Պատմագրություն. Հայոց պատմութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ԽԱ
ԽԱՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՕՍՄԱՆՑԻՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ

Կարս քաղաքի օսմանցիների անմիաբանությունը տեսնելով, քանզի երկու բարձրապաշտոն պարոնները, որոնք կոչվում էին սաղ-աղասի եւ սոլ-աղասի, որ նշանակում են աջապահ եւ ձախապահ պարոններ, սրանք միմյանց հետ պատերազմ սկսեցին իրենց իշխանության համար եւ գնացին Կարին ավագ իշխանավորի մոտ, որ մեծ փաշան է, որպեսզի դատի իրենց: Կարսը մնաց առանց իշխանավորի: Խանը այս լսելով` հավաքեց զորքը, տվեց քալանթար Մասումին եւ ուղարկեց Կարսի գավառը ու պատվիրեց նրան, որ թե քրիստոնյա գերես, խաղաղությամբ կբերես, իսկ եթե մահմեդական գերես, տղամարդկանց կկոտորես, կանանց կգերես եւ շեները կայրես ու կավերես: Այս պատվերը տվեց նրան, իսկ ինքը զորքն առավ գնաց Կաղզվանի [1] կողմերը եւ բոլոր վայրերը գերեց ու ավերեց: Հասավ մինչեւ հին քաղաք Բագրեւանդ [2], որ այժմ կոչվում է Զառաֆխանա Երասխ գետի ափին: Գերեց բնակիչներին, քանդեց շեները, որոնք ավեր մնացին մինչեւ այսօր: Գերիներին ուղարկեց Վաղարշապատ [3]: Գնաց հասավ մինչեւ Կարնո գավառը եւ գերեց, ինչ որ գտավ: Շուռ եկավ Բասենի [4] եւ Պարտիզաձորի [5] վրա եւ եկավ Կարսի դուռը, եւ այն, ինչ մնացել էր Մասումի գերեվարներից, այն էլ խանը գերեց: Քանզի օսմանցիք չկարողացան դիմադրել, որովհետեւ ավազակները, որ ջալալիներն են, բազմացան հայոց փոքր Կողոնիայում` այսինքն` Շապղարասար (Շապինգարահիսար): Եվ օսմանցիների Մուրադ թագավորի հրամանով նրանց դեմ գնաց Կարնո փաշան, իսկ երկիրը մնաց անտեր, ուստի պարսիկները զորացան եւ այս ամենը արեցին:

ԳԼՈՒԽ ԽԲ
ՄԱՀՄԵԴԻ ՇԵՅԽԻՍԼԱՄԻ ՊԱՏԻԺԸ

Քանաքեռցի Միքայել անունով մի եպիսկոպոս կար: Սա այն Միքայել աբեղան է, որին Մեխլուի պատմության մեջ հիշատակել եմ: Մի մարդ էր երկայնահասակ, պակասախելք, գրքերի մեջ տգետ, իսկ աշխարհիկ խոսքի մեջ ճարտար: Սա ունեցավ մի պարսիկ թշնամի: Սա ասում էր` ես քո ազգականն եմ, ինչ որ դու ունես, ամենն էլ ինձ է հասնում, քանզի ես մահմեդական եմ եւ մեր օրենքները այսպես են տնօրինում: Եվ շատ անգամ հայհոյում էր եպիսկոպոսին` ասելով անաստված, հայհոյիչ, անհավատ, պիղծ: Այսպես երկուսի միջեւ կռիվ ու գզվռտոց էր: Երկուսն էլ գնացին դատավորի մոտ դատաստանի: Պարսիկը կարծում էր, թե ինքն է ճշմարիտ եւ պարծենում էր իր մահմեդականությամբ: Գնացին կանգնեցին շեյխի առջեւ: Պարսիկն ասաց` Միրզա, ես այս քրիստոնյայի ազգից եմ եւ մահմեդական եմ եւ ըստ օրենքի ապարանք եմ պահանջում սրանից, իսկ սա չի տալիս: Շեյխը հարցնում է եպիսկոպոսին, թե իրո՞ք սա քո ազգից է: Եպիսկոպոսը պատասխանում է` ես դրան ոչ գիտեմ, ոչ էլ ճանաչում եմ: Եթե դա իմ ազգից է, թող վկաներ բերի եւ ապացուցի ձեր առջեւ իր ազգակցությունը եւ իրենց լինի իմ ողջ գույքը: Շեյխը հարցնում է պարսիկին` վկաներ ունե՞ս, որ դրա ազգակիցն ես: Մահմեդականն ասում է` իմ վկան իմ հավատն է: Շեյխը ասում է`շատ են այդ հավատ ունեցողները, բայց դա չի օգնի: Եթե վկաներ ունես, կբերես, իսկ եթե չունես, մի չարչարիր որեւէ մեկին, քանզի առանց վկայի ոչինչ չես շահի: Պարսիկը ելավ գնաց Քանաքեռ, որպեսզի Քանաքեռի մահմեդականներից վկաներ բերի: Բայց նրանք չեկան, այլ անարգեցին նրան: Իսկ դատավորը թուղթ գրեց, տվեց եպիսկոպոսին շատ մահմեդականների վկայությամբ եւ կնիքով, մահմեդականին սուտ դուրս բերին:

Եպիսկոպոսը առավ դատավճիռը եւ գնաց: Մի ամիս հետո պարսիկը դարձյալ եկավ շեյխի մոտ եւ ասաց` մի անվարտիք սեւագլխի համար ինչո՞ւ ամոթով թողիր եւ սուտ հանիր ինձ: Արդ` ես քեզ այսքան փող եմ տալիս, եւ դու իմ խոսքը ճշմարտիր: Իսկ դատավորը լսեց նրան, որովհետեւ կաշառքը կուրացնում է դատավորների աչքերը: Դատավորը կաշառքը առնելով` նրան թուղթ տվեց եւ նրան դարձրեց եպիսկոպոսի ազգական: Մահմեդականը թուղթը առավ, գնաց նստեց եպիսկոպոսի այգին: Իսկ եպիսկոպոսը գնաց շեյխի մոտ եւ ասաց` այս ի՞նչ բան է, բազմաթիվ մարդկանց վկայությամբ այս դատավճիռը ինձ տվիր, իսկ այժմ նրան իրավունք ես տվել, եւ ահա եկել նստել է իմ այգում: Շեյխը ասում է` ես ճիշտ վերահասու չէի իրողությանը, իսկ այժմ հավաստի իմացա, որ նա քո ազգականն է, եւ ըստ մեր օրենքի քո ամեն ինչը նրան է պատկանում: Եպիսկոպոսն ասում է` երբ քեզ կաշառք չէր տվել, ինձ ազգական չարիր, այժմ կաշառք առար եւ ինձ ազգական դարձրիր: Դատավորը բարկացավ, ծառաներին հրամայեց` նրան դուրս հանել: Եվ ծառաները հրելով նրան` պալատից հանեցին:

Եպիսկոպոսը գնաց գանգատաթուղթ գրեց շեյխի դեմ եւ սրա հետ նաեւ դատավճիռը մելիք Դավիթի ձեռքով ուղարկեց խանին:

Եվ երբ խանը կարդաց, եպիսկոպոսին կանչեց իր առջեւ, ստուգեց: Խանը բարկացավ, դաժան մարդիկ ուղարկեց, որպեսզի դատավորին բերեն հետիոտն եւ արագ: Գնացին բերին. կանգնեց խանի առջեւ: Խանը նրան ցույց տվեց եպիսկոպոսի դատավճիռը եւ հարցրեց` այս դո՞ւ ես գրել: Դատավորը պատասխանեց` այո՛: Ցույց տվեց եպիսկոպոսի աղերսագիրը եւ ասաց` այս ի՞նչ է: Շեյխն ասում է` ինձ սխալ իմացրին, հետո ճշմարտությունը իմացա: Խանն ասաց` կաշառքը իմացրեց քեզ ճշմարտությունը, որ դու քո օրինական վճիռը սխալ համարես: Այնտեղ պատահաբար գտնվեցին այն մարդկանցից, որոնք կնքել էին դատավճիռը եւ ասացին` մեր առջեւ գրվեց այդ դատավճիռը շատ հարցաքննությամբ: Խանը հարցնում է` սրան ի՞նչ պատասխան կտաս: Շեյխը լռեց եւ երեսի գույնը գցեց: Խանը բարկացավ, հրամայեց նրան թախտաքյուլահ անել` այսինքն` տախտակյա գդակ հագցնել: Բերին մի մեծ ու հաստ տախտակ եւ ծակելով անցկացրին շեյխի պարանոցը եւ տախտակից կախեցին բոժոժներ (փոքրիկ կլոր զանգակիկներ), զանգակներ, պուտուկի կանթեր, աղվեսների, շների պոչեր, սատկած կատուներ, անասունների չոր գանգեր, կանանց պատառոտված հին վարտիքներ, պարանը կապեցին պարանոցից եւ տվին մի ծեր մահմեդականի ձեռքը, որ առջեւից գնար եւ պարանոցից քաշեր: Իսկ խանի ծառաները մտրակներով ու ճիպոտներով ծեծում էին ու կանչում բարձր, թե ով կաշառքով դատ է անում, նրա պատիժը այս է: Եվ բարձր ձայնով թուրքերեն կանչում էր` Հար քիմ դիվանդա ռշվաթ ալուր, ջաղասի բուդուր դը (ով ոք կաշառքով դատ է անում, պատիժը այս է): Եվ եպիսկոպոսին անվանեցին Ղազիղռան (դատավոր կործանող): Իսկ շեյխին այսպիսի նախատինքներով շրջեցնում էին դհոլով ու դափով, սուլոցով: Շեյխությունը նրանից խլեցին եւ այդպես արհամարհված մնաց, որքան Թահմազ խանը կենդանի էր: Իսկ նրա սպանության մասին իր տեղում կպատմենք: Իսկ եպիսկոպոսը Փիլիպոս կաթողիկոսի հրամանով նշանակվեց Հուշիի սուրբ Սարգսի առաջնորդ, իսկ հետո հրաժարվեց, գնաց Օհանավանքի անապատը եւ այնտեղ մեռավ: Մենք նրանից սովորեցինք այս պատմությունը, չնայած մենք եւս աչքերով տեսանք:

ԳԼՈՒԽ ԽԳ
ԱՆՎԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Այն ժամանակ հին եպիսկոպոսներ կային, որոնք անվանի, լավ, պարկեշտ ու սրբասեր էին. դրանք էին Փիլիպոսը, Հովհաննեսը եւ Մխիթարը: Ես կամենում եմ նրանց կյանքը առանձին-առանձին նկարագրել: Նախ Փիլիպոսին, որ քանաքեռցի էր եւ մեծ տոհմից, որ կոչվում էին Նուկղարենք. նրա ծննդյան անունը հենց Նուկղար էր: Սա մանկությունից պարկեշտ էր, մաքրաբերան (անպատշաճ բաներ չխոսող եւ չհայհոյող), պահեցող (պաս պահող), ծոմապահ, աղոթասեր, հրաժարված էր երեխայական խաղերից, միշտ գնում էր վանքերի դռները եւ ունկնդրում էր աբեղաներին եւ լսում էր հոգեւոր խոսքերը ու մտապահում: Այս պատճառով նրա ծնողները տեսան նրա այդպիսի ձգտումները, նրան տվին գյուղի վանքը ուսման, քանզի արդարամիտ էր եւ աշխատասեր, ուստի արագ սովորեց սաղմոս ու շարական եւ ժամակարգությունը անթերի: Առաքյալ կաթողիկոսը եկավ Քանաքեռի վանքը եւ տեսավ նրա պարկեշտ վարքը, նրան օրհնեց կուսակրոն քահանա (առանց ամուսնանալու իրավունքի) տասնվեց տարեկանում եւ անվանեց Փիլիպոս, որ թարգմանվում է ջահերի խոսք եւ ձեռքերի բերան*: Այնպես պարկեշտ եւ առաքինի վարքով պատարագում էր Քրիստոսին: Մնալով վանքում եւ բնավ դուրս չէր գալիս վանքից, մինչեւ որ հայտնվեց երկրորդ Լուսավորիչը` Տաթեւացի Մովսես վարդապետը: Փիլիպոսը գնաց հարեց նրան եւ շրջում էր նրա հետ, ուր էլ նա գնար: Նրանից չբաժանվեց մինչեւ Մովսեսը եղավ կաթողիկոս եւ Փիլիպոսին օրհնեց եպիսկոպոս եւ ուղարկեց Բջնու վանքը ղեկավարելու այն. նրան տվեցին նաեւ Քանաքեռը ի պատիվ նրա՝ ձեռագրով, որ քանի կենդանի է նա, պատկանի նրան, իսկ նրանից հետո Քանաքեռը պատկանի Քանաքեռի վանքին: Ահա այդ գրությունը գոյություն ունի:

Նա գնալով (Բջնու) վանքը, հավաքեց ավելի քան վեց միաբան: Նախ ուղղեց հոգեւոր կարգերը, աղոթքների սահմանները, ապա մարմնավոր գործերը: Նորոգեց եկեղեցու խախտված տանիքը, եկեղեցու արեւմտյան դռան դիմաց շինեց փայտյա գավիթը, տնտեսատունը, խցերը, շինեց ձիթհանքեր եւ ջրաղաց, անասունների գոմեր, ձիերի ախոռներ, խաշների փարախներ: Հավաքեց շատ անասուններ, ոչխարներ եւ այլ բազմաթիվ արդյունքներ:

Նաեւ աղոթասեր էր, երբեմն-երբեմն աներեւութանում էր եւ գնում էր անտառների պուրակները եւ աներկբա մտքերով առ Աստված աղոթում էր օրը մի անգամ կամ երկու, ապա վերադառնում էր վանքը: Այս իր համար մշտական սովորույթ էր արել: Նույնպես մի օր աներեւութացավ, կարծում էին, թե այսօր կգա: Երեք օր հետո եկավ՝ իր հետ ունենալով բուրվառ եւ Մաշտոց [6]: Հարցրին նրան, որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ են դրանք: Իսկ նա չէր հայտնում իր արածները: Վանքում Ստեփանոս անունով կոստանդնուպոլսեցի մի պարկեշտ աբեղա կար. նա ասաց, թե բազմաթիվ մենակյացներ է թաղել դա. գիտեմ, որ այժմ գնացել է այդ բանի համար, ահա ունի Մաշտոց ու բուրվառ: Աղաչեցին շատ թախանձանքներով, ասաց՝ օտար մեռյալ կար վանքի վերեւը, գնացի նրան թաղեցի: Մենք կրկին աղաչեցինք, որ անունն ասի եւ տեղը ցույց տա: Ասաց՝ նրա անունը Մինաս է եւ այսինչ տեղում է: Մենք գնացինք, գտանք եւ համբուրեցինք երանելի ճգնավորի գերեզմանը եւ վերադարձանք վանք: Հարցրինք եպիսկոպոսին, թե քանի տարի է նրա այնտեղ լինելը: Եպիսկոպոսը ասաց՝ վեց տարի է, իսկ ամեն ուրբաթ նրան երկու հաց էին տանում. եւ այդ էր նրա կերակուրը մինչեւ մյուս ուրբաթ: Ձմեռը գալիս էր վանքի մոտ այսինչ տեղը, ես հաց էի տալիս նրան:

Ամառները ես գնում էի նրա մոտ: Այս բանը նույնպես աղաչեցին նրան, որը եւ պատմեց ամենը:

Եվ այսպես բարի վարքով մնաց վանքում բազում տարիներ: Հետո գնաց Փիլիպոս կաթողիկոսի մոտ եւ նրանից խնդրեց փիլիսոփա վարդապետ Մովսեսին, որ Կոտայք գավառի Տաճարաբակ [7] գյուղից էր: Նրան բերեց նշանակեց վանքի առաջնորդ, իսկ ինքը հրաժարվելով շրջում էր վանքերում, անապատներում աղոթելու համար:

Փիլիպոսից հետո կաթողիկոս եղավ Հակոբ Ջուղայեցին, որը Փիլիպոս եպիսկոպոսին տարավ Սուրբ Էջմիածին եւ նշանակեց խոտովանահայր բոլոր միաբանների վրա: Սուրբ աթոռում միառժամանակ մնալուց հետո տկարացավ փոքր-ինչ եւ խնդրեց իրեն տանել իր բնիկ վանքը` Բջնի, որպեսզի այնտեղ մեռնի: Հասավ իր հայրենի գյուղը՝ Քանաքեռ, գյուղացիները հավաքվեցին նրա մոտ, չթողին գնալ Բջնի: Մնաց այնտեղ Քանաքեռում. երկու օրից հետո մեռավ, թաղեցին Սուրբ Հակոբ եկեղեցու դռանը: Երբ հասավ եկեղեցուն, ասաց՝ գնամ պարոն Տիրի գերեզմանը համբուրեմ: Երբ մոտեցավ, տեսավ երեք ճրագ է վառվում, կարծեց՝ իրոք ճրագ է: Երբ մոտեցավ, երեք ճրագները միացան եւ մտան եկեղեցու լուսանցից: Իսկ ուրացող Թադեոսը շատ արցունք թափեց եպիսկոպոսի գերեզմանի վրա: Եվ զղջաց իր չարագործության համար, գնաց Սեւանա կղզին, դարձավ մենակյաց եւ ապաշխարելով այնտեղ մեռավ: Փիլիպոս եպիսկոպոսը ապրեց երկրի վրա բարի վարքով եւ փոխվեց Քրիստոսի մոտ նրա շնորհներով, որին փառք հավիտյանս:

 

* «Փիլիպոս» բուն նշանակում է ձիասեր: Այս բառը սխալ մեկնելով Յասմաւուրքը գրում է. Փիլիպպոս, որ ասի բերան ձեռաց եւ բան ջահից: Նույնը կրկնում է Զքր. սարկ., Ա 75:

ԳԼՈՒԽ ԽԴ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՎԱՐՔՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սա Կարբի գյուղաքաղաքից էր, մեծ տոհմից էր, որ կոչվում էր Թմոքենք, այժմ անվանվում են Սահակյաններ: Արհեստով ներկարար էր, բայց՝ պարկեշտ եւ բարեսեր: Իր արհեստի համար ինչ վարձ որ տալիս էին, առնում էր ու չէր նայում՝ շատ է, թե քիչ: Նաեւ աղոթասեր էր, իր խանութն էլ մոտ էր եկեղեցուն: Աղոթքի ժամին գնում էր եկեղեցի եւ մինչեւ եկեղեցու ժամասացության ավարտը եկեղեցուց դուրս չէր գալիս: Նաեւ սիրում էր աբեղաներին ու մենակյացներին: Եթե պատահեր, որ նրանց տեսներ, հարցնում էր որտեղից լինելը, տերերի որպիսությունը, աղոթքների կարգերը եւ սիրում էր նրանց վարքը:

Սույն ժամանակ հայտնվեց Տաթեւացի Մովսես վարդապետը եւ ուսուցանում էր աստվածային խոսքերը: Հովհաննեսը գնալով նրա մոտ եւ նրանից սովորեց ամբողջ Աստվածաշունչը սկզբից մինչեւ վերջ՝ հինը եւ նորը, ամբողջ պատմությունը, ինչ որ տեսավ, սովորեց ամբողջը անպակաս կերպով: Եվ ապա վարդապետի պատվերով գնաց Լիմ [8] անապատը եւ եղավ կուսակրոն աբեղա: Խստակրոն վարքով միշտ ճգնում էր: Բայց նա, որ սկզբնաչարն է եւ ճշմարտության թշնամի, նախանձեց նրա վարքին եւ կամեցավ ոչ միայն նրա հոգին կորցնել, այլեւ նրա մարմինը խաբել: Այս պատճառով հրեշտակի կերպարանք առավ եւ երեւաց նրան. համարձակվեց ասել, թե ես տիրոջ հրեշտակն եմ, առաքվել եմ Աստծու կողմից, որպեսզի քեզ հետ խոսեմ, մխիթարեմ եւ դյուրություն անեմ ավելի ճգնության համար, միշտ քեզ հետ լինեմ, իմացնեմ երկրի վրա տեղի ունեցած բոլոր բաները աշխարհի սկզբից մինչեւ այժմ: Իսկ Հովհաննեսը թեպետ գիտակ էր աստվածային պատվիրաններին, սակայն սատանական հնարքներին անփորձ էր: Այդ պատճառով հավատաց նրան, բայց Աստծուց չհեռացավ: Այդպես նա մնաց յոթ տարի:

Դեւը գալիս խոսում էր նրա հետ եւ իմացրեց նրան ամբողջ անցյալները: Իսկ ինքը` Հովհաննեսը, ինչ որ իմանում էր, Աստվածաշնչից

էր իմանում, իսկ ինչ չգիտեր, դեւն էր սովորեցնում նրան: Այս էր պատճառը, որ ոչ ոք ավելի իմաստուն չէր նրանից: Անապատի միաբանները այս բանը չիմացան. բայց երկու մարդու ինքը իմացրեց՝ մեկը Մելիքսեթ անունով աբեղա էր Վժան գյուղից, եւ մի մահտեսի Մկրտիչ անունով` Վան քաղաքից: Սրանց Հովհաննեսը հայտնեց: Դեւը խոսում էր Հովհաննեսի հետ, իսկ Հովհաննեսը պատմում էր Մելիքսեթին, իսկ Մելիքսեթը գրում էր թղթի վրա: Դեւը այս էլ էր ասել, թե Լուսավորչի ցեղից ես՝ այսինքն Արշակունի, իսկ քո տոհմից մեկը պետք է կաթողիկոս լինի եւ մեկը թագավոր, եւ ապա գալու է աշխարհի վերջը: Իսկ ես քեզ ծովի վրա կտանեմ բոլորի աչքի առջեւ իբրեւ ցամաքի վրա:

Երկար ժամանակ հետո իմացան նաեւ անապատի միաբանները. շատ նախատինքներով եւ ծեծով հարցնում էին՝ ինչո՞ւ դեւի հայտնվելը հրեշտակի ես համարում: Եվ նա պնդում էր ու հաստատում դեւի խոսքերը եւ դեւին քարոզում էր իբրեւ Աստծու հրեշտակի:

Ասաց, թե համբարձման օրը բազմաթիվ հրեշտակներ են գալու, որպեսզի ինձ տանեն ծովի վրա, որպեսզի դուք տեսնեք իմ գնալը եւ հավատաք, որ Աստծու հրեշտակն է խոսում ինձ հետ: Երբ միաբանները այս լսեցին, թափվեցին նրա վրա եւ բռնելով մտցրին մի խուց, շղթայեցին նրա ոտքերը եւ դուռը կողպեցին վրան, ոչ ոքի թույլ չտվին մտնել նրա մոտ: Մի մենակյացի նշանակեցին՝ ամեն օր նրան կերակուր տանել, դնել նրա առջեւ եւ վերադառնալ:

Այսպես նա բանտում մնաց երկար ժամանակ, ամեն օր դեւը գալիս էր, խոսում նրա հետ եւ հայտնում էր նրան անծանոթ բաներ: Հովհաննեսի՝ դեւի հետ խոսակցելու յոթը տարին լրանալիս հինանց պասի [9] օրերին, վեցերորդ շաբաթին, չորեքշաբթի դեւը եկավ նրա մոտ եւ ասաց. «Պատրաստվիր, քանի որ համբարձման ժամին կգանք, կխորտակենք դռները, շղթաները կպոկենք ոտքերիցդ եւ այստեղից քեզ հանելով կտանենք ծովի վրա, որպեսզի գան տեսնեն քո փառքը: Եվ մինչդեռ Հովհաննեսը մտախոհության մեջ էր, թե ի՞նչ անի, ահա եկավ նրա սպասավորը, նրան երկու տեսակ կերակուր բերեց: Աստծու ողորմությամբ հորդորում եղավ նրան. նա առավ երկու տեսակ կերակուրը խառնեց իրար եւ դեւին ասաց՝ եթե Աստծու ճշմարիտ հրեշտակն ես դու, երկու կերակուրները բաժանիր իրարից, որպեսզի կատարելապես հավատամ քեզ: Ապա այն չար սատանան վեր կացավ կանգնեց եւ ձեռքը ձեռքին զարկելով ծափում էր ծիծաղելով եւ ասում՝ ուրախ եղիր, խնդա, ես այն դեւն եմ, որ Ադամին [10] խաբեցի եւ դրախտից հանեցի, մի՞թե դու նրանից լավ ես, որ չխաբվես ինձնից: Այս ասաց եւ անհայտացավ:

Իսկ Հովհաննեսը խելքի եկավ եւ ասաց. «Վայ իմ կյանքին, թե ինչպես աշխարհում խաղք ու խայտառակ եղա: Արդ՝ ի՞նչ աչքով նայեմ մարդկանց երեսին, կամ ինչպե՞ս խոսեմ մարդու հետ: Վայ մոլորյալ գերվածիս»: Եվ իր երեսը դարձրեց դեպի արեւելք եւ ասաց լալով. «Որովհետեւ մեծ են քո գործերը, Տեր, դու փրկեցիր ինձ մահվանից, դու հրաշքներ արիր երկրի վրա»: Այս ասելով ողբում էր ու արտասվում: Ապա ուշքի գալով կանչում է միաբաններին: Միաբանները ձայնը լսելով, գնացին դուռը բացին եւ տեսան նրա դեմքը այլագունված է: Նա ընկած էր քիթ ու բերանի վրա ոտնատակ եւ գոռում էր բարձրաձայն աղաղակով՝ մեղանչեցի երկնքի եւ ձեր առջեւ: Եվ պատմեց չարի խաբեությունը, լալուց չէր դադարում:

Ապա ոտքերից հանին շղթաները, տաք ջուր բերին լցրին ոտքերին, ձեռքերին ու գլխին, մազերը հարդարեցին: Եվ քանի որ ժամը մոտ էր երեկոյին, միաբանները զգեստավորվեցին, բերին շուրջառ գցին նրա վրա եւ վառված լապտերներով առաջ ընկած գնում էին ասելով. «Թող նրանք լինեն ինչպես փոշի հողմի առջեւ: Թող նրանց ճանապարհները խավար լինեն: Եվ այսպես տարան մինչեւ եկեղեցու դուռը: Եվ ասացին. «Տեր, մեզ համար բաց ողորմության դուռը, որ ողբալով դիմում ենք քեզ»: Այդպես նրան մտցրին եկեղեցին եւ մինչեւ առավոտ հսկում կատարեցին պաշտամունքով ու սաղմոսներով: Հաջորդ օրը, որ Տիրոջ համբարձումն էր, հրամայեցին նրան Քրիստոսին պատարագել, եւ բոլորը նրա կողմից հաղորդվեցին: Նա մնաց Լիմի անապատում եւս ինչ-որ տարիներ: Ապա կաթողիկոս Փիլիպոսը նրան այնտեղից հանեց եւ պահեց իր մոտ, որպեսզի դաս տա միաբաններին:

Այո՛, մենք սովորեցինք Մելիքսեթի գրած նույն պատմությունից, որ հաճախ ավելի մեծ էր, քան սաղմոսները: Այս գիրքը գտնվում էր Օհանավանքի գրատան մեջ: Նրա աշակերտները խնդրեցին, առան տարան, չգիտեմ, թե ինչ արին: Սրա մնացած պատմությունը՝ մորուքի փետումը, սրա մահը իր տեղում կպատմենք:

ԳԼՈՒԽ ԽԵ
ՄԽԻԹԱՐ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎԱՐՔԸ

Այս աստվածահաճո եւ քրիստոսասեր մարդը՝ Մխիթարը, Գեղարքունի [11] գավառից էր՝ Ծմակ կոչված գյուղից, որ կոչվում էր Դալուղարդաշ. բարեպաշտ քրիստոնյաների զավակ էր, իր մանկությունից երկյուղած էր ու բարեսեր, միշտ մտմտում էր Աստծու պատվիրանները եւ հակում ուներ հոգեւոր գործերի, ուզում էր մենակյաց լինել: Քանզի ուսեալ էր եկեղեցական կարգավորությունների մեջ, կարդացել էր սաղմոս ու շարական եւ շատ հաճախ աղոթք էր անում, ուստի ուզում էր աբեղա դառնալ: Եվ որովհետեւ գյուղը քահանա չուներ, այս պատճառով գյուղացիները նրա ծնողներին ստիպում էին՝ ամուսնացնել նրան, որ օրհնեն գյուղի քահանա:

Թեպետ Մխիթարը չէր կամենում զույգավորվել, սակայն գյուղացիների խնդրանքի եւ ծնողների թախանձանքի պատճառով նրան ամուսնացրին ըստ օրինաց կարգի: Նա մնաց պատվավոր ամուսնությամբ ըստ Պողոսի սուրբ անկողինով, ողջախոհությամբ` ինչպես տատրակ, մաքրությամբ` ինչպես արագիլ: Նրանք իբրեւ գառներ մնացին միասին որոշ ժամանակ, ապա օրհնեցին նրան քահանա Աստծու կամքով ու հաճությամբ: Եվ քահանայությունը անում էր արդարամտությամբ, չէր նայում ժողովրդի ինչքին ու տուրքին, ագահություն չէր անում, չէր նեղում: Նա ամուսնությամբ եւ քահանայությամբ քիչ մնաց: Կինը մեռավ եւ տեր Մխիթարը միայնացավ: Մտածեց գնալ ինչ-որ անապատ, բայց գյուղացիք արգելում, չէին թողնում գնալ, քանի որ սիրում էին նրան բարի վարքի ու պարկեշտ գործի համար, քանզի խրատում ու հորդորում էր ուղղամիտներին: Սաստում ու հանդիմանում էր ստահակներին:

Գյուղում կար մի մարդ, այդ նահանգի գավառապետն էր. անվանում էին Մելիք Փարսադան: Սա խիստ ագահ էր, հափշտակող, հպարտ ու գոռոզ: Մխիթար քահանան խրատում էր նրան, որպեսզի հեռու մնա այդ անիրավ գործից եւ չկեղեքի ու զրկի ռամիկներին: Իսկ Մելիք Փարսադանը փոխանակ զղջալու եւ հետ կանգնելու չար գործից, ի հավելումն նաեւ ատեց պատվական քահանա Մխիթարին: Քեն էր քշում եւ նախանձում, կամենում էր նրան փորձանքի մեջ գցել: Իսկ Մխիթար քահանան պատճառներ էր որոնում, որ գյուղից դուրս գա եւ գնա անապատ, բայց հնար չէր գտնում:

Մի օր եզների երեք լուծ լծած օրան էր ծեծում կալում: Մելիքը իր ծառաներին ուղարկեց նրա մոտ եւ ասաց՝ եզներդ տուր, իմ օրանը կալսեմ, ահա անձրեւ է գալու, գուցե թրջի կալը: Երեցը պատասխանում է՝ եթե քոնը թրջի, չէ՞ որ իմն էլ կթրջի: Ահա տեսնում ենք )ինքը եւ ծառաները(, որ կալսում եմ, որ գոնե չոր հավաքեմ կալը, այդ պատճառով եզներս չեմ տա: Ծառան գնաց պատմեց իր տիրոջը: Դարձյալ կրկին անգամ ուղարկեց եւ ասաց՝ եթե քո կամքով կուղարկես լավ է, իսկ թե ոչ, իմացիր, որ լրիվ չարիք է գալու քո գլխին: Մխիթար քահանան ասում է՝ ես իմ կամքով չեմ տա, իսկ եթե բռնությամբ հափշտակի, կարող է անել, եթե սպանելու է ինձ, թող սպանի, քանի որ մելիք է մեծ իշխանությամբ: Ծառան վերադարձավ պատմեց այս եւս:

Ապա մելիքը խրոխտացավ, բարկությամբ լցվեց որպես ձագակոտոր արջ, գույնը սեւացավ ինչպես ածուխ եւ զայրացած ուղարկեց երեք կամ քշող ծառաներին եւ ասաց. «Գացեք բերեք եզները այնպես լծած, կամնասայլով կամ քշողով եւ ամեն ինչ, որ նրա վրա գտնվում է»: Ծառաները գնացին, արին այնպես, ինչպես որ հրամայել էր նրանց: Իսկ անհիշաչար Տեր-Մխիթարը չըմբոստացավ, չընդդիմացավ եւ ոչ էլ որեւէ կոշտ խոսք ասաց: Այլ ինչպես Պողոսն արեց: Ասաց՝ մելիքին ասեք՝ գոհ եմ քեզնից, քանզի ինձ ազատեցիր այս աշխարհի հոգսերից: Ահա իմ տունը, իմ զավակը թող քեզ լինեն այն բարիքի փոխարեն, որ արիր իմ հանդեպ: Այս ասաց, չգնաց իր տունը, այլ գնաց եկեղեցու դուռը, համբուրեց, հագավ տրեխները, գլխարկը դրեց գլուխը, փեղույրն )քահանայի թասակը( ու կոշիկները փաթաթեց փիլոնի մեջ եւ ճանապարհ ընկավ, ուղղվեց դեպի Սեւան: Ոչ ոք նրա գնալը չտեսավ, եւ ոչ ոք չիմացավ նրա ուր լինելը, ոչ ոք ճանապարհին չպատահեց:

Գնաց, հասավ Սեւանի նավահանգիստը, կանչեց, բերին նավը եւ մտավ անապատը եւ միաբաններին աղաչանքով պատվիրեց, որ ոչ մի տեղ իր մասին որեւէ բան չասեն: Իսկ գյուղացիները մելիքին ասացին՝ չէ՞ որ դու ես կորցրել մեր քահանային, այդ պատճառով նրա արյունը քեզնից ենք պահանջում: Մելիքը մարդ ուղարկեց մոտիկ գյուղերը, բայց վերադարձավ դատարկ: Տասն օր հետո միաբանները անապատից եկան ու պատմեցին, թե Մխիթարը Սեւանում է: Մելիքը գյուղացիներից ոմանց առավ, գնացին Սեւան: Հանցանքը հանձն առան, շատ աղաչանքներով խնդրեցին վերադառնալ: Բայց նրանց չլսեց, այլ մնաց այնտեղ, մշտամատույց ու մաքուր խղճով աղոթում էր իր Տիրոջը:

Հայոց կաթողիկոս Փիլիպոսը լսեց նրա բարի համբավը, մարդ ուղարկեց, նրան բերին Սուրբ աթոռ Էջմիածին, նրան օրհնեց եպիսկոպոս եւ կրկին ուղարկեց Սեւան՝ հովվելու միաբաններին:

Գնաց եւ անապատի վերակացությունը վարեց բարի կենցաղավարությամբ եւ փոխվեց անմահական (հանդերձյալ) կյանքը եւ թաղվեց այնտեղ մեր 1111 (1662) թվին ի փառս Քրիստոս Աստծու:

ԳԼՈՒԽ ԽԶ
ՋԱՖԱՐ ՓԱՇԱՅԻ ՈՍԿՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Երբ Թահմազղուլի խանը Վժանի (Ուջան) դաշտում կոտորեց քրդերին, մեծամեծներից ոմանց բռնեց, կնդեց, ուղարկեց Մեծ Շահ Աբասին, իսկ նա հրամայեց մերկացնել եւ նետել առյուծների առջեւ երեք մարդ իր զորքի հաճույքի համար: Ապա Ջաֆար փաշայի մասին հարցրեց, թե որտե՞ղ է նրա գեշը, ասացին, թե՝ Թավրիզում: Մարդ ուղարկեց հանել բերել իր մոտ: Եվ մանրեց կացնով դիակը, խառնեց գարու հետ, աղաց, դարձրեց ալյուր, թխեց հաց եւ մանրելով գցեց շների առջեւ, շները կերան: Եվ այսպես վրեժով էր լցված օսմանցիների նկատմամբ:

ԳԼՈՒԽ ԽԷ
ՕՍՄԱՆՑԻՆԵՐԻ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԳԱՎԱՌ ԳՆԱԼԸ

Կարինից վերադարձան Կարսի պարոնները, որոնք կոչվում էին աջապահ եւ ձախապահ աղաներ: Սրանք մեղադրեցին Շխիջան փաշային, թե ինչո՞ւ չպատերազմեցիր Թահմազղուլի խանի դեմ, երբ նա եկավ քո երկրի սահմանները, Շխիջանը պատասխանեց՝ թե դուք այստեղ չէիք, իսկ իմ զորքը ցաք ու ցրիվ էր եղել, ինչո՞վ դիմադրեի պարսից զորքին: Արդ՝ այժմ պատրաստ եղեք, որ մենք էլ արշավենք նրանց վրա: Քանզի Ամիրգունա խանը մեռել էր, իսկ նրա որդի Թահմազղուլի խանը գնացել էր Վրաստան Թամրազի դեմ: Այս պատճառով օսմանցիք հավաքվեցին եւ գնացին Շիրակ եւ Նիգ [12] գավառները եւ Արա լեռան հյուսիսային կողմից անցան Կոտայքի գավառը: Ինչ որ գտան, ավարեցին ու եկան Եղվարդ [13] գյուղը եւ շրջապատեցին սրա ամրոցը: Գյուղացիները նրանց դեմ կռվում էին քարով: Իսկ օսմանցիք համբերեցին մինչեւ նրանց քարերը սպառվեցին: Ապա հեշտությամբ գրավեցին ամրոցը եւ ամրոցի մարդկանցից սպանեցին երեսուն մարդու եւ գերեցին, ինչ որ գտան ամրոցում՝ մարդ, անասուն: Բռնեցին նաեւ Ծատուր անունով մի մարդու, հետեւը կապեցին ձեռքերը եւ ծեծում էին (բնագրում ձաղեին` պետք է լինի ձաղկեին) նրան, որպեսզի ինչքերը ցույց տա, քանզի գյուղապետն էր: Իսկ նա ցնցելով կտրեց կապը եւ երդիքով ընկավ մի տուն եւ ինչ-որ հնարքով ելավ առաստաղը եւ ոտքերով ու ձեռքերով բռնեց գերանը եւ մնաց կախված: Օսմանցիք մտան տուն, որոնեցին, չգտան: Ելան դուրս ու գնացին փախուստով, քանզի լսեցին, թե Թահմազղուլի խանը վերադարձել է Վրաստանից ու գալիս է: Օսմանցիք շտապելով Աշտարակի կամրջով գնացին Թալինի վրայով իրենց երկիրը՝ Կարս:

ԳԼՈՒԽ ԽԸ
ԽԱՆԻ ԱՐՇԱՎԸ ՕՍՄԱՆՑԻՆԵՐԻ ՎՐԱ

Խանը եկավ Վրաստանից եւ լսեց այն վնասների մասին, որ օսմանցիք արին Արարատյան դաշտի նկատմամբ: Նա փղձկուն սրտով հոգոց էր հանում եւ մռնչում էր իբրեւ առյուծ: Ապա հրամայեց զինվորներ առնել հայերից՝ այսինքն՝ հրացանավորներ: Եվ հավաքվեցին ավելի քան վաթսուն մարդ՝ Եղվարդից, Քանաքեռից, Երեւանից, Նորագավթից, Էջմիածնից, Օշականից, Աշտարակից, Կարբիից, Օհանավանից, ընտիր այրեր, հրազենի գործի մեջ հմուտ: Սրանց եւ իր զորքերը առավ, ելավ գնաց Արագածի հյուսիսային կողմը եւ բանակեց այնտեղ: Զորապետ նշանակեց Մուրադ բեկին, որի մասին նախապես հիշատակեցինք: Հրամայեց (Մուրադ բեկին) գնալ հանդիպել օսմանական զորքին, որ խմբված էին Շիրակ գավառում Արփա [14] գետի ափին: Ոմանք քնած էին, ոմանք լողանում էին, ոմանք ձիերն էին կերակրում եւ այդպես անհոգ էին: Իսկ Մուրադ բեկը ելավ մի բլուրի վրա եւ օսմանցիներին ձայն տվեց: Իսկ օսմանցիք շտապ վեր կացան, շուտափույթ հեծան ձիերը եւ բլրի մյուս կողմից թափվեցին պարսից զորքի վրա: Պարսիկները տեսնելով նրանց` փախան, գնացին դեպի խանը: Իսկ խանը նստած ինչ-որ տեղում տասներկու մարդով գինի էր խմում. հայոց հրացանավորները գտնվում էին նրա շուրջը: Լսելով Մուրադ բեկի փախուստի մասին՝ շտապով վեր կացավ, (խանը) հագավ երկաթյա զրահը, որ կոչվում է գեյիմ, սաղավարտ դրեց գլուխը, կռնապանը հագցրեց թեւը, այդպես ամրացրեց իրեն ամենայն պատրաստությամբ: Պատերազմական գործի համար ուներ նետերով լիքը կապարճներ եւ թուր, որ կոչում էին զիլֆղար*, լախտ, նիզակ, արծաթյա վահան թիկունքին: Այդպես հագցրել էր նաեւ ձին, որ կոչվում էր Ղազի Գհեր, կշտապանակ, սրտապանակ, չկար տեղ, որ ծածկված չլիներ: Այսպես զինված մղվեց թշնամու դեմ: Մուրադ բեկը փախուստով հասավ խանի մոտ, իսկ խանը բարկացավ նրա վրա եւ ասաց. «Ով սեւ էշ, քո ազգի հանդեպ դեռ սեր ես տածում» եւ նիզակով հարվածեց նրա գլխին եւ ասաց՝ դարձիր, որ գնանք: Եվ գնացին, հանդիպեցին օսմանական զորքին: Օսմանցիների զորապետն էր մի ոմն, որին կոչում էին Ղպլալի, որ առաջ էր եկել, ասաց. խանին խան է պետք, պարոնին՝ պարոն, ծառային՝ ծառա: «Արդ՝ ո՞վ է խանը, թող մոտ գա, որ տեսնենք»: Իսկ խանը առաջ գալով ասաց՝ ես եմ խանը, եթե բան ունես ասելու, ասա: Իսկ Ղպլալին նայեց, տեսավ խանին, որ ոչ մի բաց տեղ չուներ, բացի բերանից, եւ գեղարդը, որ ձեռքում բռնած էր, զարկեց խանի բերանին եւ վերին շրթունքը պատռեց: Խանը մտրակեց ձին եւ հանեց զիլֆղար թուրը եւ վրա բերեց ձախ ուսին՝ խոտորնակի կտրեց մինչ ծիծը եւ կտրեց աջ թեւն ու գլուխը կախ մնաց մի կողմում, իսկ ձախ թեւը մյուս կողմում: Երբ օսմանցիք տեսան, թե ընկավ իրենց առաջնորդը, փախուստի մատնվեցին: Պարսիկները պատերազմի փող հնչեցրին, իսկ օսմանցիների ձիերը անվարժ էին փողերի ձայնին, խրտնեցին ու փախան: Պարսիկները օսմանցիներին քշեցին մինչեւ Կարսի դուռը: Արեգակը մուտք գործեց, գիշերը օթեւանեցին Կարսի դռանը: Հաջորդ օրը սփռվեցին երկրում, գերեցին ում գտան եւ վերադարձան Երեւան՝ իրենց հետ տանելով բազմաթիվ օսմանցիներ:

Այս պատմությունը սովորեցինք Ղարիբ անունով մի էջմիածնեցի մուղդուսուց Օհանավանի անապատում, որ ասում էր, թե ես էլ էի հրացանավոր: Իսկ առաջին պատմությունը լսեցի Հակոբ անունով մենակյացից Սաղմոսավանքի անապատում: Նա Եղվարդ գյուղից էր եւ ինքն էլ գերի էր ընկել օսմանցիների ձեռքում:

 

* Նույնն է՝ ինչպես մեր Հավլունի թուրը, զիլղար Մուհամեդի փեսա Ալու Թրի անունն է:



[1]            Կաղզվանը գտնվում է Արաքսի վերին հոսանքներում, աջ ափին, այժմ քաղաք է միեւնույն գավառում: Մեծ Հայքի Այրարատ նահանգի Գաբեղից գավառում է: 1913 թվին ուներ 70 հազար բնակիչ, որոնցից 30 հազարը հայ էր:

[2]            Բագրեւանդը գավառ է Մեծ Հայքի Այրարատ նահանգում: Բագրեւանդի տարածքը համընկնում է այժմյան Ալաշկերտի տարածքին:

[3]            Վաղարշապատը ներկայիս Էջմիածին քաղաքն է, ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը:

[4]            Տես` ծանոթ. 34:

[5]            Պարտիզաձորը Բասենի գավառի Վանանդի գյուղերից է:

[6]            Մաշտոց ծիսարան: Ծիսական արարողությունների, կարգերի, աղոթքների, օրհնությունների ժողովածու:

[7]            Տաճարաբակը Կոտայքի հարավային գյուղերից է Աբովյան-Գառնի մայրուղու վրա: Այժմ կոչվում է Ձորաղբյուր:

[8]            Լիմը փոքրիկ կղզյակ է Վանա ծովի հյուսիս-արեւելքում: Ունի վանքեր: Լիմում 1310 թվին Զաքարիա կաթողիկոսը կառուցել է Ս. Գեւորգ եկեղեցին: Այստեղ Ներսես Մոկացին հիմնադրել է անապատ (միաբանություն) եւ դպրոց 1622-ին:

[9]            Հինանց պասը Զատկից մինչեւ հոգեգալուստ տեւող հիսունօրյա տոն է:

[10]          Ադամը ըստ Աստվածաշնչի` առաջին մարդն էր, որ ստեղծեց Աստված:

[11]          Գեղարքունիքը Սեւանի հարավային տարածքներն են, որ այժմ մտնում է Գեղարքունյաց մարզի մեջ:

[12]          Նիգ, տես` 54 ծանոթագրությունը:

[13]          Եղվարդը Արա լեռան հարավային կողմում գտնվող նշանավոր գյուղ էր: Այժմ քաղաքատիպ ավան է Երեւանից դեպի հյուսիս 15 կմ հեռավորության վրա:

[14]          Արփա գետը Գյումրիի եւ Անիի մոտից անցնող գետն է: