Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

Թ. ՆՈՒԻՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ

«Православный собеседник 1858 г. »

 

Հոգեւոր դասակարգ ասելով, ինչպէս նախորդ գլխի մէջ ասացինք, հասկանում ենք երկու տեսակէտից, առաջինը՝ իբրեւ հոգեւոր պաշտօնեաներ առանց աստիճանի խնդրութեան, որոնք ունին ընդհանուր պարտքեր, ընդհանուր շահեր եւ ձգտումներ. եւ երկրորդ՝ աստիճանի զանազանութեան տեսակէտից իբրեւ  նուիրապետութեան  անդամներ ունին  առանձին  վերցրած որոշ իրաւունքներ եւ պարտքեր: Հին կազմութեան մէջ իբրեւ առաջին աստիճան, որը ընդունում է եւ ձեռնադրում հոգեւոր անձանց, է եպիսկոպոսութիւնը, երկրորդ տեղը բռնում է քահանայական դասակարգը եւ ապա սարկաւագները: Նայենք ըստ կարգի:

 

Ա. Եպիսկոպոսներ

 

Երբ Յիսուսի համբարձումից յետոյ առաքեալները սկսեցին իրանց քարոզչական գործը, ամէն տեղ Երուսաղէմի շրջանում երբ հետեւորդներ էին գտնում, նշանակում էին նրանց վրայ քահանաներ, որոնք միեւնոյն ժամանակ իրանց գործակիցներ էին (Գործ. ԺԴ 22-23, Ա Պետ. Ե 1): Դրանք խորհուրդներ էին կատարում, ժողովրդին քարոզում, քրիստոնէութիւնը տարածում, նշանակած ժամանակին աղօթքներ կարդում հաւատացեալներին Տիմ. Ե 17, 18): Քահանաներ նրանք նշանակում էին օրհնելով եւ ձեռնադրելով (Գործ. ԺԴ 23), որոնք շատ անգամ կոչւում էին տեսուչներ, եպիսկոպոսներ (Գործ. Ի 28, Փիլ. Ա 1), ներկայացուցիչներ Թես. Ե 12) եւ գլխաւորներ (Եբր. ԺԳ 7): Երուսաղէմի փոքրիկ շրջանում նախկին մի քանի տարիները կային երեք դասակարգ. առաքեալներ, քահանաներ եւ եղբայրներ (Գործք ԺԵ 1-4, 22, 23), որը եւ հաստատում են իրանց թղթերում ս. Եպիփանը, Թէոդորէտը, Ոսկեբերանը: Երբ յետոյ կամաց-կամաց առաքեալները դուրս եկան Երուսաղէմի շրջանից, անցան միւս երկրները, այն ժամանակ նշանակեցին իւրաքանչիւր մեծ շրջանի համար մի-մի տեսուչ, հսկող:

Առաջին ներկայացուցիչը, որը կարգուեց առաքելական ձեռնադրութեամբ Երուսաղէմի շրջանի վրայ, էր Յակոբ Տեառն եղբայրը (Եւս. Բ 1, 23, Գ 5): Պօղոս առաքեալը, անցնելով Ասիայի կողմերը, զանազան տեղերում փոքր ժամանակի մէջ յաջողեց հաւատացեալներ գտնել եւ Եփեսոսի շրջանում ներկայացուցիչ նշանակեց Տիմոթէոսին Տիմ. Ա 3, Բ Տիմ. Ա 6), իսկ Կրետէ կղզու վրայ` Տիտոսին (Տիտ. Ա 5): Այսպէս բոլոր առաքեալները ամէն տեղ տարածուելով` ձեռնադրեցին յաջորդներ եւ տեսուչներ: Կղեմէս Աղեքսանդրացին դարում) պատմում է, որ Յովհաննէս առաքեալը, որ բոլոր առաքեալներից շատ ապրեց, տեսնելով իւր վախճանի մօտենալը եւ բազմաթիւ աղանդաւորների բազմանալը, ձեռնադրեց շատ եպիսկոպոսներ Փոքր Ասիայի եկեղեցիների վրայ` խրախուսելով ամուր կենալ իրանց հաւատքի մէջ Առաքեալների ձեռնադրած՝ շրջանների այդ կառավարիչները այն ժամանակուանից արդէն եպիսկոպոսներ էին անուանում` ստանալով առաքելական լիազօրութիւն եկեղեցին կառավարելու. շատ անգամ եպիսկոպոս բառի փոխարէն գործ էր ածւում քահանայ բառը, նոյն իսկ սարկաւագ, դրանից շատերը ենթադրեցին, այժմ էլ հէնց որ եպիսկոպոսական աստիճան առանձին չկայ, բոլորի իրաւունքը միեւնոյն է, քահանայքն էլ իրաւունք ունին ձեռնադրութիւն կատարելու եպիսկոպոսի օրինակով: Եւ մասամբ ճշմարիտ է այն, որ նախկին դարերում անխտիր եպիսկոպոս եւ քահանայ կոչումն դրւում էր նոր ձեռնադրուած անձանց (Գործ. Ի 17, 28), որովհետեւ հրէից քահանան ընդհանուր նշանակութիւն ունեցող բառ էր, նշանակում էր աւագագոյն, քահանայք` աւագանի, հէնց իրանք առաքեալները իրանց անուանում էին քահանայ` այդ իմաստով Յով. Ա 1). երբ հօտը դեռեւս շատ սակաւաթիւ էր, պարտաւորութիւնների բաժանման հարկ չկար, անխտիր թէ քահանայ, թէ եպիսկոպոս նոյն պարտաւորութիւններն էին կատարում հաւատացեալների նկատմամբ եւ նոյն իրաւունքներն ունէին (Տիտ. Ա 5). երբ արդէն քրիստոնեաների թիւը շատացաւ, հովուողները բազմացան, կամաց-կամաց հարկ զգացուեց վէճերի, հակաճառութիւնների պարզաբանութեան համար դիմել աւելի աւագագոյնին, առաջուց ընտրուածներին եւ այսպիսով երկու դասակարգի, առաքեալներից օրհնուածների եւ սրանց նշանակած քահանաների մէջ սկսուեց պարզօրէն տարբերութիւն դրուել: Յերոնիմոսը պատմում է, որ եպիսկոպոսական պաշտօնի եւ անուան տարբերութիւնը եւ պարզ կերպով գործածութիւնը առաջացաւ կորնթացոց խռովութիւններից յետոյ (60 թուականներին): Տերտուղիանոսը, Իգնատիոս  Աստուածակիրը  իրանց  գրուածքներում արդէն պարզ  որոշում են երկու աստիճանների տարբերութիւնը, պարտքը եւ իրաւունքը: Եպիսկոպոսները համարւում էին առաքեալներից ձեռնադրուած, իսկ քահանաների ձեռնադրութիւնը յանձնուած եպիսկոպոսներին, սրանց յանձնւում էին մեծ շրջաններ, թեմեր` բազմաթիւ քահանաներով հովուելու. իսկ վերջիններիս փոքր ծխեր առանձին եկեղեցով՝ ստորադրուած եպիսկոպոսին Տիմ. Ե 17, Բ Տիմ. Բ 2): Եպիսկոպոսների առաւելութիւններն էին. 1) առաքեալներից յաջորդաբար եւ անմիջապէս ստացած իշխանութիւնը, 2) լիազօր կառավարութիւն թեմի մէջ գտնուած բոլոր եկեղեցիների, քահանաների (Правос. Себесъд. 1858 г. ): Եպիսկոպոսների առաքելական յաջորդութիւնը մեծ դեր էր խաղում հնում մի որ եւ է եկեղեցու առաքելական եւ օրինաւոր համարուելու խնդրում, որի հիման վրայ էլ չէին ընդունում զանազան հերետիկոսների եպիսկոպոսութիւնը եւ քահանայութիւնը` պահանջելով նրանցից առաքեալներից սկսած մինչեւ իրանց ընտրեալ եպիսկոպոսը յաջորդական ցուցակ: Եւ այդպէս հին եկեղեցիներում կար առաքեալներից մինչեւ իրանց ժամանակակից եպիսկոպոսի ցուցակը, ցանկը` տաճարում դրած: Եւսեբիոսը յիշում է գլ. 22) Հռոմի, Աղեքսանդրիայի, Անտիոքի, Լաւոդիկիայի, Կեսարիայի եպիսկոպոսների ցանկը յաջորդական կարգով: Երուսաղէմի առաջին եպիսկոպոսն էր Յակոբ Տեառն եղբայր, ապա նրանց ցեղից` Սիմէոն Կղէոպայ, Իւստնեւ: Եփեսոսի եկեղեցում` Յովհաննէս առաքեալ եւ աւետարանիչ, նրա յաջորդ Պողիկարպոսը, որը զատկի վէճերում մասնակցեց: Հռոմում` Պետրոս առաքեալ, ապա Կղեմէս նրա յաջորդներից: Հայոց եկեղեցում` Թադէոս եւ Բարթողիմէոս առաքեալներ, որոնց յաջորդութիւնը շարունակուեց Արտազում եւ Մծբինում, ապա` Լուսաւորիչ: Առաքելական յաջորդութեան եւ եպիսկոպոսական իրաւունքների ու աստիճանի առաջին տեղ բռնելը եկեղեցու նուիրապետութեան մէջ վկայում են բոլոր գրողները. Իրենէոսը գրում է 26 եւ Ե 20). «Պէտք է հնազանդել հովիւներին, որոնք եկեղեցում են եւ յաջորդաբար նշանակուել են առաքեալներից, որոնցից շնորհատւութեամբ ստացել են Հոգին Սուրբ. նրանցից պիտի ճշմարտութիւն սովորել, նրանք են հսկում հաւատի վրայ, նրանք են պահում առաքելական աւանդութիւնը, օրէնքները եւ նրանք են տալիս եկեղեցու աստիճանները»: Նոյն մտքերը եւ խրատները գտնում ենք Լուսաւորչին եւ Սահակին վերագրած կանոններում: Սակայն առաքեալներին յատկացրած իրաւունքները չպէտք է վերագրել յաջորդներին, առաքեալները ընտրուեցին Յիսուսի ձեռքով եւ ուղղակի շնորհք ստացան (Հոգոյն Սրբու) Սուրբ Հոգուց եւ երրորդ՝ նրանց լիազօրութիւնը տարածուեց բոլոր հաւատացեալների վրայ եւ ո՛չ մի շրջանի, որպիսին է եպիսկոպոսներինը: Առաքեալների ժամանակից, ըստ աւանդութեան, եպիսկոպոսին ձեռնադրողն է 2-3 եպիսկոպոս, նոյն իսկ նրանց ժողովը, իսկ միւս աստիճանաւորներին օրհնողն է մի եպիսկոպոս. գ., 67-68): Բացի ձեռնադրութեան իրաւունքից եպիսկոպոսին է պատկանում եկեղեցու ղեկավարութիւնը եւ կարգապահութիւնը: Խորհուրդների կատարման գլխաւոր տնօրէնն է եպիսկոպոսը, որի թոյլտւութեամբ եւ քահանայքը կատարում են օրէնքները: Եպիսկոպոսը միայն իրաւունք ունի եկեղեցի օծելու: Եպիսկոպոսին է պատկանում ուսուցանելու բարձր իրաւունքը, նա պիտի կանոնաւորի ուսուցման կարգը եւ պատրաստի ուսուցիչներ Տիմ. Ե 17, Բ Տիմ. Բ 2): Եպիսկոպոսը միայն իրաւունք ունի կոչուելու գլխաւոր հովիւ, ներկայացուցիչ եկեղեցու, կապելու եւ արձակելու, դատելու քահանաներին Տիմ. Ե 19) եւ պաշտաման կարգի վրայ հսկելու, հովուելու իւր թէմի հօտը: Այդ իրաւունքների հետ նա ունի եւ մեծ պարտքեր. նա է պատասխանատու կաթուղիկոսի, ժողովրդի, եպիսկոպոսական ժողովի առաջ իւր եկեղեցու համար, հաւատի անթերի պահպանման, եկեղեցիների բարեկարգութեան, եկեղեցական կանոնների ճշգրիտ եւ անթերի կատարման համար: Նա է պատասխանատու եկեղեցու գոյքի եւ ստացուածքի կանոնաւոր պահպանման, գործադրման համար, նրանցից բաժին հանելու աղքատներին, տնանկներին, որբ եւ այրիներին, հիւրասիրելու օտարներին, հիւանդներին նոյն հաշուով. պատասխանատու նոյն գոյքի վատնման եւ շռայլաբար կորստի մատնման համար: Եպիսկոպոսի ընտրութիւնը լինում էր հետեւեալ կերպով: Առաքեալների ժամանակ իրանք էին ընտրում արժանաւոր մարդ եւ եպիսկոպոս ձեռնադրում. Կղիմէս Աղեքսանդրացու վկայութեամբ` Տեառն եղբայր Յակոբը եպիսկոպոս ձեռնադրուեց Երուսաղէմում Պետրոս, Յակոբոս եւ Յովհաննէս առաքեալների ձեռքով: Կանոնների հիման վրայ ընտրութիւնը եւ ձեռնադրութիւնը լինում էր այսպէս, երբ եպիսկոպոսական աթոռը թափուր էր մնում, մեծ եպիսկոպոսը, մետրոպոլիտը հրաւէր էր ուղարկում բոլոր աշխարհի կամ շրջանի եպիսկոպոսներին հաւաքուել այնտեղ, որտեղի վրայ պիտի եպիսկոպոս ձեռնադրուի: Գալիս էին բոլորը, ով չէր կարող գալ տեղի հեռաւորութեան, հիւանդութեան եւ այլ պատճառով, ուղարկում էր գրաւոր համաձայնութիւն, կամ կարծիք, բայց առնուազը պիտի լինէր երկու-երեք հոգի գ., 67 երես): Ձայների մեծամասնութեամբ կամ միաձայն ընտրւում էր եպիսկոպոսը եւ ձեռնադրւում էր անշուշտ մետրոպոլիտի համաձայնութեամբ եւ նրա ձեռքով: Ընդհանրապէս ընտրւում էին տեղական անձինքներից, կղերից, իսկ երբ լինում էր անթեմ եպիսկոպոս, որին կարելի էր նշանակել, կամ եթէ պատահում էր, որ խռովութիւն էր ընկած լինում ժողովրդի եւ կղերի մէջ ընտրեալի վերաբերմամբ, կամ յարմար էր դատւում տեղափոխել մի եպիսկոպոսին միւս թեմ, այսպիսի դէպքերում ընտրում էին ոչ տեղական կղերից, այլ դրսից, այն պայմանով, որ ընտրուածը անշուշտ լինի ընդունելի թէ ժողովրդի եւ թէ կղերի կողմից: Ընդհանուր եկեղեցում ժողովուրդը մասնակցում էր ընտրութեան այսպէս. նա իւր ներկայութեամբ վկայութիւն էր տալիս ընտրեալի վարքի, բարքի վերաբերմամբ, եթէ վատ էր ճանաչում, չէր ընդունում, իսկ եթէ լաւ էր ճանաչում, ընդունում էր: Ժողովրդի այդ կարծիքը թէեւ անմիջական չէր, թէեւ ինքը չէր ուղղակի ընտրում, բայց նրա ձայնը մեծ նշանակութիւն ունէր, որովհետեւ եպիսկոպոսական ժողովը ուշադրութեամբ դիտում էր, որ ընտրուածը լինի արժանաւոր եւ ոչ պակասութիւններ ունեցող: Աթանասին, Գրիգոր Աստուածաբանին, Օգոստինոսին ընտրեց ժողովուրդը, որոնք ստորադաս հոգեւորականների ընտրութեան դէպքում յենւում էին ժողովրդի ցուցման վրայ: Իսկ եթէ պատահում էր, որ զանազան կուսակցութիւնների պատճառով ժողովուրդը ընտրուածին չէր ընդունում, այն ժամանակ Բ առ. 36 կանոնով գ., 78) պատժի էր ենթարկւում կղերը, որ չէր կարողացել համոզել ժողովուրդը. այստեղից երեւում է, որ թէեւ ժողովրդի մասնակցութիւնը կար, բայց մեծ ձայնը, վերջնական վճիռը պատկանում էր հոգեւոր իշխանութեան: Լաւոդիկիայի 12 եւ 13 կանոնը գ., 157) թոյլ չի տալիս ամբոխին մասնակցել ընտրութեան` թողնելով այդ բանը եպիսկոպոսական ժողովին. այս կանոնը երեւում է բացառիկ եւ տեղական գոյն ունեցող եւ հետեւանք է կուսակցական կռիւների: Դ դարից սկսած, երբ քրիստոնէութիւնը դարձաւ քաղաքացիական կրօն, ընտրութիւններին սկսեցին մասնակցել բարձրաստիճան անձինք, նոյն իսկ կայսրերը, յամենայն դէպս այս դէպքերում էլ վճռական ձայնը մնում էր հոգեւոր իշխանութեան: Մինչեւ իսկ մարմնաւոր իշխանութեան մասնակցելու չափը այդ բանում թուլացնելու դիտաւորութեամբ խիստ կանոններ հրատարակուեցին գ., 76, 111, 325, 403), մեր Երուսաղէմի ժողովը կարգալոյծ է անում այդպիսի ձեւով ընտրուած եպիսկոպոսին, իսկ Շնորհալին նզովում է եւ բանադրում բոլոր ժողովականների որոշմամբ: Ընտրութեան ձեւը արեւմտեան եւ արեւելեան եկեղեցիներում դարերի ընթացքում փոփոխութեան ենթարկուեց: Կոստանդիանոսից յետոյ, երբ կայսրերը եւ իշխանները սկսեցին խառնուել եկեղեցական գործերում, շատ անգամ անարժան մարդիկ, յոյս չունենալով  ժողովրդի վրայ, դիմում էին ուղղակի կայսրին` խնդրելով նշանակել կայսերական հրամանով եպիսկոպոս, այս դրութիւնը ստեղծուեց մասնաւորապէս աղանդաւորների յարուցած խռովութիւնների ժամանակ, Նեստորի օրերում իւրաքանչիւր կուսակցութիւն իւր եպիսկոպոսի գործը յաջողեցնելու համար դիմում էր կայսերական կառավարութեան օգնութեան, որով եւ սահմանադրուեց առանց մարմնաւոր իշխանութեան հաստատութեան  կամ  վաւերացման առաջնորդներ չնշանակել Զ դարում Յուստինիանոսի նովելլաների միջոցով որոշուեց, որ կղերը եւ քաղաքի առաջին մարդիկ ընտրեն երեք հոգի եպիսկոպոսացու, համախօսական կազմեն եւ երդմամբ ստորագրեն, որ ճշմարիտ է կատարուած ընտրութիւնը եւ ուղարկեն մետրոպոլիտին, որը մէկնու մէկին պիտի ձեռնադրի (123, 137 նովել. ): Եկեղեցին Յունաստանում ընդունեց այդ կարգը. այդ կարգը իբրեւ օրէնք մտաւ Վասիլ Մակեդոնացու (բազիլիկի) «Թագաւորական գրքերի» եւ Փոտ պատրիարքի նօմօկանոնի մէջ դարում), բայց կանոնը մնաց մեռած տառ, մանաւանդ պատկերամարտութեան ժամանակ, երբ կայսրը կամեցած մարդուն եպիսկոպոս էր նշանակում. յունաց եկեղեցին այդ անկանոնութեան առաջն առնելու համար թէ 7-րդ եւ թէ 870 թուի ժողովներում արգելեց, որ մարմնաւոր իշխանութիւնը չխառնուի եպիսկոպոսների ընտրութեան գործում, այդ ձեւով մասնակցող թէ եպիսկոպոսը, թէ իշխանը եւ թէ զօրավարը ենթարկուեն նզովքի: 963 թուին Նիկեփորոս Փոկաս կայսրը հրամայեց, որ թէ պատրիարքը եւ թէ եպիսկոպոսները ընտրուեն եւ հաստատուեն կայսերական ցուցմամբ ու հրամանով:

Հռոմի եկեղեցին սկզբից հակամիտ էր դէպի ժողովրդական ընտրութիւնը. Յուլիոս եպիսկոպոսը Աթանասին պաշտպանելու համար գրուած թղթում ջատագովում է ժողովրդական ընտրութիւնը եւ պախարակում այն, որ օտար եպիսկոպոս են նշանակում քաղաքի վրայ առանց ժողովրդի ցանկութեան, նրա ցուցման եւ ընտրութեան: Ե դարու սկզբին Իննոկինդիոս Ա Պապը դատապարտեց մի մետրոպոլիտի արարք, որը «հակառակ ժողովրդի ցանկութեան եւ եկեղեցական կարգապահութեան»` եպիսկոպոս է նշանակել. բայց 12-րդ դարուց արդէն Հռոմի եկեղեցին ժողովրդական ընտրողական մասնակցութիւնը բոլորովին վերացրեց, բոլոր հոգեւորականների ընտրութիւնը եւ նշանակումն յանձնեց Պապին: (Տե՛ս Объ участии мирянъ въ делах церкви, цъ точки зрения прав. канон. ич. праца - 1866, Казань, А. Павлова):

 

Հայոց եկեղեցում եւ Ափրիկայի եկեղեցիներում աշխարհականների մասնակցութիւնը ընտրութեան գործում մնաց ըստ նախկին աւանդական կարգին. թէ նախալուսաւորչեան դարերում եւ թէ Լուսաւորչից յետոյ եպիսկոպոս-առաջնորդներ ընտրում էին Հայոց մէջ թեմը, իշխանները եւ ժողովուրդը, մինչեւ իսկ բոլորովին երկրորդական նշանակութիւն տալով կղերին: ԺԳ դարում Ստեփաննոս Օրբելեանը այսպէս է նկարագրում իւր` Սիւնեաց աշխարհի առաջնորդ ընտրուելը. «Եւ ժողովուելով մեր եպիսկոպոսները իմ հօր մօտ (Տարսայիճ Սիւնեաց իշխան) ինձ հրաւիրեցին գնալ թագաւորական աշխարհ Կիլիկիան, երջանիկ կաթուղիկոսի եւ աստուածապսակ Հայոց թագաւորի մօտ մետրոպոլտութեան ձեռնադրութիւն ստանալու Սիւնեաց աթոռի վրայ» (227 եր., Ս. Օրբելեան): Ստեփ. Օրբելեան 52 երեսում բերում է առաջնորդական ընտրութեան նաեւ հետեւեալ ձեւը. «Բողոք բարձեալ ա՞մ ազատաց եւ տանուտեարց եւ աւագ քահանայից աշխարհին առ մեծ բարեպաշտուհին Սահակիա՝ խնդրէին իւրեանց առաջնորդ: Իսկ նորա պատրաստեալ դեսպանս ի մեծ եւ ի պատուական արանց եւ յընտիր քահանայից՝ բազում ընծայիւք եւ պիտանի պատարագօք ուղեւորէ առ կաթուղիկոսն Հայոց Մուշէ (Վահան Մամիկոնեանի ժամանակ) եւ թախանձէ զնա գալ յաշխարհ իւր եւ ընտրեալ արժանաւոր այր՝ կացուցանել յաթոռ մետրոպոլտութեան Սիւնեաց». կաթուղիկոսը գալիս է Սիւնիք. «Հրամայէ ժողովոյն ընտրել իւրեանց առաջնորդ, զի ձեռնադրեսցէ: Ապա ա՞մ բազմութիւն զաղաղակ բարձին ի մի բերան եւ ասեն. «Խնդրեմք մեք տեսուչ հոգւոյ մերոյ զհայր Երիցակ եւ բաց ի նմանէ ոչ պիտի մեզ այլ ոք»: Առաջնորդների` ժողովրդական ընտրութեան փառաւոր ապացոյցն է տաճկահայոց եպիսկոպոսների ընտրութիւնը եւ նշանակումը: Սահմանադրութեան 97 յօդուածով գիրք, 538 երես) առաջնորդի ընտրութիւնը լինում է պատրիարքի ընտրութեան նման, գաւառական ընդհանուր ժողովով, խառը ժողովի տեղեկագիրը ուղարկւում է պատրիարքարան. պատրիարքը կեդրոնական վարչութեան ժողովի հաճութեամբ կհաստատի ընտրութիւնը եւ Բարձրագոյն դռան հրամանագիրը ստանալուն հոգը կտանի: Ռուսահայոց մէջ մինչեւ Պոլոժենիայի հաստատութիւնը` 1836 թիւը, նոյն կէրպով կընտրուէին եւ կհաստատուէին կաթուղիկոսից առաջնորդները. նորանից յետոյ 2 հոգի առաջարկւում է կաթուղիկոսի կողմից կայսեր եւ մէկն ու մէկը հաստատւում է, կարող է եւ չհաստատուել: Պարսկահայոց մէջ ընտրում է ժողովուրդը, հաստատում է կաթուղիկոսը եւ առանձին գրութեամբ իմացնելով պարսից շահին` խնդրում է նրա վաւերացումը եւ ընդունելը: Եպիսկոպոսների` ընտրութեամբ նշանակման շատ փայլուն ապացոյցն է ձեռնադրութեան կարգը, որով ժողովրդի բոլոր դասակարգերը մասնակցում են ընտրութեան` հրապարակօրէն յայտնելով իրանց հաւանութիւնը: Երուսաղէմի ժողովը 1651 թուին 3 կանոնով սահմանում է. «Առանց ժողովրդի խնդրանաց եւ վկայական թղթի ո՛չ ոք եպիսկոպոս չձեռնադրուի» գ., 325 երես): Ուսուցչապետ Պաւլով, ջատագով հանդիսանալով ժողովրդի մասնակցութեան եկեղեցական գործերում, ուրախութեամբ է արձանագրում այն հատ ու կտոր փաստերը ընդհանուր եկեղեցական պատմութեան մէջ, որոնք հաստատում են իւր ցանկացածը, դժբախտաբար ծանօթ չլինելով Հայոց եկեղեցու գործնականութեան մէջ խոր արմատ ձգած ընտրողական սկզբունքի հետ, չի կարողանում ոչ մի փաստ բերել մեր շրջանից, որ լիապէս հաստատէր իւր տեսութիւնը:

 

Բ. ՔԱՀԱՆԱՆԵՐ

 

Եկեղեցու նուիրապետական երկրորդ աստիճանը կազմում է քահանայութիւնը, իբրեւ ներկայացուցիչ այդ կարգի` է քահանան: Քահանայ նշանակում է աւագագոյն անդամ եկեղեցու, ընտրուած յարգելի եւ պատուաւոր անդամներից: Քահանայի պարտաւորութիւններն են. 1) կատարել խորհուրդները եւ պաշտամունքները, 2) ուսուցանել եւ քարոզել, 3) իրաւունք կապելու եւ արձակելու: Նա չի կարող կատարել մի քանի գործողութիւններ, որոնք վերապահւում են եպիսկոպոսական աստիճանին. 1) չի կարող մեռոն եփել, 2) եկեղեցի օծել, 3) ձեռնադրութիւն կատարել: Մեռոն եփելը արգելուած է քահանաներին եւ վերապահուած եպիսկոպոսին ըստ բոլոր եկեղեցեաց, Կարթագենի 348 թուի ժողովը այդ կարգը համարում է հնաւանդ. Զ տիեզերական ժողովի 2-րդ կանոնը իսպառ արգելեց քահանաներին եփել, իսկ ըստ մեր եկեղեցու վաղեմի կանոնների, Թադէոսի, Մակարի, Սահակի, Սսի եւն, վերապահուած է միմիայն կաթուղիկոսին գ., 289, 299, 339, 364): Այդ իրաւունքը համարւում է առաքելական յաջորդական, որը ստացւում էր առաքելական ձեռնադրութեան ժամանակ Հոգոյն Սրբոյ շնորհքի իջմամբ. մեռոնը համարւում է այդ ստացած շնորհքի տեսանելի իջնումը, որ կատարւում է մկրտութեան-դրոշմի ժամանակ` քահանայի ձեռքով, եպիսկոպոսի թոյլտւութեամբ: Բարսեղ Մեծը մեռոնի օրհնութիւնը համարում է առաքելական աւանդութիւն: Դիոնէսիոս Արիսպագացին, Թէոփիլոս Անտիօքացին,   Տերտուղիանոսը,   Կիպրիանոսը,    նոյնպէս   եւ   առաքելական  կարգադրութիւնները վկայում են այդ մասին վաղ ժամանակից: Մանկանց դրոշմելու հարցը վիճաբանութեան տեղիք է տուել արեւելեան եւ արեւմտեան եկեղեցիներում: Մինչեւ այսօր հռոմէական կանոնով քահանան իրաւունք չունի դրոշմելու, նա միայն մկրտում է մանկան, իսկ եպիսկոպոսը դրոշմում: Մեր եւ Յունաց եկեղեցու կանոններով քահանան է դրոշմում, իսկ մեռոնի եփելը թողնելով բարձր աստիճան ունեցողին: «Առաքելական կարգադրութիւնների» մէջ թոյլ է տալիս եւ քահանային դրոշմել. «Դո՛ւ, եպիսկոպոս կամ քահանայ, առաջ օծիր իւղով, ապա մկրտի՛ր ջրով եւ վերջապէս դրոշմիր մեռոնով»: Երբ Փոտ պատրիարքի ժամանակ վէճ ծագեց այդ մասին Հռոմի հետ, Փոտը գրեց. «Սովորեցնում են, որ քահանաները իրաւունք չունեն մեռոնով մկրտելու, որ այդ իրաւունքը օրէնքով պատկանում է եպիսկոպոսին: Բայց որտե՞ղ է այդ օրէնքը: Ո՞վ է դրել: Առաքեալնե՞րը, թէ՞ հայրերը, թէ՞ որ եւ է ժողով. որտե՞ղ եւ ե՞րբ է գրուել եւ հաստատուել: Բացի դրանից, եթէ քահանաներին չի կարելի մեռոնով օծել-դրոշմել, այն ժամանակ չի կարելի եւ միւս խորհուրդները կատարել. օրինակ` մկրտել եւն. եւն. » (Правос. собесед. 1858 г. ): Փլորենտինի ժողովում այդ խնդրի մասին խօսք եղաւ, բայց դրական փաստեր չգտնուելով, հարցը մնաց  առ կախ Յարմարութեան տեսակէտից էլ շատ դժուարութիւն կյարուցանի այն սովորութիւնը, երբ եպիսկոպոսը գիւղէ գիւղ շրջելով պէտք է դրոշմէր բոլոր մկրտուածներին, եթէ դրոշմելու իրաւունքը յատկացնուէր միմիայն եպիսկոպոսին:
 
Գալով երկրորդ կէտին, որ քահանաները իրաւունք չունին տաճար, սեղան, եկեղեցի օծելու, այդ պարզ եւ որոշ գրուած են բոլոր եկեղեցական կանոններում գիրք, 283, 358): Քահանաներին չտալ իրաւունք ձեռնադրութեան, այդ արդէն մտած է եկեղեցու գործնականութեան մէջ հէնց առաքեալներից սկսած: Ուսուցանելու, քարոզելու իրաւունքը տրուած է քահանաներին առաքեալների ժամանակից. Քրիստոսի 72 աշակերտները (Մատթ. ԻԸ 19, 20, Մարկ. ԺԶ 16, Ա Տիմ. Ե 17) իրաւունք էին ստացել քարոզելու: Առաքելական 58 կանոնը պատուիրում է թէ եպիսկոպոսներին եւ թէ քահանաներին սովորեցնել ժողովրդին բարեպաշտական բոլոր կարգերը. Եգիպտոսի մէջ եկեղեցում, երբ Օգոստինոսը առաջին անգամ քահանայական աստիճանում եպիսկոպոսի ներկայութեամբ սկսեց քարոզել, շատերին նորամուծութիւն երեւաց, բայց տեսնելով այդ սովորութեան առաւելութիւնները, ընդհանուր կանոնի տակ ընկաւ, միայն եպիսկոպոսի ներկայութեան դէպքում, նախօրօք թոյլտւութիւն պիտի խնդրուէր նրանից քարոզ խօսելու: Կապելու եւ արձակելու իրաւունքը պատկանում է թէ եպիսկոպոսին, թէ քահանային. Բ առ. 52 կանոնը մինչեւ իսկ սահմանում է, որ եթէ դրանք զղջացող մեղաւորի մեղքերին թողութիւն չեն տալ, կմերժեն, իրանք զրկուեն կարգից՝   իբրեւ   պատիժ   իրանց   գլխաւոր   պարտաւորութիւններից   մէկը ճշտութեամբ չկատարելուն համար: Հներում ապաշխարութիւնը եւ խոստովանութիւնը երկու ձեւով էր լինում, բացարձակ, բոլոր ժողովրդի առաջ եւ առանձին, գաղտնի: Առաջին դէպքում ապաշխարութեան ժամանակը, աստիճանը, դասը որոշում էր եպիսկոպոսը, որը հսկում էր ապաշխարողի ջերմեռանդութեան կամ անուշադիր լինելուն վրայ եւ երբ բոլորովին զղջացած էր գտնում նրան, ինքը թողութիւն էր տալիս նրան եւ արձակում: Իսկ գաղտնի խոստովանութեան դէպքերում դիմում էին քահանային, որը եւ արձակում էր մեղքերը: Բացի այդ, քահանան որոշ մասով մասնակցում էր եւ եկեղեցական տնտեսական կառավարութեան մէջ` եպիսկոպոսի նախագահութեամբ եւ ձեռնադրութեամբ, իսկ իւրաքանչիւր քահանայ իւր եկեղեցու կարգապահն է եւ հսկողը, թէ ստորին պաշտօնեաների, թէ կարգ կանոնի պահպանման վրայ եւ մանրամասն հաշիւ պիտի տար եպիսկոպոսին այդ մասին: Քահանայք իրաւունք չունէին առանց եպիսկոպոսի աստիճան ընդունելու եւ առանց ժողովրդի համախօսականի ընտրուելու եւ ծխական քահանայ նշանակուելու: 2) Իրաւունք չունէին առանձին սեղան հաստատել, ծուխ կազմել եւ ըմբոստաբար, առանց եպիսկոպոսի թոյլտւութեան, հակառակ նրա կամքի անկախ եկեղեցական կազմութիւն եւ վարչութիւն հաստատել առ. 31 կանոն): 3) Կասկածաւոր եւ թիւրիմացութիւններ առաջացնող զանազան կանոնների եւ կարգերի կատարման ժամանակ առանց եպիսկոպոսի որոշման ոչինչ չպիտի ինքնագլուխ անէին: 4) Ամէն մի զանցառութեան, անկանոնութեան դէպքում նրանք կարգի էին հրաւիրւում եպիսկոպոսի  կողմից  եւ  յանցագործութեան  դէպքում  ապաշխարանքի եւ  պատժի ենթարկւում:

 

ՔԱՀԱՆԱՅԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ

 

Բ առաքել. 2 կանոնով գ., 68) քահանայի եւ սարկաւագի ձեռնադրութիւնը կատարում է եպիսկոպոսը: Քահանայի ընտրութիւնը կատարւում էր երկուստէք՝ թէ հոգեւոր իշխանութեան կողմից, թէ ժողովրդի: Բարսեղ Մեծի 89 կանոնով գ., 177) պէտք է ձեռնադրուողը անցնի բոլոր փորձառական աստիճաններով, որպէս զի լաւ սովորի եկեղեցու կարգ-կանոնը եւ վարք ու բարքի կողմից ընդունելի լինի ժողովրդից եւ իշխանութիւնից առանց երկմտութեան. հին կարգով, ասում է նա, եկեղեցու պաշտօնեայքը պիտի ընդունուէին փորձութիւնից յետոյ, որպէս զի նրանք միշտ ծառայութեան եւ հսկողութեան տակ լինելով` զսպէին իրանց վատ հակումները եւ ուղղութեան գային. իսկ քահանաները եւ քորեպիսկոպոսները մշտական տեղեկութիւններ էին հաղորդում նրանց վարքի մասին եպիսկոպոսին: «Սրանից յետոյ, - հրահանգում է Բարսեղ Մեծը քորեպիսկոպոսներին, - ընտրեցէք եւ ընդունեցէք արժանաւորին, բայց մի նշանակէք դուք կղերի անդամ, հապա ա՛յդ թողէք ինձ. իմացէք, որ առանց իմ իրաւունքի ընդունուածը կհամարուի աշխարհական». ըստ Բարսեղի` ժողովուրդը քիչ մասնակցութիւն ունէր եկեղեցու պաշտօնեայի ընտրութեան գործում: Եւ ընդհակառակը՝ միւս կողմից ունենք Կիպրիանոսի խօսքերը, որոնք ապացուցանում են, թէ որքան մեծ նշանակութիւն է տալիս Ափրիկայի եկեղեցիներում հոգեւորականի ընտրութեան գործում ժողովրդի մասնակցութեան, նա ասում է. «Աստուած հրամայում է Թուոց գրքում (ԻԷ 18-23) Մովսէսին, որ բոլոր ժողովրդի առաջ ընտրի քահանայ, այսինքն` սովորեցնում եւ ցոյց է տալիս, որ քահանայ կարգելը ո՛չ այլապէս է լինում, բայց եթէ ժողովրդի գիտութեամբ, որպէս զի ներկայ եղողները վկայեն ընտրեալի մասին` բաց է ի բաց ասելով նրա արժանաւորութիւնը եւ պակասութիւնները. այդ ժամանակ միայն կլինի արդար, ճշմարիտ եւ օրինաւոր ընտրութիւն, որովհետեւ ընդհանուրի դատավճռով է ընտրւում հոգեւորականը» (Правос. собесед. 1867 г. ):
 
Որոգինէսը ասում է. «Քահանայ կարգելիս անհրաժեշտ է ժողովրդի ներկայութիւնը, որ բոլորը իմանան, որ ընտրւում է ժողովրդի ամենալաւ, ամենաուսումնական, ամենասուրբ եւ ամենաբարեգործ անձը, որը ներկայ է լինում նրա համար, որ ապագայում գժտութիւնների տեղիք չտայ» (Объ участии мирянъ въ делах церкви, цъ точки зрения прав. канон. ич. праца - 1866, Казань, А. Павлова): Նիկիայի ժողովի կանոններում թէեւ ոչ ժողովրդական ընտրութեան մասին ոչինչ չկայ, բայց նրա ուղղած շրջաբերականում Ափրիկայի եկեղեցիներին, ասում է. «Ընտրուածները լինեն արժանաւոր եւ ընտրուեն ժողովրդի կողմից, միայն Աղեքսանդրիայի եպիսկոպոսի համաձայնութեամբ» (Սոկր., Ա 9):
 
Հայոց եկեղեցու մէջ անխափան սկզբից մինչեւ այժմ պահպանւում է նախնեաց սահմանադրութիւնը եւ Ափրիկայի եկեղեցու նման ընտրողական սկզբունքը անխախտ մնում է իւր ոյժի մէջ: Հայոց եկեղեցու կանոնները պարզ եւ որոշ հրամայում են ընտրել քահանային ժողովրդի վկայութեամբ. իսկ Գէորգ Դ որոշում է, որ քահանան պիտի ընտրուի ժողովրդի համախօսականով, այն է` գիւղական հասարակութեան ժողովով, տանուտէրի կնքմամբ եւ ուղարկուի համախօսականը վիճակային Ատենին, որը եւ ընդունում է ժողովրդի որոշումը եւ ձեռնադրութեան իրաւունք ձեռք բերում Սինոդից: Այդպէս է սկզբից, Շահապիվանի ժողովից սկսած, Թադէոս առաքեալին վերագրած կանոններից սկսած` բոլորը հաստատում են ժողովրդական ընտրութեան սկզբունքը գիրք, 236, 314, 326, 332, 364, 443): Տաճկահայոց եւ Պարսկահայոց մէջ նոյն ընտրողական կարգը պահպանւում է ամենայն սրբութեամբ մինչեւ այսօր:

 

Գ. ՍԱՐԿԱՒԱԳՆԵՐ

 

Երրորդ կարգն է նուիրապետութեան՝ սարկաւագների դասակարգը: Սրանք առաջին անգամ ընտրուեցին ծառայելու հաւատացեալներին (Գործք. Զ գլ. ), հոգալու եւ կանոնաւորելու նրանց պէտքերը, դարմանելու աղքատների կարիքները: Դրանք այդ աստիճանը ընդունեցին առաքելական ձեռնադրութեամբ (Գործ. Զ 5-7)` թոյլտւութիւն ստանալով ծառայել քահանաներին եւ լինել քահանայ Տիմ. Գ 8-13): Բոլոր հայրերը՝ Իգնատիոս, Յուստինոս, Կիպրիանոս, Տերտուղիանոս, «Առաքելական կարգադրութիւնները» համարում են սարկաւագներին քահանայական դասակարգի անդամ, իբրեւ օգնական քահանայի եւ եպիսկոպոսի: Սարկաւագների պարտաւորութիւնները. 1) սրանք պատարագի ժամանակ ընդունում էին ժողովրդից ստացուած նուէրները, հաց, գինի, պտուղներ, եւ անուն-անուն յիշում էին, որ քահանան պատարագին յիշատակի, 2) եկեղեցում քարոզկարդաց էին, իմացնելով ժողովրդին աղօթելու, չոքելու, ապաշխարելու ժամանակ, իսկ ապաշխարողներին կանգնեցնում էին իրանց տեղերում եւ ժամանակին եկեղեցուց դուրս հանում, 3) Աւետարանը կարդում էին եկեղեցում, 4) հաղորդելու էին բերում եկեղեցում գտնուողներին եւ տանում էին երբեմն բացակաների տները եւ հաղորդութիւն տալիս` բռնած ունենալով սկիհը կամ թաշկինակը, 5) սեղանի վրայ գտնուած սրբազան իրերը եւ անօթները նրանց էին յանձնում պահպանելու եւ հսկում (սիրոյ երեկոյի) ճաշի վրայ, 6) հսկում էին եկեղեցում կարգապահութեան, լռութիւն պահելու վրայ:
Բացի այդ, մինչեւ ստորին կարգերի սահմանումը, նրանք կատարում էին բոլոր կարգերը, այն է` աղքատներին եւ այրիներին կերակրում, գրաւոր հաշիւները պատրաստում, չմկրտուածներին քրիստոնէական կրօնքը ուսուցանում եւն, իսկ երբ ստորաբաժանումներ եղան, այն է` կիսասարկաւագներ, ընթերցողներ եւ այլք, այն ժամանակ այդ պարտաւորութիւնները դրին ստորին  աստիճանաւորների  վրայ Նրանք  մասնակցում  էին  տիեզերական եւ տարեկան եկեղեցական ժողովներում, միայն կանգնած լսում էին առանց ձայնի իրաւունքի, միայն Աթանասը, իբրեւ սարկաւագ, Արիոսի դէմ յարուցած մեծ խռովութեան ժամանակ տիեզերական ժողովում իրաւունք խնդրելուց յետոյ վէճի բռնուեց Արիոսի հետ եւ ճարտար լեզուով պաշտպանեց ուղղափառ եկեղեցին: Եփեսոսի ժողովի ստորագրութիւնների մէջ կան եւ սարկաւագներ:

 

Ընդհանուր օրէնքով սարկաւագներն իրաւունք չունեն ո՛չ մկրտութիւն անելու եւ ո՛չ քարոզելու, բայց հներում բացառութիւններ միշտ լինում էին, Ոսկեբերանը Եփրեմ  Ասորին  սարկաւագ ժամանակ եկեղեցում  քարոզում

էին:

 

ՍԱՐԿԱՒԱԳՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սարկաւագուհիները կային Պօղոս առաքեալի ժամանակից (Հռոմ ԺԶ 1), Պոլսոյ եկեղեցում Յուստինիանոսի եւ Հերակլի ժամանակ 40 հոգի կար: «Առաքել. կարգադրութիւնները» պատուիրում են, որ դրանք լինեն կոյսեր, կամ բարեպաշտ այրիներ եւ 40 տարեկան: Նիկիայի 19 կանոնով գ., 118 երես) նրանք ստանում էին առանձին ձեռնադրութիւն: Նրանց պարտաւորութիւններն էին. 1) կանանց պատրաստել մկրտութեան համար, 2) մկրտութիւնը՝ եթէ մեծ կանայք էին մկրտւում, կատարում էին նրանք, իսկ դրոշմը՝ վարագոյրի ետեւից, անում էին եպիսկոպոսը կամ քահանան, 3) կնքամայր էին լինում հներում բոլոր աղջիկ մկրտուածներին, 4) կանանց վերաբերեալ բոլոր հոգացողութիւնները եպիսկոպոսի պատուէրով կատարում էին սրանք, 5) այն դռների մօտ էին կանգնում եկեղեցում, որտեղից կանայք էին մտնում եւ նրանց մէջ կարգապահութեան վրայ հսկում:

 

ԿԻՍԱՍԱՐԿԱՒԱԳՆԵՐԻ   ՄԱՍԻՆ

 

Կիսասարկաւագները կոչւում էին ուղղակի ծառայողներ (Նիկ. 2, Լաւոդ. 22, 43), նրանց պարտաւորութիւնն էր պատարագի ժամանակ կանգնել դռան մօտ եւ կարգ պահպանել, հսկել ապաշխարողների վրայ, նրանք ձգում էին ոչ ամբողջ ուրար, այլ բազկուրար ձախ բազկին, հագցնել պատարագչի զգեստը, խնկարկել, քարոզ կարդալ եւ այլն: Սրանք եկեղեցուց դուրս կատարում էին եպիսկոպոսի զանազան յանձնարարութիւնները:

Ռուսաց պետական օրէնքով Հայոց եկեղեցու կիսասարկաւագը, իբրեւ սրբազնագործ, ազատ է զինուորական ծառայութիւնից:

 

ՍՏՈՐԻՆ ՊԱՇՏՕՆԵԱՅՔ

 

Ստորին պաշտօնեաները զանազան եկեղեցիներում զանազան թուով են, մի տեղ` 3, մի տեղ` 4, երրորդ տեղում` 6: Բ առաք. 69 կանոնը գիրք, 84 երես) յիշում է 3 աստիճան. 1) կիսասարկաւագ, 2) ընթերցող, 3) երգող: «Առաքելական կարգադրութիւնները» 4 են յիշում. 1) կիսասարկաւագ, 2) ընթերցող, 3) երգող, 4) դռնապան: Լաւոդիկիայի 26 կանոնով գ., 185 երես) յիշւում է եւ երդմնեցուցիչ, 24 կանոնում յիշում է. 1) ընթերցող, 2) երգիչ, 3) երդմնեցուցիչ, 4) դռնապան: Եպիփանոսը յիշում է նաեւ գրագրներ, Յերոնիմոսը նաեւ` գերեզմանափորեր (Прав. себесед. 1858 г. ): Եւսեբիոսը Զ 43 երեսում ասում է` Կիպրիանոսի եւ Հռոմի Կօրնելիոս եպիսկոպոսների թղթերից երեւում է, որ Հռոմի եկեղեցին այն ժամանակ ունէր «46 քահանայ, 7 սարկաւագ, 7 կիսասարկաւագ, 42 ջահընկալ (акалугъ), եւ 52 երդմնեցուցիչ՝ երգիչ եւ դռնապան, ուրեմն, ըստ Հռոմի եկեղեցու, պիտի աստիճանները հաշուել այսպէս. 1) կիսասարկաւագ, 2) ջահընկալ, 3) երդմնեցուցիչ, 4) երգիչ, 5) դռնապան: Լամբրոնացին յիշում է. 1) կիսասարկաւագ, 2) ընթերցող, 3) երգիչ: Ստեփաննոս Օրբելեանը՝ 1) կիսասարկաւագ, 2) գրակարդաց, 3) սաղմոսերգու կամ երգիչ: Յովհաննէս կաթուղիկոսը. 1) կիսասար. 2) վերծանող (ընթերցող) եւ 3) սաղմոսերգու (երգիչ). Եղիշէն դարում) Է գլ. յիշում է՝ սաղմոսասացք եւ գրակարդացք: Ագաթանգեղոսը՝ միայն անագանոսք է յիշում, որ է` ընթերցող, միւսների համար անորոշաբար «եւ որ այլ եւս ի պաշտօն Տեառն կային»: Մեր հայրերի դասաւորութիւնն է այնպէս՝ ինչպէս Բ առ. 69 կանոնում յիշատակածը, իսկ այսօրուայ մեր ձեռնադրութեան Մաշտոցը, որը անվիճելի կերպով ընդունւում է եկեղեցու կողմից իբրեւ ձեռնադրական օրէնք-ձեռնարկ, բաժանում է ստորին աստիճանաւորներին այսպէս. կղերիկոսների աստիճանաւորների եւ դպիրների կարգերի. աստիճանք կղերիկոսաց երկու են, սաղմոսերգու կամ երգիչ եւ աւելածու. դպիրների կարգերն են 1) դռնապան, 2) ընթերցող, 3) երդմնեցուցիչ, 4) ջահընկալ, 5) կիսասարկաւագ: Մաշտոցի կանոնով մինչեւ 4 աստիճանը, ջահընկալութիւնը կարելի է պսակուել, իսկ կիսասարկաւագութիւնից սկսած չի կարելի պսակուել: Այս բոլոր ձեւականութիւնները կատարւում են այն ժամանակ, երբ ձեռնադրւում է դպիր, քահանայ եւ սարկաւագ, իսկ մասնաւորապէս սովորութիւն չէ մեր եկեղեցում առանձին աստիճան տալ դռնապանին, կամ երդմնեցուցիչին. մեր մէջ սովորաբար գործ է ածւում երեք ձեռնադրութիւն, այն է` 1) դպիր, որին տրւում է 4 աստիճան, ջահընկալութիւն, որ կոչւում է, ըստ ժողովրդականաց, չորս աստիճանաւոր, կամ տիրացու, որը կարող է պսակուել, 2) սարկաւագի, որը ուղղակի ձեռնադրւում է սարկաւագ եւ 3) քահանայի: Մաշտոցը ունի որոշ պարբերութիւն` «Ձեռնադրութիւն դպրաց, սարկաւագաց եւ քահանայից»: Սեբէոսի մէջ կարդում ենք (85 եր. ). «Շնորհիւն Աստուծոյ յեպիսկոպոսապետ եւ յամենայն ուղղափառ եպիսկոպոսաց» եւ յերիցանց, ի սարկաւագաց «եւ ի դպրացս... »: Լինին ստորին պաշտօնեայքն 5, թէ 7, թէ 1, միեւնոյն է եկեղեցու համար, որովհետեւ դրանք բոլորը համարւում են սարկաւագի օգնականներ եւ դրանց պաշտօնները եկեղեցու գործնականութեան մէջ ստեղծուել են միմիայն սարկաւագի պաշտօնը թեթեւացնելու համար: Հին եկեղեցում 3 աստիճան կար, ինչպէս եւ յիշեցինք` եպիսկոպոսի, քահանայի եւ սարկաւագի` ըստ Հին Ուխտի: Եկեղեցիների մէջ երբ վէճ բարձրացաւ 7 աստիճանի, 9 աստիճանի խնդրի վերաբերմամբ, սկսեցին երկնային 9 դասուց հրեշտակապետաց կարգին նայելով` այդ փոքր աստիճանաւորներին, որոնք սարկաւագի օգնական էին, դասակարգ համարել: Մաշտոցը քահանայական եօթն աստիճան է համարում դռնապանից սկսած մինչեւ քահանայութիւն, ութերորդը՝ եպիսկոպոսութիւն եւ իններորդը` կաթուղիկոսութիւն, որով 9 դասք եկեղեցւոյ լրանում է: Որովհետեւ Օրբելեանի 9 դասակարգութիւնը քաղաքական նպատակով էր ստեղծած եւ ո՛չ բուն եկեղեցական, պարզ է, որ դասակարգութեան մէջ պիտի հետեւենք Մաշտոցին: Մեր եկեղեցու գործնականութիւնը այսպէս է` ո՛վ լաւ կարդալ, երգել գիտէ, կարող է եկեղեցում երգել, կարդալ. դռնապան, որ է` աւելածու, որ է` ժամհար, ընտրւում է ծերունի մարդկանցից վարձով, որ եկեղեցին մաքուր պահի, աւլի, զանկերը խփի եւ մեծ մասամբ լինում է անգրագէտ, որոնք ծառայում են առանց որեւէ աստիճան ստանալու: Սրանցից միմիայն դպիրը, որ է` ջահընկալ, որ է` տիրացու, չորս աստիճան ստանում է ձեռնադրութեամբ եպիսկոպոսից եւ կոչւում է չորս աստիճանաւոր եւ համարւում է հոգեւորական դասի մէջ մտած անձնաւորութիւն: Մինչեւ իսկ Զ տիեզերական ժողովի կանոնների մէջ մտաւ Հայոց եկեղեցու այդ սովորութիւնը, որ ընթերցողը եւ երգիչը առանց ձեռնադրութեան իրաւունք ունեն կարդալու եւ երգելու եկեղեցու մէջ, եւ այդ համարւում էր ժողովի կողմից ո՛չ կանոնական: Իսկ երրորդ կարգը, որ է` երդմնեցուցիչների, որոնց պարտքն էր հին եկեղեցում՝ Հոգով Սրբով հալածելու դեւերին մարդկանց հոգուց եւ մարմնից երդման միջոցով հրաժարեցնելով նրանց, այժմ ամենեւին գոյութիւն չունի, եւ իբրեւ ձեւականութիւն տրւում է հոգեւոր ձեռնադրութիւն ստացող անձին միմիայն անուանական կերպով ձեռնադրութեան միջոցին: