Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

Ե. ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

(Соколов, Церковное право. Церковные постановление о священстве, и о таинстве священства (Прав. собеседник 1859, 1857 гг. ); устройство церк. иерархии Пр. собесед. )

 

Եկեղեցու վարդապետութեամբ ձեռնադրութեան հետ միասին ձեռնադրուող անձը ստանում է առանձին հոգեկան շնորհքներ այդ աստիճանի համապատասխան գործողութիւններ կատարելու համար: Ձեռնադրութեան խորհուրդը` քահանայութիւնը, սահմանեց Քրիստոս` փչելով Իւր աշակերտների վրայ, տալով նոցա Հոգին Սուրբ (Յով. Ի 21-23). իսկ աշակերտները այդ շնորհքը եւ իրաւունքը տուին իրանց յաջորդներին ձեռնադրութեամբ (ձեռք դնելով) (Գործք Զ 6, ԺԴ 23, Ա Տիմ. Դ 14): Ձեռնադրութեամբ շնորհք տալու սովորութիւնը կար եւ Հին ուխտում, Յակոբ նահապետը ձեռքը դնելով օրհնեց Եփրեմին եւ Մանասէին, Մովսէս ձեռք դնելով իշխանութիւն տուաւ Յեսուին՝ սրբոյ շնորհքը հայցելով նրա վրայ օրին. ԼԴ 9): Նոյն ձեւով առաքեալները ձեռք դնելով Հոգին Սուրբ էին աղօթքով իջեցնում ձեռնադրուողի վրայ: Դիոնէսիոս Արիսպագացին այսպէս է նկարագրում իւր ժամանակի ձեռնադրութիւնը. «Ձեռնադրուող եպիսկոպոսը, երկու ծնկով չոքած զոհարանի (սեղանի) առաջ, գլխին բռնած ունենալով Աստծոյ խօսքը եւ եպիսկոպոսի ձեռքը, օրհնւում է` սրա միջոցով ընդունելով սրբազանութեան շնորհք. քահանան նոյնպէս չոքած զոհարանի առաջ՝ կողքից, գլխին բռնած ունենալով եպիսկոպոսի աջը, ընդունում է քահանայագործութեան շնորհքը: Սարկաւագը կողքից՝ չոքած զոհարանի առաջ մի ծնկովը, գլխին բռնած ունենալով եպիսկոպոսի աջը, օրհնում է, ստանալով (ծառայողի) սպասաւորողի աստիճան» (Прав. соб. 1867 г. ): Կարթագենի Դ ժողովի 2րդ կանոնով երկու եպիսկոպոս Աւետարանը բռնում են ընծայացուի գլխին, մէկը օրհնում է, իսկ միւսները ձեռքները դնում են գլխին եւ առաջինի հետ շարունակում օրհնութիւնը: Այս մասին խօսում են Առաքել. եւ Նիկ. կանոնները (տե՛ս Ա գիրք, 67 եւ 111 երես): Հոգեւորականութեան այդ երեք աստի ճանը գոյութիւն ունէր եւ Հին ուխտի մէջ. ա) քահանայապետը, բ) քահանաներ, գ) Ղեւտացիք: Առաջինները, Ահարոնից սկսած, ժառանգաբար ստանում էին քահանայապետութիւնը եւ օծւում էին իւղով ոչ միայն գլխի սրսկմամբ, այլեւ գլխից սկսած մինչեւ ոտքեր (Ղեւ. Է 12, Սաղմ. ՃԼԲ 2): Քահանայք Ահարոնի որդիներից էին` Եղիազարի ցեղից, 7 օր զոհ անելուց յետոյ ընտրւում էին իրանց պաշտօնում. (Ել. 29 գլ., Ղեւ. 8 գլ. ): Ղեւտացիք ծառայում էին քահանաներին. (Թուոց, գլ. Ը): Նոյն ձեւը համարեա մնաց քրիստոնէութեան շրջանում, սարկաւագները համարւում էին քահանայի օգնականներ եւ ծառայողներ. քահանայք` եկեղեցու սեղանում սպասաւորողներ. իսկ եպիսկոպոսները` ընդհանուր հսկող, տէր եւ տեսուչ: Ձեռնադրութեամբ տրւում է զանազան աստիճաններ. բարձր, որը միացած է քահանայութեան խորհուրդի հետ, եւ ստորին՝ որը քահանայութեան խորհուրդի հետ չի միացած, թեեւ ձեռնադրութեամբ է տրւում. առաջինը ծառայում է սեղանում, երկրորդը` սեղանից դուրս, եկեղեցու մէջ. առաջինը կատարում է նուիրապէտական պաշտօններ, երկրորդը միայն պատրաստւում է մտնելու նուիրապետութեան մէջ: Երկրորդը կրթւում է, հետեւողաբար զարգանում է այդ աստիճանների մէջ եւ ապա արժանանում ընդունուելու բարձր կարգի մէջ: Որովհետեւ բարձր շրջանը, սրբազնագործ պաշտօնեաները մեծ իրաւունքներ եւ պարտքեր են յանձն առնում կատարելու, ուստի եւ եկեղեցական կանոնադրութիւնը ամէն միջոց գործ է դնում սահմանել այնպիսի կանոններ, որոնց օգնութեամբ հնար լինէր հասարակութեան մէջի լաւ ոյժերը համախմբելու, կոչելու այդ պատասխանատու դերը յանձն առնելու: Այդ շրջանի մէջ մտնելու համար չի պահանջւում դասակարգային, ժառանգական կամ ազնուական դասի առաւելութիւններ, անխտիր ընդունւում են ամէն կարգի պատկանող անձինք, միմիայն արժանաւոր յատկութեամբ:

Բացառութիւն կազմում են կանայք, որոնք առաքելական սահմանադրութեան համաձայն` իրաւունք չունին սրբազնագործ պաշտօնեայի կարգեր կատարել, այլ իբրեւ սարկաւագուհի եւ ստորին պաշտօնեայ կարող են ծառայել եկեղեցում, այն էլ` տարիքը հասնելուց յետոյ. Եպիփանոսը ասում է` կանանց թոյլ չտալ պատարագ անել, հապա միայն պաշտօնակատար լինել, թէեւ հներում յիշւում են քահանայուհիներ, բայց նրանք չէին կատարում քահանայի պաշտօն, այլ այդ անունը կրում էին, որովհետեւ միւսների համեմատութեամբ աւագ էին (Սօկօլ., 228), Կորն. ԺԴ 34), Տիմ. Բ 12):

 

Այժմ տեսնենք` ի՞նչպիսի պայմաններ են պահանջւում ձեռնադրուողից, ի՞նչ յատկութիւններ են հարկաւոր ընդունուելու եւ չընդունուելու համար այդ շրջանի մէջ:

 

1) Հոգեւոր այդ ասպարէզը չեն ընդունւում այն պակասութիւն ունեցող անձինք, որոնց պակասութիւնները կարող են խանգարել եկեղեցական պարտականութիւնները կատարել, որ ասել է թէ` ոչ թէ մարմնական արատ ունենալն է պատճառ բերւում, այլ գլխաւորապէս պաշտօնը ճշտութեամբ կատարելու արգելքը, որը նկատւում է եւ մովսիսական օրէնքի մէջ (Ղեւ. ԻԱ 16), օրինակ` խլութիւնը, կուրութիւնը արգելք են լինում Բ առ. 78 կանոնով գիրք, 86 եր. ) մտնելու հոգեւորականութեան մէջ, բայց աչքով խեղը եւ ոտքից վնասուածը (86 երես), որը կարող է շարժուել եւ անխափան պաշտօն կատարել, եթէ արժանաւոր անձն է, կարող է մինչեւ իսկ եպիսկոպոսական աստիճանի հասնել, որովհետեւ Բ առ. 77 կանոնը (86 երես) ասում է՝ պղծողը ոչ թէ մարմնական արատն է, այլ հոգեկան: Նոյն կերպով եւ բնական ներքինին, կամ բռնի միջոցով այդ պակասութիւն ստացողը, եթէ արժանաւոր է, կարող է Բ առ. 21 կանոնով գ., 75 երես) հասնել բարձր աստիճանի: Իսկ ինչ վերաբերում է այն պակասութիւններին, որոնք վայել չեն եկեղեցական կարգեր կատարողին, ժողովրդի  յարգանքը, պատկառանքը վայելելու տեսակէտից, օրինակ` շեղ աչք, կաղ ոտք ունենալը, որոնք կարող են ծիծաղ յարուցանել պաշտօն կատարելիս, թէ եւ արգելական ոչինչ չկայ սրանց վերաբերմամբ, բայց այդ պակասութեան տէր անձանց առհասարակ չեն ընդունում այդ կարգի մէջ վերոյիշեալ անպատեհութիւնն առաջացնելու երկիւղից (Թադ. առ. 2 կանոն, Ա գ., 342 երես): Մարմնական պակասութիւնների մէջ մտնում են այն հիւանդութիւնները, որոնց տէրերը ուղիղ դատողութիւն, հասուն խելք չունին, կամ նրանք, որոնք շատ անգամ ենթարկւում են հոգեկան խանգարմունքների, այսպիսիներին Բ առ. 79 կանոնը գիրք, 86) անուանում է այսահարներ, որոց հետ կարելի է միացնել եւ խելագարներին, հոգեկան այլ եւ այլ խանգարմունք ունեցողներին, այսպիսի հիւանդութիւնները հարկաւ կարող են արգելք հանդիսանալ եկեղեցական պաշտամունքները սրբութեամբ կատարելու: Որովհետեւ եկեղեցու պաշտօնեայ ընտրւում են հասուն խելքով, առողջ հոգով եւ որոշ կամք ունեցող մարդիկ, ուստի եւ եկեղեցական կանոնները այդպիսի յատկութիւններ ձեռք բերելու համար որոշում են տարիքը՝ հասակը, ընդունելով, որ տարիքը փորձի, դաստիարակութեան, կեանքի եւ շրջանի մէջ շփուելուց յետոյ տալիս է կանոնաւորուած, քիչ ու շատ հաստատուն բնաւորութիւն. այդ հիմունքով զանազան աստիճանի համար նշանակւում են զանազան տարիքներ. այսպէս՝ քահանայի համար Նէոկեսարիայի 11 կանոնը նշանակում է 30 տարեկան հասակը գ., 145 եր. ). Թադ. առ. 3 կանոնը` 30 տարեկան գ., 342 եր. ), իսկ Սսի 3 կանոնը` 27 տարեկան գ., 315). սարկաւագի համար սահմանւում է ըստ Կարթագենի` 25 տ., ըստ Թադ. առ. ` 27, ըստ Սսի` 27 տ., կիսասարկաւագների համար` 20 տարեկան հասակ, սարկաւագուհիներին` 40: Աւելի ստորին պաշտօնեաների համար որոշ տարիք չկայ նշանակուած, միայն փոքր հասակից ընդունւում են միաբանութեան մէջ ո՛չ իբրեւ աստիճանաւոր, այլ իբրեւ պատրաստուող [1]: Հներում, ինչպէս երեւում է Կարթագենի 20 կանոնից, թոյլատրւում էր փոքրերին մասնակցել ընթերցողի, երգչի պաշտօնով ժամերգութեան մէջ, այսպէս էր եւ մեր եկեղեցում հներում եւ այժմ, թէեւ Զ տիեզերական ժողովը պահանջում էր, որ առանց օրհնութեան ոչ ոք ընթերցող եւ երգիչ չլինի եկեղեցում, բայց մեր եկեղեցին համարում էր այդ պաշտօնները ազատակամ եւ ո՛չ պարտաւորական եւ ո՛չ են- թարկուող ձեռնադրութեան կամ օրհնութեան, եւ այդ տիեզերական ժողովի սահմանածը ո՛չ պարտաւորեցուցիչ իւր համար, քանի որ Զ տիեզ. ժողովը չի ընդունւում Հայոց եկեղեցուց իբրեւ օրէնսդիր եւ հանրական: Եպիսկոպոսների համար, ըստ Թադ. առ. կանոնների, որոշւում է ո՛չ պակաս 30 եւ ո՛չ աւելի 50 տարեկանից. մանաւանդ որ Սարդիկէի ժողովի կանոններով ոչ ոք չի կարող եպիսկոպոսութեան հասնել առանց իւրաքանչիւր ստորադաս աստիճանում որոշ ժամանակամիջոց մնալուց, այնպէս որ ամենավաղ հասակը պիտի համարել 30 տարեկանը: Հռոմէական կարգերով փոքր աստիճանաւորների համար նշանակւում է 7-13 տարեկանը, կիսասարկաւագներին` 21, սարկաւագներին` 22, քահանաներին` 24, եպիսկոպոսներին` 30. Յուստինիանոսի 123 եւ 127 նովելլայով ոչ պակաս 30 տարեկանից հասակ է որոշւում եպիսկոպոսի համար (Սօկօլով, Գորչակով): Մեր մէջ այն կանոնները եւ տարիքների որոշ լինելը միշտ չէ պահպանւում, ժամանակի, հանգամանքների եւ այլ կողմնակի պատճառներով, օրինակ` ուսման, կրթութեան, միշտ փոփոխութեան է ենթարկւում ընտրեալների նշանակումը եւ աստիճան ստանալը, Գրիգոր Տղան կաթուղիկոս դարձաւ համեմատաբար շատ փոքր հասակում, ո՛չ աւելի, քան 30:

 

2) Ընտրեալի արժանաւորութիւնը կշռելիս մեծ տեղ էր բռնում բարոյական կողմը, նա պիտի լինէր բարոյական բոլոր յատկութիւններով բարձր ժողովրդից, ծանօթ քրիստոնէական հաւատի, պաշտամունքների, իւր պարտաւորութիւնների եւ եկեղեցական կանոնների հետ: Թէ առաքելական, թէ օտար մասնաւոր եւ թէ մեր ժողովների, ս. հարց, մեր կաթուղիկոսների կանոններով եւ սահմանադրութիւններով ընծայացուն պիտի լինէր ուսումնական, կրթուած, քարոզիչ, պատժւում էր մինչեւ իսկ նա, որ ընդունում էր տգէտին հոգեւորականութեան մէջ . Սահակի, Շնորհալու, Գէորգ Դ-ի, Ներսէս Ե-ի կանոնները, Ա գիրք, 360, 390, 422, 441 երեսներ): Ընծայացուի դաւանութեան եւ կրթութեան աստիճանը իմանալու համար քննութեան էր ենթարկւում եպիսկոպոսի ձեռքով, կամ գրաւոր ներկայացնում էր իւր հաւատոյ դաւանանքը, իսկ վարք ու բարքի կողմից վկայում էր ժողովուրդը ընտրութեան ժամանակ, առանց քաշուելու ամէն մի անգամ իրաւունք ունէր թուելու ընծայացուի լաւ եւ վատ կողմերը, բարոյական արժանիքը եւ պակասութիւնները. այդ հիմամբ եւ օտար անձը չէր կարող հովիւ ընտրուել մի որ եւ է ժողովրդի վրայ մինչեւ որ ժողովուրդը լաւ չճանաչէր, նրա մասին հաւաստի ճշգրիտ տեղեկութիւններ չժողովէր եւ հաստատ վկայութիւն չտար: Գէորգ Դ-ի կանոններում որոշ գրուած է թէ ընտրութեան կարգը եւ թէ ժողովրդի կողմից կազմելիք համախօսական թղթերի ձեւը եւ հոգեւոր իշխանութեան  ներկայացնելը  գ., 441  երես) Ընտրեալի  հասարակական դիրքը ունի որոշ կէտից նշանակութիւն. հներում, երբ հասարակական կար գը ուրիշ հիմունքներ ունէր, կար դասակարգ, որի անդամները, ծնուելով նոյն շրջանում, կապուած էին որոշ պայմաններով ուրիշ անձանց հետ, չէին կարող ազատ իրանց կամքով մտնել հոգեւորականութեան մէջ` խանգարելով ուրիշի իրաւունքը: Այդ դասակարգին պատկանում էին ստրուկները: Բ-առ. 82 կանոնով գ., 86 եր. ) ստրուկների` հոգեւորականութեան մէջ մտնելը պիտի լինէր միայն տիրոջ թոյլտւութիւնից եւ արձակումից յետոյ. տէրերը իրաւունք ունէին յետ կանչելու ստրուկներին, եթէ նրանք քահանայ կամ եպիսկոպոս չէին, կամ 20 տարի շարունակ չէին վարել եկեղեցական պաշտօն, կային, որոնք այդ պատրուակով խուսափում էին ստրկութիւնից: Նոյն համեմատութեամբ եթէ զինուորականը եւ քաղաքացիական ծառայութեան մէջ եղած անձինք չազատուեն իրենց ծառայութիւնից, չեն կարող հոգեւորական դառնալ:

 

4) Առաքելական թղթերի հիման վրայ իրաւունք չունէին հոգեւորականութեան մէջ մտնելու երկակները, երկրորդ անգամ պսակուածները, եւ աստիճանից զրկւում էին նրանք, որոնք երկապսակ էին: Ա Տիմոթ. Գ 2, 12 եւ Տիտոսի Ա 6 պարբերութիւնները սահմանում են, որ եպիսկոպոսը եւ սարկաւագը լինեն «միոյ կնոջ այր»: Երկապսակ աշխարհականները ապաշխարանքի էին ենթարկւում, իսկ չէին կարող հոգեւորական դառնալ Բ առ. 17 կանոնի համաձայն գ., 74 երես): Ձեռնադրութիւնից յետոյ պսակուելը արգելում է Լուսաւորչի 2 կանոնը գ., 352) եւ պսակուող քահանային ենթարկում է 9 տարուայ ապաշխարանքի: Բարսեղ Մեծը 12 կանոնով գ., 171) արգելում է եկեղեցու սպասաւորներին` ընթերցողներին եւ երգչին երկապսակ լինել, եթէ դրանց կինը կմեռնի պաշտօնում եղած ժամանակ, կարող են երկրորդ անգամ պսակուել ապաշխարանքի ենթարկուելով եւ այն պայմանով, որ  ցմահ  բարձր աստիճանի չկարողանան հասնել: Յուստինիանոսի 123 եւ 137 նովելլայով, եթէ մինչեւ անգամ պատահմամբ բարձր աստիճանի հասնէին երկապսակները, պէտք է յետ առնէին աստիճանները եւ նախկին սպասաւորողի վիճակի մէջ թողէին: Երկապսակ կոչւում էին եւ նրանք, որոնք պսակւում էին այրի կնոջ հետ, կամ անհաւատարմութեան պատճառով արձակուած կնոջ հետ: Եթէ անհաւատարիմ արձակուած կնոջ հետ ամուսնացած լինելը իմացւում էր ձեռնադրութիւնից առաջ, նա զրկւում էր հոգեւորականութեան մէջ մտնելու իրաւունքից: Եթէ աշխարհականի կինը մեղանչում է, ամուսինը հոգեւորական դառնալ չի կարող, իսկ եթէ ձեռնադրութիւնից յետոյ կինը մեղանչում է, նա կամ պիտի կնոջից բաժանուի, կամ զրկուի քահանայագործութիւնից գ., 8 կանոն, 144 եր. ), որովհետեւ եկեղեցու հայեացքով քահանան իւր ընտանեկան անաղարտ կեանքով պիտի օրինակ լինի ժողովրդին: Աւելի խստութեամբ է խօսում այս մասին Շահապիվանի ժողովի 2 կանոնը գ., 227) ոչ միայն քահանայի եւ կնոջ մեղանչման դէպքում, այլ եւ երբ քահանայի դուստրը, տղան կմեղանչեն, պէտք է մեղանչողները կամ իսպառ հեռանան իրանց տանից, կամ հեռացնուեն քահանայական տանից, ապաշխարանքի ենթարկուելով եւ զրկուելով եկեղեցու բաժնից. իսկ պոռնիկ աղախինը իսկոյն եւ եթ պիտի հեռացնուի այդ տանից: Նոյն կանոնով ոչ քահանան իրաւունք ունի երկրորդ անգամ պսակուելու եւ ոչ երէցկինը: Նոյն ժողովի 3 կանոնը գ., 229) զանազանում է կուսանի պսակը երկակի պսակից, երկակի կամ պոռնկութիւն արածի պսակը կատարւում է խաչակնքած ուռի ծառի ոստով եւ ո՛չ խաչ ու Աւետարանով: Լուսաւորչի 5-րդ կանոնը գ., 352) կուսանի պսակը երկապսակի հետ համարում է ոչ քաջալերական եւ ենթարկում է պսակուողներին 3 տարուայ ապաշխարանքի: Երկակ համարելի է եւ այն կացութիւնը, երբ մէկը պահում է հարճ, կամ կնոջ հետ միասին պահում է երկրորդ կին գ., 74 երես, 17 կանոն), այդպիսիները չեն կարող հոգեւորական դառնալ: Չէին կարող հոգեւորական դառնալ եւ նրանք, որոնք ազգակցական, խնամական եւ կնքահայրական չհաս աստիճաններում պսակուած էին, նոյնպէս եւ նրանք ամուսնացած էին ստրկուհու, անարգուած եւ անառակ կանանց հետ գ., 74): Երկակների այս կանոնները խստութեամբ գործնականութեան մէջ չեն գործադրուել, պատահում էին հանգամանքներին նայելով դէպքեր, երբ եկեղեցու կառավարիչները զիջողաբար էին վերաբերւում դէպի զանցառուները, Անկիւրիայի 10 կանոնը գ., 137) թոյլ է տալիս սարկաւագին պսակուել եւ ծառայութեան մէջ մնալ, եթէ ձեռնադրութիւնից առաջ յայտնել է եպիսկոպոսին այդ մասին, եւ եթէ պսակուելու իրաւունք է տուել եպիսկոպոսը: Լուսաւորչի 2 կանոնը գ., 352 եր. ) պսակուող քահանային 9 տարուայ ապաշխարանքի է ենթարկում առանց կարգալուծութեան: Թէոդորէտը ձեռնադրեց մէկ երկակի մինչեւ իսկ եպիսկոպոս, եւ երբ նրա վրայ յարձակուեցին, նա մատնացոյց արաւ իւր նախորդների վրայ: Անտիոքի Աղեքսանդր եպիսկոպոսը Ակակիայի հետ ձեռնադրեցին մի երկակի: Պոլսի Պրոկղ եպիսկոպոսը հաստատեց մի քանի երկակների ձեռնադրութիւնը:

Բինգամի կարծիքով` գործնականութիւնը այսպիսի դէպքերում խիստ զանազանւում էր տրուած կանոնների պահանջից (Սոկոլով, 241): Սոկոլովը 242-3 երեսներում հետեւեալն է ասում այդ մասին. այդպիսի բացառութիւններ լինում էր այն հիմամբ, որ այրու հետ պսակուելը կամ ձեռնադրութիւնից յետոյ պսակուելը հիմնւում էր գլխաւորապէս բարոյական մաքրութեան կատարեալ պահպանման վրայ եւ ո՛չ դաւանաբանական վճռահատութեան, շատ անգամ կոյսի վրայ պսակուելը չէր տալիս անարատ կեանքի բարոյական այն արժէքը, որը ենթադրւում էր ընդհանրապէս: Հին եկեղեցու «արգելքը ընդունել երկապսակներին չի բղխում այն միստիքական դաւանաբանական սկզբունքից պսակի մասին, որ իբր թէ միանգամով պսակն է՛ Քրիստոսի եկեղեցու հետ միանալու միստիքական ձեւակերպութիւնը, հապա նրանից, որ երկրորդ ամուսնութիւնը ենթադրել է տալիս բացակայութիւն բարոյական ողջախոհութեան, որը պահանջում է եկեղեցին իւր նուիրապետութեան անդամներից»: Հռոմէական եկեղեցին այնքան հեռու է գնացել այս խնդրում, որ արգելքները դարձրել է դաւանաբանական որոշումն, օրինակ` չընդունել բոլոր ապօրինի ծնուածներին [2], հերետիկոս ծնողների որդիներին մինչեւ երկրորդ աստիճան հօր կողմից եւ առաջի աստիճան մօր կողմից, թէկուզ որդիները ուղղափառ լինեն. բոլոր քրէական դատաւորներին, որոնք օրէնքի հիման վրայ մահուան են դատապարտում յանցաւորներին, դատախազներին, երդուեալ դատաւորներին եւ առհասարակ բոլոր մահուան պատիժ սահմանելում մասնակցողներին, անդամահատներին, որոնք իրանց գործողութեամբ մահ կպատճառեն մարդու, բռնի կերպով անպատուած կոյսի հետ պսակուողին կամ բռնի կերպով անարգուած կնոջ հետ կենակցող ամուսնուն:

 

5) Քրէական յանցանքներում բռնուած անձինք զրկւում են հոգեւոր ասպարէզ մտնելու իրաւունքից, սպանութիւն կատարողներ, աւազակութիւն եւ գողութիւն անողներ, կեղծիք կամ ստոր գործերում բռնուածները չեն կարող հոգեւորական դառնալ, նոյնպէս եւ կամաւոր կերպով իրանց ներքինիացնողները (տե՛ս Առաքելական, Նիկիական եւ Շահապիվանի կանոնները, Ա գ., 75, 110, 227 երես): Թեթեւ յանցանքներ են համարւում ակամայ եւ բոլորովին իրանից անկախ պատճառով արուած սպանութիւնը, ինքնապաշտպանութեան համար սպանութիւնը, բռնութեամբ եղած ներքինիացումը կամ իրան կամքից դուրս բժշկի միջոցով հիւանդութեան դէպքում եղած ներքինիացումն, այդպիսի դէպքերում եկեղեցին զիջողաբար է վերաբերւում եւ շատ անգամ ընդունում է իւր դասի մէջ: Բացի քրէական յանցանքներից, այն անբարոյական գործողութիւնները, որոնք մեղադրական ոչ մի արտաքին երեւոյթ չեն ներկայացնում, կամ, աւելի պարզ, չի կարելի դատի միջոցով հաստատել մեղադրանքները, զրկում են անհատին հոգեւորականութեան մէջ մտնելու իրաւունքից` ենթարկելով այդպիսի յանցագործներին իրանց սեպհական խղճի դատաստանին, այսպէս, օրինակ, ծածուկ մեղանչումը, երկու կողմի համաձայնութեամբ կատարած անառակութիւնը, այդ մտքով խօսում են Կեսարիայի 9 եւ 10 կանոնները գ., 142 երես): Եթէ այդպիսի անբարոյական գործերի մասին վկայութիւն է տալիս ինքը` ժողովուրդը, կամ ամբաստանւում է անհատը մի քանի վկաների կողմից, այդպիսի դէպքում ընտրեալը զրկւում է հոգեւորականութեան մէջ մտնելու իրաւունքից, այսպէս պարզ որոշում է Բ առ. 61 կանոնը գ., 83 երես): Թեր եւ դէմ կարծիքների տեղիք է տալիս այդ յանցանքների վաւերականութեան աստիճանը պարզելու խնդրում, սպանութեան հարցը. պատերազմի մէջ սպանութիւն կատարած զինւորը կարո՞ղ է հոգեւորական լինել, թէ՞ ո՛չ, կամ ապստամբ մարդկանց եւ մահուան դատապարտուած անձանց գնդակահար անող զինուորները, կամ պաշտօնեաները կարող ե՞ն հոգեւորական դառնալ, թէ՞ ո՛չ: Սուրբ հայրերից Աթանասը ոչ միայն թոյլ է տալիս, այլ եւ գովասանքի եւ պատուի է արժանացնում պատերազմի հերոսներին. չորրորդ դարուց սկսած մեր բոլոր հայրապետները ոչ միայն թոյլ էին տալիս այդպիսիներին հոգեւորական դառնալ, այլ եւ ինքեանք անձամբ սուր ի ձեռին պատերազմում էին թշնամիների դէմ` պաշտպանելով հայրենիք եւ եկեղեցի այդպէս  էին  Ներսէս  Մեծ Յովհան  Մանդակունի Յովսէփ Ղեւոնդ երէց, մինչեւ Ներսէս Ե, Վարդանանց պատերազմում նահատակուածները համարուեցին սուրբ: Բայց այլ կերպ է նայում խնդրի վրայ Բարսեղ Մեծը, նա 13 կանոնով գ., 171) 3 տարուայ ապաշխարանք է սահմանում պատերազմում սպանութիւն կատարողի համար եւ ապա թոյլ տալիս հաղորդուելու: Յունաց մեկնիչները պատմում են, որ երբ Փոկա կայսրը կամեցաւ նահատակների դասը կարգել պատերազմում սպանուածներին, եկեղեցու ներկայացուցիչները, օգտուելով Բարսեղ Մեծի կանոնով, չհամաձայնեցին կայսեր առաջարկութեան հետ, բայց երբ մի եպիսկոպոս եւ մի քանի քահանայ ասացին, որ իրանք էլ են մասնակցել պատերազմին եւ  կողմնակից դարձան կայսեր առաջարկութեան, այն ժամանակ ժողովը արգելեց վերջիններիս քահանայագործութիւն անել. յետոյ, ի հարկէ, մոռացութեան տրուեց Բարսեղ Մեծի կանոնը, եւ գործնական կեանքը տարաւ իւր յաղթութիւնը, ըստ յունաց մեկնիչների` այդ կանոնը խիստ է եւ ո՛չ համապատասխան բիւզանդական պետական կարգերին:

 

6) Բացի գողութեան, շնութեան, անառակութեան մէջ դատապարտուած անձինքներից, որոնք զրկւում են հոգեւոր ասպարէզ մտնելուց վերոյիշեալ հիմունքներով, եթէ մէկը երդմնազանցութեան, կախարդութեան մէջ բռնւում է, հաստատւում է վկայութեամբ եւ դատաստանով, զրկւում է նոյնպէս հոգեւորական դառնալու իրաւունքից. այդպէս սահմանում է Բարսեղ Մեծ իւր 64, 82, 83 կանոններով գ., 175, 176 եր. ) եւ Շահապիվանի ժողովը իւր 8, 9, 10 կանոններով գ., 233, 234):

 

7) Հոգեւորական դառնալուն արգելք էր հանդիսանում եւ վաշխ առնելը, խստիւ պահանջւում էր հոգեւոր անձերից հեռու մնալ այդ անվայել արարքից, իսկ աշխարհականներից նրանք, որոնք, ըստ Բարսեղ Մեծի 14 կանոնի գ., 171), յետ կտային` վաշխը բաշխելով աղքատներին եւ խօսք կտային շահասիրական գործերով չպարապել, իրանք կարող էին հոգեւորական դասը մտնել: Պետական օրէնքները այժմ էլ արգելում են վաշխառութեամբ պարապել` այդպիսի պարապմունքը համարելով ո՛չ մարդասիրական եւ օրինաւոր:

 

8) Պարզ է, որ հոգեւորական շրջանի մէջ մտնել չէին կարող հաւատուրացները, հերետիկոսները, պատահական կերպով մտածները անմիջապէս հեռացնւում էին այդ ասպարէզից` կարգազուրկ լինելով գ., 83 (62 կ. ), 115, 234 երես):

 

Ահա այս են այն ընդհանուր հիմունքները, որոնցով աշխարհական անձինք իրաւունք ունէին եկեղեցու պաշտօնեայ համարուելու. դժբախտաբար Հայոց եկեղեցու գործնականութիւնը խստութեամբ չի հետեւում այդ կանոններին, մեծ զիջողութիւններով է ընդունում ընծայացուներին, այն խստութիւնը կրթական ցէնզի նկատմամբ, որով ընտրւում են կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիներում ընծայացուները, նոյնը ո՛չ միայն չի գործադրւում Հայոց եկեղեցում, այլեւ զանցառութեան է դրւում այդ գլխաւոր կէտը:



[1]           Տե՛ս Ներսէս Ե-ի 83 կանոնը, Ա գ., 429 երես:

[2]           Տե՛ս ս. Սահակի 8 եւ 23 կանոնները գ., 363 եւ 364 երես):