Հայոց եկեղեցական իրաւունքը. Բ Գիրք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գ) ԱԶԳԱՅԻՆ ՇՐՋԱՆ

 

Սահակ եւ Մեսրոպ գտան հայոց գիրը, եւ հայոց աշխարհը փոխուեց միանգամից, տասն տարուայ ընթացքում ամէն բան դարձաւ ազգային, լեզու, եկեղեցի, Աւետարան, սուրբեր, վանքեր, նոյն իսկ Աստուած. հայը եկեղեցում Աստուծոյ անունը յունարէն եւ ասորերէն լսելով` չէր պատկերացնում ա՛յն, ինչ որ հայերէն բառով եւ գրով էր ըմբռնում: Տառերի գիւտը անկախ դարձրեց Հայոց եկեղեցին եւ Վարդանանց պատերազմի նահատակների արիւնով դրոշմեց անկախութեան կնիքը նրա ճակատին: Հայոց եկեղեցու անկախ բնաւորութիւնը որոշւում է հետեւեալ գլխաւոր կէտերով:

 

ա) Հայոց եկեղեցու գլխաւոր իրաւասական մարմինն է միմիայն ընդհանուր Ազգային եկեղեցական ժողովը` աշխարհականներից եւ հոգեւորականներից բաղկացած (տե՛ս Ա գիրք, 305, 306, 308, 309): Այդ ազգային ժողովն է կաթուղիկոս ընտրող եւ հեռացնող, եկեղեցու օրէնսդիր մարմին եւ գլխաւոր դատաւոր, կազմակերպող ոչ միայն վարչական կարգեր եւ կանոններ, այլ եւ եկեղեցու դաւանաբանական մասի միակ սահմանող (տե՛ս Ա գիրք, 250, 273, 285, 390 երես): Թէ դաւանաբանական հարցերում միշտ աշխարհականները մասնակցում էին ոչ միայն Ե դարից սկսած բոլոր վէճերի ժամանակ, այլ եւ 13-րդ դարում, երբ Կիլիկիոյ հայոց թագաւորը, հայոց կաթուղիկոսը իրանց իշխաններով եւ եպիսկոպոսներով հակամէտ էին դէպի օտարամոլութիւնը, այդ դէպքում արեւելեան հայոց ժողովում, ուր մասնակցում էին եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ, դրանց հետ միացած էին իշխաններ, վարժապետը իւր աշակերտներով. ահա դրանց ստորագրութիւնը. «Ես Եսայի, կրտսեր բանասիրաց, եւ յետին վարժապետ իմով աշակերտօքս համախոհ եմ եւ միաբան... »: «Մենք անպիտան ծառայքս Քրիստոսի Ելիկումս եւ Լիպարետս՝ որդիք փառաւոր իշխանացն Տարսայի ճին եւ Իվանէի, եղբարիք մերովք եւ որդւովք եւ ամենայն ազատօք հաւանիմք եւ հնազանդի մահու չափ աստուածատուր եւ հայրենաւանդ կտակիս, եւ որ հակառակին, որոշեալ լիցին ի սուրբ հարցն մասնակցութենէ» (Ստ. Օրբ., 210 երես), եւ այսպիսի նզովք շպրտում էին օտարամոլ թագաւորին եւ կաթուղիկոսին:

 

բ) Հայոց եկեղեցին իւր ազգային ժողովով ազատ է ընդունելու եւ չընդունելու տիեզերական ժողովների վճիռները, կազմելու առանձին ժամերգական կարգ-կանոն, որոշումներ կայացնելու զանազան բարեպաշտական եւ այլ խնդիրների վերաբերմամբ:

 

գ) Հաստատուն պահելու նախկին ժողովների կանոնները, կամ ըստ տեղի եւ հանգամանաց փոփոխութեան ենթարկելու եւ նոր կանոններ սահմանելու (տե՛ս Ա գ., հայոց ժողովների կանոնները):

 

դ) Հաստատել եկեղեցու նուիրապետական կարգը, իրաւունքները, եւ զանազան աստիճանները, կարգի հրաւիրել բոլոր զանցառուներին. դատի կանչել, պատժել եւ այլն:

 

ե) Ազգային ժողովի ներկայացուցիչ եւ լիազօր հսկող բոլոր եկեղեցական կարգերի վրայ, դատող, պատժող, աւանդապահ է Ամենայն հայոց հայրապետը:

զ) Եպիսկոպոսական ձեռնադրութիւնը, միւռոն եփելը բոլոր եկեղեցիների համար վերապահուած է հայոց կաթուղիկոսին: Թէ քանի՞ թեմ կար Հայաստանում սկզբանական շրջանում, շատ դժուար է որոշել, քանի որ թեմերի այժմեայ բաժանումը վերջերում կանոնաւորուեց, միայն, ինչպէս Ագաթանգեղոսն է գրում, Լուսաւորիչ ձեռնադրեց 400 եպիսկոպոս, նշանակում է իւրաքանչիւրին յատկացնելով մի-մի քաղաք եւ փոքր թեմեր, պէտք է այն ժամանակ լինէին Հայաստանում մի քանի անգամ շատ թեմական առաջնորդներ, քան այժմ, եւ բազմաթիւ ցրուած եպիսկոպոսներ վանահայրերի եւ քորեպիսկոպոսների պաշտօններով:

 

3) ԳԼԽԱՒՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍ

 

Եկեղեցական կանոնով բոլոր եպիսկոպոսները հաւասար իրաւունքի տէր են, բայց երկրի մէջ բազմաթիւ եպիսկոպոսների մէջ կարգ պահելու համար անհրաժեշտ էր մէկը, իբրեւ գլխաւոր եպիսկոպոս, որ վերահսկեր ընդհանուր եկեղեցու կեանքի վրայ. այդպիսի անձը համարւում էր այն եպիսկոպոսը, որ ձեռնադրուած էր առաջ, այդ աւանդութիւնը փոփոխակի անցւում էր քաղաքէ քաղաք, ուր նստած էին զանազան ժամանակներում ձեռնադրուած եպիսկոպոսներ. բացառութիւն կազմում էր Ափրիկայի Կարթագենը, որի եպիսկոպոսը 97 թուի ժողովով պիտի համարուէր գլխաւոր եպիսկոպոս եւ ձեռնադրութեան կարգով նստէր նախորդի աթոռը: Բ առ. 34 կանոնը գ., 78 երես) որոշում է, որ թեմի եպիսկոպոսը առանց աշխարհի գլխաւոր եպիսկոպոսի եւ վերջինս էլ առանց եպիսկոպոսական խորհրդի՝ երկրի եկեղեցու գործերը չվարեն առանձնակի: Երբեմն մի երկրում լինում էին երկու, երեք գլխաւոր եպիսկոպոսներ՝ առաջացած քաղաքի նշանակութեան եւ գլխաւորութեան հասկացումից, Պաղեստինում երկուսն էին` Կեսարիայինը եւ Երուսաղէմինը. Ափրիկայում բացի Կարթագենի գլխաւոր եպիսկոպոսից, կային եւ Մավրիտանիայում, Նումիդիայում, Սիտիփում: Մայրաքաղաքի եպիսկոպոսները կամաց-կամաց, իբրեւ թագաւորանիստ քաղաքի հոգեւոր պետեր, սկսեցին աւելի մեծ նշանակութիւն ունենալ եւ կոչուեցին մետրոպոլիտներ:

 

4) ՄԵՏՐՈՊՈԼԻՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Առաջի պաշտօնական հաստատութիւնը մետրոպոլիտների մասին տալիս է Նիկիայի 4 կանոնը գ., 111 երես), 6 կանոնում յիշում է անուն-անուն այդ աթոռները, որոնք լրանում են Պոլսոյ եւ Եփեսոսի ժողովների կանոններով (տե՛ս Ա գիրք). այդ կանոնները մետրոպոլիտների մասին մտան եւ տեղական արտաքին ժողովների սահմանադրութիւնների մէջ, Անտիոքի, Սարդիկէի, Լաւոդիկիայի գիրք, 153, 154-155, 157, 164), որոնք Յուստինիանոսի հրամանով քաղաքացիութիւն ստացան եւ առանձին հրամանագրով Կարթագենի եպիսկոպոսը Ափրիկայի մետրոպոլիտ ճանաչուեց: Մետրոպոլիտների իրաւունքներն էին. 1) ընդհանուր կառավարութիւն երկրի մէջ գտնուած եկեղեցեաց, 2) եպիսկոպոս նշանակել եւ ձեռնադրել, 3) եկեղեցական ժողով հրաւիրել եւ նախագահել, 4) գանգատներ ընդունել եպիսկոպոսների վրայ եւ դատաստան նշանակել, 5) անուան յիշատակութիւնը բոլոր շրջանի եկեղեցիներում, 6) առանց նրա թղթի ոչ ոք չէր կարող թագաւորի մօտ գնալ կարեւոր խնդիրներով, 7) ամէն բան կարգադրել եպիսկոպոսական ժողովի խորհրդակցութեամբ: Մետրոպոլիտը քիչ-քիչ դարձաւ աւագութեան տիտղոս, որ տալիս էին եւ աւագ եպիսկոպոսներին, կամ մեծ քաղաքների առաջնորդներին. Մարկիանոսի կարգադրութեամբ Նիկիան մետրոպոլիտութիւն կոչուեց, ինչպէս եւ Մակեդոնիան` ըստ Յուստինիանոսի: Մետրոպոլտական տիտղոսը հայոց մէջ սովորական չէր, Լուսաւորիչ դառնալով ընդհանուր հայրապետ` ձեռնադրում էր առաջնորդ-եպիսկոպոսներ բոլոր թեմերի համար` հաւասար իրաւունքներով: 9-10 դարերում, երբ վէճեր ծագեցան յոյն եւ հռոմ եկեղեցիների մէջ, ի միջի այլոց խօսք ընկաւ աթոռների իրաւասութեան վրայ, նրանք իրանց նախերեցութիւնը ցուցնելու համար յենւում են նաեւ նուիրապետական 9 աստիճանի ամբողջութեանբ իրանց աթոռների իշխանութեան տակ ունենալներուն վրայ, թէ ո՞ր աթոռը շատ արքեպիսկոպոսներ, մետրոպոլիտներ, եպիսկոպոսներ ունի, Հայոց եկեղեցու անկախութեան եւ մեծութեան նախանձախնդիրը` Յովհաննէս պատմաբան-կաթուղիկոս, Թ-Ժ դարում եւ Ստեփաննոս Օրբելեան ԺԳ դարում նրանց հետ մրցելու նպատակաւ ստեղծեցին մետրոպոլտական աթոռներ Հայաստանում, հիմքը բռնելով Ներսէս Մեծի եւ մինչեւ իսկ Լուսաւորչի կարգադրութիւնը, այն նպատակով իբր, որ 9 դասը հայոց անկախ հայրապետութեան մէջ լրանայ. ըստ Յովհաննու պատմաբանի` 1) հայոց հայրապետ, որ է պատրիարք, 2) արքեպիսկոպոսական աթոռներ Վրաց եւ Աղուանից, 3) մետրոպոլտական աթոռներ Սեբաստիայում, Մելիտինէում եւ Մարտիրոսաց քաղաքում (Յով. պատ., 32-33), 4) առաջնորդներ եւ այլն` ըստ կարգի: Ստեփաննոս Օրբելեանը, բերելով Սարգիս կաթուղիկոսի կոնդակը 1006 թուին գրած եւ ուղղած Սիւնեաց աշխարհին, թագաւորին եւ իշխաններին, որ նախկին կաթուղիկոսներ Թէոդորոսից եւ Անանիայից սկսած Սիւնեաց աթոռը բաժանուել էր հայրապետութիւնից, բայց այժմ ընծայացու տ. Յովհաննեսին ձեռնադրեցինք, ասում է կոնդակը, «ըստ առաջին աթոռակալացն մետրոպոլիտ Սիւնեաց, որ տալիս եմ 12 գաւառն այս առաջնորդին եւ «աւանդեցաք նմա զնախնական պատիւն իւրեանց՝ զխաչն եւ զբազմականն», եւ այս ոչ ինձնից եմ անում, այլ ինձ բերուած բազմաթիւ նամակներից եւ պայմանի վճիռներից ս. Լուսաւորչից, որդիներից, թոռներից, մինչեւ ս. Սահակ յունարէն գրուած եւ մատանիներով կնքուած, մինչեւ Անանիա, եւ Անանիայից մինչեւ մեզ հայերէն, բոլորը 55 շրջագայական նամակ էր... Այդ նզովքներին նայելով յանձնում եմ 12 գաւառները՝ մի առ մի յիշելով Սիւնեաց մետրոպոլիտիդ» (52 երես, Փարիզի տպ. ): 9 դասք եկեղեցու յիշելիս, կարգաւորում է այսպէս. 1) կաթուղիկոս, որ է պատրիարք, 2) արքեպիսկոպոսական աթոռ Աղուանից, 3) մետրոպոլտական աթոռ` Տաթեւ, 4) առաջնորդ-եպիսկոպոսներ եւ ըստ կարգի: Մետրոպոլիտները, ըստ ընդհանուր եկեղեցական կանոնի, ձեռնադրում էին իրանց շրջանում եպիսկոպոսներ, Օրբելեանը վկայում է, որ այդ իրաւունքը չդրուեց Սիւնեաց մետրոպոլիտներին, հապա «միայն բազմականաւն եւ խաչիւն մեծարեցին եւ նախաթոռ կոչեցին պատրիարքին», եւ եկեղեցիներում կաթուղիկոսի անունը չյիշել, այլ «զիւրն անուն» (148 երես): Մինչեւ Օրբելեանի ժամանակ մետրոպոլտութիւն դժուար թէ եղած լինէր Սիւնիքում, եթէ Սիւնիքի հեռաւորութեան պատճառով Մայր Աթոռից, որ աստանդական էր, երբեմնակի Սիւնեաց եպիսկոպոսացուները գնացել են Աղուանից կաթուղիկոսներից (Ամարաս կամ Գանձասար) ձեռնադրութիւն ստանալու, այդ դէպքերը եթէ առիթ տուած լինեն հայոց հայրապետներին՝ Սիւնեաց եպիսկոպոսներին իրանց կողմը գրաւելու նպատակաւ մեծարական տիտղոս տալ նրանց, կարող է եղած լինել, բայց թէ Սիւնիքի եկեղեցիներում կաթուղիկոսի անունը չյիշելու պայմանով կամ կաթուղիկոսի հետ մի «թախթի» վրայ նստելու արտօնութիւնով, այդ դժուար թէ եղած լինի, քանի որ բացի Օրբելեանից այդ մասին ոչ ոք ոչինչ չէ յիշում (տե՛ս Ուխտանէս, Յովհաննէս կաթ. եւ Ստ. Օրբելեան), բայց հաւաստի կարելի է ասել, որ Օրբելեանին Կիլիկիայում թէ հայոց թագաւորը եւ թէ կաթուղիկոսը շատ սիրով ընդունեցին իբրեւ Սիւնեաց մեծ իշխանի որդու եւ նրան ձեռնադրեցին եպիսկոպոս ու շնորհեցին «պռաւտաւֆրաւնդէս» տիտղոսը եւ «կրկին թագիւ կարգեալ յաստիճան մետրապօլտութեան», այդ պէտք է ճիշտ համարել, քանի որ յետոյ էլ Օրբելեանը բոլոր իւր թողած յիշատակութիւնների վրայ արձանագրած թողել է այդ տիտղոսը: Ըստ Օրբելեանի` մետրոպոլտական իրաւունքը կայանում էր երկու բանում. 1) «բարձակից եւ սեղանակից կաթուղիկոսի աթոռով եւ բարձու ի միասին բազմել» եւ 2) զխաչանել նշանն զառաջեաւ կրել հանապազ», բացի այս նա աւելացնում է եւ կաթուղիկոսի անուան չյիշատակութիւնը եկեղեցում, կարծում եմ` չափազանցութիւն է (Ստ. Օրբ., ԻԶ գլ. ): Յետագայ դարերում Սիւնեաց առաջնորդները կոչւում էին ուղղակի եպիսկոպոս եւ եթէ մէկ-մէկ Սիւնեաց մետրոպոլտական աթոռ էին յիշատակւում, ա՛յդ հիմնուած էր միայն Օրբելեանի գրութեան վրայ: Իսկ ինչ վերաբերւում է Յովհաննէս պատմաբանի յիշած 3 մետրոպոլտական աթոռներին, ա՛յն ձեւական է եւ յիշատակուած միմիայն 9 դասակարգը լրացնելու դիտմամբ, քանի որ Սեբաստիա, Մելիտինէ, Մարտիրոսաց քաղաքները բոլորովին Հայաստանից դուրս էին, համեմատաբար քիչ հայեր ունէին բնակիչ եւ երրորդ` հայոց պատմութեան ընթացքում ո՛չ մի նշանակութիւն չեն ունեցել թէ քաղաքական, թէ եկեղեցական տեսակէտից, ուստի եւ հարկ չկար աննշան թեմերին մետրոպոլտական պատիւ յատկացնել: Ճշմարիտ է, մետրոպոլտութիւն Մելիտինէի, Սեբաստիայի յիշւում է, բայց ոչ հայոց կաթուղիկոսի ձեռքի տակ, այլ յունաց պատրիարքի, եւ նրանք համարւում էին յունական եկեղեցի, յունական մետրոպոլտութիւն, ինչպէս էր եւ Կեսարիայինը (տես Деяние всел. соборов IV. ե. 265-268): Աղուանից կաթուղիկոսութիւնը երբ Ներսէս Աշտարակեցու ջանքերով ռուսաց պետութիւնը վերջացրեց 19-րդ դարու սկզբին եւ փոխադրեց Շուշի՝ Ղարաբաղի թեմ կազմելով, կաթուղիկոսների յաջորդները անուանւում էին մետրոպոլիտներ ի պատիւ չքացեալ կաթուղիկոսութեան, օրինակ` Բաղդասար մետրոպոլիտը կրում էր այդ տիտղոսը ցմահ, առանց որ եւ է արտաքոյ կարգի իրաւունքների, այլ անուանականապէս. յետոյ արդէն նշանակուած եպիսկոպոսները սոսկ առաջնորդ կոչուեցին: Մեր պատմութեան մէջ մետրոպոլտութեան մասին այլեւս չունենք առանձին գրաւոր փաստեր, միայն Ռուբինեան ժամանակ, երբ դժուար էր հայոց եպիսկոպոսներին եւ իշխաններին գնալ Կիլիկիա կաթուղիկոսի ընտրութեան մասնակցելու, որոշուեց, առանց չորս աթոռի, այն է` Տաթեւի, Արտազի, Բջնոյ եւ Հաղպատի, կաթուղիկոսական ընտրութիւն չանել. չորս աթոռներին յատկացրած այդ իրաւունքը գործնական հետեւանք չունեցաւ, եւ ապօրինաբար էր, քանի որ ընտրութիւնը համազգային էր, եւ ամէն մի թեմ իրաւունք ունէր մասնակցելու այդ ընդհանուր գործին:

 

5) ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԵՒ ԷԿԶԱՐԽ

 

Մետրոպոլիտներին շատ անգամ մեծարում էին արքեպիսկոպոս տիտղոսով, որ նշանակում է աւագ, մեծ եպիսկոպոս: Աթանասը իւր նախորդին անուանում էր Աղեքսանդրիայի արքեպիսկոպոս, Եպիփանը նոյնպէս` «սովորութեամբ հաստատուած է, որ Աղեքսանդրիայի արքեպիսկոպոսը իւր իշխանութեան տակ ունենայ ամբողջ Եգիպտոսը»: Եփեսոսի ժողովում Կիւրեղ Աղեքսանդրացին եւ Կեղեստինոս պապը անուանւում էին արքեպիսկոպոս (Прав. себес. 1858 г. ): Յուստինիանոսի 131 նովելլայով արքեպիսկոպոսութիւնը բարձր է համարւում մետրոպոլտութիւնից, «որ ա՛յն (Յուստինիան եպիսկոպոսի աթոռի մասին) լինի ոչ միայն մետրոպոլտութիւն, այլ եւ արքեպիսկոպոսութիւն»: Արքեպիսկոպոսութիւն իբրեւ պատուաւոր տիտղոս կրում էին Պոլսոյ, Աղեքսանդրիայի, Անտիոքի պատրիարքները, շատ թեմակալ ծեր եւ պատկառելի առաջնորդներ: Արքեպիսկոպոս բառը հէնց առաջին պատմագրներից սկսած հայոց մէջ գործածութեան մէջ էր. Ագաթանգեղոս ՃԻԴ գլխում գրում է. «Իսկ մեծ արքեպիսկոպոսն Գրիգորիոս՝ սուրբ որդւովն իւրով Ռստակեաւն եւ երեւելի օգնականօքն... շրջէր»: Խորենացին գլ. ԾԷ) պատմելով Սահակի` յունաց մասի Հայաստան մտնելիս իրան վայել յարգանք չստանալուն պատճառով կայսեր եւ պատրիարքին արած գանգատը, գրում է` կայսրը հրամայեց ստորադրեալներին՝ պատուել Սահակին «հանգոյն արքեպիսկոպոսին Կեսարու»: Զ-Է դարերում եկեղեցու ինն դասի վէճի ժամանակ, Յովհաննես պատմաբանը 9 դասը լրացնելու համար  ասում  է`  երկրորդ  դասն էին  արքեպիսկոպոսներ որոնց  աթոռներն էին Վրացը եւ Աղուանիցը. Օրբելեանը երկրորդ դասը ընդունում է արքեպիսկոպոսներ, որոնք նստում էին Աղուանից աթոռի վրայ:

 

Էկզարխ տիտղոսը առաջացաւ այն ժամանակ, երբ մի շրջանում զանազան պատճառներով մետրոպոլտական պատուով աթոռներ առաջացան, մեծ քաղաքի, այսինքն մայրաքաղաքի մետրոպոլիտը միւսներից զատուելու համար կոչուեց էկզարխ: Էկզարխներ համարուեցին, մինչեւ պատրիարքութեան հաստատութիւնը, Պոլսինը, Եփեսոսինը, Անտիոքինը, Աղեքսանդրիայինը, եւ Նէոկեսարիայինը. վերջինիս համար ասուած է` կառավարում էր Կապադովկիան եւ «Ղալաթիա, Պոնտոսը, Փոքր Հայքը եւ մասամբ մեծ Հայաստանը, որի վրայ ձեռնադրեց գլխաւոր եպիսկոպոս» (կՐՈՉ. րՏոպր., 1858 չ. ): Նոյն տեղում գրուած է եւ հետեւեալը. «Էկզարխների այդ անուան համապատասխան էր կաթուղիկոս տիտղոսը մի քանի աշխարհներում, ինչպէս Հայաստանում, Վրաստանում, Բուլղարիայում, Եթովպիայում, Բաբելոնում... Այդ կաթուղիկոսներից ոմանք անկախ էին իրանց եկեղեցիներում, ոմանք ստորադրւում էին  պատրիարքներին, օրինակ` Բաբելոնի կաթուղիկոսը` Անտիոքի, Եթովպիայինը` Աղեքսանդրիայի»: Brochardus monachus de Armenis ef Feorqianis (Прав. себес. 1858 г. ): Էկզարխները աւելի բարձր էին համարւում, քան մետրոպոլիտները, Երուսաղէմի մետրոպոլիտը ենթարկւում էր եւ դատւում Կեսարիայի էկզարխից, Պօլսի մետրոպոլիտները ձեռնադրւում էին Իրակլեայի էկզարխից. այս  տիտղոսը  վերացաւ  պատրիարքութեան  հաստատութեամբ Հայոց  մէջ էկզարխ տիտղոս չի եղել, այլ սկզբից հէնց կաթուղիկոս բառը մտել է մեր մէջ եւ ցայսօր մնացել է նոյն գործածութեամբ, նոյն բովանդակութեամբ:

 

6)  Պատրիարքութիւններ

 

Քաղաքական եւ եկեղեցական կեանքի բարդութեանց եւ փոփոխութեանց հետեւանքը եղաւ էկզարխների իրաւունքի եւ նշանակութեան բարձրացումը, եկեղեցիների վէճերը առաջացրին եւ նրանց կառավարչական իրաւունքների եւ պարտքերի անկախութիւն, մետրոպոլիտների նշանակութիւնը նսեմացաւ, եւ հաստատուեցին ու առանձին դիրք ստացան նոր առաջ եկող  նուիրապետական  աստիճաններ`  պատրիարքութիւններ էկզարխութեանց փոխարէն: Պատրիարք նշանակում է նահապետ, ցեղապետ, ժողովրդապետ: Հրէաների նախահայրերը կոչւում էին պատրիարքներ: Հրէաները ունէին երկու պատրիարք` Երուսաղէմի կործանումից յետոյ Դաւթից սկսած յաջորդաբար միմեանց աւանդելով այդ պատրիարքական իրաւունքը, նրանք նստում էին մէկը Բաբելոնում, միւսը Տիբերիադում, վերջինը եւ հսկում էր հռոմէական կայսրութեան մէջ ցրուած հրէաների վրայ, որոնք շարունակուեցին մինչեւ Ե դարու կէսը եւ ապա բոլորովին կորցնելով իրանց նշանակութիւնը` ոչնչացան (Прав. себес. 1858 г. ): Յերոնիմոսը ասում է, որ Դ դարու վերջին մոնտանիստները ունէին պատրիարք տիտղոսով գլխաւոր եպիսկոպոսներ, որոնք հովւում էին իրանց թեմերի հօտը, եկեղեցիները: Նախկին եկեղեցում գործածութեան մէջ թէ եւ պատահում էր պատրիարք բառը, բայց ո՛չ նուիրապետական աստիճանի նշանակութիւն, այլ բուն մտքով, իբրեւ մեծ, աւագ, պատկառելի անձնաւորութիւն: Գրիգոր Աստուածաբանը իւր հօրը՝ Գրիգոր Նազիանզացուն անուանում է պատրիարք, նա նոյնպէս եւ պատրիարք էր անուանում Պօլսի տիեզերական ժողովի եպիսկոպոսներին, որոնք արիութեամբ կռւում էին հերետիկոսների դէմ: Թէոդոս փոքրը 449 թ. Հռոմի Լեւոն եպիսկոպոսին մի գրութեան մէջ պատրիարք է անուանում: Առաջին անգամ Սոկրատ Ե գլ. յիշում է պատրիարքների մասին իբրեւ բարձր եւ նոր իրաւունքներ վայելող նուիրապետների, հաստատութիւն գտած իբր թէ Պօլսոյ Բ տիեզ. ժողովի կողմից, թէեւ այդպիսի մեծ իրաւունքներ նոյն ժողովում չէին տուած. ոմանք էլ հաստատում են, որ այդ տիտղոսը եւ իրաւունքները Նիկիայի ժողովում են որոշել, բայց այնտեղ էլ այդքան մեծ իրաւունքներ չեն յատկացրել: Հներում այդպիսի մեծ իրաւունքներ ունէր Աղեքսանդրիայի արքեպիսկոպոսը, որը շատ մետրոպոլիտներ ունէր ձեռքի տակ, ձեռնադրութիւններ էր կատարում, դատի ենթարկում եւ այլն, եւ այլն, բայց պատրիարք չէր կոչւում: Առաջին անգամ պաշտօնապէս որոշում եղաւ պատրիարքների իրաւունքների մասին Քաղկեդոնի ժողովում, զանազան վէճերի, խռովութիւնների առաջն առնելու նպատակաւ նրանց տրուեցան լայն իրաւունքներ. պատրիարք բառը արքեպիսկոպոս տիտղոսի հետ մտաւ ժողովի արձանագրութիւնների մէջ, թէեւ կանոնների մէջ այդ անունը չի յիշւում: Յուստինիանոսի 123 նովելլայով հաստատուեց եւ քաղաքացիական իրաւունքի սահմանի մէջ մտաւ պատրիարքի լիազօրական գլխաւորութիւնը եկեղեցու վարչական շրջանում: «Եթէ մետրոպոլիտի վրայ բողոք լինի կամ եպիսկոպոսից, կամ կղերից, կամ ուրիշ մէկից, այն ժամանակ պիտի դատի նրանց մօտիկ պատրիարքը», «Ով կհակառակի մետրոպոլիտին, եպիսկոպոսին, այն ժամանակ դատը վարելը ընկնում է արքեպիսկոպոսին կամ շրջանի պատրիարքին, եւ նա կանոնով եւ օրէնքով վերջնականապէս կվճռի գործը»: Զ տիեզերական ժողովը 36 կանոնով որոշեց պատրիարքութիւնների տեղերը եւ կարգը. առաջին համարուեց Պօլսոյ պատրիարքը, երկրորդը՝ Աղեքսանդրիայի, երրորդը՝ Անտիոքինը, չորրորդը՝ Երուսաղէմինը. Հռոմի եպիսկոպոսը վաղուց յատկացրել էր իրեն «Պապ» տիտղոսը եւ այդպէս էլ պահեց միշտ` իրան համարելով առաջին պատրիարք աշխարհում: Պոլսոյ պատրիարքը ստացաւ Թրակիա, Պոնտոս եւ Ասիա, այնպէս որ 9-րդ դարում ունէր 80 մետրոպոլտութիւն, 39 արքեպիսկոպոսութիւն: Աղեքսանդրիայի պատրիարքը ունէր 10 թեմ: 100 քաղաքի եպիսկոպոսներով: Անտիոքինը 12 մետրոպոլտութիւն ունէր, Իսաւրեայից եւ Կիլիկիայից մինչեւ Արաբիա, բացի Պաղեստինից: Երուսաղէմի պատրիարքը ունէր 3 թեմ, 58 քաղաքի եպիսկոպոսներով:

Պատրիարքները ունէին այն բոլոր իրաւունքները, ինչ որ ունէին նախկին մետրոպոլիտները եւ էկզարխները, եւ բացի դրանցից նրանց իրաւունքների սահմանը շատ լայնացաւ. 1) նոքա էին ընդհանուր ժողով հրաւիրում եւ արձակում, 2) նոքա էին մետրոպոլիտներ ձեռնադրում, նշանակում, դատում եւ պատժում, 3) նրանց վճիռը վերջնական էր եւ բողոքման չէր ենթարկւում, 4) խաչ հաստատելով որ եւ է թեմի եկեղեցում, այն եկեղեցին եւ վանքը ձգել իւր անմիջական հսկողութեան տակ, անկախ թեմի կառավարչից, 5) կանոններ հրատարակել եկեղեցու համար, բացատրել զանազան անորոշ կարգեր եւ մեկնութիւններ տալ զանազան դէպքերի եւ հանգամանքների համեմատ եկեղեցական սահմանադրութիւնների վերաբերմամբ, 6) եկեղեցում անուան յիշատակութիւն: Այդ իրաւունքների հետ դրւում էր նրանց եւ պարտաւորութիւններ. 1) եկեղեցու վերաբերմամբ նոր բան մտցնել չէին կարող տիեզերական ժողովի, 2) իւր շրջանում բոլոր կարգադրութիւնները պիտի  անէր  եպիսկոպոսական  ժողովով 3)  մետրոպոլիտի  նշանակումը  եւ արձակումը լինի եպիսկոպոսների խորհրդով:

Պատրիարքների մէջ առաջին տեղերից մէկը բռնում էր Հռոմայ Պապը, ոչ իբրեւ ընդհանուր գլուխ, այլ մէկը պատրիարքներից, որը պատւում էր իբրեւ մայրաքաղաքի եպիսկոպոս` ըստ աւանդական կարգի: Դ եւ Զ ժողովներում Պօլսի պատրիարքը ստացաւ նոյն իրաւունքները, ինչ որ Հռոմինը, միայն առաջին տեղը վերապահուեց Պապին: Վեցերորդ դարում առաջին անգամ` 512 թուին, Պօլսոյ ժողովում Յովհան Բ պատրիարքին յատկացրին «տիեզերական» տիտղոսը: Յուստինիանոսը նոյնպէս շարունակեց անուանել պատրիարքին այդ տիտղոսով: Հռոմի Պապ Գրիգորը, հակառակ այդ տիտղոսին, սկսեց անուանել «ծառայ ծառայից Աստուծոյ». տիտղոսները իհարկէ գործնական կեանքում ոչ մի նշանակութիւն չունեցան, Պապը իբրեւ միահեծան պետ սկսեց բոլորին ենթարկել իրան, իսկ Պօլսոյ իրաւասական սահմանը մնաց իւր շրջանում` չանցնելով միւս պատրիարքների վրայ (Прав. себес. 1858 г. ):