Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԺԹ. ԶԱՒԷ ԳԱՒԱՌ (Ղազախ)

Ա. ՊՕՂՈՍ-ՔԻԼԻՍԱ ԳԻՒՂ. Հիմնուած է Դիլիջանի հիւսիսարեւմտեան կողմում, Աղստեւ գետակի ձախ կողմում մի լեռնալանջի վերայ. բնակիչք գաղթած են Երեւանի Արզնի եւ Կամրիս գիւղերից Հասան խանի ժամանակ. հողն` արքունի, լեռնային եւ միջակ արդիւնաբեր. տեղական բերքերն նոյն` ցորեն, գարի, գարնանի, ոչխար, տաւար. պատուական` օդն, ջուրն ու կլիման, երկար կեանք` 115 տարի. եկեղեցին` Սուրբ Աստուածածին, հնաշէն, կամարակապ. քահանայ` մի:

Ծուխ 74, ար. 501, իգ. 408.

Գիւղումս կայ մի միդասեան ուսումնարան, աշակերտ 25, վարժապետին տարեկան 300 րուբլի:

ՂՈՒՇ-ԴՈՂԱՆ կոչուած տեղում, գիւղիս հիւսիսային կողմում կայ աւերակ եկեղեցի, գիւղ եւ հանգստարան:

ՋՈՒԽՏԱԿ ՎԱՆՔ

  Գտնւում է Պօղոս-քիլիսայի արեւմտեան կողմում երկու առուակների մէջ ընկած մի անտառապատ հովտում: Երկու վանքեր մօտ առ մօտ շինուած:

Արեւելեան վանքն [1] կառուցեալ չորս կամարների վերայ, որոց գլխին բազմած է կաթուղիկէն, ունի չորս փոքր եւ մի աւագ խորան. ութ լուսամուտ, երկու խորհրդարան, մի դուռն արեւմտեան կողմից եւ երկու ճգնարան. 9 մետր 78 սանթիմ երկարութիւն, 7 մետր 57 սանթիմ լայնութիւն: Գեղեցկաքանդակ խաչերով զարդարուած են երկու վերին եւ փոքր խորաններ եւ սոցա ժողովրդահայեաց երեսներն: Այժմ խոնարհուած է ամբողջ կաթուղիկէն, հարաւային լուսամտի շրջանակ անկիւնաքարերն, դրան սեմերն եւ գլխի քարն եւ բուսած են տանեաց վերայ ծառեր: Վանքիս հարաւային կողմում արտաքուստ.

«Կամաւն Աստուծոյ ես Տալիթայս միաբանեցայ Սուրբ Գրիգորիս. միաբանքս ետուն Ա. պատարագ ՚ի տաւնի ծառազարդին. կատարիչքն աւրհնին յԱստուծոյ»:

Աւագ խորանի հիւսիսային կողմում ներքուստ.

«Այս իմ գիր է Բէկիս եւ Բարինիս, որ գնեցաք զաջոյ խորանս հանապազ մեզ պատարագ. կատարիչք գրոյս աւրհնին յԱստուծոյ»:

Արեւմտեան վանք. շինուած է այս եկեղեցու ձեւով մի կամարի վերայ, որ ունի երկու փոքր եւ մի աւագ խորան, չորս լուսամուտ եւ մի դուռն արեւմտեան կողմից, 8 մետր 62 սանթիմ երկարութիւն, 6 մետր 40 սանթիմ լայնութիւն: Ամբողջապէս կանգուն է վանքս եւ անվնաս. միայն բուսած են տանեաց վերայ ծառեր:

Դրան ճակատակալ քարի վերայ.

«ՈԾ. Հայոց ամիրութեան Լաշայի, ՚ի տէրութեան… խանին ես Հայրապետ առաջնորդ ուխտիս որ կոչի Պետրոսի վանս, շինեցի զՍուրբ Աստուածածինս եւ յուսով կարգեցի զճրագալոյցն Բ. խորանն ինձ պատարագ առնել եւ Ա. իմ եղբաւրն Շմաւոնին եւ… զամէն եկեղեցիս իմ ծնողացն… մակաց. կատարիչք գրոյս աւրհնեալ… խափանիչք դատապարտին… մեղացս տէր է առաջի Աստուծոյ» (կէտադրեալ բառերն եղծուած են):

Հիւսիսային փոքր խորանի դրան վերայ.

«Ի թվ. ՈԾԶ. ես Մայրացեալս շինեցի զխորանս ՚ի հալալ արդեանց իմոց եւ առաջնորդք սորա ետուն ՚ի տարումն… ժամ տեառնընդառաջին. խափանողքն դատին ի Տեառնէ»:

Հարաւային փոքր խորանի դրնագլխին.

«Յայսմ խորանի Ա. ժամ ի տաւնի Սուրբ Սարգսին` Սարգսին արասցեն, զի նորա արդեամբք շինեցաւ խորանս, ով զժամս խափանէ, դատի ի Տեառնէ»: Կային արձանագրութիւններ եւ վանքիս արեւելեան արտաքին կողմում. բայց մեծ մասամբ եղծուած, վասն որոյ թողինք:

Վանքերիս շուրջն լի է գերեզմաններով: Միաբանից սենեակներն շինուած են եղել գետնափոր, վիմափոր եւ փայտեայ: Իսկ շրջապարսպի հետքերն անգամ անկարելի եղաւ գտնել:

 

ՄԱԹՈՍԻ ԳԻՒՂԱՏԵՂ.

  Ջոխտակ վանքին հարաւային հանդէպ, մի առուի աջ կողմի բարձրութեան վերայ, մի կանաչազարդ սարահարթում, որի հարաւարեւելեան ծայրումն է հանգստարանն եւ եկեղեցին, որ փոքր է եւ կառուցեալ մի կամարի վերայ: Վերից մինչեւ վար քանդուած է խորանի լուսամուտն իւր կողերի պատերով միասին եւ բուսած տանեաց վերայ ծառեր: Եկեղեցիս ունի եւ գաւիթ, որի երկարութիւնն ձգուած է հիւսիսից հարաւ մի միջնակամարով: Գաւթումս ամփոփուած են շատ ննջեցեալներ:

Եկեղեցւոյ դրնագլխին վերայ.

«Կամաւն Աստուծոյ (ես) տէր Յորդանան շինեցի զեկեղեցիս ՚ի թվին ՈՂԶ. իշխանութեան Աւագին ողորմութեամբ եւ տրաւք Պղնձահանացն Աստուածածնի եւ առաջնորդութեամբ Պետրէի եւ Համազասպա, որք երկրպագէք, յիշեցէք ի Քրիստոս զԾնողք մեր զԵնոք եւ զՄարթա իւր եւ զՄխիթար, զՄենաւոս, զոր (դին) Նաթանաէլն Յորդանանա Հոռիմսիմի…»: «Աստուած ողորմի Խաչատուրին», «Տէր Աստուած ողորմի Աղբադին եւ Անդաւին»: Հարաւային սեմի վերայ. «Ես Պետրէ եւ Համազասպ համարեցաք զԾովքն. եդաք սահման ժողովուրդ Աստուածածնիս, ով որ խափանէ, դատի ի տեառնէ. ամէն»:

Եկեղեցուս հիւսիսային որմի մօտ արտաքուստ կայ խաչարձան, որի երկարութիւնն առանց պատուանդանի է 2 մետր 50 սանթիմ եւ լայնութիւնն 1 մետր 20 սանթիմ. որի վերայ քանդակուած է:

«Շնորհիւ Աստուծոյ ես Մխիթար եւ Արուեր (կանգնեցաք) Սուրբ խաչս բարեխաւս մեզ թվ. Չ. »:

Սուրբ Սարգիս մատուռ. Պօղոս Քելիսայի արեւմտեան կողմում մի տեսարանաւոր բլրի վերայ:

 

ՀԱՂԱՐԾԻՆ ՎԱՆՔ (63)

Հիմնարկուած է Պօղոս-Քիլիսայի հիւսիսային կողմում, մի խոր ձորի ձախ լանջի հարթակի վերայ: Վանքիս հարաւային ձորով հոսում է Հաղարծին վտակն եւ արեւելեան ձորով մեծ աղբիւրի ջուրն, որ դարձնում է երկու ջրաղաց: Երկու ջրերս միանալով վանքից փոքր-ինչ վար խառնւում են Աղստեւին:

Ա. ՎԱՆՔՍ, որ անուանուած է Սուրբ Աստուածածին, շինուած է խաչաձեւ չորս կամարների վերայ սրբատաշ մոխրագոյն քարով, որոց վերայ բազմած է գեղեցկաձեւ կաթուղիկէն. ունի մի աւագ, երկու փոքր խորաններ, երկու դուռն հարաւային եւ արեւմտեան կողմերից, հինգ լուսամուտ, (եւ մի զոյգ լուսամուտ մեծ խորանի ետեւ), երկու խորհրդարան, 14 մետր 50 սանթիմ երկարութիւնն, 11 մետր լայնութիւն. (երկու փոքր խորանների դռներն բացուած են աւագ խորանի միջով): Վանքիս հարաւային դրնագլխի վերայ` խոշոր գրերով.

«Թվ. ՇԻ. »: Միւս կողմում «ՉԼ. »: Դրանս արեւելեան կողմում կայ մի գեղեցկաքանդակ խաչարձան պատուանդանով հանդերձ, որի մօտ մի քարի վերայ քանդակուած է երկու վեղարաւոր վարդապետների պատկեր, որք փիլոն ծածկած եւ բարձրացած են Հաղարծին վանքիս կաղապարը: Խաչարձանիս կից մի մեծ եւ լայն տապանաքար, որն բաժանուած է միջից մի գծով. այս քարիս տակ ամփոփուած են երկու հոգեւոր եղբարք, որք միացած են եղել հոգւով, սրտով, համամիտ եւ համակամ գործով: Զոր օրինակ մի հոգւով բնակած են երկու մարմնոց մէջ կենդանու-  թեամբ. նոյնպէս մի քարի տակ բնակաց են մահուամբ երկու մարմնով:

Ներքուստ տաճարիս հարաւային որմի վերայ.

  «Շնորհիւն Աստուծոյ ես Բէկս որդի Աշոտոյ յազգէ Հարբանց եւ ամուսին իմ Բոբոնա եւ եղբայր իմ Սմբատ միաբանեցաք ի Սուրբ ուխտս, որպէս եւ հայրս իմ եւ տվաք գինս շինութեան»:

Վանքս նորոգած են թիփլիսեցի Չիթախեաններն. «Ես Թիֆլիզեցի Չիթաղի որդի Թաղայ, որդի Մահտեսի Սուլխանս եւ եղբայրն իմ Զալն եւ մեր որդիքն Ստեփաննոսն եւ Թաղին եւ Փահրապատցի Խոճա Գուլին եւ իւր որդի Յարութիւն մեծաւ յուսով` որ առ Քրիստոս վերստին նորոգեցաք զՀաղարծինոյ զեկեղեցիսն զՍուրբ Աստուածածինն եւ սրբոյն Գրիգորին` յիշատակ մեզ եւ համօրէն ննջեցելոց մերոց ի թվ. ՌՃԼ. Հայոց»:

Վանքիս ունի եւ մեծ գաւիթ, որ շինուած է կաթնագոյն չիչ քարով եւ ունի 15 մետր 30 սանթիմ երկարութիւն, 13 մետր 82 սանթիմ լայնութիւն: Ամբողջապէս խոնարհուած է գաւթիս գլուխն:

Բ. ՎԱՆՔ Սուրբ Գրիգոր, որ շինուած է մեծ վանքի հարաւային կողմում միեւնոյն ձեւով, բայց կաթնագոյն չիչ քարով եւ որ ունի չորս փոքր եւ մի աւագ խորան [2] մի դուռն, ինն լուսամուտ, երկու խորհրդարան, մի կաթուղիկէ, 9 մետր երկարութիւն, 7 մետր 90 սանթիմ լայնութիւն: Վանքս ունի հրաշալի գաւիթ, որ կառուցեալ է չորս միապաղաղ սիւների եւ տասներկու կիսասիւների վերայ: Առաստաղի մէջ տեղում բազմած է կամարների վերայ մի ութանկիւնի գմբէթ, որ ունի նոյն ձեւով երդիկ: Երկարութիւն հիւսիսից հարաւ 14 մետր 30 սանթիմ, լայնութիւն արեւելից արեւմուտք 11 մետր 50 սանթիմ:

Դրան վերայ.

  «Կամաւ ամէնակալին Աստուծոյ այս մեր գիր յիշատակի է եւ արձան մշտնջենաւոր որդոց մեծին Սարգսին յազգէ Բագրատունեան Իւանէի եւ Զաքարէի. յորժամ նախախնամութիւնն աստուծոյ եհաս յարարածս եւ ետ տիրել սեփհական ժառանգութեան նախնեաց մերոց, ետ ի ձեռս մեր յառաջ զանառիկ դղեակն զԱնբերդ եւ զթագաւորանիստ քաղաքն Անի եւ ապա զամուրն Բջնի. զՄարանդ մինչեւ Գաւազան [3] ի Թավրէզ, ի Կարնոյ քաղաքէն մինչեւ ի Խլաթ, զՇաքի եւ զՇրուան, զԲարտա մինչեւ ի Պէլուկան եւ այլ բազումս իւրեանց սահմանաւքն, զոր աւելորդ համարեցաք յիշատակել: Այլեւ անբարկանալին Աստուած սիրեաց զթագ պարծանաց գլխոյ իմոյ Զաքարիայն եւ կոչեաց առ ինքն, որոյ ձեռն եղեւ արիութիւն: Եւ ես շինեցի ի մեր վանքս Հաղարծին ժամատուն վիմարդեան, կամարակապ ի դրան Սուրբ Գրիգորիս եւ այգի յԵրեւան ետու վասն յիշատակի եղբաւրն իմոյ. եւ պարտին սպասաւորք սորա զաւագ խորանի պատարագն Զաքարէի մատուցանել անխափան: Կատարիչք գրոյս աւրհնեալ լինին յԱստուծոյ. ամէն»

  Գաւթումս.

«Ի թուին ՈԾԵ. յաշխարհակալ տէրութեան Զաքարէի եւ Իւանէի, յառաջնորդութեան Ստեփաննոսի ես Խալաթ որդի Սմբատա իմ գեղն Քանաքեռ Սկանդարեանց զհողն գնեցի եւ ՚ի Հաղարծինս ետու վասն իմ հոգոյս եւ վասն յերկարութեան Շահանշի եւ Աւագին: Եւ միաբանքս զծառզարդարին զերկրորդ գալստեան ժամն ինձ ետուն զամէնայն եկեղեցեացս, ով զայգին աստից հանցէ կամ զիմ ժամն խափանէ, իմ մեղաց տէր է եւ Յուդայի մասնակից եղիցի»:

Գաւթիս հիւսիսարեւելեան կողմում երկու քարերի վերայ քանդակուած է մի թագաւորի եւ մի վարդապետի պատկերներ, որոց շրջապատում կայ գրութիւն, բայց գրեթէ անվերծանելի:

  Տաճարիս նորոգութեան մասին.

«Ի թուին ՈԴ. ի Թագաւորութեան Ափխաղաց Գաւրգեայ, ի հայրապետութեան Հայոց տեառն Գրիգորիսի ես Խաչատուր վարդապետ եւ Սուքեաս նորոգեցաք զՍուրբ Գրիգորիս հրամանաւ թագաւորին եւ իւր մեծ իշխանին Սարգսի ամիր սպասալարին` զհին եւ զնոր կազմութիւնս գրով ետ ՚ի Սուրբ Գրիգորս զայգին Միջնաշինին ջրին, զՏեառն խաչ Կոպավանից ՚ի միջին զՔուրդ գեղանն, զԱբասաձորն, զՏանձուտն. եւ հրամաեաց թագաւորն զՍուրբ Խաչի տաւնն յիւր յիշատակ կատարել: Արդ` որք հակառակ կան եւ հանել ջանան, քակեսցին տամբք եւ որդւովք եւ ազգայնովք. նզովեսցին ՚ի վարձէ Աստուածածնէն եւ ՅԺԸ. հայրապետաց եւ ջնջեսցին յայսմ կենաց. ամէն»:

Գաւթիս մէջ կան շատ ամփոփեալներ:

Սուրբ Գրիգոր վանքիս հարաւային կողմին կից շինուած է համակ սրբատաշ քարով թագաւորաց Դամբարան մատուռն, որ ունի երկու խորան: Հիւսիսային խորանի առաջ եղած տապանաքարի վերայ քանդակուած է. «ՍՄԲԱՏ ԹԱԳԱՒՈՐ»: Իսկ հարաւային. «Հանգիստ.. ա. թագաւորին Գագկայ»: Խոնարհած է մատուռներիս գլուխներն եւ սոցա գաւթի թաղն:

Գ. ՎԱՆՔ Սուրբ Ստեփաննոս. շինուած է Սուրբ Գրիգոր վանքի արեւելեան կողմում, խիստ մօտ. միեւնոյն ձեւով, ոճով եւ ճաշակով: Փոքրիկ, գեղեցկագոյն եւ ուշագրաւ վանքս ունի չորս փոքր եւ մի աւագ խորան, երկու խորհրդարան, ինն լուսամուտ, մի կաթուղիկէ, մի դուռն արեւմտեան կողմից, 6 մետր 38 սանթիմ երկարութիւն, 5 մետր 80 սանթիմ լայնութիւն: Կաթուղիկէին վերայ. «՚ի թվ. ՈՂԳ. իշխանութեան Իւանէի եւ առաջնորդութեան Խաչատուր վարդապետի ես Խալթ որդի Հարբայ շինեցի զեկեղեցիս վասն իմ հոգւոյս փրկութեան. եւ ամէնայն միաբանքս զյայտնութեան ճրագալուցին ժամն ինձ հրամայեցին եւ զզատիկն որ անխափան առնեն. կատարիչք գրոյս աւրհնին յԱստուծոյ»:

Հարաւային որմի վերայ արտաքուստ. «Ի թուին Հայոց ՌՃ….. աց Շահ Սուլէմանին որդոյ փոքր Շահ Ապասին եւ տէ… Ս. իշխանին եւ մէլիքութեան պարոն Շահնազարին եւ ՚ի հայրապետ.. Ջուղայեցւոյ եւ առաջնորդութեամբ Սուրբ ուխտիս Յակովբայ եպիսկոպոս.. տէր Պետրոս աշակերտի նորին. ողորմութեամբ Աստուծոյ մեք յետինքս ՚ի կրօնից Թիփլիզեցի հոգեջան որդիքս Պարոս, Մխիթարս, Սափարս եւ Զալիս եւ որդիքն տէր Գասպարն, Հոգեջանն, Բաղդասարն եւ Մելքոնն զմեր հոգոյ արդեամբքն նորոգեցաք զՍուրբ Ստեփաննոս, որ յոյժ խախտեալ էր` վասն փրկութեան հոգւոց մերոց եւ երկարութեան կենաց որդոց մերոց. եւ միաբանք սորա հաստատեցին յայտնութեան եւ յարու-թեան պատարագն զմեզ յիշատակել եւ մեք խոստացաք, որ զկանթեղ սորին միշտ ՚ի վառ պահել որդէց որդի, կատարողքն օրհնին յԱստուծոյ. ամէն»:

Սեղանատուն

Շինուած է Մեծ Վանքի փլած գաւթի հիւսիսարեւմտեան կողմում տաշուած չիչ քարով երկու սիւների եւ տասներկու կիսասիւների վերայ, այնպէս որ առաստաղն ունի չորս-չորս խաչաձեւ կապուած կամարներ, երկու երդիկ, երկու լուսամուտ, մի դուռն, 23 մետր երկարութիւն, 10 մետր լայնութիւն.

  Հարաւային դրան վերայ .

«Ի թվ. ՈՂԷ. յառաջնորդութեան Յովհաննէսի վարդապետի շինեալ…… [4] »:

  Հարկ է յայտնել, որ քանդուած խախտուած են վանքերիս սալկախներն եւ տեղ-տեղ որմերից քարեր: Բոլոր վանքերի շրջապատում կան գերեզմաններ: Վանքս ունեցած է եւ շրջապարիսպ, որ այժմ իսպառ աւերուած է, եւ միաբանից սենեակներ, որք հասած են եղել քայքայեալ դրութեան: Մօտ տասն տարի է, որ արժանապատիւ Պօղոս վարդապետ Մարգարեանցն արիւն-քըրտինք թափելով ճգնում է պայծառացնել վաներս: Նորոգել տուած է մի քանի խուցեր, որոց առջեւ տեսլեամբ գտած է մի պղնձեայ ահագին կաթսայ, ապա փորելով գետինը հանած է նոյն կաթսայն եւ ղրկած Մայր աթոռի Սուրբ Էջմիածնի տաճարի պահարան, որ ունի ձուլածոյ շինուածք 21 փութ եւ 26 ֆունտ ծանրութիւն, երեք հնաձեւ ոտք, չորս ամուր կանթեր եւ այս արձանագրութիւնը. «՚Ի թ. ՈՁԱ. ես Զոսիմա քահանայ մեղապարտ անձամբ ստացա զքոբս յարդեանց իմոց. միաբանքս էտուն ինձ ՚ի տարին Ա. ժամ Գորգա (Գէորգայ) զաւրավարի տաւնին»: Կաթսայի հետ գտած է նաեւ մի զանգակ, որ ունի 2 փութ 2 ֆունտ ծանրութիւն: Արժանապատիւ հայր-սուրբն, մաքառելով ամէն տեսակ նեղութեանց, աղքատութեանց եւ թշուառ-ութեանց հետ, պահպանում է վանքերս եւ ցարդ հազիւ կարողացած է վանքապատկան անել 5000 օրավար հողերից միայն 1105 օրավար (դեսեատին) հող, եւ այս եւս տակաւին վճռուած չէ վերջնականապէս:

Վանքերս, իւրեանց արեւմտեան կողմում, ունին կալ, քարուկիր մարագ, կալապան եւ ահագին ցորենահոր. ունին նաեւ վարելահող, անտառ, խոտահարք, թոնրատուն, ջրաղաց, գոմ եւ անասուն: Այս ամէնի վերակենդանութիւնը պարտական ենք Պօղոս հայր-սրբին:

Վանքիս արեւելեան կողմում կայ երեք քարուկիր մատուռ:

Կիսաւեր է Ա. մատուռն, որ շինուած է մի միապաղաղ քարի վերայ:

Բ. Մատուռն փոքրիկ է եւ ունի գաւիթ:

Գ. Մատրան, որ նոյնպէս ունի գաւիթ, փլած է թաղն: Երեւի թէ յատուկ դամբարաններ եղած են մատուռներս, որոց գաւիթներում եւ շրջապատում կան գերեզմաններ: Շատ հեռի չեն վանքերիս քարահանքերն:

Վանքերիս շրջապատներում

ԽԱԶԻՆԱ ՔԱՐ. վիմահերձ ապառաժ քարայր, որ գտնւում է վանուցս հիւսիսարեւմտեան կողմում: Վիմահերձս իւր հիւսիսային կողմով ունեցած է միայն մի դժուարատար մուտք, որ աւերուելով ժամանակի մաշիչ բռնութիւնից, այժմ եղած է անմատչելի: Աւանդաբար ասում են, թէ վանքիս գանձն պահուած է քարայրումս: Մի քանի տարի առաջ Լօռիցի ոմն երիտասարդ Դալլաք-Յովսէփ անուն կտրում է երկար եւ բազմաճղի ծառեր, շարում քերձի ճակատին, բարձրանալով վերելակ ճղներով մտնում ներս եւ տեսնում, որ Խազինաքար ասուածն ոչ այլ ինչ է, եթէ ոչ մի քարայր, որի առաջի բաց կողմը քարուկիր պատով պատած են ժամանակաւ եւ ձեւացրած մի փոքրիկ բերդակ: Նոյն դալլաքն (սափրիչ) հանած է այրիս միջից գորգի, կարպետի եւ այլ բրդեղէն կարասեաց փտած մանրուքներ: Քարայրիս վերեւում քերձի գլխին կայ մի խորագոյն հոր, որի բերանի լայնութիւնն մօտ մի մետր է: Շատերն կարծում են, թէ հորս հաղորդակցութիւն ունի քարայրին հետ եւ գուցէ մի ժամանակ հորովս ել եւ էջ արած լինին մարդիկ:

ՄԵԾ ԱՂԲԻՒՐ. Քարայրիս ստորոտից բղխում է յորդառատ ակն, որ բանեցնում է երկու ջրաղաց:

ԱՆՅԱՅՏԱՑԱԾ ՋԵՐՄՈՒԿ. Պատմում են, թէ տաք ջուր եղած է վանուցս արեւմտեան կողմում. բայց վանքերս անմարդաբնակ մնալուց յետոյ` բնակում են սրբավայրերումս մահմետականներ, որք անյայտացնում են տաք ջուրս` կարծելով թէ ջրին պատճառաւ քրիստոնեայք շինութիւններ կը շինեն ջրին մօտ եւ իւրեանց ձեռքերից կը խլուին շատ բարիքներ: Մի քանի տարի առաջ մի խոզարած տեսնում է որ իւր խոզերից մին ընկաւ մի փոքրիկ լճակի մէջ, իսկոյն աղիողորմ խանչեց խոզն եւ առժամայն թափուեցան խոզին մազերն: Խոզարածն փորձելու համար ձեռնը մօտեցնում է ջրին եւ իսկոյն զգում, որ սարսափելի տաք է այն: Խոզարածս խոստանում է ցոյց տալ լճակը արժ. Պօղոս վարդապետին, բայց անսպասելի մահուամբ վախճանւում է եւ վերստին անյայտ մնում ջերմկի տեղն:

ԱՒԵՐԱԿ ՀԱՂԱՐԾԻՆ ԳԻՒՂ. Վանքերիցս քառորդ մղոնաչափ վար, ճանապարհի վերայ, Հաղարծին վտակի ձախ ափին է գիւղի աւերակն, ուր կայ եւ հանգստարան եւ կործանեալ եկեղեցի:

Բ. ՆՈՐ-ՇԱՐԽԱՉ ԳԻՒՂ. Հիմնուած է Հաղարծին աւերակից մղոնաչափ վար` Աղստեւ գետակի ձախ ափի լանջի վերայ. բնակիչք նախ Ջրարբերդի գիւղերից տեղափոխուած են Հաչա-ջուր, ապա ՆՈՐ-ՇԱՐԽԱՉ գիւղս. հողն` արքունի եւ սակաւ արդիւնաբեր. տեղական բերքերն` նոյն. բարեխառն` օդն, կլիման, եւ անվնաս ջուրն. երկար կեանք` 80-90 տարի. եկեղեցին` Սուրբ Աստուածածին, ծածքն` փայտաշէն, քահանայ` մի:

Ծուխ 55, ար. 504, իգ. 483.

Հախկախլու կոչուած տեղում, որ բաւական վար է Նոր-ՇարԽաչից, կայ աւերակ գիւղատեղի, կանգուն մատուռ եւ հանգստարան. այժմ մահմետականաբնակ է:

Գ. ՔՐԴԵՒԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Կայէնի [5]  լեռնաբազուկների  մէկի հարաւահայեաց լանջի վերայ, բնակչիք նախ Արցախի գաւառներից տեղափոխուած են Սեւ-քար գիւղն, ապա այստեղ. հողն` արքունի, հացատու, բայց բազմիցս կարկտահար. տեղական բերքերն` նոյն. գերազանց` օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք` 110 տարի, եկեղեցին` Սուրբ Աստուածածին:

Ծուխ 32, ար. 255. իգ. 233.

Դ. ԹԱԼԱ ԳԻՒՂ. Շինուած է Աղստեւ գետակի ձախ կողմում, մի սարի ստորոտում. բնակիչք տեղափոխուած են Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից. հողն` արքունի. տեղական բերքերն` նոյն, օդն, կլիման եւ ջուրն` անվնաս, երկար կեանք` 80 տարի, եկեղեցին` Սուրբ Նշան. ծածքն` փայտաշէն, քահանայ` մի:

Ծուխ 40, ար. 268, իգ. 230.

Ե. ԽԱՒԱՐԱՁՈՐ շէն (Ղարանլուղ դերէ). Հիմնուած է նոյն սարի հիւսիսային կողմի խոր ձորի բերանի հովտում, բնակիչք տեղափոխուած Արցախի նոյն գաւառներից. հողն` արքունի, տեղական բերքերն` խաղող. թութ, ոչխար, տաւար, խոզ. վատառողջ` օդն եւ կլիման, երկար կեանք` 55-60 տարի, եկեղեցին` Սուրբ Աստուածածին, ծածքն` փայտաշէն, քահանան գալիս է Հաչա-ջրից:

Ծուխ 15, ար. 82, իգ. 67.

Զ. ՆԵՐՔԻՆ-ԱՂԴԱՆ ՇԷՆ. Հիմնուած է Աղստեւ գետի ձախ կողմում. խճուղու գլխին. բնակիչք փոքր մասամբ բնիկ. հողն` արքունի եւ նուազ բարեբեր, տեղական բերքերն` նոյն, վնասակար` ամրան օդն եւ կլիման. երկար կեանք` 54 տարի. եկեղեցին` Սուրբ Աստուածածին. քահանան գալիս է Թալայից:

Ծուխ 20, ար. 127, իգ. 100.

Է. ՆՈՐ-ՀԱՉԱ-ՋՈՒՐ ԳԻՒՂ (Աչա-սու) Հիմնարկուած է նոյն գետի ձախ կողմում, երկու առուակների մէջ. բնակչաց մեծ մասն բնիկ, իսկ փոքր մասն տեղափոխուած Արցախի յիշեալ գաւառներից. հողն` արքունի եւ բարեբեր, գինեւէտ եւ ուրեք ջրարբի. տեղական բերքերն` նոյն, բարեխառն` օդն եւ կլիման, պատուական` ջուրն, երկար կեանք` 80-85 տարի, եկեղեցին` Սուրբ Աստուածածին. նորաշէն, կառուցեալ չորս սիւների վերայ. երկարութիւնն 21 մետր 40 սանթիմ, լայնութիւնն 13 մետր 25 սանթիմ. քահանայ` երկու: Եկեղեցումս կայ մի ձեռագիր յայսմաւուրք, բայց թափուած են թերթեր, պակասաւոր է, եւ անյայտ գրողի անունն եւն:

Ծուխ 151, ար. 1007, իգ. 890.

Նահատակ. անունն անյայտ ուխտատեղիս գտնւում է գիւղիս հիւսիսային կողմում մի բարձրակատար սարի վերայ. անտաշ քարով շինուած քարուկիր մատուռ է, որ ունի սքանչելի տեսարան:

Սուրբ Յովհաննէս. Քարուկիր մատուռ, ուխտատեղի գիւղիս արեւմտեան կողմում, որի մօտ կայ հանգստարան:

Հին-Հաչա ջուր. Գիւղիցս վերեւ, ջրաձորի ձախ կողմում, Մակարայ վանքի հիւսիսային հանդէպ, ուր կայ գիւղատեղին եւ հանգստարանն:

 

ՄԱԿԱՐԱՅ ՎԱՆՔ (64)

  Հիմնուած է Հին-Հաչա-ջրի հարաւային հանդէպ, մի գեղեցիկ եւ բարձրահայեաց սարահարթի վերայ:

Ա. Հին-Վանք Սուրբ Աստուածածին ամէնից առաջ շինուած կիսատաշ քարերով, խաչաձեւ, որ ունի չորս փոքր, մի աւագ խորան, վեց լուսամուտ, մի դուռն, 11 մետր երկարութիւն, 8 մետր 10 սանթիմ լայնութիւն եւ մի գաւիթ իւր արեւմտեան կողմին կից, որ կառուցեալ է չորս սիւների եւ տասն կիսասիւների վերայ: Մէջ տեղում չորս կամարների վերայ եղած է մի հրաշալի գաւիթ, որ խոնարհած է այժմ: Միապաղաղ են եւ բոլորշի տաշուած սիւներն [6] եւ կիսասիւներն, որք ունին եւ գեղեցիկ պատուանդաններ եւ խոյակներ: Գաւիթս իւր հարաւային կողմում ունի երկու փոքր խորան իրարու վերայ. հիանալի է քանդակագործ սանդուղն, որ տանում է վերին խորանն. իսկ իւր հիւսիսային կողմում ունի մի մեծ սենեակ, որ եղած է մասնատուն (նշխար գործելու տեղ). որի մէջ կայ վառարան (բուխարի): Գաւիթս ունի նաեւ դուռն հարաւային եւ արեւմտեան կողմերից, վեց լուսամուտ. 14 մետր 10 սանթիմ երկարութիւն եւ նոյնչափ լայնութիւն:

  Գաւթիս դրան սեմի վերայ.

«ՈՂ. թիւս Թամելս մեծ յուսով միաբանեցայ Աստուածածնիս եւ ետու (զարդիւնս) յուսովն աստուծոյ»:

Սորանից ներքեւ. «Ես Սերոբ եւ Թոմա քահանայք եւ եղբարք զմեր հոգոյ արդիւնս տուաք ի Սուրբ Աստուածածինս. հայրս Յովհաննէս եւ միաբանքս ետուն մեզ Բ. պատարագ Թոմային ի տաւնի Անտոնի. որ խափանէ, մեր մեղացն պարտական է եւ դատի յԱստուծոյ թվ. ՉԲ. »:

Բ. ՆՈՐ-ՎԱՆՔ. Շինուած է ամբողջապէս սրբատաշ պղնձագոյն քարով կից հին վանքին եւ գաւթին խաչաձեւ, չորս բարձրակառոյց կամարների վերայ. բայց խոնարհուած է այժմ սորա կաթուղիկէն: Վանքս, որ շինուած է Գանձասարի ճաշակով, ոճով եւ ճարտարապետութեամբ, ունի եօթն փոքր եւ մի աւագ խորան, տասն եւ մի լուսամուտ (երեքն կլորակ է), երկու խորհրդարան, երկու դուռն` հիւսիսից եւ արեւմուտքից. 15 մետր 30 սանթիմ երկարութիւն եւ 11 մետր 10 սանթիմ լայնութիւն: Աւագ խորանի կլորակի վերայ շինուած է տասներեք հատ ամէնափոքր, բայց ամէնագեղեցիկ խորաններ, որպիսին տեսանք միայն Խորանաշատ վանքի աւագ խորանում: Վերին փոքր խորանների մուտքն բացուած է աւագ խորանի միջով: Հրաշալի եւ ուշագրաւ է բեմի ժողովրդահայեաց ճակատն, որ շինուած է գոյնզգոյն քարերով եւ զարմանազան նրբաքանդակ նախշերով:

Հարաւային փոքր խորանի դրան վերայ.

«Կամաւն Աստուծոյ ես Դաւիթ առաջնորդ Սուրբ ուխտիս կամակցութեամբ եղբարցս գրեցաք զՏեառն ընդառաջ աւրն զամէն եկեղեցիքս, որ Վահրամա լինի պատարագ, որչափ ի շինութեան է Սուրբ ուխտս, ով խափանէ…»:

  Հարաւային որմի վերայ, ներքուստ, նոյն խորանի մօտ.

  «Անուամբն Աստուծոյ այս մեր գիր է Դաւթի եւ այլ միաբանացս որ գրեցաք վասն Յովսէփայ, որ ետ ոսկի ՚ի գին եկեղեցւոյս եւ մեք տուաք Ա. պատարագ ի տաւնի քառասնիցն»:

Արեւմտեան լուսամտից վերեւ, արտաքուստ.

«Տէր Յիսուս Քրիստոս ողորմեա' Իւան Շահին եւ ամուսնոյն ՈՂԲ. »:

Արտաքուստ հարաւ. որմի վերայ, արեւի ժամացոյցի տակ.

«Յուսով Աստուծոյ ես Յովանէս քահանայ էտու զիմ հոգոյ արդիւնս եւ գնեցի յԱրտաւազայ իւր ամէն որդեանցն զայգին եւ ընծայեցի Աստուածածնիս. Յովանէս առաջնորդ եւ միաբանքս էտուն Բ. ժամ ՚ի տաւնի աշխարհամատրան. Ա. ժամ ինձ եւ Ա. ժամ իմ մաւրն Զուղին. ով զայգին խափանէ, ՅԺԸ. հարապետացն անիծած է թվ. ՉԹ. »:

Գ. ՓՈՔՐ ՄԱՏՈՒՌ. շինուած է վանքերիս արեւելեան կողմում եւ ունի սոյն արձանագրութիւնը «Ի թուին ՈԽԷ. Հայ (ոց) ես յամէնայնի մեղապարտս Յովհանէս` ամէն միաբան եղբարցս կամակցութեամբ եւ ձեռնտուութեամբ` զեկեղեցիս` յիմ ծնողացն եւ եղբարցն, որ այժմ ննջեցեալ են, յանուն շինեցի Վասակայ, Շուշկանն, Հասանա եւ Վաչէի, եւ խնդրեմ մեծ յուսով եւ հաւատով եւ զԱստուածածին եւ զՔրիստոսի չարչարանսն բարեխաւս ունիմ, որ յետ իմ սպասաւորին տեղոյս, զի զատկի աւրն նոցա արասցեն ժամ, որ խափանէ, նզով առցէ. կատարիչքն աւրհնին յաստուծոյ»:

Այժմ աւերուած են վանուցս շրջապարիսպն եւ միաբանից սենեակներն եւ խուցերն եւ տեղ-տեղ թափուած վանքերի սալկախներիցն եւ որմերից քարեր: Գերեզմաններ կան գաւիթներում, վանքերիս արեւմտեան կողմերում եւ դռների առաջ:

Հարկ է յայտնել, որ Բ. վանքի արեւելեան արտաքին որմի վերայ կայ մի երկար արձանա- գրութիւն, որի մէջ յիշուած է միայն Մակարայ վանք անունն: Անմարդաբնակ են վանքերս:

ՀԻՆ ՊԻՊԻՍ ԳԻՒՂ. Այժմ աւերակ գիւղ, Սուրբ Աստուածածին անուամբ կանգուն մատուռ եւ հանգստարան վանքերիս հարաւային կողմում:

ԶՈՅԱՄԻՇԻ ԽԱՉ. Մակարայ վանքից վար, ճանապարհի հարաւային կողմում (եւ Հաչա-ջրից վերեւ) գիւղատեղի, հանգստարան եւ փոքր եկեղեցի Սուրբ Աստուածածին անուն:

Ը. ՍԵՒ ՔԱՐ ԳԻՒՂ. Հիմնուած է Հաչա-ջրի հիւսիսարեւմտեան կողմում, մի հովտի մէջ. բնակիչք տեղափոխուած են Կիւլստան եւ Ջրաբերդ գաւառներից, հողն` արքունի, ջուրն` սակաւ, տեղական բերքերն` նոյն, պատուական` օդն. կլիման եւ ջուրն, երկար կեանք` 90-95 տարի, եկեղեցին` Սուրբ Պետրոս, ծածքն` փայտաշէն, քահանայ` երկու: Եկեղեցումս կայ երկու ձեռագիր աւետարան, որք պակասաւորք են եւ չունին յիշատակարան:

Ծուխ 175, ար. 1306, իգ. 1116.

Թ. ՆՈՐԱԳԵՂ. Սռի գեղ կամ Ղլիջ-քեանդ. Հիմնուած է մի սեռի վերայ Սեւ-քարի հիւսիսային կողմում, բնակիչք` բնիկ, հողն` արքունի, անջրդի եւ միջակ արդիւնաբեր, տեղական բերքերն` նոյն, բարեխառն` օդն եւ կլիման, պակաս` ջուրն, երկար կեանք` 80-85 տարի, եկեղեցին` Սուրբ Յովհաննէս, ծածքն` փայտաշէն. քահանայ` մի:

Ծուխ 77, ար. 411, իգ. 342.

Ժ. ՄԷԼԻՔ-ԳԻՒՂ. Հիմնուած է մի տեսարանաւոր հարթի վերայ. Սռի գիւղի արեւմտա-հիւսիս կողմում. բնակիչք` բնիկ. հողն` արքունի, անջրդի. միջակ արդիւնաւէտ. տեղական բերքերն` նոյն, պատուական` օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք` 90-100 տարի. եկեղեցին` Սուրբ Յովհաննէս. ծածքն` փայտաշէն, քահանայ` մի:

Ծուխ 38, ար. 262, իգ. 175.

ԺԱ. ՆՈՐ-ՊԻՊԻՍ կամ Ջողազ. հիմնուած է Ոսկեպար [7] (ըստ տաճկ. Ասկի փարա) վտակի աջ կողմի բարձրութեան վերայ. բնակիչք` բնիկ, հողն` կիսով չափ արքունի, տեղական բերքերն` նոյն. անախորժ` ամրան օդն, կլիման եւ ջուրն, եւ տենդաբեր, երկար կեանք` 50 տարի, եկեղեցին` Սուրբ Գէորգ. ծածքն` փայտաշէն. քահանան գալիս է Մէլիք գիւղից:

  Ծուխ 35, ար. 177, իգ. 174.

ԺԲ. ՆՈՐ-ԿՈՒՆԷՆ ԳԻՒՂ. Հիմնուած է Նոր-Պիպիսի արեւմտեան կողմում այն սեռի վերայ, որ ընկած է Ոսկեպար վտակի եւ Կունէն առուակի մէջ. բնակիչք գաղթած Երեւանի Նորք եւ Կողթ կամ Շամշատին գաւառի Կռզեն գիւղերից. հողն` կիսով չափ արքունի. տեղական բերքերն` նոյն, օդն կլիման եւ ջուրն` ոչ այնքան գովելի, երկար կեանք` 60-70 տարի, եկեղեցին` Սուրբ Երրորդութիւն, քահանան գալիս է Ոսկեպար գիւղից:

Ծուխ 34, ար. 185, իգ. 156.

Սուրբ Աստուածածին մատուռ. Գիւղիցս վերեւ Կունէն [8] առուակի աջ ափի բարձրութեան վերայ. շինուած անտաշ քարով մի կամարի վերայ: Դրան գլխի քարին վերայ. «Թվին ՌՃԽԴ ես Մէլիք-Շահնազարս… ամուսին Խանզատէն շինեցինք Սուրբ Աստուածածին ձեռամբ Յակոբին»: Մեծ հանգստարան շրջապատած է մատրանս շուրջն:

Հին Կունէն աւերակ, որ կայ մատրանս հիւսիսարեւմտեան հանդէպ, առուի ձախ ափին:

 

ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔ [9]

Հին-Կունէնից փոքր-ինչ վերեւ, նոյն առուակի ձախ կողմում մի լեռնաբազկի վերայ: Հիմնուած է չորս կամարների վերայ, որ ունի մի աւագ խորան (առանց փոքր խորանի), չորս լուսամուտ, երկու խորհրդարան, մի կաթուղիկէ, մի դուռն արեւմտեան կողմից, 10 մետր 25 սանթիմ երկարութիւն, 7 մետր 45 սանթիմ լայնութիւն: Որմերի ներսի երեսներն շինուած են անտաշ. իսկ դրսի երեսներն` սրբատաշ քարով: Մենաստանս ունի եւ գաւիթ, որ կից է իւր արեւմտեան կողմին, կառուցեալ ութ կիսասիւների վերայ, երկարութիւն (հիւսիսից հարաւ) 10 մետր 40 սանթիմ, լայնութիւն 9 մետր 50 սանթիմ: Գաւթիս դրնագլուխ քարի վերայ. «Ի թվին ՈՂԴ. կամաւ բարերարին Աստուծոյ եւ ողորմութեամբ` Աթաբագ ամիր սպասալար Խութլու փուղին ես Գրիգոր թոռն Խաչենիսենց ապաւինեցայ Սուրբ առաքելոյս իմ հալալ արդեամբ եւ բնակիչք Սուրբ ուխտիս ետուն Բ. պատարագ ՚ի տաւնի Սուրբ Գրիգորի գիւտի նշխարացն. կատարիչքն աւրհնին Աստուծոյ եւ խափանողքն դատին ՚ի Տէր»:

Արտաքուստ տաճարիս հարաւային որմի տակ կայ մի նշանաւոր խաչարձան, որի երկարութիւնն 2 մետր 50 սանթիմ է (առանց պատուանդանում զետեղուած մասին), լայնութունն 1 մետր 10 սանթիմ: Խաչարձանիս վերին մասումն քանդակուած է Յիսուս Քրիստոսի պատկերն [10], որը բռնուած են երկու հրեշտակներ: Իսկ Յիսուս Քրիստոս բռնած է իւր ձեռքում մի թուղթ, որի վերայ քանդակուած է.

«Ես եմ լոյս աշխարհի…. » Իսկ ստորին մասում.

«Ով քառաթեւ Սուրբ պանծալի,

Փրկագործող մարդկան ազգի,

Տեսիլ փառաց անճառելի,

Գերապայծառ եւ սխրալի,

Յորժամ փայլես ընդ ամպս երկնի,

Լե'ր բարեխաւս Տեառն Յիսուսի,

Կարապետին քո աւգնողի,

Ալմկանին իւր կենակցի,

Եւ զաւակացն գովելի,

Համայն ազգացն, որ ի կամս Հաւր ննջեցին»:

Խաչարձանիս վերայ փորագրուած են նաեւ ուրիշ խօսքեր աւելի խոշոր գրերով, սակայն անընթեռնելի են, քանզի եղծուած են:

Մենաստանս ունի ամրոցի նման ամուր պարիսպ` շինուած լեռնաբազկի դիրքով, որ ձգուած է գրեթէ հիւսիսից հարաւ եւ ունի հաստատուն եւ բարձր բուրգեր: Պարսպի ներսում կան միաբանից խուցեր, պալատանման բնակարաններ, սենեակներ եւ գոմեր: Վանքիս արեւելան կողմում, հովտի մէջ կայ գիւղատեղի, ձիթհանքեր եւ հին շինութիւններ: Իսկ հարաւարեւմտեան կողմում, ձորի միւս լանջի վերայ, հանգստարան եւ մի քառաթեւ եւ բարձր խաչ, որպիսին տեսանք Խամշի վանքի մօտ:

Կերանց վանք.

Հիմնուած է Առաքելոց վանքից բաւական վերեւ` նոյն վտակի ձախ ափի մօտ: Տաշուած մոխրագոյն քարով շինուած են դռներն եւ հիմքից բարձր երկու շար քարերով շրջապատն. իսկ մնացեալ բոլոր մասերն շինուած են թրծեալ աղիւսով: Մենաստանս կառուցէալ է երկու սիւների եւ երկու կիսասիւների վերայ, խաչաձեւ է ներքուստ, բայց եկեղեցու ձեւ ունի արտաքուստ: Ունի երկու փոքր եւ մի աւագ խորան, երկու խորհրդարան, երկու դուռն հարաւից, արեւմուտքից ութ նեղ եւ երկար լուսամուտ, մի բարձրագոյն եւ գեղեցիկ կաթուղիկէ [11]. 17 մետր 60 սանթիմ երկարութիւն, 12 մետր 15 սանթիմ լայնութիւն: Բարձրում նկարուած են սրբոց պատկերներ, բայց ոչ հայկական ճաշակով եւ ոճով, այլ` յունական. սակայն պատկերների ստորոտում կան հայերէն գրեր, զորս անհնարին եղաւ մեզ կարդալ խիստ հեռաւորութեան պատճառաւ: Հիւսիսային փոքր խորանի միջից կայ մի վերելակ, նեղ եւ մութ սանդուղ, որ տանում է մի գաղտնի պահարան: Բեմի դասահայեաց ճակատն չէ շինուած աղիւսով, այլ` քարերով, որոց վերայ կան նրբագործ քանդակներ, ծաղիկներ եւ նախշեր. գեղեցկաքանդակ են եւ դռների սեմերն:

  Մենաստանս ունի երկու գաւիթ. արեւմտեան դրան վերայ եղած գաւիթն շինուած է տաճարիս լայնութեան չափով. իսկ հարաւային դրան վերայ եղածն` ըստ երկարութեան: Տաճարիս հիւսիսային կողման կից կայ մի մատուռ, որի ստորին մասն շինուած է քարով, իսկ վերնամասն` աղիւսով: Տաճարիս արեւմտեան գաւթից մի քանի քայլ դէպի արեւմուտք, երեք կամարի վերայ շինուած է մի ընդարձակ շինութիւն, որ ունի երկու դուռն արեւելքից եւ արեւմուտքից: Կարծում ենք, թէ սեղանատուն է այս կամ ուսումնարան:

Տաճարս ունեցած է քառակուսի ձեւով շրջապարիսպ, որ սկսուած է սեղանատուն կարծ-  ւած շինութեան հիւսիսային ժայռից, պատած հարաւային եւ արեւելքից հասցրած նոյն ապառաժ ժայռի ծայրին, որ քանդուած է արդէն: Ունեցած է եւ սենեակներ եւ խուցեր, որք աւերուած են այժմ: Տաճարիս հարաւային եւ արեւելեան արտաքին որմերի տակերն լի են գերեզմաններով:

Պարսպի շուրջն լի է տնատեղի բակերով. իսկ գիւղիս հանգստարանն գտնւում է հիւսիսային հանդէպ եղած մօտ բլրակի վերայ:

 

Դեղձնուտի վանք

Հիմնուած է Կերանց վանքի հարաւարեւելեան կողմի անտառապատ լեռների մէջ: Հարաւային կողմից միանում է Կունէն վտակի մի այլ առուակ, որի ջրաձորի արեւմտեան կողմում բաւական վերեւ շինուած է Դեղձնուտ անուն վանքն` Դեղձնուտ կոչուած տեղում: Վանքս ամբողջապէս շինուած է սրբատաշ քարով, որ գրեթէ ունի Մակարայ վանքի մեծութիւնը եւ մի գաւիթ, որ շինուած է շատ յետոյ: Տաճարս ունի երկու փոքր եւ մի աւագ խորան, երկու խորհրդարան, մի դուռն արեւմտեան կողմից: Գաւթումս ամփոփուած են մի քանի ննջեցեալներ, սակայն աւելի ուշագրաւ են երկու գեղեցկաքանդակ խաչարձաններն, որոց գեղարուեստի նրբագործութիւնն ներկայացնում է ժամանակին ճարտարապետութեան արտափայլումը: Հարկ է յայտնել, թէ խախտուած է վանքիս գաւիթն, որի մօտերքում կան գերեզմաններ:

Սամսոնի վանք. Կառուցեալ է Խնձորկուտի ջրաձորում, մի տափարակ տեղում, անտաշ քարով: Փոքր վանքս, որ ներսից խաչաձեւ է, ունի կաթուղիկէ, աւերակ խուցեր եւ հանգստարան:

ԺԳ. ՆՈՐ-ՈՍԿԵՊԱՐ (Աքսիպար). Հիմնուած է Կունէն գիւղի հիւսիս-արեւմտեան կողմում Ոսկեպար վտակի աջ կողմի բարձրութեան վերայ, բնակիչք` բնիկ, հողն` արքունի, տեղական բերքերն` նոյն, ոչ այնքան գովելի օդն եւ կլիման ամրան, երկար կեանք `75 տարի, եկեղեցին` Սուրբ Աստուածածին, ծածքն` փայտաշէն, քահանայ` մի:

Ծուխ 35, ար. 172,. իգ. 121.

ՀԻՆ. ՈՍԿԵՊԱՐ. Ընդարձակ աւերակ, Նոր-ին հանդէպ, վտակի ձախ կողմումն, որի մէջ կայ կիսաւեր մեծ եկեղեցի եւ հանգստարան, բաղանիս եւ փլատակների տակ ծածկուած շէնքեր: Փորուածքներից գտնում են ոսկեղէն, արծաթեղէն եւ պղնձեղէն զարդեր եւ անօթներ եւ երկաթեայ խոփ, ձեւիչ, ճամբարակ: Այստեղից փոխադրուած են Նոր-Ոսկեպարի բնակիչներն. բայց այժմ թրքաբնակ է աւերակս:

ԱՇՏԱՐԱԿ. Աւերակ Ոսկեպարիցս վերեւ կայ մի քարուկիր բարձր աշտարակ նոյն վտակի ձախ կողմում, որը անուանում են Ղըզ-Ղալա: Մի դիտարան է այս:

ՋՈԽՏԱԿ ԵԿԵՂԵՑԻ. Մօտ մղոնաչափ վերեւ կայ աւերակ հայկական գիւղ. հանգստարան եւ երկու մօտ առ մօտ կիսաւեր եկեղեցիներ: Ահա այս է նոյն անունը կրող աւերակն, որ այժմ թրքաբնակ է:

Աւերակ գիւղատեղի, հանգստարան եւ եկեղեցի կայ Նոր-Ոսկեպարի հիւսիսային հանդէպ` վտակի ձախ կողմում:

ԺԴ. ԲԱՂԱՆԻՍ ԳԻՒՂ. Հիմնուած է այն լեռնաշղթայի հարաւահայեաց լանջի վերայ, որ սկսուած է արեւմտեան լեռներից, անցած Ճչեվանք, Բաղանիս եւ Ղոշղոթան գիւղերի հիւսիսային կողմով դէպի Գաւարզին: Բնակիչք` բնիկ, հողն` արքունի, տեղական բերքերն` նոյն, բարեխառն` օդն եւ կլիման, երկար կեանք` 85 տարի, եկեղեցին` փայտաշէն եւ վնասուած, քահանան գալիս է Ղոշղոթան գիւղից, որ խիստ մօտ է:

Ծուխ 47, ար. 239, իգ. 183.

ԺԵ. ՂՈՇՂՈԹԱՆ ԳԻՒՂ. Հիմնուած Բաղանիսի հիւսիսարեւելեան կողմում. բնակիչք` բնիկ, հողն` արքունի, տեղական բերքերն` նոյն, պատուական` օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք` 100 տարի, եկեղեցին` Սուրբ Յովհաննէս, ծածքն` փայտաշէն, քահանայ` երկու:

Ծուխ 89, ար. 575, իգ. 450.

ԺԶ. ՃՉԵՎԱՆՔ ՇԷՆ. Բաղանիսից վերեւ մի անտառապատ ձորի ձախ լանջի վերայ. բնակիչք` տեղափոխուած են այստեղ Ջալու եւ Հաղբատ գիւղերից. հողն` արքունի, տեղական բերքերն` նոյն. պատուական` օդն, կլիման եւ ջուրն, եկեղեցին` նորաշէն Սուրբ Աստուածածին, քահանան գալիս է Պարանայ գիւղից.

Ծուխ 17, (արականք եւ իգականք հաշուած են Ղոշղոթանի վերայ)

 

Դվեղայ Սուրբ Սարգիս վանք.

Հիմնարկուած է մի անտառապատ եւ խոր ձորի աջ լանջի հարթակի վերայ, որի հիւսիսային կողմն վիմահերձ ապառաժ է: Մենաստանս շինուած է ամբողջապէս սրբատաշ քարով, բայց եկեղեցու ձեւով եւ ունի երկու փոքր, մի աւագ խորան, մի առանձին եւս հիւսիսային որմի մէջ, մի դուռն հարաւային կողմից, մի քանի լուսամուտ, մի զանգակատուն, որ բազմած է աւագ խորանի գլխին, 11 մետր 80 սանթիմ երկարութիւն, 7 մետր 80 սանթիմ լայնութիւն: Հնաշէն են աւագ խորանն եւ հիւսիսային երկու խորաններն, իսկ նորոգուած են մնացեալ բոլոր մասերն:

Հարաւային կամարի վերայ. «Շինեցաւ յատակս Սուրբ սեղանոյս արդեամբ Խաչատուր եւ Դարչօ Հախվերտեանցի»: Դրան ճակատին.

«Ողորմութեամբն Աստուծոյ շինեցաւ եկեղեցիս յանուն սրբոյն Սարգսի տրովք բարեպաշտից, ջանիւք եւ վերակացութեամբ տփխիսեցի Եսայեան Նուրենց, զոր յիշատակէ Տէր յաւուրն վերջին: Հիմնարկեցաւ ՚ի 1845 եւ աւարտեցաւ 1849 ամի Տեառն»:

Վանքիս հիւսիսային կողմում կայ մի մատուռ Սուրբ Կիւրակէ անուն: Մատրանս հիւսիսային խոր ձորում ժայռից բղխում է մի պատուական ջուր, որը անուանում են Օրհնած աղբիւր: Ոմանք թիփլիզեցիք շինած են վանքիս մօտ մի քանի սենեակներ, ուխտի օրերն են ամէն զատկին. մեծ բազմութիւն է լինում այստեղ ուխտաւորաց:

ԺԷ. ՆՈՐ-ՊԱՐԱՆ կամ ԱՊԱՐԱՆ գիւղ. Շինուած է Սուրբ Սարգսի արեւմտեան հիւսիսային կողմում մի ջրաձորի արեւելահայեաց լանջի վերայ. ամբողջ ձորն զարդարուած է այգիներով, բնակիչք տեղափոխուած են այստեղ Ապարանից, վասնորոյ եւ պահած իւրեանց նախկին բնակավայրի անունը` Ապարան, որը կրճատելով կոչած են Պարան: Հողն` արքունի, լեռնային, սակաւ, բայց արդիւնաւէտ, տեղական բերքերն` նոյն, օդն, կլիման եւ ջուրն` գովելի, երկար կեանք` 100 տարի, եկեղեցին` Սուրբ Սարգիս. ծածքն` փայտաշէն, քահանայ` երեք:

Ծուխ. 95, ար. 573, իգ. 441.

Աւերակ գիւղ, հանգստարան եւ եկեղեցի կայ Հին-Պարանում, որ գիւղիցս վերեւ է եւ Մըկնաձորում: Իսկ Պղնձահանք, որ կայ Միսխանա կոչուած տեղում, աւելի վերեւ է Հին-Պարանայ աւերակից:

ԺԸ. ՆՈՐ-ԿՈՂԲ ԳԻՒՂ. Շինուած է Պարանայի արեւմտեան կողմում (խիստ մօտ) մի ջրաձորի արեւմտահայեաց լանջի վերայ, բնակիչք տեղափոխուած են Արարատեան նահանգի Կողբ գիւղիցն, վասն որոյ պահած են միեւնոյն գիւղանունը, բարբառը եւ սովորութիւնները. հողն` արքունի, տեղական բերքերն` նոյն, գովելի` օդն եւ կլիման, բայց ոչ` ջուրն, երկար կեանք` 100 տարի, եկեղեցին` Սուրբ Աստուածածին, հոյակապ, կառուցեալ վեց միապաղաղ սիւների վերայ, երկարութիւնն 22 մետր 35 սանթիմ, լայնութիւն` 13 մետր 5 սանթիմ, քահանայ` երկու: Եկեղեցումս կայ մի գրչագիր աւետարան, որ պակասաւոր, անպատկեր եւ թղթեայ է, որը գրած է Սարկաւագ Նասիպն Դիզակ գաւառին Տագ գիւղումն Հայոց ՌԺԲ. թուին:

Ծուխ 160, ար. 979, իգ. 814.

Միդասեան ուսումնարան, որ ունի գեղեցիկ շինութիւն, յարմար դասարաններ եւ սոյն արձանագրութիւնը. «Կանգնեցաւ ուսումնարանական շինութիւնս ՚ի սեպհական տեղոջն սեպհական արդեամբ կամ ծախիւք Կողպա բնակիչք պ. Բէկլարի եւ որդոց նորա Սարգսի եւ Մարտիրոսի Տէր-Բարսեղեանց ի յիշատակ նոցա եւ որդոց նոցա ի թուականին Փրկչին 1892-ին եւ Հայոց ՌՅԽԱ. »:

Աշակերտք 30. համարեայ թէ ամէնքն եւս ձրիավարժ են. տարեկան վարժապետին 250 րուբլի:

Սուրբ Աստուածածին մատուռ. Գիւղիս հին հանգստարանում սրբատաշ մոխրագոյն քարով շինուած է կիսաւեր մատուռս, որի վերայ. «Ես Ասլան եւ Սար… զերկն խաչին ղ… յեկեղեցիս եւ տվաք Ե.. Սուրբ Աստուածածին Բ. աւր ժամ.. տարումն կարգեցաք լոյս.. Ագիզին եւ Արետեղին. ով այլ հակառակեսցէ, Կայենին եւ Յուդային մասն ժառանգեսցէ»:

Մատրանս մօտ (արեւելեան կողմում) մի խաչարձանի վերայ.

«Ի թւիս ՈՂԳ. ես Սարգիս քահանայ կանգնեցի զխաչս ի յիշատակ ինձ եւ որդոց իմոց Եպիփանայ. Եփրեմի եւ եղբարց Ունծ Ալէքսիոսի, Իգնատիոսի եւ հաւրեղբաւր իմոյ Ոհանին, արդ որք երկրպագէք, յիշեսջիք զմեզ առ Քրիստոս»: Շարայարուած է. «ԶԱբէլ եւ տէր Աւագ կազմող խաչիս յիշեցէք ի Տէր»:

Սուրբ Նշան ուխտատեղի. Գտնւում է գիւղիս հարաւային կողմի բարձրագոյն սարի արեւմտահայեաց սեռի վերայ, փայտաշէն է, որի մէջ մի կիսատ խաչքարի վերայ. «Ես Բենիամին վարդապետ Հայոց արարի յիշատակ ինձ Սուրբ զբեմս, որ է հիմն հաւատոյ եւ պատ- ւանդան Սուրբ Նշանիս տեղի աղաւթից երթեւեկաց եւ յոյս, որ գնան արդարութեամբ յերկրի»: Այլ քարի վերայ. «Յանուն սրբոյն Գիսայ (գուցէ Սարգիսայ) ես հայր Գրիգոր կանգնեցի նշանս Քրիստոսի աւգնական մեր ի Տէր եւ որք Տեառն են»:

 

ՍՈՒՐԲ ԱՍՏՈՒԱԾԱԾՆԱՅ ՎԱՆՔ (65)

  Սուրբ Նշանից փոքր-ինչ վերեւ մի զմայլելի սարահարթի վերայ կառուցեալ է վանքս համակ սրբատաշ, սպիտակ, տորոնագոյն եւ երկնագոյն քարերով մի կամարի վերայ, որ ունի չորս փոքր եւ մի աւագ խորան, երկու խորհրդարան, չորս լուսամուտ, մի դուռն, 12 մետր երկարութիւն եւ 8 մետր լայնութիւն: Հիանալի քանդակներով զարդարուած են բեմի եւ խորհրդարանների քարերն:

Դրան գլխի քարի վերայ.

«Ես Ռըստակէս եւ այլ միաբանքս հաստատեցաք ՚ի տարին Բ. ժամ. Ա. Աբեսալայ, Ա. Աղըզին ՚ի տաւնի քառասնից, որ խափանէ մեր մեղացս տէր է առաջի Աստուծոյ»:

Տաճարիս արեւմտեան կողմին կից է քառակամար եւ գեղեցիկ գաւիթ, որ կանգնած է երկու միապաղաղ սիւների եւ վեց կիսասիւների վերայ: Գաւիթս ունի երկու փոքր խորան, երկու գեղեցկաքանդակ խաչարձան, երեք լուսամուտ, մի դուռն, 14 մետր 85 սանթիմ երկարութիւն, 13 մետր լայնութիւն:

Հարաւային խորանի վերայ. «Տէր աստուած ողորմեայ Ազատին եւ իւր ծնողացն ամէն ՈՂԶ. » Հար. խաչարձանի վերայ. «Տէր Աստուած ողորմի Աւմ Տողմիշին, Դաւփին, Խոյտանին»:

Հիւսիսային խաչարձանի վերայ. «Տէր ողորմեայ Թաշտին եւ իւր ծնողաց, որ զխաչս կանգնեաց ՚ի թվիս հայոց ՉԽ. »: Գաւթիս յատակն լի է տապանաքարերով, որք են գերեզման եպիսկոպոսաց եւ վարդապետաց:

Տաճարիս հարաւային որմի վերայ արտաքուստ արեւի ժամացոյց. «՚Ի թուակ ԷՃԲ. (ՉԲ. ) ես Վասակ, Սիսխաթունս էգի ետու Աստուածածնիս. Ռըստակէս եւ միաբանքս տվաք Գ. ժամ աւետեացն տաւնին. ով զիրուր տայ (խառնէ), յԱստուծոյ անիծած եղեցի»:

Վանքիս արեւելեան կողմում (արտաքուստ) ընկած է մի կոտրած տափակ քար, որի վերայ գծուած է տասն եւ ինն կարակնաձեւ գծեր, որոց մէջ գրուած են հայոց թուեր-ա. բ. գ. դ. ե. զ. եւն. թուերն նման են տարեգրի, վերադրի, եօթներեակի. երեւի թէ դաս տալու համար շինուած է: Քարիս ստորոտում քանդակուած է.

«Շարադրութիւն Գրիգորոյ»: Շատ ջանացի ընդօրինակել նոյնութեամբ, բայց որովհետեւ եղծուած են շատ գրեր, վասնորոյ թողի ակամայից եւ հեռացայ: Վանքիս շուրջն լի է գերեզմաններով, այստեղ կայ եւ գիւղատեղի, որ կոչւում է Վանք: Անյայտ են միաբանից խուցերի տեղերն:

Վանքիս արեւմտահիւսիս կողմում. քարընկէց հեռի կայ մի մատուռ, որ շինուած է սրբատաշ քարով, իսկ հարաւարեւելեան կողմում փայտաշէն ծածքով Բարձրեալ անուն այլ մատուռ:

Անշարժ խաչարձան. Վանքիս աղբիւրից վերեւ, քարահանքում վանքաշէն վարպետներն տաշած են քարահանքի ճակատը, նախ շինած մի մեծ խոնչայ եւ ապա խոնչայիս մէջ մի հիանալի խաչարձան:

Հին-Կողբ. աւերակ գիւղատեղի, կիսաւեր եկեղեցի եւ հին հանգստարան, որք կան Նոր-Կողբից վերեւ համանուն վտակի աջ կողմում:

Տւարայ եղցի. աւերակ գիւղատեղի, հանգստարան եւ կիսաւեր ընդարձակ եկեղեցի, Հին-Կողբից մօտ քառորդ մղոն վերեւ նոյն ջրաձորի ձախ ափի վերայ:

Մխիթար վարդապետի մատուռ. Նոր-Կողբի այգիների գլխին, ջրի ձախ ափին, ծածքն փայտաշէն մատուռ, որի մէջ ամփոփուած են երկու վարդապետի եւ երկու քահանայի մարմիններ:

Սուրբ Առաքել. Գիւղիս արեւմտահիւսիս հանդէպ սարի վերայ քարուկիր մատուռ, որից մնում են միայն չորս պատերն. որի մօտ կայ գիւղատեղի եւ հանգստարան:

Ամուրիներ (Ազափլար). մատրանս հարաւային կողմի բարձրութեան վերայ` խաչարձաններով գերեզմաններ, որոց մասին աւանդաբար ասում են. թէ երեսուն հայ ամուրի երիտասարդներ քաջութեամբ պատերազմում են լեկզիների հետ եւ յաղթում նոցա հրոսակներին, բայց յետոյ նահատակւում են օժանդակ եկած լեկզիներից եւ ամփոփւում են իւրեանց ընկած տեղերում եւ խաչեր կանգնում գերեզմանների վերայ եւ անուանում Ամուրիներ:

Վարդի գիւղ. Գիւղիս արեւմտեան կողմում աւերակ գիւղատեղի, հանգստարան եւ եկեղեցի, որից մնում են չորս պատերն եւ վէմ քարն: Հանգստարանումս կայ Սուրբ Գէորգ անուն մի մատուռ:

Բարսում գիւղատեղի, հանգստարան եւ մի մատուռ, որի միջի գերեզմանը անուանում են Բարսում Ճգնաւոր:

ԺԹ. ՇԷՆ կամ ՇԻՆՈՂ գիւղ. Հիմնուած է Ձորագետի աջ կողմի բարձրութեան վերայ եւ բաժանուած երկու թաղի:

Հիւսիսային թաղն արդէն եղած է բերդաթաղում, որի շրջապատն անմատչելի վիմահերձեր են. այս բերդիս հիւսիսային կողմով հոսում է Ձորագետն, արեւմտեան` Շինող գետակն, հարաւային` աղբիւրաջրեր, արեւելեան կողմն պարսպուած է վաղուց, որ ունի եւ ամուր բուրգեր, այնպէս որ բերդավայրն բարձրացած է իւր չորս կողմի ձորերից: Ամրոցս ունի երկու մուտք` արեւելեան եւ հարաւային, առաջի մուտքով ել եւ մուտք են անում սայլեր եւ անասուններ, իսկ երկրորդով ընդանիք ջուր են բերում աղբիւրներից, քանզի նեղ, զառիվայր եւ դժուարատար է: Բոլորովին հարթ է բերդիս մակերեւոյթն, որ ունի բաւական մեծութիւն եւ գեղեցիկ տեսարան: Եկեղեցին` Սուրբ Գէորգ [12] նորաշէն, հոյակապ, որ ունի 16 մետր 30 սանթիմ երկարութիւն, 9 մետր 82 սանթիմ լայնութիւն, քահանայ` մի: Բարեկրօն Ալեքսան քահանայի մօտ կայ մի ձեռագիր շարական, գրուած թղթի վերայ փոքրադիր: Յիշատակարանից.

«Արդ եղեւ աւարտ գրչութեան.. ի շրջակայութեան Հայկազեան տումարի հազար հարիւր եւ չորս ամի ՚ի դառն եւ ամբարի, վշտաշատ ժամանակի, որ երերուր եւ տատանեալ ազգս Հայոց ՚ի ձեռն այլազգեաց եւ անօրինաց եւ յանիրաւ պահանջողաց, ի հայրապետութեան տեառն Պետրոսի նորընծայ եւ սրբազան կաթուղիկոսի եւ առաքելական աթոռ սորին Գանձասար կոչի եւ ՚ի խանութեան երկրիս մերում Մուրթուզա խանին ՚ի Սուրբ եւ ՚ի գերահռչակ ուխտիս որ կոչի.. Չարեքայ անապատ… բայց եղեւ սկսանել շարականոցիս ՚ի երկրին մերում Վերին Զակամ ՚ի հայրենական գեօղն իմ անուն Պապաջան եւ այժմ օտարացեալ եւ փախուցեալ կամ ՚ի երկիրս. զոր ՚ի վերոյ գրեցաք, ՚ի գիւղս որ կոչի Խաւունիս, որ եղեւ աւարտ շարականոցիս, զի ՚ի շէնս այս կայ պատւա-կան Ջուխտակ եկեղեցիս [13] Գրեցաւ ձեռամբ ամէնամեղ գրչի Աւետիս անպիտանի քահանայ կոչի»:

Հարաւային թաղն կոչւում է Նորաշէն, որի բնակիչներն մօտ քառասուն տարի առաջ հատուածելով Շնողից հիմնարկուած են բերդի հարաւային հանդէպ: Թաղս եւս ունի իւր յատուկ եկեղեցին Սուրբ Սարգիս, հոյակապ կանգնեալ չորս սիւների վերայ, քահանայ` երկու: Երկու թաղերիս բնակիչներն եւս գաղթած են Արցախի մէլիքների գաւառներից, հողն` արքունի եւ նուազ արդիւնաբեր, տեղական բերքերն` նոյն, բարեխառն` օդն եւ կլիման, պատուական` ջուրն. 85-90 տարի երկար կեանք: Երկու թաղերում միասին:

Ծուխ 197, ար. 961, իգ. 826.

Ղարախանի հանգստարան (Նորաշէնի արեւմտեան կողմում, որի մէջ կայ մինչեւ 900 տարուայ խաչարձան եւ իւր մօտ գիւղատեղի եւ աւերակ եկեղեցի:

Բուրայ եղծի. որ կայ Ղարախանի հանգստարանի հարաւային կողմում, որի մէջ տարին մի անգամ պատարագ են մատուցանում Բուրայ քահանայի տօնին, որի մարմինն ըստ աւանդութեան ամփոփուած է եկեղեցումս, որ նորոգուած է:

Շինու Սարկաւագ. մի աւերակ մատուռ, որ կայ Բուրայ եկեղեցու արեւմտեան կողմում: Աւանդաբար ասում են. «Մատրանս մէջ ամփոփուած է Շինու սարկաւագի մարմինն»: Ուխտատեղի են երկոցունց գերեզմաններն եւս -քահանային եւ սարկաւագիս:

Ակեղցու ղաշ. Ղարաքեօթիւկ, Թեղուտ եւ Ձորագեղ կոչուած տեղերում եւս կան աւերակ գիւղեր, եկեղեցիներ եւ հանգստարաններ:

Մանստեւի վանք. Ձորագեղից հարաւ, Շինող վտակի վերայ սրբատաշ քարով շինուած վանք, որի տանեաց վերայ դրուած է մի խոյ (քարեայ արձան), որի գլուխն երեւում է արեւելեան կողմում. իսկ դմակն` արեւմտեան կողմում: Մենաստանս ունի միաբանից խուցեր եւ հանգստարան:

Ի. Արճէշ գիւղ. Հիմնուած է Շինողի կամ Շինու արեւելան կողմում, մի գեղեցիկ տեսարան ունեցող լանջի վերայ, բնակիչք տեղափոխուած են Շինող գիւղից. հողն` արքունի. տեղական բերքերն` նոյն, գովելի` օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք` 100 տարի. եկեղեցին` Սուրբ Յակովբ. ծածքն փայտաշէն, քահանայ` մի, որի մօտ կայ մի ձեռագիր Նարեկ, բայց սկզբից եւ վերջից թափուած են թերթեր:

Ծուխ 61, ար. 234, իգ. 202.

Սուրբ Յակովբ մատուռ. այս է նախկին բնակչաց փոքր եկեղեցին, գիւղիս վերին կողմին մօտ:

Ուղտըքամակ կոչուած ձորում, որ կայ գիւղիս արեւելեան կողմում, կայ գիւղատեղի, հանգստարան եւ աւերակ մատուռ:

Ճգնաւորի գերեզման. գիւղիս հարաւային կողմում կայ մի հին եկեղեցի, որի շուրջն լի է հին ամփոփեալներով, որոց մէջ կայ ճգնաւորի գերեզման անուն մի հանգիստ, որը այնքան յարգում է ժողովուրդն, մինչեւ անգամ զգուշանում է երդուել նոյն գերեզմանով:

ԻԱ. Լճկաձոր շէն. Հիմնուած է Արճէշի արեւելեան եւ Ձորագետի աջ կողմում մի հիւսիսահայեաց խոր ձորի մէջ. բնակիչք նախ Խոյից գաղթած են Ուլաշլու, որ մօտ է Բօրչալու կոչուած բերդին, ապա տեղափոխուած Թարգեւին [14], ապա` Ճալու եւ հուսկ, յետոյ` Լճկաձոր, հողն` արքունի, անվնաս` օդն, կլիման եւ ջուրն. եկեղեցին` նորաշէն եւ կիսատ, քահանան գալիս է Արճէշից:

  Շինումս կայ 12 ծուխ, որք արականով եւ իգականով հաշուած են Արճէշի ծխաթւոյն հետ:

ԻԲ. ԲԵՐԴԱ-ԳԻՒՂ (Ղալաչայ) Շինուած է Կողբ գիւղից փոքր-ինչ վար նոյնանուն վտակի աջ ափում: Բաժանուած է երկու թաղի` Արեւելեան եւ Արեւմտեան թաղ. բնակիչք` բնիկ, հողն` արքունի եւ բարեբեր (առատ են այգիներն), տեղական բերքերն` նոյն, ամրան ճնշիչ ձորի օդն ու կլիման, երկար կեանք` 60 տարի. արեւելեան թաղի եկեղեցին` Սուրբ Գէորգ, քարուկիր. արեւմտեան` Աստուածածին, ծածքն` փայտաշէն. քահանայ` մի:

Ծուխ 160, ար. 614, իգ. 461.

Օդարկու (Քեաքլիկ) գիւղիս հիւսիսային կողմում մի ձուաձեւ, բարձր եւ գեղեցիկ բլուր, որի գագաթի վերայ կայ մի աւերակ մատուռ Սուրբ Աստուածածին անուն, որի մօտ կայ մի մոխրատանձի:

Զուլոյի գերեզման (Խազնադաշ). Օդարկուի արեւմտեան կողմում, մի ձորի արեւելեան լանջին վերայ է աւերակ գիւղն, իսկ նոյն ձորի արեւմտեան կողմում, ճանապարհի տակին է խաչարձաններով զարդարուած հանգստարան, որի մէջ եւ Զլոյի գերեզմանն: Մերձաբնակ մահմետականներն ջարդած են գեղեցկաքանդակ խաչարձաններից շատերն:

Ղեասի գիւղատեղի. Զլոյի գերեզմանի արեւմտեան կողմում, խոր ձորի ձախ լանջի վերայ է այս գիւղատեղին, հանգստարանն, աւերակ եկեղեցին եւ նշանաւոր ջուր ունեցող աղբիւրն:

ԻԳ. ԴՎԵՂ կամ ԴՈՎԵՂ գիւղ. Շինուած է Դվեղայ Սուրբ Սարգիս վանքից վար, նոյն ձորի ձախ լանջի վերայ. բնակիչք տեղափոխուած են Բերդագիւղից, հողն` արքունի, տեղական բերքերն` նոյն, բարեխառն` օդն, կլիման, երկար կեանք` 85 տարի, եկեղեցին` Սուրբ Սարգիս, նորաշէն, ծածքն` փայտաշէն, քահանան գալիս է Պարանից:

Ծուխ 30 Բերդագեղի վերայ հաշիւ արուած է ծխաթիւ եւ գլխաթիւերն:

ԻԴ. ԴՈՍՏԼՈՒ ԳԵՂ. Շինուած է Դվեղի արեւելեան կողմում, նոյն սարի հիւսիսահայեաց լանջի վերայ. բնակիչք` բնիկ. հողն` արքունի, լեռնային, անվնաս` օդն եւ կլիման. երկար կեանք` 75-80 տարի, եկեղեցին` Սուրբ Գէորգ. ծածքն` փայտաշէն, քահանայ` մի:

Ծուխ 72 ար. 322, իգ. 301.

Ամէնափրկիչ կամ բարձրեալ. Մին հին, խարխուլ, քարուկիր մատուռ. որ կայ գիւղիս արեւմտեան կողմում:

ԻԵ. ԿՈԹԻ ԳԻՒՂ. Շինուած է մի խոր եւ լայնագոգ ձորում Գագայ Սուրբ Սարգսի արեւ-   մտեան կողմում. բնակիչք` բնիկ. հողն` արքունի, տեղական բերքերն` նոյն. պատուական` օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք` 100 տարի, եկեղեցին` Սուրբ Աստուածածին, ծածքն փայտաշէն. քահանայ` երկու. «Այս Աստուածածին եկեղեցին յիշատակ է Կոթի գիւղայ հասարակութեան 1850 ամի»:

Ծուխ 200, ար. 961, իգ. 826.

Գիւղումս պ. Տէր-Սահակեանցի տան կայ երկու կոնդակ ուղարկուած Եփրեմ կաթուղիկոսից [15], որ արտայայտում է իւր շնորհակալութիւնը Սուրբ Էջմիածնի համար ղրկուած գորգերի մասին եւ օրհնում է ղրկողները:

Գիւղիս արեւմտեան կողմում, գիւղիցս Սուրբ Սարգիս վանքն տանող ճանապարհի վերայ կայ մարդաչափ բարձրութեամբ մի արձան, որ խիստ հին է: Մարդարձանս, որ ներկայացնում է մի երիտասարդի հայկական տիպը, կերպարանքը, զգեստը, գուցէ դարերով ծածկուած է լինում բարձրակոյտ հողերի տակ: Ոմն երիտասարդ քանիցս երազում տեսնելով, որ ոմն անծանօթ անձն հրամայում է քանդել եւ փորելով երեւան հանել մարդարձանը: Ահա այսպէս գտնուած է: Չեմ կարող վճռաբար ասել, թէ որ դարու գործ է այս. բայց կարող եմ վստահութեամբ ասել, թէ խիստ հին է ըստ երեւոյթին:

 

Գաւառիս բերդերն

  Ա. Շար-խաչ. Գիւղի հիւսիսարեւմտեան կողմում, մեծ քերծից վար կայ մի հին եւ փոքր բերդ, որի արեւելեան եւ հարաւային կողմերն վիմահերձ ժայռեր են, իսկ մնացեալ կողմերն պարսպուած են քարուկիր պատով: Այժմ շատ տեղեր քայքայուած են պարսպիցն:

Բ. ՄԱՆԹԱՇ ՂԱԼԱ. «Ղըզղալայի հանդէպ ճանապարհի Աղստեւ գետի միւս (ձախ) կողմի լերանց շղթայումը գտնւում է Մանթաշ Ղալան. մի սուր-սուր ժայռի գագաթին: Թէպէտ նրան շատ մօտենալը հեշտ է եւ չէ ներկայացնում առանձին դժուարութիւն, բայց նոյնիսկ գագաթին մօտ նոյնպէս դժուար է բարձրանալ: Մանթաշ Ղալայի շինութիւնների թիւն աւելի փոքր է եւ աւելի աւերակ, այնպէս որ այնտեղ ոչինչ շինութիւն չկայ ամբողջ մնացած, ինչպէս Ղըզղալայում: Աւերակների միւս մանրամասնութիւնները ներկայացնում են միեւնոյն դրութիւնը` ինչ որ Ղըզղալայինը: Այդ երկու ղալաների Աղստափայ գետի ափին.. գտնւում է մի փոքրիկ աւերակ քարուկրից շինած, որ, ինչպէս պատմում են տեղացիք, բաղնիք է եղել : Այն կղզին… այժմ եւս կոչւում է «Համամի ճալա», այսինքն` բաղնիքի կղզի [16]:

  Ղզղալայի, Մանթաշղալայի եւ աւերակ բաղնիքի մասին ժողովրդեան մէջ մնացել է նոցա մէջ ընդհանրացած աւանդութիւն: Ասում են.. Եղել է մի հերոսուհի գեղեցիկ աղջիկ, որ ունեցել է իր զօրքը: Շատ իշխաններով գրաւուելով նորա գեղեցկութիւնից` ցանկացել են ամուսնանալ նորա վերայ, բայց նա մերժել է բոլորի առաջարկութիւնը, կամէնալով կոյս մնալ: Երբ ոչինչ միջոցով հնար չէ եղել համոզել նորան, այն ժամանակ այդ բախտախնդիր իշխանները կամեցել են ուժով տիրանալ նորան: Իշխանուհի հերոսը իւր կուսութիւնը պահպանելու համար ժողովում է իւր ձեռքի տակի եղած մարդկանց եւ զօրք կազմելով.. շինելով Ղզղալա ամրոցը, ապահովութիւն գտանում այդտեղ: Նորա վերայ սիրահարուած իշխաններից աւելի զօրեղը եւ համարձակը.. չէ կամէնում ձեռնաթող անել իւր սիրոյ առարկան: Աղջկայ քաջագործութիւններն աւելի եւ աւելի վառում են Մանթաշի սրտումը սիրոյ կայծը եւ նա Ղզղալի հանդէպ շինում է Մանթաշ ղալէն եւ այնտեղից երբեմն-երբեմն յարձակմունքներ է անում Ղզղալի վերայ, ՚ի զուր է անցնում նորա ջանքը, միշտ յաղթող է հանդիսանում աղջիկը:

Վերջապէս մի անգամ աղջիկը իւր զօրքը տալիս է իւր զօրավարի ձեռքը եւ ուղարկում է Մանթաշ ղալի վերայ: Այդ կռւում, որ ինքն աղջիկը անձամբ չէ զօրավարում, յաղթւում է նորա զօրքը, եւ Մանթաշը դորանից յետոյ հեշտութեամբ կարողանում է ձեռք ձգել աղջկան: Դորանից յետոյ կայանում է նոցա մէջ հետեւեալ դաշը-որ նոցանից ամէն մինը կենայ առանձին իւր ղալայում, միայն ՚ի նշան բարեկամութեան շինում են գետի ափին վերոյիշեալ բաղանիքը, որ այդ լինի նոցա միմեանց այցելութեան տեղը: Դոցանից յետոյ, ասում են, նոքա երկու ժայռերի գագաթից նշաններով խօսում էին միմեանց հետ եւ արտայայտում իրանց մտքերը եւ սէրը [17]:

Գ. ՄԹՆԱՁՈՐ (Ղարանլուի դէրէ): Խորագոյն անտառապատ, հորիզոնն նեղ, սոսկալի ձոր, որի մէջ կան քարայրներ եւ պատսպարուելու տեղեր եւ պատուական ջուր: Այստեղ պատսպար- ւած են լեկզիների արշաւանաց ժամանակ շրջակայ գիւղերի բնակիչներն, ինչպէս պատմում են ծերունիք:

Դ. ԿԱՅԵՆԻ ԲԵՐԴ. Գտնւում է Մակարայ վանքից բաւական վերեւ Պայտաթափ (Նալթեօքան) սարի հարաւային կողմում: Առանձնացած է իւր չորս կողմերից բերդակիր սարս եւ անջըրպետուած ձորերով: Ահագին քարերով պարսպուած է սարիս գլուխն գագաթի դիրքով, բայց անպարիսպ են տեղ-տեղ վիմահերձերի գլուխներն: Բերդիս մակերեւոյթն թեքուած է դէպի արեւելահարաւ, որի մէջ երեւում են բնակարանների աւերակներն եւ կուտակ-կուտակ քարեր եւ տեղ-տեղ ջրաւազաններ, որն բերուած է արտաքուստ մօտակայ աղբիւրից: Աւերակ մատուռ. բերդիս հիւսիսային կողմում արտաքուստ, որի մէջ կայ չորս կտոր եղած խաչարձան:

Ե. ԲԵՐԴԱՔԱՐ. Գտնւում է Դեղձնուտի եւ Սամսոնի վանքերի մօտերքում, Խնձորկուտ անուանեալ ջրի աջ կողմում: Իւր շրջապատից առանձնացած եւ բարձրացած է Բերդաքարս, որի կատարի մեծութեան ծաւալն հազիւ լինի հինգ կալաչափ տեղի տարածութեան: Քարուկիր պատով պարսպուած է քարագլխի եզերքին: Ունի միայն մի դժուարատար, խիստ զառիվեր եւ միանգամայն վտանգաւոր կածան, որ առաջնորդում է դղեակն: Կայ յատուկ շինուած ջրաւազան, բայց ջուրն բերուած է ի պահանջել հարկին դղեակիս հարաւային եւ հիւսիսային ստորոտներում եղած աղբիւրներից:

Զ. ԳԱՒԱՐԶԻՆ ԱՄՐՈՑ. Ոսկեպար կամ Ջողազ վտակի ձախ կողմում արձանացած մի բարձր. միապաղաղ, գորշագոյն, զարմանալի եւ միանգամայն ահարկու ժայռ, որի արեւելեան ստորոտով շինած են հնուց պարիսպ, որի ներսի կողմում կան սենեակներ եւ խուցեր, որոնցից միոյն մէջ կայ ջրհոր եւ ջուր: Ժայռիս գագաթն բարձրանալու համար կայ միայն մի դժուարատար, սոսկալի, նեղ, չափազանց զառիվեր եւ միանգամայն վտանգաւոր կածան հիւսիսային կողմից: Գագաթն համարեա' թէ հարթակ է մօտ երկու կալաչափ, որի վերայ բուսած են թբլղի, հռմառկի թուփեր եւ բոշնի, ջաղանի եւ վայրի դեղձի ծառեր: Ահա այս է Գաւարզինբերդ հռչակուածն, որի վերայ երկու տեղ շինուած է վիմափոր ջրաւազան, ջուրն բերուած է յիշեալ ջրհորիցն:

Ժայռիս արեւմտեան կողմում, բաւական բարձր երեւում է մի մեծ ծակ, որի ետեւ, ասում են կայ մի մեծագոյն քարայր, որի ճանապարհն անյայտացած է այժմ: Երբեմն-երբեմն արծիւներն այրիցս հանում են գորգի եւ կարպետի փտած կտորներ եւ ձգում վար: Գաւարզնի հարաւարեւելեան կողմում, Ոսկեպար վտակի ափի վերայ Դամիրչիլար գիւղն, որի մօտ է մեծ հանգստարան եւ եկեղեցու աւերակն. բայց այժմ մահմետականաբնակ է գիւղս եւ այլ մի քանի գիւղեր, որք կանխաւ եղած են հայաբնակ եւ որք կան Դամիրչիլարիս շրջակայքում:

Է. ԳԱԳԱՅ ԲԵՐԴ (66) Կոթի գիւղի արեւելեան եւ Գաւարզնի հիւսիսարեւելեան կողմում առանձնացած է Գագ անուն մի սար, որի հարաւային, արեւելեան եւ հիւսիսային կողմերն դաշտալեզուներ են [18]: Գագ սարիս գագաթի եզերներով պարիսպ ձգուած է վաղուց եւ ձեւացրած մի անմատչելի բերդ, զի առանձնացած է սարս: Բաւական ամուր է բերդս, ափսո'ս, որ ջուր չունի իւր մէջ, վասն որոյ փորուած են մի քանի վիմափոր աւազաններ, որք բազմիցս լի են լինում անձրեւա-ջրով: Համարեա' թէ 20ից աւելի վիմափոր այրեր կան յատկապէս պատրաստուած, որք ի հնումն գուցէ ծառայած են իբրեւ զօրանոց, յորոց մի քանիսն ունին երդիկներ:

Գագայ վանք-Սուրբ Սարգիս. Բերդիս մէջ, սարիս ամէնաբարձր գագաթին վերայ, շատ վաղուց շինուած է սրբատաշ կաթնագոյն քարով մի քանի փոքր վանք: Ժամանակի երկարութիւնն մաշած լինելով վանքիս շինութիւնը` վասն որոյ քանիցս նորոգուած է: Սակայն վերջին անգամ վերանորոգած է վանքս Կոթի գիւղացի պ. Արզուման Խաչատրեան Տէր-Սարգսեանցն միեւնոյն գունով տաշուած քարով: Վանքիս ուխտագնացութեան ժամանակներն են Սուրբ Սարգսի եւ զատկի օրերն:

Վանքիս մօտ` նոյնպէս շինուած սրբատաշ քարով` կայ մի մատուռ Սուրբ Կիւրակէ անուն:

Ը. ԲԵՐԴԱՏԵՂ. Պարանայ եւ Կողբ գիւղերի միջեւ կայ այս անուն մի սար, որի կատարի վերայ նշմարւում է բերդի նշաններ: Վաղուց պարսպուած է եղել սարիս գլխի հարթակի շրջապատն, այժմ թէեւ աւերուած է պարիսպն, բայց ոչ հիմունքներն, որք դեռ մնում են հողի տակ: Փոքր է դղեկիս ծաւալն, այսու ամէնայնիւ պարսպին ներսից փորուած, գտած եւ հանած են մեծ-մեծ կարասներ, որք պահուած են եղել այստեղ իբրեւ պաշար ջրի, քանզի ջուր չկայ այստեղ: Բացի կարասներիցս դղեակիս արեւելեան կողմում կայ մի հոր, որ բաւական խոր է. կարծում ենք, որ այս եւս ջրի համար է:

Թ. Բերդագիւղի մօտ եղած Դղեակն, որ շինուած է գիւղիս արեւելեան թաղի հիւսիսային ծայրում մի բլրի վերայ: Դղեակս ունի քառակուսի ձեւ, աշտարակներով պարիսպ եւ մի փոքր դուռն, որ այժմ եւս կանգուն է եւ անվնաս:

Ժ. ՂԵԱՍԻ ԲԵՐԴ, որ Ղըզ-ղալա եւս է կոչւում. Ղեաս աւերակ գիւղի արեւմտեան եզրից բարձրացած է մի սար, որի երկարութիւնն ձգուած է արեւելքից արեւմուտք եւ բոլորովին առանձնացած: Ամրոցիս մուտքն արեւմտեան կողմից է, որ բարձրանում է սարի գլուխն, ուր կայ մի խաչարձան: Սարիս գլխի վերայ կայ երկու սարաբլուր, որք բարձրացած են ուղտի մէջքից բարձրացած աւելամսերի նման, բայց փոս մնացած է երկու սարաբլուրների մէջ տեղն: Ահա երկու բարձրութեանցս վերայ հիմնուած են երկու ամրագին դղեակներ: Առանց աշտարակների են պարիսպներն, որ տեղ-տեղ բոլորովին կանգուն են եւ տեղ-տեղ` կիսաւեր: Արեւմտեան դղեակն մեծ է քան արեւելեանն: Երկոցունց մէջ եւս չկայ ջուր, որը բերած են Ղեաս աւերակին մօտի պատուական աղբիւրիցն եւ ամբարած կարասներում:

Արեւելեան դղեակիս տակի արեւելեան բարձր քերծի մէջ կայ մի մեծագոյն քարայր, որ ունի նեղ, բայց երկար եւ բարձրագոյն դիրք: Քարայրիս առաջքը պատած են ժամանակաւ եւ ձեւացրած բերդակ. որի մուտքն բարձրանում է սանդղաձեւ աստիճաններով եւ մտնում քարայրս յատուկ շինուած դռնով: Քանի՜ ահարկու է այրիս արձագանքն, մանաւանդ խորքերում: Այստեղ եւս չկայ ջուր, բայց կան հացի տաշտերի նման աւազաններ: Այս եւս պատկանում է Ղեասին (Ղուկասին):

ԺԱ. Բերդն է Շինողն, որի մասին խօսած ենք:

ԺԱ. ԲՈՐՉԱԼՈՒ ԲԵՐԴ. Գտնւում է Խրամ եւ Ձորագետ ջրերի միախառնուած տեղից վերեւ, Ձորագետի աջ կողմում մի բլրի վերայ: Բերդիս հիմունքներն շինուած են քարուկիր, իսկ գետնից վերեւ` թրծեալ աղիւսով եւ կրաշաղախ ցեխով: Բերդս փոքր է, իւր ներսում ունի թաղակապ սենեակներ, բայց չունի ջուր: Սակայն բերդիս մօտ կայ մի փոքր լճակ, որից արտահոսում են երկու ջրաղաց դարձնելու չափ (վնասակար ղարասու) ջուր: Երեւի թէ ջրիցս գործածած են բերդումս, որ կիսաւեր է այժմ:

Հնարակերտ ամրոց. Կուր եւ Խրամ գետերի մէջ ընկած է մի շատ հին ամրոց, որի երկարութիւնն ձգուած է գրեթէ արեւմուտքից արեւելք: Բերդավայրի մեծ մասի մակերեւոյթն թեք-ւած է Կուր գետի կողմից դէպի Խրամն. իսկ ստորին մասինն` խոնարհուած է դէպի գետախառնուրդն: Բերդավայրիս երկու ջրերի մէջ մտած մասն ստացած է սուրանկիւն ձեւ, միջի մասն` լայն ձեւ եւ վերին մասն` նեղ ձեւ. քանզի Խրամն արմունկ տալով նեղացրած է այս մասը: Մակերեււյթի երկարութիւնն այժմ քառորդ մղոնաչափ է եւ լայնութիւնն` մի տասն եւ չորսերորդ մղոնաչափ: Հարկ է յայտնել, որ թէ' երկարութիւնից եւ թէ' լայնութիւնից շատ պակասեցրած են գետերն, մանաւանդ Խրամն, ինչպէս ակներեւ է: Գետից գետ փորուած լայն եւ խոր խրամով բաժան-ւած է երեք մասի. Ստորին Միջին եւ Վերին ամրոց: Միջավայրի բարձրութեան վերայ կրացեխով եւ թրծեալ աղիւսով շինուած է մի ամրոց, որ ունի չորս աշտարակ իւր չորս անկիւններում եւ 120 մետր շրջապատ (արտաքուստ չափերով): Կործանուած է այժմ ամրոցս` բայց դեռ մնում են աշտարակների մնացորդներն եւ պարսպի հետքերն: Ամրոցիս Կուրի գետահայեաց կողմերն յատուկ պատրաստուած այնպիսի լանջեր են, որից անհնար է թշնամւոյն բարձրանալ. երեւի թէ այսպէս պատրաստուած է եղել եւ Խրամահայեաց լանջերն, սակայն յորդած ժամանակ գետն երկար դարերի ընթացքում քանդած եւ տարած է:

Բոլոր բերդամասերի երեսներն լի են վաղեմի աղիւսների, յախճապակեայ անօթների, խեցեղէն կոպիտ եւ հաստ կարասների, սափորների եւ ամանների բեկորներով եւ շինութեանց հետքերով: Թուի, թէ ներկայ դարուս առաջին եւ երկրորդ քառորդում հերկած են ամրոցներիս մակերեւոյթը, մանաւանդ` վերնամասերն:

Երկու տեղ երեւում են հանգստարաններ. մին` ամրոցիս արեւմտեան կողմում, փոշտի հին ճանապարհի տակին, եւ միւսն` Խրամի ձախ ափերի վերայ: Մեր կարծիքով երկու հանգստարաններս միացած են եղել, այս է` Կոտրած կամրջի մօտից մինչեւ Կուրի հանդէպն ամփոփեալ են նընջեցեալներ, բայց տապանաքարերը տարած են եւ գործ դրած ուրիշ շինութեանց համար: Ի նկատի ունենալով այդ բոլոր յատկութիւնները, կարծում ենք, որ այս է Հնարակերտ ամրոցն (67):

Կոտրած-կամուրջ. Շինուած է Խրամի վերայ Նոր-կամրջից փոքր-ինչ վար: Տակաւին երեւում են Խրամի աջ ու ձախ ափերի վերայ ոտքերի անքակ մնացեալ մասերն:

Նոր-Կամուրջ. Հիմնուած է Կոտրածից փոքր-ինչ վերեւ, որ կառուցեալ է կրացեխով եւ թրծեալ աղիւսով եւ ունի չորս աչք. ամէնամեծն է հիւսիսային աչքն: Երկու եզերքների ոտքերի մէջ շինուած են երկու մեծ սենեակներ, իսկ մէջ տեղի մօտ, կամրջի երեսի արեւելեան կողմից կայ մի մուտք, որ սանդղներով իջնում է մի այլ սենեակ, որ շինուած է մի ոտքի մէջ: Երեւի թէ պահապանի տեղերն են սենեակներս: Կամրջիս երկարութիւնն է 160 մետր եւ լայնութիւնն` 7, որի երկու եզերքներով հաստատուած են երկաթեայ վանդակներ: Կամրջիս շինութիւնն թերեւս հին է, բայց նորոգութիւններ եղած են Ռուսաց երկրիս տիրելուց յետոյ:

 



[1] Արձանագրութիւնից երեւում է, որ Սուրբ Գրիգոր է անունը:

[2] Բեմի մէջ տեղից է խորանս բարձրանալու սանդուղն:

[3] Գովգան գետ Պարսից, որ այժմ կոչւում է Կզլ-Օզան եւ որ հոսում է Պարսկաստանի հիւսիսային կողմից եւ թափւում Կասպից ծովի մէջ (Թագ. ԺԷ. 6. եւ Ա. Մնաց. Ե. 26):

[4] Եղծուած են բոլոր կէտադրեալ բառերն:

[5] Հայերէն Կայէնի սար (տաճ. Դալի դաղ) է կոչւում լեռս, որ կայ Նոր-Շար-Խաչի հիւսիսային կողմում եւ ունի 8741 ոտք բարձրութիւն: Տէրն մի արասցէ, եթէ շրջակայ գաւառներումս կարկուտ իջնելու լինի, փորձով հաստատուած է, որ կարկուտն նախ գոյանում է սարիս վերայ դիզուած ամպերի բովի մէջ, թերեւս այս վատ յատկութեանց համար անուանած են ԿԱՅԷՆԻ ՍԱՐ:

[6] 2 մետր 71 սանթիմ է սիւների հաստութիւնն: 

[7] Վտակիս ջուրն միանում է Աղստեւին Ղազախ քաղաքի հանդէպ: Գիւղիս մօտ կայ մի ուխտատեղի Պիպիս կամ Ջողազ անուն. ուխտի օրն է զատիկ օրերն:

[8] Խառնւում է Ոսկեպարին:

[9] Հիւսիսային պատում կայ մի գաղտնի պահարան, որի ճանապարհն գաւթի տանեաց վերայովն է:

[10] Փորագրուած է պատկերիս կողքերով. «Բանն հաւր Բարձրեալ անսկզբնական Կարապետին լեր աւգնական»:

[11] Կաթուղիկէիս արտաքին երեսն շինուած է մանր եւ գոյնզգոյն եփած աղիւսներով:

[12] Բերդիս մէջ արեւմտեան կողմում կայ մի հին եկեղեցի, որ կանգուն է ամբողջութեամբ: Արեւելեան կողմում, արտաքոյ բերդին մի քարուկիր մատուռ Սուրբ Աստուածածին անուն, որի մօտ կայ եւ հանգստարան եւ քարայրներ, որք փոխուած են գոմերի: Իսկ բերդիս հիւսիսային քերծի քարայրներից ելնում է բորակ:

[13] Թերեւս ընթերցողն մտահան արած չէ Նոր-Գետաբակի արեւելեան հանդէպ եղած Ջուխտակ եկեդեցին, որի մօտ եղած աւերակն է Խավանիս գիւղն:

[14] Ձորագետի աջ կողմում են Ուլաշլու կամ Ղուշչինար, Թարգեվին, Ճալու աւերակ գիւղերն եւ հանգստարաններն: Թարգեին գիւղում մնում է կանգուն Սուրբ Նշան եկեղեցին:

[15] Սոյն երջանկայիշատակ կաթուղիկոսիս օծման հանդիսի առթիւ Կարբեցի Յովսէփ վարդապետ Մարուքեանցն 1824 նոեմ. 9-ին խօսած է մի ՃԱՌ, որով յայտնում է Հայաստանեայց Եկեղեցու ուրախութիւնը: Բնագիր ճառը յանձնեցի Մայր Աթոռոյս Ս. Էջմիածնիս մատենադարանին:

[16] Ճալա նշանակում է հովիտ եւ ոչ թէ` կղզի.

[17] Ղըզղալա եւ Մանթաշ ամրոցներիս մասին հանգուցեալ Մարտիրոսի գրածները ստացած եմ շնորհիւ իմ ազնիւ բարեկամ քահանայ Աղանեանցի նեղսակիր ջանից:

[18] Գարգարացւոց մեծ դաշտի շարունակութիւնիցն երկու դաշտալեզուներն եւս, յորոց մեծն ընկած է Գագ լեռնաշղթայիս եւ Կուր գետի աջ ափերի մէջ եւ հետզհետէ նեղանալով վերջացած Կոտրած-Կամրջի մօտ, իսկ փոքրն ընկած է նոյն Գագ սարի արեւմտաձիգ լեռնաշղթայի եւ Ոսկեպար վտակի մէջ եւ գամ քան զգամ սեղմուելով վերջանում Նոր-Պիպիս գիւղի մօտ: