Ռուսահայերի  հասարակական զարգացումը. Հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ V
ՀՈԳԵՒՈՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ
(Մտաւորական խաւը, հայ պարբերականն ու գիրքը. տիրող մտայնութիւնը)

 

Մենք արդէն ծանօթ ենք նախորդ դարի առաջին եօթն տասնամեակում հայ իրականութեան մէջ տեղի ունեցած հասարակական անցուդարձերին։ Մենք, տեսանք քաղաքական տիրապետողի փոփոխութիւնը, զանազան հաստատութիւնների եւ փոխյարաբերութիւնների փլումն եւ նորերի երեւան գալը։ Այսպիսով մենք ծանօթ ենք ժամանակաշրջանի իրերի ընթացքին։ Այդ իրերի ընթացքը 60-ական թուականներին հայ հասարակական մարմնին տուել էր հետեւեալ կերպարանքը. հասարակական առաջնութիւնն ու պատիւը պատկանում էր հոգեւոր դասին եւ սրա հետ նաեւ թւով աննշան, բայց ազդեցութեամբ նշանաւոր, հայ ազնուականութեան եւ պաշտօնէութեան. ազգի ներկայացուցչութիւնն այդ խաւերի մենաշնորհն էր համարւում. նիւթական կարողութիւնն ու կշիռը կենտրոնանում էր կապիտալի նախնական կուտակման ներկայացուցիչների ձեռքում, որոնք ընդհանրապէս կապալառու էին կոչւում եւ ձգտում էին տիրանալ քաղաքների առեւտրին ու արդիւնաբերութեանը. նրանք միեւնոյն ժամանակ շատ էլ չէին ջանում հայութեան ծոցում, նրա հասարակական գործերում ցուցահանել իրենց ոյժն ու արժէքը. կապալառուների հրապարակ գալն ու տնտեսական կեանքին տիրելու ձգտումը կործանիչ կերպով անդրադառնում էր մանր արհեստի ու առեւտրի վրայ, առաջացնում էր խլրտումներ, քննադատութիւն կրօնական ու աշխարհիկ իմաստով եւ ստիպում էր քաղաքային քաղքենիութեանը պահանջելու, որ իր կարիքներին յարմարեցնուի մեր ազգային ամենակարեւոր հաստատութիւնը դպրոցը, որ միեւնոյն ժամանակ իմացականութեան անօթը գրական լեզուն վար իջնէ իր հին բարձունքից, աշխարհիկ դառնայ եւ ծառայէ մասսաների օրուայ պէտքերին։ Հասարակական այս եռ ու զեռին անմասն էր մնում հայ գիւղացիութիւնը, որը շնչում էր ազնուական-կալուածատէրի եւ ազնուական պետութեան լծի տակ։ Նա անմռունչ զանգուած էր, խոնարհ ու հլու ազգի հոգեւոր դասին ու երեւելիներին եւ նրան ներկայացնելու պարագան էր, որ գայթակղեցնում էր տիրող խաւերին։ Այստեղից պարզ է, որ մեր հասարակական կեանքը բարդացել էր, քանի որ հաւաքական հայութիւնն աւելի բարդ կառուցուածք ունէր։ Իրերի այս իւրօրինակ դասաւորմանը պիտի յաջորդէր տարբեր իդէաների ցուցահանում, այսինքն հասարակական խաւերի ձգտումներն իրենց տարբեր ձեւակերպումն պիտի ստանային մտաւոր ասպարէզում։ Ժամանակի գերիշխող գաղափարը հայութեան հաւաքման հարցն էր, հայութեան ինքնուրոյն գոյութեան ու բարգաւաճման խնդիրը։ Այս հարցի սուր ձեւակերպումն ու այժմէականութիւնն արդիւնք էր բուրժուական փոխյարաբերութիւնների յարաճուն ծաւալման, երբ տնտեսական կեանքի զարգացման հետ սերտ կապեր ու յարաբերութիւններ էին ստեղծւում ցրուածութիւնից տառապող հայերի մէջ։ Հայութեան հաւաքման գաղափարը, որ ազգութեան գաղափարն էր եւ իր դրօշակի վրայ դրոշմած ունէր մեր կեանքի եւրոպականացումը ինքնին առաջադիմական էր։ Սակայն առաջադիմական գաղափարի յաղթանակը, որ եւ բուրժուազիայի յաղթանակը պիտի լինէր, հրապարակ էր հանում միջնադարի մնացորդ խաւերի —հոգեւորականութեան եւ ազնուականութեան ընդդիմութիւնն եւ քաղքենիութեան ինքնապաշտպանողական մտահոգութիւնները։

Մասսայական շարժումներն ու տեղատւութիւնները ստեղծում են յատուկ շահերի ու ձգտումների մթնոլորդ, բայց մասսաներն իրենք ամբողջ զանգուածով չեն ձեւակերպում հերթական դարձած հարցերը։ Նրանց փոխարէն այդ անում են ժամանակի առաջաւոր գլուխները, գաղափարախօսները, որոնք գիտակցաբար կամ թէ անգիտութեամբ կարողանում են որսալ օրուայ պահանջները, աւելի հիմնաւորել նրանց եւ առաջադրել որպէս շինարար ազդանշաններ։ Որքան ժողովրդի կեանքը միալար ընթացք ունի եւ մի ուժգին դասակարգային հակամարտ չի ծուատում նրա մարմինը, այնքան էլ ժամանակի առաջաւոր գլուխները հաշտեցնող եւ ձուլող գաղափարներ են արծարծում։ Նրանք կարծես մոռանում են, որ իրենք որոշ կողմի մարդիկ են, որոշ երեւոյթների ծնունդ։ Նրանք անկեղծօրէն հաւատում են իրենց անաչառութեանը։ Հաւատում են եւ նրան, որ իրենց առաջարկած միջոցները չեն վտանգում որեւ է խաւի գոյութիւն կամ առանձնաշնորհում. այլ միայն հաւասարապէս բարիքներ են առաջացնում բոլորի համար։ Այդ կարգի մտաւորականներն իրենց զգում են ուսուցանողի, լուսաւորողի եւ ղեկավարի դերում։ Խօսքի ազդեցութեանը, իրենց առաջարկած միջոցների զօրութեանը նրանք ահագին եւ վճռական արժէք են տալիս։ Նրանք լուսաւորիչներ են, բոլորի համար հոգացող եւ մտահոգող եւ նրանց այդօրինակ դերին նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ առաջաւոր դասակարգի շարժումն այդ պահուն իր մէջ կենտրոնացնում է ամբողջ ժողովուրդի շահերի համագումարը։ Ակնբախ տարբերութիւններ չեն լինում եւ առաջաւոր մտաւորը չի կասկածում, որ ժամանակով նոր խաւեր պիտի երեւան եւ նոր պահանջներ պիտի առաջադրեն եւ որ իր պաշտպանած գաղափարները մեծ չափով պիտի դառնան ապագայի տիրող դասակարգի զէնքերը։

Նախորդ դարի 50-60-ական թուականներին, երբ հայկական կեանքը սկսուել էր տարուբերուել նոր ստեղծուած փոխյարաբերութիւնների ազդեցութեան տակ, երբ դեռ պարզ չէր, թէ ով էր բարձրացողն եւ ով ընկնողը, հայ առաջաւոր գլուխները, մեր առաջին աշխարհիկ առաջնորդ-մտաւորականները գերազանցապէս լուսաւորիչներ էին, որոնք զարմանալի կերպով կարողանում էին հաշտեցնել անհաշտելին, միութեան եւ գործի հրաւիրել բոլոր խաւերին, խօսել բոլորի անունից. ստորադասել բոլորի առանձնայատուկ ձգտումներն ազգութեան գերիշխող գաղափարին։ Սակայն չնայած այս գլխաւոր ու բոլոր լուսաւորիչներին յատուկ մտածելակերպին՝ նրանցից ամեն մէկը գունաւորուած է ուրոյն համակրանքների երանգներով, որոնք ծագում են լուսաւորչի տածած վերաբերմունքից դէպի այս կամ այն հասարակական խաւը։ Յաճախ թւում է նոյնիսկ, որ տուեալ լուսաւորիչը հայութեան հաւաքական կազմի մէջ կը ցանկանար իր համակրած խաւի գերիշխանութիւնը տեսնել, ազգութեան գաղափարը նրա շահերին ծառայեցնել։ Այս բոլորը սակայն ներդաշնակ եւ պարզ ծրագիր չի դառնում, այլ մնում է, որպէս երերուն եւ հակասական միտք ու գործ։ Այսպէս են դասաւորուած վերանորոգիչ-լուսաւորիչների ջանքներն ու ձգտումները։ Բայց այդ անկայունութիւնն ու երերումը չի տեսնւում նրանց հակառակորդների մէջ։ Որքան էլ նրանք սահմանափակ մարդիկ են, բայց խօսում են որոշ ու պարզ, միանգամայն համոզուած իրենց ճշմարտութեան մէջ։ Դրանք արդէն սկիզբն ու վերջն իմացող գաղափարախօսներ են, որոնք իրենց կեանքի իմաստը կապել են որոշ դասի գոյութեան հետ եւ այդ դասի գերիշխանութիւնն են պաշտպանում հասարակական բոլոր ասպարէզներում։

Բայց ի՞նչ մեծութիւն էր ներկայացնում իրենից հայ մտաւորական դասը, որից դուրս էին գալիս մեր վերանորոգութեան քարոզիչներն եւ նրանց հակառակորդ գաղափարախօսները։ «Ռուսիոյ հայոց մէջ յիսուն թուականին, գրում է Աղ. Երիցեանց, հազիւ թէ մի 20 կամ 30 անձ լինէր համալսարանական գիտութեամբ, հայկաբան-գիտնականների [1] թիւը գուցէ հասնէր հարիւրի, բայց դոցա մէջ յայտնի նշանաւորները հինգ վեց հատ էին. մի հարիւր անձը համարելու էր այն հայերի թիւը, որ շատ քիչ փող ծախսելով պատրաստ են երբեմն երբեմն հայերէն գիրք առնելու, մի երկու այդքան էլ կը լինէին, որոնք ուրիշներից գրքեր փոխառնելով կարդալու վարժուած էին։ Այսքան էր մօտաւորապէս այն ժամանակուայ կարդալու ընդունակութիւն ունեցող հայերի թիւը ամբողջ Ռուսաստանում։ Իսկ մնացած կէս միլլիօնից աւելի հայ հասարակութիւնը այբուբենից անգամ զուրկ ընկղմած էր խորը տգիտութեան մէջ [2] ։ Հարկա՛ւ, գիր գիտցողների եւ գիրք սիրողների շարքում պիտի յիշել հայ հոգեւորականներին, որոնց խոշորագոյն մասը լոկ գրաճանաչ էր, գիտէր գոհանալ եկեղեցական գրքերի ընթերցանութեամբ կամ թէ գրքերի երեսով եկեղեցական արարողութիւններ կատարել։ Բայց յիսնական թուականները հայ զարթօնքի սկիզբն էին կազմում։ Օրէցօր հայ մտաւորականութեան քանակն աճում էր, ստեղծւում էր եւրոպական իմաստով գրականութիւն, հրապարակում տեղի էր ունենում գործերի ու մտքերի բաղխումն։ Սակայն այս բոլորը կատարւում էր չափազանց դանդաղ եւ հայութեան մէջ իւրաքանչիւր եւրոպական կրթութեան տէր անձն երբէք աննկատելի չէր մնում եւ այդպիսին միշտ համարւում էր կոչուած որեւէ հասարակական աշխատանքի համար։ Կրթութիւն ստանալ, կրթութեան տէր լինել լոկ անձնական հաճոյքի համար դա տարօրինակ երեւոյթ կարող էր համարուել 60-ական թուականներին։ Ամեն ոք լծւում էր մի հասարակական գործի. հունձը շատ էր մշակները սակաւ։ Զարմանալի ուժգնութեան էր հասնում հասարակական պայքարը։ Պարբերականների բանակռիւը խնայել չըգիտէր։ Եթէ բանաւորը չէր օգնում, հրապարակ էին գալիս գործնական միջոցները։ Յիշենք միայն «Հիւսիսափայլի» դէմ յարուցած հալածանքն եւ Շամախիի բողոքականներին իբրեւ թէ խրատող միջոցը, երբ հայ հոգեւորականութիւնը հրաժարւում էր հողին յանձնել բողոքական համարուած մի ընտանիքի մեռեալ մանկանը։ Գիրքը, պարբերական հրատարակութիւնը հազուագիւտ բարիքներ էին։ Եւ եթէ աւելի շատ լոյս էին ընծայւում անպէտք եւ ժամանակի կարիքներին անհամապատասխան գրքեր ու յօդուածներ, ապա սակաւաթիւ այժմէութիւն ունեցող հրատարակութիւններն ու գրուածքներն երբէք աննկատելի չէին մնում։ Նրանք որեւ է հասարակական խաւի եւ ամենից առաջ հոգեւորական դասի կամ եկեղեցու հետ կապուած խնդիրներ էին շօշափում եւ այդ հանգամանքն առաջացնում էր լարուած ուշադրութիւն։ Հետաքրքրական է իմանալ, թէ գրքերի ու պարբերական հրատարակութիւնների որպիսի շրջանառութիւն կար հայերի մէջ։ Այդ մասին աւելորդ չենք համարում մի քանի թուական տեղեկութիւններ տալ, մանաւանդ որ թուերն աննուղակի կերպով մեզ կը պատկերացնեն հայերի ուսումնականութիւնը։

Ռուսահայերի առաջին պարբերական հրատարակութիւնը պիտի համարել «Կովկաս» թերթը, որ լոյս էր տեսնում 1847-1848 թ. թ. եւ իր բովանդակութեամբ գլխաւորատէս պաշտօնական ռուսերէն հրատարակւող համանուն թերթի թարգմանութիւնն էր։ Թերթը հրատարակւում էր գրաբար լեզւուվ։ Ղեկավարներն էին Ներսիսեան դպրոցի ուսուցիչներ Յակոբ Կարենեանցն եւ Միքայէլ Պատկանեանը։ 1850 թ. Գաբրիէլ քահանայ Պատկանեանը ձեռնարկում է «Արարատ» շաբաթաթերթի հրատարակութիւնը։ «Արարատը» աշխարհաբար էր, թէեւ տպագրում էր նաեւ գրաբար յօդուածներ ու ոտանաւորներ։ Այդ թերթը մի տարուայ կեանք ունեցաւ։ 1858 թ. սկսում են հրատարակուել «Հիւսիսափայլը», «Ճռաքաղն» ու «Մեղու Հայաստանին»։ Առաջին երկուսը Մոսկուայում, իսկ վերջինը Թիֆլիսում։ 1860 թ. հրապարակ են գալիս «Կռունկ Հայոց Աշխարհին» Թիֆլիսում, իսկ «Մասեաց Աղաւնի եւ Ծիածան Հայաստանեայցը» Թէոդոսիայում։ 60-ական թուականներին կեանք են առնում, անկանոն հրատարակւում եւ շուտ էլ խափանւում մի շարք թերթեր՝ «Համբաւաբեր Ռուսիոյ» (1861-1862) հրատ. Զարմայր Մսերեանց, «Հիւսիս» (1863-64) (հրատ. Ռ. Պատկանեան), «Վաճառական» (1866-67) (հրատ. Գ. Տէր-Աղէքսանդրեանց, գլխաւոր աշխատակից՝ Աղ. Երիցեանց), «Գարուն» (հրատ. Ստ. ք. Մանդինեան) եւ «Հայկական Աշխարհ» (հրատ. Ստ. Ստեփանէ)։ Ահա այս պարբերականների մէջ էր գլխաւորապէս ամփոփւում յարձակւող ու նահանջող հայկական միտքը։

Հայ պարբերականները տարածւում էին աննշան քանակով, որովհետեւ, ինչպէս տեսանք, աննշան էր գիր գիտցող հայերի քանակը։ Բաժանորդների թիւը մի քանի հարիւրից չէր բարձրանում։ Ամեն-ինչ կախուած էր համախոհ գործակալների աջակցութիւնից։ Բաժանորդ լինելն ու գտնելն ազգասիրական գործ էր համարւում։ Ընթերցողներն այնքան քիչ էին, որ նրանց գրաւելը, մի հանդէսից միւսին դարձնելը ջանք ու աշխատանք էին պահանջում։ Ստեփան քահ. Մանդինեանն՝ արշաւանք սկսելով Նազարեանցի դէմ՝ քանի անգամ կրկնում է, որ ինքը մրցութիւնից ու նախանձից դրդուած չէ, որ անում է այդ քայլը («Մեղու Հայաստանի», N 16 1858 թ. Նազարեանցը բաժանորդ ունենալու համար դիմում է Փոխարքայի դիւանատան կառավարիչ Կրուզենշտէրնին եւ նրա աջակցութիւնը խնդրում։ Եւ պիտի ասել, որ1859 թ., երբ Կրուզենշտէրնի առաջարկութեամբ «Հիւսիսափայլին» բաժանորդագրւում է հայ զինւորական ու քաղաքացիական պաշտօնէութիւնը, Նազարեանցի պարբերականը համեմատաբար աւելի բաժանորդներ ունեցաւ, քան առաջին եւ մնացած տարիները։ Հետաքրքրական է ծանօթանալ հայ բաժանորդ-ընթերցողի բնակավայրի, քանակի եւ դասային պատկանելիութեան հետ։ Այդ կանենք «Հիւսիսափայլի», «Ճռաքաղի», «Մեղու Հայաստանիի» եւ «Կռունկի» մի քանի տարիների նկատմամբ, օգտուելով բաժանորդների այն անուանացուցակներից, որոնք սովորաբար տպագրւում էին այդ թերթերի տարեվերջին համարներում։

1858 թ., այսինքն իր հրատարակութեան առաջին տարին, «Հիւսիսափայլը» 262 բաժանորդ ունէր։ Այդ քանակից Անդրկովկասին, ուր ապրում էր հայութեան խոշորագոյն եւ ճնշող մեծամասնութիւնը, ընկնում էր 75 բաժանորդ (Թիֆլիս 48, Շամախի 12 Ագուլիս 5, Հին-Նախիջեւան 3, Երեւան, Շուշի Նուխի եւ մնացած տեղերը մի-մի բաժանորդ)։ Մնացած 187 բաժանորդները տալիս էր Ռուսաստանն եւ Հիւսիսային Կովկասը (Նախիջեւան Դ. վրայ 56, Հաշտարխան 33, Մոսկուա 31, Ղզլար 20, Պետերբուրգ 10 եւ այլն). «Հիւսիսափայլի» բաժանորդներն ըստ դասի ստորաբաժանւում էին՝ հոգեւորական 22 հոգի (21 հոգեւորականներից միայն 2 Անդրկովկասից, այն է Հին-Նախիջեւանից), ազնուական եւ աստիճանաւոր 29 հոգի միջի այլոց՝ Խաչ. Լազարեանց, Կ. Եզեանց, Մկրտիչ Բերոյեանց, Մ. Էմին, Մ. Լօրիս-Մելիքեանց)։ Մնացած բաժանորդները գլխաւորապէս վաճառականներ են։ Կայ եւ աննշան թւով ինտելիգենտներ։

  1859 թ., երբ Նազարեանցն ունէր Կովկասի իշխանութեան աջակցութիւնը, «Հիւսիսափայլի» բաժանորդների թիւը հասաւ 350-ի։ Ըստ վայրի նրանք ստորաբաժանւում էին՝ Անդրկովկաս 146 (Թիֆլիս 60, Շամախի 30, Շուշի 24, Երեւան 7, Ագուլիս 5, Լէնքօրան 5, Բագու 3, Նուխի 3 եւ այլն), Ռուսաստան եւ Հիւսիսային Կովկաս 201 (Նոր-Նախիջեւան 60, Ղզլար 34, Հաշտարխան 28, Մոսկուա 24, Պետերբուրգ 12, Օդեսսա 6 եւ այլն) եւ Թիւրքիա ու Պարսկաստան Ըստ դասի բաժանորդների ստորաբաժանումը հետեւեալն էր՝ հոգեւորական եւ սրանց մէջ Մատթէոս կաթուղիկոսը 9 հ., ազնուական, աստիճանաւոր ու զինուորական 55 հ. ։ Մնացածների հասարակական դիրքի մասին ցուցակը լռում է։ Նոր-Նախիջեւանի համար միայն յիշուած են 56 վաճառական։ Բայց հաւանական է, որ վաճառական բաժանորդների քանակն անհամեմատ բարձր էր։ Կարելի է նոյնիսկ ասել, որ «Հիւսիսափայլի» բաժանորդները գլխաւորապէս վաճառականներ էին։

Ժամանակի պարբերականների մէջ «Հիւսիսափալը» մեկուսացած եւ բացառիկ տեղ էր բռնում։ Մնացած հայ պարբերականները հակառակ բանակի օրգաններ լինելով՝ նրա հետ թշնամական բանակռուի մէջ էին գտնւում։ Այդ հանգամանքն անդրադառնում էր եւ նրանց բաժանորդների քանակի ու որակի վրայ։ Դիմենք թուական պատկերացման։

«Ճռաքաղը» 1859 թ. համար գրում է՝ «բաժանորդաց թիւն ընդ ամենն է 372, իսկ ստացեալ օրինակաց՝ 405»։ Ըստ վայրի այդ բաժանորդները ստորաբաժանւում էին՝ Անդրկովկաս 206 (Թիֆլիս 68, Էջմիածին 22, Շուշի 19, Երեւան 18, Շամախի 16, Բագու 15, Գանձակ 7, Հին-Նախիջեւան 8, Սղնախ 5, Ագուլիս 2 եւ այլն), Ռուսաստան եւ Հիւսիսային Կովկաս 142 (Մոսկուա 44, Ղզլար 24, Պետերբուրգ 17, Հաշտարխան 16, Նոր-Նախիջեւան 8, Ստաւրօպօլ 8, Մօզդօկ 8 եւ այլն), Թիւրքիա 16, Փարիզ 7, Վիէննա Ըստ դասի այդ բաժանորդները ստորաբաժանւում էին՝ հոգեւորական 49 հ. (սրանց մէջ են՝ Մատթէոս կաթուղիկոս, 3 արքեպիսկոպոս, 9 վարդապետ եւ այլն), մեծ թուով ազնուականներ եւ աստիճանաւորներ, ինչպէս՝ Խաչ. Լազարեանց, Յովհ. Դելանեանց, Բեհբուտեան իշխաններ, Արղութեան իշխաններ, Խալիբեան եւ այլն։ Ապա պատկառելի տեղ են բռնում վաճառականները [3] ։ Ստուգել նրանց ճիշտ թիւը դժուար է։

«Հիւսիսափայլն» ու «Ճռաքաղը» հրատարակւում էին Մոսկուայում։ «Հիւսիսափայլը» լուրջ գրական ու գիտական ամսաթերթ էր, իսկ «Ճռաքաղը» կրօնական իմաստակութիւնների, տխմար հանելուկների, անշնորհք եւ անբովանդակ ոտանաւորների ու Նազարեանցի դէմ ուղղուած չարամիտ յարձակումների հանդիսարան։ Սակայն համեմատեցէ՛ք 1859 թ. նրանց ստացողների քանակն ու հասարակական դիրքը։ Նազարեանցն իր ետեւ ունէր իշխանութեան աջակցութիւնը, բայց այնուամենայնիւ նրա բաժանորդների թիւը 350 էր, իսկ «Ճռաքաղի» խմբագիր Մսեր Մսերեանցը առանց որեւ է աջակցութեան կարող էր ասել՝ 372 բաժանորդ եւ 405 ստացող, որ նշանակում է, թէ բաժանորդներից ոմանք աւելի համարներ ստանալով՝ տարածում էին իրենց շրջանում։ Եւ այն ժամանակ, երբ Անդրկովկասում, այսինքն հայութեան կենտրոնում, Նազարեանցը 146 բաժանորդ ունէր, Մսերեանցը դրա դիմաց ցոյց էր տալիս իր 206 բաժանորդները։ Ի՞սկ բաժանորդների որակը։ Մսերեանցինը՝ արքեպիսկոպոսներ, յայտնի վարդապետներ, քահանաներ (Սարգիս արք. Ջալալեան, Գաբրիէլ վարդ. Այվազեան, Յովսէփ քահ. Օրբելի), ապա իշխաններ ու ազդեցիկ մեծատուններ, իսկ Նազարեանցինը՝ շատ-շատ վաճառականներ։

Այժմ տեսնենք Կովկասեան թերթերի տարածման պատկերը։ Այդ կողմից պիտի վերցնենք Թիֆլիսում հրատարակուող «Մեղու Հայաստանին» եւ «Կռունկը»։

1858 թ. «Մեղու Հայաստանին» մօտ 600 բաժանորդ ունէր։ Այդ քանակից Անդրկովկասին բաժին էր ընկնում 457 ստացող (Թիֆլիս 218, Շուշի 38, Ալէքսանդրոպոլ 22, Շամախի 19, Գանձակ 14, Երեւան 13, Էջմիածին 12, Բագու 15, Ագուլիս 9, Հին-Նախիջեւան 10, Դերբենտ 10, Նուխի 5 եւ այլն), Ռուսաստանին եւ Հիւսիսային Կովկասին 108 (Մոսկուա 25, Նոր-Նախիջեւան 12, Ղզլար 19, Հաշտարխան 10, Պետերբուրգ 9 եւ այլն)։ «Մեղուի» բաժանորդներն ըստ դասի ստորաբաժանւում էին՝ հոգեւորական 62, ազնուական եւ աստիճանաւոր 187 (Արղութեան 6 իշխաններ, Բեհբուտեան 3 իշխ., Թումանեան 2 իշխ., 2 Լօրիս-Մելիքեաններ, 2 Լազարեան եւ այլն)։ Ապա «Մեղուն» ունի միանգամայն նոր ժողովրդական բաժանորդներ։ Դրանք գիւղական տանուտէրերն են («քեօխվայ»), թւով վեց հոգի։ Մնացած բաժանորդները, 300-ից աւելի, վաճառական դասից են։ Ինտելիգենցիայից յիշել պիտի վեց բժիշկներ։

«Կռունկ Հայոց Աշխարհին» 1860 թ. ունէր 440 բաժանորդ։ Անդրկովկասն այդ քանակից տալիս էր 275 բաժանորդ (Թիֆլիս 135, Գանձակ 23, Ալէքսանդրոպոլ 23, Ագուլիս 16, Ախալցխա 15, Դերբենտ 9, Երեւան 8, Շուշի 7, Շամախի 3, Նուխի 3 եւ այլն), Ռուսաստանն եւ Հիւսիսային Կովկասը 128 (Հաշտարխան 32, Մոսկուա 20, Նոր-Նախիջեւան 15, Պետերբուրգ 11 եւ այլն), Թիւրքիան 31 (Պօլիս 26, Իզմիր 4, Տրապիզոն 1), Պարսկաստանը 6 (Թավրիզ 4, Թեհրան 2)։ «Կռունկի» բաժանորդներն ըստ դասի ստորաբաժանւում էին՝ հոգեւորական 48 հ. (այս թւում կաթուղիկոսը, երկու պատրիարք, 6 թեմակալ, 3 եպիսկոպոս եւ այլն), ազնուական եւ աստիճանաւոր 53 հոգի (Լօրիս-Մելիքեան, Բեհբուտեան, Երեմիա Արծրունի եւ այլն), ապա մի քանի ինտելիգենտներ եւ մնացածը հաւանօրէն վաճառականներ։

Եթէ այժմ համեմատենք «Հիւսիսափայլի» եւ մնացած հայ պարբերականների բաժանորդների ցուցակը նրանց դասային պատկանելիութեան կողմից ապա մեր առաջ կը ծառանայ այն փաստը, որ «Հիւսիսափայլը» հոգեւորական բաժանորդ համարեա թէ չունի, այն ինչ մնացած պարբերականների համար այդ դասը պատկառելի թւով ստացողներ է տալիս։ «Հիւսիսափայլը» նկատելի չափով զուրկ է նաեւ ազնուական եւ աստիճանաւոր բաժանորդներից (1859 թուականն օրինակ չի կարող ծառայել, որովհետեւ, ինչպէս ասացինք, այդ տարին Նազարեանցին աջակցում էր Կովկասի իշխանութիւնը), իսկ դրա դիմաց մնացած պարբերականներն ունէին այդ դասի ձեռնտւութիւնը։ Ո՞վ էր ուրեմն գլխաւորապէս «Հիւսիսափայլի» բաժանորդը։ Հայ վաճառականը։ Բայց այդ դասը նոյն եռանդով եւ նոյնիսկ գերազանց ջերմութեամբ նաեւ հակառակորդ բանակի սպառողն էր։ Նա դեռ եւս երերուն աշխարհայեացքի կրող էր եւ իր առանձին հասարակական ձգտումների հունը չէր գտել։ Որքան որ նրա մի թեւը ձգտում էր ազատագրուել միջնադարեան իշխող դասերի իդէոլոգիայից, այնքան նրա միւս թեւը շարունակում էր իր գլխին ճանաչել միջնադարի ներկայացուցիչների գերիշխանութիւնը, թէ կեանքի մէջ եւ թէ իդէոլոգիայի։

Հայ պարբերականների բաժանորդների ցուցակները քննելուց յետոյ, որ անհրաժեշտ էր այս կամ այն պարբերականի ետեւը կանգնած համակրողների դէմքը ճանաչելու համար, այժմ դիմենք հայ գրքի շրջանառութեան խնդրին առհասարակ, այսինքն աշխատենք իմանալ, թէ ինչ քանակի եւ որակի գրքեր եւ հրատարակութիւններ էին սպառւում 50-ական եւ 60-ական թուականներին։

Կովկասի գրաքննական կօմիտէի տուեալներով 1855 թ. ներկայացրուել են տպագրութեան թոյլտւութիւն ստանալու համար 13 ձեռագիր եւ գիրք (գրքերն արտատպութեան համար)։ Պարբերական հրատարակութիւններ ներկայացրուել են 47 առանձին համարներ, որոնցից 18 թոյլատրուել է ամբողջովին, իսկ 29 բացառութիւններով։ Տպագրած գրքեր ներկայացրուել են 65 անուն եւ հատոր։ Օրինակների քանակը եղել է 507, որոնցից 37 անուն եւ հատոր 394 օրինակով հոգեւոր բովանդակութեամբ, 9 անուն եւ հատոր 60 օրինակով քաղաքական, 12 անուն եւ հատոր 23 օրինակով գեղեցիկ գրականութիւնից, 7 անուն եւ հատոր 30 օրինակով դպրոցական։ Այդ գրքերից 43 անուն արդէն թոյլատրուած են եղել մինչեւ 1855 թ., 8 անուն քննուել ու թոյլատրուել է 1855 թ., իսկ 14 անուն մնացել է քննուելի 1856 թուականում [4] ։ Թէ պարբերականները եւ թէ գրքերը պարզ է, որ ներմուծուած են եղել արտասահմանից Պօլսից, Վենետիկից եւ այլն, որովհետեւ Ռուսաստանում հրատարակուած գրքերը նորից չէին ենթարկուել Կովկասի կօմիտէի գրաքննութեան։ Եւ այն էլ գիտենք, որ1855 թ. Ռուսաստանում հայերը պարբերականներ չունէին։ Կովկասի հայութեան մտաւոր ճիգերն արտայայտուել են այն 13 ձեռագրերի եւ գրքերի մէջ, որոնց մասին կոմիտէն յիշում է իր հաշուի հէնց սկզբից։ 1856 տպագրութեան թոյլտւութիւն խնդրուել է 4 ձեռագրի համար։ Պարբերականներ ներկայացրուել են 45 համար, որոնցից 35 NN թոյլատրուել են ամբողջովին, իսկ 10 բացառութիւններով։ Գրքեր ներկայացրուել են 228 անուն եւ 258 հատոր։ Օրինակների քանակն եղել է 2300, որոնցից հոգեւոր բովանդակութեամբ 76 անուն 81 հատոր 1, 368 օրինակ, քաղաքական 36 անուն 46 հատոր 225 օրինակ, գեղեցիկ գրականութիւն 82 անուն 94 հատոր 348 օրինակ, դպրոցական 34 անուն 37 հատոր 359 օրինակ։ Գրաքննական կօմիտէն այդ բոլոր գրքերը բացի 2 աշխատութիւնից թոյլատրել է շրջանառութեան մէջ մտնելու [5] ։ Պարբերականներն ու գրքերը բացառապէս արտասահմանեան հրատարակութիւններ են եղել։

1858 եւ 1859 թուականների համար մենք տեղեկութիւն չունենք։ 1860 թ. գրաքննական կօմիտէից տպագրութեան թոյլտւութիւն է խնդրուել 12 ձեռագրերի եւ գրքերի համար։ Բացի այդ նրա քննութեան բովից անցել են 52 համար «Մեղու Հայաստանի», 12 համար «Կռունկ Հայոց Աշխարհին» եւ արտասահմանեան պարբերականներ 199 NN 629 օրինակ։ Արտասահմանից1860 թ. գրքեր ներմուծուել են՝

 

ա. հոգեւոր բովանդակ.

57 անուն

57 հատոր

1, 268 օրին.

բ. պատմական եւ քաղաք.

20 անուն

26 հատոր

157 օրին.

գ. գեղեցիկ գրականութ.

20 անուն

22 հատոր

826 օրին.

դ. դպրոց. եւ օժան. գիտ.

20 անուն

  20 հատոր

1, 292 օրին.

Ընդամենը՝

117 անուն

125 հատոր

3, 543 օրին. [6]

      1861 եւ 1862 թուականների համար գրաքննական կօմիտէն հետեւեալ տեղեկութիւններն է տալիս [7] ։

 

1861 թ.

Ներկայացրուած է ձեռագ. ՝         12

Պարբերական հրատարակութ. ՝

«Մեղու Հայաստանի»     53 N

«Կռունկ Հ. Ա, »     12 N

Արտասահմանից ներմուծուած է

պարբերական հրատարակ. 115 N 744 օրինակ [8]

 

Գրքեր ներմուծուել է՝

Հոգեւոր բովանդակութեամբ

65 անուն

67 հատոր

1, 512օր.

Պատմական եւ քաղաքական

11 անուն

20 հատոր

60 օր.

Գեղեցիկ գրականութիւն

33 անուն

34 հատոր

273 օր.

Դպրոցական եւ օժան. գիտ.

94 անուն

25 հատոր

1, 168 օր.

Ընդամենը՝

  203 անուն

146 հատոր

3, 013 օր.

 

1862 թ.

Ներկայացրուած է ձեռագիր՝      6

Պարբերական հրատարակութ. ՝

«Մեղու Հայաստանի»     52 N

 

Կռունկ Հ. Աշխ. 1-11 N

Արտասահմանից ներմուծուած է՝

Պարբերական հրատարակութ. ՝ 89 N

Գրքեր՝

Հոգեւոր բովանդակութեամբ

158 անուն

169 հատոր

1, 311 օր.

Պատմական եւ քաղաքական

49 անուն

56 հատոր

126 օր.

Գեղեցիկ գրականութիւն

79 անուն

79 հատոր

569 օր.

Դպրոցական եւ մանկական

24 անուն

24 հատոր

1, 074 օր.

Աշխարհագր. ազգ., եւ ճանապ.

1 անուն

1 հատոր

14 օր.

Օժանդակ գիտութիւններ

14 անուն

14 հատոր

14 օր.

Ընդամենը՝

325 անուն

344 հատոր

3, 114 օր.

 

Պարբերականները հրատարակւում էին սահմանափակ թւով, որովհետեւ, ինչպէս տեսանք, սահմանափակ էր բաժանորդների քանակը։ «Մեղու Հայաստանին»1861 թ. տպագրւում էր 350 օրինակ, 1862-1864 թ. թ. 480 օր., 1865-1866 թ. թ. 450 օր., 1867-1868 թ. թ. 360 օրինակ։ «Կռունկ Հայոց Աշխարհին»1862 թ. տպագրւում էր 800 օրինակ. 1863 թ. 580 օր., 1865 թ. լոյս տեսան Կռունկի երկու վտիտ տետրակները (թերթը Մարկոս Աղաբէկեանի ձեռքից անցել էր Ստ. Ստեփանէին). ամեն մէկը 400 օր., 1866 թ. լոյս տեսաւ 65 թ. համար լրացուցիչ մի տետրակ 10, 11 եւ 12 համարների տակ, որ տպագրուել էր 250 օր. ։ 1866 թ. «Կռունկը» փոխուեց «Հայկական Աշխարհի»։ Այդ թուականին նա տպագրւում էր 250 օր. ։ Յաջորդ 1867-68 թ. թ. նոյնիսկ այդ քանակը չըպահպանուեց եւ տպագրած օրինակների քանակն իջաւ 200-ի։ Այդ շրջանի «Վաճառական» թերթը 1866 թ. տպագրւում էր 450 օր., իսկ 1867 թ. 240 օր. ։ Ստեփան քահ. Մանդինեանի «Գարունի» NN 1-6 լոյս տեսան 500-ական օրինակ, NN 7 եւ 8 300-ական։ «Գարունը» N 8 դադարեց։ Թիֆլիսում 1862-1868 թ. թ. տպագրուեց 53 անուն հայ գրքեր ու գրքոյկներ, այսպէս՝ 1862 թ. 6 անուն, 63 թ. 7, 64 թ. 5 , 65 թ. 12, 66 թ. 11, 67 թ. 8, 68 թ. Գրքերի այդ քանակն ըստ բովանդակութեան ստորաբաժանւում էր՝ հոգեւոր 8 անուն, այբբենարան 8, դպրոցական եւ մանկական ընթերցանութեան համար 18, աշխարհագրական եւ պատմական 3, օժանդակ գիտութիւններից 2, գեղեցիկ գրականութիւն 4, օրացոյց 8, խառն 2 [9] ։

1863 թ. սկսած մենք այլ եւս տեղեկութիւններ չունենք արտասահմանից ներմուծած գրքերի քանակի եւ որակի մասին։ Այլ եւ ընդհանրապէս մեզ պակասում են տեղեկութիւններ Ռուսաստանի զանազան վայրերում (Մոսկուա, Պետերբուրգ, Թէոդոսիա) տպագրուած հայ գրքերի մասին, որոնք՝ առանց Թիֆլիսի գրաքննական կօմիտէին ներկայացնուելու՝ անարգել տարածւում էին հայութեան մէջ։ Անտարակոյս, ցանկալի էր ծանօթանալ հայ գրքի շուկային իր բոլոր մանրամասնութիւններով, որովհետեւ վերջ ի վերջոյ ժամանակի անցուդարձերը մնում են մթերուած գրքերի մէջ եւ նրանք են յետնորդներին վկայում նախորդների մասին, սակայն մեր անկազմակերպ հասարակական կեանքի շնորհիւ դա մեզ համար գոնէ անհնար եղաւ։ Բայց եւ այն, ինչ ցուցահանեցինք վերի էջերում, թւում է, թէ այնուամենայնիւ մի որոշ հասկացողութիւն ժամանակի մտաւորի մասին մեզ տալիս է։ Մենք տեսնում ենք, որ հրատարակւող, ներմուծւող, ասել է՝ սպառւող գրքերի խոշորագոյն մասը՝ կրօնական բովանդակութիւն ունի։ Դա հոգեւոր դասի գերիշխանութիւնը վկայող մի ապացոյց է, հրատարակիչները գլխաւորապէս հոգեւորական, գրողները մեծաւ մասամբ նրանք, նիւթը հոգեւոր բովանդակութեամբ, վերջապէս, ընթերցողների պատկառելի քանակը դարձեալ նրանք։ Հայ աշխարհիկ միտքն անկիւն ունէր միայն երկու-երեք հանդէսներում։ Ապա նա տեղ էր գտնում մի քանի լղարիկ գրքոյկների մէջ, աւելի ճիշտն այդ գրքոյկների առաջաբաններում։ Ընթերցողին չըպիտի սխալեցնէ այն հանգամանքը, որ հրատարակւում եւ սպառնւում էին գրքեր նաեւ պատմական, աշխարհագրական բովանդակութեամբ։ Այդ գրքերն ըստ էութեան պիտի աշխարհիկ նիւթերի մասին խօսէին, սակայն շնորհիւ նրանց կազմողների աւելի շուտ եկեղեցականների գործերն էին հռչակում։ Մի առանձին բան չէր ներկայացնում իրենից եւ գեղեցիկ գրականութիւնը։ Ինքնուրոյնը հայ պատմութեան այս կամ այն դրուագի ճոռոմաբան նկարագրութիւնն էր, իսկ թարգմանականը անճաշակ եւ միամիտ գործերի վերարտադրութիւն։ Այժմէականութիւն ունեցող աշխարհիկ հայ միտքը, որ կրքեր էր յուզում, պայքար առաջացնում , ինչպէս ասացինք, գլխաւորապէս պատսպարւում էր մի երկու պարբերականների մէջ։ Ինչ խօսք, որ առաջին տեղը «Հիւսիսափայլն» էր բռնում։ Արդ՝ 50-ական, 60-ական թուականների հայ պարբերականի ու գրքի արտաքին պարագանների հետ ծանօթանալուց յետոյ՝ խելամուտ լինենք նրա ներքին, ժամանակաշրջանի այժմէականութիւնը յուզող, բովանդակութեանը։ Բայց նախ եւ առաջ մի հարց. ի՞նչ մտայնութեան տէր էր հայութիւնը նախորդ դարի առաջին կիսում։

Պարսկական եւ թիւրքական տիրապետութեան տակ հայութիւնը դիմազուրկ մասսա էր դարձել։ Արտօնեալ դասը հոգեւորականութիւնն էր։ Նա էր միեւնոյն ժամանակ գրի ու գրքի ներկայացուցիչը։ Եւ այդ դասը, որպէս կազմակերպութիւն, համակերպուել էր տիրող րեժիմի հետ եւ առիթ չէր փախցնում քարոզելու ժողովրդին հնազանդութիւն եւ հաւատարմութիւն դէպի տիրողները։ Ժողովրդական մասսան իր համար փրկութեան ճանապարհ չէր տեսնում։ Նա հեծում էր բռնակալների լծի տակ եւ յոյս չունէր երբ եւ իցէ ազատուելու պարսկի ու թիւրքի անարգ գերութիւնից։ Հայ երկիրը դարձել էր լացի ու հառաչանքի հովիտ։ Յուսաբեկ ու լքուած հայութիւնը մխիթարութիւն փնտրում էր հաւատի մէջ, մանաւանդ այն խոստումների, որոնցով «այս աշխարհը» համարւում էր անցողակի եւ ժամանակաւոր կայան, իսկ «միւս աշխարհը» հանգստութեան ու վարձատրութեան վայր բոլոր հաւատի պատճառով հալածուածների համար։ Հայ ժողովրդի մէջ ծայր էր տուել մի ինքնօրինակ մեսսիանիզմ, հրաշքի եւ ակնկալութեան մի սպասում, թէ հայութեան տառապանքները պիտի շարժեն Աստուծոյ կամ մի այլ մեծութեան գութը, որ հեռու չէ փրկութեան ժամը։ Այդ կարգի հոգեկան եւ մտաւոր մթնոլորդ է նկարագրում Խաչ. Աբովեանը, որն իր աչքով տեսել էր պարսկական տիրապետութեան բոլոր արհաւիրքները։ Ահա մահմեդական «Մուհառռամի» տօնին Էջմիածնից մի պատգամաւորութիւն է եկել Երեւան՝ շնորհաւորելու խանի տօնը։ Էջմիածնի եպիսկոպոսին ընդառաջ են գնացել հայ երեւելիները, նրան պատւով իջեցրել են առաջնորդարանում եւ խօսք բացել ազգի անմխիթար կացութեան վրայ։ Աշխարհիկ երեւելին հարցնում է հոգեւոր երեւելիից. «Ախր էս հօ օր չի՝ որ մենք քաշում ենք։ Մնացել ենք եթմի պէս շլինքներս ծռած. սրա վերջն ախ ի՞նչ պէտք է ըլի, գիր չէ՞ք բաց արել, ի՞նչ ա ասում. էս աշխարքս քանի՞ տարի էլ պտի մնայ. վախտը հասել չի՞, որ մէկ Գաբրիէլեան փողը փչէր, աշխարքս հայլու պէս դզվէր, էնպէս որ մէկ պստիկ ասեղ էլ՝ մէկ օրվան ճամփից էրեւէր, աճուճ պաճուճը, Եղիա մարգարէն գային, մարդիկ մէկ թզի չափ դառնային, մեր սուրբ Էջմիածինը ու Երուսաղէմը մնային, մեր ազգը զօրանար, էս անհաւատ անօրէնքները մի կորչէին, ջնջվէին ու մենք սկսէինք երկնքի ու երկրի փառքը վայելել, ինչպէս որ հրեշտակը երազումը մեր սուրբ Լուսաւորչին պատմել ա։ Մենք էլ ասողից ենք լսել, հօ մեր գլխիցը չենք ասում։ Ախր աթադան, բաբադան էսպէս ենք իմացել՝ թէ Աստուած պետականը՝ որ մեր սուրբ Լուսաւորչուն էնքան չարչարեց, տասնը չորս տանջանք տալ տվեց, տասնը չորս տարի Խոր Վիրաբումը՝ ծառայ եմ նրա սուրբ զօրութիւնին՝ (ասեց ու երեսին խաչ հանեց) պահեց, մե՛ր խաթեր էնպէս արաւ, որ մեր ազգն էլ տանջվի, չարչարվի, էլ էս աշխարքին թամահ չանի, որ Աստուծոյ մօտ պարզերես գտնվի ու երկնային թագաւորութիւնը վայելի։ Ա՜խ՝ ի՞նչ կըլէր՝ որ էս օրը մի շուտով գար, մեր աչքն էլ լիս տեսնէր. երկրի թագաւորութիւնը մեր ընչի՞ն ա պէտքը, երկնքումը պտի մեր աստղը բանի, որ ամէն ազգ էլ տեսնին ու ամաչին, փոշմանին, որ երկրիս մեծութեանը էնքան եսիր էին էլել։ Գիրն էլայ ձեր ձեռին, (այսինքն հոգեւորականութեան Դ. Ա. ) գրի բալանիքն էլ։ Ձեր մէկ մազը աշխարքի բարէբար բան գիտի։ Ասում են՝ թէ ընչանք աշխարքս չվերջանայ, մեր ազգին ո՛չ թագաւորութիւն կըլի, ո՛չ թախտ, հէնց էսպէս պիտի չարչարվինք, մենք դատենք, ուրիշներն ուտեն» [10] ։ Եպիսկոպոսն այս դառն խորհրդածութիւններին պատասխանում է, որ առաքեալները, մարգարէներն ու մարտիրոսները՝ հալածանք կրելով՝ արժանացել են Աստուծոյ շնորհներին եւ «այժմ նրա աջակողմեան դասումը նստած» վայելում են երկնքի ուրախութիւնը, որ այդ փառքի հետ շահ չըկայ փոխարինելու երկրային անցաւոր վայելքները։ «Էդ ո՞ր գիժը կանի։ Փառք աշխարհիս իբրեւ ծաղիկ խոտոյ, այսօր է եւ ի վաղիւն ցամաքի։ Մեզ պէս մեղաւոր անարժան մարդիկը պէտք է Աստծուն ընդիմանա՞նք։ Էդպէս սարսափելի չար միտքը ձեր սրտներովն էլ չի պտի անց կէնայ, ո՞ւր մնայ բերան բերէք, եա լեզվով էլ ասէք։ Ինչ Աստուծոյ կամքն ա, էն պիտի ըլի։ Պօղոս Առաքեալը չի՞ ասում, թէ «հնազանդ լերուք թագաւորաց, զի յԱստուծոյ են կարգեալ». պրծա՛նք, գնաց ով այլ տեսակ կմտածի, անհաւատ ա ու դժոխքի բաժին, մեր պարտականութիւնն ա, որ ասենք, ձերը՝ որ լսէք։ Չէ՛ք լսիլ, պարտականը դուք մնաք» [11] ։

Մեզ չըպիտի շփոթէ այն հանգամանքը, որ Աբովեանի արձանագրած մտքերը գտնւում են մի գեղարուեստական համարուած գրքի մէջ։ Աբովեանի երեւելին ու եպիսկոպոսը ժամանակի ընդհանրացած կարծիքների արտայայտիչներն են։ Իրենց զրոյցով նրանք մեր առաջ ցուցահանում են նախորդ դարի սկզբի հայ հասարակական միտքը, նրա կարողութիւնն ու որոնումները։ Որ Աբովեանի արձանագրած մտքերը մտացածին չեն, որ նրանք իրականութեան մի բեկորն էին մենք այդ մասին կասկած չունենք։ Կայ մեր ձեռքի տակ եւ մի այլ վկայութիւն, որը թէեւ վերաբերւում է Թիւրքիային, բայց պատկերացնում է նոյն ծանօթ մթնոլորդը, որն անմահացել է Աբովեանի գրչի տակ։

Արսէն Թոխմախեան՝ խօսելով Թիւրքիայում տիրող հասարակական ապրումների մասին՝ պատմում է հետեւեալը. «Վանայ ծովը 4 կղզիներ ունի, որոնցից, երեքը վանքեր են, հայ ազգի փրկութեան համար աղօթող աբեղաներով լցրած։ Մի ժամանակ, այդ կրօնաւորները վանեցոց վրայ ձախորդ ազդեցութիւն ունէին, իրանց աշխարհի ունայնութեան վրա տուած խիստ քարոզներով. այնպէս որ, դոցա քարոզների ազդեցութեան տակ երիտասարդները ընտանեաց ծոցից փախչում էին վանքեր. մարդիկ ինչպէս կրօնաւորներ բերան գիտէին բոլոր սաղմոսն ու նարեկը եւ Այգեստանից քաղաք իրանց գործին գնալիս, մարդ կարծես պատահում էր խումբ-խումբ ապուշների, որոնք իրանք իրանց փսփսում, այսինքն սաղմոս էին կարդում. նոքա կամաւ իրանց անձը, ստոյիկեանց պէս, ենթարկում էին թիւրքերի ծեծին եւ նախատինքին։ Այդ ժամանակի վանեցիները երկրային թագաւորութեան մտքերին թշնամի էին։ Այդ մոլեռանդ պրօպագանդիստներին մահացու հարված տուեց Խրիմեան իր աշակերտներով, որոնք ազգութիւն քարոզեցին» [12] ։ Հէնց այս երկրային թագաւորութիւնը մերժող հոգեւորականներին է պատկերացնում Րաֆֆին իր ճանապարհորդական նկարագրութեան մէջ [13] ։ Այսպէս, դեռ եւս նախորդ դարի յիսնական թուականներին հայ հոգեւորականութեան մէջ տիրապետող էր այն միտքը, որ հայութիւնն աշխարհային բարիքների ու փառքի ետեւից չըպիտի ընկնի, որ նա պիտի պատրաստուի երկնային կեանքի համար։ Այդպէս ասւում ու քարոզւում էր հասարակ ժողովրդի համար։ Գուցէ դա շատ հոգեւորականների անկեղծ դաւանանքն էր, բայց այն էլ փաստ էր, որ այդ դասի անդամներն ըստ մեծի մասին շարժւում էին յար ու նման Խրիմեանի նկարագրած պատկերին.

Ուտեմք ըզմիս եւ ըզմատաղ, զխորովուն գառըն կարմրած,

Ուտեմք ըզճաշ ըզխարիսայ իւղն ի վերայ լիճ լիճ լըցեալ.

Ուտեմք ըզկաթըն մաքեաց եւ ըզմածունըն սերակապ,

Ուտեմք զանհալըն կարագ եւ ձագուց մեր ըզհետ նորա.

Ուտեմք եւ յափրանամք, նընջեմք ի խուց, խորդամք անհոգ։

Այս նշանակում էր, որ մերժելով աշխարհայինը հասարակական իմաստով՝ հայ հոգեւորականութիւնն այն չէր մերժում մասնաւոր բարեկեցութեան, հանգստի եւ ապահով ապրուստի տեսակէտից։

Հայ ժողովրդական մասսաների քաղաքական դիմազրկութիւնը, նրանց ենթարկումը հոգեւորականութեան՝ առաջացրել էր եւ մի տարօրինակ հոգեկան ու մտաւոր վիճակ։ Չնայած հասարակական խեղճութեան ու ստրկացման՝ մասսաների, ամբողջ հայութեան մէջ ապրում էր մի համոզում, որ հայ ազգն ընտրեալ ազգ է։ Այդ համոզումն աւելի եւս բորբոքուեց ու հիմնաւորուեց, երբ հրապարակ եկան Մխիթարեաններն եւ փոշիների տակից լոյս աշխարհ հանեցին անցեալի նշխարները։ Մխիթարեանները հաւաքողներ ու հրատարակողներ էին։ Հայութեան վերաբերեալ ամեն մի տողը նրանց մէջ առաջացնում էր խորին պատկառանք, համարեա թէ սրբազան երկիւղածութիւն, իսկ քննադատութիւն երբէ՛ք։ Մխիթարեանների հրատարակութիւնները հայ կրթուած դասի, այսինքն հայ հոգեւորականութեան առջեւ բաց արին անցեալի եղած ու չեղած մեծագործութիւնների պատկերը։ Արդիւնքն եղաւ այն, որ հպատակը սկսեց իր սրտի խորքում վերից վար նայել տիրողի վրայ։ Եւ այն համոզմանը, որ հայութիւնն ընտրեալ ազգ է, աւելացաւ նաեւ ներքին ինքնագոհութեան զգացումն եւս։ Բայց այդ ինքնագոհութեան զգացումը շօշափելի գործ չէր դառնում, նա չէր հրահրում դէպի անցեալի անկախութեան վերականգնումը, այլ ընդհակառակը գալիս էր թեւ տալու ունայնութեան քարոզին, որ ահա եղել են այսպիսի ժամանակներ, հայութիւնն ունեցել է իր ուրոյն եւ անկախ քաղաքական գոյութիւնը, բայց եւ այդ բոլորը, որպէս մարդկանց ձեռքի գործ, անցել է, ուրեմն՝ յաւիտենականն Աստուծոյ արքայութիւնն է, այն միայն խնդրեցէք։ Այսպիսով ունայնութեան քարոզն եւ ազգային ինքնագոհութիւնը ստեղծել էին ինքնագոհ հայամոլութիւն, որը խորշում էր դրսի աշխարհից, չէր կամենում օրինակ վերցնել օտարներից, մերժում էր աշխարհիկ հասարակական գոյութիւնը։ Հայութիւնը դարձել էր կրօնական համայնք, միանգամայն սահմանափակ իր ըմբռնումների մէջ եւ աղանդաւոր իր ձգտումներով։

Նախորդ դարի յիսնական թուականներին, երբ փոփոխուած տնտեսական ու հասարակական պայմանների շնորհիւ ծայր առաւ մեր վերածնութիւնը, երբ հրապարակի վրայ դրուած էր մեր աշխարհիկ գոյութեան խնդիրը, ասպարէզ նետուեց, որպէս ընդդիմադիր ոյժ, նաեւ ինքնագոհ հայամոլութիւնը։ Այդ հոսանքը, որ իր ետեւ ունէր եկեղեցական դասին, պինդ փարել էր այն պնդումներին, թէ հայութիւնը իր հասարակական կեանքի մէջ կարիք չունի ոչինչ փոփոխելու։ Հայ լեզուի աշխարհականացումը նա համարում էր սրբապղծութիւն, որովհետեւ «ճիշդ միտ դնելով աներկբայելի պատմութեան սկզբնաւորութեան ազգիս՝ համարի մայր, վաղեմի, առաջին, երիցագոյն եւ հարազատ, ո՛չ մուրացիկ, ո՛չ կարկատեալ, ո՛չ ածանցեալ, եւ ո՛չ ՚ի փոխ առեալ յայլոց, այլ նախամարդոյն Ադամայ պարգեւ եւ պսակ բանակութեան շնորհեալ ամենիմաստ Արարչապետին դեռ եւս ՚ի խանձարուրս նորածին կենաց եւ անմեղութեան վիճակի նորա»… [14] ։ Որեւ է քննադատութիւն մեր պատմական անցեալի, դէպքերի եւ անձերի նկատմամբ համարւում էր դարձեալ սրբապղծութիւն եւ դաւաճանութիւն ազգային անուան եւ շահերի հանդէպ։ Հայութեան անցեալի հետ կապուած աւանդութիւնները, անգամ ակնյայտնի առասպելները համարւում էին անձեռնմխելի սրբութիւններ։ Եւ մի ազգ, որի լեզուն նախամարդ Ադամի (!?) բարբառն էր, որի բնակած վայրը հինօրեայ դրախտի տեղն էր ներկայացնում, որի գլխաւոր տաճարն արժանացել էր Միածնի այցին, որի նախահայրերն այնքան քաջագործութիւններ ունէին կատարած, մի՞թէ այդպիսի ազգը կարիք ունէր «մուրալ, կարկատել, փոխ առնել», ինչպէս ասում էր Արարատեանը։ Ապա չըպիտի մոռանալ, որ ազգն ոչ միայն պանծալի անցեալի տէր էր, այլ եւ ունէր կենդանի, այժմ իսկ ասպարէզի վրայ ծառացած սրբազան հովիւներ, որոնց «մէկ մազը աշխարքի բարէբար բան գիդի»։ Եւ ոչ միայն նրանք։ Չէ ո՞ր նրանց կողքին ամուր կանգնած էին ազգի իշխաններ, ա՜յնքան ունեւոր, ա՜յնքան պատուաւոր եւ յարգուած իշխանութեան առաջ։ Էլ ի՞նչն էր մեզ պակաս։ Ոչի՛նչ։ Մնում էր հանգիստ ապրել ազգի առաջնորդների հովանաւորութեան տակ, չըգայթակղուել օտար ազգերի օրինակով, խորասուզուել մեր պարծանքների մէջ եւ կռիւ ու շփոթ չըյարուցանել ազգի ծոցում։ Դա ազգային տիրող խաւերի հոգեւորականութեան ու ազնուականութեան բաղձանքների թելադրութիւնն էր. թող ազգը հպատակ մնայ իրենց, նրա ներկայացուցչութեան արտօնութիւնը թող մնայ հին ձեռքերում, իսկ խոնարհ ազգայիների զարթնող ոգու համար բաւ է եւ հին յիշողութիւնների օրօրը։ Սակայն պատմութիւն իզուր չէր գործել։ Իզուր չէին առաջ եկել նոր հասարակական խաւեր, որոնք տակնուվրայ էին արել ողջ տնտեսակարգը, իրար կցորդել ցրուած հայերին եւ շարժման մէջ դրել ազգի զաւակներին։ Անցեալի յիշողութիւններն այլ եւս թումբեր էին, որոնցով կամենում էին թագցնել ներկայի թուլութիւնն ու անճարութիւնը։ Հին գիտութիւնը, հին հասկացողութիւնները, հին լեզուն պատուարներ էին, որ փակում էին նորի առաջ, նորի, որ բարեկեցութիւն, լայն մտաւոր հորիզոններ ու գիտակցական կեանք էր խոստանում։ Պէտք էր պայքարել։ Ազդանշանը պայքարն էր, հասարակական անհաշտ պայքարը։ Եւ հնչւում էր նրա դրուատումը. «Օրհնեալ է պատերազմը» (Միք. Նալբանդեան)։



[1]        Աղ. Երիցեանցը «հայկաբան-գիտնականների» մասին հետեւեալ լուսաբանութիւնն է տալիս. նրանք ինքնակրթութեամբ, գլխաւորապէս Մխիթարեանների հրատարակութիւններով զարգացած մարդիկ էին, որ կոչուած էին գիտնական, հայկաբան կամ վարժապետ։ «Ով դոցանից ունէր Կովդնու փիլիսոփայութեան չորս հատորը նա փիլիսոփայ էր ժողովրդի աչքում. ով ունէր Ռէսթենի բժշկականութիւնը նա ճանաչում էր ամենայն հիւանդութիւն եւ ամեն ցաւի դեղ էր տալիս. ում մօտ գտնվում էր Թէսաւորսը նա խելօք եւ բարոյական մարդ էր, իսկ Ռօլէնի հնախօսութեան հատորները ընտիր գիտնականների բաժին էին»։

[2]        Աղ. Երիցեանց՝ «Ստեփաննոս Նազարեանց եւ նորա գրական գործունէութիւնը», «Փորձ», 1879 թ., Նոյեմբեր, էջ 48։

[3]        «Հիւսիսափայլի», «Ճռաքաղի» եւ առհասարակ հայ պարբերականների վաճառական բաժանորդներին հեշտ է որոշել, որովհետեւ այնքան էլ երկար ժամանակ չի անցել նրանց հրատարակութեան ժամանակից եւ յետոյ այդ կարգի բաժանորդների ազգանունները մեր օրերում դեռ գոյութիւն ունեն առեւտրական ու արդիւնաբերական հրապարակներում։

[4]        Акты, т. XI. N 792, Отчетъ о дѣйствiяхъ цензурного Комитета за 1855 г.

[5]        Акты, т. XI. N 799, Отчетъ о дѣйствiяхъ цензурнаго Комитета за 1856 г.

[6]        Акты, т. XII, էջ 1375-1376.

[7]        Акты, т. XII, էջ 1380 եւ 1386-1387.

[8]        1861 թ. պարբերական հրատարակութիւններից 19 N թոյլատրուել է բացառութիւններով, իսկ 3 N արգելուել է։ 1862 թ. թոյլատրուել է բացառութիւններով 12 N, արգելուել է 2

[9]        Сборникъ статист. свѣдѣнiй о Кавказѣ, Тифлисъ, 1869, от. II, էջ 163, 166, 169.

[10]       Խաչ. Աբովեան՝ «Երկեր», Մոսկուա, 1897, էջ 124-125։

[11]       Անդ, էջ 127։

[12]       Ա. Թոխմախեան՝ «Հայրենիքի պահանջներ եւ հայ գիւղացին», հրապարակախօսութիւն կարդացված 1881 մայիսի 29-ին եւ կրկնված յունիսի 12-ին, Թիֆլիս, Արծրունու թատրոնում։ Թիֆլիս, 1881, էջ 21-22։

[13]       «Աղթամարայ վանքը»։

[14]       Առաքեալ Վարժապետ Արարատեան՝ «Դիմագրաւ ընդդէմ Սատան յարուցելոյ ամենապատուական նախամայր մաքուր լեզուիս Հայոց, Թիֆլիս, 1858, էջ 5.