ՌՈՒՍԱՀԱՅԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. Հատոր Բ

Հեղինակ

Բաժին

Թեմա

II

Տարածւած կարծիք է, որ մանաւանդ կատարեալ ճշմարտութեան կերպարանք է ընդունում, երբ ծանրանում է հայութեան քաղաքական վիճակը, թէ յեղափոխական շարժումը ռուսահայերի կողմից թիւրքահայերի շլինքին փաթաթած մի բռնի գործառնութիւն է։ Այս տրամաբանութեամբ, եթէ չլինէին այս կամ այն գործիչները, եթէ նրանց միտքը յեղափոխական տոգորումն չստանար եւ եթէ նրանք հանգիստ թողնէին թիւրքահայերին չէին լինիլ ոչ ըմբոստացումներ Թիւրքիայի երկնակամարի տակ եւ ոչ հայկական կոտորածներ ու աւերներ։ Խօսք չկայ, ճահճի անդորրութեան մէջ ցնցումներ չեն լինում, թէեւ դրա հակառակ լինում է փթումն ու նեխումն, որ դարձեալ աւերիչ մի պրոցէս է։ Բայց «ամբոխօրէն տրամաբանողները» մոռանում են, որ «չարամիտ» ռուսահայ յեղափոխականը պիտի անզօր լինէր իր սադրանքներով տուեալ միջավայրում, եթէ վերջինս չունենար այնպիսի ինքնայատուկ պայմաններ, որոնք պարարտ հող են ներկայացնում յեղափոխական քարոզի համար։ Ո՞վ էր մթերում այդ պարարտացման միջոցները։ Հարկա՛ւ, ոչ շահագործւող հպատակը, ոչ հայ երկրագործ ժողովուրդը։ Յեղափոխական քարոզի արգասաւորման համար օրնիբուն աշխատում էր թիւրքական բռնակալութիւնն իր յոռի կարգերով ու վարչաձեւով։ Յեղափոխական քարոզն ինքնին մեղադրելի ու արատաւոր երեւոյթ չէր։ Անհամապատասխան պայմաններում նա անպտուղ սերմն կը դառնար։ Նա մեղադրելի էր, երբ ոտնահարելով իրական պայմանները՝ անիրական միջոցներ էր առաջարկում կացութեան փոփոխութեան համար։ Նրա ոյժն ու թուլութիւնը գործելակերպի մէջ էր։ Եւ հայ յեղափոխական շարժման քննադատութիւնը պիտի մօտենայ երեւոյթին այս կողմից եւ ոչ թէ աղբակոյտ նետէ վատ գործելակերպի հետ նաեւ յեղափոխութեան սկզբունքն իբրեւ այդպիսին։

Հայկական յեղափոխութեան դրսի պրոպագանդն եռանդի ու միջոցների անհետեւանք վատնումն կը լինէր թիւրքահայերի մէջ, եթէ իրական պայմաններն այդ թելադրէին։ Բայց տեսնում ենք, որ բուն թիւրքահայերի մէջ ինքնաբերաբար գլուխ էր բարձրացնում ըմբոստացման զգացումը եւ յեղափոխական ուղիների որոնման մտածողութիւնը։ Փաստերն այդ են հաստատում։

«Դիւան Հայոց Պատմութեան» ԺԳ գրքի մէջ գտնում ենք Պ. Նորատունկեանի կողմից 1863 թ. գրւած մի նամակ հայ բարձր հոգեւորականութեան ներկայացուցիչներից մէկին, որի մէջ նա Հայաստանի նկատմամբ որոշ քաղաքական ծրագիր է առաջարկում։ Այդ ծրագրին համամիտ է եւ բանաստեղծ Մկրտիչ Պէշիկթաշլեանը, որը քաղաքական տեսակցութիւն է ունեցել լեհ էմիգրանտ իշխ. Չարտորիսկիի հետ եւ մերժել վերջինիս դիմումն ապստամբեցնել հայերին Ռուսաստանի դէմ։ Հայերը չեն կամեցել «դերասանական» պաշտօն վերցնել ուրիշի համար, բայց նրանք խորհում են հետեւել ազատագրւած ազգերին, որոնց մէջ «երեք ճշմարիտ Ազգասէր գլուխ գլխոյ տալով, դաւաճան անունն ընդունելով, ընկերներ աւելացնելով, զանազան միջոցներով դրամ հաւաքելով, իրենց քաղաքականութեանը համեմատ գրութիւններ հրատարակելով, Օտար Ազգաց համակրութիւնը գրաւելով, տէրութեանց հաւանութիւնը ստանալով եւ այլն եւ այլն, տասը, քսան, վաթսուն տարիներ անդադար յաջորդաբար աշխատելով, առանց վհատութեան խոհեմութեամբ, եւ ասանկով նպատակնուն հասան։ Եթէ իրենց մէջէն այսպէս անվախ անձնանուէր Հայրենակիցներ (որոնց անունները աշխարհիս մէջ անմահ մնացին) չելլէին, սկզբունք մը չընէին, ո՞վ, այն Ազգերուն իրենց ազատութիւնը պիտի պարգեւէր» [1] ։

Այս նամակի մէջ արդէն ծրագրւում է հայ յեղափոխականի գործելակերպը եւ դա մի ժամանակ, երբ հռչակւել էր Ազգային Սահմանադրութիւնը եւ ազգի մտաւորական դասն ապրում էր բարձր ոգեւորութեան մէջ։

1872 թ. Վանում կազմակերպւում է մի գաղտնի ընկերութիւն հետեւեալ անունով «Միութիւն ի Փրկութիւն»։ Միութեան անդամներն իրանց դաշինքի մէջ գանգատւում են թէ՝ «Գնաց մեր պատիւը, պղծուեցան մեր եկեղեցիք, առեւանգեցին մեր հարսունքն ու երիտասարդունք, յայտնապէս կըխլեն մեր իրաւունքը մեր ձեռքէն ի իսպառ սպուռ մեր ազգութեան սերունդը ջնջելու կըճգնեն։ Վասնորոյ կամ պէտք է մեռնել եւ չտեսնել այս սարսափելի վիճակը, եւ կամ վերակենդանութիւն ստանալ ի ծոց հայրենեաց։ Ալ ի՞նչ կսպասենք, կեանք չունենք, մահէ կըվախնանք, ստացուածքնիս ու վաստակնիս մերը չէ. եկեղեցիք ունենք ամեն օր հալածանաց մէջ է, ու կընախատուի։ Զասոնք հերիք սեպելով՝ պահ մը արթնանք միախորհուրդ երդնունք ի խաչ, յաւետարան եւ ի սուրբ եկեղեցիք, փրկութեան միջոց փնտռենք, ապա թէ ոչ կորուստ մերձ է իսպառ։

Ահաւասիկ ստորագրեալքս զասոնք նկատելով միակամ հաճութեամբ կերդնումք ի խաչ, յԱւետարան եւ յեօթն խորհուրդ եկեղեցւոյ, որ հաստատամտութեամբ սոյն պայմանը չժխտել, հաւատարմութեամբ մեր մէջ պահել մինչեւ մեր արեան յետին կաթիլը։ Եւ ո՞վ է այն Հայը եւ ո՞րն է այն սիրտը որ այս արտասուելի տեսարանները տեսնէ ու անտարբեր մնայ իբրեւ արձան «ինչ փոյթ է ինձ ըսելով», այսպիսեաց լաւ է անբան անուն տալ քան թէ մարդ։

Ահա ձեռն ի գործ արկեալ կըհրաւիրեմք ամէն զգայուն հայը հաստատուն երդմամբ ուխտել այս գործը ի գլուխ հանելու առանց երկմտութեան որպէս եւ Վարդանանք եւ միաբանութիւն ուխտի նոցա» [2] ։

Վանի շրջանի մի շարք գիւղեր, լսելով որ քաղաքում կազմակերպւել է մի գաղտնի ընկերութիւն, որն նպատակ է դրել մտահոգել ազգի փրկութեան մասին, հանրագրեր են ուղարկում ընկերութեանը, որոնց մէջ ասւած է. «Մենք ստորագրեալքս մեր կրած նեղութեանց, հարստահարութեանց եւ զրկանաց երեսէն բոլորովին յուսահատած ըլլալով, եւ միջոցներս լսելով որ քաղաքամէջդ ալ նոյն ցաւօք ժողովուրդը վարակած է եւ զգացած են այս անտանելի չարութեանց իրենց վրայ ծանրանալը, ընկերութիւն մը կազմած էք Միութիւն ի փրկութիւն անուամբ. ուստի ալ չկարենալով տոկալ սոյն անկրելի լուծին՝ ձեզ կըդիմենք. ձեզ հետ միանալու՝ թերեւս դարման մը գտնենք թէ ի՞նչ միջոցով որ կարելի է այս չարիքներէն փրկուելու։

Պատրաստ եմք արեան եւ մահու չափ ձեզ հետ գալելու, ուր որ ալ մեր փրկութեան յոյս զմեզ տանի. թէ ռուսանալ հարկ է՝ ռուսանալ. թէ գաղթել՝ գաղթենք. թէ վերջապէս մեռնել՝ մեռնենք, բայց փրկուենք. այս է մեր աղերս առ ձեզ եւ առ Աստուած. եւ կերդնունք չբաժնուիլ ի միմիանց, բայց եթէ մահուամբ միայն» [3] ։

Վանի 1872 թ. շարժումն ունենում է այն հետեւանքը, որ ռուսական հիւպատոսարան է հաստատւում Հայաստանի այդ քաղաքում։ Բայց դա մեզ չէ զբաղեցնում, այլ այն, որ ժողովրդի մէջ ինքնաբերաբար ստեղծւում է գաղտնի ընկերութիւն, ընտրելով իր ծագման առաջին իսկ օրից յետագայի դաժան նշանաբանը. «Մահ կամ Ազատութիւն»։

Որ թիւրքահայ ժողովուրդն ինքնաբերաբար առանց կողմնակի յորդորների գաղտնի եւ հակակառավարչական մարմինների կազմակերպման շաւիղն էր բռնում —դրա մի այլ ապացոյցը կարող է ծառայել եւ Էրզրումի «Գաղտնի Ընկերութիւն Բարձր Հայոց» միութիւնը, որը յայտնի դարձաւ թիւրք կառավարութեան 1882 թ. եւ որի պատճառով 76 հոգի հայ արհեստաւորներ, գիւղացիներ ու վաճառականներ ենթարկւեցին հալածանքի ու դատաստանի» [4] ։

Այս փաստերը ցոյց են տալիս, որ պարարտ հող կար պատրաստւած ազգային ազատագրական շարժման սերմերն ընդունելու համար։
Ժամանակագրական կարգով, իբրեւ ընդդիմադիր, Թիւրքիայի պետական կարգերը մերժող եւ յեղափոխական կուսակցութիւն հայերի մէջ՝ առաջ եկաւ վանեցի ուսուցիչ եւ լրագրող Մկրտիչ Փորթուգալեանի խմբակը, «Արմենականներ» կոչւած իրանց բերան «Արմէնիա» թերթի անունով, որի առաջին համարը լոյս տեսաւ Մարոէյլում 1885 թ. օգոստոսի 1-ին . տ. Ծանօթանալով այն մտքերին, որ արծարծել է Մ. Փորթուգալեանն իր թերթի առաջին տարւայ համարներում [5], նրան կարելի է ընդունել չափաւոր քաղաքական գործիչ, նոյնիսկ օսմանցի հայրենասէր, որ տրտնջում է Թիւրքիայի յոռի կարգերի դէմ եւ անգամ թիւրք կառավարութեան հասունութիւնից պահանջում նկատւած թերութիւնների եւ հարստահարութիւնների վերացումը։ Թիւրք բարձր իշխանութիւնների մասին նա գործ է ածում յարգալից լեզու։ Իր թերթը նիւթեր մատակարարող է, որպէսզի Կ. Պօլսի կառավարութիւնը միակողմանի տեղեկութիւններ չունենայ գաւառի վիճակի մասին եւ՝ բարի կամեցողութեան դէպքում՝ ձեռնամուխ լինի կարգի հրաւիրելու սանձարձակներին։ Ներքին ազգային հարցերում Մ. Փորթուգալեանը պաշտպանում էր ազգի սերտ կապակցութեան անհրաժեշտութիւնը գաղութների հետ, խարազանում էր անպարտաճանաչ հոգեւորականներին եւ հրաւիրում Եւրոպայի, Ամերիկայի եւ այլ երկրների հայերին նիւթական ֆոնդ եւ կազմակերպութիւն ստեղծելու ազատագրական շարժման համար։ Սակայն թիւրք կառավարութիւնը Փորթուգալեանի ցուցմունքներն ուշադրութեան առաւ այն ձեւով, որ արգելեց նրա թերթի մուտքը Թիւրքիա։ Այդ վերաբերմունքից պարզ էր, որ միացնող կամուրջ չկայ հայ գործչի եւ նրա ցեղը կեղեքողների միջեւ։ Կամաց-կամաց Փորթուգալեանի ընդդիմադրութիւնը կարմրեց եւ նա դարձաւ յեղափոխական, որ փաստաբանում էր մի պահանջ պարզ ազգային ազատագրութիւն։ Արմենականները ծաւալուն կուսակցութիւն չդարձան։ Նրանց բունը առաւելապէս հանդիսացաւ Վանը, ուր հոսանքի հիմնադիրը մտաւոր սերմնացանի դեր էր խաղացել։ Յեղափոխական ռամկավարութիւնն էր այդ հոսանքը, որ քաղաքական զգուշաւոր եւ շրջանկատ գործելակերպին միացնում էր ինքնապաշտպանութեան ու կուլտուրական զարգացման պրոպագանդը։ Ռուսահայերի մէջ սկզբի շրջանում կային «Արմէնիայի» թղթակիցներ ու օժանդակողներ, բայց ժամանակի ընթացքում նրանք անհետացան՝ միանալով միւս նորաստեղծ կուսակցութիւններին։ Յամենայն դէպս կարելի է ասել, որ «Արմէնիան» եւ նրա խմբագիրը յեղափոխական խմորումն առաջացրել են եւ ռուսահայերի մէջ, բայց կազմակերպւած հոսանք ո՛չ։ Առաջինների համար՝ սա էլ մեծ ծառայութիւն ու պատմական դեր է։

Յեղափոխական երկրորդ հոսանքը, որ ծագումն առաւ հայերի մէջ, Հնչակեան կուսակցութիւնն էր։ Նրա օրգան «Հնչակի» N1 լոյս տեսաւ Ժընեւում 1887 թ. նոյեմբերին, ծրագիրը 1888 թ. ։ Հնչակեան կուսակցութեան հիմնադիրներն եղան ռուսահայ արտասահմանեան ուսանողներ, թւով 6 հոգի։ Նրանցից ոմանք սկզբում գործակցում էին Մ. Փորթուգալեանին, բայց գժտւեցին նրանից, նկատելով երկրի այդ իսկական ներկայացուցչի մէջ ծայրայեղ չափաւորութիւն։ Հայ ուսանողները խոշոր չափով ենթակայ էին ռուս յեղափոխական-սոցիալիստական էմիգրացիայի ազդեցութեան։ Ռուս յեղափոխականների մտածողութիւնն ու գործելակերպը նրանց համար պատրաստի բարեմասնութիւն էր, որ կամենում էին փոխադրել Թիւրքիա։ Բնական էր, որ Փորթուգալեանն այդպէս չնայէր իրերի դասաւորման եւ պահանջւող գործելակերպին։ Եւ երբ ակնյայտնի դարձաւ նրա անհամաձայնութիւնն ապագայ հնչակեանների հետ եւ վերջիններս էլ ձեռնամուխ եղան կուսակցական շինարարութեան՝ մատաղ խմբակի առաջին գործերից մէկն եղաւ այն, որ վիմատիպ մի գրքոյկ հրատարակեց Փորթուգալեանի դէմ, որի խորագիրը («Հայակեր քամելէօն») լաւ էր արտայայտում, թէ ինչ զգացմունքներ էին տածում իրարու հանդէպ հայ յեղափոխականները։

Հնչակեան կուսակցութեան հիմնադիրներն էին Աւ. Նազարբէկեան, օր. Մար. Վարդանեան (յետագայում տիկ. Նազարբէկ), Գաբրիէլ Կափեան, Գէորգ Ղարաջեան, Քրիստափոր Օհանեան եւ Ռուբէն Խանազատեան։ Դեռ «Հնչակի» N1-ը լոյս չտեսած՝ Ղարաջեանը հեռանում է հիմնադիրների շարքից, բայց միանում են Սարգիս Աղամիրզեան եւ Ղազարոս Աղայեան։ Այս բոլոր գործիչները ռուսահայեր էին եւ բնական էր սպասել, որ նրանք ամենից առաջ պիտի մտահոգէին հարազատ միջավայրի մասին, պիտի զբաղւէին նրա յարուցած խնդիրներով։ Սակայն հնչակեաններն այդպէս չնայեցին իրանց դերին ու պաշտօնին։ Իբրեւ ռուսահայեր՝ նրանք հոգեւոր սնունդ էին ստանում ռուս յեղափոխականներից, բայց ժողոված պաշարը տրամադիր էին սպառել ոչ թէ Այսրկովկասում, որ նրանց ծննդավայրն ու հայրենիքն էր, այլ Թիւրքիայում, ուր ապրում էին քաղաքականօրէն անջատւած ցեղակիցները։

Թիւրքիայում հնչակեան առաջին կազմակերպութիւնը ստեղծւել է Տրապիզոնում Ռ. Խանազատեանի աշխատութեամբ 1890 թ. յունւարին։ Նոյն թուականի գարնանը նամակագրութեան միջոցով մի խումբ է կազմւել Էրզրումում։ Այդ խմբի ղեկավարներն էին ազգային դպրոցների տեսուչ Գէորգ Չիլինգիրեան եւ առեւտրական Խաչատուր Կարեկցեան։ Նրանք հանդիսացան հեղինակը յունիսի 10-ի ժողովրդական ցոյցի, որի ժամանակ մօտ 30 հայեր վիրաւորւեցին ու սպանւեցին։ Իբրեւ արձագանք Էրզրումի դէպքերի եւ բողոք եղած բռնութիւնների դէմ՝ հնչակեանները . Կափեան, Ռ. Խանազատեան եւ Յակոբ Մեղաւորեան) 1890 թ. յուլիսի 15-ին կազմակերպեցին մի խոշոր ցոյց Կ. Պօլսում։ Ցուցարարները նպատակ ունէին պատրիարքին գլուխ առած հոծ բազմութեամբ սուլթանի պալատը գնալ եւ ներկայացնել հայերի նուազագոյն պահանջները հայրենիքի կարիքների մասին։ Ցոյցը սկսւեց մայր եկեղեցուց։ Պատրիարքն ընդդիմացաւ Հնչակեանների առաջարկին։ Չտեսնւած երեւոյթ էր տեղի ունենում հայերի մէջ։ Բնական էր ոմանց խիզախութիւնն ու ոգեւորութիւնը, իսկ մեծամասնութեան տարերային միացումը համարձակ սակաւներին։ Թիւրք կառավարութիւնը նման բան չէր սպասում հաւատարիմ հպատակ հայերից։ Սկզբում նա շուարման մէջ էր, բայց, ի հարկէ, դա տեւական չէր կարող լինել։ Զօրքերը վերականգնեցին կարգը եւ քաղաքական ոստիկանութիւնը սկսեց հետապնդել անբարեյոյսներին։ Կ. Պօլսի ցոյցը մի քաղաքական ակտ էր, որ նախ եւ առաջ ցնցեց հայերին, ապա մեծ տպաւորութիւն գործեց թիւրք կառավարութեան եւ դեսպանութիւնների վրայ։ Դա նշան էր, որ հայկական հարցը դուրս է գալիս թղթի պայքարի շրջանից ու դառնում է ֆիզիքական ոգորման գործ։ Թէ հայութիւնը, թէ թիւրք կառավարութիւնը եւ թէ եւրոպական դիւանագիտութիւնը պիտի իրանց եզրակացութիւններն անէին նման գործից։ Հայութիւնը՝ բռնելով յեղափոխական պայքարի ուղին՝ պիտի զօրացնէր ընդգրկած շարժումն որքան այդ ներում էին նրա մարդկային, բարոյական ու նիւթական միջոցները։ Թիւրք կառավարութիւնը՝ սիրահար բացառական վիճակների ու անհատնում շահագործման՝ պիտի երկրպագէր բռնութեան աստծուն։ Եւրոպական դիւանագիտութիւնը պիտի օգտագործէր կողմերին, մէկը միւսի դէմ հանէր, մէկով միւսին խեղդէր եւ նիւթական նոր նուաճումներով աչքածակ բուրժուազիայի քիմքը քաղցրացնէր։ Հայի արիւնը եւ թիւրքի քաղաքական ապիկարութիւնը նրա համար դեղին ոսկի էին դառնում։

Կ. Պօլսի ցոյցից յետոյ Գ. Կափեանն անցաւ Արաբկիր՝ այնտեղից Փոքր-Հայքի շրջանում գործելու համար Յ. Մեղաւորեանը գնաց Ժընեւ, իսկ Ռ. Խանազատեանը Այսրկովկաս՝ Վան անցնելու նպատակով։ Վերջինս առիթ ունեցաւ մասնակցելու նոր կազմակերպւող Հ. Յ. Դաշնակցութեան ժողովներին եւ աշխատեց այդ հոսանքի մարդկանց միացնել հնչակեաններին, բայց ապարդիւն։

Թէ ինչ ծրագիր ունէր Հնչակեան կուսակցութիւնը՝ այդ կը տեսնենք յետոյ, բայց այժմ պիտի ասենք, որ նրա գործունէութիւնը Թիւրքիայում ընթացաւ արկածախնդրական ըմբոստացման ուղիով։ Բաթումից Կ. Պօլիս ուղարկւեց Յակոբ Վարդպատրիկեանը, որ մի քանի լրտեսների սպանութիւն կազմակերպելուց յետոյ՝ ձերբակալւեց, իբրեւ ռուսահպատակ յանձնւեց ռուս դեսպանատան եւ երեք տարով Վեատկայի նահանգն աքսորւեց։ Վարդպատրիկեանի ձերբակալումով բացւեց հնչակեան համարեա ամբողջ կազմակերպութիւնը Կ. Պօլսում եւ Տրապիզոնում։ Ոմանք ձերբակալւեցին, որոնց մէջ Արփիար Արփիարեանը, իսկ ոմանք էլ փախան Թիւրքիայից (Միհրան Տամատեան, Համբարձում Պոյաճեան-Մուրադ, Հմայակ Խուշպուլեան եւ այլն) ու նորից վերադարձան, ընտրելով թագնւող յեղափոխականի կոչումն։ 1894 թ. Սասունի ապստամբութիւնը կազմակերպողներն ու ղեկավարողները հէնց նման հետապնդւող անձինք էին, Տամատեանն ու Մուրադը։

Փոքր-Հայքում, ուր գործի գլուխն էր անցել Գ. Կափեանն ընկեր ունենալով ղարաբաղցի Պետրոս Չաքարեանին՝ 1892-1893 թ. թ. ընթացքում կազմակերպւեցին մի քանի հայդուկային խմբեր (Չելլօ, Առաքել եւ Մինասեան խմբապետների գլխաւորութեամբ), որոնք սարսափ էին ազդել շրջանի վրայ՝ չափաւորելով թիւրք գիշատիչների ախորժակը։ Մեծ աղմուկ հանեց այդ շրջանում եւ այսպէս կոչւած Գաղատիայի դատավարութիւնը, որ կառավարութիւնը յարուցել էր Անտօն Ռշտունու եւ միւս հնչակեանների դէմ (1893 թ.

  1895 թ. գարնան հնչակեանները ձեռնամուխ եղան պատրաստելու Զէյթունի ապստամբութիւնը, որի համար այդ շրջանն ուղարկւեցին Ամերիկայից եկած մօտ 15 երիտասարդներ (Ապահ, Աղասի, Շաւարշ, Քեռի, Եփրեմ եւ այլն)։ Զէյթունի ապստամբութիւնը տեղի ունեցաւ 1896 թ., առաջ բերելով եւրոպական պետութիւնների միջամտութիւն։

  1895 թ. Հնչակեանները Վանի շրջանն ուղարկեցին Մարտիկ Սարուխանեանին եւ Արտիւր Օհանջանեանին (վերջինիս անգլիական անցագրով)։ Սարուխանեանը մէկը դարձաւ այն գլխաւորներից, որ դաշնակցական Պետօյի եւ արմենական Աւետիսեանի հետ ղեկավարեց Վանի կռիւները (1896 թ. յունիս) թիւրք ջարդարար խուժանի եւ զօրքի դէմ։ Օհանջանեանը ձերբակալւելով՝ ուղարկւեց Կ. Պօլիս։ Իբրեւ անգլիահպատակ նա ազատ արձակւեց եւ ձեռնամուխ եղաւ կազմակերպելու մի մեծ ցոյց Բ. Դրան դէմ (1896 թ. ամառը) [6] ։

Ի՞նչ արդիւնք կարող էին տալ նման ձեռնարկները։ Դիւանագիտական ուշադրութիւն՝ դա կար, բայց առանց շօշափելի օգուտի։ Շօշափելին այն էր, որ թիւրք կառավարութիւնն ամենուրեք հայկական կոտորածներ կազմակերպեց եւ անգլիական նաւերը, թէեւ կարող էին խարիսխ ձգել Կ. Պօլսի պատերի տակ եւ դրանով իրագործել Րաֆֆու գուշակութիւնը, լռութեան մատնեցին իրանց թնդանօթները, մորթւող հայ ժողովրդին իր անողոք բախտին մատնելով։ Հնչակեան ձեռնարկների անաջողութիւնը պիտի բնականաբար հարց ծագեցնէր, թէ երեւոյթի պատճառը ո՞րն է կամ ո՞վ է մեղաւորը։ Թիւրքահայ հնչակեանները, մանաւանդ պօլսեցիք (Արփիարեան, Արշակ Չօպանեան եւ միւսները) եկան այն եզրակացութեան, որ անաջողութիւնների պատճառը կուսակցական ծրագրի սոցիալիստական լինելն է։ Եւրոպական պետութիւնները, իրանք բուրժուական լինելով ըստ ամենայնի, չէին կարող օգնել մի կուսակցութեան ձեռնարկներին, որը բացասում է նրանց գոյութեան իրաւունքը։ Սոցիալիստական ծրագրի կազմողները ռուսահայերն էին եւ նրա բացասումը դառնում էր կռիւ հեղինակների, մասնաւորապէս Նազարբէկեան ամուսիների դէմ, որոնք միակն էին հիմնադիրներից, որ ներկայ էին Լօնդօնի ընդհանուր կուսակցական ժողովին (1896 թ.

Քննադատութիւնը հնչակեան շարքերում առաջ բերաւ պառակտում, որ ընդունեց խիստ անհամբերող բնոյթ։ Չխնայւեց ոչ մի մեծութիւն ու հեղինակութիւն։ Մութ ներկեր ծեփւեցին ե՛ւ լաւին ե՛ւ վատին։ Հասարակականն ու մասնաւորը փողոցի զրոյց դարձան։ Անթոյլատրելի առասպելներ ստեղծւեցին մատնութիւնների ու զեղծարարութիւնների մասին։ Գաղափարական հակառակութիւնը վերածւեց ֆիզիքական անհանդուրժելիութեան։ Եղբայրասպան կռւի մէջ 1903 թ. ընթացքում (7 տարի անց 1896 թ. ընդհանուր ժողովից) սպանւեցին Գարեգին Չիթչեան, Սագունի, Ա. Գրիգորեան, եւ միւսները, վիրաւորւեցին Սապահ-Գիւլեան, Աւ. Նազարբէկ։ Նոյն այդ եղբայրասպանութեան զոհ գնաց Արփ. Արփիարեանը 1908 թ. ։ Համոզմունքի զէնքին փոխարինել էր ատրճանակն ու բռունցքը։ Սա արդէն մի անհերքելի նշան էր, որ Հնչակեան կուսակցութիւնը բարոյապէս մահացել է։ Նրա ֆիզիքական մահը, գոնէ Այսրկովկասում, հեռաւոր ապագայի չէր սպասում։

Ի՞նչ ծրագրով էր հանդէս գալիս Հնչակեան կուսակցութիւնը, որ առիթ էր տւել տարաձայնութեան եւ այնքան տխուր էջեր ունեցող պառակտման։

Իր ծրագրով այդ կուսակցութիւնը սոցիալիստական էր եւ նպատակ ունէր սպասաւորել սեփականազուրկ դասակարգի շահերը, ձգտել կոմմունիստական, սոցիալական յեղափոխութեան։ Սա ծրագրի առաջին մասն էր, որին յաջորդում էին այնպիսի կէտեր, որոնք սոցիալիզմն ու կոմմունիզմը դարձնում էին խիստ հեռաւոր նպատակ։ Ծրագրի երկրորդ մասում ասւած է. «Հայ սոցիալիստ ռամկավարականի համար սոցիալիստական հասարակական կազմակերպութեան իրագործումը հայութեան մէջ, յայտնւում է հեռաւոր նպատակ, եւ նրա գործունէութեան ու ձգտումների առաջ ներկայանում է մէկ ուրիշ անմիջական պահանջ, իբրեւ մօտակայ նպատակ»։

Այդ մօտակայ նպատակը Հնչակեան կուսակցութիւնը յայտարարում է նաեւ գործնական արժէք ունեցող հանգամանք։ Նրա բովանդակութիւնը հետեւեալն է. «Յեղափոխել եւ ոչնչացնել միապետական կարգերը, փրկել հայ ժողովրդին իր ընդհանուր ստրկական դրութիւնից, տալ նրան քաղաքական կարելիութիւն միջամտելու քաղաքական գործերում, վերացնել այն խոչընդոտները, որոնք արգելք են լինում նրա տնտեսական զարգացման, առհասարակ նրա կուլտուրական առաջդիմութեան եւ այլն։ Ապա խօսելով աշխատանքի ապահովութեան եւ աշխատաւորներից ինքնաճանաչ կազմակերպութիւններ ստեղծելու մասին՝ ծրագրի այս բաժինը վերջանում է նրանով, որ «այդ բոլոր նկատումների հիման վրայ Հնչակեան կուսակցութեան մօտակայ նպատակն է կռիւ մղել միապետական կարգերը տապալելու համար եւ նրանց փոխարինելու հանրային ռամկավարական սահմանադրական կարգերով»։

Բայց հայ ազգը պետութիւն չի կազմում եւ չունի իր ազգային միապետը։ Նրա վիճակն այնպիսին է, որ անգամ նախանձում է ուրիշ ազգերի հալածական միապետներին եւ զարմանում, թէ ինչպէս կարելի է ձեռք բարձրացնել հարազատ թագաւորի դէմ։ Նրա բանաստեղծները գահի ու թագի երգ են հիւսում։ Իբրեւ երկիւղած գիւղացիութիւն՝ նա ինքը տենչում է իր հրամայողը եւ պաշտպանն ունենալ եւ յանկարծ յայտնւում են մարդիկ, որ բացասում են մեսսիայի գալուստը։ Ի՞նչպէս է կարողանում Հնչակեան կուսակցութեան ծրագիրը փարատել այս ներհակութիւնը։ Դրան պատասխան է ծառայում նրա երրորդ մասը։

«Նկատելով, ասւած է ծրագրի այդ մասում, որ հայութեան ամենաստուար մեծամասնութիւնը կազմում են թիւրքահայերը եւ նրանց բնակավայրը մեր հայրենի հողի ամենամեծ տարածութիւնն է։

Նկատելով, որ հայութեան այդ մեծամասնութեան դատը Բեռլինի դաշնագրութեան 61 յօդուածի զօրութեամբ, որպէս եւ այլ միջազգային պայմանների զօրութեամբ, արդէն մտած է միջազգային իրաւունքի դրական շրջանը եւ ճանաչւած է եւրոպական մեծ պետութիւնների կողմից։

Նկատելով միւս կողմից, որ թիւրք տէրութեան միապետական կարգերը քաղաքական, հասարակական ու տնտեսական անտանելի ճնշման են ենթարկում հայ ժողովրդին։

Նկատելով, որ ամեն տեսակէտից այդ դրութիւնը անպայման կերպով անհնարին է դարձնում հայ ժողովրդի հասարակական, տնտեսական ու քաղաքական որեւէ առաջադիմութիւն, որպէս նաեւ մշտական սպառնալիք ու զէնք է նրա ազգային ու մարդկային գոյութեան դէմ։       

Նկատելով նաեւ թիւրք կայսրութեան քաղաքական, տնտեսական, ֆինանսական ու նիւթական ամենաանկարգ, անկեալ ու սնանկացած դրութիւնը եւ դրա ու ներքին խռովութիւնների ու ցնցումների պատճառով այլեւս հաւաստի ու անխուսափելի է դարձած թիւրք պետութեան կործանումը, որին միւս կողմից էլ նպաստում են եւրոպական պետութիւնների յաճախ հարուածները, ինչպէս նաեւ եւրոպական Թիւրքիայում եւ այդ կայսրութեան այլ մասերի սիստեմաբար պատառ-պատառ լինելն, ընկնելով ուրիշ պետութիւնների ձեռքը։

Այդ բոլոր նկատումների հիման վրայ պատմական առաջնակարգ անհրաժեշտութիւն է.

1. Որ հայ յեղափոխական գործունէութիւնն այսօր բացառապէս նուիրւէ թիւրքահայ ժողովրդային դատի պաշտպանութեան եւ լուծման համաձայն մօտակայ նպատակի։

2. Որ ուրեմն յեղափոխական գործունէութեան ասպարէզն է Թիւրքահայաստանը։

3. Որ հայ ժողովրդի ու Հայաստանի ճակատագիրը մի անգամից ընդ միշտ պէտք է զատւէ թիւրքական կայսրութեան ճակատագրից, ըստ որում պատմական պահանջ ու անհրաժեշտութիւն է ներկայանում հայ ազգային անկախութիւնը, որն էլ այդպիսով կազմում է մօտակայ նպատակի մի հիմնական մասը ու առաջին պայմանը»։

Այսպիսով վերջիվերջոյ Հնչակեան կուսակցութեան ծրագրի մէջ ազգային շարժումն ու նրա սպասաւորումը դառնում է ամեն ինչ, իսկ սոցիալիզմն ու կոմմունիզմը՝ ոչինչ։ Թիւրքահայաստանը նկատւում է «մեր հայրենի հողի ամենամեծ տարածութիւնը», թիւրքահայի դատը սրբագործւում է միջազգային դաշնագրերով, թիւրքահայը ճնշւում է ամեն կողմից, ոտնահարւում է նրա մարդկային ու ազգային արժանապատւութիւնը, իսկ ոտնահարող Թիւրքիան ներքին ու արտաքին պատճառներով հասել է կործանման դուռը եւ ի լրումն այս բոլորի բնական անհրաժեշտութիւն է նկատւում, որ Հայաստանն անջատւէ Թիւրքիայից եւ իր ազգային անկախութիւնը ստանայ։ Այս ամենը դիւրըմբռնելի էր հայի համար։ Եւ այստեղ կարելի էր ասել ու ասելով համակրողներ վաստակել, որ ազատագրւած Հայաստանը միապետական չլինի, այլ ռամկավար հանրապետութիւն։

Հայաստանի անկախ ռամկավար հանրապետութիւն ստեղծելու համար Հնչակեան կուսակցութիւնը ձեռք էր զարկում «ժողովրդային ընդհանուր ապստամբութեան», որը պիտի գլուխ գար իբրեւ արդիւնք հետեւեալ միջոցների պրոպագանդա եւ ագիտացիա, ահաբեկումն, ասպատակային գնդերի կազմակերպումն, կենտրոնացած կուսակցական մարմին, ապստամբական զօրագնդեր, որոնք պիտի հարուածէին Թիւրքիային այն պահուն, երբ նա պատերազմ էր մղում արտաքին որեւ է թշնամու դէմ եւ յարմար առիթ ներկայացնում իրագործելու «մօտակայ նպատակը», այսինքն ազգի ազատագրումը։

Հնչակեան կուսակցութեան ծրագիրը չի անգիտանում այն հանգամանքը, որ Թիւրքահայաստանում միմիայն հայեր չեն ապրում եւ Թիւրքիայից ընդհանրապէս միմիայն հայերը չեն դժգոհ։ Այս պատճառով նա ձգտում է վաստակել քրդերի ու ասորիների համակրանքը եւ աջակցութիւնը, ինչպէս եւ համերաշխ յեղափոխական գործակցութիւն է սպասում Թիւրքիայի հպատակ միւս ազգերի յեղափոխական մարմիններից, որ միահամուռ գրոհով կարելի լինի տապալել ընդհանուր թշնամուն։ Կուսակցութեան ջերմ իղձն է ընդհանուր անկախ դաշնակցութիւն ստեղծել Արեւելքում։

Ահա այս ծրագրով հրապարակ եկաւ Հնչակեան կուսակցութիւնը։ Այս ծրագրի առաջին մասը, ինչպէս ասւում է, ապագայի երաժշտութիւն էր եւ միւս մասերի հետ ներդաշնակում էր իբրեւ տօնօրեայ շապիկ։ Շուտով գործնականի մէջ, յեղափոխական պայքարում, պիտի ակնյայտնի դառնար, որ Հնչակեան կուսակցութիւնը դասակարգային եւ սոցիալիստական է լոկ ծրագրով։ Նա պիտի ապացուցանէր, որ իր թոյլ ուսերին է առնում հայութեան ազգային դատը, որով հայ ժողովրդին ենթարկում թէ թիւրք բռնապետութեան հալածանքներին եւ թէ թիւրք խուժանի բիրտ հարուածներին։

Առանց որեւէ սոցիալիզմի ասպարէզ իջաւ հայ յեղափոխական միւս կուսակցութիւնը 1890 թ. ։ Նա կեանք առաւ իբրեւ աննշան խմբերի ու անհատների մի թոյլ միութիւն՝ իր վրայ առնելով համապատասխան անուն «Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն»։ Նրա քաղաքական ծրագիրը շատ համեստ էր։ Պահանջում էր այն բարենորոգումները, որ 1877-78 թ. թ. ռուս-թիւրքական պատերազմից յետոյ առաջադրել էր պատրիարք Ներսէս Վարժապետեանը (Հայաստանի համար ընդհանուր նահանգապետ՝ նշանակւած Բ. Դռնից մեծ պետութիւնների համաձայնութեամբ, նահանգապետի մօտ վարչական խորհուրդ հայերից ու թիւրքերից, եկամուտների գործադրումն երկրում, սովորական դատարաններ, հայկական միլիցիա եւ այլն)։ Նոր կազմակերպութեան զօդողների մէջ առաջնակարգ դեր էին խաղում ռուսահայ մտաւորականներ՝ Քր. Միքայէլեան, Սիմէօն Զաւարեան եւ Ստ. Զօրեան (Ռոստոմ)։ Դաշնակցած յեղափոխականները տարբեր սոցիալական ծագում եւ հասարակական դաւանանք ունէին։ Երկու տարի նրանք ծրագրային տարաձայնութիւնների մէջ էին գտնւում։ Կային չափաւորներ ու ծայրայեղներ։ Չափաւորութիւնն արտայայտւում էր սոցիալական հարցի մէջ սոցիալիզմով թէ՞ առանց սոցիալիզմի։ Ծայրայեղ էին բոլորը, երբ խնդիրը վերաբերում էր Թիւրքիայի դէմ մղւելիք պայքարին։ Ահա ինչպէս էին հասկանում իրանց դաւանանքն ու գործունէութիւնն առաջին ուխտի դաշնակցականները։

«Դրօշակը» (կուսակցութեան օրգանը Դ. Ա. ) մի կողմից չի կարող բոլորովին համերաշխ լինել նրանց հետ, որոնք ուզում են միայն քաղաքագիտութեան (դիպլօմատիայի) միջոցով հասնել իրանց նպատակին. որովհետեւ բացառապէս դիպլօմատիան ոչինչ չի անիլ դրդւած մարդասիրութիւնից։ Մեր նիւթապաշտ դարում դիպլօմատները ղեկավարւում են սեփական շահերով եւ աւելի ուժեղ իրաւունքներով։ «Եւրոպան չկայ, ասաց նորերումս Կալնօկին եւ մինչեւ հայկական հողը չշաղախուի արիւնով՝ թող գիտնան հայերը, որ ոչինչ չեն ստանալ»։

Միւս կողմից «Դրօշակը» չի կարող համերաշխ լինել նրանց հետ, որոնք նպատակ են դնում իրականացնել այն հասարակական կազմակերպութիւնը, որի համար այժմ կարելի է մաքառել միայն Արեմտեան Եւրոպայում, որովհետեւ, քանի որ Տաճկաստանը չունի բոլորովին գործարանական արդիւնաբերութիւն եւ խոշոր ինդուստրիայի զարգացում, անբնական է այդ տեսակ խնդիրներ յարուցանելը։ Այն երկրում, ուր գերակշռում է երկրագործութիւնը եւ նահապետական կուլտուրան՝ խօսք չի կարող լինել Արեւմտեան Եւրոպայի սօցիալիզմի մասին, ուր կուլտուրան անհամեմատ աւելի բարձր է եւ տիրապետում են որոշ սոցիալական պայմաններ։ Տնտեսական խնդիրներ շօշափելիս պէտք է ղեկավարւել երկրի կուլտուրայով եւ նրա ազգային ու պատմական առանձնայատկութիւններով. նամանաւանդ որ մեր ազգի գիտակցութեան մէջ պահպանւել են այնպիսի հողատիրական ձեւեր, որ ուրիշ նպաստաւոր պայմաններում կըլինէին նրա բարօրութեան գլխաւոր գրաւականը, այն է՝ հողը պատկանում է մշակողին։ Իսկ հողային հարցը մեր ամենագլխաւոր հարցն է։

«Դրօշակը» պէտք է պաշտպանէ՝ առհասարակ այն բոլոր պայմանները, որոնք նպաստում են ժողովրդի ընդհանուր բարօրութեան՝ քաղաքական եւ տնտեսական կողմից։ Հեռացնելով այն պայմանները, որ խեղդում են հայ ազգը, մենք ուզում ենք տալ նրան միջոց վերածնւելու եւ ընդունելու քաղաքակրթութիւնը եւ մինչեւ անգամ տարածել իր շուրջը։ Ղեկավարւելով այն բարձր բարոյական սկզբունքներով, որ եւրոպական առաջնակարգ գործիչների իդէալն է կազմում, մենք պէտք է պաշտպան հանդիսանանք դարերով ճնշւած ժողովրդին. իւրաքանչիւր հարց վճռելիս պէտք է ուշադրութեան առնենք լրջութեամբ բոլոր հանգամանքների զուգադրութիւնը (կօմբինացիան) եւ թշնամու դէմ կռւելիս պէտք է լինենք անխնայ, ինչպէս որ նա մեզ չի խնայում։ Մենք խորհուրդ ենք տալիս գործադրել բոլոր միջոցները, որ վերջնականապէս քայքայենք Թիւրքիայի անբարոյականացած պետական կազմակերպութիւնը (օրգանիզմը)։

…Հիմա տեսնենք որն է Հայկական խնդրի լուծման այն ճանապարհը, որ մենք ենք ընդունում։

…Հիմա հասել է հերթը հայերին՝ թօթափել տաճկական անարգ եւ սպանիչ լուծը։ Արիական մեծ ընտանիքից միայն հայոց ցեղն է կրում մոնգոլական ամօթաբեր լուծը։

…Լինեն պատճառները պետական, ցեղական թէ կրօնական՝ այդ միեւնոյն է, փաստը նրանում է, որ Տաճկաստանը անընդունակ է ինքը որեւ է վերանորոգումն մտցնելու եւ ինչպէս մեզ ուսուցանում է ուրիշ փոքր ազգերի պատմութեան փորձը, միայն զէնքով կարելի է ստիպել նրան իրագործել մեր արդար պահանջները։ Հայերը ուզում են ազատւել մի քայքայւող տէրութիւնից, որ տարածում է իր շուրջը մահ եւ ապականութիւն։ Ազատութիւն ձեռք բերելով՝ հայ ազգն ուզում է քաղաքակիրթ կեանք եւ իր բազմակողմանի ընդունակութիւնների զարգացում։ Հայերը, ոգեւորւելով մարդասիրութեամբ, եղբայրութեամբ ու կրօնի անխտրութեամբ, կըստեղծեն մարդկային զարգացման այնպիսի պայմաններ, որոնց մէջ կարող են զարգացնել թէ մահմեդական եւ թէ քրիստոնեայ ժողովուրդները։

Մեր կռիւը տաճկաց կառավարութեան դէմ ոչ միայն ազգային կռիւ է, այլ եւ եւրոպական քաղաքակրթութեան եւ մարդկային իրաւունքների կռիւ՝ յօգուտ ամբողջ մարդկութեան ու կուլտուրայի։

…Տաճկահայերի կողմից միանգամայն անօգուտ եւ մինչեւ անգամ վտանգաւոր է յոյս դնել օտարի վրայ եւ սպասել, թէ թիւրքաց կառավարութիւնը ինքը իր կամքով բարենորոգումներ կը շնորհի հայերին։ Ցանկացած վիճակը ձեռք բերելու համար մեզ մնում է միայն դիմել այն միջոցին, որին դիմել են մեզանից առաջ միեւնոյն հանգամանքների մէջ գտնւող ուրիշ մեզ նման քրիստոնեայ ազգերը։ Այդ միջոցը ժողովրդական ապստամբութիւնն է։ Ուրիշ ելք չկայ։

Ահա այսպիսի հանգամանքների արգասիք է «Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը», նրա գոյութիւնը հիմնւած է Տաճկահայերի այն գիտակցութեան վրայ, որ այլեւս անկարելի է տանել այսպիսի ամօթալի վիճակ ու սարսափելի դրութիւն։

«Դաշնակցութիւնը» մի քանի անձանց հայրենասիրական ձգտումների արհեստական պտուղ չէ, այլ ամբողջ ազգի հասունացած ինքնաճանաչութեան, կամքի ու վճռի արտայայտութիւն։

Նա՝ հայ ազգի բողոքի եւ վրէժխնդրութեան ոգին է» [7] ։

Յեղափոխական ռամկավարներ այսպէս էին առաջին դաշնակցականները։ Ազգի ազատագրութիւնը թիւրքական լծից նրանց գերագոյն նպատակն էր կազմում։ Ազգային ազատութեամբ էին նրանք պայմանաւորում ողջ յետագայ զարգացումը։ Ազատագրւած հայը նրանց աչքում լաւագոյն հասարակաշէն արարածն էր նաեւ թիւրքի համար։ Վերջինս չէր կոչւած պետական մեծագործութեան։ Նրա ստեղծած պետութիւնը մահ եւ ապականութիւն էր տարածում իր շուրջը։ Հայը նրանից բարիք չէր կարող սպասել։ Թիւրքն էլ յօժարակամ չպիտի զիջէր։ Մնում էր պայքարի ընտրութիւնը։ Եւ դաշնակցականները հրաւիրում էին ժողովրդին դէպի ապստամբութիւն։ Բողոք եւ վրէժխնդրութիւն ահա ինչ բարեմասնութիւններով պիտի օժտւած լինէր կռւողը։ «Ընկերութիւնս, տպագրւած է «Դրօշակի» նոյն համարում, որից քաղուածներ արինք վերը, շարունակում է առանց աղմուկի եւ աւելի մեծ եռանդով ու փորձառութեամբ իր պատրաստողական գործունէութիւնը։ «Դաշնակցութիւնը» իր ցանցերը տարածում է բոլոր հայաբնակ տեղերում, շատացնում է հաստատակամ, հաւատարիմ եւ փորձւած գործակալների թիւը, կազմակերպում է կամաւորների խմբեր եւ աշխատում է իր կարողութեան չափ յագեցնել արթնացած ժողովրդի մէջ զէնքի ծարաւը։ Կար ժամանակ, երբ միայն խրախոյս եւ խօսք էր հարկաւոր ժողովրդին սթափեցնելու մահացու եւ ստրկական քնից, այժմ նա զարթնել է եւ արդէն հասած է յեղափոխական գործունէութեան այն շրջանը, երբ պէտք է զինել եւ պատրաստել նրան կռւի համար՝ հարստահարող կառավարութեան եւ աւազակ քրդերի դէմ։ Այժմ Թիւրքաց Հայաստանի ազատութեան համար շօշափելի օգնութիւն է պահանջւում իւրաքանչիւր հայից եւ ոչ միայն խօսքեր. «զէ՜նք, զէնք», աղաղակում է ընդդիմադրական բոլոր միջոցներից զուրկ ժողովուրդը, եւ միթէ՞ վախկոտ անտարբերութեամբ պէտք է նայեն նոքա, որոնք կարող են գոհացնել ժողովրդի այդ ստիպողական պահանջը»։  

«Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան» աղմկայոյզ գործն էր Ս. Կուկունեանի խմբի առաքումը Թիւրքահայաստան։ Այդ խմբի արկածները վկայութիւն են այն բանի, թէ հայ յեղափոխականներն ինչպէս էին հասկանում իրանց կոչումը։ Ս. Կուկունեանի խումբը, որ դատավարութեան ժամանակ եղած ցուցմունքներով բաղկացած էր 100-ից աւելի մարտիկներից, պատրաստւել էր Թիւրքիա անցնելու 1890 թ. սեպտեմբերին։ Խմբի ճանապարհը Կաղզուանի վրայով էր։ Խար ու Ղարաբաղ գիւղերի մօտ խումբը սեպտեմբերի 26, 27 եւ 28-ին շրջապատւում է սահմանապահ ռուս զինւորների կողմից։ Լինում են զինւած դիմադրութեան դէպքեր խմբի անդամների ոմանց կողմից, բայց ընդհանրապէս յաղթանակում է փախուստի կամ անձնատուր լինելու տեսակէտը։ Առանձնապէս փախչում են նրանք, որոնք քրէական անցեալի տէր են լինում։ Կառավարութեան երեսից չխուսափողներն անձնատուր են լինում, համոզւած լինելով, որ իրանք յանցանք չունին ռուսական օրէնքների հանդէպ։ Յայտնի է, որ ռուսական դատարանը այդպէս չնայեց գործին։ Խմբի անդամներից 36 հոգի դատւեցին Երեւանի Շրջանային Դատարանում (1892 թ. մայիսի 7 հ. տ. ) եւ նրանցից միայն 10 հ. ազատւեցին պատժից։ Խմբապետ Ս. Կուկունեանը ստացաւ 20 տարւայ տաժանակիր աշխատանքի պատիժ, խմբի անդամներից մէկը 12 տարւայ, չորսը 8 տարւայ, մնացած քսան հոգին 15 տարւայ։ Այսքան դաժան եղաւ ռուսական դատարանը, բայց աւելի քան զարմանալի էր նրա դատավճռի պատճառաբանութիւնը։ Մանուկն իսկ գիտէր, որ Կուկունեանը եւ նրա ընկերները «սուրբ գործի» մարդիկ են, այսինքն զէնք են բարձրացրել եւ զրկանքներ յանձն առել իրանց թիւրքահայ ճնշւած եղբայրներին օգնելու համար։ Նրանք ամիսների ընթացքում վայելել էին Երեւանի նահանգի եւ Կարսի շրջանի հայ ժողովրդի համակրանքն ու լայն հիւրասիրութիւնը նիւթական օժանդակութեամբ հանդերձ։ Այդպէս էին վկայել դատարանում Ալէքսանդրապոլի եւ Նոր-Բայազէդի գաւառապետները, ոչ-հայ մարդիկ իրանց ծագումով։ Չարագործներին մի ժողովուրդ չէր կարող պատսպարել իր ծոցում, չէր կարող նրանց օրհնութեամբ ճանապարհ դնել եւ երկիւղածօրէն յաջողութիւն մաղթել նրանց գործին։ Սրանք անուրանալի հանգամանքներ էին, բայց դատարանը կոյր ձեւացաւ երեւոյթի առաջ եւ արձակեց իր անարդար ու չար որոշումը։ Այդ որոշման իմաստով Կուկունեանն ու նրա ընկերները վրէժխնդրութեամբ բռնւած չարագործներ էին, որ միութիւն էին կազմել թիւրք սպանելու։ Սա անհեթեթ որակումն էր հայ յեղափոխականների գործի։ Դրա դէմ առարկեցին թէ դատւողները եւ թէ նրանց պաշտպանները։ Գործը Շրջանային Դատարանից անցաւ Դատաստանական Պալատ, ուր հմուտ փաստաբաններ աշխատեցին հասարակական ու յեղափոխական բնոյթ տալ Կուկունեանի եւ ընկերների կատարածին, բայց ապարդիւն։ Հայն իր յեղափոխական ընդվզումի մէջ ռուս դատաւորին ներկայացաւ իբրեւ պարզ չարագործ ու մարդասպան, որ իր եռանդը սպառում է հարեւանին կործանելու համար։ Այո՛, ռուս դատարանի վճռով հայ յեղափոխականը կռւում էր ոչ թէ բռնակալ կարգերի, այլ յատկապէս թիւրքի դէմ, լինի նա Թիւրքիայում, թէ Ռուսաստանի սահմաններում։ Մի որոշում էր սա, որ ծայրայեղօրէն վարկաբեկում էր յեղափոխականին իր հարեւանի առաջ, կասկածելի դարձնում նրան, անվստահութեան մթնոլորտ ստեղծում եւ հրաւիրում թիւրքին չանչելու անիրաւ կարգերի դէմ ըմբոստացող հայի կոկորդը։ Այս գիտակցւած չարութիւնը ռուս դատարանի առաջին արտասանած խօսքն էր հայ յեղափոխական շարժման մասին եւ այն ջրելու համար ապարդիւն եղան պաշտպանների ճառերը հայկական տառապանքների եւ մեր երիտասարդութեան ջերմ սրտի ու վեհ զգացումների մասին։

Ճիշտ է, Ս. Կուկունեանի դատաստանական գործը (որից մենք քաղում ենք վերի տեղեկութիւնները) հաստատում է, որ խմբի անցած ճանապարհին եղել են մի քրդի եւ հինգ թիւրքի սպանութիւններ, բայց այդ ոճիրները դժուար է վերագրել յեղափոխականներին, եթէ նկատի առնենք, որ դիակները միանգամայն թարմ վիճակում յայտնի են դարձել սեպտեմբերի 28-ին, իսկ Կուկունեանը ձերբակալւել է սեպտեմբերի 26-ին։ Հայ յեղափոխականների առաջին սերունդն իդէալիստ էր գերազանցապէս։ Կուկունեանի պաշտպանը յատկապէս յիշում է, որ գաղափարական հողի վրայ նա նոյնիսկ գժտւել ու բաժանւել էր իր ընկեր Յակոբ Սարկաւագից [8] ։

Ս. Կուկունեանի խումբն անկարող եղաւ Թիւրքիա անցնել։ Նա հարւածւեց կէս ճանապարհին։ Խմբի անդամները հասարակ չարագործների պէս անարգական ձեւով Սիբիր աքսորւեցին, սակայն այնուամենայնիւ այդ խմբի երթը եւ անկումը ցնցող տպաւորութիւն գործեց ազգի բոլոր խաւերի վրայ։ Առասպելներ կազմւեցին Կուկունեանի անուան ու գործի շուրջը։ Նրա անունը խիստ ժողովրդականութիւն ստացաւ, կատարած գործը յաջորդելու արժանի։ Մենք դժուարանում ենք ցոյց տալ հայ յեղափոխական դիւցազներգութիւնից մի ուրիշ դէպք, որ այնքան պրոպագանդայի դեր լինի կատարած, որքան Կուկունեանի խմբի անաւարտ գործը։ Խորհրդաւորութիւնն այդ դէպքի համար ծաւալողի յոգնութիւն յանձն առաւ։ Համայնքի համբաւը՝ ծովի ալիք։ Այդպէս եղաւ հայ հայդուկների արշաւանքի հետեւանքը, որ ջերմացնում էր շատ շատերի սիրտը եւ նրանց մղում նոյն խորհրդաւոր եւ արկածալից զոհաբերութեան ուղին։

Կուկունեանի արշաւանքի հետեւեանքներն ըստ երեւոյթին վերագնահատումների դուռը բացին դաշնակցած յեղափոխականների ու համակիր մտաւորականութեան շրջանում։ Չափաւորների թեւը զգաց, որ իր խառնուածքով ու դաւանանքով նա դաշնակցել է կրակի հետ։ Ճարակի զոհ չգնալու համար խամրեց նրա յեղափոխական կարմրութիւնը։ Եւ երբ 1892 թ. Թիֆլիսում գաղտնի համագումար հրաւիրւեց վերջնական տեսք տալու դաշնակցած յեղափոխականների գաղափարական կերպարանքին՝ չափաւորները ետին տեղը բռնեցին եւ կամաց-կամաց հրաժարւեցին յեղափոխական գործելակերպից։ Նրանցից ոմանք (Կ. Խատիսեան) իրանց կեանքի ամբողջ ընթացքում չլքեցին հասարակական գործի ասպարէզը եւ դարձան հայ ժողովրդի նիւթական բարգաւաճման ու խաղաղ կուլտուրական զարգացման ջատագովներ, միշտ գլուխ ծռած բուրժուազիայի առաջ եւ նրա բարեացակամութիւնը հայցելով իրանց ձեռնարկներին։ Յաղթանակող ձախ թեւը, որ եւ մեծամասնութիւնն էր, ընդգրկեց հետեւողական յեղափոխութեան ուղին, չմերժելով իր ծրագրի համար նոյնիսկ սոցիալիզմ, թէեւ դա ընդհանուր արտայայտութիւններով եւ աղօտ բովանդակութեամբ։ 1892 թ. համագումարումն էլ Յեղափոխականների Դաշնակցութիւնը դարձաւ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն։ Կուսակցութեան ծրագրի մեկնութեան աշխատանքը յանձնւեց ձեռնհաս առաջնորդներին Քր. Միքայէլեանին եւ Ռոստոմին։ Այդ մեկնութիւնը, որ իբրեւ ներածութիւն տպագրւած է ծրագրի սկզբում, հաստատւեց կուսակցութեան երկրորդ համագումարի կողմից (Թիֆլիս, 1897 թ. ) եւ սկսւում է նրանով, որ ընդհանուր բառերով պարզում է արդի հասարակակարգի կառուցուածքն իր շահագործող ու շահագործւող դասակարգերով։ Կռիւ յայտարարելով սոցիալական անարդար կարգերի դէմ՝ ծրագրի մեկնութիւնը կանգ է առնում հայերի վիճակի վրա Թիւրքիայում եւ հետեւեալ տեսակէտը պարզում.

«Թիւրքերը մեր երկրի տիրապետելէն ետքը ամեն ջանք ի գործ դրեր են մեր ժողովուրդը վերածելու կաստայի մը (դասի), որու պարտականութիւն ըլլայ միայն աշխատել, արդիւնաբերել, ուրիշ ոչինչ։ Պէտք էր այդ ժողովուրդը մշտական հպատակութեան տակ պահել եւ անարգել կերպով ծծել անոր արիւն-քրտինքով եւ զրկանքով ձեռք բերած աշխատանքը։ Ահա ատոր համար անհրաժեշտ էր մեռցնել այդ տարրին պատերազմական ոգին, թողլով որ ան աշխատի եզան նման եւ այդ աշխատանքով կերակրէ տիրապետող տարրը։ Թիւրքերը բնաջինջ արին մեր ազնուականութիւնը եւ իրենք բռնեցին անոր տեղը, խլեցին ժողովրդի ձեռքէն սուր, հրացան, ամեն տեսակ պաշտպանութեան զէնք եւ թողին միայն արօրը եւ բրիչը։ Արտաքսեր են մեզ զինուորական ծառայութենէն եւ զինուորի փոխարէն մեզմէ կառնեն բազմատեսակ հարկեր՝ կերակրելու համար իրենց զինուորները եւ բազմաթիւ պաշտօնեաները. ամենածայրայեղ դէպքերուն մէջ անգամ չէին դիմեր մեր օգնութեանը, երկիւղ կրելով, որ այդ զէնքը օր մը կարող է իրենց գլխուն դառնալ։ Մէկ խօսքով՝ թիւրքերը ձգտել են մեզ դնել ճիշտ այն դրութեան մէջ, ինչ դրութեան մէջ որ էին իլոտները (ստրուկ) սպարտացիներու ձեռքին տակ։ Զանազան պատճառներով, որոնց մասին երկար պիտի ըլլայ հոս խօսելը, այդ բանի մէջ չյաջողեցան անոնք, բարեբախտաբար, անոնց այդ ձգտումը չկրցաւ իրականանալ լիակատար կերպով։ Բայց եւ այնպէս, երկրին ժողովրդին մէջ կորոշւէր երկու իրարմէ բաժնւած, եթէ ոչ կաստա, գէթ դասակարգ, հիմնւած բռնի ֆիզիքական ոյժի վրայ, մէկ կողմէն առանձնաշնորհեալ միւսուլման տարրը, միւս կողմէն բազմաթիւ քաղաքական իրաւունքներէ զրկւած քրիստոնեայ ժողովուրդը։ Ժամանակի ընթացքով, գլխաւորապէս երկրի տնտեսական զարգացման շնորհիւ, այդ երկու դասերուն տարբերութիւնը աստիճանաբար նուազել է, բայց դեռ բոլորովին չէ վերջացեր, տարբերութիւնը խիստ զգալի է դեռ։ Այդ անհաւասարութեան պաշտպանը, ոյժ տուողը հիմայ թիւրք կառավարութիւնն է։ Պէտք է ուրեմն մէկդի ձգել այդ կառավարութիւնը, պէտք է ձեռք բերել ազգերու եւ դաւանութիւններու հաւասարութիւնը օրէնքի առջեւ»։

Կարելի է չհաւանել եւ վիճելի համարել Հ. Յ. Դ. ծրագրի սոցիալիզմը, սակայն անկարելի է չհամաձայնւել այն լուսաբանութեան հետ, որ վերաբերում է հայ ազգի անցեալին ու ներկային։ Թիւրքիայում հայն ապրում ու շնչում էր բացառիկ պայմանների մէջ, նա երկրորդ կարգի քաղաքացի էր, երկրի խորթ զաւակը եւ այդ երեւոյթի վրայ յատկապէս կանգ է առնում Դաշնակցութեան ծրագիրը եւ նրա վերացումը պահանջում։ Սկզբում, երբ դեռ նոր էր հիմնւել օտտոմանեան կայսրութիւնը, Թիւրքիան իր տիրող ցեղով մի զինւած բանակ էր, ամեն մի թիւրք զինւոր էր, ուրեմն եւ արտօնեալ։ Ժամանակի ընթացքում այդ դրութիւնը փոխւեց եւ շերտաւորումն առաջացաւ բուն թիւրք ազգի ծոցում։ Նրա մի փոքր մասը դարձաւ տիրող խաւ, հզօրացաւ տնտեսապէս ու քաղաքականապէս, իսկ մեծագոյն մասն ենթարկւեց նոյն շահագործմանը, ինչպէս եւ քրիստոնեայ ազգաբնակչութիւնը։ Այսպիսով իրար հասկանալու կամուրջ էր ստեղծւել քրիստոնեայ եւ միւսիւլման շահագործւող ժողովուրդների մէջ եւ նրանց միահամուռ ջանքերից էր կախւած տապալելու պետական անիրաւ կարգերը։ Այդ հնարաւոր էր յեղափոխութեան միջոցով։

«Այս բոլորին, ասում է ծրագիրը, վերջ կարող է տալ միմիայն բռնի յեղափոխութիւնը, եւ մենք ատոր կըդիմենք, պէտք է թօթափել այդ խայտառակ լուծը, ոչնչացնել արդի միապետական բռնակալ ռէժիմը (կարգեր), ձեռք բերել ազգերու համերաշխութիւն, աշխատանքի ապահովութիւն, խղճի, խօսքի ու համոզմունքի ազատութիւն»։

Հ. Յ. Դաշնակցութիւնը, ինչպէս եւ Հնչակեան կուսակցութիւնը, յեղափոխութեան դիմելով՝ չեն կամենում ստեղծել նոր արտօնեալներ կամ ազգային միապետական կարգեր։ Ոչ՛։ Ինչպէս ասել է 1893 թ. Գաղատիայի դատավարութեան ատեանում հնչակեան Անտօն Ռշտունին՝ հայ յեղափոխականը «թիւրքական լուծէն ջանալով ազատիլ, հայ իշխանի մը, հայ ամիրաներու լուծին քաղցր ըլլալը չեն ըսեր եւ չենք ուզեր այն։ Ամեն լուծ, օտարին կամ հարազատ, միշտ միակերպ ծանր է» [9] ։

Այսպիսով երկու կուսակցութիւնները նպատակ են դնում նուաճել դեմոկրատիական կարգեր եւ առաջին հերթին ազատագրել հայութիւնն իր բացառիկ վիճակից։

Մենք տեսանք, թէ Հնչակեան կուսակցութիւնն ինչ միջոցներով էր կամենում գլուխ բերել իր ըղձացած յեղափոխութիւնը։ Այդ միջոցներն էր ընդունում ընդհանուր առմամբ նաեւ Հ. Յ. Դաշնակցութիւնը։ Նոյն պրոպագանդան ու ագիտացիան, նոյն ահաբեկումը, նոյն զինւած խմբերի կազմակերպումը եւ այլն։ Ինչ տարբերում էր դաշնակցականներին հնչակեաններից՝ դա այն էր, որ առաջինները բոլոր յեղափոխական համարւած միջոցներին աւելացնում էին եւ այսպէս կոչւած տնտեսական ահաբեկումը, այսինքն ծրագրում էին հարւածել եւ պետական ֆինանսական ապարատը, մի միջոց, որ ի դէպ ասած, երբէք էլ չգործադրւեց։

Երկու կուսակցութիւնները տարբերւում էին նաեւ կազմակերպական հարցում։ Հնչակեանները խիստ կենտրոնացման կողմնակից էին, իսկ դաշնակցականներն ապակենտրոնացման [10] ։ Նրանց տեղական մարմիններն որոշ անկախութիւն էին պահպանում եւ դաշնակցում իրար հետ, որտեղից էլ ծագում էր դաշնակցական յորջորջումը։ Միւս տարբերութիւնը գաղափարախօսական էր։ Հնչակեանները խօսքով շեշտում էին իրանց սոցիալիստականութեան վրայ, գործով հեռու մնում սոցիալիզմից։ Դաշնակցականները րէալիստ լինելով՝ ժամավաճառ չէին լինում մի բանի առիթով, որ չէր պատշաճում թիւրքահայ միջավայրին։ Կար վերջին եւ խոշոր տարբերութիւնը՝ դա այն էր, որ Հ. Յ. Դ. գոնէ իր ծրագրով անջատումն չէր առաջադրում Թիւրքիայից, այն ինչ Հնչակեան կուսակցութիւնն այդ մասին կտրուկ պահանջ ունէր։

Այս տարբերութիւնները ծրագրային էին։ Գործնականի մէջ տարբերութիւն չկար, սակայն չնայած դրան, երկու կուսակցութիւնները չէին միանում եւ խիստ հակառակութիւն էին տածում իրար դէմ։ Ինչու։ Դրա համար կար մի պատասխան, որ հրապարակ էր գալիս իբրեւ փոքր ազգի մտաւորականութեան օրգանական արատ՝ լինել նեղ շրջանի մարդիկ, խորապէս ճանաչել եւ չհաւանել իրար ու ձգտել դեր խաղալու անձուկ միջավայրում։ Մտաւորականութիւնն աղանդաւորական է, մանաւանդ եթէ սակաւաթիւ է նա, բացառիկ տեղ է բռնում կազմակերպութեան մէջ եւ նրա գերիշխող կամքը հանդիսանում։ Այսպէս եղաւ նաեւ հայ յեղափոխական կազմակերպութիւնների մէջ եւ այդ հանգամանքը միշտ պառակտւած պահեց նրանց։

Ծրագրերից անցնենք գործնականին։

Պրոպագանդա եւ ագիտացիա մղել՝ սա յեղափոխական եւ առհասարակ ամեն մի կուսակցութեան գլխաւոր միջոցներից մէկն է, քանի որ գաղափարը նոյնպէս նիւթական ոյժ է, երբ նա տիրում է մասսաների սրտին ու մտքին եւ նրանց մղում դէպի ըմբոստացում, դէպի դիրքի որոշում։ Պարադոքս չթւայ, եթէ ասենք, որ հայ յեղափոխական կուսակցութիւնների եւ մասնաւորապէս նրանցից ուժեղի՝ Հ. Յ. Դ. ամբողջ գործունէութիւնը Թիւրքիայում եղաւ հէնց պրոպագանդա եւ ագիտացիա՝ բանաւոր, գրաւոր եւ ցուցարարական (դեմոնստրատիւ)։ Չհասաւ այն վայրկեանը, որ այդ գործունէութիւնը պոռթկար իբրեւ ծաւալուն եւ նախագծւած շարժում, որ խորանար քանակով եւ ըստ այնմ էլ փոխէր իր որակը, ցուցարարականից դառնար իսկական յեղափոխական։ Գուցէ երեւոյթի բացատրութիւնը պիտի որոնել նրանում, թէ «փոքր ածու» էր հայ ազգն իր թւական մեծութեամբ եւ դրա համար էլ համեստ էր նրա տարերքը, սակայն փաստն այն է, որ հայ յեղափոխական կուսակցութիւններն երբէք էլ չկարողացան դուրս գալ ցուցարարական գործունէութեան կախարդական շրջագծից։

Պրոպագանդայով, ագիտացիայով եւ ցուցարարական գործունէութեամբ է, որ հայը պիտի վերամկրտւէր նոր գաղափարների աւազանում։ Սա անհրաժեշտ աշխատանք էր։ Թիւրքիայի տիրապետութիւնն աղճատել էր հայի մարդկային եւ ազգային նկարագիրը։ Նա ըստ ամենայնի դարձել էր երկչոտ արարած եւ ախտաւոր հասկացողութիւն ունէր իր մարդկային ու ազգային արժանապատւութեան մասին։ Հայի անուան հետ կապւում էր շահամոլութիւնը, կծծիութիւնը եւ ստրկական խոնարհութիւնը։ Ուրացւում էր, որ ազգի մեծամասնութիւնը յամառ ու տոկուն գիւղացի էր։ Դիմանալով դարաւոր բռնութիւններին՝ նա չէր լքել հայրենի հողը եւ իր ծանր խաչն էր կրում փաշաների ու սուլթանների կամայական իշխանութեան տակ։ Վերամկրտել ազգի այդ մեծագոյն մասի ոգին՝ դա յեղափոխականների առաջին պարտքն էր։ Այստեղ շահաւոր էին թէ բանաւոր եւ գրաւոր խօսքը, թէ մանաւանդ զէնքի քննադատութիւնը, որ երեւան էր գալիս իբրեւ անհատական եւ խմբական դիմադրութիւն զանազան կեղեքիչների դէմ, լինեն նրանք հայազգի վաշխառուներ ու հարկահաւաքներ, քրդական աւարառուներ թէ պետական անկշտում պաշտօնեաներ։

Հայ մտաւորական դասը, որ բարձր հասկացողութիւն էր կազմել հայի մարդկային ու ազգային կոչման մասին Արեւելքում (դեռ Ստ. Նազարեանն էր ասում, թէ հայը կոչւած է եւրոպականութեան կրողը լինելու Առաջաւոր Ասիայում), իր ազգի վարի խաւերի հոգեւոր վերամկրտման համար կրել է անպատմելի դառնութիւններ, տւել է անհամար զոհեր։ Լրագրող, ուսուցիչ կամ լոկ յեղափոխական պրոպագանդիստ՝ նա կրօնական յափշտակութեամբ մօտեցել է շինականի խրճիթին եւ ըմբոստացման յորդոր կարդացել նրա բնակչին։ Հայ մտաւորականութեան հարիւրաւոր լաւագոյն եւ արիասիրտ ներկայացուցիչները կեանք են զոհել քրդերի ու թիւրք զօրքի դէմ մղած կռիւներում, կախաղան բարձրացել Կ. Պօլսի եւ թիւրքական այլ քաղաքների արիւնոտ հրապարակներում։ Ոչ ոք այնքան չի արհամարհել մահը, որքան հայ ինտելիգենտ-յեղափոխականը։ Կախաղանի առաջ նա չի խոնարհել իր գլուխը, այլ հայ ժողովրդին բարձր ճակատով ազատութիւն եւ արեւշատութիւն է մաղթել։ Իր այդ առաքելական զոհաբերութեամբ է, որ հայ յեղափոխական-մտաւորականը գրաւել է ժողովրդի սիրտը եւ նրա նիւթական աջակցութեամբ ստեղծել գրաւոր պրոպագանդայի օրգաններ աշխարհի բոլոր ծայրերում։ Նա հալեցրել է ժողովրդի անտարբերութեան սառոյցը եւ համոզել նրան իր իսկ ազատագրութեան սեղանին զոհաբերել թէ հարազատ զաւակին եւ թէ շահած վաստակը։

Դեռ չի գրւած հայ մտաւորականութեան պատմութիւնը։ Եթէ մի օր կատարւի այդ՝ մենք կունենանք մարտիրոսագրութեան այնպիսի դէպքեր, խիզախ նահատակների այնպիսի դէմքեր, որ միայն խորին ու երկիւղած պատկառանք կարող են ներշնչել դիտողին։

«Հնչակ», «Դրօշակ» բազմաթիւ այլ թերթեր ու գրքոյկներ, որ գաղտնի ու ազատ հրատարակւել են աշխարհի զանազան վայրերում եւ հազար ու մի նեղութիւններով հասցրւել երկրի ընթերցողին կամ հայ դատով հետաքրքրւողին՝ դա ինքնին մի տաժանելի կոչումն է եղել, որ անտրտունջ տարել է մեր մտաւորականը։ Նիւթականի համար նա բաղխել է շատ փակ դռներ ու սրտեր, համակրական խօսքի ու ցոյցի համար նա մաշել է շատ-շատերի սանդուխքները։ Ապարդիւն չի անցել այդ աշխատանքը։ Քաղաքակիրթ ազգերի մէջ բոլոր բանակների անկաշառ եւ սրտացաւ ներկայացուցիչներն իրանց ձայնն են բարձրացրել յօգուտ հայ դատի։ Այստեղ անխտիր հանդէս են եկել թէ աջակողմեան կղերականը եւ թէ ձախակողմեան սոցիալիստը։ Բանաւոր ու գրաւոր պրոպագանդայի եւ ագիտացիայի գործը Հ. Յ. Դաշնակցութիւնը տարել է զարմանալի ընտրութեամբ ու չափերով։ Մատնանշում ենք երեւոյթը, առանց քննութեան առնելու նրա գործնական օգուտները։ Դրա մասին խօսք կը լինի յետագայում, երբ կը պարզենք եւ ցուցարարական աշխատանքի պատկերը։

Զէնք մատակարարել հայ ժողովրդին, զինավարժ դարձնել եւ ռազմական կորով պատուաստել նրան՝ սա եղել է պրոպագանդայի մի այլ տեսակը, որ սկիզբն է առել Րաֆֆու վէպից ու Ռ. Պատկանեանի երգից։

«Մեր նպատակին հասնելու, այն է՝ ազատութիւն ձեռք բերելու համար, ասում է ինքնաբերաբար ըմբոստացման գաղափարին հասած հայ արհեստաւորը, հարկաւոր է՝ առաջինը՝ զէնք, երկրորդը՝ զէնք, երրորդը՝ զէնք։ Տւէ՛ք մեր ժողովրդին զէնք, վարժեցրէք նրան արիւն թափել եւ նա կըգտնի իւր ճանապարհը։ Մենք մեր ներկայ դրութիւնից մեզ ազատելու եւ քաղաքական ազատութիւն ձեռք բերելու համար դէն ձգենք երդմնագրեր եւ ուղղակի դիմենք զէնքի օգնութեան» [11] ։

Զէնքի պաշտամունքն ուղղակի հիւանդագին մարմաջ դարձաւ հայ յեղափոխականի մէջ։ Վարժւել զէնքի գործածութեան, զինագործ դառնալ, զէնք թագցնել կամ փոխադրել, ժողովրդին հրահրել զինւելու՝ սա կազմում էր յեղափոխականի առաջին եւ սրբազան պարտականութիւնը։ Պարսկաստանում Հ. Յ. Դ. նոյնիսկ հիմնեց իր զինագործարանը։ Եւ յեղափոխականների զէնքի այս բացառիկ պաշտամունքը կարճ ժամանակում տւեց իր արդիւնքը. հայ ժողովրդական մասսաները թէ Ռուսաստանում եւ թէ Թիւրքիայում դարձան զէնքի մոլի երկրպագու։ Այս բանին պակաս չնպաստեց եւ պարտադիր զինւորական ծառայութիւնը, որ 1888 թ. ռուս կառավարութիւնը տարածեց հայերի վրայ։ Շատ հայ զինւորներ՝ անցնելով մարզանքի դպրոցը պետական զօրամասերում՝ գալիս էին խտացնելու յեղափոխական խմբերը եւ իրանց հմտութիւնը գործադրելու նրանց զինավարժութեան վրայ։ Զէնքի պաշտամունքը դարձեալ հոգեւոր մկրտութեան աւազան էր հայի համար։ Նա հայից սրբում էր այն արատը, թէ իբրեւ վերջինս կորցրել է ռազմիկի կորովը եւ անընդունակ է արիական գործերի։ Հայ յեղափոխականների մէջ սկզբունքի եւ կարծիքի տարաձայնութիւն չկար զէնքի պաշտամունքի նկատմամբ։ Եթէ լսւում էին դժգոհութեան ձայներ, ապա դա այն պատճառով, որ դանդաղ է ընթանում ժողովրդի զինման գործը։ Ահա ինչ է գրում Վարդպատրիկեանը [12], որ 10 տարի եղել է Հ. Յ. Դ. անդամ եւ վերջը դժգոհ կուսակցութեան գործելակերպերից՝ փարել քննադատութեան զէնքին. «6 երկար տարիների (1898 -1904 Դ. Ա. ) ընթացքում կազմակերպութիւնը ոչ միայն չէր ամրապնդւել, այլ նա երկրի ոչ միայն աննշան, այլ եւ կարեւոր տեղերում ոչ մի ոյժ չունէր, թէ վարիչներն էին բացակայում, թէ զինւորական ոյժը։ 6 տարուան ընթացքում ամենաշատը երեք հարիւր հրացան հազիւ էր տեղափոխւել երկիր. Վասպուրականի պէս նահանգը հազիւ 60 հրացան ունէր, հակառակ նրան, որ Պարսկաստանի տխրահռչակ արհեստանոցը, որ զէնք շինելու կամ նորոգելու համար է հիմնւած եւ ահագին գումարներ է կլանել, գտնւում է Վասպուրականի կողքին» [13] ։

Զինել ժողովրդին՝ նշանակում էր նաեւ մարզիչներ ու առաջնորդներ մատակարարել նրան, որոնք իրանց կեանքի օրինակով պիտի ցոյց տային, թէ ինչպէս պէտք է դիմադրել կեղեքիչներին եւ պետական գործակալներին։ Այս կողմից Հ. Յ. Դաշնակցութիւնը բազմաթիւ դէմքեր հրապարակ հանեց, որոնք գնացին անմռունչ զոհւելու Թիւրքիայի սահմաններում։ Նրանց շիրիմները բազմաթիւ ու անյայտ են։ Հայ անձնուրաց յեղափոխական-մտաւորականին ընկերացել է նոյնքան անձնուրաց հասարակ ռազմիկը եւ իր արիւնով առատօրէն ցօղել Հայաստանի բոլոր անկիւնները։ Այս խաչի մէջ էր կայանում Հ. Յ. Դ. հմայքը եւ նրա զօրութեան բացատրութիւնը։ Մահուամբ փառքի էին տիրանում։

Զէնքի հետ զինակիր մատակարարել Թիւրքահայաստանին՝ դա ցուցարարական գործի ուղն ու ծուծն էր կազմում։ Սահմանն անցած հայդուկը կամ թէ բուն երկրում յեղափոխական դրօշի տակ մտած ըմբոստ ռազմիկը նպատակ ունէր իր վարքով դաստիարակել դեռ յեղափոխական ուսմունքը չճաշակած ժողովրդին։ Լրտեսների ու դաւաճանների ահաբեկումը, քուրդ աւազակների եւ թիւրք պաշտօնեաների սանձահարումը, որեւ է յատուկ ցոյց, որ գրաւէ եւրոպական դիւանագիտութեան եւ հասարակութեան ուշադրութիւնը հայ դատի վրայ՝ ահա զինւած խմբերի պաշտօնը Թիւրքահայաստանում եւ առհասարակ Թիւրքիայում։

Գրել ենք, թէ այս իմաստով ինչ է արել Հնչակեան կուսակցութիւնը։ Պատմեցինք եւ Հայ Յեղափոխականների Դաշնակցութեան կազմակերպած Ս. Կուկունեանի արշաւանքի մասին։ Այժմ տեսնենք, թէ որքան բեղուն է եղել Հ. Յ. Դ. ռազմական- ցուցարարական գործունէութիւնը, հարկա՛ւ , կանգ առնելով գլխաւոր դէպքերի վրայ [14] ։

1893 թ. աշնանը Խնուսի եւ Մուշի մէջ գտնւած Գէօլ-Առաջ գիւղի մօտ հայդուկների խումբը Արաբօյի զինավարութեամբ խոշոր ընդհարումն է ունենում զինւած քրդերի հետ։

1894 թ. յունիսին Ռուսաստանից Թիւրքիայի սահմանն է անցնում հայդուկային մի խումբ եւ կռւի բռնւելով քրդերի հետ Կարաքլիսէի մօտ՝ դիմադրում նրանց եւ անցնում երկրի խորքը։ Նոյն թւի յուլիսին Պարսկաստանի եւ Թիւրքիայի սահմանագլխին ընկած Դերիկ հայկական վանքում յեղափոխականների խումբը աղմկալից եւ յաջող դիմադրութիւն է ցոյց տալիս Թիւրքիայից խուժած քրդերին, որոնց գործի էր դրել Վանի վալին։ Դերիկը յեղափոխականների կայան էր եւ նա փրկեց իր պատիւը։

1895 թ. տեղի է ունենում ութ ահաբեկում հայ լրտեսների ու դաւաճանների վրայ։ Սպանւում են՝ դատարանի 1 անդամ, 1 վիրաբոյժ, 1 վարդապետ (Մամբրէ), 1 քահանայ, 1 փաստաբան եւ 3 հասարակ լրտեսներ, որոնցից մէկը նախկին սարկաւագ։ 1895 ընթացքում հայդուկային եւ տեղական զինւած խմբերն ընդհարումներ են ունենում հայաբնակ վայրերի մի շարք կէտերում, ինչպէս, օրինակ, Չխուրում (Վանի շրջան), Արշաւանում (Կարնոյ շրջան), Քէոփրի-Քէոյում (Կարնոյ շրջան), Սիւրմէնէյում (Տրապիզոնի մօտ), Վանի նահանգի սահմանի վրայ, նոյն նահանգի Սարա Բողազ-Քեասան վայրում եւ Ս. Խաչ վանքում։ Հայերը կամ դիմադրում էին ջարդարարներին, կամ վրէժ լուծում նրանցից եւ կամ թէ զէնք փոխադրում Վան։

1896 թ. Կ. Պօլսում սպանւում են լրտեսներ եւ չորս ահաբեկիչ կախաղան բարձրանում առանց թուլութեան որեւ է նշան ցոյց տալու։ Բասենում հայդուկների խումբը յաջող դիմադրութիւն է ցոյց տալիս քրդերին։ Սակայն այս թւին Հայաստանի ամենից ցայտուն գործը Վանի յունիսեան ինքնապաշտպանութիւնն է։ Թիւրք կառավարութիւնն այստեղ էլ էր կամենում ջարդ կազմակերպել։ Հայերի զինւած ոյժերը դաշնակցական (Պետօյի գլխաւորութեամբ), Հնչակեան (Մարտիկ) եւ արմենական . Աւետիսեան) միանում են եւ մի շաբաթ քաջաբար դէմ կենում թիւրք-քրդական խուժանի եւ զօրքի յարձակումներին։ Հիւպատոսների միջամտութեամբ յեղափոխականները թողնում են Վանը եւ նահանջում դէպի Պարսկաստան։ Նրանց միանում են հազարից աւելի զինւած ու անզէն վանեցիներ։ Ճանապարհին հայերը շրջապատւում են քուրդ եւ թիւրք խուժանով եւ դիմադրութիւնից յետոյ բոլորն էլ նահատակւում։ Վանի ինքնապաշտպանութիւնն արձագանք է գտնում եւ Շատախում, ուր տեղի են ունենում զինւած ընդհարումներ հայերի եւ քրդերի միջեւ։

1896 թ. օգոստոսի 14-ին Հ. Յ. Դաշնակցութեան անդամներն երեք սպանւած եւ վեց վիրաւոր տալով՝ տիրում են Օտտոմանեան բանկին Կ. Պօլսում։ Դա մի խիզախ ցոյց էր, որ նպատակ ունէր կոտրելու եւրոպական դիւանագիտութեան անտարբեր վերաբերմունքը դէպի հայկական դատը։ Հայ յեղափոխականը ձեռք չտւեց բանկի եւ մի ղրուշին։ Դիւանագէտներից նա որեւ է դրական խոստումն չստացաւ, սակայն նրա խիզախութիւնը յուզեց եւրոպական հասարակական կարծիքը։ Բանկ Օտտոմանի գրաւման հետ կապւած է յեղափոխականների դիմադրութիւնը ջարդարարներին Կ. Պօլսի Սամաթիա թաղում։

  1896 թ. սեպտեմբերին Վանում հայ հայդուկները դարձեալ ընդհարումներ են ունենում թիւրք զօրքի հետ։ Այդ ընդհարումները չեն պարփակւում քաղաքի շրջանում։ Նրանք տեղի են ունենում նահանգի մի երկու կէտերում եւս (Հայոց Ձոր եւ Ախոռկայ սար)։

1897 թ. Հ. Յ. Դ ցուցարարական գործերի մէջ առանձին տեղ է բռնում Խանասորայ արշաւանքը։ Յուլիսի 24-ին . տ. ) մի քանի հարիւր հոգուց բաղկացած հայդուկային հետեւակ եւ ձիաւոր խումբը յարձակւում է քուրդ Մազրիկ ցեղի վրայ եւ ջարդ տալիս նրան։ Ցեղն իր Շարաֆ ցեղապետով միշտ եղել էր հայերի գլխին պատուհաս։ Նա էր, որ նահատակել էր Պարսկաստան նահանջող վանեցիներին։ Հայդուկը թէ վրէժ էր լուծում այժմ եւ թէ ահաբեկում միւս ցեղերին, որ տմարդի վերաբերմունք չունենան դէպի հայ ազգաբնակչութիւնը։

1897-98 թ. թ. թիւրք ուժերի հետ մի շարք ընդհարումներ է ունենում յայտնի ռազմիկ Աղբիւր-Սերոբն իր ընկերներով։

1899 թ. ապրիլին Տարօնի Ցրօնք գիւղում հայդուկներն ընդհարւում են զօրքի հետ։ Յունիսին, Վանի սահմաններում Պաղր-դաղ կոչւած վայրում 18 հոգուց բաղկացած զինակիր խումբն ընդհարւում է զօրքի եւ քրդերի հետ եւ յաջողութեամբ զէնք փոխադրում։ Հոկտեմբերին, Խոյթ գաւառակի Կէլիէգուզան գիւղում Աղբիւր Սերոբն իր ընկերներով շրջապատւում է քրդերով եւ թիւրք զօրքով։ Սերոբն այստեղ սպանւում է քաջ դիմադրութիւնից յետոյ։ Դարձեալ հոկտեմբերին զինակիր խումբը բաղկացած մի քանի տասնեակ հոգուց՝ կռւի է բռնւում քրդերի հետ Ալաշկերտի Խաստուր գիւղի մօտ։ Նոյեմբերին դիմադրութիւն է ցոյց տալիս քրդերին Տալւորիկի Սպղան գիւղը։ Դեկտեմբերին 6 հոգուց բաղկացած զինակիր խումբն ընդհարւում է քրդերի հետ Աբաղայի դաշտում։

Այս ծաւալն ու բովանդակութիւնն էր ընդունել Հ. Յ. Դ կազմակերպած ցուցարարական գործունէութիւնը։ Զէնքի մկրտութիւնը թանգ էր նստում հայերին, որովհետեւ նա գործադրւում էր ֆիզիքական սպառման գնով։ Թիւրք կառավարութիւնը չէր խնայում ըմբոստներին։ Վերջիններս էլ թողութիւն ու գթութիւն չէին հայցում։ Ով սուր էր վերցնում՝ սրով էր մեռնում։ Ակն ընդ ական այսպէս էր դասաւորւել հայկական մենամարտութիւնը թիւրքական դաժան ոյժերի հետ։

Հայ յեղափոխականների աշխատանքը ցուցարարական մնաց միշտ։ Ընդհանուր յեղափոխական ապստամբութեան անհրաժեշտութիւնը, որ գրւած էր նրանց ծրագրում, մնաց չիրագործւած։ Հայ տարերքը թոյլ էր ընդհանրապէս։ Նրա յեղափոխական աւիւնն էլ երբէք խոշոր մասսայաշարժ արտայայտութիւն չստացաւ։ Կարելի էր սպասել, թէ արտաքին պատերազմների ժամանակ հնարաւոր կը լինի ներքին շարժումներով նեղը լծել Թիւրքիային, ինչպէս նախատեսում էր Հնչակեան ծրագիրը, բայց այդ էլ չեղաւ։ Թիւրք-յունական պատերազմում հզօր հանդիսացաւ Թիւրքիան եւ, վերջապէս, 1894-96 թ. թ. կոտորածներին նա այնքան էր արիւնաքամ արել հայութեանը, որ ապստամբութեան միտքը թաղւած էր համարւում երկար ժամանակով։

Յեղափոխական ցուցարարութիւնից հայը շահեց նկարագրի ազնուացում եւ իր դատի անչափելի սրումն։ Ցուցարարական դաստիարակչութիւնից հայը հիմնովին նոր մարդ դարձաւ։ Րայայի պատեանն այժմ նեղ էր գալիս նրան։ Մարդկային ու ազգային արժանապատւութեան հասկացողութիւնները նրա համար խորթ բարեմասնութիւններ չէին կազմում այլեւս։ Նա խոնարհած գլխով չէ, որ նայում էր թիւրքական մղձաւանջին, այլ բաց ճակատով։ Նա ուղղել էր կորացած մէջքը եւ իր արժանաւոր տեղն էր որոնում Թիւրքիայի պետական սեղանի շուրջը։ Հայի քաղաքացիական եւ ազգային իրաւազգացութիւնն այլեւս չէր ներդաշնակում այն իրաւական նորմաների հետ, որոնց մէջ ընթանում էր նրա անհատական ու հասարակական կեանքը։ Թիւրքիայի քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքի կեղեւը կամ պիտի փշրւէր եւ անկաշկանդ զարգացման հնարաւորութիւն տար հասակ առած հային, կամ պիտի աւելի կծկւէր ու սեղմէր նրան։ Բաղխումը հայ ազգի եւ թիւրք կառավարութեան մէջ դառնում էր անխուսափելի, մանաւանդ, որ վերջինս ոչ մի ձգտումն չէր ցոյց տալիս եւրոպականացման շաւիղը բռնելու եւ դաժանութեամբ հալածում էր նոյնիսկ այն սակաւաթիւ թիւրք գործիչներին, որոնք ցանկանում էին իրանց հայրենիքն ասիական յետամնացութիւնից առաջնորդել դէպի եւրոպական բարեկարգութիւն։ Հայերը կարող էին առանձնապէս երկիւղ չկրել այն բաղխումներից, որ սպասւում էր իրանց եւ կառավարութեան միջեւ, եթէ նրանց հետ միասին ոտքի կանգնէր եւ թիւրք ժողովուրդը, որ նոյնպէս չէր կարող գովել իր բարեկեցութիւնը։ Հայերը տրամադիր էին իրանց ազգային շարժումը չվարել մեկուսացած ձեւով, այլն նրան տալ ընդհանուր պետական վերանորոգման բնոյթ եւ շարժմանը մասնակից անել Թիւրքիայի բոլոր քաղաքացիներին։ Եթէ այդ յաջողւէր՝ յաղթանակը կը լինէր նրանց կողմը։ Բայց դժբախտաբար հայերի տրամադրութիւնը մնաց իբրեւ այդպիսին եւ նրանց շարժումն էլ ընթացաւ մեկուսացման հունով։ Թիւրք ժողովուրդը դեռ այն գիտակցութեան չէր հասել, որ մասսայական շարժումով պետական բարենորգումներ պահանջէր։ Այդ պահանջները միշտ գալիս էին հպատակ քրիստոնեայ ազգերից։ Պահանջներին յաջորդում էր եւրոպական միջամտութիւն, պատերազմ եւ Թիւրքիայի անդամահատութիւն։ Այս բաւ էր, որ քրիստոնեայի լաւագոյն ու բարեացակամ տրամադրութիւններն էլ չարակամ միտումներ նկատւէին թիւրք ժողովրդի աչքում։ Կառավարութիւնն էլ իր հերթին աշխատում էր հրահրել տհաս ժողովրդի մոլեռանդութիւնը եւ նրա մէջ վառ պահել ազգային խտրականութեան ոգին։ Այսպիսի աննպաստ պայմաններում պիտի ծաւալւէր հայկական յեղափոխական շարժումը։ Երկրի ներսում նա դաշնակիցներ չունէր երկու խիստ կարեւոր ազգային մարմիններից թիւրքերից ու քրդերից։ Իսկ երկրից դուրս տիրում էր եւրոպական պետութիւնների մրցութիւնը, որ դարձեալ հայերի օգտին չէր խօսում։ Մանաւանդ հայերի համար աննպաստ քաղաքական գիծ էր վարում Ռուսաստանը։ Նա հայերին հալածում էր իր պետութեան սահմաններում եւ Պիղատոսի դատաստանով խրախուսում Թիւրքիային անգթութիւններ գործելու Հայաստանի թիւրքական բաժնում։

Այսպիսի ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում հայոց ազգային շարժումը, անջատողական չլինելով եւ նոյնիսկ վերջին հաշւով հետապնդելով Թիւրքիայի բարենորոգումը, ուրեմն եւ հզօրացումը, պիտի պատրուակ ծառայէր թիւրք վարիչ շրջաններին ընդհանուր հալածանքներ սկսելու հայութեան դէմ եւ արեան մէջ խեղդելու նրա վերանորոգչական ջանքերը։

Այժմ այլեւս չեն վիճում հայերի տւած զոհերի քանակի մասին 1894-1896 թ. թ. ջարդերի ընթացքում։ 300000 մահացեալներ ահա այն նախճիրը, որ կազմակերպեց Թիւրքիան։ Հայութիւնն ահաբեկւեց ֆիզիքապէս եւ տնտեսապէս։ Նա ոչ միայն քաղաքական ոչինչ չշահեց իր զոհերի դիմաց, այլ եւ կորցրեց այն իրաւունքների փշրանքները, որ վայելում էր առաջ։ Հայկական շարժումն իր աղէտալի հետեւանքներով ապացուցեց, որ իրաւունքն ոյժի կողմն է, իսկ ոյժը պակասում է հայերին։ Լոկ արդարութեան պահանջով չփլւեցին թիւրքական Երիքովի պարիսպները, այլ ընդհակառակը, խարխուլ դարձաւ հայկական խրճիթը։ Խարխուլ դարձաւ այն աստիճան, որ բռնաւորը մտաւոր յղացում ունեցաւ բրել ու յատակել այդ փլեկն եւս։ Եւ յետագայում նա իրագործեց իր այդ դժոխային մտածումը։

Հայկական դատի պատմութիւնը չենք գրում այստեղ, որ աւելի հանգամանօրէն լուսաբանենք թիւրքահայ ժողովրդի շուրջն եղած իրադարձութիւնները։ Մեր նպատակն է ապացուցել, որ ռուսահայերի հասարակական զարգացումը նրանց տարաւ դէպի ազգային անկախութեան եւ հայրենիքի գաղափարը, որ հայ հայրենիքն որոնւեց Հայաստանի թիւրքական բաժնում եւ որոնողները հանդիսացան մեր յեղափոխական կուսակցութիւնները։ Ծանօթացանք եւ այդ կուսակցութիւնների ծրագրներին ու կատարած գործերին, ըստ որում տեսանք, որ նրանց արածն ազնուացրեց հայի նկարագիրը, բայց փշրեց նրա ողնաշարը։ Գուցէ ստրկական զգացողութեամբ հայը հաշտւում էր իր վիճակի հետ։ Պայծառացած հոգով նա վանդակում փակած բազէ էր։ Կտուցով, թեւերով ու չանչերով կամեցաւ փշրել վանդակի ճաղերը, բայց միայն անդամալուծեց իր առնական մարմինը, բեկումն պատճառելով եւ իր հոգու թռիչքներին։ Այդպէս էր նա դարավերջին Թիւրքիայում։ Իսկ ի՞նչ էր շահել այդ վիճակի հեղինակներից մէկը՝ հայութեան ռուսահայ հատուածը։ Ճոխացե՞լ էր նրա ոգին, քաղաքական հասունութի՞ւն էր նուաճել նրա պատուանդանը կազմող գիւղացիական-աշխատաւորական մասսան։ Տեսնե՛նք։

Անպայման, հայրենիքի որոնումը ճոխացրել էր ռուսահայի ոգին։ Կշեռքի եւ չափի մարդ քաղաքում, արօրի ու մանգաղի սպասաւոր գիւղում՝ նրա ոգին պատմականօրէն պատկանում էր նիւթական աշխարհին։ Լաւ էր թէ վատ այդ աշխարհը՝ չխօսենք դրա մասին, բայց միշտ յիշենք, որ նա հասարակական վսեմ բնազդներ չէր պատուաստում հային, այլ օրէցօր ներքինացնում էր նրան։ Պէտք էր մի փոթորիկ, որ ցնցէր հային, պատանեկական աւիւն ներարկէր նրա ընդարմացած ջղերը, գունաւորէր այն հին աւանդութիւնը, թէ բնաւ մեռած չէ նրա հոգին, այլ նիրհում է շղթաների տակ, եւ այդ փոթորիկը քաղաքական վերածնութեան պրոպագանդն էր։ Դժբախտաբար այն դատապարտում էր ռուսահային մի ինքնօրինակ վիճակի տեղահան էր անում նրա ոգին, կրաւորական գոյութեան ենթարկում մարմինը։ Ռուսահայը ֆիզիքականով, բացի սակաւաթիւ ընտրեալներից, ամուր նստած էր ռուսական ծայրերկրում, հաւատարիմ հպատակ էր, օրինակելի աշխատաւոր։ Բայց հոգով նա իր ապրած տեղը չէր։ Այդ հոգին սաւառնում էր Վանում, Կարինում եւ Մուշում, հոգով նա «վեր քաշւած» էր, ինչպէս մեր գիւղացիներն են ասում։ Ռուսական բռնութիւնները նա հանդուրժում էր զարմանալի տոկունութեամբ։ Կարծես Ռուսաստանը մի ժամանակաւոր կայան է, մի երկրաւոր աշխարհ, ուսկից նա պիտի չուէր դէպի մշտնջենականը, դէպի երկնայինը։ Նա զգում էր իր ողջ էութեամբ, որ իր առաջաւորներն ու լաւերը սահմանից դէնը ձեռնամուխ են եղել մի սուրբ գործի, որի յաջողութիւնից էր կախւած իր վիճակի հիմնական բարւոքումը։ Ինքը «անտէր» էր եւ «անգլուխ»։ Տէրն ու գլուխը պիտի յարութիւն առնէին «Հայաստանում», որի տակ հասկացւում ու ճանաչւում էր հին հայրենիքի թիւրքական բաժինը միայն։ Ազգային օջաղը ջերմութեան, սիրոյ եւ հովանաւորութեան այդ կենտրոնը, նրա մտքի դաշտում բորբոքւում էր դարձեալ իր բնակած վայրից դուրս, սահմանից այն կողմը։ Այդ օջաղին էր մեկնում նա իր բազուկները եւ լաւագոյն զաւակների արիւնով անմար պահում նրա կրակը։ Հայն այնքան չէր պայքարում օջաղի նուաճման համար, որքան աղօթում ու պաշտամունք կատարում։ Աղօթքը սրբում եւ ազնուացնում էր նա հոգին, բայց թուլացնում մարմինը։ Այդ հոգին դառնում էր դեգերումների սիրահար, ակնկալութիւնների գերի։ Նա թաթախւում էր ռոմանտիզմի ծովում։ Եւ զարմանալիօրէն գործնական առտնին կեանքի հարցերում՝ հայը ծայրայեղօրէն իդէալիստ էր քաղաքականի մէջ։ Այդ իդէալիզմը նրան զովացնող ցօղն էր, բայց եւ խորխորատը առաջնորդող հեղեղը։

Իդէալիստ էր հայը, երբ Ռուսաստանի աջակցութեան կամ բարի վերաբերմունքի մէջ էր որոնում իր քաղաքական ծրագրի իրագործումը։ Այդ պետութեան հետ նա կապել էր ազատագրական բարձր առաքելութիւն։ Նրա հողերի ծաւալումով էր ինքն ազատւել թիւրք-պարսկական անարգ լծից։ Եւ բնական էր համարում, որ հինաւուրց քաղաքականութիւնը չի մոռացւել կամ չի ուրացւել։ Շարժել Ռուսաստանի զայրոյթը՝ դա թոյլատրելի չէր համարում հայ յեղափոխականների մեծագոյն մասը։ Կարելի էր տրտնջալ, դժգոհել, բարեկամաբար լուսաբանումներ անել, բայց ոչ ըմբոստանալ, մանաւանդ պայքարել։ Այս գործելակերպի հանդէպ էր, որ 90-ական թուականներին եւրոպական սոցիալիստներից ոմանք հայ յեղափոխականներին համարում էին ռուսական գործակալներ։ Եւ այդ գործելակերպը հայ մարդուն դաստիարակում էր ապոլիտիկ ուղիներում, դարձնելով նրան ռազմատենչ ռոմանտիկ Թիւրքիայի սահմաններում, կուլտուրական գառնուկ Ռուսաստանում։ Երբ մեր առաջին մարքսիստները յարձակւում էին հնչակեանների ու դաշնակցականների վրայ, թէ նրանք քաղաքականօրէն դիմազրկում են հայ բանւորին ու գիւղացուն դա մի կատարեալ ճշմարտութիւն էր։ Եւ հնչակեանն ու դաշնակցականը չէին փրկւում նրանով, թէ իրանց կուսակիցները ծանր խաչ են շալակում Թիւրքիայում եւ արիւնով ներկում իրանց ճանապարհը։ Ճիշտ է, կատարւում էր այդ խաչակրութիւնը, բայց մեր յեղափոխականները չէին ուզում իրանց պարզ հաշիւ տալ, որ ինքնաբերաբար շալակած խաչին ռուսական բռնապետութիւնն աւելացնում էր իր կողմից ծանր շղթաներ խաչակրի ոտքերին։ Իսկ իրանք, այդ յեղափոխականները, ռուսական շղթաներին աւելացնում էին եւ անծայրածիր խաւար նահատակութեան պատրաստւողի մտաւորին։ Ինչ էր ընդհանրապէս մեր յեղափոխականն այդ շրջանում։ Մի սահմանափակ մարդ, որի միտքը նիրհում էր, սիրտը բաբախում։ Այո՛, իրաւունք ունէին առաջին մարքսիստները, երբ դառնալով հնչակեաններին ու դաշնակցականներին, նրանց երեսովն էին տալիս, թէ դուք մթագնեցնում էք հայ աշխատաւորի քաղաքական միտքը։

Հայն ապրելով Ռուսաստանում՝ այդ երկրի քաղաքացին չէր զգում իրան։ Ուրեմն չէր իրականանում նոյնիսկ Ս. Նազարեանի խօսքը, թէ հայը քաղաքականօրէն ռուս է։ Եւ այս հանգամանքը տալիս էր անցանկալի հետեւանքներ, առաջին հերթին հասարակական բնազդի նուազումն եւ մտամոլորութիւն։ Հիւրն ընդհանրապէս շրջանկատ է լինում։ Ռուսաստանում իրան հիւր համարող հայը շրջանկատ էր գերազանցօրէն։ Նրա գլխին թափւում էին տարբեր տեսակի բռնութիւններ։ Նա այդ բոլորը տանում էր անմռունչ։ Նրա հարազատներն ողջակիզւում էին սահմանից այն կողմը։ Նրան արգելում էին կազմակերպել նոյնիսկ նիւթական օգնութեան գործը, որ մարդասիրական մի պարզ պարտականութիւն էր։ Եւ նա լուռ ու մունջ հպատակւում էր։ Նա իրան հաւատարիմ էր պահում ռուսական քաղաքական գծին, որ այսպիսով աւելի չվատթարացնէ այն արիւնակիցների վիճակը, որոնք արդէն տապակւում էին բռնութեան կաթսայում։ Ռուսահայը քաղաքականօրէն ուրանում էր իրան, որ յիշէ թիւրքահային։ Իր քաղաքական դրամագլուխը նա շահեցնում էր թիւրքահայի մէջ։ Նրա յաղթութիւնն ու պարտութիւնը, բարօրութիւնն ու սնանկութիւնը նաեւ իրան էին պատկանում, որովհետեւ բաժնետէր էր սկսւած գործի մէջ, բայց այնպիսի բաժնետէր որ հեռուից դիտում է գործը, ժպտում յոյսերի առիթով եւ մղկտում անյաջողութիւնների դիմաց։ Թիւրքահայ դատը ջերմացրեց ռուսահայի սիրտը, եղբայրասիրութեան բնազդներ պատուաստեց նրան, բայց քաղաքականօրէն դիմազուրկ դարձրեց նրան Ռուսաստանում, ռոմանտիկ ու արկածախնդիր Թիւրքիայում։ Սրտի ու մտքի աններդաշնակութիւնը, բնականաբար, արգասաւոր չէր կարող լինել։ Մենք ունեցանք ծով զգացում, մի պտղունց քաղաքական իմաստութիւն։ Եւ զգացումների ծովում, խեղդեցինք մեր ժողովրդին, խեղդեցինք այս բառի բովանդակ իմաստով։

Ինչ որ ընտրեալի լուսապսակ էինք ենթադրում մեր գլխին։ Թւում էր, թէ պէտք է գործադրել նուազագոյն մի ճիգ, որ հարազատների եւ օտարների օգնական երամները կուրծք ցըցեն մեզ համար։ Հարազատը հասաւ հայկական կանչին։ Եռանդոտները եւ սրբերը ընկան այդ կանչի ճանապարհին։ Ուժեղ օտարն էր, որ անտարբերութեամբ ականջ դրաւ մեզ եւ մխիթարութեան խօսք մրմնջաց միայն։ Թիւրքիայում ռուսահայը հայրենիք չնուաճեց։ Ռուսաստանում նա ուրացաւ այդ հայրենիքի գոյութիւնը։ Այսպէս եղաւ, որ մի տեղ նա չհասաւ մեռելահացին, մի ուրիշ տեղ զրկւեց կնունքից։ Աւելի տխուր վախճան անկարող էր տալ հայ յեղափոխական շարժումը, որովհետեւ այն սկզբից ընթացաւ ռուսահայերի խնամակալութեան ներքոյ ու թիւրքահայերի կրաւոր հպատակութեամբ։ Առաջինների մէջ պակասեց պատասխանատւութեան հասկացողութիւնը, վերջինների մէջ ինքնագործունէութեան փրկարար յատկութիւնը։ Ազատարար հերոսներ այս կողմից, ակնկալող հպատակներ այն կողմը։ Մի անբնական կառուցուածք, որ կեանք ու արեւ չպիտի բաշխէր թէ մէկին եւ թէ միւսին։

Քաղաքականօրէն ռուսահայը դիմազուրկ դարձաւ։ Բայց նա հարկ մատուցեց եւ սոցիալական տհասութեան։ Այն քաղաքական ձեռնարկը, որ սկսել էր հայը Թիւրքիայում, դասային կամ հատուածային չէր, այլ ազգային իր համապարփակ եւ լաւագոյն իմաստով։ Ով սպասաւորում էր այդ ձեռնարկի կարիքները՝ նա չէր կարող եւ իրաւունք չունէր խտրութիւն դնել հայերի մէջ։ Խտրութիւն կարող էր լինել հաւատարիմի ու դաւաճանի, զոհաբերողի ու կծծիի նկատմամբ, բայց ոչ ունեւորի եւ չունեւորի, բուրժուայի ու բանւորի, կալուածատիրոջ եւ երկրագործի միջեւ։ Ինչպէս արտայայտւում էր Ս. Նազարեանը 60-ական թուականներին՝ «Ազգի օգուտը յառաջ տանելու համար՝ ո՛չ ով ծառայ չէ, ո՛չ ով պարոն չէ, այլ ամենեքեան պարտական են մշակ լինել, արդար եւ ջերմեռանդ մշակ, մեծատունը՝ իւր առատ արծաթովը, եւ գիտնաւորը՝ իւր աշխատասէր գրչովը»։ Այսպէս էր պատգամը, բայց համապատասխան չդասաւորւեց գործը։ Պահանջւում էր բոլորի ծառայութիւնը, բայց միայն սակաւները յանձն առան ծառայական յոգնութիւնը։ Պարոնները չհրաժարւեցին իրանց արտօնեալ վիճակից, մանաւանդ թէ արծաթից։ Գիտնաւորը աշխատասէր եղաւ իր գրչով, բայց յորդեց ոչ թէ գիտութիւն, այլ կիրք ու զգացմունք, հոգեւոր մշուշ մատակարարելով ծառաների մտքին։ Եւ քաղաքական պարտութեանն եկաւ զուգորդելու սոցիալական գիտակցութեան մթութիւնը։

Հայ-հայրենիքի որոնումը մի ընտանեկան յարկի տակ կանչելով պարոնին եւ սպասաւորին՝ սոցիալականօրէն դիմազուրկ դարձրեց վերջինին։ Կռւել մեծատունների դէմ՝ նշանակում էր հրաժարւել նիւթական օգնութեան այն ակնկալութիւնից, որ կապւում էր նրանց հետ։ Այս համարձակ վճռին չէր գնում հայ յեղափոխականը։ Եւ բնականաբար նա լալիս էր բանւորի ու գիւղացու սեւ օրը, բայց չէր ուզում հասկանալ եւ սովորեցնել նրանց դասակարգային պայքարով տիրանալու երկրային բարիքներին։ Մեծատուններից նա գթութիւն էր հայցում հայ արտադրողների համար։ Հայ արտադրողներին նա ընտելացնում էր մեծատունների հպատակութեան ու շնորհներին։ Եւ այսպիսով սոցիալական խոնարհութեան արատը ներս էր սողոսկում մեր բանւորի ու երկրագործի հոգին ու կաշկանդում նրա հասարակաշէն եռանդը։ Սոցիալական հողի վրայ նա ներգործօն աշխատանքի չէր սովորում, այլ կրաւորական ենթարկման։ Ներգործօն էր նա ազգային հարցի մէջ, երբ մանաւանդ խնդիրը վերաբերում էր թիւրքին։ Արդիւնքն՝ ազգային անհամբերատարութիւն եւ սոցիալական մեկուսացում։ Այսպէս դաստիարակեց հայ յեղափոխութիւնը մեր աշխատաւորին։ Քաղաքականօրէն դիմազուրկ, սոցիալականօրէն խոնարհ ու ակնկալող, ազգային հասկացողութիւնների մէջ անհամբերատար։ Եւ դուրս եկաւ, որ լաւ սկզբունքը վատ գործադրման կամ անբարենպաստ պայմանների շնորհիւ տուաւ անյաջող պտուղ։ Յեղափոխական վերամկրտութիւնն անկարող եղաւ ազատել հայ ազգը եւ նրա աշխատաւորին այն վտանգից, որի մասին գուշակել էր երախտաւոր Ս. Նազարեանը «Կռոնոս շատակեր ծերունին սովոր է կուլ տալ եւ ոչնչացնել ժամանակի անպիտան որդիքը»։

Հայ ժողովրդի հասարակական զարգացման էութիւնից էր բղխում այն հարցը, թէ քաղաքականօրէն ինչ պիտի լինի նա, ռո՞ւս արդեօք թէ հայ։ Պատասխանն էլ մտացածին կամ հիմնազուրկ չէր, երբ ասում էր, թէ տւեալ պայմաններում հայութեան անկաշկանդ զարգացումը զուգադիպում է նրա քաղաքական ազատագրութեան եւ սեփական հայրենիքի ու պետականութեան նուաճման հետ։ Ռուսաստանն ինքնուրացում էր, թիւրքական Հայաստանն ինքնագտնումն։ Փրկութեան ելքը ճիշտ էր մատնանշւած, յեղափոխական միջոցն ուղիղ ընտրւած եւ վճռական խօսքը կախւած էր այն նիւթական ու բարոյական ոյժից, որ հասարակական զարգացման հետեւանքով իր մէջ մթերել էր հայութիւնը։ Բայց այստեղ էր, որ սայթաքւեցին յեղափոխական ծրագիրները։ Սայթաքւեցին այն պատճառով, որ մեռելն ամուր բռնեց ողջի փէշից եւ նրան էլ իր հետ գերեզման առաջնորդեց։ Քաղաքականօրէն ռուս թէ հայ՝ այս երկընտրանքն էր ծառացել մեր նախորդների առաջ։ Հա՛յ, պատասխանեցին նրանք եւ ձեռնամուխ եղան հոյակապ տաճար կերտելու իրանց դաւանանքի համար։ Բայց տաճարը կերտւեց հոգիների մէջ՝ առանց նիւթական մարմնացման հողի վրայ։ Ինչո՞ւ։ Որովհետեւ այն ազգը, որ կոչւում էր այդ մեծագործութեան, ինքն այլանդակ կառուցուածք ունէր եւ չէր կարող մի ներդաշնակութիւն ստեղծել, երբ ծուռ էր նրա մէջքը եւ խանգարւած նրա հոգին։ Սապատաւորը Վահագն չդարձաւ։ Այդ էակին այցելեց Վահագնի խիզախութեան կարօտը, որը եւ տոչորեց նրա հոգին։ Յօժար էր հայութեան հոգին քաղաքական կեանք ստանալու, բայց տկար էր նրա մարմինը։ Աւելի տկարացաւ այն, երբ մուրճահար եղաւ թիւրքական բռնութեան եւ ռուսական չար կամքի տակ։ Տանտալոսի չարչարանքը չէ՞ր կրում արդեօք հայութիւնը, երբ հոգեւորով նուաճել էր ազգ ու հայրենիք, իսկ մարմնաւորով իր սապատի վրայ էր ընդունում թիւրք-ռուսական հարուածները։ Դաժան էին արտաքին պայմանները հայկական ազատագրութեան համար։ Բարեկամութեան մասին խօսել քաղաքական հարցերում՝ ասել է ծիծաղելի լինել։ Ցաւը նրանումն է, որ հայկական ազգային ձգտումները չէին ներդաշնակում արտաքին ոյժերի կամեցողութեան հետ։ Եւ այստեղ մեր ժողովուրդը մեն-մենակ էր եւ իր ճակատագրին թողնւած։ Գուցէ սա այնքան էլ աղէտալի չլինէր, եթէ յեղափոխական պայքարում ամուր լինէր ազգային շաղախը։ Ամուր լինէր անհրաժեշտութիւնից բղխւած եւ ոչ թէ իդէալիստական թռիչքների հրահրումով։ Այս էր, որ պակասում էր մեզ։ Պակասում էր պատմական արատաւոր ժառանգութեան շնորհիւ եւ ռուսացման բուռն քաղաքականութեան երեսից։ Հանդուրժել եղածը՝ նշանակում էր կորցնել ու այլանդակւել։ Պարզել պայքարի դրօշակ՝ նշանակում էր անհամեմատ խոշոր զոհեր տալ վսեմութեան աստծուն։ Այս վերջին ուղին ընտրեց մեր հասարակական եռանդը։ Եւ շնորհիւ այն նախճիրների, որ տեղի ունեցան հայկական ռազմական ճակատում, հիմնական հարցը մնաց անլուծելի եւ աւելի եւս մտահոգիչ։

Ռո՞ւս թէ հայ՝ այս հարցով փակւեց դարավերջը։ Պատասխանը պիտի տար հաւաքական հայութիւնը, որը, կրկնում ենք, այլանդակ կառուցուածք ունէր եւ սառը ջուր էր մաղում բոլոր նրանց գլխին, որոնք չէին այրել իրանց հոգու թեւերը։



[1] «Դիւան Հայոց Պատմութեան», Գիրք ԺԳ, Թիֆլիս, 1915, էջ 57։

[2] Անդ, էջ 269-270։

[3] Անդ, էջ 271-272։

[4] «Գործ», 1917, Մարտ, էջ 7-14։

[5] «Արմէնիա»ի յուշարար, Մարսէյլ, 1890։

[6] Հնչակեանների մասին տրւած տեղեկութիւնները հաղորդել է Ռ. Խանազատեանը։

[7] «Դրօշակ», 1891, N1։

[8] Այս Յակոբ Սարկաւագի մասին մեր առաջին յեղափոխականներից մէկը, այժմ հանգուցեալ Ենովք Գեւոնջեանը, հաղորդել է տողերիս գրողին հետեւեալը. Յակոբ թիւրքահայ էր, ամուր եւ յաղթանդամ կազմուածքի տէր մարդ, ճարպիկ, հմուտ քրդական բարբառներին ու սովորութիւններին, այնպէս որ կարող էր զարմանալի կերպով այլակերպւել եւ ցանկացած մարդը ձեւացնել իրան։ Նա եկել էր Այսրկովկաս զէնք ու մտաւորականներ խնդրելու, միմիայն այդ։ Եղել է Կարսում, Ալէքսանդրապոլում եւ Թիֆլիսում։ Ռուսահայերը նրա շլինքին են փաթաթում մարտական խումբ անցկացնելու գործը։ Նա թէեւ համաձայնւում է, բայց զանազան պատրուակներով աշխատում է յետաձգել խմբի Թիւրքիա անցնելը, հասկանալով, որ դա հասարակ արկածախնդրութիւն կը լինի եւ օգուտ չի բերիլ հայերին։ Յակոբն այդ պատճառով կասկածւում է դաւաճանութեան մէջ եւ սպանւում Կուկունեանի խմբի անդամներից մէկի ձեռքով։

[9] «Բռնութեան դէմ», Աթէնք, 1891, էջ 45։

[10] Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւնը մինչեւ 1892 թ. նոյնպէս կենտրոնացման կողմնակից էր։

[11] «Կարնոյ յիշատակին», Վիէննա, 1896, էջ 79։

[12] Վարդպատրիկեանն իր յեղափոխական գործունէութեան վերջին շրջանում դաշնակցութեան քննադատողներից մէկն էր։ Իր հերթին կուսակցութիւնը մեղադրում էր նրան դրամական զեղծարարութեան մէջ։ Սպանւեց, ըստ երեւոյթին Հ. Յ. Դ. որոշումով1907 թ. դեկտ. 22-ին . տ. ) Բոլգարիայի Րուսչուք քաղաքում։

[13] Վարդօ՝ «Տասը տարի Հ. Յ. Դ. մէջ», Վառնա, 1906, էջ 56։

[14] Տեղեկութիւններ քաղում ենք հետեւեալ աղբիւրից Ա. Նորեան՝ «Դրւագներ Հ. Յ. Դ. գործունէութիւնից», 1917, Բօստօն։