Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

 

Փաթանողից իջանք Աւար-Ղոյսու գետի ձախ ափն եւ անցանք Դաթունա գիւղի գլխով: Համարեա թէ մի եւ կէս վերստ եւս յառաջ գնալով գիւղիցս նոյն պողոտայով, ապա ծռուեցանք աջ կռան վերայ եւ մի նեղուցով մտանք մի ձորի մէջ, որից հոսում է մի գետակ եւ թափւում Աւար-Ղոյսու գետի մէջ: 10 րոպէաչափ բարձրացանք մերթ գետակի միջով, մե'րթ` աջ եւ մե'րթ ձախ եզերքներով: Եւ ահա երեւացաւ մի թոնրաձեւ, բայց լայնագոգ եւ տափարակ տեղ, որի վերնակողմումն` մի եկեղեցի:

Փոքր է եկեղեցիս եւ հիմնուած մի մեծատարած եւ միապաղաղ սալ քարի վերայ: Տաշուած եւ տորոնագոյն քարերով շինուած են բոլոր անկիւնաքարերն, երկու դռներն (արեւմտեան եւ հարաւային կողմերից), չորս նեղ լուսամուտներն, ամբողջ խորանն, բեմն եւ չորս սագաձեւ կամարներն, որք հաստատուած են հարաւային եւ հիւսիսային որմերի մէջ` առանց սիւների: Իսկ մնացեալ մասերն շինուած են անտաշ քարերով: Խորանի աջ ու ձախ կողմերում կան գեղեցիկ խորհրդարաններ: Հարաւային խորհրդարանի վերեւից, որմի մէջ կայ մի գեղեցիկ, բայց գաղտնի պահարան: Խորանի կարակնաձեւ քարերին յարմարեցրած են մի փակակալ քարեայ դուռը, որը փակած ժամանակ բոլորովին անյայտանում է ծածկապահարանի գոյութիւնն, իսկ յայտնւում` բացած ժամանակ: Կասկած չկայ, որ գաղտնի դարանումս պահած են եկեղեցուս արծաթեղէն անօթները, զարդերը եւ զգեստները` գողութեան եւ յափշտակութեան վտանգներից ազատելու նախազգուշութեամբ: Եկեղեցիս ունեցած է եւ աւազան, եւ վարագուրի երկաթ, բայց յայտնի երեւում է, որ քանդուած է աւազանի կամարն եւ ծակուած պատն: Այժմ անյայտացած են ինչպէս աւազան քարն, նոյնպէս եւ վէմ եւ սեղան քարերն եւ վարագուրի երկաթն: Եղծուած են բեմի եւ այլ տեղերի օծեալ փոքրիկ խաչերն եւ արձանագրութիւնն. անեղծ մնացած է միայն խորանի վերնակամարի ճակատի խաչն: Տաճարիս յատակն լի է անասնոց աղբով, պատերն, կամարներն եւ ամբողջ թաղն` սեւացած ծխով: Երեւում է, որ հովիւներն ձմրան գիշերներում իւրեանց հօտն այստեղ մակաղած եւ կրակ վառած են, որով ծխոտուած եւ ունջակալած է ձեղունն: Ահա այս դրութեան մէջ է տաճարիս ներսի կողմն:

Արտաքուստ անխախտ է ամենայն ինչ բացի աւազանի քանդուած տեղիցն: Ամբողջապէս անխախտ մնում են սուրբ տանս տանեաց սալկախ քարերն, միայն տեղ-տեղ բուսած են խոտեր: Այնչափ ամուր է այս կրաշաղախ ցեխով շինուած եկեղեցին, մինչեւ անգամ կարծես թէ թափծու է, զի քարից աւելի քարացած է ցեխն: Ճարտարապետութեան ձեւից եւ շինութեան արտաքին նշաններից երեւում է, որ 500 տարուց աւելի չէ եկեղեցուս գոյութիւնն:

Գեղեցիկ գետակն կարկաչահոս շռշռում է եկեղեցու հիւսիսային կողմից, պատում արեւելեան կողմով, ապա հանդարտ հոսում հարաւային կողմից. վասն որոյ թերակղզի ձեւացած է տաճարիս տեղն:

Գետակի ձախ ափում` եկեղեցու հարաւային կողմում կայ մի աւերակ գիւղատեղի, որի մօտ եւ հանգստարան, բայց անարձանագիր են տապանաքարերն: Բոլորովին աւերուած են բնակարանների պատերից մի մասն, կիսաւեր` միւս մասն, բայց դեռ կանգուն` երրորդ մասն, որ դիմադրելով ժամանակի աւերիչ բռնութեանց դէմ, պահած է իւր գոյութիւնը: Հարկ է յայտնել, որ բոլորովին տարբերւում են աւերակիս պատերն լեռնաբնակ մահմեդականացս բնակարանների պատերի ձեւից. քանզի վերջնոցս բնակարանները շինուած են գետնի երեսին պարզ հողէ ցեխով, ինչպէս են Աղուանից դաշտի եւ Արարատեան նահանգի հայ բնակչաց այժմեան կամ հին տների որմերն: Գետնափոր եղած են եւ Փաթանողի բնակչաց բնակարանները: Որոշակի երեւում է աւերակիս բակերից եւ պատերից, որ խիտառխիտ շինուած են եղել տուներն կամ, լաւ եւս է ասել, եղած են պատկից: Հաշուելով բակերը` 80 գերդաստանից աւելի եղած լինելու չէ բնակչաց ծխաթիւը:

Ասես թէ ամենագէտ Նախախնամութիւնն առանձին խնամքով պատրաստած է այս տեղը` թշուառ հայ պանդուխտները պատսպարելու, սփոփելու եւ մխիթարելու սոյն խուժադուժ եւ բարբարոս լեռնականաց մէջ: Եկեղեցին եւ գիւղատեղին ամէն կողմերից շրջապատուած են անմերձենալի լեռներով եւ պարսպանման ժայռերով: Երեւի թէ ամրապնդուած է եղել եւ մուտքն` պատով եւ դռնով: Մշտադալար եւ անփութ գենի (գի) ծառերով զարդարուած են եկեղեցու եւ աւերակի շուրջը: Վճիտ գետակն, ջրվէժ կազմած, անցնում է գիւղի առջեւից, որ դարձրած է եւ ջրաղաց: Դալարազգեստ խոտերով եւ ծաղիկներով ծածկուած են գետակի աջ ու ձախ եզերքները: Պետրովսկից մինչեւ տաճարս մօտ 250 վերստ է մեր շրջած տեղերով, իսկ 200 վերստ` ուղղակի փոշտի ճանապարհով եւ Աւար-Ղոյսու գետի եզերքով:

Գիւղիս բնակիչ հայերն ո՞ր երկրից կամ ո՞ր գաւառից գերուեցան եւ բերուցեան այստեղ. ո՞ր թուականին եղած է գերեվարութիւնն. ի՞նչ տեսակ նեղութիւններ կրած են. արդեօք նահատակուեցա՞ն, բնաջինջ եղան աւերակիս հայերն, թէ Ճոխի բնակչաց նման ձուլուեցան մահմետականութեան հետ. հալածուեցա՞ն եւ այստեղից, թէ՞ տեղափոխուեցան ուրիշ քրիստոնէաբնակ երկիրներ - չունիմ հաւաստի տեղեկութիւն: Եթէ Ղազարոսի նման յանկա՜րծ յարութիւն առնէին այս ննջեցեալներից ծերունիներ, կընկնէի նոցա ոտքերի առջեւ, թախանձելով պատմել կը տայի իւրեանց գլուխներով անցածները եւ մի ըստմիոջէ կգրէի այստեղ եւ բաւականութիւն կտայի իմ յարգելի ընթերցողներին: