տիրեաց երկրիս Դիզակու եւ արար բազում քաջութիւն եւ յաղթութիւն ընդ անօրէնսն, եւ էր ինքն պարթեւ եւ յոյժ զօրաւոր քան զառաջինսն իւր եւ թել կենաց սորա եւ կամաւ Աստուծոյ վաղճանեցաւ թվ. ՌՄԼ հոգտեմբերին բ. -ին գշ. որ ընթեռնուք, մէկ Հայր մեղայ ասացէք. ամէն»:

«Այս տապան լուսահոգի Մէլիք Արամի որդի Բաղր բէկին. թվ. ՌՄԼԸ. էր»:

  Մէլիք-Եկանի ապարանն գտնւում է աւանիս մէջ, որ բաղկացած է երկյարկ շինութիւնից, որ կառուցեալ է համակ սրբատաշ քարով: Հետեւեալն քանդակուած է գետնայարկի դրան գլխի ճակատակալ քարին եւ սեմերին վերայ.

«Թիւն ՌՃԺԶ յիշատակ է Թանապաս. այս է, որ ես Ղուկազ վարդապետի որդի, որ իմ անուն Մէլիք Եկան, առաջ խելխն (խալխն-ժողովուրդն) ջամ դեռին [7], ինձ կարգեցին, յետ նորա որ օլքան [8] սալամաթ եղաւ: Դեռ Աւշառ Սուլթան Հիւսէնիյ (ինի) տղայ Ղահթմիշ երեքն որ ՚ի յէն չափաղուլ [9] ողարկէ. որ պիրաւ ինձ. տու չես [10] Մէլիքութիւն տվաւ: Այլ Օսմանլուն եկաւ առաւ ՚ի ձեռն որ Աւյնից (Աղուանից) որ ան էլ սա չափաղուլ ուղարկէ որ պերէն: Ես թողեցի ոչ [11] Հայասդանաս [12] եսիր տալու… ի՜նչ տվաւ սօվ Լղար աղին [13]: Շահ Նայդիր զօրեղ թագաւոր եկաւ, զօրով առաւ օլքաս ի ձեռէս Օսմանլուէնանայ (Օսմանցիներից), նոր աէս (այս) չափաղուլ կողարկէ, որ բերաւ ինձ այս եզմոհիլիս. ազկ քրիստից (ազգ քրիստոնէից) որ մէկն Թալիշ, մէկն Չմյպթ Չարաբերդ), մէկն Խաչէն, մէկն Վարանդայ, մէկն Քոչէզ' մէկն Տուզաղ. այսդունց [14] (սոցա) խանը պակլար պէկայ տեղ ար ինձ շափաղաթ արաւ: Ով որ յեդով կարդէ այս գիր, էս իմանայ որ մեր որպիսութիւն այսպէս իլաւ. մին ողորմեայ այսէ (ասէ), եղեւ. ամէն»:

 

ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՆՈՍ ՆԱԽԱՎԿԱՅ

  Աւանիս հարաւային կողմի հանգստարանում կայ մի քարուկիր եկեղեցի, որ շինուած է մեծ-մեծ քարերով: Դրան ճակատակալ քարի վերայ.

«Թվ. ՌՃՂԶ. յիշատակ է սուրբ Ըստեփանոս եկեղեցուս գլուխն, որ նորոգեց Մէլիք Եկան եւ որդին Մէլիք Եսային, յիշատակ է հոգոյ»:

Դրան սեմերի վերայ. «Ովանէս եպիսկոպոս, Մանուէլ եպիսկոպոս»: Եկեղեցիս խիստ հին է, այն է առնուազն վեցհարիւր տարուան շէնք է:

 

ԱՆԱՊԱՏ

  Հանգստարանիս վերեւի ծայրում կայ մի այլ քարուկիր եկեղեցի եւս, կառուցեալ մի կամարի վերայ, որի ճակատի խաչի վերայ փորագրուած է. «Խաչս Վարդան»: Եկեղեցուս մէջ է Մէլիք-Բախտամի գերեզմանն, որ ծածկուած է հողով: Եկեղեցուս մօտ նշմարւում են խուցերի եւ կացարանների բակեր եւ բեկորներ, որոց մասին պատմում են, թէ կուսանոց եղած է անապատ:

Դող աւանս ունեցած է ամուր շրջապարիսպ, բայց այժմ այնպէս քանդած եւ քարերը տարած են, որ հազիւ է նշմարւում շրջապարսպի հետքերն ուրեք-ուրեք: Սակայն տակաւին ապրում են մարդիկ, որք յաճախ կանգուն տեսած են պարիսպը:

Գրչագիր Աստուածաշունչ. Աւանումս կայ մի ընտիր ձեռագիր աստուածաշունչ, որի մէջ նախադրութիւններ կայ բոլոր գրոց համար առանձին-առանձին հատուածներով: Միայն ափսո՜ս, որ անխնամ պահուած է, վասնորոյ շատ տեղերում իրարու փակած են թերթերն եւ բորբոսնած: Ընկած եւ անյայտացած են մի քանի թերթեր, որոց հետ եւ յիշատակարանն: Երկար թերթելուց վերջն հազիւ կարողացայ գտնել միայն. «Զստացող սուրբ գրոցս զՍիմէօն րաբունի զաշակերտ մեծին Գրիգորի եւ զանիմաստ ծրող սորին զՅովհաննէս եպիսկոպոս Անւոյ, աղաչեմ զձեզ դասք լուսերամից, յիշման առնել զմեզ արժանի, զի եւ դուք յիշեալ լիջիք ՚ի բարիս բարերարին աստուծոյ աւրհնելոյն յամէնայն յաւիտեանս. ամէն»: Աստուածաշունչս, որ գտնւում է պ. Տէր-Սարգսեանցի մօտ. չունի թուական:

ԼԲ. ՄՈԽՐԵՆԻՍ գիւղ. Հիմնուած է Թաղոտ գիւղի արեւելեան կողմում, ջրաձորի ձախ կողմի լանջի վերայ, դիրքն արեւելահայեաց. բնակիչք բնիկ, հողն մելիքական, տեղական բերքերն նոյն, օդն, կլիման եւ ջուրն գերազանց, երկար կեանք 100. եկեղեցին սուրբ Սարգիս, քարուկիր, քահանայ մի: Ծուխ 40, ար. 180, իգ. 170:

Օխտը դռնէ (Եօթն դուռ ունեցող)

  Ուխտատեղիս գտնւում է գիւղիցս վերեւ մի լեռնաբլրակի վերայ: Շինուած է եղել տորոնագոյն տաշած քարով, որ այժմ կիսաւեր դրութեան մէջ է:

ԼԳ. ՏՈՒՄԻ. Հիմնուած է գիւղս Մոխրենիսի արեւմտեան կողմում Շնաքարի գետ կոչուած վտակի ձախ ափի բարձրութեան վերայ, դիրքն հարաւ-արեւելահայեաց. բնակիչք բնիկ. հողն բէկական, լեռնային, անջրդի, բայց հացատու. տեղական բերքերն նոյն (կայ նաեւ խոզ) [15], օդն, կլիման եւ ջուրն պատուական, երկար կեանք 85-95. եկեղեցին սուրբ Յովհաննէս, քարուկիր, կամարակապ, առանց սիւնի, քահանայ երկու: Ծուխ 120, ար. 563, իգ. 470:

 

ԿԱՐՄԻՐ ԵԿԵՂԵՑԻ

  Գիւղիս հարաւային կողմում, ձորակի աջ կողմի սեռի վերայ, շինուած է հասարակ քարով: Ամբողջապէս փլած է եկեղեցուս հարաւային պատն եւ թաղն` կամարներով միասին: Ունեցած է երկու դուռն հարաւային եւ արեւմտեան կողմերից: Երկարութիւնն 11 մետր, լայնութիւնն 6 մետր 45 սանթիմ: Արտաքուստ արեւմտեան լուսամտի գլխին փորագրուած է:

«՚Ի ՆԽԹ. թվ. եւ ի թագաւորութեանս տեառն Գագիկայ (Աղուանից) Որդոյ Մուսէի ես Ոսկի դուստր Մուսէի շինեցի տուն Աստուծոյ ՚ի փրկութիւն հոգո իմո եւ ծնողաց իմոց»: Եկեղեցիս հանգստարանի մէջ է. վաղեմի հանգստարանիս մէջ կան խիստ հին ամփոփեալներ, որոց տապանաքարերն անարձանագիր են ամէնամեծ մասամբ:

 

ԹԱԳԱՒՈՐԻ ՊԱԼԱՏ

  Հանգստարանիցս փոքր-ինչ վերեւ, մի առանձնացած սարահարթի վերայ կայ քարուկիր շինութեանց բեկորներ: Հետքերից յայտնի երեւում է, որ շրջապարսպով ամրափակուած է եղել սարահարթս: Խեցեղէն խողովակների շարքերից նշմարուած է, որ ջուր բերուած է ժամանակաւ սարահարթս: Ժողովուրդն աւանդաբար թագաւորի պալատ անունը յատկացրած է աւերակ հնութիւն կրող սարահարթիս:

 

ԹԱԳԱՒՈՐԻ ԳԵՐԵԶՄԱՆ [16]

Պալատատեղուցս դէպի հարաւ` փոքր-ինչ հեռի` մի կոնաձեւ բարձրացած բլրի մօտ կայ մի հին եւ առանձին այլ հանգստարան, որի մէջ երեւում է մի մատրան աւերակ: Աւերակիս հարաւային կողմին մօտ կայ մի տապանաքար, որ ունի 2 մետր 3 սանթիմ երկարութիւն եւ 73 սանթիմ լայնութիւն եւ 5 գծով նախշեր, սակայն չունի արձանագրութիւն: Ահա այս է որդւոց որդի աւանդաբար մատնանիշ արած թագաւորի գերեզմանն:

  

ԹԱԳԱՒՈՐԻ ԱՂԲԻՒՐ

  Պալատատեղու հիւսիսային ձորակում, որ կայ գիւղի եւ Կարմիր եկեղեցու միջեւ, կայ մի պատուական աղբիւր, որի վերայ վաղուց շինուած է եղել սրբատաշ քարով կառուցեալ գեղեցիկ շէնք: Ահաւասիկ այս է Թագաւորի աղբիւրն: Ցաւալի է, այո', խիստ ցաւալի, որ գիւղացիքս յիմարաբար քանդած եւ տարած են թէ' Կարմիր եկեղեցու, թէ' Պալատի եւ պարսպի եւ մատրանն եւ թէ' աղբիւրիս քարերը:

 

ԳԱՒԱՌԻՍ ՎԱՆՔԵՐՆ

 

ԳՏՉԱՅ ՎԱՆՔ

  Արդէն ծանօթացանք Հատրութի մօտի վանքին. այժմ ծանօթանանք Գտչայ վանուց, որ հիմնարկուած է մի գեղեցկատես եւ հիւսահայեաց սարահարթակի վերայ, Թաղլար աւանի հանդէպ, Ղուրու-չայ գետակի աջ կողմի բարձրութեան վերայ: Շինուած է համակ սրբատաշ տորոնագոյն քարով (որի հանքն շատ հեռի չէ վանքիցս) խաչաձեւ, քառակուսի, չորս կամարներով, որոց վերայ բարձրացած է գեղեցկաձեւ կաթուղիկէն, որի վերայ բուսած է մի ճապկի եւ մի խնձորի ծառ: Վանքս ունի մի աւագ, չորս փոքր խորան, տասներեք լուսամուտ, մի դուռն, 10 մետր երկարութիւն եւ 7 մետր 50 սանթիմ լայնութիւն: 1868-ի մեծ շարժով արտաքուստ թափուած է տաճարիս արեւելեան հարաւային անկիւնի քարերն:

Վանքիս հիւսիսային որմի վերայ փորագրուած է.

«Յանուն Հաւր եւ Որդւոյ եւ Հոգւոյն սրբոյ, ես Սարգիս եւ Վրդանէս եպիսկոպոսք հիմնարկեցաք զեկեղեցիս ի ՈՂ (1241) թվիս. շատ աշխատութեամբ աւագ խորանն խփեցաւ եւ եղբայրս իմ Տէր Սարգիս ի Քրիստոս փոխեցաւ: Ես տէր Վրդանէս կատարեցի բազում աշխատութեամբ եւ հալալ արդեամբք իմովք ՈՂԷ թվիս ի դառն եւ ի նեղ ժամանակիս` որ ազգն նետողաց զբազում գաւառս աւերեաց եւ մնաց այլասեռից աթոռ եւ վիճակ սրբոյն Գրիգորիսի, որ է հաստատեալ աջով եւ սուրբ նշանաւն եւ գաւազանաւն սրբով. վիճակեցաւ եւ սահմանով ի յԱղուանոյ գետոյ մինչ ի Երասխն, մինչ ի Աւազն Գատուհատի Վակունիս Վաղադնագետով, ի Քարատնիս եւ Խոզանագետովն, Զառիստ իւր գետովն. Հաքարի Հազարագետովն, Քրտագետ իւր գետովն, իւր սահմանովն, Դիզակ, Բէլուկան իւր գետովն եւ հայրենիքն եկեղեցւոյս տուինք, Փարախն եւ Գոտանոցն, Եկեղեցաձորն իւր սահմանովն. Ա. լուծ հող ի Տայիս. Ա. լուծ ի Դող ի Գագս (Հկակու), Ա. ի Մոխրենիս. ով որ այս սահմանէս յետ առնէ կաթուղիկոս կամ իշխան կամ հայրապետ, երեք սուրբ ժողովոյն նզոված եղիցի, յԱստուծոյ եւ յամէնայն սրբոց անիծեալ, մասն եւ բաժին ընդ Յուդայի առցէ»:

Ներքուստ հարաւային փոքր խորանի ճակատին.

«Ի թվին ՈՂԷ. ես Տէր Վրդանէս շինեցի զեկեղեցիս եւ զցրուեալ վիճակս, հաստատեցի եւ զհայրենիքս եւ արձանի գրեցի հանապազ ուրբաթն անյիշատակաց ժամն, եւ տարւոջն Ժ, ժամ ինձ եւ Ժ ժամ Տէր Սարգսի: Յինանցն Ա ժամ Ուխտանէս եղբաւրն իմ, Ա ժամ Մովսիսի իմ քվեր որդու, որ խափանէ մեր մեղացն տէր է առ Աստուած»:

Հիւսիսային փոքր խորանի ճակատին. «Ես Ջերգամ եւ որդի իմ Ղարաք միաբանեցաք սուրբ ուխտիս տէր Վրդանէս իւր կամաւ զժամատունն ինձ երետ եւ ես իմ հալալ արդիւնն ընծա բերի Սուրբ ատոռոյս (աթոռոյս)»:

Վանքս ունի եւ հնաշէն գաւիթ, որի գոյութիւնն խիստ հին է, քան վանքինն: Գաւթումս, որ կառուցեալ է մի կամարի վերայ, կայ երկու խաչարձան` կանգնեցրած տաճարի դրան աջ ու ձախ կողմերում:

Հարաւային կողմի գեղեցկաքանդակ խաչի վերայ

«Թվին ՈՂԵ Ես տէր Վրդանէս կանգնեցի զխաչս ի փրկութիւն հոգւոյ իմոյ»:

Հիւսիսային կողմի խաչարձանի վերայ

«Յիշատակ է Սուրբ տաճարիս կաթուղիկէն Դողեցի Սարգսի որդի Սայուն եւ իւր կողակից Հերիքնազին թվին ՌՃԿԶ»:

Գաւթումս ամփոփուած են մի քանի եպիսկոպոսների եւ վարդապետների մարմիններ, որոց վերայ կան տապանաքարեր: Գաւթիս արեւելեան հիւսիսային կողմին կից է մի աւելի հին եկեղեցի, որի դրան առաջ մի տապանաքարի վերայ փորագրուած է.

«Այս է տապան տէր Սիմէօնի որդի Մեսրոբ վարդապետին թվին ՌՃՀԲ: Լուսահոգի Մէլիք Եկանն ձեռնադրել տվաւ եպիսկոպոս, կարգեց Կտիչոյ վանքին առաջնորդ: Որ եկի հաստատեցի սուրբ աթոռս թվին ՌՃՂԶ ով որ կարդայ, մէկ բերան ողորմի ասէ»:

Վանքս ունի մի քանի հնոտի սենեակներ եւ մի աշխարհական պահապան: Հետզհետէ քայքայուում է պատուական վանքս. գրեթէ ամբողջապէս յափշտակուած են վանքիս հողերն…

 

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

ՋԱԼԱԼԵԱՆ ՎԵԼԻՋԱՆ-ԻՇԽԱՆԻ ԲԵՐԴՆ կամ ՑՕՐԱԲԵՐԴ (10)

  Մի բարձրագոյն սար է բերդատեղին (5019 ոտք), որ առանձնացած է ամէն կողմերից, երկարած արեւմուտքից դէպի արեւելք եւ արձանացած Վանք, Տագ, Ցօր եւ այլ գիւղօրէից մէջ: Բարձր քերծեր են բերդիս հարաւային կողմերն, իսկ ամուր պատերով պարսպուած` մնացեալ կողմերն: Մակերեւոյթի մեծ մասն հարթ է, տեսարանն զմայլելի եւ օդն գերազանց: Երկու դռներ ունեցած է. մին արեւելեան եւ միւսն արեւմտեան կողմից: Բայց այժմ տեղ-տեղ քանդուած եւ թափուած են պարսպի պատերն եւ դռներից անգամ: Պարսպի հաստութեան չափն է մօտ 2 մետր, որ հիւսուած է անտաշ քարով եւ կրացեխով: Ջուր չկայ բերդումս, բայց ուրեք-ուրեք երեւում են անձրեւի քանդած տեղերում մեծ-մեծ եւ հաստ-հաստ խեցեղէն խողովակներ. այս երեւոյթն նշան է, որ ջուր բերուած է բերդս Շաղախ գիւղի եւ ուխտատեղու մօտից: Հետզհետէ գտնում են բերդիցս մեծ-մեծ կարասներ, անօթներ եւ ուրիշ գործիքներ, եւ քարուկիր շինուած հորեր:

 

ՎՆԷՍԱՅ ՂԱԼԱ (ՅՈՎՀԱՆՆԷՍԻ ԲԵՐԴ). (11)

  Հիմնուած է Հիւքիւրաթաղից վերեւ եղած մի բոլորշի բարձրացած սարի գագաթին վերայ [17] (500 ոտք) Անդնդախոր ձորեր են ամրոցիս արեւմտեան, հիւսիսային, արեւելեան եւ հարաւային կողմերն. միայն մի սեռով կցուած է հոմանուն Վանէսայ սարին: Ամրոցս ունի քարուկիր շրջապարիսպ, որ բոլորուած է գագաթի դիրքի ձեւով, երկու բարձր եւ ամուր բուրգ եւ մի դուռն: Բայց տեղ-տեղ քանդուած են պատերն եւ դուռնն, կանգուն մնում են միայն բուրգերն: Պարսպի ամէնաբարձր մասն երկու աշտարակների կողմն է: Հարթ եւ հաւասար է ամրոցիս մակերեւոյթն, որ համարեա' թէ հարիւր քառակուսի մետր է եւ ունի ուշագրաւ տեսարան եւ վեհ դիրք: Ամրոցիս յատակն լի՜ է բնակարանների քարուկիր բակերով. իսկ վերնամասում շինուած է իբրեւ միջնաբերդ մի փոքրիկ դղեակ, որի մէջ է քարուկիր շինուած մի ընդարձակ ջրաւազան, որի մէջ տակաւին կայ ջուր, բայց անմաքուր: Աւանդաբար ասում են, որ սորա ջուրն խողովակներով բերուած է եղել բերդիս հարաւային կողմում եղած աղբիւրների ջրերից, որք կան ճանապարհի վերայ:

 

ԴՈՂ ԲԵՐԴ (4892 բարձ. ). (12)

  Բերդասարս, որ բոլորովին առանձնացած է իւր շրջապատից, հսկայաբար արձանացած է Թաղլար, Դող, Մոխրենիս եւ Տումի գիւղօրէից մէջ: Վիմահերձ, ապառաժ եւ բարձր քերծեր են բերդիս հիւսիսային, արեւմտեան եւ հարաւային կողմերն, իսկ անտառապատ եւ քարակոյտ` արեւելեան կողմն: Գագաթի բաց տեղն պարսպուած է վերեւից վիմահերձից վիմահերձ, իսկ վարից փորուած է ահագին խրամ. վերջապէս ունի խիստ նշանաւոր, բայց անբացատրելի ամրութիւն: Գագաթի վերայ եղած է հարիւրքառասնի չափ բնակարան, որոց պատերն այժմ դեռ մնում են կիսաւեր:

Բնակարաններիս վերի կողմում արեւմտեան վիմահերձի գլխին է անտաշ քարով շինուած եկեղեցին, որ քարուկիր է եւ ամբողջապէս կանգուն, սակայն բաւականին հնաշէն: Եկեղեցիս ունի երկու դուռն արեւմտեան եւ հարաւային կողմերից, երկու լուսամուտ արեւմտեան եւ արեւելեան կողմերից եւ 9 մետր 3 սանթիմ երկարութիւն եւ 6 մետր լայնութիւն: Մի փոքր տեղ վնասուած է հիւսիսային կողմից: Տաճարումս կան սպիտակ շերտաքարից շինուած հինգ քարեայ փոքր խաչեր, որոց վերայ քանդակուած է. «Խաչս Նաղաղին». «Խաչս Մրհապետին». «Խաչս Շահումին». «Խաչս Ղազարայ». «Խաչս Եղուայ»:

Արտաքուստ հարաւային դրան արեւելեան սեմի վերայ քանդակուած է Սուրբ Աստուածածնայ պատկերն, որ գրկած է մանկացեալ Յիսուս Քրիստոսը եւ մի աղերսարկու վեղարաւոր վարդապետի պատկերն, իսկ արեւմտեան սեմի վերայ` երկու աղօթաւոր վարդապետի պատկերներն եւ մի խաչ: Ափսո՜ս, որ թուական չունի եկեղեցիս. սակայն բաւական հին են թէ' տաճարիս շինութիւնն եւ թէ' խաչերի ձեւերն եւ տառերն:

Եկեղեցուս 1) արեւելեան կողմում մի քանի քայլ հեռի կայ մի վարդապետի գերեզման, որի տապանաքարի վերայ փորուած է երկգլխի, օձաձեւ գաւազան եւ մի ձեռաց թաթ. որ բռնած է գաւազանը, եւ այս արձանագրութիւնն, «թուին ՉԶ. (1257) այս է տապան Մովսէս վարդապետին…»: Օրն տարաժամեայ լինելու պատճառաւ հազիւ կարողացանք կարդալ այսչափ, մնացեալը չ՚ժամանեցինք ընթեռնուլ:

Կեօլեր. Եկեղեցուս հարաւային կողմում կայ չորս կալաչափ մեծութեամբ մի լճակ, որ միշտ լի է անձրեւաջրով եւ ձիւնաջրով: Թուի, թէ պատերազմների ժամանակ պաշարեալներն կառավարուած են ջրովս:

 

ԴԻԶԱՓԱՅՏԻ ԲԵՐԴ (5994)

  Բերդասարս իբրեւ լեռնաբազուկ Դիզափայտի արեւմտեան կողմից կախուած է Տումի գիւղի վերայ եւ առանձնացած ամէն կողմերից: Պարսպուած է սարիս հարաւային եւ արեւելեան կողմերն եւ կասկածաւոր նեղուցներն ու կիրճերն, ուր եղած են: Մուտքն արեւմտեան կողմիցն է եւ պարիսպն չունի բուրգեր: Պարսպիս ներսում կան բնակութեանց բակեր, թէ եւ հարթ չէ բերդիս անտառապատ մակերեւոյթն: Ջուր չկայ եւ այս ամրոցում, վասն որոյ շինուած են յատկապէս հարաւային կողմում հորեր եւ ամաններով ջուր բերած բերդիս արեւմտեան ստորոտում եղած Թաղալ անուն պատուական աղբիւրիցն: Հարկ է յայտնել, որ բերդս չունի Դողայ բերդի բոլորովին ապահով ամրութիւնը: Ամրոցիցս շատ հեռի չէ Դիզափայտի հին վանքի տեղն, ուր շինած են այժմ մի մատուռ (13): Ամրոցիս հիւսիսային կողմում քերծի գլխին` ծառերի տակ կայ մի աւերակ մատուռ Օխտը-դռնէ-խութ անուն, որ տարբեր է եւ այլ նախորդ յիշուածից:



[1] Համարեա՛ թէ բոլոր գիւղերիս գոմերն փորուած են գետնի տակ, որը անուանում են կօհօլ (առանց փայտի):

[2] Վանուցս հարաւային կողմում ամփոփուած են Յովհաննէս, Մկրտիչ եւ Պետրոս եպիսկոպոսների մարմիններն: Աւանդաբար պատմում են. «Յովհաննէս եպիսկոպոսը եկած է Միյին քաղաքիցն (Փէյղամբարիցն) իւր ժողովրդով միասին. ինքն նստած է վանքումս, իւր հետ բերած ժողովուրդը` բնակեցնում է Որդնաշատ, Թղասեռ եւ Հատրութ գիւղերում:

[3] Մօտ 300 ծուխ Հատրութն ունի միայն վեց հարիւր օրավար հող:

[4] Գիւղիս նախկին բնակչաց եկեղեցին, որ շինուած մի բլրակի վերայ եւ գտնուում է գիւղիս եւ Կարմագուճի մէջ, քարուկիր է եւ կոչւում է Հին-Թղասեռի եկեղեցի, որի մօտ է աւերակ գիւղատեղին եւ հանգստարանն:

[5] Մի քանի հայ գերդաստան կայ Պտկաթաղում:

[6] Ղուզի նշանակում է` արեգդէմ չէ. իսկ այստեղ նշանակում է սարիս հիւսիսահայեաց լանջերի վերայ եղած գիւղօրէից:

[7] Գումարուեցան:

[8] Երկիրն խաղաղացաւ:

[9] Որ Ղահթմիշն երեք գունդ զօրք ասպատակ սփռէ:

[10] Պիրաւ-բերաւ. եւ ասաց - Դու չես Եկանն: Երբ իմացաւ որ ես եմ, մելիքութիւն տուաւ:

[11] Թողեցի ոչ - չ՚թողի:

[12] Հայաստանէս` Աղուանից երկրի հայերիցն:

[13] Սովն վտիտ աղային հարուած տուա՜ւ:

[14] Դիզակ գաւառս հաւաքուողների վերայ զիս իշխան կարգեց Շահն:

[15] Գիւղս իւր անդերով եւ անտառներով պատկանում է մեծ. Մովսէս-բէկ Աթաբէկեանցին:

[16] Ըստ մեր կարծեաց այս է գերեզման Աղուանից Ներսէհ իշխանի որդի Գագիկ իշխանին, որ էր հայր Աբու-Մուսէի, որի մասին տես ծանօթ 12:

[17] Բերդասարս ճիւղաւորուած է Դիզափայտ լեռնաշղթայից եւ ձգուած հարաւային արեւմուտքից դէպի հիւսիս-արեւելք եւ վերջացած դաշտաբերանում: Բերդս կոչւում է եւ Աւան-Իւզբաշու բերդ: