Հայոց եկեղեցական իրաւունքը. Ա Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ գլուխ

 

86) ՀՈԳԵՒՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1189. Մի քանի հայ-լուսաւորչական թեմերում գտնուող հոգեւոր կառավարութիւնները բաղկացած են երեք անդամից` մի վարդապետից կամ աւագ քահանայից, ինչպէս նախագահից, եւ երկու քահանայից: Իւրաքանչիւր կառավարութեան գրաւոր գործերը վարում է քարտուղարը:

 

1190. Հոգեւոր կառավարութեան անդամները նշանակւում են թեմական իշխանութիւնից: Քարտուղարները ընտրւում են եւ կարգւում նոյն կառավարութիւնից: Պաշտօն մտնելիս նրանք բոլորը երդւում են հաւատարիմ ծառայել:

 

1191. Հայոց եկեղեցու հոգեւոր կառավարութիւնները ստորադրուած են այս դաւանութեան թեմական կոնսիստորիաներին եւ ոչ մի գործ չեն կարող կատարել առանց կոնսիստորիայի յատուկ յանձնարարութեան:

 

1192. Հայոց հոգեւոր կառավարութիւնները իրանց վիճակի վերաբերեալ բոլոր՝ այս դաւանութեան կոնսիստորիաներին հարկաւոր եղած տեղեկութիւնները ժողովում են, ներկայացնում են մասնաւոր անձանց կողմից կառավարութիւն մտած, բայց կոնսիստորիայի քննութեան ենթարկուող խնդիրքները՝ իրանց եզրակացութեամբ եւ տալիս  են  ծննդական քաղուածքներ:

Հին խմբագրութեան մէջ տարբեր է այս յօդուածը վերջին կէտում:

 

1193. Տարին լրանալուց յետոյ հոգեւոր կառավարութիւնները այս դաւանութեան կոնսիստորիաներին, որոնց ստորադրուած են, ներկայացնում են իրանց պարապմունքների հաշիւները, կցելով տեղեկագիրներ հոգեւորականութեան, եկեղեցիների թուի ծխականների, ծնուողների, մեռնողների եւ պսակուողների եւ նոյնպէս իրանց վիճակի եկեղեցիների գոյքի մասին:

 

Զ   ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՀԱՅ-ԼՈՒՍԱՒՈՐՉԱԿԱՆ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

 

 

1194. Հայոց հոգեւորականութիւնը բաժանւում է երկու մասի՝ կուսակրօնի եւ աշխարհիկի: Կուսակրօնին պատկանում են. 1) հոգեւոր իշխանաւորները, Էջմիածնի Պատրիարքը կամ հայոց ազգի ծայրագոյն կաթուղիկոսը, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, վարդապետներ  եւ  վանահայրեր 2)  մնացած կուսակրօն  միաբանութիւնը:

Աշխարհիկ հոգեւորականութեան պատկանում են. ա) սրբազնագործներ, աւագերէց, աւագ սարկաւագ, սարկաւագ եւ կիսասարկաւագ, բ) դպիրներ կամ սպասաւորողներ:

1194 եւ 1195 յօդ. հին խմբագրութեան մէջ չկան:

 

1195. Թէ մէկ, թէ միւս տեսակ հոգեւորականութեան մէջ մտնելու կարգը, կամ դրանցից մէկին պատկանելու ապացոյցը եւ անձնական ու գոյքի վերաբերեալ իրաւունքները եւ այս կոչումը թողնելու կարգը որոշւում են կացութեան օրէնքների մէջ:

 

1196. Հայոց եկեղեցու բոլոր` թէ արական եւ թէ կուսանաց վանքերը, այս եկեղեցու հին կարգերի հիման վրայ, ղեկավարւում են ս. Բարսեղ Մեծի կանոններով:

 

1197. Հայոց վանքերը գտնւում են այս դաւանութեան թեմական իշխանութեան անընդմիջական եւ կատարեալ իշխանութեան տակ եւ պարտաւոր են իւրաքանչիւր տարուայ լրման տալ մանրամասն հաշիւ իրանց բոլոր գործողութիւնների համար: Այս վանքերի գլխաւորների վրայ եղած գանգատները տրւում են այս դաւանութեան թեմական արքեպիսկոպոսին:

 

1198. Ամէն մի մենաստանում պիտի լինեն որոշ թուով վանականներ, յամենայն դէպս ոչ պակաս 8 վանականից կամ կոյսից: Ունկնդրողների՝ թէ տղամարդու, թէ կնոջ թիւը չպէտք է վանականների եւ կոյսերի թուից շատ լինի վանքերում:

 

1199. Հայոց վանքերում բացի որոշ թուով վանականներից, ունկնդրողներից կամ կոյսերից, կարող են թեմական իշխանութեան թոյլտւութեամբ` 1) վանքերում զառամեալ եւ անօգնական սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականներ սնունդ եւ հանգիստ վայելել, եւ աղքատ սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականների որդիքը, մասնաւորապէս որբերը, որոնք պիտի կրթուեն եկեղեցու սպասաւորութեան համար, եւ 2) կուսանաց վանքերում անօգնական եւ շատ պառաւած այրիները, հոգեւորական կոչումն ունեցող անձանց աղջիկները եւ դեռահաս որբ աղջիկներ ուսումն եւ ձեռագործ սովորելու համար:

 

1200. Հայոց վանքերը կառավարւում են. արականները` վարդապետ-վանահայրերով, կուսանոցները` մայրապետներով: Թէ մէկը, թէ միւսները թեմական իշխանութեան ձեռքով որոշւում են եւ հաստատւում Էջմիածնի Պատրիարքից:

 

1201. Վանահայրը կամ մայրապետը վանքի գործերը կառավարում է ոչ այլապէս, բայց եթէ գործակցութեամբ վանական կառավարութեան, որը կազմւում է վանահօր կամ մայրապետի նախագահութեամբ երկու աւագագոյն եւ ամենայարգելի վանականից կամ կոյսից, որոնք առաջարկւում են վանահօր կամ մայրապետի կողմից թեմական իշխանութեան ի հաստատութիւն:

 

1202. Վանքերի վանահայրերը եւ մայրապետները վանական կառավարութեան հետ հսկում են եկեղեցական կանոնների եւ վանական կարգադրութիւնների ճիշտ կատարման վրայ իրանց մենաստաններում, պահպանում են վանքի անշարժ եւ շարժական կայքի ամբողջութիւնը  եւ  պատասխանատու են  եկամուտների  կանոնաւոր գործադրութեան համար եւ ընդհանրապէս նրանց յանձնուած մենաստանի  բարեկարգութեան  համար:

 

1203. Հայոց եկեղեցու աշխարհիկ հոգեւորականութիւնը, որին գլխաւորապէս յանձնուած է կատարել ծխական եկեղեցիներում աստուածային պաշտամունքները եւ ժողովրդականների հոգեւոր պէտքերը, այս գլխաւոր պարտաւորութիւնների պահանջուելիք ճշտութեամբ եւ հոգացողութեամբ կատարելու հետ, յամենայն դէպս, պէտք է աշխատեն հաստատել իրանց ծխականներին քրիստոնէական վարդապետութեան ճշմարտութեան մէջ, խրատելով եւ յորդորելով նրանց ապրել բարեպաշտութեամբ, հանդարտ եւ ազնիւ, ոչ միայն խօսքերով, այլ եւ անձնական օրինակով, եւ միշտ խուսափելով այն ամէն առիթից, որը կարող է մեղադրել նրանց դատարկապորտութեան, թեթեւամտութեան կամ անժուժկալութեան մէջ:

 

1204. Հայոց եկեղեցու սրբազնագործ հոգեւորականները այդ եկեղեցու վաղեմի կանոնադրութիւնների հիման վրայ, պաշտօնի են կարգւում եւ ձեռնադրւում են այս դաւանութեան թեմական առաջնորդների ձեռքով: Սպասաւորող պաշտօնեաները պաշտօնի են կարգւում թեմական իշխանութեան կարգադրութեամբ եւ օրհնութեամբ այն քահանայի, որին եկեղեցուն գրւում են նրանք:

Ծանօթութիւն. Մոսկուա եւ Պետերբուրգ քաղաքներում սրբազնագործ եւ սպասաւորող հոգեւորականների ընտրութիւնը կատարւում է առանձին կարգադրութեան հիման վրայ (1841, յուն. 31, յօդ. 7):

 

1205. Հայոց եկեղեցու սրբազնագործ հոգեւորականները կախուած են անընդմիջապէս այս դաւանութեան թեմական իշխանութիւնից, իսկ եկեղեցու սպասաւորողները` նոյն եկեղեցու աւագերէցներից: Սրբազնագործ եւ սպասաւորող  հոգեւորականների  վրայ  եղած բոլոր գանգատները տրւում են թեմական իշխանութեան:

1194-1205 յօդուածները ընդհանրապէս բաւական տարբեր են հին խմբագրութիւնից: