Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

2) ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՒ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՕՐԷՆՔՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԸ

 

Վերոգրեալից երեւաց, որ Եկեղեցու դրած բոլոր պարտաւորութիւնները իրաւական բնաւորութիւն չունին եւ չեն ենթարկւում իրաւաբանական որոշումների:

Աղօթելու, ապաշխարելու, զղջալու պարտաւորութիւնները կրօնական-բարոյական են եւ կախուած են անհատի անկեղծութիւնից, մաքուր խղճից եւ սրբուելու տրամադրութիւնից. իրաւաբանական սահմանով չի կարելի որոշել, թէ հաղորդուելով՝ անպատճառ պիտի մաքրուել, անշուշտ պիտի զղջալ կամ խիղճը մաքրել. դրանք կախուած  են   անհատի  ներքին   պատրաստականութիւնից Այդպէս են Եկեղեցու   խորհուրդները   իրենց   ներքին   ներգործութեամբ, էութեամբ, որովհետեւ այդ խորհուրդների միջոցով իրեն փրկել ցանկացող   անձնաւորութեան   ներքին   աշխարհը   մեզ՝ կողմնակի անձանցս համար մնում  է  բոլորովին  անծանօթ. ընդունե՞ց  նա արդեօք իւր սրտի մաքրութեամբ խորհուրդի ներգործութիւնը, թէ ոչ՝ չենք իմանում, այդ իրաւական չափի տակ դնել չի կարելի:

Բայց այդ խորհուրդների գործադրութիւնը կատարւում է արտաքին երեւոյթներով եւ ծիսակատարութեամբ, որոնք ընկնում են կանոնի կարգի  տակ, որովհետեւ  ունենում  են  իրենց  իրաւական  հետեւանքները: Այդ նրանից է առաջանում, որ մարդկային բնաւորութիւնը հոգու վերանորոգութիւնը շօշափելի կերպով հասկանում է այն ժամանակ, երբ աներեւոյթը ըմբռնելի ձեւերով է պատկերացնում եւ տեսանելի կերպով կապում Եկեղեցու հետ:

Բարոյական-կրօնական օրէնքները ամփոփում են իրենց  մէջ քրիստոնէական ընդհանուր գաղափարներ. եկեղեցական օրէնքները շօշափելի կերպով արտայայտում են այդ գաղափարները որոշ արտաքին ձեւերով, յարմարացնելով կեանքի պայմաններին: Բարոյական օրէնքը ներշնչում է ներքին մաքրութիւն դէպի քրիստոնէական պսակը. եկեղեցական օրէնքը որոշում է պսակուելու, լուծելու ձեւերը

եւ պայմանները: Բարոյական օրէնքը նայում է մարդու վրայ իբրեւ ընդհանրապէս քրիստոնեայի. եկեղեցական օրէնքը վերցնում է նրան իբրեւ տեսանելի անդամ կրօնական համայնքի, որոշում է նրա պարտաւորութիւնները եւ հասարակական յարաբերութիւնները: Այդ պատճառով քրիստոնէական բարոյականութեան օրէնքները միշտ եւ ամէնի   համար   միեւնոյն   են,   այնինչ   եկեղեցական   օրէնքները զանազան ժամանակներում եւ զանազան եկեղեցական հասարակութիւնների մէջ տարբեր են: Բարոյական օրէնքները ընդհանրապէս  վերաբերում  են  մարդու  ներքին  աշխարհին իսկ եկեղեցական օրէնքները ունին, այսպէս ասած, պաշտօնական, կառավարչական, իրաւաբանական նշանակութիւն: Առաջինները յանցանքները ենթարկում են խղճի դատաստանին, երկրորդները յանձնում են դրսի պաշտօնական դատաստանին (տե՛ս Опыт ц. зак. архим. Иоанна, т. I, 1851 եւ Соколовь, 16 եր. ):

Իսկ եկեղեցական ժամերգութեան մասնակցելը եւ եկեղեցական կեանքի արտաքին կարգաւորութեան կանոններին հնազանդելը ունին իրաւական բնաւորութիւն (правовый характеръ), որոնց կատարումը եւ չի հակասում խղճի ազատութեան՝ կրօնական մտքով (տե՛ս Соколовь, ц. п., 13 եր. ):