Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

84) ՀԱՅ-ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԵՄԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1161. Հայադաւան հայոց եկեղեցիները բաժանւում են թեմերի, որոնք կառավարւում են այս դաւանութեան  արքեպիսկոպոսներով:

 

1162. Ռուսաց կայսրութեան մէջ վեց հայոց թեմ կայ. 1) Նախիջեւանի եւ Բեսարաբիայի, 2) Աստրախանի, 3) Երեւանի, 4) Վրաստանի, 5) Ղարաբաղի եւ 6) Շիրվանի:

 

1163. Նախիջեւանի եւ Բեսարաբիայի թեմին պատկանում են Պետերբուրգի, Մոսկուայի, Եկատերինոսլաւի, Խերսոնի եւ Բեսարաբիայի նահանգների, եւ նոյնպէս Րօստովի ու Տագանրօգի շրջանների, Դօնի զինուորական շրջանի բոլոր եկեղեցիները: Առաջնորդի եւ կոնսիստորիայի տեղն է Քիշնեւ քաղաքը:

 

1164. Աստրախանի  թեմին պատկանում են Ռուսաստանի մնացած բոլոր եկեղեցիները, ի բաց առեալ 1163 եւ 1165-1168 յօդուածներում յիշուածները:

 

1165. Երեւանի թեմին պատկանում են նախկին՝ Երեւանի, Նախիջեւանի, եւ  Օրդուպատի գաւառների, նախկին Շուրագեալի գաւառակի եւ Ղարսի նահանգի եկեղեցիները, Ղարաբաղի վիճակից կտրւում է եւ այս մասը ընկնում Տաթեւի մետրոպոլտութիւնը իւր հօտով: Այս թեմի առաջնորդը, վաղեմի Սահմանադրութեամբ ինքը Պատրիարքն է, որը կառավարում է թեմը իւր յաջորդների ձեռքով, որոնք նստում են Երեւանի, Նախիջեւանի, Շուրագեալի, Տաթեւի եւ Ղարսի մէջ:

 

1166. Վրաստանի թեմին պատկանում են Վրաստանի, Գանձակի գաւառի, նախկին Բօրչալուի, Ղազախի, Շամշադինի եւ մասամբ Բամբակի գաւառակների, Ախալցխայի, Իմերեթիայի եւ Գուրիայի, Բաթումի շրջանի, Արտուինի եւ Քութայիս նահանգի Սուխումի եկեղեցիները: Այս թեմում յաջորդներ նստում են Գանձակում, Ախալցխայում եւ Իմերեթիայում:

 

1167. Ղարաբաղի թեմին պատկանում են  նախկին  Ղարաբաղի գաւառի եկեղեցիները (բացի Տաթեւի մետրոպոլտութիւնից իւր հօտով) եւ Շաքուայ ու Թալիշի եկեղեցիները: Այս թեմում յաջորդ նշանակւում է Շաքում (Նուխում):

 

1168. Շամախու թեմին պատկանում են նախկին Շիրվանի, Ղուբայի, Բագուայ եւ Դերբէնդի եկեղեցիները: Այստեղ առանձին յաջորդ չի հարկաւորւում:

Այս 1162-1168 յօդուածները բոլորովին տարբեր են խմբագրուած հնի մէջ:

 

1169 Թեմական առաջնորդները նշանակում է  Թագաւոր Կայսրը   այս   դաւանութեան   հոգեւորական   աստիճանաւորներից: Նրանք նշանակւում են եւ արձակւում Բարձրագոյն հրամաններով: Պաշտօն  մտնելու  ժամանակ նրանք  հաւատարիմ  հպատակութեան եւ ծառայութեան երդում են տալիս:

 

1170 Հայ-լուսաւորչական  արքեպիսկոպոսները  Բարձրագոյնս իրանց յանձնուած թեմերում այս դաւանութեան լիակատար առաջնորդներն են եւ պատասխանատու են նրանց կառավարութեան համար Բարձրագոյն իշխանութեան եւ իրանց հոգեւոր կառավարութեան  առաջ: Գործերի  կառավարութեան մէջ  նրանց  գործակցում  են ամէն մի թեմում հաստատուած հայ-լուսաւորչական կոնսիստորիաները:

 

1171. Հայ-լուսաւորչական եկեղեցու առաջնորդները իրանց վիճակի սահմանում ձեռնադրութիւն են կատարում` զանազան հոգեւոր աստիճաններ տալով նուիրեալներին Հայոց եկեղեցու կարգերի համաձայն եւ ուշադրութիւն են դարձնում, որ սրբազնագործ եւ ստորին պաշտօնեաների թիւը չաւելանայ առանց իրական կարիքի: Վարդապետ ձեռնադրում են միայն Էջմիածնի Պատրիարք կաթուղիկոսի հրամանով:

 

1172. Հայոց եկեղեցու առաջնորդները իրաւունք ունին արձակուրդ  տալու  իրանց  ստորադրեալ հոգեւորականներին   չորս  ամսից  ոչ աւելի ժամանակով, աւելի երկար արձակուրդ խնդրողների համար նրանք դիմում են իրանց հոգեւոր գլխաւոր իշխանութեան, որը արտասահման գնացողների համար առաջարկութիւն է անում ընդհանուր կարգով բարձրագոյն իշխանութեան:

 

1173. Հայոց առաջնորդները պարտաւոր են իրանց անձնական օրինակով բարեպաշտութեան եւ քրիստոնէական ու  քաղաքացիական բոլոր առաքինութեանց տիպար հանդիսանալ, իրանցից կախուած բոլոր հնարքներով աշխատել իրանց յանձնուած հօտի բարեկարգութեան համար:

 

1174. Նրանք (յօդ. 1173) արթուն կերպով հսկում են իրանց թեմի հոգեւորականների բոլոր գործողութիւնների վրայ, յորդորելով նրանց առաքինի կեանք վարել, ս. Աւետարանի վարդապետութեան համաձայն:

 

1175. Հայոց եկեղեցու առաջնորդները, աշխատելով հայոց բոլոր դասակարգերի մէջ հաստատել ս. Աւետարանի կանոնները եւ տարածել բարոյական կարգերը իրանց յանձնուած թեմի սահմաններում, գործ են ածում այս նպատակի համար մեղմ, քրիստոնէական ճշմարիտ ոգու համաձայն համոզելու եւ խրատելու եղանակ: Նրանք պարտաւոր են ըստ կարելոյն խուսափիլ այն ամէն բանից, որ կունենայ աւելորդ խստութեան նշան:

 

1176. Հայոց առաջնորդները պարտաւոր են եթէ ոչ տարին մի անգամ, գոնէ երեք տարին մի անգամ այցելել բարձրագոյնս նրանց յանձնուած թեմերը: Անկարելիութեան դէպքում, յանձնում են եկեղեցիների այցելելը իրանց իշխանութեան տակ գտնուած մի յուսալի եկեղեցականի, տալով նրան ղեկավարութեան համար հարկաւոր հրահանգները:

 

1177. Թեմի այցելութեան ժամանակ, նրանք (յօդ. 1176) առանձին ուշադրութիւն են դարձնում հոգեւորականների, վանքերի եւ եկեղեցիների դրութեան վրայ, վերջացնելով ի յայտ բերուած անկարգութիւնները եւ միջոցներ փնտռելով նրանց նորոգման առաջն առնելու:

 

1178. Հայոց առաջնորդները նոյնպէս լուրջ ուշադրութիւն են դարձնում վանքերի եւ եկեղեցիների մօտ գտնուած դպրոցների վրայ ընդհանրապէս, եւ մասնաւորապէս թեմերը այցելութեան ելած ժամանակ: Օգնելով իրանցից կախուած բոլոր միջոցներով այդ ուսումնարանների բարելաւութեան եւ տարածման. նրանք պիտի գլխաւորապէս հոգ տանեն նրանց մէջ կանոնաւոր եւ յարմար դասաւանդութեան եղանակ մտցնել, եւ բարի վարք ու բարք պահպանել ուսուցիչների ու աշակերտների մէջ:

Ծանօթութիւն 1. Հայոց թեմական առաջնորդներին է յանձնւում 1178 յօդ. յիշուած կանոնների հիման վրայ Կովկասի հայ-լուսաւորչական եկեղեցական դպրոցների կառավարութիւնը, սրան կցուած կանոնների համաձայն:

Ծանօթութիւն 2. 1178 յօդուածում յիշատակուած ուսումնարանները բացւում են Թուրքեստանի եւ Անդրկասպեան շրջաններում միմիայն Թուրքեստանի գեներալ-նահանգապետի եւ Անդրկասպեան շրջանի կառավարչի հետ համաձայնութիւն կայացնելուց յետոյ ըստ հարկաւորեալ կարգի: Այս դպրոցներում բոլոր ուսումնական առարկաների՝ բացի կրօնից, դասաւանդութիւնը կատարւում է ռուսաց լեզուով:

Այս երկու ծանօթութիւնը չկայ հին խմբագրութեան մէջ:

 

 

1179. Հայոց թեմական առաջնորդների պարտաւորութիւններին  է  վերաբերում  հայոց  դաւանութեան  պատկանող  եկեղեցական, դաւանաբանական, բեմբասացական եւ ուրիշ հոգեւոր բովանդակութիւն ունեցող գրքերի նախնական հայեցողութիւնը (ցենզուրա) գրաքննական օրէնքներում սահմանած կանոնների հիման վրայ:

Ծանօթութիւն. Հոգեւոր բովանդակութիւն ունեցող հայերէն շարադրութիւնները, որոնք  Անդրկովկասում  պիտի  տպուեն  կամ  արտասահմանից  են  բերուած ուղարկւում են Կովկասի գրաքննական ատեանից Ամենայն Հայոց Պատրիարք կաթուղիկոսին, Պատրիարքի նշանակած հոգեւորականների ձեռքով քննելու համար:

1179 յօդ. եւ այս ծանօթութիւնը չկան հին խմբագրութեան մէջ:

 

1180. Հայոց եկեղեցու առաջնորդները այցելելով իրանց վիճակները նոյնպէս  դիտում  են   իրանց  կառավարութեան  ներքոյ գտնուած վանքերի եւ եկեղեցիների կալուածքների դրութիւնը:

 

1181. Հայոց եկեղեցու առաջնորդները իրանց թեմերը շրջելուց յետոյ իրանց գործողութիւնների մանրամասն հաշիւն են ներկայացնում հայ-լուսաւորչական Սինոդին:

 

1182. Տարին վերջանալուց յետոյ հայոց թեմական առաջնորդները ներկայացնում են իրանց թեմերի գործերի մասին ընդհանուր հաշիւ Էջմիածնի հայոց Սինոդին:

Հին խմբագրութիւնը թեթեւ տարբերութիւն ունի սրանից, նրա մէջ կայ եւ մի  յօդուած  առաջնորդների  թողած  ժառանգութեան  վերաբերմամբ որը դուրս է ձգուած նոր խմբագրութեան մէջից: