Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

27) ՍԱՐԴԻԿԻԱՅԻ ՏԵՂԱԿԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԺՈՂՈՎԸ (344-347 ԹԹ. )

 

Սարդիկիայի (Իլլիրիայում) ժողովը եղաւ 344 թուին, ըստ Յովհ. վարդապետի` 347-ին, Կոստանդիանոս Մեծի որդու`  Կոստանցիոսի թագաւորութեան ժամանակ: Սա արիոսական լինելով՝ աշխատում է Նիկիայի ժողովի դաւանանքը եւ կանոնները խախտել: Նրա եղբայր Կոստանդը, այդ բանը իմանալով, պապի զեկուցմամբ, նամակով սպառնաց, որ եթէ Եկեղեցու մէջ խռովութիւն կը ձգի, պատերազմով վախճան կը դնի այդ բանին: Եղբայրը պատասխանեց, որ միայն ցանկանում է ճշմարտութիւնը վերականգնել, ուրիշ ոչինչ: Երկու եղբայրն էլ համաձայնեցին ընդհանուր ժողով գումարել եւ հարցը վերջացնել: Ժողովուեցին երկու կայսրութեան սահմանագլուխը` Սարդիկէ: Արիոսական խմբին պատկանողները մեծ մասամբ արեւելեան եպիսկոպոսներն էին: Սրանք պահանջեցին, որ սբ Աթանասը՝ Արիոսի ջերմ հակառակորդը, հեռանայ, իսկ արեւմտեանները մերժեցին այդ պահանջը՝ պաշտպանելով Աթանասին. այն ժամանակ արեւելեանները թողեցին ժողովը եւ հեռացան Փիլիպպուպոլիս եւ այնտեղ ժողով կազմելով` նզովեցին պապին եւ Աթանասին: Սարդիկէում մնացին արեւմտեան եպիսկոպոսները եւ մի քանի արեւելեաններ: Այսպիսով ժողովը չկարողացաւ տիեզերական նշանակութիւն ունենալ, ընդունուեց իբրեւ տեղական ժողով. թէեւ արեւմտեանները  տքնեցին  տիեզերականի  նշանակութիւն  տալ բայց  ապարդիւն եղաւ: Ժողովը հաստատեց Նիկիոյ հանգանակը, նզովեց չընդունողներին եւ սահմանեց 20 կանոն:

 

1. Այն եպիսկոպոսը, որ իւր քաղաքից կը հեռանայ ուրիշ քաղաք, փոքրից մեծ՝ յայտնի կերպով շահասիրական եւ այլ պախարակելի միտումներ ունենալով, այդպիսի աշխարհականների հետ մինչեւ իսկ հաւասար աղօթակից չպիտի լինի (տե՛ս Բ առ. 14, Նիկ. 15, Անտ. 21, 22):

2. Ով ուրիշ քաղաք տեղափոխուելուց յետոյ կը համարձակի իրեն արդարացնելու համար ասել, որ ինքը հրաւիրուած է ժողովրդից, եւ զանազան միջոցներով իրեն կողմնակից կը գտնի ժողովրդի մէջ, այդպիսին մեռնելու ժամանակն էլ աշխարհականի նման Հաղորդութեան արժանի չի լինիլ:

 

Արիստինը նկատում է, որ այսպիսի խիստ կանոններ այսպիսի մեղքի համար ոչ մի տեղ չի սահմանուած:

 

3 Ոչ  մի   եպիսկոպոս  չպիտի  թողնի   իւր   տեղը  եւ   ուրիշ   գաւառ անցնի, բացի եղբայրական հրաւէրի դէպքից: Եպիսկոպոսը կարող է դատուել իւր աշխարհի եպիսկոպոսների ժողովով, իսկ բողոքել ժողովի վճռի դէմ կարող է, բայց ո՛չ մեծ ժողովի, այլ Հռոմայ պապին, որը եթէ անհրաժեշտ կը գտնի, մարդիկ կը նշանակի գործը քննելու եւ վճիռ կարդալու կամ վճիռը անփոփոխ թողնելու:

 

Անտիոքի 15 կանոնում եւ ուրիշ տեղերում իրաւունք է տրւում երկրորդ անգամ ուրիշ աշխարհի եպիսկոպոսների մասնակցութեամբ եւ երրորդ անգամ մետրոպոլիտի կամ պատրիարքի նախագահութեամբ քննել գործը եւ վճռել. այստեղ իրաւունքը տրւում է Հռոմի պապին, որը կարող է թողնել նախկին վճիռը անփոփոխ կամ խորհրդականներով վճռել:

 

4. Ժողովի միջոցով կարգալոյծ արած եպիսկոպոսի տեղ նորը չպիտի նշանակել, երբ մեղադրուածը կամենում է բողոք ներկայացնել իբրեւ անարդար դատուած, մինչեւ Հռոմի պապը վերջնականապէս կը վճռի գործը (տե՛ս Անտ. 15, Բ առ. 74):

 

5. Եթէ ժողովով դատապարտուած եւ կարգալոյծ արուած եպիսկոպոսը կամենում է իրեն արդարացնել, դիմում է պապին, որը եթէ երկրորդ անգամ դատի պէտք համարի, կը հրաւիրի հարեւան աշխարհի եպիսկոպոսներին եւ նրանցով գործը կը վերջացնի:

 

6. Եթէ ժողովուրդը խնդրում է եպիսկոպոս կարգել, եպիսկոպոսները պիտի միասին ժողովուեն. իսկ եթէ բացակաները հրաւէր ստանալուց յետոյ էլ չեն գալիս, ներկաները խորհրդակցութեամբ վճռում են ընտրեալին ձեռնադրել: Մետրոպոլիտ նշանակելու համար պէտք է հրաւիրել եւ մօտիկ գաւառի եպիսկոպոսներին: Մեծ քաղաքներում պէտք է եպիսկոպոս կարգել, իսկ փոքրերում քահանայ կարելի է նշանակել:

 

7. Ոչ մի եպիսկոպոս չպիտի տաղտկացնի թագաւորի ականջը իւր խնդիրներով, բացի այն դէպքից, երբ պաշտպան է հանդիսանում աղքատներին, այրիներին, որբերին: Թագաւորի բանակ կարող են գնալ այն ժամանակ, երբ արքունիքից կանչւում են (տե՛ս Անտ. 11):

 

8. Եթէ եպիսկոպոսը անհրաժեշտ  պէտք է  զգում  վերոգրեալ  դէպքերի  համար դիմել թագաւորին, կարող է յանձնարարութիւնները ուղարկել իր սարկաւագի  ձեռքով:

 

9. Եպիսկոպոսը խնդիրը թագաւորին ուղարկելիս պիտի նախ սարկաւագին եւ թղթերը ուղարկի թագաւորանիստ քաղաքի գլխաւոր եպիսկոպոսին՝ ծանօթանալու գործի հետ եւ պէտք եղած օգնութիւնը հասցնելու: Հռոմ եկող խնդրատուները պիտի նախ Յուլիոս եպիսկոպոսին դիմեն խորհրդով եւ ապա թագաւորին ներկայացնեն խնդիրները:

 

10. Պէտք է ուշադրութիւն դարձնել, որ հարուստ մարդ կամ գիտնական անձն եպիսկոպոսական աստիճանին հասնելու համար անցնեն ստորին աստիճանները այնքան ժամանակամիջոցում, որ նրանց վարքը, բարքը, հաւատքը, ջերմեռանդութինը լաւ յայտնի լինեն. առաջ լինեն ընթերցող, ապա սարկաւագ եւ յետոյ քահանայ եւ իւրաքանչիւր աստիճանում որոշեալ ժամանակ մնան Արդարացի չէ  շուտով  յաջորդաբար բոլոր  աստիճանները  տալ այդպիսիների:

 

11. Եպիսկոպոսը, եթէ անհրաժեշտ դէպքից ստիպուած կամ հրաւէրքով գնում է ուրիշ թեմ, չպիտի ամբարտաւան, հպարտ երեւացնի իրեն եւ տեղական եպիսկոպոսից գերազանց երեւալու դիտաւորութեամբ ցուցամոլութիւններ անի: Ուրիշ թեմում էլ երեք շաբաթից աւելի մնալու իրաւունք չունի, այն էլ եթէ միայն մեծ կարիք լինի. ի նկատի պիտի ունենալ, որ մեր հայրերը երեք կիրակի շարունակ եկեղեցի չգնացող աշխարհականին մերժում էին եկեղեցուց, իսկ հոգեւորականի  վերաբերմամբ  աւելի  եւս  խիստ կը  վարուէին:

 

12. Եթէ եպիսկոպոսը իւր թեմից դուրս սեպհական կալուածքները քննելու եւ պտուղներն ու արդիւնքները ժողովելով գնալ ցանկանայ, աղքատներին եւս օգնութիւն անելու դիտաւորութիւն ունենայ, կարող է գնալ, բայց երեք շաբաթից աւելի չպէտք է ուշանայ եւ թողնի իւր հօտը անհովիւ եւ միշտ պիտի գնայ տեղական եկեղեցին աղօթելու, որտեղ սպասաւորում է գիւղի քահանայ:

 

13. Եթէ եպիսկոպոսը կ’ընդունի ուրիշ եպիսկոպոսից բանադրուած անձին, ինքն էլ պատասխանատւութեան կ’ենթարկուի ժողովի կողմից (տե՛ս Բ առ. 12, 13, Ա առ. 23, Անտ. 6):

 

14. Եպիսկոպոսից բանադրուածը կարող է դիմել մետրոպոլիտին կամ հարեւան թեմի եպիսկոպոսին` գանգատուելով իւր եպիսկոպոսի՝ բարկութեան միջոցին արած կամ անարդար կերպով կարդացած բանադրանքի դէմ. միայն մինչեւ գործի վերջանալը նա իրաւունք չունի պաշտօնակատարութիւն անելու, այլ ապաշխարանքը պիտի կրի:

 

15. Եպիսկոպոսը եթէ կ’ընդունի ուրիշ եպիսկոպոսի հոգեւորականներից մէկին եւ նրան զանազան աստիճաններ կը տայ առանց իւր եպիսկոպոսի համաձայնութեան, այդ կարգադրութիւնը կը լինի անվաւեր: Զանցառուները պիտի ուղղութեան եւ ի խրատ հրաւիրուեն (տե՛ս Բ առ. 35, Անտ. 9, 13):

 

16. Մնացած հոգեւորականները երեք շաբաթից աւելի իրաւունք չունին հեռանալու իրենց տեղից. եպիսկոպոսի վերաբերմամբ ասուածը սրանց համար էլ կանոն լինի ուշանալու դէպքի համար:

 

17. Եթէ բռնութեամբ կամ անարդար կերպով եպիսկոպոսը գահընկէց կը լինի կամ իւր գիտութիւնների, կամ հաւատոյ դաւանանքի կամ ճշմարտութեան պաշտպանութեան համար, կարող է ուրիշ տեղերում մնալ այնքան ժամանակ, մինչեւ որ կը կարողանայ բոլորովին իրեն արդարացնել եւ պատիւը վերականգնել:

 

18. Մի եկեղեցում կարգուած հոգեւորականը միւս եկեղեցին գնալ եւ այնտեղ մնալ չի կարող: Մովսէսը եւ Եւտիքիոսը եպիսկոպոս չհամարուեն, իսկ իբրեւ աշխարհական կարող են աղօթակից լինել հաւատացեալների հետ: Մովսէս եւ Եւտիքիոսը հերձուածող լինելուն համար կարգալոյծ եղան,

ուստի նրանք եւ թէ նրանց ձեռնադրածներն համարւում են իբրեւ աշխարհականներ՝ զրկուելով ընդմիշտ հոգեւոր կոչումից:

 

Մուսէյ եւ Եւտիքեանը հերձուածող լինելուն համար կարգալոյծ եղան, ուստի նրանք եւ նրանց ձեռնադրածներն համարւում են իբրեւ աշխարհականներ, զրկուելով ընդ միշտ հոգեւոր կոչումից։

 

19. Որպէսզի կարգերը եւ կանոնները, ինչ որ ժողովը որոշում է, լինեն անխափան կատարելու օրէնքներ բոլորի կողմից, որոշում ենք չկատարող եպիսկոպոսին զրկել եպիսկոպոսական պատուից եւ արժանաւորութիւններից` ենթարկելով     դատաստանական   պատասխանատւութեան:

20. Եթէ եպիսկոպոսը իւր ճանապարհին պատահի մի ուրիշ եպիսկոպոսի եւ վերջինիս իմացնի, որ գնում է թագաւորի արքունիքը նրա հրաւէրքով, թո՛ղ երկրորդ եպիսկոպոսը օգնի առաջինին թագաւորի բանակը հասնելու. իսկ եթէ տեսնի եւ իմանայ, որ հակառակ եկեղեցական կանոնների է շարժւում եւ օրինաւոր հիմք չունի թագաւորին դիմելու, ոչ միայն չպիտի օգնի, այլեւ չպիտի խորհրդակցի եւ յարաբերութիւն ունենայ նրա հետ:

 

Բալսամոնի կարծիքով` ճանապարհորդը պիտի երեւայ  տեղական մետրոպոլիտի մօտ եւ նրան ցոյց տայ իւր թղթերը կամ ասէ նրան իւր գնալու պատճառը եւ նրանից ստանայ վկայաթղթերը. իսկ եթէ ճանապարհին պատահի եպիսկոպոսի, որին չի ստորադրւում, հարկ չի լինիլ նրան հաշիւ տալու իւր դիտաւորութեան համար:

 

Մեր ձեռագրերում համարեա նոյն կերպով է թարգմանուած, բայց Աստուած թարգմանութիւն համարի, հասկանալու համար օտար օժանդակ ձեռնարկ էլ է հարկաւոր:

 

Այստեղ վերջանում են արտաքին տեղական ժողովների կանոնները. դուրս են մնում մեր ցուցակից Կարթագենի եւ Պոլսոյ 394 թուի տեղական ժողովները, որոնք մեր 1179 թուի ժողովում չեն ընդունուած: