Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ե ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

85) ՀԱՅ-ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆ ԿՈՆՍԻՍՏՈՐԻԱՆԵՐԻ ԵՒ ՀՈԳԵՒՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ա գլուխ Կոնսիստորիաների մասին

 

75) 1183. Ամէն մի հայ լուսաւորչական թեմում գտնւում է այս դաւանութեան կոնսիստորիան, որը բաղկացած է 4 անդամից` մի վարդապետից եւ երեք աւագ քահանայից կամ քահանայից. եւ որի մէջ նախագահութիւն է անում առաջնորդը:

 

1184 Կոնսիստորիայի  անդամներին  նշանակում  է  թեմակալ առաջնորդը, որը նրանց ընտրութեան մասին Էջմիածնի Սինոդին հաղորդում է ի տեղեկութիւն:

 

1185. Իւրաքանչիւր կոնսիստորիայի դիւանատունը բաղկացած է մի ատենադպրից, թարգմանչից, գործադրից (էկզէկուտոր), որը միեւնոյն ժամանակ վարում է գանձապետի եւ գործապահի (արխիվարիուս) պաշտօն, եւ դիւանատան հարկաւոր թուով ծառայողներից: Այս աստիճանաւորները նշանակւում են կոնսիստորիայի ընտրութեամբ եւ առաջնորդի հաստատութեամբ: Այս անձանց պաշտօնների դասը որոշուած են շտատներում:

Այս կանոնը հին խմբագրութիւնից տարբեր է:

 

1186. Կոնսիստորիաների անդամները եւ դիւանատան աստիճանաւորները իրանց պաշտօնը մտնելիս, տալիս են ընդհանուր հիմունքներով երդում Նորին Կայսերական մեծութեան հաւատարիմ ծառայելու եւ իրանց պարտաւորութիւնները ճիշտ կատարելու:

 

1187. Հայոց կոնսիստորիաներում գործերի քննութեան եւ վարելու մէջ պահպանւում է այն կարգը, որը սահմանուած է Էջմիածնի հայոց Սինոդի համար:

 

1188. Հայոց կոնսիստորիաների գործողութեան շրջանի մէջ մտնում են հետեւեալ կէտերը.

 

ա) Անմիջական հսկողութիւն իրան ստորադրուած թէ աշխարհիկ եւ թէ կուսակրօն սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականութեան վրայ:

 

բ) Հոգատարութիւն թեմում գտնուած դպրանոցների, վանքերի, եկեղեցիների եւ աստուածահաճոյ հիմնարկութիւնների բարեկարգութեան  վրայ:

 

գ) Խնամածութիւն սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականութեան որբերի եւ այրիների վրայ:

 

դ) Ստորադրուած բոլոր վանքերի եւ եկեղեցիների գոյքերի կառավարութեան վրայ:

 

ե)  Ստորադրուած  հոգեւորականութեան   վրայ   եղած   գանգատների եւ հոգեւորականների` միմեանց հետ ունեցած վիճելի գործերի քննութիւնն ու վճիռը:

 

զ) Պսակների գործերի քննութիւնը եւ վճիռը, միայն պսակի բոլոր կասկածաւոր դէպքերի գործերը ներկայացնելով Էջմիածնի հայոց Սինոդի  վերահայեցողութեան:

 

է) Թոյլտւութիւն կամաւոր նուէրների հանգանակութեան յօգուտ իրանց ստորադրուած հայ-լուսաւորչական վանքերի, եկեղեցիների, դպրանոցների եւ աստուածահաճոյ հիմնարկութիւնների, բայց միայն իրանց թեմերի սահմանում:

 

ը) 1119 յօդուածի հիման վրայ թոյլ տալ կողմնակի անձանց ապրել վանքերում:

 

թ) Հոգեւոր եւ վանական կառավարութեանց անդամների ընտրութիւնը:

 

ժ) Դպիրներ նշանակել հայոց եկեղեցիներում:

 

ժա) Թոյլտւութիւն խնդրել Էջմիածնի հայոց Սինոդից ընդունելու հոգեւոր կոչման մէջ զանազան անձանց եւ ազատելու նրանց  կոչումից:

 

ժբ) Թոյլտւութիւն աստուածահաճոյ հիմնարկութիւններ կառուցանելու եւ Էջմիածնի հայոց Սինոդին առաջարկութիւն անելու նոր վանքեր, եկեղեցիներ եւ դպրանոցներ շինելու:

 

ժգ) Ճիշտ ցուցակներ ունենալ վանքերի, եկեղեցիների, դպրանոցների եւ աստուածահաճոյ հիմնարկութիւնների, կուսակրօն եւ աշխարհիկ   հոգեւորականների,   իւրաքանչիւր   եկեղեցու   ծխականների, եւ եկեղեցու մօտ գտնուած դպրոցների ուսուցիչների, աշակերտների եւ խնամարկուածների քանակի ու թուի համար:

 

ժդ) Ամէն տարի հայոց Սինոդին ներկայացնել կոնսիստորիաներին ստորադրուած վանքերի, եկեղեցիների, դպրանոցների եւ աստուածահաճոյ հիմնարկութիւնների դրութեան մասին մանրամասն տեղեկութիւններ. եկեղեցական գոյքի վերաբերմամբ մանրամասն հաշիւ եւ իրանց թեմերի ընդհանրապէս բոլոր սրբազնագործ եւ սպասաւորող   հոգեւորականութեան   ծառայութեանց   ցուցակները:

 

ժե)  Այս  հաստատութիւնների  (14  կ. )  մէջ  եղած  բոլոր  առձեռն դրամների եւ դրամական փաստաթղթերի ամսական ստուգութիւնը եւ գտնուածների` օրագրի մէջ ներմուծելը:

Հին  խմբագրութեան  մէջ  «հաստատութիւնների»  փոխարէն «հոգեւոր ատեանների» է գրած: