Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

23) ԱՆԿԻՒՐԻԱՅԻ ԵՒ ԿԵՍԱՐԻԱՅԻ ԺՈՂՈՎՆԵՐԸ

 

Անկիւրիայի ժողովի կանոնները 25 հատ են, իսկ մեր ձեռագրերում` 20 հատ, 5-ով պակաս են: Ասացի, որ ընդհանուր եկեղեցական պատմութեան մէջ «Կեսարիայի» անունով ժողով չկայ, որտեղ կանոններ գրած լինեն: Հապա ո՞րտեղից է մտել Կեսարիայի ժողովը մեր կանոնագրքերը: Այս հանելուկը լուծւում է թեթեւ կերպով. երբ ուշադրութեամբ համեմատում ենք Անկիւրիայի վերջին 6 կանոնը Կեսարիայի ժողովի 10 կանոնի հետ: Մերոնք վերցրել են Անկիւրիայի ժողովի 25 կանոնից 19 հատ, մէկն էլ աւելացրել եւ դարձրել 20, իսկ Անկիւրիայի մնացած 6 կանոնը, այսինքն 20, 21, 22, 23, 24, 25 կանոնները, դարձրել են Կեսարիայի ժողովի կանոններ. որպէսզի տարբերութիւն դնեն սրանց եւ Անկիւրիայի վերջին կանոնների մէջ, մտցրել են մէջէիմէջ 4 կանոն եւս եւ ստացել են 10 հատ Կեսարիայի կանոններ: Ուրեմն Կեսարիայի 10 կանոնները կազմուած են եւ առնուած Անկիւրիայի 25 կանոնից եւ 4 էլ նման կանոններ մէջէիմէջ ներմուծուած: Ապացոյց այդ բանին կարող եմ բերել մի քանի ձեռագրեր, որտեղ Կեսարիային յատկացրած է աւելի քիչ կանոն, այն է` 7 կամ 8, կամ 6: N742 ձեռագրում 6 կանոն է նշանակած՝ երկարացրած ու ձգձգած` ըստ քմահաճոյքի: N743-ում 7 կանոն է յատկացրած Կեսարիայի ժողովին: N741-ում էլի 7 կանոն. սրանց մէջ չկան 7, 8 եւ 10-րդ կանոնները: Ո՞վ է արել այսպէս եւ ինչո՞ւ է արել. եթէ արուած է, ինչո՞ւ յոյները չեն ընդունել, եւ նրանց ձեռագրերում ինչո՞ւ չկայ, մանաւանդ որ Կեսարիայինը ազգային հայոց կանոններ չեն, հապա յունաց: Մնում է մեզ մի ենթադրութիւն անել, որ Անկիւրիայի ժողովին մասնակցող Կեսարիայի եպիսկոպոսը, վերադառնալով իւր քաղաքը եւ տեսնելով մի քանի անառակ երեւոյթներ քաղաքի մէջ, ցանկանալով արմատախիլ անել այդ ախտերը, վերցրել է Անկիւրիայի ժողովի վերջին 6 կանոնները, նորից քննել եւ քաղաքում ժողովի խնդիրը դարձրել եւ մի քանի փոփոխութիւններով հրատարակել քաղաքում իբրեւ ժողովի հրաման, որ նշանակութիւն ունենայ քաղաքացոց աչքում, մանաւանդ որ Անկիւրիայի եւ Կեսարիայի ժողովները մեր ձեռագրերում միշտ յաջորդաբար են զետեղուած եւ միեւնոյն թուականին գրուած` 314-315 թուականներին: Գուցէ ուրիշ աւելի ծանրակշիռ պատճառ ունենայ այդ փոփոխութիւնը, բայց որովհետեւ այդ մասին ուրիշ յիշատակութիւն չունինք, ուստի կը թողնենք անորոշ դրութեան մէջ եւ կ’ընդունենք փաստօրէն այն, որ Անկիւրիայի ժողովի 25 կանոնները աղբիւր են մեր եկեղեցական իրաւունքի համար, իսկ «Կեսարիայի» անունով ժողով չլինելուն պատճառով պիտի դուրս ձգէինք մեր ցուցակից, բայց որովհետեւ 1178 թուի մեր ժողովում ա՛յդ` «Կեսարիայի» անունով ժողովը ընդունուած է, ուստի իրաւունք չհամարեցինք հակառակ գնալ ժողովի որոշման` թողնելով այդ ապագայ հայոց ժողովի վերջնական վճռին:

ԱՆԿԻՒՐԻԱՅԻ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ (313-315 ԹԹ. )

 

 

Գաղատիայի Անկիւրիա քաղաքում 313-315 թուականներին, Անտիոքի եպիսկոպոսի նախագահութեամբ 18  եպիսկոպոսի  մասնակցութեամբ որոնց մէջ էր Կեսարիայի եպիսկոպոս Ագրիկողայոս, եղաւ այս ժողովը, որը սահմանեց  25  կանոն:

 

Ժողովի նպատակն էր որոշ կանոններ սահմանել այն հաւատուրացների համար, որոնք, չկարողանալով տանել Մաքսիմիանոս կայսեր անգթութիւնները եւ հալածանքները, ուրացել էին իրանց հաւատը, ապա ապաշխարելով եւ զղջալով` էլի վերադառնում էին Եկեղեցու գիրկը: Ժողովը, կամենալով յարմարացնել կանոնները հաւատուրացների՝ զանազան հանգամանքներում գտնուած դրութեան հետ, բաւական չափով զիջողաբար վարուեց ապաշխարանքներ նշանակելիս: Նոյն ժամանակ Աղեքսանդրիայի Պետրոս եպիսկոպոսը նոյն տեսակ կանոններ էր սահմանում իւր վիճակի համար:

 

Յունաց մեկնիչների, սլաւօնական կանոնագրքի եւ այլոց վկայութեամբ պնդւում է, որ բոլոր ժողովներից առաջ եղել է Անտիոքի ժողովը Պօղոս Սամոսատացու դէմ Աւրելիանոս կայսեր օրով, իսկ երկրորդ ժողովն է այս Անկիւրիայինը նախքան Նիկիայի ժողովը:

 

1. Այն քահանաները, որոնք կուռքերին զոհ են արել, բայց յետոյ քաջութեամբ պաշտպանել են հաւատը ճշմարիտ եւ ուղիղ սրտով, դրանք չեն զրկւում բազմոցի վրայ նստելու պատուից, բայց իրաւունք չունին քահանայագործութիւն անել (տե՛ս Բ առ. 62, Պետ. Աղ. 20):

 

2. Նոյնը եւ սարկաւագների վերաբերմամբ լինի. միայն եթէ հեզ եւ եռանդոտ կը լինեն, եպիսկոպոսը կարող է նրանց վիճակը բարեխօսել առ. 62, Պ. Աղ., 20 կ. ):

 

3. Նրանք՝ հոգեւորական թէ աշխարհական, որոնք զանազան բռնութիւնների եւ տանջանքների մէջ ընկած, զօրով եւ ստիպմամբ զոհի միս կամ ուրիշ միջոցով վերցրած եւ բերանները դրած լինեն եւ միշտ կրկնելիս, որ իրենք քրիստոնեայ են, դրանք բոլորը համարուեն Եկեղեցու հաւատացեալ եւ եթէ արժանաւոր են, ընդունեն կանոնաւոր կարգով հոգեւորականների շարքը:

 

4. Որոնք ստիպմամբ զոհ կ՛անեն, բայց անհոգաբար ծիծաղերես լաւ շորերով դրանց խնջոյքներում կը մասնակցեն, այդպիսիները մի տարի ունկնդիր թող լինեն, 3 տարի` ներսի ունկնդիր (ընդ ձեռամբ), 2 տարի` ապաշխարողներ եւ ապա աղօթողների հետ միանան եւ հաղորդուեն:

 

5. Նրանք, որոնք լացով եւ տխրութեամբ են կերել եւ մասնակցել զոհաբերութեան, 3 տարի ներսի ունկնդիր լինելուց յետոյ, կ՚ընդունուեն հաւատացեալների կարգը առանց Հաղորդութեան: Որոնք չեն կերել, երկու տարի կը մնան (ընկնողների) ներսի ունկնդիրների հետ եւ ապա կը միանան եկեղեցում հաւատացեալների  հետ  առանց Հաղորդութեան Եպիսկոպոսները  դրանց  փորձի ենթարկելու ժամանակ կարող են փոփոխել, նայելով դրանց անկեղծութեամբ զղջալուն, ապաշխարանքի ժամանակը:

 

6. Նրանք, որոնք երկիւղից միայն զոհ են արել, վեց տարի ապաշխարելուց յետոյ, կը հաղորդուեն, նոյնպէս եւ մահամերձ լինելիս թող հաղորդուեն, այն պայմանով, որ երբ առողջանան, էլի շարունակեն իրենց ապաշխարանքը:

 

7. Որոնք զոհատեղերում կերել են իրենց տարած ուտելիքը, երկու տարի ներսի ունկնդիր լինելուց յետոյ միանան հաւատացեալների հետ, իսկ հաղորդուելը կախուած կը լինի եպիսկոպոսից:

 

8. Երկու-երեք անգամ ստիպմամբ զոհ անողները 7 տարուայ ապաշխարանքի ենթարկուեն:

 

9. Որոնք բացի հաւատուրացութիւնից, միւսներին էլ ստիպում են ուրանալ իրենց  հաւատը, այդպիսիներին ենթարկել  տասնամեայ ապաշխարանքի:

 

Մեր ձեռագրերում [մինչեւ այստեղ] համարները նոյն են, միայն երկարաբանած եւ օրինակների յաւելումներով ճոխացրած են: (Հայերէնի 10-րդ կանոնը յունարէնում չկայ Խմբ. ):

 

10. Եթէ սարկաւագները ձեռնադրութեան ժամանակ կը յայտնեն, որ պսակուելու ցանկութիւն ունին, կարող են ձեռնադրութիւնից յետոյ պսակուել եւ ծառայութեան մէջ մնալ, եթէ եպիսկոպոսը կը թոյլատրի: Իսկ եթէ ձեռնադրելիս կը լռեն, կը խոստանան ամուրի մնալ, բայց յետոյ կամուսնանան, այդպիսիները պիտի  դադարեն  սարկաւագութիւն  անելուց:

 

Բ առ. 26 կանոնը հրամայում է, որ հոգեւորականութեան մէջ մտածը իրաւունք չունի պսակուելու, բացի գրակարդացից եւ երգչից. իսկ այս կանոնս հաստատում է նոյնը՝ միայն մի քիչ մեղմացրած, որ եթէ ձեռնադրուելիս յայտնի, որ առանց ամուսնանալու չի կարող ապրել, այդպիսի սարկաւագը  կարող  է  պսակուել:

 

Մեր կանոնագրքերում 11-րդ կանոնն է այս:

 

11. Նշանուած աղջիկները եթէ առեւանգւում են, պէտք է գնան առաջուայ նշանածին, թէկուզ առեւանգողից լլկման ենթարկուած լինեն (տե՛ս Բարս. 22. մեր ձեռագրերում 12 կանոնն է):

12. Մկրտութիւնից առաջ զոհ անողները, եթէ մկրտւում են, կարող են հոգեւորական դառնալ՝ մեղքերից սրբուելուց յետոյ:

Մեր ձեռագրերում 13 կանոնն է:

 

13. Վայել չէ քորեպիսկոպոսներին  քահանաներ  եւ  սարկաւագներ ձեռնադրել, նոյնպէս իրաւունք չունին քաղաքներում առանց տեղական եպիսկոպոսի թոյլտւութեան  քահանաներ  կարգել:

 

Այս կանոնս խառն է գրուած թէ՛ մեր եւ թէ՛ օտար կանոնագրքերում. այս կանոնս թարգմանում են եւ այսպէս. «Չի թոյլատրւում քաղաքի քահանաներին ոչ մի կարգադրութիւն անել իրենց շրջանում առանց թոյլտւութեան». թէ՛ այս կտորս եւ թէ՛ 13 կանոնի թարգմանութիւնը վերցրել եմ ռուս Յովհաննէս վարդապետից, որը ամենաընդունելի համարեցի (տե՛ս Опыт ц. зак. Иоанна):

 

Քորեպիսկոպոսների մասին տե՛ս Նէո. 14, Անտ. 10, Բարսեղի եւ Սահակի կանոնները:

Մեր կանոնագրքերում 14-րդ կանոնն է այս:

 

14. Այն  քահանաները եւ սարկաւագները, որոնք միս չեն ուտում, պիտի

ճաշակեն եւ ապա էլի պաս պահեն: Իսկ եթէ կը հրաժարուեն ճաշակելուց եւ չեն ուտիլ մսի հետ դրած բանջարեղէնը եւ այս կանոնին հնազանդ չեն լինիլ, կարգալոյծ լինեն:

Մեր կանոնագրքերի 15-րդն է (տե՛ս Բ. առ. 51 կ., Բարս., 17, 18, 19):

 

15. Եթէ քահանաները եկեղեցապատկան իրերից մի բան կը վաճառեն եպիսկոպոսի բացակայութեան ժամանակ, Եկեղեցին պիտի յետ պահանջի: Եպիսկոպոսից է կախուած վաճառուածի գինը վերադարձնել եւ չվերադարձնել: Շատ է պատահել, որ կալուածի արդիւնքը աւելի շատ է եղել, քան վճարած գինը:

Մեր ձեռագրերում 16-րդ կանոնն է:

 

Եթէ արդիւնք բերող կալուածք է ծախուել առանց եպիսկոպոսի, սա կարող է պահանջել կալուածքը եւ փոխարէն տալ կամ ստացած գինը, կամ եթէ արդիւնքը շատ է եղել, գինը չվերադարձնել, այլ ստացած արդիւնքը հաշուել գնի փոխարէն (տե՛ս եւ Անտ. 24, 25):

 

16. Անասնագիտութեամբ պարապողները, եթէ դեռեւս 20 տարեկան չեն, 15 տարի ներսի ունկնդիր լինելուց եւ 5 տարի աղօթողների հետ ապաշխարելուց յետոյ թող հաղորդուեն: Եթէ շարունակեն իրենց ախտը, ապաշխարանքն էլ շարունակուի: Եթէ ամուսնացած են եւ 20 տարեկանից վեր, 25 տարի ապաշխարեն ներսում եւ 5 տարի աղօթողների հետ ու հաղորդուեն: 50 տարեկան եղողները մինչեւ մահ ապաշխարեն եւ մեռնելիս հաղորդուեն:

 

Մեր ձեռագրերում 17-րդ կանոնն է:

 

17. Անասնագէտներին եւ բորոտներին (պիսակոտ) սուրբ ժողովը հրամայում է աղօթել դիւահարների հետ:

 

Յունաց մեկնիչները զանազանակերպ են հասկանում «դիւահար» խօսքը. ոմանք ըմբռնում են իսկական մտքով, այսինքն այնպիսի անձինք, որոնք ոգիներով լիքն են, այնպիսի հիւանդութիւն ունին, որ ներս թողնել եկեղեցին չի կարելի. ոմանք հասկանում են իբրեւ դրսի ունկնդիրներ, որոնք չնայելով անձրեւին, քամուն՝ պիտի կանգնէին եւ աղօթէին:

 

Մեր ձեռագրերում (18 կ. ) չկայ «անասնագէտ», այլ միայն բորոտութիւն կամ, ինչպէս մերոնք են գրում, պիսակութիւն, կամ բիժ ունեցող ախտ:

 

18. Կարգուած եպիսկոպոսը եթէ չի ընդունւում թեմի կողմից եւ կամենում է ուրիշ թեմ անցնել, խռովութիւն ձգել եւ այնտեղ եպիսկոպոս լինել, նա մերժւում է եկեղեցուց: Իսկ եթէ կը կամենան նախկին տեղերում քահանայութիւն անել, կարող են, իսկ եթէ այնտեղ էլ խառնակութիւն ձգեն, կը զրկուեն եւ քահանայական    պատուից:

 

Մեր ձեռագրերում 19 կանոնն է (տե՛ս Բ առ. 14, 15, 30, 36, Անտ. 16, 17,

18, Նիկ. 8, Եփ. 9):

 

19. Չպսակուելու ուխտ անողը եւ ուխտը խախտողը կ’ենթարկուի երկապսակների ապաշխարանքին: Կոյսերին արգելւում է ապրել մարդկանց հետ իբր եղբայրների:

 

Չպսակելու ուխտ անողը կամ ըստ մեր ձեռագրաց` կուսութիւն պահել խոստացողները ի՞նչպէս պիտի հասկանալ՝ արդեօք վանականնե՞ր, թէ՞ աշխարհականներ:

Եթէ վանականը ուխտից յետոյ պսակւում է, ենթարկւում է ոչ թէ երկապսակների ապաշխարանքին, այլ աւելի խիստ պատժի, այն է՝ պսակը համարւում է անվաւեր, ուխտականը խիստ պատժւում է եւ ուղարկւում է աքսոր այն վանքը, որտեղ ինքը ձեռնադրուել է: Այստեղ ուխտի խախտումը ի՞նչպէս պիտի հասկանալ՝ պսա՞կ, թէ անառակութիւն. եթէ անառակութիւն հասկանային ժողովը  երկապսակների  ապաշխարանքին  չէր  ենթարկիլ, այլ  անառակների   պատժին   (Բալսամոն):   Երկապսակների   ապաշխարանքը Բարսեղ Մեծի 4 կանոնով 1 տարի եկեղեցուց մերժուելն է, կամ, ըստ միւս հայրերի, 2 տարի: Բայց Բարսեղ Մեծը ուխտ անող ընդունում է միայն կուսակրօններին եւ ո՛չ աշխարհականներին, ինչպէս Արիստենոսն է ասում, եւ եթէ ուխտ անողը խօսքը դրժում եւ անառակութիւն է անում, նա ենթարկւում է, ըստ Բարսեղի 59 կանոնի, հետեւեալ ապաշխարանքի. 2 տարի` լացող, 2 տարի` դրսի ունկնդիր, 2 տարի` ներսի ունկնդիր, 1 տարի` հաւատացեալների հետ, 8-րդ տարին հաղորդւում է: Բարսեղ Մեծի 18 կանոնով ուխտազանց աղջիկը համարւում է շնացող եւ այդ պատժին ենթարկուող: Այս ժողովի 10-րդ կանոնը խօսում է ամուսնացող սարկաւագների վրայ` հեռացնելով նրանց սարկաւագութիւնից. այստեղ նոյնպէս խօսում է ամուսնացող հոգեւորականների վրայ, որոնց ենթարկում է եպիսկոպոսների ապաշխարանքին եւ դադարեցնում (10-րդ կանոն) քահանայագործութիւնից: Ժողովի կանոնները աւելի մեղմ են, քան Բարսեղինը (տե՛ս Անկ. 10, Բարս. 6, 18, 19, 60, Գր. Նիւս. 4, Լաւ. 1):

 

Մեր ձեռագրերում 20-րդն է այս, այն պատճառով, որ այս կանոնների մէջ սպրդել է մի նոր կանոն, որը չկայ Անկիւրիայի ժողովի կանոնների մէջ: Մերոնք կանոնը բացատրելու, օրինակներ բերելով պարզաբանելու սովորութիւնը ունին. 9-րդ կանոնը խօսում է ուրիշներին զոհի միս ուտեցնելով եւ հաւատուրացութեամբ գայթակղեցնելուն համար, ապա սկսում է երկար ու բարակ խօսել զոհած մսի կամ առհասարակ անխտիր կերակուր գործածելու մասին եւ անցնում է խրատական ձեւին. ահա այս դարձրել են առանձին կանոն 10-րդ համարի տակ, որը չկայ իսկական կանոնների մէջ եւ չի ներկայացնում նոր բան, հապա կրկնութիւն է զանազան կանոնների քաղուածքների: Այդ տասներորդ կանոնի համառօտ բովանդակութիւնն է այս, որ անխտիր  կերպով  հեթանոսաց  կերակուր  չպիտի  ուտել որովհետեւ «պղծոցն ամենայն ինչ պիղծ է». երկար խրատելով նոյն ուղղութեամբ՝ պատուիրում է հակառակ գնացողին մի տարի ապաշխարել եւ աղքատներին ողորմութիւն տալ:

 

- Եւ Կեսարիայի 10 կանոնները:

 

Հայոց ձեռագիր կանոնագրքերում այստեղ վերջանում են Անկիւրիայի ժողովի կանոնները եւ սկսւում են Կեսարիայի ժողովի 10 կանոնները: Բայց որովհետեւ Անկիւրիայի ժողովի կանոնները 25 հատ են եւ ոչ 19, ուստի եւ 6 կանոնը, որը չէ գրած մեր ձեռագրերի` Անկիւրիային վերագրած կանոնների մէջ, այլ յատկացրած է Կեսարիային, կը շարունակենք զետեղել իւր կարգով՝ դիմացը դնելով Կեսարիայի կանոնի թուահամարը մեր ձեռագրքերի համեմատ` փակագծի մէջ:

 

20 (Ա՝ Կեսարիայի ժողովի կանոնների թուահամարը ). Շնութիւն անող մարդ թէ կին ենթարկւում են 7 տարուայ ապաշխարութեան, մինչեւ որ Հաղորդութեան կ’արժանանան նշանակուած աստիճաններով ապաշխարանք կրելուց յետոյ:

 

Այս կանոնս կրկնուած է Կեսարիայի կանոնների մէջ, այն տարբերութեամբ, որ բոլոր կանոններում մարդկանց համար նշանակած կարգերը վերագրած են կանանց եւ Կեսարիայի 10 կանոնները դարձրած են բացառապէս կանանց համար սահմանած կանոններ. այդ հիմամբ էլ մեր ԺԲ դարու ժողովը ասում է Կեսարիայի ժողովի համար, թէ եղել է «ընդդէմ յուռթից կանանց»: Իսկականի մէջ ասուած է` «շնութիւն անող մարդ թէ կին». Կեսարիայի կանոնում հանուած է մարդը եւ մնացել է կինը: Իսկականի մէջ 7 տարի պատիժ է նշանակում առանց յիշելու աստիճանները, Կեսարիայինը յիշում է աստիճանները. ահա համեմատութեան համար կը դնեմ գրաբառը:

 

ա) «Վասն կանանց որ ընդ արամբ են եւ շնան, եթէ թողցեն ի բաց զպղծութիւնն եւ յապաշխարութիւն եկեսցեն, Ե ամ առ դրանն ընդ ձեռամբ կացցեն եւ Բ ամս մտեալ յեկեղեցի՝ ելցէ ընդ ապաշխարողս. քննեալ վարքն՝ տրօք տնանկաց քաւեալ զմեղս իւր՝ հաղորդելոյ Օրինացն արժանի լիցին»: Ուրեմն Կեսարիայի Ա կանոնի իմաստը նոյն է, ինչ որ Անկիւրիայի 20 կանոններն է, որ շնութիւն անողը 7 տարի պիտի ապաշխարի (տե՛ս Բարս. 22, 21):

 

21 (Բ). Կոյս աղջիկները եթէ հարսանիքից առաջ շնացան, թող ջերմ արտասուքով եւ տնանկներին ողորմութիւն տալով ապաշխարեն 2 տարի դրսեւը եւ մի տարի՝ եկեղեցում, ապա հաղորդուեն եւ պսակուեն: Ապաշխարի եւ մարդը:

 

Այս կանոնս Անկիւրիայի 20-րդ կանոնի ուղիղ շարունակութիւնն է եւ պարզաբանութիւնը. Կեսարիայի եպիսկոպոսները այս կանոնովս 20 կանոնի բաց թողած կէտը լրացնում են: 20-ում խօսում էր շնութիւն անող ամուսնացած կանանց մասին, այստեղ խօսում է շնութիւն անող նշանուած աղջիկների մասին:

 

Այս կանոնս կրկնութիւն է 11-ի. այնտեղ խօսում է առեւանգածի մասին, այստեղ` ո՛չ առեւանգածի, այնտեղ՝ չնշանուածի, այստեղ` նշանուածի մասին:

Այս է Կեսարիայի 2-րդ կանոնը, որը բառացի կերպով չկայ Անկիւրիայի կանոններում:

 

21 (Գ). Կանայք, որոնք պոռնկութիւն են անում եւ պտուղը ոչնչացնում եւ մանկասպան դեղորայք են պատրաստում, նախկին վճիռներով ցմահ չպիտի հաղորդուէին այժմ  մարդասիրութիւնից  դրդուած 10-ամեայ  ապաշխարանք ենք նշանակում որոշեալ աստիճաններով:

 

Իսկ Կեսարիայի Գ կանոնը այս է. «Կանայք, որոնք պոռնկութիւն են անում եւ մանուկներ սպանում, նախկին վարդապետները ցմահ ապաշխարանք էին նշանակել նրանց, բայց մենք մարդասիրաբար 5 տարի դրսի ունկնդիր եւ 5 տարի ներսի ունկնդիր լինել հրամայեցինք եւ աղքատներին ողորմութիւն տալ, եւ ապա՛ հաղորդուել» (տե՛ս Բարս. 2):

 

22 (Դ). Կամաւոր սպանութիւն գործողները ունկնդիրների հետ ապաշխարեն եւ մեռնելիս հաղորդուեն:

 

Կեսարիայի Դ կանոնը ասում է. «Որոնք կամաւոր սպանութիւն են գործում, ոչ պոռնկորդիների, այլ արդար զաւակների ունկնդիրների հետ ապաշխարեն եւ մեռնելիս հաղորդուեն: Նոյնը՝ մարդկանց համար» (Բարս. 56 կ. ՝ 20 տարի ապաշխարանք):

 

23 (Ե). Ակամայ սպանութեան մէջ մեղադրուածները առաջ պատժւում էին 7 տարի ապաշխարանքի ենթարկուելով, իսկ այժմ որոշում ենք 5 տարուայ ապաշխարանք:

 

Կեսարիայի Ե կանոնը ասում է. «Ակամայ սպանութեան մէջ մեղադրուածները, կամ անգիտութեամբ, կամ կիսաքուն ժամանակ, կամ անզգուշութիւնից պատահած, 7 տարուայ ապաշխարանքի էին ենթարկւում առաջին կանոններով, այժմ 3 տարի դրսի եւ 2 տարի ներսի ունկնդիր լինեն եւ ողորմութիւն տալով հաղորդուեն» (Բարս. 8, 57 կ. ՝ 10 տարի ապաշխարանք):

 

(6) (Զ). Այրիները եթէ պոռնկութիւն կ’անեն, 3 տարի դրսի, 2 տարի ներսի ունկնդիր լինեն եւ ողորմութիւն տալով հաղորդուեն. իսկ եթէ նորից կը մեղանչի, 7 տարի էլ կ’աւելանայ պատժի վրայ:

 

Այս կանոնս էլի մասնաւոր դէպք է Ա (20) կանոնի վերաբերմամբ. 20ում խօսում է ընդհանրապէս ամուսնացած անձանց անբարոյականութեան մասին, այստեղ` միմիայն այրիների: Այս Զ Կեսարիայի կանոնս չկայ իսկականում: Մինչեւ այժմ Կեսարիայի կանոններից Բ եւ Զ ներմուծուած են, իսկ Ա, Գ, Դ, Ե նոյն են Անկիւրիայի 20, 21, 22, 23-ի հետ:

 

24 (Է). Կախարդները եւ կռապաշտական սովորութեան հետեւողները եւ իրենց տունը կախարդներ տանողները ենթարկւում են 5-ամեայ ապաշխարութեան`  սահմանած աստիճաններով:

 

Նոյնը կրկնւում է եւ Կեսարիայի Է կանոնում (տե՛ս Բարս. 83 կ. ՝ 6 տարի ապաշխարանք), Շահապիվանի կանոններ):

 

- (8) (Ը). Չարադիւթ կախարդներին եւ ջադուկներին, որոնք մեծամեծ ոճիրներ են գործում, Քրիստոսին ուրանում եւ Սբ Հոգուն հայհոյում, արդար արիւն հեղում, այդպիսիներին Հին օրէնքը մահու է ենթարկում. ժողովս մարդասիրաբար ցմահ ապաշխարանքի է ենթարկում եւ մեռնելիս թոյլ է տալիս հաղորդուել, եթէ կ’ապաշխարեն:

 

Կեսարիայի այս 8-րդ կանոնը, որ շարունակութիւն է 24 կանոնի, չկայ Անկիւրիայի կանոններում:

 

25 (Թ). Եթէ նշանած տղան նշանածի քրոջ հետ կը մեղանչի եւ յղութեան պատճառ կը դառնայ, ապա կը թողնի սրան եւ նշանածի հետ կ’ամուսնանայ, իսկ անպատուածը կ’երթայ կը խեղդուի, յանցաւորը կ’ենթարկուի 10-ամեայ ապաշխարանքի, նոյնպէս եւ մեղսակիցները, այսինքն ազգականները, որոնք գիտէին եւ առաջն չէին առնում:

 

Նոյնը կրկնում է Կեսարիայի Թ կանոնը. տարբերութիւնը միայն տարիների թուի մէջ է. 7 տարի` պղծութեան համար, իսկ 17 տարի էլ սպանութեան պատճառ լինելու համար է ապաշխարանքի ենթարկում, նոյնպէս եւ մեղսակիցներին (Բարս. 78 կ. ՝ 7 տարի ապաշխարանք):

 

Այստեղ 25-ով վերջանում են Անկիւրիայի ժողովի կանոնները, իսկ հետեւեալ Ժ կանոնով վերջանում է Կեսարիայինը: Կեսարիայի 10-րդ կանոնը իսկապէս կանոն չէ, հապա մի երկար խրատ, բացատրութիւն, թէ ինչ բան է գողութիւնը, ինչ վնաս ունի, ինչու պիտի գողութիւնը վերջացնել` ձգձգուած եւ ճոխացրած զանազան օրինակներով: Ահա նրա իսկական միտքը.

 

(Ժ). Գողերին, մարդասպան աւազակներին Հին օրէնքը մահու է դատապարտում, իսկ ժողովը ենթարկում է հետեւեալ աստիճաններով ապաշխարանքին` 17 տարի` դրսի ունկնդիր, 5 տարի ներսի ունկնդիր լինելուց յետոյ Հաղորդութիւն ստանայ, եթէ քահանան յարմար կը դատի: