Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԻԱ
ԿԱՇՈՒՑ ԴՐԱՄ ԿԵՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կցուցադրեմ նաեւ շահի հնարամտությունը եւ նրա մարդաշահությունը (մարդկանց գրավելը): Քանզի մինչդեռ նա Բաղդադում էր եւ այնտեղ նա ուշացավ, քանի որ դժվարությամբ գրավեց այն, ուստի բանակի դրամը վերջացավ, եւ զորքի առեւտուրը կանգ առավ, որովհետեւ դրամ չկար, որ գնեն ու վաճառեն եւ գտնեն իրենց անհրաժեշտ պիտույքները: Այս պատճառով բողոքեցին շահին՝ ասելով. կամ սպաներին ռոճիկ տուր, կամ դադարեցրու պատերազմը, մենք գնանք մեր տեղերը եւ այնտեղ մեր վաստակներով մեզ պահենք: Իսկ շահը անճարակ լինելով շվարեց: Ապա մտածեց հետեւյալը. կանչեց կաշեգործներին եւ հրամայեց պատրաստել շատ սպիտակ կաշի: Բերել տվեց կոշկակարներին, որպեսզի կաշիները միաչափ, ինչպես պղնձադրամը` բոլորաձեւ մանրացնեն: Շինել տվեց երկու երկաթե կնիքներ, մեկի վրա գրել տվեց շահի անունը, իսկ մյուսի վրա՝ Բաղդադի անունը: Մեկը ամրացրեց տափակ փայտի եւ նրա վրա դնում էին կաշե դրամը, իսկ մյուս կնիքը դնում էին դրամի վրա եւ կռանով խփում էին կնիքին: Եվ այդպես ներքին եւ վերին կնիքները գիրը տպում էին կաշու վրա: Տպեցին անթիվ, անհամար դրամներ եւ անվանեցին դանկ՝ հայերեն՝ դիան, հրեերեն՝ լոմա:

Եվ կանչեց զորքի գլխավորներին՝ հազարապետներին, հարյուրապետներին, նրանց տվեց լոմաները եւ ասաց. «Բաժանեցեք զորքերին, քանի այստեղ ենք, թող վաճառեն ու գնեն: Երբ գնանք Սպահան, բերել տվեք կաշվե դրամը ինձ, ինչ չափով, որ բերեք, նույն չափով ինձնից կառնեք պղնձյա դրամը»: Եվ այդպես էլ արին. զորքը լիացավ, մինչեւ որ գրավեցին Բաղդադը: 1073 (1624) թվին վերադարձավ, գնաց Սպահան եւ արեց այնպես, ինչպես որ ասաց:

ԳԼՈՒԽ ԻԲ
ՇԱՀԻ ԶԲՈՍԱՆՔԸ ԿԱՆԱՆՑՈՎ

Լսեք նաեւ հետեւյալը, քանզի պարսից ազգը իր կրքոտ ու վավաշոտ ցանկասիրության պատճառով շնանում է անխտիր, ում հետ որ կարողանում է: Բայց եթե մեկը նրանց կանանց նայի, հանցանք է` ասում են, նաեւ ամոթ ու նախատինք: Եթե նրանց մեծերից որեւէ մեկը որեւէ տեղ է գնում իր կնոջ հետ, հրամայում է, որ մունետիկներ ընթանան ճանապարհով, որպեսզի ոչ ոք չերեւա, մինչեւ որ կինը անցնի: Այսպես էր անում եւ Շահ Աբաս թագավորը: Երբ կամենում էր կնոջով ու հարճով շրջել, նախապես մունետիկ էր ուղարկում ճանապարհը, որպեսզի որեւէ տղամարդ չերեւա ճանապարհին: Հրամայում էր քաղաքի փողոցները, հրապարակները, խանութները եւ նրանց ընթացքի բոլոր անցումները զարդարել, որ անցնելիս տեսնեն եւ ուրախանան: Այսպես էր անում նաեւ այգիներում, հանդերում, ուր որ գնալու լիներ: Մի օր ելավ քաղաքից դուրս հանդերը բոլոր հարճերով եւ զբոսնում էր: Ջուղայեցի մի այրի քահանա, որին կոչում էին Ձիք-Տեր-Ստեփանոս: Սա երբեմն-երբեմն քաղաքից դուրս էր գալիս, միայնակ սաղմոսելով շրջում էր: Օրերից մի օր եւս քահանան գնացել էր եւ շրջում էր, մեկ էլ տեսավ հեռվից մի բանակ դանդաղ գալիս է: Երբ մի քիչ մոտեցավ, տեսավ կանանց բազմություն է: Ապա ճանաչեց, որ դա շահն է: Եվ ահա դողը բռնեց քահանային, սա իր սրտում հաստատեց իր մահը: Եվ անճարացավ, չէր իմանում, թե ինչ է անելու, որովհետեւ (մտածում էր), թե ահա մեռնում եմ: Այդ պատճառով շուրջառը գցեց գլխին, ընկավ գետնին, դողում էր:

Ահա եկավ շահը` կանանցով, կանգնեց նրա վերեւը եւ ասաց. ո՞վ ես, վեր կաց: Իսկ նա չկարողացավ խոսել: Շահը դարձյալ խոսեց` հա՞յ ես, թե՞ թուրք, վեր կաց: Քահանան ասաց. «Հայ եմ եւ քահանա, սպանվելուց վախենում եմ, այդ պատճառով չեմ վերկենում»: Շահն ասում է` մի վախենար, քանզի քեզ վնաս չի պատահի: Ապա քահանան ելնում է դողալով, ծնկների վրա գնալով` համբուրում է շահի ոտքերը: Շահը հարցնում է. «Ասա, ի՞նչ ես անում այստեղ»: Քահանան ասում է. «Այրի եմ, այստեղ շրջում եմ աղոթելով շահի կյանքի եւ արեւշատության համար»: Շահն ասում է, քանզի այրի ես, այս կանանցից մեկին առ, որին որ հավանում ես: Քահանան ասում է` դրանք իմ մայր, քույր եւ դուստրերն են: Շահն ասում է` քո մորը, քրոջը եւ դուստրերին այսպես, այնպես անեմ:

Ապա հրամայում է նրան տալ մեծ պնակով գինի, որն իրենք կոչում էին հազարափեշա*: Լցրեց այն, տվեց քահանային եւ ասաց` խմիր այն: Քահանան դողալով ասաց` շատ է, չեմ կարող բոլորը ըմպել: Շահը ասաց` խմիր բոլորը մի շնչով: Այս բանը արեց փորձելով, որ տեսնի, թե առաջին անգամվա նման է խոսում, թե ոչ:

Դարձյալ ասում է շահը` այս կանանցից մեկին առ քեզ, քանզի իմ կամքով քեզ եմ տալիս: Կրկին նույնն էր ասում քահանան: Շահը նրա հետ շատ խոսեց, հարցնում ու լսում էր: Իմացավ քահանայի խելոք լինելը եւ ասաց` կեցցես, քահանա: Ապա նրան տվեց մի կնքված գրություն եւ ասաց` պահիր ձեռքդ, որ վերջից եկող ներքինիները չխոսեն: Եվ ասաց` աղոթիր, քահանա, ապա անցան գնացին: Իսկ ով էլ տեսավ գրությունը, ոչինչ չասաց նրան: Օրերից մի օր Ջուղայի խոջաների առջեւ շահը հիշեց քահանայի խելոքության մասին: Իսկ խոջաները հաստատեցին, թե իրոք այդպես է, որպես հրամանքդ ասաց:

 

* Մեզանում հազարափեշա գինին կարասից հանելու ամանին են ասում, որ սովորաբար դդմանման բույսի դդումն է:

ԳԼՈՒԽ ԻԳ
ԻՐ ՈՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նենգավոր ու չար, նախանձ արքան` խորամանկ Շահ Աբասը, խիստ վրեժխնդիր էր լինում նրանցից, որոնք իր եւ իրեն հնազանդվածների մասին ասեին ինչ-որ չար ու վատ բան: Եթե ծանր բան էր լսում, չարամահ էր անում նրանց, ինչպես որ իսկը տեսանք իր որդու վերաբերությամբ:

Օրերից մի օր մեծամեծները հավաքվեցին մի տեղում, սրանց հետ էր նաեւ շահորդին, որի անունն էր Սաֆի-Միրզա: Սրանք խոսում էին շահի մասին: Զրույցի ընթացքում ասացին մինչեւ երբ ծառայենք այս սեւ էշին, եկեք սրան սպանենք եւ այս որդի Սաֆի-Միրզային դնենք նրա տեղը: Նաեւ որդուն ասացին այդ խոսքը, եւ նրան հաճելի եղավ այդ խոսքը:

Սրանց գլխավորն էր Ջանի խանը. այդ օրը պայմանավորվեցին, թե որ օրն են նրան սպանելու: Այնտեղ էին գտնվում շահի հավատարիմներից, գնացին պատմեցին նրան: Երբ շահը այս լսեց, կատաղեց, բարկությունից դողում էր, չէր կարողանում խոսել: Մի պահ լռեց, ապա նույն մարդուն, որ պատմեց շահին սպանման մասին, ասաց` գնա լռելյայն կանչիր Սաֆի-Միրզային, գա ինձ մոտ: Երբ ծիծաղելով եկավ հոր մոտ, շահը նրան հարցրեց եւ ասաց` այսօր ո՞ւր էիր, որ ինձ մոտ չեկար: Որդին ասաց` ես ուրիշ տեղ չեմ գնացել: Շահն ասաց` չէ՞ որ ես այնտեղ էի, երբ Ջանի խանը եւ այլք քեզ թագավոր արին, իսկ դու ուրախությամբ հոժարվեցիր: Իսկ նա լռեց եւ չկարողացավ խոսել: Դահիճները այնտեղ էին, նրանց հրամայեց տղայի գլուխը կտրել, դնել սկուտեղի մեջ, իսկ մարմինը գցել մի խորխորատ*:

Նույնպես այդ մարդուն ուղարկեց Ջանի խանի մոտ գաղտնի: Նա կանչեց նրան, եւ նա եկավ: Շահն ասաց` ի՞նչ էր ձեր հավաքը այսինչ շենքում: Կամ ի՞նչ էր ձեր խոսակցությունը: Խանն ասաց վտանգավոր բան չենք խոսել: Շահը հարցրեց` իսկ Սաֆի-Միրզային ձեր վրա թագավորեցրիք: Խանը լռեց: Որդու գլուխը շահը բերել տվեց եւ ասաց` ահա ձեր թագավորը, տես եւ ուրախացիր: Եվ հրամայեց նրան նույնպես գլխատել: Այդպես արեց բոլորի նկատմամբ, որոնք մտածեցին նրա մահը: Ավելի քան տասնհինգ մարդ նույն օրը սպանեց որեւէ մեկի չիմացնելով: Եվ այսպես ոչնչացրեց իր նկատմամբ բոլոր չարագրգիռներին:

 

* Բնագրում` խոտափիտ, պետք է լինի խորափիտ:

ԳԼՈՒԽ ԻԴ
ՇԱՀ ԱԲԱՍ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՀԸ

Թեպետ Շահ Աբաս թագավորը ուներ շատ երկրներ ու քաղաքներ, բայց նա ամեն երկրից ավելի սիրում էր Ֆահրապատը եւ Աշրափ քաղաքը: Եվ երբ պատերազմից ազատ էր լինում, գնում էր Աշրափ եւ այնտեղ հանգստանում եւ այնտեղ էր լինում: Այնպես եղավ, որ Բաղդադի գրավումից հետո եկավ Սպահան, բայց այնտեղ երկար չմնաց, այլ գնաց Ֆահրապատ` Աշրափ քաղաքը եւ մահու հիվանդությամբ տկարացավ: Նա իմացավ, որ այդ տկարությունն իր մահն է եւ դրանից չի ազատվելու: Իր թոռին մոտը կանչեց, որ Սաֆի-Միրզայի որդին էր եւ անունն էլ Սաֆի. սրա հետ կանչեց նաեւ տերության խնամակալին, որի անունն էր Սարութաղի, նաեւ Սաֆի խանին, որ Բաղդադի իշխանն էր: Այդ ժամանակ եկել էր շահին տեսության եւ այնտեղ էր: Սրանց առջեւ կանչեց իր թոռին եւ ասաց` որդյակ, ես քո հորը սիրեցի, որ նա իմ տեղը թագավոր լինի, իսկ նա կամեցավ սրով ինձ մեռցնել, այդ պատճառով ինքը ընդունեց այն մահը, եւ դու եղիր այս թագավորության ժառանգը: Լսիր, ինչ որ կասեմ, անսա ինձ, մինչեւ որ մեռնեմ, դու գնա Սպահան եւ այնտեղ թագավորիր, իսկ նրանց, որ իմ հրամանով իշխաններ են ու գործակալներ, վերացրու մեջտեղից, որպեսզի չդավեն քեզ: Այս Սաֆի խանին ուղարկիր իր տեղը, թող գնա Բաղդադ, իսկ այս Սարութաղին լինի քեզ դաստիարակ եւ խրատատու: Ինչ որ սա ասի, դու լսիր սրան: Այսքան խոսք ասաց եւ մի քանի օրից հետո մեռավ 1078 (1629) թվին` թագավորելով հիսուն տարի:

ԳԼՈՒԽ ԻԵ
ՇԱՀ ՍԱՖԻԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ժամանակն է խոսելու այս Սաֆի թագավորի մասին, քանզի Շահ Աբասի մահվանից քառասուն օր հետո սրա թոռ Սաֆին գնաց Սպահան արքունի խնամակալ Սարութաղիի եւ Սաֆի խանի հետ ու այնտեղ թագավոր դարձավ: Եվ երեք օր մունետիկը, որ ջառչին է, գոչում էր, թե ահա թագավոր եղավ շահ Սաֆին, բոլորդ լսեք եւ զգուշացեք: Իր թագավորելու սկզբին շահ Սաֆին տասներեք տարեկան էր, քանզի թեպետ տարիքով դեռ մանուկ էր, սակայն գիտությամբ կատարյալ էր, շատ խելոք էր եւ քաղցրախոս. ինչ որ ասում էր, հաճելի էր լինում լսողների համար, եւ ոչ ոք իր մտքում նրան չէր պախարակում, որովհետեւ ոչ ոքի դժվարին չէր թվում նրա ասածը, այդ պատճառով սիրում էին նրան նրա խելոքության համար: Օրերից մի օր իր հետ վերցնելով Սաֆի խանին, մտավ ծաղկանոց: Մտքում պահում էր իր պապ Շահ Աբասի ասածները: Նայելով ճանտարի ծառին, որ սոսին է, ասաց՝ սրանք չափազանց երկայն են եւ հաստ, պետք է հատել եւ տնկել նոր տնկի, որպեսզի լավ աճեն:

Սաֆի խանը հասկացավ խոսքի իմաստը, քանզի (շահ Սաֆին) կամենում է Շահ Աբասի պատվիրանը կատարել: Սաֆի խանը ասում է. «Այո, արքա, լավ ասացիր, արա, ինչպես ասացիր»: Եվ ծնկի եկավ, պարանոցը կորացրեց եւ ասաց՝ քո ծառան եմ, նախ ինձ հատիր: Շահը ասաց՝ դու կտրելու ծառ չես, գնա քո տեղը: Եվ ապա թուրը հանելով երեք անգամ մեկնեց պարանոցին, բայց չմոտեցրեց նրան: Ասաց՝ համարիր քեզ հատված եւ թուրը դրեց պատյանը: Իսկ Սաֆին ելավ, համբուրեց շահի ոտքերը:

Ապա մեկ-մեկ կանչեց բոլոր մեծամեծներին եւ կոտորեց ամբողջ ավագանին, գործակալներին, մինչեւ իսկ ավելածուներին, աղբաթափներին եւ հավապահներին: Եվ այսպես սպառեց բոլոր իշխաններին: Նախ Ղողչիբաշուն եւ այլոց, ինչպես ասացինք:

Նա մի հորաքույր ուներ՝ Շահ Աբասի դուստրը, սա ուներ երկու որդի. սրանք տրտնջացին շահից, թե ի՞նչ է անում այս խելագարը, որովհետեւ արյաց այս ազգի զորքը սպառեց: Օսմանցիք այս որ լսեն, կգան մեր երկիրը ավեր կանեն, ո՞վ կարող է դիմադրել նրանց, քանզի պատերազմի բոլոր այրերին բնաջնջեց այս անմիտ շահը: Եկան այս բանը իմացրին շահին: Մորից գաղտնի (մարդիկ) ուղարկեց, բերին երկու եղբայրների գլուխները ու թաքցրին: Ասաց՝ գնացեք եւ կանչեք դրանց մորը, թող գա ինձ մոտ, որդիների մասին որեւէ բան չասեք: Եվ երբ եկավ եւ բազմեց, շահն ասաց՝ հորաքույր, ես երկու թշնամի ունեմ, այժմ ի՞նչ անեմ նրանց: Հորաքույրն ասած՝ քո թշնամիները պետք է ոչնչանան, ինչպես որ եղան ուրիշները: Շահն ասաց՝ ահա նրանք գալիս են քո առջեւ, քո աչքերով տես նրանց: Եվ հրամայեց բերել նրա որդիների գլուխները սկուտեղով եւ դնել մոր առջեւ, ապա ասաց՝ իմ թշնամիները դրանք են: Եվ երբ տեսավ իր որդիների գլուխները, ճչաց բարկությամբ եւ ելավ բռնեց շահի շրթունքները եւ խոցելով վիրավորեց: Ըստ մայրական սիրո լալով աղաղակում էր ու ասում՝ արյուն թափվի բերանիցդ, դրանք ինչպե՞ս էին քեզ թշնամիներ, որ դու լափեցիր այդ աղբը:

Այս պատճառով շահը բարկացավ եւ հրամայեց նրան մերկացնել մորեմերկ եւ գլխիվայր գցել զուգարանը:

Եվ այսպես նրա սարսափը տարածվեց բոլորի վրա: Այդ պատճառով պարսից գովքասանները լացական ողբեր երգեցին իշխանների ոչնչացման մասին: Իսկ շահը ուրիշներին նշանակեց սպանվածների տեղերը եւ ահաբեկչությամբ թագավորեց ամբողջ արյաց երկրի վրա:

ԳԼՈՒԽ ԻԶ
ՇԱՀ ԱԲԱՍԻ ՈՐԴՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Պարսից Շահ Աբաս մեծ թագավորը շատ որդիներ ուներ այլեւայլ կանանցից, որոնք դրանց հանձնում էին այստեղ-այնտեղ սնուցանելու, բայց չհայտնելու, թե իրենք թագավորի որդիներ են: Սակայն նրա որդիներից մեկը հայտնվեց շահ Սաֆիի թագավորության ժամանակ. նրան կոչում էին Բաբա: Գգվանքով, թե ուղղակի իր անունով Շահբաբա էին ասում: Սա իր շուրջը հավաքեց սակավաթիվ զորքեր եւ սուրհանդակներ ուղարկեց շահ Սաֆիի մոտ եւ ասաց՝ դու ինքդ դատաստան կտրիր: Ահա ես Շահ Աբասի որդին եմ, իսկ դու նրա թոռն ես: Քո հայրը մեռել է իմ հոր առջեւ, իսկ օրենքը թույլ չի տալիս իրավունքազուրկին հոր ունեցվածքից բաժին հասցնել, իսկ դու ահա բռնությամբ ես տիրել թագավորությանը եւ ոչ օրինականորեն, ուստի վերադարձրու թագավորությունը եւ լուռ նստիր որեւէ տեղ: Եթե չենթարկվես, մեծ վնաս կլինի պարսից ազգին: Ահա ճշտությամբ ասացի, իսկ դու օգտակարը խորհիր:

Իսկ շահը հետ դարձրեց պատգամաբերներին՝ ասելով՝ ես ոչ Շահ Աբասի որդին եմ եւ ոչ թոռը, ոչ էլ բնավ արքայորդու ցեղից եմ: Ես ստացա թագավորությունը իմ ուժով եւ ահա կամ եւ իշխում եմ սրան: Արդ, թե դու շահորդի ես, եկ նստիր քո հոր տեղում, իսկ եթե օտար ես, հեռվից վայրախոս մի լինիր: Ահա դու ընդունիր այն, ինչ լսեցիր:

Իսկ Բաբան հույս դնելով իր սակավաթիվ զորքերի վրա՝ կարծում էր, թե նրանցով կկարողանա անել այն, ինչ կամենում է: Սակավ մարդիկ ուղարկեց գյուղերը, հափշտակեցին գյուղերի անասուններից: Եվ դարձյալ մարդ ուղարկեց շահի մոտ եւ ասաց՝ «Տեսա՞ր, որ ահա քո երկիրը կողոպտել տվի իմ զորքերին: Այսպես եմ անելու նաեւ այդտեղը, որտեղ դու ես նստած հույսով»:

Իսկ լրտեսել գնացածները եկան պատմեցին շահին. «Նրա մարդիկ երկու հարյուրից պակաս են, եւ ղզլբաշներ [1] չեն, այլ օզբեկ են, դլաք ու վլաթ [2]: Նրանք մոտ են Թախտի Ռուստամին»: Շահը բարկացած հրամայեց մի իշխանի իր հետ վերցնել հազար այր եւ գնալ մարտնչել նրա դեմ: Իսկ եթե արքայորդուն պատահեք, բռնեք նրան, բերեք ինձ մոտ: Երբ արքայորդու զորքը տեսավ շահի զորքը, փախավ, իսկ շահի զորքը նրանց հալածական արեց: Գնացին հասան այն տեղը, որտեղ արքայորդին վրանում անպատրաստ նստած էր: Հարձակվեցին նրա վրա, բռնեցին, տարան իրենց հետ շահի մոտ: Շահը հրամայեց շղթայել նրա ոտքերը եւ Անուշ [3] (Անհուշ) կոչված բերդը տանել, որին իրենք Ղախա ղալա են ասում: Իրողությունը այսպես վերջացավ:

ԳԼՈՒԽ ԻԷ
ՀԱՄԱՌՈՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այն ինչ գրեցինք սկսած Ջահան շահից մինչեւ շահ Սաֆին համառոտ տեղեկատվությամբ, ինչ գտանք հայտնեցինք: Այժմ կպատմենք Արարատյան աշխարհի դեպքերն ու պատահարները՝ սկսած շահ Սաֆի թագավորից մինչեւ շահ Հուսեյին թագավորը, Ամիրգունա խանից մինչեւ Ֆարզալի խանը, որոնք տիրեցին Երեւանյան երկիրը: Նրանց ժամանակ կատարվածները գրի կառնեմ այստեղ՝ իմացնելով նրանց, որոնք մեզնից հետո կգան: Նաեւ եթե այլ երկրի մասին որեւէ բան իմանանք, այն էլ գրի կառնենք, ինչ որ լսել, ինչ որ տեսել ենք, այն էլ կշարադրենք: Ուստի աղաչում եմ՝ մի պախարակեք, ինչ որ դուք գիտեք, դուք էլ գրեցեք, իմ սեւագրությունը ընդունեք, շարադրեք ավելի գեղեցիկ կարգով, քանզի այս է իմ կարողությունը:

ԳԼՈՒԽ ԻԸ
ԱՄԻՐԳՈՒՆԱ ԽԱՆԻ ՄԱՍԻՆ

Երբ պարսից Շահ Աբաս թագավորը գրավեց Երեւանը, այնտեղ իշխան նշանակեց Ամիրգունա խանին, որը քաջ, ամրասիրտ, արի մարդ էր, պատերազմներում անահ ու աներկյուղ, շինարար եւ սիրող քրիստոնեից: Սա Երեւանը տիրելու ժամանակ, իսկույն ձեռնարկեց շինության եւ մարդաշատության: Նախ սկսեց կառուցել բերդը, ապա ապարանքներ, այգիներ, բուրաստաններ, պարտեզներ, հանեց առուներ, ավելացրեց ջրերը: Զանազան տեղեր թեթեւացրեց հարկերը եւ ռամիկների պարանոցներից վերացրեց ծանր լուծը, բայց շատացրեց զոուխրան՝ այսինքն կոռը, քանզի, ինչպես ասացինք, շինարարություն էր անում, այս պատճառով կոռը շատացրեց: Այդ էր պատճառը, որ առասպելաբանեցին, թե քանի որ կինը հղի լինելով նրա ամուսնուն կոռ էին տանում եւ չէին թողնում գնալ իր տունը: Եվ կինը ծննդաբերում էր որդի, սա մեծանում էր, սրան կոռ էին ուղարկում, որ հայրը տուն գնար: Այս առասպելները շատ կոռի համար էին ասում: Թեպետ շատ էր կոռը, սակայն խանը հաց էր տալիս կոռի մշակներին, քանի որ գթասիրտ էր: Շատ հաց թխելով բարձում էր ձիերին, առնում գնում էր շրջում հանդերը եւ հացը բաժանում էր նրանց, որոնք հանդերում էին աշխատում: Այս պատճառով աշուղները գովաբանական երգեր ասացին առատաձեռն լինելու համար: Եվ այսպես մնալով շինարարություն էր կատարում երկրում:

Քանի դեռ կենդանի էր Ամիրգունան, շատ քաջություններ արեց օսմանցիների դեմ, քանզի երկու անգամ գնաց Կարնո գավառը, ավերեց ու երկիրը գերեց եւ հասավ մինչեւ Կարնո բերդի դուռը եւ լախտով զարկեց բերդի դռանը եւ գերիներին բերեց Երեւանի երկիրը բնակեցրեց: Նաեւ գնաց Վանա, Մշո կողմերը եւ գերելով նրանց՝ գերիներին բերեց բնակեցրեց այն նահանգներում, որոնք Երեւանի դաշտում են: Քանզի այն գյուղերը, որոնք Երեւանի եւ Էջմիածնի շրջաններում են, այսինքն՝ Քալարան, Գոկումբեթը, Կավակերտը [4], Փարաքարը, Սապատը [5] եւ այլք, ում որ օսմանցիների գավառներից բերեց, բերեց բնակեցրեց այս գյուղերում, որոնք շեն են մինչեւ այժմ: Եվ այսպես ապրում էր նա քաջությամբ եւ ջանք էր գործադրում Արարատյան աշխարհի շենության համար, նաեւ սիրում էր հայ ազգը եւ մշտապես գնում էր քրիստոնյաների )հայերի( տները, ուտում եւ խմում էր նրանց հետ:

Եվ նշանակեց գավառապետներ, այսինքն՝ մելիքներ: Քանաքեռ գյուղից Դավիթ անունով մեկին նշանակեց Կոտայքի ու Անբերդի մելիք: Գյոզալ բեկ անունով կարբեցի մեկին նշանակեց Դավթին ընկեր ու խորհրդակից: Եվ խանը ինչ անում էր, հարցնում էր նրանց: Երբ ընթրիքի էր նստում, իր աջ ու ձախ կողմերում նստեցնում էր Դավիթ մելիքին եւ Գյոզալ բեկին եւ ասում էր՝ դուք իմ հայրն եք, իսկ ես ձեր որդին: Այս անում էր, որպեսզի հաճոյանար բոլորի աչքում, որ ջանք անեն երկրի շինարարության համար: Եվ այսպես խոհեմ իմաստությամբ վարեց իր կյանքը մինչեւ մահ:

 

ԳԼՈՒԽ ԻԹ

ՉԱՐ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՐԱՐՔՆԵՐԸ ՍՐԱ (ԱՄԻՐԳՈՒՆԱ ԽԱՆԻ) ԺԱՄԱՆԱԿ

 

Աշխարհի վերջը մոտեցել է, դրա համար Նեռի )սուտ Քրիստոսի( նախակարապետները )ուղի բացողները( երեւում են զանազան տեղեր եւ մեզ իմացնում են նրա գալուստը: Ինչպես պարզ կարելի է տեսնել հենց այս ժամանակ, որ տեղի ունեցավ: Քանզի մի մարդ ազգությամբ հայ Աղվանքից [6], որ այժմ կոչվում է Ուտի, Աղվանքի Գանձակ քաղաքից [7], որ գնացել էր Գանձասարի [8] սուրբ ուխտը, որ Աղվանից աշխարհի կաթողիկոսարանն է: Նա մնաց Հովհաննես կաթողիկոսի մոտ եւ ուսանելով սաղմոս [9] ու գրագիտություն: Նրան դարձրին ավագ սարկավագ եւ տվին փիլոն ու վեղար: Սա լրբության եւ լկտի ու անպատշաճ խոսքերի խոսելու մեջ ճարտար էր: Կաթողիկոսը նրան ուղարկեց երկիր վանքի պետքերի համար, իսկ նա գնաց, իրեն ձեւացրեց վարդապետ եւ քարոզում էր թյուր ու ծուռ հայհոյանքներ ու չարախոսություններ: Երկիրը լցրեց խաբեբայություններով ու սուտ խոսքերով, դրա համար եկան եւ նրանից գանգատվեցին կաթողիկոսին: Կաթողիկոսը մարդ ուղարկեց եւ նրան բերին վանքը: Կաթողիկոսը բարկացավ, առավ փիլոնն ու վեղարը (նրանից) եւ ասաց սարկավագությունդ էլ չես գործադրի, այլ որպես անուս մուղդուսի կմնաս վանքում իբրեւ միաբանների ծառա: Իսկ նա ասում է՝ քանի որ կարգալույծ արիր, խուզիր մազերս, որ ամոթաբեր լինի ինձ համար, վանքից դուրս չգամ: Կաթողիկոսն ասում է՝ քո երեսի գարշությունը քեզ բավական է, ամոթ քեզ: Քանզի նա տեսքով դժնի էր, կապտականաչ աչքերով, խոր նստած երկայն քթով եւ սուր, ծակծակ երեսով ու պեպենոտ, շիկագույն ու ցանցառամորուս, խոշորատամ ու նոսր, կարճահասակ, սրագլուխ, որ լիքն էր ամեն տեսակ աղտեղությամբ, արագախոս ու ճարտարաբան, եռանդուն էր բամբասելու եւ արագ չարությունների մեջ: Այսքան աղտեղի կերպարանքի պատճառով նրան տեսնողները ծաղրում էին ու այպանում: Այս էր պատճառը, որ նա չարացավ սատանայի չափ՝ իրեն ուղղված անարգանքները լսելով: Նա կամենում էր կաթողիկոսին որոգայթի մեջ գցել, ուստի ասում էր՝ խուզիր գլուխս ու մորուքս: Այնպես չեղավ, ինչպես մտածում էր: Բայց որովհետեւ ինքը իր մեջ ուներ բույն դրած չարություններ եւ իր մտքում կուտակել էր անզգամություն, գաղտնի ելավ վանքից եւ գնաց Գանձակ քաղաքը, խուզեց երեսն ու գլուխը, գնաց իշխան Դավութ խանի մոտ (այս այն Դավութ խանն էր, որին նախապես հիշեցինք, թե ապստամբվեց եւ վեց մարդով գնաց օսմանցիների մոտ) եւ գանգատվեց, թե քարոզեցի, որ Մահմեդը ճշմարիտ մարգարե է, այդ պատճառով այսպես կաթողիկոսը խայտառակեց ինձ եւ կարգալույծ արեց: Խանը բարկացավ, կաթողիկոսին բերին, խանը նրանից մեծ տուգանք առավ եւ ասաց՝ դրան իր կարգը տուր եւ քարոզելու իրավունք: Խանի ահից նրան տվեց, ինչ որ կամենում էր: Խանից էլ հրաման առավ: Եվ ելնելով զարտուղի քարոզում էր: Եղավ աբեղաների թշնամի, որտեղ աբեղա էր տեսնում, մերկացնում էր եւ բրածեծ էր անում: Ժողովրդին ասում էր՝ ով որ աբեղային որեւէ բան տա, ինքը դժոխք կգնա, քանզի աբեղան արժանի չի պատարագ անելու, քանզի նրանք շնացող են եւ պիղծ: Բայց քահանան արժանի է պատարագ անելու, քանի որ սուրբ ամուսնությամբ է ապրում:

Այսպիսի այլ խաբեբայական խոսքերով Աղվանից երկիրը խաբեց: Եկան նրան միացան ավելի քան հինգ հարյուր մարդ, ոչ միայն գռեհիկ աշխարհականներ ու ռամիկներ, այլեւ տգետ քահանաներ ու փարթամ մեծատոհմիկ մարդիկ: Նրանցից ընտրեց տասներկու քաջ ու զորեղ մարդիկ, սրանց ձեռքը լախտ տվեց, որ թոփուզն է, նրանց մեջքը թուր կապեց եւ դրանց անվանեց առաքյալներ: Նրանց հրամայում էր անել այն, ինչ ինքն էր կամենում. թե ծեծում էր, թե կալանավորում, ամեն բան նրանցով էր անում: Երեսպաշտությամբ ոչ ոքից ոչինչ չէր առնում, այլ տասներկուսից էր առնում ու բաժանում հինգ հարյուրին եւ ասում. Քրիստոսի աշակերտները չպետք է ստանան ոսկի կամ արծաթ, կամ թանկագին հանդերձանքներ հագնեն, այլ նրանք պետք է հագնեն մազ ու շալ: Եվ ինքը հագնում էր մազեղեններ եւ մազեղենի մեջ խփել էր երկու երկաթե մեխ ինչ-որ հնարներով ու ցույց էր տալիս ամենքին ասելով` աբեղաները այսպես պետք է հագնեն:

Այսպես տարածվեց նրա խաբեբա անունը մահմեդականների ու քրիստոնյաների մեջ: Նրան մահմեդականները կոչում էին մեխավոր հայր, իսկ քրիստոնյաները` մեխավոր վարդապետ:

Աղվանից աշխարհից ելավ, բազմությամբ եկավ Գեղամա գավառը: Իր հետ կապած ուներ հինգ աբեղա. մեկի անունը Միքայել էր, որ Քանաքեռ գյուղից էր, իսկ Հովհաննես անունով մի քահանա Կարբի գյուղաքաղաքից նրան հանդիպում է Գեղարքունիքում, նրա հետ գալիս է մինչեւ Կոտայք գավառը: Նրանք պատմեցին ինձ այս ամենը: Մեխավորը գալիս է Նորք գյուղը եւ այնտեղից նայում է Երեւանի բերդին: Ձեռքերը տարածելով իբրեւ թռչուն շարժում էր: Հովհաննես քահանան ասում է` ի՞նչ ես անում, վարդապետ: Մեխավորն ասում է` կամենում եմ թռչել մինչեւ բերդը: Իսկ քահանան նրա ձեռքը բռնելով ասում է` կամենում ես խայտառակ լինել որպես նեռ: Ինչպե՞ս կարող ես թռչել, չէ՞ որ դու մարդ ես: Դադարիր այդ կախարդական գործիցդ, ազատիր նաեւ աբեղաներին, գուցե խանը լսի եւ քեզ չար մահով սպանի: Լսելով քահանայի խոսքը` ազատեց աբեղաներին եւ ուղղվեց դեպի բերդը:

Իսկ Ամիրգունա խանը բերդից ելած գնում էր զննության: Նայելով տեսավ բանակը, սարսափած հարցրեց` վահ, էս ինչ բանակ է: Պատասխանում են, թե նա մեխավոր հոր բանակն է, որի մասին պատմում էին: Խանը վերադարձավ, մտավ բերդը: Եկավ նաեւ մեխավորը: Նա եւս իր բազմությամբ մտավ բերդը, գնաց, կանգնեց խանի առջեւ: Այնտեղ խանի մոտ էր նաեւ Ավետիս կաթողիկոսը` երկու եպիսկոպոս նրա հետ: Խանը մեխավորին հարցրեց` ի՞նչ մարդ ես, որտեղի՞ց ես գալիս կամ ո՞ւր ես գնում: Մեխավորը պատասխանում է` սեւագլուխ եմ, քո կյանքի համար աղոթող: Խանը ձեռքը մեկնելով դեպի կաթողիկոսը` ասաց, սրանք բավական են իբրեւ աղոթող ինձ համար, դու գնա, աղոթիր Դավութ խանի համար:

Խանը հարցնում է` ինչո՞ւ ես երեսդ ծածկել: Քանի որ վեղարի ծայրը կախված էր երեսին: Մեխավորը պատասխանում է` թե արժանի չեմ երկինքը տեսնելու: Խանը փայտի ծայրով, որ բռնել էր ձեռքը, բարձրացրեց քողը եւ տեսավ նրա երեսը: Քանի որ գարշելի էր, ասաց` անիծվի կերպարանքդ, աղտեղի կերպարանքիդ համար ես ծածկել, անարգ թշվառական, որպեսզի ոչ ոք չտեսնի քո դեմքը եւ հանցանքը գցում ես երկնքի վրա: Դարձյալ հարցնում է` ի՞նչ են այդ զինվորները, զորքով պատերազմ ես գնում Վա՞ն, թե՞ Կարին: Մեխավորը պատասխանում է` ոչ մի տեղ չեմ գնում, այլ ես քանզի ճշմարտությունն եմ քարոզում, այդ պատճառով զորքը ինձ հետ շրջում է: Խանը ասում է` այժմ նաեւ քարոզիր սրանց, որոնք այստեղ են: Նա ուներ ժողովածու մի գիրք, նրանով էր ասում, ինչ որ ասում էր: Բանալով գիրքը ասում է` սա գրված է սեւագլուխների համար, որ քարոզում է, թե մի ստանաք ոչ ոսկի, ոչ արծաթ եւ այլն:

Այնտեղ էր մի գառնեցի, որ թողել էր աբեղայությունը եւ եղել էր զինվոր, սրա անունը Զաքար բեկ էր: Խանը սրան ասաց, թե դու թարգմանիր սրանց ասածները: Եվ ինչ որ մեխավորը ասաց, Զաքար բեկը նույնհետյան թարգմանեց: Խանը կաթողիկոսին ասաց` դու էլ քոնն ասա: Կաթողիկոսի մոտ կար մի ավետարան, որ կոչվում էր Զրահավոր: * Կաթողիկոսը բացեց այն տեղը, որտեղ ասված է. «Հանդես կգան սուտ Քրիստոս եւ սուտ մարգարեներ** եւ այլն: Նաեւ այն էլ, թե զգույշ եղեք նրանցից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հագուստով, բայց տակից հափշտակող գայլեր են»***: Զաքար բեկը այդ էլ թարգմանեց:

Ապա խանը ասաց` այս է ճշմարիտը, իսկ դու ավազակորդի (հարամզադա) ես: Այդ պատճառով ես հագել այդ հանդերձը, որպեսզի խաբես անմեղ քրիստոնյաներին: Եվ հրամայեց նրան գցել ջրավազանը եւ ջրում խեղդել: Եվ քանի նա գլուխը ջրից հանում էր, խանի սպասավորները կոխում էին ջուրը: Խանը հրամայեց կողոպտել նրա տասներկուսին` մորե մերկացնելով: Երկու մահմեդականի եւ մի հայի նրա հեծյալներից կողոպտեց: Կաթողիկոսի աղերսանքով նրան ջրից հանին եւ նշանակեցին զինվորներ, որ Երեւանի շրջաններից նրան հեռացնեն: Հանելով բերդից` նրան առան տարան Քանաքեռ, իսկ Քանաքեռի տգետ ռամիկները, երբ լսեցին նրա գալը, գրոհ տալով ելան նրան ընդառաջ: Մինչեւ անգամ տնարգել աղջիկները եւս գնացին այն կախարդին տեսնելու: Նրանք գալով իրենց երեսները քսում էին նրա հանդերձի քղանցքներին: Շատերը ողջագուրվելով էին ընդունում նրան: Մի այրի պառավ կար, որին Եղիայի կին էին կոչում, սնուցում էր կովի մի հորթ: Այդ պառավը ուր էլ գնար, հորթն էլ բազմության հետ գնում էր, սրանք գնում էին կախարդին տեսնելու, գնում էին նաեւ այն պառավը եւ հորթը, որին սնուցվել էր: Հորթը պոչը ցցած գոռալով գնում էր պառավի հետեւից: Կախարդի ծառաները տեսնելով` բռնեցին հորթը եւ ասացին` մատաղ է եկել վարդապետի համար: Իսկ պառավը լալիս եւ ասում էր` այդ հորթը իմն է, մատաղ չէ, Աստծու սիրուն, թողեք իմ հորթը: Նրան չլսեցին, այլ հորթը մորթեցին եւ մասմաս բաժանեցին, մինչեւ իսկ կաշին, թրիքը բաժանեցին որպես սրբություն:

Կախարդին վերցրին բերին Քանաքեռ եւ տարան ներքեւի եկեղեցին: Եվ որովհետեւ տեղը չբավականացրեց, ելավ նստեց սեղանի վրա, ոտքերը վայր կախած վայրահաչում էր դեպ աբեղաները եւ ասում` ով որ մի աբեղա սպանի, նրա մեղքերի վերաբերյալ հարցաքննություն չի լինի, այլ կգնա Աստծու արքայությունը: Մի մարդ նույն Քանաքեռ գյուղից, որ կոչվում էր Թութակենց Հակոբ, գնաց խոստովանելու նրան եւ խնդրեց մեղքերի թողություն: Նա ասաց` գնա մի աբեղա սպանիր եւ մսից ու արյունից բեր, որ միսն ուտեմ ու արյունը խմեմ, պատարագ կանեմ եւ քառասունամյա մեռելին հարություն կտամ: Այդ ժամանակ քո մեղքերին թողություն կլինի: Եվ այդ հիմարը հավատաց, նույն գիշեր գնաց վանքի դուռը եւ սպասում էր, որ գուցե Միքայել աբեղան ելնի: Այս այն Միքայելն է, որ գրքիս այս գլխում հիշատակեցինք, որովհետեւ նա մյուսներից կրտսեր էր: Մեկ էլ տեսնում է, որ ահա եկավ Փիլիպոս եպիսկոպոսը: Եվ այդ Հակոբը հարձակվեց նրա վրա եւ կացնակը բարձրացրեց եպիսկոպոսի գլխին: Եպիսկոպոսն ասաց` գժվեցի՞ր, Հակոբ: Եվ Հակոբը ասաց` մեղա քեզ, տեր Փիլիպոս, քանզի ես կարծեցի, թե դու Միհրանն ես, քանզի Միքայելի աշխարհիկ անունը Միհրան էր: Եվ Հակոբը նրան պատմեց ամենը: Իսկ եպիսկոպոսը խրատեց նրան ու ասաց` նա ոչ պատարագող է եւ ոչ էլ մեռել հարուցանող, այլ այն է, որ քեզ մարդասպան անի ու արենտեր: Հակոբը ելավ գնաց` վայ տալով իրեն:

Եվ այնտեղ Քանաքեռում էին կաթողիկոսը եւ խանի զինվորները. սրանք լսելով այդ բաները, հանին նրան, քշեցին մինչեւ Նիգ (Ապարան) գավառը, այնտեղից մինչեւ Կարին. ասում էր գնամ Երուսաղեմ: Կարինում էր գտնվում Կեղացի Պողոս վարդապետը:

Այստեղից գրեցին նրան դրա չարության մասին, իսկ նա (վարդապետը) բռնեց նրան, վեղարն ու փիլոնը առավ եւ Երուսաղեմի ուխտավորներին պատվիրեց նրան չընդունել իրենց մեջ: Եվ նա այդպես կորավ ու վերացավ մեջտեղից` ընդունելով հավիտենական կորուստը: Նրա կորստից հետո նույնի արբանյակները համբավեցին, թե Ամիրգունա խանը ճիպոտով զարկեց վարդապետին, այդ ժամանակ խանի դեմքը ծռվեց եւ ձեռքերը թուլացան: Դեռ մինչ այսօր էլ ասում են:

 

* Մետաղյա պատյանով պատված:

** Մարկ., ԺԳ, էջ 22:

*** Մատթ., Է 15:

 

ԳԼՈՒԽ Լ
ՄՈՎՍԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Մովսես կաթողիկոսի մասին ինչ որ կա, գրել է Առաքել պատմագիրը` ծնունդից մինչեւ նրա մահը: Իսկ մենք այն, ինչ լսեցինք նրա մասին Հակոբ կաթողիկոսից, այստեղ կհայտնենք: Քանզի ինչպես որ գրել է Առաքել պատմագիրը, թե Մելիքսեթ կաթողիկոսը թշնամացավ Մովսես վարդապետին եւ ասաց` ելիր այս երկրից եւ գնա այստեղից, ուր կամենում ես: Նա գնաց Խնկելոձոր գյուղը, որ այժմ կոչվում է Ձորագեղ [10], որ մոտ է Երեւանի բերդին: Այնտեղ նա քարոզում էր Աստծու խոսքը` Քրիստոսին, մինչեւ որ իրեն ընկերներ գտնի եւ նրանց հետ գնա Հունաստան: Բայց նրա խոսքը եղավ ըստ փրկչի հրամանի, որ ասում է` վառված ճրագը չի թաքչում, իսկ կայծյալ պատրույգը չի շիջում*: Այս եղավ սուրբ վարդապետ Մովսեսի վերաբերմամբ հետեւյալ ձեւով:

Երեւան քաղաքում Հովհաննես անունով մի մարդ էր ապրում, սա ուներ մի կին Աջաբխան անունով, իսկ Աջաբխանի քույրը Ամիրգունա խանի կինն էր` Հուսմիխան անունով: Աջաբխանը սկսեց ատել իր ամուսին Հովհաննեսին, որպես թե չքնաղագեղը տգեղի եւ ազնվականը անշուք մեկի հետ է: Եվ այսպես միշտ արհամարհում էր ու քամահրում եւ իր ամուսնու հետ չէր խոսում, իսկ խրատու քահանաներին չէր լսում, մինչեւ իսկ խանն էլ խրատեց, բայց սա խանին էլ չլսեց:

Օրերից մի օր Աջաբխանը գնաց Ձորագեղ, որպեսզի լսի վարդապետի քարոզը: Վարդապետը ըստ քարոզի կարգի ասաց՝ եթե կինը հեռանում է ամուսնուց, շնանում է*: Այս բանը սուրբ վարդապետը ասում էր ժողովրդին: Իսկ երբ Աջաբխանը լսեց այս, երկու ձեռքով բռնեց գլուխը եւ ասաց` վայ ինձ, եւ ես շուն եմ կոչվում: Եվ մինդեռ վարդապետը քարոզն էր կարդում, նա մտորում էր այդ խոսքի վրա: Եվ երբ վերջացրեց քարոզը եւ ժողովրդին արձակեց, Աջաբխանը քահանային, որ աջն էր մեկնել (համբուրելու), ասաց` վարդապետին բան ունեմ ասելու: Քեզնից խնդրում եմ, կանգնես այստեղ եւ քո բերանով եմ խոսելու վարդապետի հետ: Երբ վարդապետը ելավ, կինը խոնարհվեց ու համբուրեց նրա ոտքերը եւ հեծեծանքով պատմեց իր հանցանքը: Իսկ երջանիկ վարդապետը աստվածային խոսքով խրատեց նրան: Հետեւյալ օրը կանչեց նրա ամուսնուն եւ հանձնեց միմյանց, որ ապրեն Աստծու երկյուղով, զգուշությամբ:

Ամիրգունա խանը լսեց եւ ասաց՝ ես շատ անգամ խրատեցի իմ քենուն, բայց նա ինձ չլսեց, իսկ այժմ ինչպես հաշտվեց նա: Ասացին՝ Մովսես վարդապետի խրատով եղավ: Խանն ասաց՝ կանչեցեք նրան, որ տեսնեմ, թե ինչպիսի մարդ է նա, որ այս բարի համբավը լսում եմ (նրա մասին): Երբ տեսավ, նրան չափից ավելի սիրեց: Եվ սա սկիզբն եղավ, որ ծանոթացավ շահի հետ եւ եղավ կաթողիկոս:

Իսկ Հովհաննեսը եւ Աջաբխանը որոշ ժամանակ ապրեցին միմյանց հետ եւ հետո վարդապետի հրամանով ապահարզանվեցին սիրով: Հովհաննեսը գնաց Սեւանա կղզին եւ դարձավ մենակյաց, իսկ Աջաբխանը առավ իր դուստր Լուկյային եւ մտան կուսանաց վանքը: Սա մտավ հավատավոր կանանց կարգը եւ վերանվանվեց Աթանասիա:

 

* Աստվածաշնչում ասված է. Զեղեգն ջախջախեալ մի՛ բեկցէ, եւ զպատրոյգն առկայծեալ մի շիջուսցէ, Ես., ԽԲ 3:

*Ավետարանում ասված է. Եթէ այր արձակեսցե զկին իւր եւ արասցէ այլ շնայ, եթէ կին ելցէ յառնէ իւրմէ եւ եղիցի առն այլում շնայ (Մարկ., Ժ 12):

 



[1]            Ղզլբաշները իրանական թուրքեր են: Այդպես են կոչվել կարմիր վարշամակով գլուխները կապելու պատճառով:

[2]            Դլաք, վլաթ իրանական փոքրաթիվ ցեղեր են:

[3]            Անուշ (Անհուշ) բերդը Պարսկաստանի հարավում բերդամրոց է, որտեղ կալանավորվածը անհուշ ցմահ մնում էր այնտեղ: Այստեղ կալանավորեց պարսից Շապուհ արքան հայոց Արշակ Բ թագավորին:

[4]            Կավակերտի մասին Ալիշանը ասում է, թե Արարատյան դաշտում Հրազդանի ափին գյուղ է եղել, այժմ տեղը հայտնի չէ:

[5]            Սապատի, ըստ երեւույթին պատմիչը Սապաթը շփոթում է Սահաթի հետ, որ ըստ Ալիշանի` մերձագույն սահմաններն են կոչվել:

[6]            Աղվանք ասելով պատմիչը Արցախն է հասկանում:

[7]            Գանձակը (Գյանջան) Մեծ Հայքի Արցախ (Փոքր Սյունիք) նահանգի քաղաքներից է, որ կոչվել է Կիրովաբադ (այժմ Գյանջա):

[8]            Գանձասարը Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտ բարձունքի վրա կառուցված մի ճարտարապետական հոյակապ վանքային կերտվածք է, որի կառուցումը սկսվել է 13-րդ դարի սկզբին (1216 թ. ):

[9]            Սաղմոսը Աստվածաշնչի Հին կտակարանի գրքերից է, որի հեղինակը համարվում է Իսրայելի թագավոր Դավիթը:

[10]          Խնկելոձորը կամ Ձորագյուղը գտնվում էր Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցուց ներքեւ Հրազդան գետի ձախ ափին՝ ձորի մեջ: