Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԽԵՆԻ ԳԱՒԱՌ

Գաւառիս, որ ընկած է Բօզ-դաղի հիւսիսային լեռնաշղթայի վերայ, արեւելեան սահմանն է Արջկան, հիւսիսային` այն դաշտակի հարաւային բերանն, որ տարածուած է Ղապալայից մինչեւ Բաղասական դաշտն, արեւմտեանն` Ալազան, հարաւայինն` Արաշի գաւառն: Գաւառիս ամէնամեծ մասն անպէտք հողեր են, վասն զի անջրդի, մերկ, մոխրագոյն, հողեայ լեռներ, անզարդ հովիտներ եւ անմարդաբնակ վայրեր են: Հետեւապէս միայն բնակարան են այծեամների, որք հօրաներով ճարակում են տարմաբար: Պիտանի հողն է միայն գաւառիս հիւսիսային մասն, որի վերայ շինուած են հայ բնակչաց գիւղօրայքն:

ա. Ղոզլու գիւղ, որ շինուած է լեռնաշղթայի հարաւահայեաց լանջի վերայ. բարւօք է տեսարանն, օդն, կլիման եւ լաւ` ջուրն: Հողն` արքունի եւ բազմարդիւն. տեղական բերքերն` ցորեն, գարի, կտաւատ, կորեկ, ընկուզ, դամոն եւ սերկեւիլ. բնակչաց նախնիքն գաղթած Խաչեն եւ Վարանդա գաւառներից: Եկեղեցին` ս. Աստուածածին, ձեղունն` փայտաշէն, քահանան գալիս է Աղ-Փիլաքեան գիւղից:

Ծուխ 94 ար. 255, իգ. 210, ար. ծն. 20, իգ. 17, պսակ 10, ար. ննջ. 9, իգ. 6, երկար կեանք 85-90:

Գիւղիս արեւելեան կողմի սարի վերայ կայ մի ընդարձակ եւ շատ հին հանգստարան, որի մահարձաններն առհասարակ անարձանագիր են, միայն ունին գլխակալ խաչարձան քարեր:

բ. ՍԱԼԻ-ԲԷԿ գիւղ. շինուած նոյն սարի հարաւահայեաց լանջի վերայ, պատուական օդն, կլիման, տեսարանն եւ ջուրն: Հողն` բեղմնաւոր եւ լիարար, սեփհականութիւն բնակչաց, զի փողով գնած են բէկից. տեղական բերքերն` նոյն. բնակչաց նախնիքն գաղթած են Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից: Եկեղեցին` ս. Աստուածածին, փայտաշէն, քահանան միեւնոյն անձն:

Ծուխ 50, ար. 203, իգ. 169, ար. ծն. 11, իգ. 7, պսակ 8, ար. ննջ. 5, իգ. 3, երկար կեանք 90-100:

գ. ՄԵԺԼԻՍ գիւղ. միեւնոյն տեսարանն, օդն, կլիման, ջուրն եւ բերքերն, հողն` արքունի եւ արդիւնաւէտ. բնակչաց նախնիքն գաղթած յիշեալ գաւառներից: Եկեղեցին` ս. Աստուածածին, որ ունի մի քահանայ:

Ծուխ 60, ար. 190, իգ. 150, ար. ծն. 8, իգ. 7, պսակ 6, ար. ննջ. 4, իգ. 2, երկար կեանք 85-90:

դ. ՋԻՒՎՋԱՄԻՇ գիւղ. շինուած նոյն լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջի վերայ. միջակ բարեխառն օդն եւ կլիման, գեղեցիկ` տեսարանն եւ անվնաս` ջուրն. հողն` արքունի եւ սակաւաբեր, բնակչաց նախնիքն գաղթած Խաչեն, Ջրաբերդ եւ Վարանդա գաւառներից: Եկեղեցին` ս. Աստուածածին, ձեղունն փայտաշէն, ունի մի քահանայ:

  Ծուխ 53, ար. 159, իգ. 134, ար. ծն. 10, իգ. 8, պսակ 5, ար. ննջ. 5, իգ. 4, երկար կեանք 65-75:

ե. ԱՂ-ՓԻԼԱՔԵԱՆ գիւղ. շինուած նոյն լեռնաշղթայի գլխին, տեսարանն, օդն, կլիման եւ ջուրն պատուական, հողն` արքունի եւ միջակ արդիւնաւէտ, բնակչաց նախնիքն գաղթած Ջրաբերդի, Խաչենի եւ Խոյի գաւառներից: Եկեղեցին` ս. Մինաս, վերնամասն` փայտաշէն, որ ունի 2 քահանայ:

Ծուխ 112, ար. 424, իգ. 354, ար. ծն. 26, իգ. 15, պսակ 11, ար. ննջ. 12, իգ. 8, երկար կեանք 90-100:

Գիւղիս արեւմտեան կողմերում, նոյն լեռնաշղթայի վերայ կան հետեւեալ հնութիւններն, որք շատ հեռի չեն իրարից:

ՆԱՌԼԸՋԱ, որ գտնւում է մի հարաւահայեաց ձորի արեւելահայեաց լանջի վերայ: Բաւական ընդարձակ են աւերակ գիւղատեղին, հանգստարանն եւ եկեղեցատեղին: Բայց ափսո՜ս, որ մահմետականներն անյայտացրած են հանգստարանիս արձանագրութիւն ունեցող քարերը. այժմ մնացած են միայն անարձանագիր եւ անտաշ քարերն: Նշանաւոր է աղբիւրի ջուրն:

ՍՈՐՈՒՋԱ, այստեղ եւս կայ աւերակ եկեղեցու եւ գիւղի տեղեր եւ հանգստարան, որոց ծաւալն աւելի մեծ է, քան նախորդ աւերակներինն: Անտաշ, կոպիտ եւ կլորակ են տապանաքարերն: Թերեւս ունեցած են գլխակալ խաչարձաններ, բայց այժմ անյայտացած են, զի կան մահմետական մօտաւոր բնակիչներ: Պատուական ջուր ունի տեղիս աղբիւրն:

ՇԻՐԻՆ-ԲՈՒԼԱՂ (Քաղցր աղբիւր), այստեղ եւս կայ աւերակ գիւղատեղի եւ հանգստարան, դարձեալ անարձանագիր: Աւելորդ է գրել աղբիւրաջրի մասին, քանզի անունն արդէն յայտնում է, որ խիստ գովական է ջուրն: Կարմիր եկեղեցի է կոչւում գիւղատեղիս աւերակ աղօթարանն: Թափուած անտաշ քարակոյտներից երեւում է, որ քարաշէն եղած է եկեղեցիս. իսկ հիմքերն, որ դեռ մնում են, յայտարար նշան են եկեղեցու մեծութեան: Չյաջողուեցաւ մեզ գտնել արձանագրութիւն: Աւերակս ունի սքանչելի՜ տեսարան:

ՎԱՆՔԱՏԵՂԻ, այսպէս են անուանում հայ գիւղացիք այն վանքի աւերակը, որ շատ հեռի չէ եկեղեցու աւերակից: Տակաւին մնում է խորանի կլորաձեւ մասն` երկու կանգուն բարձրութեամբ: Վանքս շինուած է եղել թրծեալ մեծ-մեծ եւ հաստ-հաստ աղիւսով եւ կրաշաղախ ցեխով: Անյայտ է մեզ վանուցս պատմութիւնն, անունն եւ անցեալն, զի չկայ արձանագրութիւն: Ունի  հիանալի՜ տեսարան:

ՀԱԹԱՄ-ԲՈՒԼԱՂ եւ ԿԻՒԼԼՈՒ-ԴԱՂ կոչուած տեղերում եւս կան աւերակ գիւղատեղի, եկեղեցատեղի եւ հանգստարաններ, որք ունին միեւնոյն դրութիւնը:

զ. ՋԱՓԱՐ-ԱՒԱՏ գիւղ, շինուած արքունի ճանապարհի արեւելեան կողմում, մի առուի ձախ ափի վերայ: Տեսարանն խեղդուած է լեռներով, իսկ գիւղն` ծածկուած այգիներով եւ պարտէզներով, օդն եւ ջուրն` անվնաս, հողն` արքունի [1] եւ արդիւնաւէտ, բնակչաց նախնիքն գաղթած են Խոյի գիւղերից 1807-ին: Եկեղեցին` Պօղոս-Պետրոս, հին եւ հողաշէն, որ ունի 100 րուբ. եւ մի քահանայ: Գիւղումս կան հետեւեալ մասունքներն, որք բերուած են գաղթած ժամանակ Յովսէփ եւ Վարդան հանգուցեալ քահանաներն: Մի արծաթեայ, միջակ մեծութեամբ խաչի վերայ գրուած է. «Յուդա Յակովբեան առաքելուն մասունքն այս է, ՚ի թվ. ՌՄԻԳ»: Մի այլ միջակ խաչի վերայ. «Տէր Մուշքարի որդի Տէր Օվսէփս. յիշատակ է ս. խաչս Ըստեփաննոսի, Հ»: Մասունքն անյայտացած է: Ա'յլ նոյնչափ խաչի վերայ. «Նիկողայոս ՌՃԾԵ»: Մասունքներս բեր-     ւած են Խոյի Սուլտուզ գիւղից: Զարմանում է այցելուն. թէ ի՞նչ պատճառաւ տների մէջ են պահւում մասունքներս եւ ոչ եկեղեցում...:

Ծուխ 55, ար. 219, իգ. 194, ար. ծն. 7, իգ. 6, պսակ 6, ար. ննջ. 4, իգ. 3, երկար կեանք 115 (Այս մի պառաւ, բայց զառամեալ կին է, որը տեսանք մեր աչքով: Սա հաւատացնում է, որ ինքն պսակուած եկած է Խոյից):

Գիւղիս մօտերքում կան այս հնութիւններն.

Գիւղիս արեւմտեան հանդէպ, առուի աջ կողմի սարալանջի վերայ, կայ գիւղատեղու եւ եկեղեցատեղու աւերակ եւ խիստ հին հանգստարան, որի տապանաքարերն անտաշ են եւ անարձանագիր: Ունին մի քանիսն միայն գլխակալ խաչքարեր:

ՆԱՂԱՐԱ-ԹԱՓԱ կոչուած սարի գլխին, որ գտնւում է գիւղիս արեւմտեան կողմում, կայ մի հին բերդ: Դեռ երեւում են քարաշէն բերդիս պարսպի հետքերն եւ միջի շինութեանց գետնամասի մնացորդներն: Մի քանի տարի առաջ աւերակներիցս գտած են հին դրամներ եւ պղնձեղէններ: Այս է Ի. բերդն Աղուանից, որի պատմական եւ քաղաքական անցեալն անյայտ է մեզ:

ՎԱՆՔԱՏԵՂ, բերդատեղից ոչ այնքան հեռի գտնւում է մի վանքի աւերակն, որ շինուած է եղել սրբատաշ քարով: Այժմ մնում են խորանի 2 շարք տաշած քարերն եւ հիմունքներից տեղ-տեղ փլատակների ներքեւ ծածկուած մասերն: Ակներեւ է, որ տարած են տաշուած քարերը: Աւերակից երեւում է, որ վանքս ունեցած է չափաւոր մեծութիւն եւ միաբանից սենեակներ: Բայց չկայ բնաւ արձանագրութիւն: Հետեւապէս մնում է անյայտ վանքիս անցեալն:

Աւերակ վանքիս մօտերքում եւ Ինջիլլու կոչուած տեղում եւս կան հին եւ աւերակ գիւղատեղիներ, եկեղեցատեղիներ եւ հանգստարաններ: Ջափար-աւատի եկեղեցու աւազանն բերուած է Ինջիլլուի եկեղեցուց:

է. ԳԵՕԳ-ԲՈՒԼԱՂ գիւղ. հիմնուած նոյն լեռնաշղթայի հիւսիսահայեաց լանջի վերայ: Օդն եւ տեսարանն` պատուական, ջուրն` ոչ այնքան ազնիւ. հողն` արքունի եւ բազմարդիւն բնակչաց նախնիքն գաղթած են Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից, զբաղմունքն երկրագործութիւն եւ այգեգործութիւն: Եկեղեցին` ս. Աստուածածին, անշուք եւ հին, որ ունի միայն 50 րուբլի եւ 2 քահանայ: Եկեղեցումս կայ Տեառնեղբօր Յակովբոս առաքեալի մասունքն, հաստատուած մի նրբագործ, արծաթեայ մեծ խաչի մէջ, որ կրում է այս արձանագրութիւնը. «Այս սուրբ նշանս (խաչս) յիշատակ է Տէր Իսրայէլ (ի) հայր Զաքարին, մայր Կուլին, կողակից Թելլուին թվ. ՌՄԾԷ [2]: Կայ նաեւ մի գրչագիր եւ մեծադիր աւետարան, որ գրուած է ամբողջապէս Մեսրոպեան գլխագրերով մագաղաթի վերայ: Գեղեցիկ են ծաղիկներն, ծաղկագրերն եւ գլխագրերն, բայց այնքան գեղեցիկ չեն 4 աւետարանչաց պատկերներն (մանաւանդ խնամքով պահուած չէ այս թանկագին ձեռագիրն): Պարտք համարեցինք ընդօրինակել յիշատակարանից հետեւեալը.

«Միամուխ խորոցն Աստուծոյ Պաւղոս առաքեալ յիւրում աշխարհալուր տումարի գրէ այսպէս. «Ոչ ոք ասէ Տէր Յիսուս Քրիստոս, եթէ ոչ հոգւով Աստուծոյ: Արդ, այս Հոգի յորդահեղ հնչմամբ ՚ի գունդս Առաքելոցն սրբոց, որք երկուցն գերամբարձան... Սիոն շնորհի զառաքելականն եւ զաւետարանականն, որք ըստ քառակի գետոցն ոռոգողաց զդրախտն ծաւալեալ հոգիս հաւատացելոցն արբուցին զպասքումն քառանիւթեայ միացելոցս ըստ քառառաջ պահպանութեանն ՚ի վեր եւ ՚ի վայր, յաջ եւ յահեակ...:

«Ըստ կարի եւ յօժարութեան խնդրող եղեալ քրիստոսասէր եւ բարեպաշտ ոմն անուն Վանինի դուստր բարեպաշտ իշխանին հայոց որդւոյն Խախրանայ` թոռն Բակ իշխանին: Իսկ յայնմ ժամանակի, յորժամ ՚ի պարտութիւն մատնեցաւ սուրբն Վարդան զաւրավարն զաւրաւք իւրովք` վասն ծովացեալ մեղաց մերոց, այս Բակ գնաց փախստեայ ՚ի յամրոց իմն եւ զաւրքն պարսից եւ ուրացեալն Վասակ զհետ մտեալ պատեցին շուրջ զամրոցաւն: Իսկ այս Բակ իշխան եղեալ ՚ի պարիսպն նախատեաց զուրացեալն Վասակ եւ զամէնայն չարիսն, զոր անցուցեալ էր նա ընդ աշխարհս հայոց, յիշեցուցանէր առաջի զաւրավարին Պարսից, եւ ելեալ ՚ի գիշերի եաւթն հարիւր արամբ գնաց փախստեայ յերեսաց Շապհոյ արքային Պարսից` յամուրն Արցախայ եւ կեցեալ բարեպաշտութեամբ եւ քրիստոսասէր հաւատով մինչեւ յայս բարեպաշտ իշխանս Ջաջուռ եւ ՚ի սմին որդի Այեսալ քրիստոսասէրս Վանինի, որ եւ ստացաւ զայս աստուածախաւս աւետարանս յիշատակ եւ փրկութիւն հոգւոյ հաւր իւրոյ բարեպաշտ իշխանին Ջաջռոյ եւ ետ ՚ի սուրբ մենաստանն, որ կոչի Հաւապտուկ, որ է շինեալ յանուն սրբոյ Աստուածածնին եւ է բնական տուն եւ շիրիմ Ջաջռոյ իշխանին եւ նախնեացն իւրոց եւ է ՚ի գաւառին Արցախայ` որ կոչի Խոխանաբերդ` ՚ի տէրութեան երից հարազատացն եւ բարեպաշտ իշխանացն Ջալալին, Զաքարիային եւ Իւանէին: Իսկ վերադարձեալ սպասաւորք սուրբ ուխտիս սահմանեցին ՚ի տարւոջ մի աւր պատարագ մատուցանել իշխանին Ջաջռոյ ՚ի տաւնի գալստեան սուրբ Հոգւոյն, եւ որ զայն յիշատակ կատարէ, աւրհի յԱստուծոյ եւ որ զայս գիրս (աւետարանս) յայս ուխտէ զինչեւ իցէ պատճառաւ հեռացուցանէ, դատի ՚ի Տեառնէ...: [3]

«Արդ գրեցաւ սա ՚ի թվիս հայոց ՌՁԱ. (1232) ՚ի գաւառիս Կայենոյ ՚ի գերահռչակ սուրբ ուխտս Գետկայ ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնիս եւ սուրբ Լուսաւորչիս ձեռամբ մեղապարտ Ստեփաննոսի, յիշխանութեան իշխանաց իշխանի աթաբակ Իւանէի եւ որդւոյ Աւագին: Եւ վասն զի Վրաց թագաւոր ոչ գոյր, ունէր զաթոռակալութիւնն դուստր Թամարին, եւ ՚ի հայրապետութեան հայոց տէր Կոստանդնի եւ յԱղուանից հայրապետութեան Տէր Յովհաննիսի»:

Արդէն իմացանք, որ Ջաջուռեան Վանինին-Այեսալ գրել տուած էր աւետարանս, բայց չգիտենք թէ ինչ պատճառաւ յետոյ գնած է նախ «Քեսբար» անուն ոմն. ապա «Քեսբարի որդի Այտինն», ապա «Յովհաննէս քահանայ ՊԻԲ. թվին». ապա «Այտնի կողակից Մարմարն ՌՃԾԱ-ին». եւ ապա բերուած է գիւղս Խաչենից 1798-ին:

Գիւղումս կայ ծուխ 184, ար. 500, իգ. 375, ար. ծն. 22, իգ. 15, պսակ 12, ար. ննջ. 9, իգ. 5, երկար կեանք 90-95:

Եղիշ-Առաքել, հասարակութիւնից այսպէս է անուանւում այն մատուռն, որ հիմնուած է գիւղիս արեւելեան կողմի ձորի արեւելեան կողմում, սարի լանջի ստորոտում: Մատուռս շինուած է չիչ կոփածոյ քարով, բայց այժմ խոնարհուած են ամբողջ գլուխն եւ արեւմտեան որմն: Չունի արձանագրութիւն, միայն մի անտաշ որձաքարի վերայ, որ զետեղուած է խորանի  ներսի կողմում, քանդակուած է, «Խաչս Ալթար Կազին է. Ի»: Մատրանս շուրջն խռնուած են հին, անարձանագիր եւ անտաշ տապանաքարեր:

ը. ԴԱՇ-ԲՈՒԼԱՂ գիւղ. շինուած է 3 ձորակների եւ սեռերի վերայ. քառաժայռ լեռներ բարձրացած են գիւղի արեւմտեան կողմում: Գիւղիս դիրքն արեւելահայեաց է, տեսարանն դուրեկան, օդն կլիման եւ ջուրն` պատուական: Հողն` արքունի եւ արդիւնաւէտ. նշանաւոր բերքերն ցորեն, գարնանի, հաճար, գարի եւ կտաւհատ [4]. բնակչաց նախնիքն գաղթած են Ջրաբերդ եւ Խաչեն գաւառներից: Եկեղեցին հոյակապ, ս. Գէորգ անուն, որ ունի 200 րուբ. 2 քահանայ եւ կրում է սոյն արձանագիրը. «Յիշատակարան շինութեան սուրբ Գէորգայ եկեղեցւոյս ՚ի հասարակ ժողովրդոց Դաշբուլաղու ՌՄՀԷ»: Եկեղեցումս կայ մի հին ճաշոց գիրք, որ բերուած է Պաշնճաղ գիւղից եւ մի հին ծնծղայ, որ բերուած է Քունգիւտ գիւղի եկեղեցուց, սորա բնակիչներն մահմետականութիւն ընդունելուց յետոյ: Ծնծղայիս վերայ, որի մի կողմից կոտրուած է փոքր-ինչ տեղ, փորագրուած է. «Յիշատակ է ծնծղայս Քունգիւտի [5] սուրբ Աստուածածնայ (եկեղեցւոյն) թվ. ՌՃԽԴ (1695)»: Գիւղումս շինած է պ. Աբրահամ Յովհաննիսեան Մեհրաբեանցն տղայոց համար մի ուսումնարան, որ անաւարտ է տակաւին եւ անպատրաստ:

Ծուխ [6] 200, ար. 707, իգ. 648, ար. ծն. 26, իգ. 19, պսակ 10, ար. ննջ. 10, իգ. 6, երկար կեանք 90-100:

Գիւղիս նախորդ բնակչաց ընդարձակ հանգստարանում կան շատ տապանաքարեր, բայց անարձանագիր: Ղարա-դարա, Բիւլբիւլլու, Սօկիւթլու, Մոլլա-դարա, Ինջիլլու, Թէրեքա եւ Օհան-սար կոչուած տեղերում եւս կան հին գիւղատեղեր, եկեղեցեաց աւերակներ եւ հանգստարաններ: Իսկ գիւղիս նոր հանգստարանում մի տապանաքար կրում է այս արձանագրութիւնը.

«Այս է տապան Չարաբերդցի (Ջրաբերդ) Մելիք [7] Առստամին... »: Ջնջուած են կէտադրեալ բառերն:

թ. ՉԱՐՂԱԹ գիւղ, շինուած նոյն լեռնաշղթայի վերայ, բարեխառն օդն եւ կլիման եւ լաւ ջուրն. հողն արքունի եւ բերրի եւ նոյն` տեղական բերքերն: Արդի բնակիչք հատուածելով այստեղ փոխադրուած են նախորդ գիւղից -Դաշ-բուլաղից: Եկեղեցին կիսով չափ փայտաշէն, ս. Աստուածածին, որ ունի մի քահանայ:

Ծուխ 80, ար. 296, իգ. 247, ար. ծն. 15, իգ. 10, պսակ 4, ար. ննջ. 6, իգ. 4, երկար կեանք 85-90:

Գիւղիցս վերեւ կայ մի քարուկիր շինուած մատուռ, որից տեղ-տեղ աւերուած է այժմ: Յարգուած ուխտատեղի է այս, ուր յաճախում են հայ գիւղացիք: Մատրանս մօտ կայ հին եւ աւերակ գիւղատեղի եւ հանգստարան:

ժ. ՍԱԲԱԹԼՈՒ գիւղ, դիրքն հարաւ-արեւմտահայեաց, տեսարանն հաճելի, օդն, կլիման եւ ջուրն` նշանաւոր. հողն` արքունի եւ բազմարդիւն, տեղական բերքերն, բացի վերոյգրեալից, ոչխար, տաւար եւ գոմէշ, բնակչաց նախնիքն գաղթած են Խաչեն եւ Ջրաբերդ գաւառներից: Եկեղեցին` ս. Աստուածածին, կիսով չափ փայտաշէն, որ ունի մի քահանայ:

Ծուխ 120, ար. 534, իգ. 446, ար. ծն. 20, իգ. 12, պսակ 10, ար. ննջ. 5, իգ. 3, երկար կեանք 95-100:

Բաւական ընդարձակ է հին գիւղատեղին, որ գիւղիցս շատ հեռի չէ. եկեղեցատեղին, որ աւերակ է ամբողջապէս, եւ հանգստարանն, որ անարձանագիր է: Բաց յայսցանէ գիւղիս շրջականերում կան հետեւեալ աւերակներն.

Մեծ-Ղոզլու (Մեծ-ընկուզուտ), Սաբաթլուի արեւմտեան կողմում, նոյն լեռնաշղթայի վերայ, նոյնպէս աւերակ է գիւղի, ուր կան եւ հանգստարան, եւ եկեղեցու տեղ այս դրութեան մէջ են նաեւ Փոքր-Ղոզլուի, Հացոտի, Չանկեալի, Բազարջուղի, Շոր-Բուլաղի եւ Պաշնճաղի աւերակ գիւղերն, եկեղեցիներն եւ հանգստարաններն:

Վերջնոյս փլատակներում տակաւին ցցուած երեւում են բնակարանների գենի սիւներն: Տներն շինուած են Արցախի գետնափոր տների նման: Խիստ մեծ եղած է եկեղեցին, դեռ մարդաչափ բարձրութեամբ կանգուն են չորս աղիւսաշէն պատերն եւ միջի 9 հատ գենի անփութ սիւներն: Եկեղեցուս եւ աւերակների մեծութիւններից ենթադրում ենք, որ խիստ մեծ եղած է գիւղս եւ բազմամարդ:

 



[1] Գիւղս հիմնել տուած է Խոյեցի Ջափար_Ղուլի_խանն 1807_ին, ինչպէս տեսանք Ղայա_Բաշու արձանագրութեան մէջ: Գիւղիս բնակչաց նախնիքն գաղթած են Ղայա_Բաշեցւոց հետ:

[2] Ուղղագրութիւնն լինելու էր, Ս. Խաչս յիշատակ է Իսրայէլ քահանային, հօրն իւրոյ Զաքարիային, մօրն իւրոյ Վարդուհւոյն, եւն:

[3] Դժուարընթեռնելի են կետադրեալ բառերը:

[4] Գիւղումս կայ ձիթահան գործարան եւ հողմաղորի:

[5] Քունգիւտի մասին յետոյ:

[6] Գիւղիս ծխաթիւերի հետ հաշուած ենք եւ Սօկիւթլու եւ Թէրեքա շէների ծուխերը եւ ար. ու իգ. շունչերը:

[7] Հարազատ մելիքներից եղած չէ