Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

Զ. ՁԵՌՆԱԴՐՈՂ ԱՆՁԻ ԼԻԱԶՕՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոգեւորականութեան մէջ մտնելու համար, բացի այն խոչընդոտներից, որոնք մի առ մի թուեցինք, հարկաւոր է եւ իրաւունք ունեցող պաշտօնեայ, լիազօրութիւն ունեցող անձնաւորութիւն, որ կարողանայ նուիրեալ անձին ընդունի հոգեւոր կարգի մէջ: Ո՞վ պէտք է ընդունի, ո՞վ իրաւունք ունի ձեռնադրութիւն կատարելու:

 

Բ առ. 2 կանոնը, Նիկիայի 19, Անտիոքի 9, Լաւոդ. 26 կանոնները, Սահակի, Շնորհալու, Ներսէս Ե-ի, Գէորգ Դ-ի կանոնները գ., 68, 118, 153, 159, 369, 403, 424, 443 երես) սահմանում են, որ նուիրապետութեան մէջ գտնուած անձինքներից նա կարող է ձեռնադրութիւն կատարել, ո՛վ եպիսկոպոսութեան աստիճան ունի: Եպիսկոպոսական աստիճանի այդ իրաւունքը տրւում է յաջորդաբար հետեւորդներին` սկիզբ առնելով առաքեալներից: Բոլոր պաշտօնեաները ստանում են ձեռնադրութիւն, բացի ստորին սպասաւորներից, ընթերցողից, երգչից եւ այլն. յունական կանոններում տիեզ. ժող. 14 կան. ) քահանան ձեռնադրութիւն է տալիս ստորին պաշտօնեաներին իւր եկեղեցում սպասաւորելու, իսկ վանահայրը` իւր վանքում. յունաց մեկնիչները ասում են, որ ձեռնադրութեամբ եկեղեցական աստիճան տալով` ստորին պաշտօնեաներին իրաւունք է տրւում կղերի մէջ մտնելու. իսկ ռուս Յովհաննէս վարդապետը բացատրում է Բ հար. 539 երեսում, թէ ստորին պաշտօնեաների ձեռնադրութիւնը պէտք է հասկանալ՝ ձեռքը գլխին դնելով եւ օրհնելով թոյլ տալ եկեղեցում կարդալ եւ ո՛չ բուն ձեռնադրութիւն համարել: Կարթագենի կանոններով եւ մեր ձեռնադրութեան Մաշտոցի  կարգով  ստորին  պաշտօնեաներին  աստիճան  տալը  ձեռքը  գլխին դնելով սկզբունքով ընդունւում է մեր մէջ, որ պարզ երեւում է սարկաւագի ձեռնադրութեան  կարգից, որտեղ  սարկաւագացուն օրհնութեամբ  ստանում է դռնապանի, ընթերցողի, երդմնեցնողի, ջահընկալի աստիճաններ առանձին աղօթքով եւ օրհնութեամբ` իբրեւ սարկաւագի օգնականների, բայց գործնականութեան մէջ երգիչ, ընթերցող, դռնապան չեն ստանում ջոկ-ջոկ այդ աստիճանը, երգել իմացողը երգում է, կարդալ իմացողը կարդում, իսկ դռնապան եւ աւելածու միշտ փոփոխակի ընտրւում են առանց աստիճան ստանալու:

 

Ձեռնադրութիւն կատարող անձը, այսինքն եպիսկոպոսը, հետեւեալ լիազօրական յատկանիշներ պիտի ունենայ ձեռնադրութեան նկատմամբ:

 

1) Եպիսկոպոսը պէտք է անշուշտ իւր աստիճանը ստացած լինի գլխաւոր համարուած եպիսկոպոսից-կաթուղիկոսից, որը իւր ունեցած աստիճանը եւ իրաւունքը ստացել է յաջորդական կարգով Գրիգոր Լուսաւորչից եւ նրա միջոցով առաքեալների յաջորդներից ու առաքեալներից: Որտեղ որ այդ նուիրապետական յաջորդական օրինաւոր եպիսկոպոսական  աստիճան ընդունելու կարգը չի պահպանւում, այնտեղ այդպիսի ձեռնադրութիւնը համարւում է ապօրինի եւ անվաւեր: Գրիգոր Լուսաւորչից սկսած բոլոր հայոց եպիսկոպոսները ձեռնադրւում են Ամենայն հայոց կաթուղիկոսից, թէ եւ Աղթամարի եւ Սսի կաթուղիկոսները քաղաքական պատճառով բացառութիւն են կազմում իրանց թեմերում ձեռնադրած եպիսկոպոսների նկատմամբ, բայց ըստ կանոնական իրաւունքի, նրանք եւս շարունակութիւն են Լուսաւորչի ձեռնադրութեան իբրեւ շարունակութիւն երբեմն եղած Ամենայն հայոց հայրապետութեան. Բ առ. 1, Սարդիկէի 6, Շնորհալու 12, Երուսաղէմի ժողովի 1, 2, 3 կանոնները գիրք, 67, 164, 403, 324-325 երես) սահմանում են եւ պարզաբանում վերոյիշեալ կարգը որոշ եւ հաստատուն կերպով:

 

2) Բացի առաջին պայմանից՝ ձեռնադրութիւնը պիտի լինի բացարձակ արդարութեամբ, առանց ստութեան, խաբէութեան, կեղծիքի եւ այլ տգեղ հանգամանքների: Պոլսոյ ժողովի 4 կանոնով գ., 125 երես) Մաքսիմոս Շնական եպիսկոպոսի բոլոր ձեռնադրութիւնները անվաւեր հրատարակուեց, որովհետեւ ինքը Մաքսիմոսը ձեռնադրութիւնը ստացել էր խաբէութեամբ եգիպտական եպիսկոպոսներից, նոյնպէս եւ անվաւեր հրատարակուեց Նովարի՝ Հռոմի եպիսկոպոս լինելը, որովհետեւ խորամանկութեամբ էր ստացել իւր աստիճանը օրինաւոր եպիսկոպոսից (Եւսեբ. Զ, 43):

 

3) Ձեռնադրողը պիտի ձեռնադրութիւնը կատարի այն ձեւով եւ սահմանադրութեամբ, որը կարգել է եկեղեցին եւ պահպանում է, այդ սահմանից դուրս իրաւունք չունի ձեռնադրողը որ եւ է կարգ մտցնել: Ձեռնադրական Մաշտոցը տալիս է մեր եկեղեցու համար որոշ եւ պարզ կանոններ, որոնցով անփոփոխ ղեկավարւում են ցայսօր:

 

4) Ձեռնադրողը ձեռնադրութիւն կատարելու րոպէին չպիտի գտնուի այնպիսի դրութեան մէջ, որը ինքն ըստ ինքնեան անվաւեր է կացուցանում այդ գործողութիւնը. օրինակ, եթէ եպիսկոպոսը ձեռնադրութեան ժամանակ արդէն կարգալոյծ եղած է, հերետիկոսական կամ աղանդաւորական խմբերի անդամ է, կամ հերձուածների կողմնակից է դարձել:

 

Կարգալոյծ եղած եպիսկոպոսը համարեա միշտ համարւում է հեռացուած նուիրապետութիւնից եւ աշխարհականաց դասը կարգուած. եթէ կարգալոյծ  եղածը  կհամարձակի  նորից  նախկին  պաշտօնը կատարել, Բ-առ. 28 կանոնով գ., 84) բոլորովին զրկւում է եկեղեցու հաղորդակցութիւնից: Այդպիսի եպիսկոպոսի ձեռնադրութիւնը կանոնական տեսակէտից անվաւեր է:

 

Հերետիկոսական կամ ոչ քրիստոնեայ հասարակութեան անդամ եղող եպիսկոպոսը համարւում է ուղղափառ եկեղեցուց հեռացած: Այդպիսի հոգեւորականներին կանոնները բոլորովին զրկում են աստիճանից եւ զղջման դէպքում ընդունում են իբրեւ աշխարհական գ., 83 երես, 62 կանոն): Այդպիսի դէպք պատահեց Կիպրիանոսի ժամանակ, Կարթագենի ժողովը մերժեց հաւատուրաց երկու եպիսկոպոսի ընդունել ապաշխարութեան միջոցով իրանց աստիճանում: Մկրտութիւնը եւ ձեռնադրութիւնը անկրկնելի են, իսկ եթէ այդ խորհուրդները կատարել են ո՛չ ուղղափառ հոգեւորականներ, այդ դէպքում հերետիկոսի կատարած խորհուրդը համարելով անվաւեր, Բ առ. 68 կանոնի համաձայն գ., 84)` պէտք է այդպիսի անձինք նորից մկրտուեն, կամ ձեռնադրուեն: Այն հերետիկոսները, որոնք աղաւաղում են հաւատի գլխաւոր  դաւանութիւնը օրինակ`  պաւղիկեանները  Երրորդութեան, Մարդեղութեան մերժմամբ (Նիկ. 19 կանոն, Ա գ., 118 երես), մանիքեցիք, վալենդենեանք, մարկիոնականները ընդհանրապէս, գնոստիկեանք, սաբբեղեանք, եւնոմեանք, մոնտանեանք (Պոլ. 7 կանոն, Ա գ., 126-127 երես) եւ այն հերետիկոսները, որոնք մկրտութեան հետ, չեն ընդունւում իբրեւ ուղղափառ եւ նրանց կրօնական գործողութիւններն անվաւեր են համարւում: Դրանց ձեռնադրութիւնը համարւում է անվաւեր: Իսկ ինչ վերաբերում է զանազան հերձուածողներին, որոնք գլխաւոր կէտերում եկեղեցու հետ նոյն են, միայն դաւանաբանական բացատրութիւնների մէջ տարբերւում են, օրինակ` արիոսականները, մակեդոնեանք, ապողինարեանք, սրանց եկեղեցու ծոցը վերադառնալիս, նորից չէին մկրտում, միայն դրոշմում էին զգայարանքները գ., 126-127 երես): Ձեռնադրուած անձանց Աթանասը պատուիրեց երկու ձեւով ընդունել, եթէ արիոսական գլխաւոր հոգեւորականներից են դարձողները, չընդունել կղերի մէջ, այլ իբրեւ աշխարհական հաւատացեալ թողնել եկեղեցի, իսկ եթէ բռնութեամբ, կարիքից ստիպուած են արիոսական դարձել, ապաշխարանքի ենթարկելուց յետոյ ընդունել նոյն ձեռնադրական աստիճանում: Մակեդոնի աղանդին պատկանող եպիսկոպոսներին ընդունում էին նոյն աստիճանում, միայն Նիկիոյ հանգանակը խոստովանելուց յետոյ. Մելիտէն, Կիւրեղ երուսաղէմացին արիոսական եպիսկոպոսներ էին, որոնք նոյն աստիճանով ընդունուել են ուղղափառ եկեղեցում: Գործնական կեանքը այսպիսի դէպքերում ի նկատի ունէր անհատների ի սրտէ զղջումը եւ պատրաստականութիւնը, քան լոկ կանոնը:

 

Հերձուածողները, ըստ Բարսեղ Մեծի, նրանք են, որոնք միմիայն կարծիքների մէջ են տարբերւում ուղղափառ եկեղեցուց, իսկ դաւանաբանական կէտերում նոյն են: Եթէ քահանան կմերժի եպիսկոպոսի նշանակած պատիժը կատարել եւ իւրայիններով առանձին ծուխ կազմելով` անկախ եկեղեցական վարչութիւն կհաստատի, նա կհամարուի հերձուածող: Բարսեղ Մեծը 1 կանոնով թոյլ է տալիս ընդունել հերձուածողներին նոյն աստիճանով, եթէ կզղջան եւ ապաշխարանք կկրեն: Նիկիայի 8 կանոնով գ., 114 երես) որոշուեց ընդունել նովատեան հերձուածողներից նոյն աստիճանում, ձեռքը գլխին դնելով եւ միացնելով ուղղափառ կղերի հետ: Նոյն ժողովը նոյն վճիռը  գրեց  մելիտեանների  համար`  Եգիպտոսում:

 

5) Բացի վերոյիշեալ կանոններից, որոնք անհրաժեշտ են ձեռնադրութիւնը վաւերական անելու համար, հարկաւոր է եւ ձեռնադրողի կողմից ունենալ ուրիշ զուտ իրաւաբանական լիազօրութիւն: Ամէն մի եպիսկոպոս իրաւունք չունի ձեռնադրելու, եթէ ա՛յդ իրաւունքը նրան չի յատկացրած աւելի բարձր իշխանութիւնից. 1) ձեռնադրող եպիսկոպոսը պիտի լինի թեմի առաջնորդ, եթէ հրաժարւում է առաջնորդութիւնից, նա այլեւս իրաւունք չունի նոյն թեմում ձեռնադրութիւն կատարելու գ., 78, 155, 324-325): 2) Յաջորդութիւն անող եպիսկոպոսը ինչպէս եւ հին քորեպիսկոպոսներն իրաւունք չունեն ձեռնադրութիւն անելու, բացի ստորին պաշտօնեաներ կարգելուց գ., 155, 325): 3) Առաջնորդը իրաւունք չունի իւր թեմից դուրս որեւ է մէկին ձեռնադրելու, այլապէս անվաւեր կհամարուի ձեռնադրութիւնը, բացի այն դէպքից՝ երբ ձեռնադրութիւնը լինում է թեմի առաջնորդի թոյլտւութեամբ գ., 116, 164-165 325): 4) Բացի թեմի առաջնորդի արած ձեռնադրութիւնից իւր սեպհական թեմում, բոլոր այն եպիսկոպոսների ձեռնադրութիւնները այլեւ այլ թեմերում վաւերական են, եթէ լիազօրական հրաման ստացել են Ամենայն հայոց կաթուղիկոսից, կամ աշխարհի կեդրոնական բարձր հոգեւոր իշխանութիւնից: 5) Լիազօրութիւն ունեցող եպիսկոպոսի արած ձեռնադրութիւնը այն ժամանակ է վաւերական, երբ ընծայացուն ընտրուած է ժողովրդի եւ կղերի ընդհանուր ցանկութեամբ ու որոշմամբ (326, 443 երես):