Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՌԱՋԱԲԱՆ

Ներկայ աշխատութեան մէջ մենք ջանացել ենք թափանցել հայ հասարակական կեանքի խորքը, հասկանալ եւ լուսաբանել այն բոլոր երեւոյթները, որոնց պատմական դասաւորումով կառուցուել է մեր ինքնօրինակ գոյութեան պատուանդանը։ Այստեղ մենք պատմական անցուդարձերի եւ դէպքերի նկարագրութեամբ չենք զբաղուել։ Չեն զբաղեցրել մեզ նաեւ պատմական գործիչներն իրենց կատարած գործերով։ Մեր նպատակն է եղել դիտել մասսայական կեանքը, ըմբռնել հասարակական հաստատութիւնների իմաստը, հետեւել նրանց ծագման, զարգացման եւ անկման ընթացքին, խելամուտ լինել ժամանակի տիրող եւ պայքարող գաղափարականութեանը, առհասարակ ուսումնասիրել մեր քաղաքացիական զարգացման գործօնները։ Անցեալի ռազմական անցուդարձերն այն չափով են բեւեռել իրենց վրայ մեր ուշադրութիւնը, որ չափով վճռական դեր են խաղացել լուծելու հասունացած հասարակական փոխյարաբերութիւնների երկունքը։

Մեր աշխատութիւնը գրելիս մենք ջանացել ենք հայ հասարակական կեանքի զարգացման դրդապատճառները փնտրել բուն հայ կեանքի, նրան իր գոգն ամփոփոխ այս կամ այն պետականութեան մէջ։ Մենք անգիտական ենք համարել այն տեսակէտը, որ մեր զարգացման գործը կապում է դրսի ազդեցութիւնների, գլխաւորապէս հայ գաղութների գործունէութեան եւ ներշնչումների հետ։ Եւ դա այն պատճառով, որ մեր խորին համոզմունքով որեւէ գաղափար, եթէ նա դրսից է գալիս, չի կարող մասսայական գործի ծնիչ դառնալ, երբ բացակայում են համապատասխան հասարակական-տնտեսական պայմանները՝ այդ գաղափարի ընդունելութեան եւ արգասաւորման համար։ Իսկ եթէ տուեալ պայմանները գոյութիւն ունին՝ նրանք ինքնին կազմում են յառաջխաղացման կարեւորագոյն գործօնը եւ դրսի գաղափարի դերն իջնում է սպասաւորական աստիճանի։ Մեզ աւելի շատ շահագրգռել է եղածը եւ ոչ թէ այն, որ ներմուծուել է։

Հայ հասարակական կեանքը մենք դիտել ենք, որպէս տարբեր խաւերի խաչաձեւող շահերի եւ ձգտումների մի ամբողջութիւն… Մենք բոլոր հայերին միատեսակ կացութեան տէր էակներ չենք համարել։ Եւ անցեալի ուսումնասիրութիւնն էլ այդ է մատնանշէլ մեզ։ Հաւաքական հայութիւնը մեր որոնումների մէջ, այնքան, որքան հարցը վերաբերում է մեր ուսումնասիրութեան ենթակայ ժամանակաշրջանին, իր բաժանումներն է ունեցել. գիւղացիութիւն, ազնուական դաս, հոգեւոր դաս եւ առեւտրա-արդիւնաբերական դաս։ Այդ բոլոր խաւերի հասարակական կեանքի նկարագրին, իրաւական կացութեանը մենք մօտեցել ենք պատմաբանի կշռաչափով եւ մեր կանխակալ համակրութիւններն ու հակակրութիւնները չեն շեղել մեզ անգիտանալու մի խաւի արածը կամ ըստ մեր քմահաճոյքի գունաւորելու նրա արածի իմաստը։ Այսպէս՝ սկզբից մենք որոշումներ չենք ունեցել եւ տուեալներ չենք փնտրել նրանց հիմնաւորելու համար։ Մենք միայն մեզ ուղեցոյց ենք ունեցել պատմական մատերիալիզմի մեթոդը. նախ հասկնալ իրերի ընթացքը, ապա հետեւել գաղափարների ընթացքին։

Ցաւելով պիտի ասենք, որ մեզ առաջադրած նպատակն այնպէս չիրագործեցինք, ինչպէս կը կամենայինք։ Այստեղ եռանդը չէ, որ մեզ պակասում էր։ Մեր ճիգն ու ջանքը շատ յաճախ հանդիպում էին անյաղթելի արգելքների։ Մի ժողովրդի քաղաքացիական կեանքի ուսումնասիրութեան համար անհրաժեշտ են բազմազան նիւթեր եւ աղբիւրներ։ Այն նիւթերն ու աղբիւրները կը լուսաբանէին տուեալ ժողովրդի տնտեսական եւ հասարակական կեանքի զանազան մասերը, իսկ պատմաբանին կը մնար ընդհանրացումներ անել եւ որոշ եզրակացութիւնների յանգել։ Դժբախտաբար այդպէս չէ դրութիւնը հայերի նկատմամբ։ Մեզ մօտ ամեն բան վարագուրուած է անյայտութեան քօղով։ Ոչ հայ պարբերական մամուլի եւ ոչ հայ գրականութեան մէջ արժէքաւոր նիւթեր չըկան մեր անցեալի ուսումնասիրութեան համար։ Անվերապահ յայտարարութիւններ շատ կան, բայց փաստալից գործեր խիստ սակաւ։ Եւ զարմանալի չըպիտի թուայ, եթէ ասենք, որ մեր անցեալը հասկանալու համար պիտի օտար աղբիւրների դիմենք։

Մի Հակստհաուզէն, մի Շոպէն այսօր մեզ շատ բան են տալիս մեր անցեալի էական պատկերը վերարտադրելու համար, քան թէ ուսումնականի եւ գիտնականի հռչակ վայելող այս կամ այն հայ մարդը։ Այդ ուղղութեամբ վիթխարի գործ ունի կատարած ռուսական Կովկասի վարչութիւնը։ Նա ահագին նիւթեր ունի մթերած զանազան արխիւներում եւ ուսումնասիրողն այդտեղ պիտի դիմէ։ Իհարկէ, այդ նիւթերը կարող են մատչելի լինել նրանց, որոնք դիրք, հնարաւորութիւն եւ միջոցներ ունին մօտենալու այդ գանձերին։ Մեզ պակասում էր այդ բոլորը։ Մեզ միայն մնում էր օգտուել այն աղբիւրներից (ոչ բոլոր), որոնք հրատարակութեան միջոցով մատչելի էին դարձել ընդհանրութեանը։ Եւ դրանք բաղկացած էին զանազան պաշտօնաթղթերի ժողովածուներից, օրէնքներից, պաշտօնական մենագրութիւններից, զեկուցումներից, հաստատութիւնների հրատարակութիւններից եւ այլն։ Այսպէս՝ եթէ մեր այս աշխատութեան մէջ թերի լինի գծագրուած որեւէ հաստատութեան կամ հասարակական խաւի պատկեր, պարզ չըլինի նկարագրուած որեւէ երեւոյթի էութիւն, ապա այդ պիտի վերագրել մեր ձեռքի տակ եղած նիւթերի անբաւարարութեան։

Մեր աշխատութեան մէջ պատմութեան թելը մենք հասցրել ենք մինչեւ նախորդ դարի 70-ական թուականների սկիզբը։ Եւ դա այն կանխամտածուած պատճառով, որ այդ ժամանակից յետոյ մեր հասարակական կեանքի զարգացումը սկսում է ընթանալ նոր հունով։

Մինչեւ 70-ական թուականներն Անդրկովկասի ժողովուրդների եւ մասնաւորապէս հայ ժողովրդի քաղաքացիական կեանքը դեռ կայուն դրութիւն չէր ստացել. նա կաղապարման մէջ էր։ Այդ ժամանակ է, որ կեանք են առնում մի շարք օրէնքներ եւ հաստատութիւններ (գիւղացիական օրէնք, հայ դպրոցական օրէնք, քաղաքային ինքնավարութիւն եւ այլն), որոնք իրենց կնիքն են դնում ապագայ կեանքի վրայ։ Ապա այդ օրերին սկսում է յեղաշրջուել եւ երկրի դրամագլուխների գործառնութեան ընթացքը. առեւտրական դրամագլուխը տենդենցներ է ցոյց տալիս արդիւնաբերական դառնալու։ Միւս կողմից իրերի նոր դասաւորումը հանդէս է բերում նոր հայ հրապարակագրութիւն եւ գրականութիւն։ Հարկաւ, այսպիսի երեւոյթների հանդէպ վերջանում էր կեանքի մի փուլը եւ սկսւում էր միւսը։ Մենք ներկայ աշխատութեան մէջ զբաղուեցինք վերջացող փուլի նկարագրման եւ լուսաբանման գործով, յետագային թողնելով դարի վերջին երեք տասնամեակի պատմութիւնը։

Դ. Ա.

Բագու

1913 թ. նոյեմբեր 8