Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

Է. ՁԵՌՆԱԴՐՈՒԹԵԱՆ ՎԱՒԵՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Որպէս զի ձեռնադրուող անձը ամենայն կողմից լինի համապատասխան՝ թէ մտաւորապէս, թէ բարոյապէս իւր բարձր պաշտօնին՝ առանց որ եւ է կասկածելի եւ անորոշ յարաբերութեան դէպի իւր ժողովուրդը, ուստի եւ ձեռնադրութեան   խորհուրդը   պիտի   անպայման   կրի   վաւերականութեան աստիճան, որը խստութեամբ պահանջում են եկեղեցական կանոնները:

 

1) Ձեռնադրութիւնը վաւերական լինելու համար պէտք է ձեռնադրուողը խորհրդի կատարման միջոցին հասարակութեան եւ ձեռնադրողի առաջ խոստովանի, դաւանի այն՝ ինչ որ եկեղեցին ընդունում է, որպէս զի ճշտութեամբ կատարի ապագայում բոլորը, ինչ որ եկեղեցու կանոնները պահանջում են: Այս կարգը սահմանեց առաջին անգամ Օգոստինոսը Ափրիկայի եկեղեցու համար եւ ընդունուեց միւս եկեղեցիների կողմից: Այդ կարգը հաստատութիւն գտաւ պետական օրէնքների մէջ, որոնցով պահանջւում էր հիմնուած եկեղեցական կանոնների վրայ թէ արեւելեան, թէ արեւմտեան եկեղեցիներում ի լուր ամենեցուն երդմամբ խոստանալ կատարել բոլոր կանոնական   պահանջները:

 

2) Թէոփիլոս Աղեքսանդրացու 7 կանոնով ձեռնադրութիւնը պիտի կատարուի բոլոր հասարակութեան առաջ իբրեւ վկայութիւն տուողի, դրա հակառակ եղած ձեռնադրութիւնը, այն է` եկեղեցուց դուրս, ծածուկ տեղերում, անվաւեր է (ինչպէս չընդունուեցին Մաքսիմոս Շնացողի ձեռնադրուածները): Լաւոդիկիայի 5 կանոնով գ., 156 երես) ձեռնադրութիւնը կատարւում է միայն հաւատացեալների ներկայութեամբ պատարագի այն մասում, երբ բոլոր կարգի ապաշխարողները դուրս էին գալիս:

 

3) Սարդիկէի ժողովի 10 կանոնով գ., 164 երես) ձեռնադրութիւնը պիտի կատարուի ոչ բոլոր աստիճանները միանգամից տալով, ինչպէս շատ անգամ պատահում էր հարկից եւ կարիքից ստիպուած, այլ հետզհետէ, ստորին աստիճաններից մինչեւ բարձրը հասնելը, ամէն մէկում որոշ ժամանակամիջոց մնալով: Եղել են շատ դէպքեր թէ արտաքին եւ թէ մեր եկեղեցական կեանքում, երբ սարկաւագութիւնից, քահանայութիւնից, մինչեւ իսկ աշխարհական կեանքից ուղղակի եպիսկոպոս եւ կաթուղիկոս են ձեռնադրել: Ոսկեբերանը իւր երկու սարկաւագներին ուղղակի եպիսկոպոս նշանակեց  զանազան  քաղաքների  վրայ աշխարհական  կարգից  եպիսկոպոսի աստիճան ստացան Ամբրոսիոսը, Կիպրիանոսը, Պոլսոյ Նեկտարը, Եւսեբիոս Կեսարացին եւն: Մեր մէջ Գրիգոր Լուսաւորիչը, երկու որդիքը, Ներսէս Մեծը, Զաքարիա կաթուղիկոսը աշխարհական վիճակից կաթուղիկոս, եպիսկոպոս դարձան, Յովսէփը` քահանայութիւնից կաթուղիկոս: Երբ 858 թ. Պոլսի պատրիարք ընտրուեց աշխարհական դասից Փոտը՝ 7 օրում յաջորդաբար, Նիկալայ Ա Պապը նկատեց, որ եկեղեցական կանոններին հակառակ է: Չնայելով այդ բացառութիւններին, այնուամենայնիւ աստիճանական կարգով բարձրանալու կանոնը իւր ոյժի մէջ մնաց:

 

4) Ձեռնադրութիւնը պիտի կատարուի որոշ տեղի, եկեղեցու, հօտի վրայ եւ ո՛չ անորոշաբար ձեռնադրուի առանց տեղի եւ նշանակման: Հներում ծուխ այժմեայ մտքով չկար, ծխերը առաջացան Ե դարուց սկսած, այլ կար որոշ շրջանով եկեղեցի, որի հովւութիւնը յանձնւում էր անպայման մի եպիսկոպոսի, որը մշտական պիտի մնար իւր հօտի շրջանում, ուրիշ տեղ չհեռանար եւ շրջագայելով քարոզութեամբ պարապէր, այդ հիմունքով մի որեւ է գաւառում լինում էին շատ եպիսկոպոսներ առանձին իրաւասական շրջանով: Յետոյ արդէն, երբ թեմերը առաջացան, գլխաւոր եպիսկոպոսների պաշտօնը որոշուեց, մեր մէջ կաթուղիկոսութիւնը առաջացաւ, այնուհետեւ ձեռնադրւում էին եպիսկոպոսներ կաթուղիկոսական դրան համար, խորհրդականի, աւագ լուսարարի, մեծ դատաւորի պաշտօններով:

 

5) Ձեռնադրութիւնը եթէ կատարուած է կանոնաւոր կերպով, պիտի չկրկնուի գ., 84), այսինքն, եթէ զանազան յանցանքների եւ մեղքերի պատճառով հոգեւոր անձը ենթարկւում է կարգազրկութեան, կարգալուծութեան, զրկուելով պատուից եւ իրաւունքից, ապաշխարանք եւ պատիժը կրելուց յետոյ, եթէ վերստին կանչուի նախկին աստիճանին, այդ դէպքում նա նորից ձեռնադրութիւն չի ստանում, նախկին ձեռնադրութիւնը իւր ոյժի մէջ

է:

6) Քահանաների եւ սարկաւագների ձեռնադրութիւնը կատարում է մի եպիսկոպոս, իսկ եպիսկոպոսինը անշուշտ երկու կամ երեք` ըստ Բ առաքելական 1 կանոնի գ., 67 եր. ): Յետոյ սահմանուեց, որ եպիսկոպոսի ձեռնադրութիւնը լինի եպիսկոպոսական ժողովով եւ մետրոպոլիտի ներկայութեամբ ու մասնակցութեամբ: Իսկ մեր մէջ Լուսաւորչից սկսած մինչեւ այսօր եպիսկոպոս ձեռնադրում է միմիայն Ամենայն հայոց կաթուղիկոսը, իսկ Աղթամարի եւ Սսի կաթուղիկոսները` իրանց թեմերի համար. բացի այս պայմանից մնացած եւ այլ ձեւով ձեռնադրուած եպիսկոպոսները՝ եպիսկոպոս չեն: Մասնաւոր կաթուղիկոսների եպիսկոպոսներից եթէ կամենան Մայր Աթոռի միաբան կոչուել, պիտի չոքեն Ամենայն հայոց կաթուղիկոսի առաջ, հանդիսաւոր կերպով իրանց միաբան կոչեն Ս. Էջմիածնի եւ հնազանդ` Վեհափառ Հայրապետի հրամանաց եւ ապա Իջման տեղի առաջ խոստմունքը հաստատելով` լինեն նոյն աստիճանով Էջմիածնի միաբան:

 

Կաթուղիկոսական ձեռնադրութիւնը լինում է 12 եպիսկոպոսների մասնակցութեամբ եւ միջոցաւ:

 

7) Ձեռնադրութեան համար պահանջւում է ձեռնադրուողի կողմից յօժարութիւն եւ կամաւոր ցանկութիւն, հակառակ կամքի ձեռնադրութիւնը վաւերական չէ: Հներում բացառութիւն եղել է, ոյժով ձեռնադրել է ժողովուրդը եւ հոգեւորականութիւնը մի քանի եպիսկոպոսներ, որոնք ո՛չ թէ սէր չէին զգում դէպի այդ սուրբ պաշտօնը, այլ իրանց շատ ստոր էին համարում այդ աստիճանից, ակամայ ընտրուած եւ ձեռնադրուած են. Լուսաւորիչ, Մեծն Ներսէս, Կիպրիանոս, Գրիգոր Հրաշագործ, Աթանաս եւն: