Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

55) ՍՍԻ 1204-Ի ՄԱՍՆԱՒՈՐ ԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

 

Այս ժողովը անվաւեր է եւ մեր եկեղեցական իրաւունքի աղբիւր կազմել չի կարող, որովհետեւ ազգի մեծամասնութիւնից մերժուել է երկու անգամ: Սրա մասին խօսում ենք միմիայն նրա համար, որ աւելի եւս պարզաբանուի մեր եկեղեցական իրաւունքի տեսակէտից այն խնդիրը, թէ ո՞վ է օրէնսդիրը Հայոց եկեղեցու, ազգային ընդհանուր ժողո՞վը, թէ՞ թագաւոր եւ կաթուղիկոս, կամ միայն կաթուղիկոս: Այս ժողովը իւր հետ ունենալով Լոռու 1205-ի եւ Անու 1207-ի ժողովները, ամենափառաւոր կերպով հաստատեց, վաւերացրեց այն սկզբունքը, որ Հայոց եկեղեցու մէջ միակ բարձրագոյն օրէնսդիր մարմինը կազմում է ազգային ընդհանուր ժողովը: Այս ժողովի խնդիրը այսպէս բարձրացաւ:

 

Կիլիկիայի Լեւոն թագաւորը եւ Դաւիթ կաթուղիկոսը ստանալով վրաց զօրավար հայազգի Զաքարէ Սպասալարի խնդիրը՝ թոյլ տալու շարժական սեղան գործածել պատարագի համար, Վերափոխման եւ Ս. Խաչի տօնը վրաց հետ կատարել, մասնաւոր ժողով արին եւ թոյլ տուին զօրավարին. 1) պատարագի շարժական սեղան ունենալ պատերազմի ժամանակ, 2) պատարագ մատուցանել սարկաւագներով, 3) պատարագ մատուցանել թէ կենդանիների եւ թէ ննջեցեալների համար, 4) Աստուածածնի եւ Ս. Խաչի տօնը կատարել վրաց հետ, 5) 2 ճրագալոյցները լուծել ձկնով եւ ձիթով, 6) Փրկչի եւ սրբերի պատկերները պատուել, 7) առանց դպրութեան աստիճան տալու սարկաւագութիւն չտալ, 8) կրօնաւորները առանձին ստացուածք չունենան, վանքի միաբան համարուեն եւ միս չուտեն:

 

Զաքարէ Սպասալարը, ստանալով հայոց թագաւորի եւ հայոց կաթուղիկոսի եւ մասնաւոր վճիռը, այնքան հեռատես գտնուեց, որ փոխանակ գործադրելու, յարմար դատեց Լոռում ժողով անել եւ այդ վճռուած խնդիրը ընդհանուր համաձայնութեամբ գործադրել Արեւելեան Հայաստանում: Եւ ի՞նչ եղաւ` թէ այդ ժողովում, 1205-ին եւ թէ 1207-ին, որոշուեց չընդունել հայոց կաթուղիկոսի եւ հայոց թագաւորի եւ մասնաւոր ժողովի կանոնները, համարելով դրանք Հայոց եկեղեցու ոգու եւ կարգի դէմ: Եւ այս վերջին երկու վճիռը մնաց անփոփոխ, չնայելով Զաքարէ Սպասալարի ամենակարողութեան, ուժին, նրա բռնութիւններին եւ հալածանքներին: Եւ ի՞նչ էր ժողովներիս այդպիսի խիստ վճռի պատճառը, պատմիչների ասելով` ա՛յն, որ քահանայք գոչում էին՝ մենք չենք կարող այդ նոր կարգերը ժողովրդի մէջ մտցնել, մեզ քարկոծ կանեն:

 

Հարցն այն չէ, ժողովը խիստ վերաբերուեց, թէ ոչ, կամ փոփոխութեան կէտերի մեծ մասը հակառակ չէին Հայոց եկեղեցու կարգերին, հապա ա՛յն, որ ժողովուրդը հաստատ կանգնած իւր պինդ հողի վրայ` չի թոյլ տալիս, որ մասնաւոր անհատներ, կաթուղիկոս, թէ թագաւոր, թէ մի քանի եպիսկոպոսներ փոխեն կարգերը: Ահա այս ժողովի հիմնական գաղափարը: