Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա. ԵԿԵՂԵՑՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

  Եկեղեցու որոշման մէջ (տե՛ս Ա գիրք, 15  երես) մենք զանազանեցինք երկու մաս` տեսանելի եւ անտեսանելի, անտեսանելին հաւատն է, որի վրայ Յիսուս հաստատեց անդրդուելի հիմքերով Իւր եկեղեցին. տեսանելին այն անհատներն են` ժողովուրդը, որը Քրիստոսի հաւատքով միացած, կազմում է հաւատացեալների հասարակութիւնը: Այս հասարակութիւնը ի՞նչպէս է կազմւում, ո՞վ իրաւունք ունի դրա անդամ համարուելու, ի՞նչ իրաւունքներ եւ պարտաւորութիւններ ունի անդամը. փորձենք տեսնել:

 

Ա գրքի մէջ եղած եկեղեցական կանոնների համաձայն` սկզբնական եւ հիմնաւոր միջոցը, որով կարելի է եկեղեցու անդամ լինելու իրաւունքը եւ պարտաւորութիւնները ստանալ, է մկրտութիւնը դրոշմով, եւ պաշտօնապէս միանալը եկեղեցու հետ առանց կրկնամկրտութեան, եթէ միացողը արդէն նախկին իւր եկեղեցու մկրտութիւնը ընդունած է:

 

Իւրաքանչիւր մարդ, որը կընդունի եկեղեցու դաւանութեան եւ սահմանադրութեան համաձայն մկրտութիւն, կհամարուի եկեղեցու անդամ եւ ձեռք կբերի եկեղեցական իրաւատիրութիւն: Այսպէս էր ընդհանուր կանոնը բոլոր եկեղեցիների համար մինչեւ նրանց ըստ դաւանութեան բաժանումն: Բայց, նախ քան բաժանումն, երբ առաջացան զանազան աղանդներ, հերձուածներ, որոնցից մեծամասնութիւնը ընդունում էր քրիստոնեայ անունը, իսկ դաւանանքի մէջ տարբեր հայեացք էր մտցնում, երբեմն չընդունելով մկրտութիւնը, երբեմն մկրտելով ոչ ընդհանուր եկեղեցու սահմանածի համեմատ, այլ երեք որդու, կամ երեք հօր անունով, այդպիսի անձինք եկեղեցու ծոցը մտնելիս, չէին կարող ընդունուել առանց իրանց նախկին մոլորութիւններից հրաժարուելու, իսկ եթէ դրանք եկեղեցու սահմանած կարգով չէին մկրտուած, պէտք է ընդունուէին միմիայն կանոնաւոր մկրտութեամբ-դրոշմով, մկրտութիւն ստացած լինելու դէպքում այդպիսիները հրաժարւում էին իրանց բոլոր մոլար վարդապետութիւններից ընդհանուրի առաջ եւ եկեղեցու անդամ համարւում եպիսկոպոսի օրհնութեամբ՝ նրա ձեռքը գլխներին ընդունելով (Նիկիայի 8, 7, 11 կ., Բարս. ):

 

Այս վերջին դէպքի նման էին վարւում եկեղեցիները՝ բաժանումից յետոյ, մէկ դաւանութիւնից միւսը անցնելու ժամանակ, նորեկը միայն հրաժարւում էր նախկին դաւանութիւնից առանց ենթարկուելու կրկնամկրտութեան:

 

Հին եկեղեցում մկրտուողը պիտի անշուշտ պատրաստուէր մէկ, երկու, երեք տարի, մինչեւ որ կատարեալ հասունութեամբ եւ նախապատրաստութեամբ  արժանանար մկրտութեան:

 

Կանոնաւոր մկրտութիւնը լինում է երեք անգամ ընկղմամբ (Մատթ. ԻԸ 19), Բ առ. 49 եւ 50 կանոններով (տե՛ս Ա գիրք, 81-82 եր. ), ով այսպէս չի մկրտիլ, կզրկուի կարգից: Բացի ընկղմումից հին եկեղեցում գործ էր ածւում եւ սրսկման ձեւը, երբ հիւանդ էր մկրտուողը, կամ ջուրը քիչ էր, այսպիսի ձեւով մկրտուածը կղերում չէր ընդունւում, որովհետեւ այդպիսի դէպքերում մկրտուած անձի կատարեալ հաւատք եւ հասունութիւն ունենալուն վերաբերմամբ միշտ կասկածներ էին յարուցանւում:

 

Սրսկմամբ մկրտութիւնը գոյութիւն ունէր արեւմտեան եկեղեցում. Գրիգոր Զ Պապը հրամայեց կատարել ընկղմամբ. թոյլ էր տրւում նոյնպէս միանգամով եւ ո՛չ երեք ընկղմամբ, օրինակ` Իսպանիայում, իսկ Միլանում միայն գլուխն էին ընկղմում ջրի մէջ առանց մարմինը թրջելու (տես Пр. соб., 1858 г. обз. церк. пост. ): Մեր եւ յունաց եկեղեցին մկրտում է երեք ընկղմամբ ըստ Բ առ. կանոնաց: Նախկին դարերի մեծահասակների մկրտութիւնը տեղի տուաւ փոքրների, որոնց համար եկեղեցին սահմանեց երաշխաւորներ, այն պայմանով որ երաշխաւորները (կնքահայրերը) պատրաստէին մանուկներին` համաձայն եկեղեցու վարդապետութեան ու քրիստոնէական կրօնի ոգու եւ պատասխանատու լինէին նոր մկրտուածների փոխարէն հասարակութեան առաջ:

 

Այսպիսով մկրտութիւնը թէ մեծերին եւ թէ փոքրերին՝ երաշխաւորների միջոցով, իրաւունք է տալիս եկեղեցու անդամ լինելու եւ իրաւատէր համարուելու:

 

Այստեղից ծագում է մի ուրիշ անմիջապէս կապ ունեցող հարց, արդեօ՞ք եկեղեցու անդամ լինելը կախուած է մարդուս ազատ կամքից եւ անձնական տրամադրութիւնից, թէ ո՛չ: Եկեղեցու կանոնները ասում են, որ առանց եկեղեցու չկայ փրկութիւն, առանց եկեղեցուն պատկանելու եւ նրա միջոցով իրականացնելու կեանքի մէջ հոգեւոր բարձր նպատակներն ու գաղափարները՝ չի կարելի, ճշմարիտ քրիստոնեայ լինելու համար, պէտք է պատկանել եկեղեցուն` իբրեւ միակ փրկող հաստատութեան աշխարհիս մէջ:

 

Միայն պիտի ի նկատի ունենալ, որ այդ անհրաժեշտութիւնը ստիպողական չէ, հապա բարոյական, իւրաքանչիւր մի նոր մտնողից պահանջւում է գիտակցական հաւանութիւն եւ կատարեալ պատասխանատւութիւն իւր արածների վերաբերմամբ: Ուստի եւ հիւանդ ուղեղով եւ կամքով մարդիկ չպիտի թոյլտւութիւն ստանան մկրտուելու. Տիմոթէոս Աղեքսանդրացին 2 եւ 4 կանոններով արգելում է այսահարներին մկրտել մինչեւ չառողջանան կամ, վերջին դէպքում, միայն մեռնելիս: Կարթագենի 54 կանոնով հիւանդները միայն այն ժամանակ էին թոյլատրւում մկրտութեան, երբ անկարող լինելով անձամբ՝ բերանով դաւանելու քրիստոնէութիւնը, նրանց փոխարէն մի ուրիշն իբրեւ երաշխաւոր վկայում էր: Հասակաւոր մկրտուողներին երկար ժամանակամիջոց էին նշանակում դաւանութեան հետ լաւ ծանօթանալու համար, գիտակցութեամբ եւ հասուն խելքով ըմբռնելու քրիստոնէութիւնը եւ ապա մկրտուելու (տե՛ս Ա գիրք, 110, 161), այս բանը պարզ երեւում է մկրտութեան խորհուրդը կատարելու ժամանակ քահանայի արած աղօթքներից եւ նրա տուած հարց ու պատասխաններից (տե՛ս Մաշտոց, կարգ մկրտութեան):

 

Այդ տեսակէտով արդեօ՞ք երախաների մկրտութիւնը չի հակասում այդ կանոններին: Այդ մասին կանոնական սահմանադրութիւնները որոշում են այսպէս. որովհետեւ ծնողները, դաստիարակները եւ երաշխաւորները (կնքահայրեր) պարտաւորւում են անշուշտ կրթել եւ դաստիարակել իրանց մանուկ մկրտուածներին այնպէս, ինչպէս պահանջում է եկեղեցական կարգ-կանոնը, որ նրանք պատասխանատու են հասարակութեան առաջ իրանց յանձն առած սուրբ պարտականութեան համար, ուստի եւ եկեղեցին թոյլ է տալիս մեծերի պատասխանատւութեամբ փոքրերին մկրտել` մինչեւ իսկ մերժելով նրանց, որոնք իրանց որդւոց չէին մկրտում: Փոքրերի մկրտութիւնը սկսուած է հէնց առաքեալների ժամանակ, երբ պելագիանները այդ մերժում էին, այն ժամանակ Կարթագենի ժողովը նզովեց դրանց եւ բացատրեց, որ փոքրերի մկրտութիւնը ազատում է նրանց Ադամայ մեղքից: Յուստինիանոսի օրէնքներով խիստ պատժի սպառնալիքներով հրամայւում էր մկրտել իրանց որդիներին (Սօկօլով, 210 եր. ): Մինչեւ իսկ եկեղեցին իւր խնամքին է վերցնում եւ մկրտում բոլոր դէն ձգուած, գերութեան մէջ մնացած, այլ միջոցով գտնուած անտէր երախաներին` կնքահայր նշանակելով սարկաւագներին եւ սարկաւագուհիներին եթէ մկրտուողներն աղջկերք են:

 

Հնուց  սովորութիւն  էր  երաշխաւոր  (կնքահայր)  նշանակել  այնպիսի անձանց, որոնք կարող էին իրանց անմիջական հսկողութեամբ կրօնական դաստիարակութեամբ կրթել մկրտուածներին, դրա համար սարկաւագները եւ կանանց համար` սարկաւագուհիները համարւում էին ամենայարմարը, որոնք կկարողանային պատասխանատւութիւնը վերցնել իրանց վրայ: Կանանց համար հէնց առաջին դարուց սկսած սարկաւագուհիներ նշանակուեցին, ոչ միայն կնքամայր լինելու, այլ եւ մկրտութեան մէջ մասնակցելու, սրանք կանանց մկրտում էին աւազանում, իսկ եպիսկոպոսը կամ քահանան վարագոյրի արանքով օծում էին մեռոնով յետոյ արդէն կնքահայրութիւնը դարձաւ հանրական, իւրաքանչիւր մարդ իւր ծանօթին, ազգականին կանչում էր մկրտութեան ժամին եւ մկրտուածին տալիս նրա գիրկը, առանց նախկին դարերի խիստ պատասխանատւութիւնը սանիկի դաստիարակութեան վերաբերմամբ նրա վրայ բարդելու: Մկրտութիւնը կատարւում էր ըստ հրէական թլպատութեան կարգին, եօթներորդ օրը, երբեմն ուշ, եթէ եղանակը վատ էր, երբեմն շուտ, եթէ մահուան վտանգ կար: Մեր կանոններով մկրտութիւնը կատարւում էր եկեղեցում, վատ եղանակի եւ հիւանդութեան դէպքում` տանը: Ոչ քրիստոնեայի՝ Հայոց եկեղեցու անդամ լինելու միակ միջոցն է մկրտութիւնը ըստ. ծիսի Հայոց եկեղեցու, քրիստոնեայ այլադաւանի` հայոց դաւանութիւն ընդունելու միջոցն է գրաւոր հրաժարուել նախկին դաւանական որոշումներից եւ բացարձակ եկեղեցում դաւանել Հայոց եկեղեցու ուղղափառութիւնը եւ նրա անդամ լինելը: Ռուսահայոց շրջանում դաւանափոխութիւնը լինում է պետական հաստատութիւնների  գիտութեամբ եւ թոյլտւութեամբ: